Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
Կտակային հանձնարարությունների ձեվին վերաբերող իրավունքների հակասությունների մասին
Սույն Կոնվենցիան ստորագրած պետությունները,
ցանկանալով սահմանել ընդհանուր դրույթներ կտակային հանձնարարությունների ձևին վերաբերող իրավունքների հակասությունների վերաբերյալ,
որոշեցին այդ նպատակով կնքել Կոնվենցիա և համաձայնեցին հետևյալ դրույթների վերաբերյալ.
Հոդված 1
Կտակային հանձնարարությունը ձևի առումով վավերական կլինի, եթե դրա ձևը համապատասխանի այն վայրի ներքին իրավունքին`
ա) որտեղ կտակարարը կատարել է այն, կամ
բ) որի քաղաքացին է եղել կտակարարը հանձնարարությունը կազմելու կամ իր մահվան պահին, կամ
գ) որտեղ կտակարարն ունեցել է իր բնակության վայրը հանձնարարությունը կազմելու կամ իր մահվան պահին, կամ
դ) որտեղ կտակարարը մշտական բնակության վայր է ունեցել հանձնարարությունը կազմելու կամ իր մահվան պահին, կամ
ե) որտեղ գտնվում է հանձնարարությանն առնչվող անշարժ գույքը:
Սույն Կոնվենցիայի նպատակներով, եթե ազգային օրենսդրությունը բաղկացած է չմիավորված համակարգերից, կիրառվելիք օրենքը որոշվում է այդ համակարգում գործող կանոններով և, նման կանոնների բացակայության դեպքում, այդ համակարգի շրջանակներում գործող տարբեր իրավունքներից կտակարարի հետ առավել սերտ կապ ունեցող իրավունքով:
Որոշակի վայրում կտակարարի բնակության վայր ունենալը կամ չունենալը որոշվում է այդ վայրում գործող օրենքով:
Հոդված 2
1-ին հոդվածը կիրառվում է ավելի վաղ արված կտակային հանձնարարությունը վերացնող կտակային հանձնարարության նկատմամբ:
Վերացումը ձևի տեսանկյունից վավերական է դիտվում, եթե այն, 1-ին հոդվածի համաձայն, համապատասխանում է այն իրավունքի կանոններից մեկին, որոնց համապատասխան վերացված հանձնարարությունը վավերական էր:
Հոդված 3
Սույն Կոնվենցիան չի ազդում Պայմանավորվող պետություններում գոյություն ունեցող կամ ապագայում ընդունվելիք իրավունքի կանոնների վրա, որոնք ճանաչում են այն կտակային հանձնարարությունները, որոնք արված են այն իրավունքի ձևական պահանջներին համապատասխան, որոնք տարբերվում են նախորդ հոդվածներում նշված իրավունքից:
Հոդված 4
Սույն Կոնվենցիան կիրառվում է նաև կտակային հանձնարարությունների ձևի նկատմամբ, որոնք արված են մեկ փաստաթղթում՝ երկու կամ ավելի անձանց կողմից:
Հոդված 5
Սույն Կոնվենցիայի նպատակներով ցանկացած դրույթ, որը սահմանափակում է կտակային հանձնարարությունների թույլատրելի ձևերը՝ կապված կտակարարի տարիքի, քաղաքացիության կամ նրա այլ անձնական հատկանիշների հետ, դիտվում է որպես ձևի հարցերին վերաբերող: Նույն կանոնը կիրառվում է նաև կտակային հանձնարարության վավերականության համար պահանջվող վկաների գնահատականների նկատմամբ:
Հոդված 6
Սույն Կոնվենցիայում շարադրված հակասությունների կանոնների կիրառումը կատարվում է առանց փոխադարձության որևէ պահանջի:
Կոնվենցիան կիրառվում է, եթե նույնիսկ ներգրավված անձինք Պայմանավորվող պետության քաղաքացիներ չեն, կամ նախորդ հոդվածների ուժով կիրառման ենթակա իրավունքը չի հանդիսանում այդ Պայմանավորվող կողմի իրավունք:
Հոդված 7
Սույն Կոնվենցիայով կիրառելի հայտարարված ցանկացած իրավունքի կիրառումը կարող է մերժվել միայն այն ժամանակ, երբ այն ակնհայտորեն հակասում է «հանրային կարգին»:
Հոդված 8
Սույն Կոնվենցիան կիրառվում է բոլոր այն դեպքերում, երբ կտակարարը մահանում է դրա ուժի մեջ մտնելուց հետո:
Հոդված 9
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն, հաշվի չառնելով 1-ին հոդվածի երրորդ կետը, կարող է իրեն իրավունք վերապահել, lex fori որոշելու այն վայրը, որտեղ կտակարարն ունի մշտական բնակության վայր:
Հոդված 10
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է իրեն իրավունք վերապահել չճանաչելու բանավոր արված կտակային հանձնարարությունները, որոնք արվել են իր քաղաքացիներից մեկի կողմից, որը չունի այլ պետության քաղաքացիություն` բացառությամբ բացառիկ հանգամանքների:
Հոդված 11
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է իրեն իրավունք վերապահել` հանձնարարություններին վերաբերող իր իրավունքի դրույթների ուժով չճանաչելու արտասահմանում արված կտակային հանձնարարությունների ձևերը, երբ առկա են հետևյալ պայմանները.
ա) կտակային հանձնարարությունը ձևի տեսանկյունից վավերական է այն իրավունքի ուժով, որը կիրառվում է միայն այն վայրի նկատմամբ, որտեղ կտակարարը կազմել է իր կտակային հանձնարարությունը.
բ) կտակարարն այն պետության քաղաքացին է, որը վերապահում է արել.
գ) կտակարարը մշտական բնակության վայր է ունեցել տվյալ պետությունում կամ սովորաբար բնակվել է այնտեղ, և
դ) կտակարարը մահացել է ոչ այն պետությունում, որտեղ արել է իր հանձնարարությունը:
Սույն վերապահումը գործում է միայն այն սեփականության նկատմամբ, որը գտնվում է վերապահում արած պետությունում:
Հոդված 12
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է իրեն իրավունք վերապահել սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտից բացառել կտակային այն կետերը, որոնք, իր իրավունքի համաձայն, չեն վերաբերում ժառանգության հարցերին:
Հոդված 13
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն, հաշվի չառնելով 8-րդ հոդվածը, կարող է իրեն իրավունք վերապահել սույն Կոնվենցիան կիրառել միայն այն կտակային հանձնարարությունների նկատմամբ, որոնք արվել են դրա ուժի մեջ մտնելուց հետո:
Հոդված 14
Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց է Միջազգային մասնավոր իրավունքի հարցերով Հաագայի խորհրդաժողովի իններորդ նստաշրջանում ներկայացված պետությունների համար:
Այն ենթակա է վավերացման, և վավերագրերն ի պահ են հանձնվում Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությանը:
Հոդված 15
Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում 14-րդ հոդվածի երկրորդ պարբերության մեջ նշված երրորդ վավերագիրն ի պահ հանձնելուն հաջորդող վաթսուներորդ օրը:
Յուրաքանչյուր ստորագրող պետության համար, որը վավերացրել է Կոնվենցիան հետագայում, այն ուժի մեջ է մտնում վավերագիրն ի պահ հանձնելու օրվան հաջորդող վաթսուներորդ օրը:
Հոդված 16
Միջազգային մասնավոր իրավունքի հարցերով Հաագայի խորհրդաժողովի իններորդ նստաշրջանում չներկայացված ցանկացած պետություն կարող է միանալ դրան 15-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո: Միանալու մասին փաստաթուղթն ի պահ է հանձնվում Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությանը:
Կոնվենցիային միացող պետության համար այն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվան հաջորդող վաթսուներորդ օրը:
Հոդված 17
Ցանկացած պետություն ստորագրելու, վավերացնելու կամ միանալու ժամանակ կարող է հայտարարել, որ սույն Կոնվենցիան տարածվում է բոլոր այն տարածքների կամ դրանցից մեկի կամ մի քանիսի նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է: Նման հայտարարությունն ուժի մեջ է մտնում շահագրգիռ պետության համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրը:
Դրանից հետո` ցանկացած ժամանակ, յուրաքանչյուր տարածման մասին ծանուցվում է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը:
Նման տարածման մեջ նշված տարածքների նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նախորդ պարբերության մեջ նշված ծանուցմանը հաջորդող վաթսուներորդ օրը:
Հոդված 18
Յուրաքանչյուր պետություն միանալու կամ վավերացնելու պահից ոչ ուշ, կարող է անել սույն Կոնվենցիայի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածներում նշված վերապահումները: Որևէ այլ վերապահում չի թույլատրվում:
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն 17-րդ հոդվածի համաձայն տարածման մասին ծանուցելիս կարող է նաև նշված վերապահումներից մեկը կամ ավելին անել ծանուցման մեջ նշված բոլոր տարածքների կամ դրանցից մի քանիսի նկատմամբ:
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել արված վերապահումը: Նման հետ վերցնելու մասին ծանուցվում է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությանը:
Նման վերապահման գործողությունը դադարեցվում է նախորդ կետում նշված ծանուցմանը հաջորդող վաթսուներորդ օրը:
Հոդված 19
Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մնում հինգ տարվա ընթացքում` 15-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն ուժի մեջ մտնելուց հետո, նույնիսկ այն պետությունների համար, որոնք վավերացրել են այն կամ միացել են դրան հետագայում:
Եթե չի լինում որևէ չեղյալ հայտարարում, այն ինքնըստինքյան երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ:
Յուրաքանչյուր չեղյալ հայտարարման մասին ծանուցվում է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությանը հինգ տարվա ժամկետի ավարտին նախորդող առնվազն վեց ամիս առաջ:
Այն կարող է սահմանափակվել որոշակի տարածքներով, որոնց նկատմամբ Կոնվենցիան կիրառվում է:
Չեղյալ հայտարարումը կարող է գործել միայն այն պետության նկատմամբ, որը ծանուցել է այդ մասին: Կոնվենցիան ուժի մեջ է մնում մյուս Պայմանավորվող պետությունների համար:
Հոդված 20
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը 14-րդ հոդվածում նշված պետություններին, ինչպես նաև 16-րդ հոդվածի համաձայն Կոնվենցիային միացած պետություններին ծանուցում է.
ա) 14-րդ հոդվածի համաձայն ստորագրումների և վավերացումների մասին.
բ) 15-րդ հոդվածի առաջին կետի համաձայն սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա մասին.
գ) 16-րդ հոդվածի համաձայն միացումների և դրանց ուժի մեջ մտնելու օրվա մասին.
դ) 17-րդ հոդվածի համաձայն տարածումների մասին և դրանց ուժի մեջ մտնելու օրվա մասին.
ե) 18-րդ հոդվածի համաձայն վերապահումների և դրանք չեղյալ հայտարարելու մասին.
զ) 19-րդ հոդվածի երրորդ կետի համաձայն չեղյալ հայտարարելու մասին:
Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարվել է Հաագայում, 1961 թ. հոկտեմբերի 5-ին, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերի միջև տարակարծությունների դեպքում ֆրանսերեն տեքստի գերակայությամբ, մեկ օրինակով, որոնք ի պահ են հանձնվում Նիդեռլանդների կառավարության արխիվներին, և որի վավերացված պատճենը դիվանագիտական ուղիներով ուղարկվում է Միջազգային մասնավոր իրավունքի հարցերով Հաագայի խորհրդաժողովի իններորդ նստաշրջանում ներկայացված պետություններից յուրաքանչյուրին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|