«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 սեպտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11814405
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
21 օգոստոսի 2014 թ. |
թիվ 541-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 4-րդ մասի 2-րդ կետի պահանջները, ինչպես նաև ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրության 14-րդ կետի 4-րդ ենթակետով`
Հրամայում եմ`
1. Հաստատել ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Պ. Սաֆարյան |
Հավելված ՀՀ ֆինանսների նախարարի 2014 թվականի օգոստոսի 21-ի N 541-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի որակավորված ներքին աուդիտորների (այսուհետ` աուդիտորներ) շարունակական մասնագիտական վերապատրաստման (այսուհետ` վերապատրաստում) հետ կապված հարաբերությունները:
2. Աուդիտորների վերապատրաստումը նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների շարունակական և հետևողական կատարելագործումն է, ինչը նախատեսված է ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1233-Ն որոշման (այսուհետ` որոշում) N 1 հավելվածի գլուխ 11-ի 1230 ստանդարտով և միտված է ապահովելու որոշման N 2 հավելվածով հաստատված աուդիտորների վարքագծի կանոնների հիմնական սկզբունքներից կարողունակության սկզբունքը:
3. Աուդիտորները յուրաքանչյուր տարին մեկ անգամ պարտադիր պետք է անցնեն վերապատրաստում: Ընդ որում` աուդիտորներն առաջին վերապատրաստումն անցնում են ներքին աուդիտորի որակավորում ստանալուց հետո մեկ օրացուցային տարվա ընթացքում:
4. Աուդիտորների վերապատրաստման գործընթացը կանոնակարգում, կազմակերպում և համակարգում է «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) նախատեսված Լիազոր մարմինը:
5. Հանրային հատվածի կազմակերպությունում աուդիտորների վերապատրաստման գործընթացի մասնակցության ապահովման անմիջական պատասխանատուն աուդիտորին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն է, իսկ հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնող կազմակերպություններում` կազմակերպության ղեկավարը:
6. Աուդիտորի վերապատրաստումների համար նախատեսված ժամանակահատվածը պետք է հաշվի առնել ներքին աուդիտի տարեկան ծրագիրը պլանավորելիս:
7. Լիազոր մարմինը վերապատրաստման ենթակա աուդիտորներին վերապատրաստման անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացնում է վերապատրաստման անցկացման մասին:
8. Վերապատրաստման դասընթացի մասնակցության ժամանակահատվածում հանրային հատվածի կազմակերպությունների աուդիտորներն ազատվում են ծառայողական պարտականությունների կատարումից` իրենց զբաղեցրած պաշտոնի, ստաժի և վարձատրության պահպանմամբ:
9. Հանրային հատվածի կազմակերպությունների որակավորված ներքին աուդիտորների վերապատրաստման գործընթացի կազմակերպումն իրականացվում է Լիազոր մարմնի կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
10. Վերապատրաստման ծրագրերի ֆինանսավորումը կարող է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
ԳԼՈՒԽ 2
ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐԸ
11. Վերապատրաստվող աուդիտորների համար վերապատրաստման դասընթացների և գործնական պարապմունքների ընդհանուր տևողությունը պետք է կազմի առնվազն տարեկան 30 ժամ: Ընդ որում` վերապատրաստման դասընթացի կառուցվածքում յուրաքանչյուր թեմայի առնվազն 30 տոկոսը պետք է պարունակի գործնական պարապմունքներ:
12. Վերապատրաստման թեմաները բաժանվում են 2 խմբի` պարտադիր և ընտրողական: Ընդ որում` պարտադիր թեմաները պետք է կազմեն ընդհանուր թեմաների առնվազն 80%-ը:
13. Վերապատրաստման թեմաները կարող են վերանայվել ամենամյա հաճախականությամբ:
14. Ելնելով որակի երաշխավորման և բարելավման ծրագրի շրջանակներում իրականացված ներքին և արտաքին գնահատումների արդյունքներից` հանրային հատվածի կազմակերպության ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը կազմում է տվյալ կազմակերպության աուդիտորների վերապատրաստման հայտը, որը ներառում է վերապատրաստման անհրաժեշտ թեմաները:
15. Տվյալ տարվա ներքին աուդիտորների վերապատրաստման հայտերը լրացվում են ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարների կողմից Ներքին աուդիտի միասնական կառավարման տեղեկատվական համակարգում մինչև նախորդ տարվա հոկտեմբերի 1-ը:
16. Լիազոր մարմինն ուսումնասիրում և ամփոփում է վերապատրաստման համար ներկայացված հայտերը և ձևավորում վերապատրաստվողների խմբերը:
17. Վերապատրաստման ծրագրի պատրաստման համար հիմք են հանդիսանում.
1) աուդիտորների շրջանում իրականացված գրավոր հարցումները, որոնց հիման վրա ձևավորվում են ընտրողական թեմաները,
2) սույն կարգի 14-րդ կետի համաձայն կազմված հայտը, որի հիման վրա իրականացվում է պարտադիր թեմաների վերանայում և ճշգրտում,
3) Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտի օրենսդրության, միջազգային մասնագիտական գործունեության հիմունքներում տեղի ունեցող փոփոխությունները և զարգացումները:
ԳԼՈՒԽ 3
ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
18. Մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը Լիազոր մարմինը` սույն կարգի 17-րդ կետի հիման վրա կազմում է հաջորդ տարվա վերապատրաստման ծրագիրը և դասընթացների թեմաները, ինչպես նաև մշակում է վերապատրաստման դասընթացների անցկացման ժամանակացույցը` ըստ խմբերի, և հրապարակում իր պաշտոնական կայքում:
19. Վերապատրաստման դասընթացներին առանց բացակայությունների մասնակցելու դեպքում դասընթացի ավարտին աուդիտորներին տրվում է հավաստագիր:
20. Եթե աուդիտորները չեն մասնակցել վերապատրաստման դասընթացի որևէ թեմային, նրանց հնարավորություն է ընձեռվում մասնակցելու նույն թեմայով անցկացվող հաջորդ երեք դասընթացներից որևէ մեկին:
21. Աուդիտորները չեն ստանում հավաստագիր և համարվում են վերապատրաստում չանցած, որի արդյունքում նրանց որակավորման վկայականի գործողությունը դադարում է, եթե տվյալ տարվա ընթացքում չեն մասնակցել վերապատրաստման դասընթացներին: Վերապատրաստման ենթակա, սակայն արձակուրդում, հղիության և ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող, պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ քաղաքացիական ծառայողները ենթակա են վերապատրաստման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
22. Աուդիտորներին տրվող հավաստագրերի հաշվառման նպատակով յուրաքանչյուր վերապատրաստման դասընթացի ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում հավաստագիր տվող անձը Լիազոր մարմին գրավոր ներկայացնում է տեղեկատվություն վերապատրաստվող մասնակիցների հաճախումների և տրված հավաստագրերի վերաբերյալ:
23. Լիազոր մարմինն աուդիտորի վերապատրաստման և/կամ սույն կարգի 25-րդ կետով ներկայացված տեղեկատվության վերաբերյալ տարեկան կտրվածքով կատարում է համապատասխան գրառումներ` կազմակերպությունների ներքին աուդիտի ստորաբաժանումների գրանցամատյանում:
ԳԼՈՒԽ 4
ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՅԼ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ
24. Վերապատրաստումը կարող է ապահովվել նաև Լիազոր մարմնի կողմից հրապարակված՝ ներքին աուդիտի ոլորտին վերաբերող.
1) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա մասնագիտացված կառույցներին անդամագրման, աշխատանքներին կամ միջոցառումներին մասնակցության միջոցով,
2) կոնֆերանսներին, սեմինարներին, ուսումնական դասընթացներին և/կամ տեղում և/կամ առցանց անցկացվող ուսուցման ծրագրերին մասնակցելու միջոցով,
3) դասեր վարելու, համալսարանական կրթական ծրագրերին, գիտահետազոտական նախագծերին մասնակցության միջոցով:
25. Սույն կարգի 24-րդ կետում նշված միջոցառումներին մասնակցելու և այդ մասին վկայող փաստաթղթերը Լիազոր մարմին ներկայացնելու և Լիազոր մարմնի կողմից ընդունելի համարվելու դեպքում, աուդիտորները կարող են ազատվել վերապատրաստման ամբողջական դասընթացից կամ շարունակական մասնագիտական վերապատրաստման համարժեք ժամերից: Վերապատրաստման ծրագրով նախատեսված թեմաներին մասնակի տիրապետելու դեպքում ներքին աուդիտորը պարտավոր է վերապատրաստվել (այդ թվում` գործնական առաջադրանքի տեսանկյունից) առնվազն բաց թողնված ուղղությունների մասով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.12.2023, N 516-Ն | 30.12.2023, թիվ 541-Ն | |
27.01.2015, թիվ 26-Ն | 12.03.2015, թիվ 541-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|