Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.01.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ստորագրող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ստորագրման ամսաթիվ
26.05.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.1996

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի մասին

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,

ձգտելով քաղաքական, տնտեսական, իրավական և այլ բնագավառներում միմյանց հետ համագործակցության հետագա զարգացմանը,

նկատի ունենալով Անկախ Պետությունների Համագործակցությունը պետությունների գործունակ միավորում դարձնելու ակտիվ գործունեության շարունակման կարևորության և Համագործակցության արդյունավետ ինտեգրացիոն կառուցվածքի հաջորդական ձևավորման անհրաժեշտության մասին Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի 1994 թվականի հոկտեմբերի 21-ի՝ Հուշագրում ամրագրված դրույթները,

ենթադրելով, որ փոխադարձ համագործակցության զարգացման և արդյունավետության բարձրացման գործում կարևոր ներդրում է հանդիսանում իրենց ազգային օրենսդրությունների մերձեցմանն ուղղված համատեղ գործունեությունը և դրա հաջող իրականացման համար պատշաճ մեխանիզմների ստեղծումը,

հաշվի առնելով Անկախ Պետությունների Համագործակցության Կանոնադրությունում պարունակվող դրույթները,

հաշվի առնելով 1992 թվականի մարտի 27-ին Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Գերագույն խորհուրդների (խորհրդարանների) կողմից կնքված Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի մասին Համաձայնագրի, Միջխորհրդարանական վեհաժողովի Կանոնակարգի, ինչպես նաև սույն Կոնվենցիան ընդունելու պահին գործող Միջխորհրդարանական վեհաժողովի ներքին բնույթին առնչվող այլ ակտերի դրույթները,

բավական կարևոր գնահատելով Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման համար Միջխորհրդարանական վեհաժողովի կուտակած փորձը, որը մինչ այժմ իր գործունեությունը իրականացնում էր որպես միջխորհրդարանական համագործակցության մարմին,

անհրաժեշտ համարելով Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում միջխորհրդարանական համագործակցության մեխանիզմի կատարելագործման նպատակներով Միջխորհրդարանական վեհաժողովին պատշաճ իրավական կարգավիճակ տալը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Միջխորհրդարանական վեհաժողովը Անկախ Պետությունների Համագործակցության միջպետական մարմին է:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար ներքոնշյալ հասկացությունները ունեն հետևյալ նշանակությունը.

ա) «մասնակից պետություն»` սույն Կոնվենցիայի 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ընթացակարգերը կատարած պետություն,

բ) «սույն Կոնվենցիայի մասնակից պետության խորհրդարան»` այդ պետության բարձրագույն օրենսդիր մարմինը` իր սահմանադրական ակտերին համապատասխան,

գ) «Միջխորհրդարանական վեհաժողով»` Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողով, որը հիմնադրվել է 1992 թվականի մարտի 27-ին, Ալմա Աթա քաղաքում, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների խորհրդարանների կողմից համապատասխան Համաձայնագիր ստորագրելով և կազմված է մասնակից պետությունների խորհրդարանական պատվիրակություններից, Վեհաժողովի խորհրդից, մշտական և ժամանակավոր հանձնաժողովներից, այլ օժանդակ մարմիններից, ինչպես նաև Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարությունից,

դ) «Միջխորհրդարանական վեհաժողովի պաշտոնատար անձինք»` Վեհաժողովի խորհրդի Գլխավոր քարտուղարը, Միջխորհրդարանական վեհաժողովի անձնակազմի այլ անդամներ, որոնք այդտեղ աշխատում են մշտական հիմունքներով և Գլխավոր քարտուղարի կողմից ընդգրկված են Վեհաժողովի կողմից հաստատման ենթակա Միջխորհրդարանական վեհաժողովի պաշտոնական անձանց ցուցակում, բացառությամբ անձանց, որոնք աշխատանքի են վերցվել այն պետությունում, որի տարածքում են գտնվում Միջխորհրդարանական վեհաժողովի կենտրոնակայանը, նրա մարմինը կամ մարմինները և ստանում են ժամավճար,

ե) «Միջխորհրդարանական վեհաժողովի գործերով գործուղումներում գտնվող փորձագետներ»` պաշտոնատար անձանցից տարբեր անձինք, ովքեր կատարում են Միջխորհրդարանական վեհաժողովի հանձնարարությունները, փորձագիտական ծառայություններ են ցուցաբերում նրան և աշխատանքի են վերցվում նրա ներքին կանոններին համապատասխան,

զ) «Միջխորհրդարանական վեհաժողովի շինություններ»` Միջխորհրդարանական վեհաժողովին պատկանող և իր պաշտոնական նպատակների համար օգտագործվող շենքեր կամ շենքերի մասեր, ներառյալ հողամասը, որի վրա դրանք գտնվում են,

է) «Միջխորհրդարանական վեհաժողովի գույքը և ակտիվները»` Միջխորհրդարանական վեհաժողովին պատկանող ամբողջ գույքը, ինչպես նաև ակտիվները, անկախ նրանից, թե այդ գույքը և ակտիվները որտեղ և ում տնօրինության տակ են գտնվում,

ը) «Կանոնակարգ»` Միջխորհրդարանական վեհաժողովի Կանոնակարգը:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

1. Միջխորհրդարանական վեհաժողովը կազմված է մասնակից պետությունների խորհրդարանական պատվիրակություններից:

2. Խորհրդարանական պատվիրակությունը կազմված է մասնակից պետության ներկայացուցիչներից, որոնք սույն Կոնվենցիայի մասնակից պետության խորհրդարանի կողմից իր անդամների թվից ընտրվում կամ նշանակվում են` նրա ներքին կանոնակարգերին և ընթացակարգերին համապատասխան: Խորհրդարանական պատվիրակությունը ղեկավարում է խորհրդարանական պատվիրակության ղեկավարը:

3. Մասնակից պետության խորհրդարանական պատվիրակության լիազորությունների ծավալը, գործողության ժամկետը և գործունեության դադարեցման կարգը սահմանում է այդ մասնակից պետությունը, իր ներքին կանոններին ու ընթացակարգերին համապատասխան:

4. Վեհաժողովի խորհրդի համաձայնությամբ կամ հրավերով Միջխորհրդարանական վեհաժողովի և նրա մարմինների բաց նիստերին, որպես դիտորդներ, կարող են ներկա գտնվել.

ա) Անկախ Պետությունների Համագործակցության մարմինների ներկայացուցիչներ,

բ) սույն Կոնվենցիայի մասնակիցներ չհանդիսացող պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներ,

գ) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ,

դ) ինչպես մասնակից պետությունների, այնպես էլ սույն հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետում նշված պետությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Միջխորհրդարանական վեհաժողովը.

ա) քննարկում է տարբեր բնագավառներում մասնակից պետությունների համագործակցության հարցերը և այդ հարցերով իր երաշխավորությունները ուղարկում է պետությունների ղեկավարների Խորհրդին և/կամ Կառավարությունների ղեկավարների Խորհրդին, Անկախ Պետությունների Համագործակցության մյուս մարմիններին, խորհրդարաններին` կախված քննարկվող հարցի էությունից,

բ) քննարկում է պետությունների ղեկավարների Խորհրդի և/կամ Կառավարությունների ղեկավարների Խորհրդի կողմից իրենց փոխանցված հարցերը և այդ հարցերով երաշխավորություններ է ուղարկում համապատասխանաբար պետությունների ղեկավարների Խորհրդին և/կամ Կառավարությունների ղեկավարների Խորհրդին, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության մյուս մարմիններին,

գ) երաշխավորությունների ընդունում մասնակից պետությունների օրենսդրությունների մերձեցման վերաբերյալ,

դ) ընդունում է տիպային (օրինակելի) օրենսդրական ակտեր և համապատասխան երաշխավորություններով դրանք ուղարկում է սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների խորհրդարաններին,

ե) երաշխավորություններ է ընդունում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների խորհրդարանների կողմից Համագործակցության շրջանակներում կնքված պայմանագրերի (համաձայնագրերի) վավերացման (հաստատման) ընթացակարգերի ներդաշնակեցման համար, իսկ Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի և/կամ Կառավարությունների ղեկավարների Խորհրդի կողմից ընդունված համապատասխան որոշման դեպքում, այլ միջազգային պայմանագրերի, որոնց Համագործակցության մասնակից պետությունների մասնակցությունը բավական ցանկալի է` Անկախ Պետությունների Համագործակցության Կանոնադրությունում ամրագրված նրանց ընդհանուր նպատակների ձեռքբերման համար,

զ) երաշխավորություններ է ընդունում մասնակից պետությունների օրենսդրությունները համապատասխանեցնելու համար այդ պետությունների կողմից Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի դրույթներին,

է) օժանդակում է մասնակից պետությունների միջև իրավական բնույթի տեղեկությունների փոխանակմանը,

ը) քննարկում է միջխորհրդարանական համագործակցության այլ հարցեր:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

1. Միջխորհրդարանական վեհաժողովը գումարում է հերթական և արտահերթ լիագումար նիստեր: Միջխորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նիստերը անց են կացվում առնվազն տարին երկու անգամ: Միջխորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նիստի անցկացման վայրը, ժամկետը, ինչպես նաև նախնական օրակարգը որոշվում են Միջխորհրդարանական վեհաժողովի նախորդ լիագումար կամ դրա Խորհրդի նիստի ժամանակ:

2. Այն դեպքում, եթե հերթական լիագումար նիստի անցկացումը, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված վայրում և ժամկետում, այս կամ այն պատճառներով անհնար է կամ չափազանց դժվար է, Վեհաժողովի խորհրդի նախագահը բոլոր նրա անդամների համաձայնությամբ որոշում է նիստի անցկացման վայրը և ժամկետը:

3. Միջխորհրդարանական վեհաժողովի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել Վեհաժողովի խորհրդի կողմից:

4. Վեհաժողովի խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ Գլխավոր քարտուղարը ուղարկում է սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների խորհրդարաններին և Միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին ներկա գտնվելու հրավիրված դիտորդներին ծանուցումներ նիստի անցկացման վայրի և ժամկետի մասին:

5. Միջխորհրդարանական վեհաժողովի, Վեհաժողովի խորհրդի և նրա այլ մարմինների նիստերը, որպես կանոն, բաց են:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետության խորհրդարանական պատվիրակությունը ունի մեկ ձայն, եթե Միջխորհրդարանական վեհաժողովը այլ որոշում չընդունի:

2. Քննարկվող հարցերով Միջխորհրդարանական վեհաժողովի որոշումները ընդունվում են նիստին ներկա և քվեարկությանը մասնակցող խորհրդարանական պատվիրակությունների կողմից, Կանոնակարգին համապատասխան: Միջխորհրդարանական վեհաժողովի որոշումները կարող են ընդունվել միայն նրա լիագումար նիստերում:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

1. Միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում նախագահողի գործառույթները, եթե Վեհաժողովը այլ որոշում չընդունի, հերթականությամբ իրականացնում են խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները: Հերթականությունը որոշում է Վեհաժողովի խորհուրդը:

2. Նախագահողը բացում և փակում է լիագումար նիստերը, լիագումար նիստերում ղեկավարում է բանավեճերը, հարցերը դնում է քվեարկության, հետևում է խորհրդարանական պատվիրակությունների անդամների և դիտորդների կողմից Միջխորհրդարանական վեհաժողովի Կանոնակարգի և այլ ներքին կանոնների պահպանմանը, խորհրդարանական պատվիրակությունների անդամների հետ համաձայնեցնում է Միջխորհրդարանական վեհաժողովի հաջորդ լիագումար նիստի անցկացման վայրը, ժամկետը և նախնական օրակարգը, կատարում է Կանոնակարգում ամրագրված այլ գործառույթներ:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Միջխորհրդարանական վեհաժողովի ներքին գործունեությունը իրականացվում է սույն Կոնվենցիային և Կանոնակարգին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

1. Միջխորհրդարանական վեհաժողովի գործունեության կազմակերպումը իրականացնում է մասնակից պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներից կազմված Վեհաժողովի խորհուրդը: Վեհաժողովի խորհրդի գործառույթները որոշվում են սույն Կոնվենցիայով, ինչպես նաև Կանոնակարգով և Միջխորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված ներքին բնույթի այլ ակտերով: Իր ներքին ընթացակարգերը սահմանելու նպատակով` Վեհաժողովի խորհուրդը կարող է ընդունել սեփական կանոնակարգը:

2. Վեհաժողովի խորհուրդը ընտրում է Խորհրդի նախագահին: Վեհաժողովի խորհրդի նախագահը ընտրվում է Խորհրդի անդամներից, գաղտնի քվեարկությամբ, մեկ տարի ժամկետով: Վեհաժողովի խորհրդի նախագահ ընտրված անձը կարող է վերընտրվել, սակայն այն պայմանով, որ այդ պաշտոնը նա չի կարող զբաղեցնել երեք ժամկետից ավել:

Ընտրված է համարվում այն թեկնածուն, որի օգտին քվեարկել են քվեարկության ներկա և մասնակցող խորհրդի անդամների մեծամասնությունը:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Միջխորհրդարանական վեհաժողովը, գործելով սույն Կոնվենցիային համապատասխան, իրավասու է հիմնադրել մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ` կազմված խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչներից, այլ օժանդակ մարմիններ, որոնք անհրաժեշտ կդառնան իր վրա դրված գործառույթների հաջող կատարման համար:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

1. Վեհաժողովի խորհրդի մշտական գործող վարչական մարմինն է քարտուղարությունը: Քարտուղարությունը Միջխորհրդարանական վեհաժողովին, Վեհաժողովի խորհրդին, մշտական և ժամանակավոր հանձնաժողովներին և այլ օժանդակ մարմիններին, որոնք կարող են ստեղծվել սույն Կոնվենցիային համապատասխան, օգնություն է ցուցաբերում նրանում, ինչ վերաբերում է Միջխորհրդարանական վեհաժողովի և նրա մարմինների աշխատանքների կազմակերպմանը: Քարտուղարությունը, մասնավորապես.

ա) պատրաստում, թարգմանում, տպում և ուղարկում է Միջխորհրդարանական վեհաժողովի պաշտոնական փաստաթղթերը և նյութերը,

բ) տպում և տարածում է Միջխորհրդարանական վեհաժողովի պաշտոնական հրատարակումները,

գ) պատշաճ ձևով պահում է փաստաթղթերը Միջխորհրդարանական վեհաժողովի արխիվներում, պատասխանատվություն է կրում դրանց պահպանության համար,

դ) ստանում և ընդհանրացնում է Միջխորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունած որոշումների իրականացման նպատակով սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների խորհրդարանների ընդունած միջոցների մասին տեղեկությունները,

ե) կատարում է Միջխորհրդարանական վեհաժողովի գործառույթների իրականացման համար ցանկացած այլ աշխատանք:

2. Քարտուղարությունը կազմված է Գլխավոր քարտուղարից, նրա տեղակալներից` սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների խորհրդարանների լիազոր ներկայացուցիչներից և այն անձնակազմից, որը կարող է պահանջվել քարտուղարության գործառույթների արդյունավետ իրականացման համար:

3. Գլխավոր քարտուղարը իրականացնում է քարտուղարության գործունեության ղեկավարումը: Գլխավոր քարտուղարին Վեհաժողովի խորհրդի ներկայացմամբ նշանակում է Վեհաժողովի խորհուրդը երեք տարի ժամկետով: Իր գործառույթները իրականացնելիս Գլխավոր քարտուղարը հաշվետու է Վեհաժողովի խորհրդին և նրա նախագահին:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Միջխորհրդարանական վեհաժողովը իրավասու է կնքել միջազգային պայմանագրեր, սույն Կոնվենցիայով սահմանված իրավասության շրջանակներում:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

1. Միջխորհրդարանական վեհաժողովն իր մասնակից պետությունների տարածքներում օգտվում է իրավաբանական անձի իրավունքներից և, մասնավորապես, իրավունք ունի.

ա) պայմանագրեր կնքել,

բ) ձեռք բերել շարժական և անշարժ գույք և տնօրինել այն,

գ) գործեր հարուցել դատարանում և մասնակցել դատական քննություններին:

2. Սույն հոդվածով նախատեսված իրավունքները քարտուղարությունը իրականացնում է Միջխորհրդարանական վեհաժողովի անունից:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

1. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված բացառումներով, Միջխորհրդարանական վեհաժողովը մասնակից պետությունների տարածքներում օգտվում է նույնպիսի արտոնություններով և անձեռնմխելիությամբ, որոնք տրամադրվում են Միավորված ազգերի կազմակերպությանը` Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիության մասին 1946 թվականի Կոնվենցիային համապատասխան:

2. Միջխորհրդարանական վեհաժողովը, նրա գույքը և ակտիվները օգտվում են անձեռնմխելիությունից ցանկացած տեսակի դատական միջամտությունից, բացառությամբ դեպքերի, երբ.

ա) Միջխորհրդարանական վեհաժողովի, նրա մարմնի կամ անձնակազմի անդամի դեմ քաղաքացիական հայց է հարուցվել վնասի փոխհատուցման մասին կապված Միջխորհրդարանական վեհաժողովին, նրա մարմնին կամ անձնակազմի անդամին պատկանող կամ Միջխորհրդարանական վեհաժողովի անունից շահագործվող տրանսպորտային միջոցի առաջացրած պատահարի հետ, եթե այդ վնասը չի փոխհատուցվում ապահովագրության հաշվին,

բ) Միջխորհրդարանական վեհաժողովի, նրա մարմնի կամ անձնակազմի անդամի դեմ քաղաքացիական հայց է հարուցվել կապված Միջխորհրդարանական վեհաժողովի, նրա մարմնի կամ անձնակազմի անդամի գործողությամբ կամ անգործությամբ առաջացած մահվան կամ խեղման հետ,

գ) Միջխորհրդարանական վեհաժողովը կամ նրա մարմինները առևտրային գործունեություն են իրականացնում եկամուտ ստանալու նպատակով:

 

Հ ո դ վ ա ծ  15

 

1. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված բացառություններով, մասնակից պետությունների խորհրդարանական պատվիրակությունների անդամները, Միջխորհրդարանական վեհաժողովի պաշտոնատար անձինք, Միջխորհրդարանական վեհաժողովի գործերով գործուղումներում գտնվող փորձագետները մասնակից պետությունների տարածքներում արտոնությունների, անձեռնմխելիության և առավելությունների մասով օգտվում են ոչ պակաս բարենպաստ ռեժիմից, քան այն ռեժիմն է, որը համապատասխանաբար տրամադրվում է Միավորված ազգերի կազմակերպության անդամների ներկայացուցիչներին, Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնատար անձանց և Միավորված ազգերի կազմակերպության գործերով գործուղումներում գտնվող փորձագետներին` Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիության մասին 1946 թվականի Կոնվենցիայի հիման վրա:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվում խորհրդարանական պատվիրակությունների անդամների և այն պետության, որի քաղաքացին է նա հանդիսանում, միջև փոխհարաբերությունների նկատմամբ:

3. Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիության մասին 1946 թվականի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 18-րդ բաժնի «բ», «դ», «ե», «զ», «է» կետերի դրույթները չեն կիրառվում Միջխորհրդարանական վեհաժողովի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք հանդիսանում են այն պետության քաղաքացիներ, որի տարածքում է գտնվում Միջխորհրդարանական վեհաժողովի կենտրոնակայանը, նրա մարմինը կամ մարմինները, որտեղ այդ անձինք աշխատում են:

4. Արտոնությունները և անձեռնմխելիությունը տրամադրվում են մասնակից պետությունների խորհրդարանական պատվիրակությունների անդամներին, Միջխորհրդարանական վեհաժողովի պաշտոնատար անձանց և Միջխորհրդարանական վեհաժողովի գործերով գործուղումներում գտնվող փորձագետներին ոչ թե իրենց սեփական օգուտի համար‚ այլ նրա համար, որպեսզի ապահովվի նրանց կողմից Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքի հետ կապված իրենց գործառույթների անկախ իրականացումը: Սույն Կոնվենցիայի մասնակից պետության խորհրդարանը, գործելով համաձայն իր ներքին կանոնակարգի և ընթացակարգերի, ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է հրաժարվել իր ներկայացուցչի անձեռնմխելիությունից ամեն դեպքում, երբ իր կարծիքով անձեռնմխելիությունը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, ընդ որում այդ հրաժարումը կարող է կատարվել առանց վնասելու անձեռնմխելիության նպատակին: Գլխավոր քարտուղարը իրավունք ունի և պարտավոր է հրաժարվել Միջխորհրդարանական վեհաժողովի ցանկացած պաշտոնատար անձին, ինչպես նաև Միջխորհրդարանական վեհաժողովի գործերով գործուղումներում գտնվող փորձագետներին տրամադրված անձեռնմխելիությունից, այն դեպքերում, երբ իր կարծիքով անձեռնմխելիությունը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը և դրանից կարելի է հրաժարվել առանց վնասելու Միջխորհրդարանական վեհաժողովի շահերին: Գլխավոր քարտուղարի անձեռնմխելիությունից հրաժարվելու իրավունքը պատկանում է Վեհաժողովի խորհրդին:

5. Միջխորհրդարանական վեհաժողովը մշտապես համագործակցում է մասնակից պետությունների համապատասխան իշխանությունների հետ` արդարադատության պատշաճ իրականացման, իրավապահ մարմինների երաշխավորությունների ապահովման և սույն Կոնվենցիային համապատասխան տրամադրված արտոնությունների, անձեռնմխելիության և առավելությունների հետ կապված ցանկացած չարաշահում կանխարգելելու նպատակով:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Միջխորհրդարանական վեհաժողովի, Գլխավոր քարտուղարի և նրա տեղակալների, ինչպես նաև Միջխորհրդարանական վեհաժողովի այլ պաշտոնատար անձանց և Միջխորհրդարանական վեհաժողովի գործերով գործուղումներում գտնվող փորձագետների նկատմամբ mսtatis mutandis կիրառվում են Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիության մասին 1946 թվականի Կոնվենցիայի 7-րդ հոդվածի դրույթները:

 

Հ ո դ վ ա ծ  17

 

Սույն Կոնվենցիայի մեկնաբանման և կիրառման հետ կապված ծագող բոլոր տարաձայնությունները, բացառությամբ դեպքերի, երբ Կողմերը համաձայնում են լուծել դրանք այլ ճանապարհով, կփոխանցվեն տվյալ կոնկրետ վեճի լուծման համար հիմնադրվող միջնորդ դատարանին, որը բաղկացած է երկու իրավարարներից, որոնցից յուրաքանչյուրին նշանակում է վիճող կողմերից մեկը, և երրորդ իրավարարից, որին նշանակում են առաջին երկու իրավարարները:

 

Հ ո դ վ ա ծ  18

 

Միջխորհրդարանական վեհաժողովի նստավայրը Սանկտ Պետերբուրգ քաղաքն է:

 

Հ ո դ վ ա ծ  19

 

Միջխորհրդարանական վեհաժողովի գործունեության ֆինանսավորումը իրականացվում է մասնակից պետությունների բաժնեմասային մասնակցության հիման վրա:

 

Հ ո դ վ ա ծ  20

 

Եթե սույն Կոնվենցիայի դրույթները նախատեսում են այլ բան, քան Միջխորհրդարանական վեհաժողովի գործունեությունը և կարգավիճակը կանոնակարգող այլ ակտերի դրույթները, ապա կիրառվում են սույն Կոնվենցիայի դրույթները:

 

Հ ո դ վ ա ծ  21

 

Սույն Կոնվենցիայում նրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ կարող են ուղղումներ կատարվել:

 

Հ ո դ վ ա ծ  22

 

1. Սույն Կոնվենցիան բաց է Անկախ Պետությունների Համագործակցության բոլոր մասնակից պետությունների ստորագրման համար:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման: Վավերագրերը ի պահ են հանձնվում Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարին, որը կկատարի սույն Կոնվենցիայի ավանդապահի գործառույթները:

3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում երրորդ վավերագիրն ի պահ հանձնելու օրվանից:

4. Սույն Կոնվենցիան կնքվում է անորոշ ժամանակով: Յուրաքանչյուր մասնակից պետություն կարող է դուրս գալ սույն Կոնվենցիայից` համապատասխան ծանուցում ուղարկելով ավանդապահին: Այդ դեպքում սույն Կոնվենցիան կդադարեցնի այդ մասնակից պետության համար իր գործողությունը` ավանդապահի կողմից ծանուցումը ստանալուց վեց ամիս հետո:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 1995 թվականի մայիսի 26-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Կոնվենցիան ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

*Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1996 թվականի հունվարի 16-ից: