«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 մարտի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12409142
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
25 դեկտեմբերի 2008 թ. |
N 200-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 02/1508 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգրքի 70 հոդվածի, 96 հոդվածի 2-րդ կետի և 117 հոդվածի պահանջներն ապահովելու մասին» N 02/1508 հրամանի 1-ին կետի ա) ենթակետը, 1-ին կետի ա) ենթակետով հաստատված կարգը, 3-րդ և 5-րդ կետերը:
3. Սահմանել, որ մինչ սույն հրամանի ուժի մեջ մտնելը տրված մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականները մնում են ուժի մեջ, մինչև դրանցում նշված ժամկետների ավարտը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ՝ | Գ. Խաչատրյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2008 թ. դեկտեմբերի 25-ի N 200-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների (այսուհետ` քննություն) անցկացման հետ կապված հարցերը:
2. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում տալու համար յուրաքանչյուր ամիս վերադաս մաքսային մարմինը կազմակերպում է քննություն, իսկ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ կազմակերպվում են մաքսային բնագավառը կարգավորող իրավական ակտերի և մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրի ուսուցման երկշաբաթյա դասընթացներ (այսուհետ` դասընթաց):
(2-րդ կետը խմբ. 27.03.12 N 83-Ն, փոփ. 29.08.12 N 265-Ն)
3. Դասընթացը կազմակերպվում է անվճար, որին մասնակցում են կամավոր հիմունքներով:
4. Քննությունն անցկացնում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):
(4-րդ կետը խմբ. 27.03.12 N 83-Ն)
5. Քննության անցկացման օրվա, ժամի և վայրի, նախատեսված հարցաշարի, քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության պաշտոնական կայք-էջում` քննությունից առնվազն տասը օր առաջ, իսկ դասընթացի անցկացման վերաբերյալ տեղեկատվությունը` դասընթացից առնվազն մեկ ամիս առաջ:
(5-րդ կետը խմբ. 27.03.12 N 83-Ն)
6. Քննությանը կարող են մասնակցել տասնութ տարին լրացած, միջնակարգ կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
(6-րդ կետը փոփ. 27.03.12 N 83-Ն)
7. Քննությանը մասնակցելու համար դիմորդները քննությունից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ վերադաս մաքսային մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի անունով.
2) անձնագրի, միջնակարգ կրթության, առկայության դեպքում` նաև բարձրագույն կրթության և (կամ) մասնագիտական վերապատրաստման վկայականի պատճենները:
8. Քննությունն անցկացվում է թեստավորման եղանակով:
9. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահ, լսարան, դահլիճ և այլն):
10. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից մեկն ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մտնել թեստավորման անցկացման համար առանձնացված սենյակը, որտեղ մասնակիցը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ նստարան: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելու համար նախատեսված ժամանակից տասը րոպե առաջ:
11. Թեստավորման մասնակիցներն իրենց հետ թեստավորման սենյակ չեն բերում տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր:
12. Թեստը կազմում է հանձնաժողովը` մաքսային բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի և մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրից օգտվելու իմացությունը ստուգող հարցերի հիման վրա կազմված հարցաշարից համակարգչի միջոցով պատահականորեն ընտրված քսան հարցերից:
(12-րդ կետը լրաց. 27.03.12 N 83-Ն)
13. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից մեկը մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը: Նա պատասխանում է մասնակիցների բոլոր հարցերին, որպեսզի հավաստիանա, որ բոլոր մասնակիցները հասկացել են առաջադրանքի էությունը:
14. Յուրաքանչյուր հարց ունի երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը ճիշտ պատասխանն է:
15. Թեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխանը:
16. Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է քառասուն րոպե ժամանակ:
17. Թեստավորման ընթացքում մասնակիցները դուրս չեն գալիս սենյակից: Եթե մասնակիցը ցանկանում է լքել սենյակը, ապա նրա աշխատանքը համարվում է դադարեցված:
18. Աշխատանքի ավարտից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո մասնակիցը թեստավորման թերթիկի վրա լրացնում է իր անունը, ազգանունը, հայրանունը, հանձնում այն հանձնաժողովի նախագահին և դուրս գալիս սենյակից:
19. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալը` զրո: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխանը նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը:
20. Թեստավորման թերթիկի վրա ջնջումներ կամ ուղղումներ չեն կատարվում: Այդ դեպքում տվյալ հարցի (թեստի) պատասխանը համարվում է սխալ պատասխան:
21. Թեստի ստուգման աշխատանքների ավարտից հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են թեստավորման սենյակ, որտեղ բոլորի ներկայությամբ հանձնաժողովի նախագահի կողմից հրապարակվում են թեստավորման արդյունքները:
22. Թեստավորման արդյունքը դրական է համարվում առաջադրված թեստի հարցերի առնվազն իննսուն տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:
23. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` դրանց հրապարակումից հետո` մեկ ժամվա ընթացքում: Բողոքարկման արդյունքներն ամփոփվում են նույն օրը:
(23-րդ կետը լրաց. 02.09.13 N 376-Ն)
24. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ կամ թերի է համարում թեստում ներառված որևէ հարց (հարցեր), ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի (հարցերի) համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են համապատասխան միավորով (միավորներով):
Եթե պարզվում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ սխալ է թույլ տրվել, ապա հանձնաժողովը բավարարում է մասնակցի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:
25. Բողոքարկման արդյունքների ամփոփումից հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում հանձնաժողովը նույն օրն ընդունում է որոշում և երկու աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի հաստատմանն է ներկայացնում քննությունը դրական հանձնած անձանց ցանկը: Ցանկը հրապարակվում է մաքսային ծառայության պաշտոնական կայքէջում ՀՀ ֆինանսների նախարարի կողմից հաստատվելուց հետո երկօրյա ժամկետում:
(25-րդ կետը խմբ. 02.09.13 N 376-Ն, փոփ. 16.06.14 թիվ 368-Ն)
26. Մաքսային ծառայության պաշտոնական կայքէջում ցանկի հրապարակումից մեկ աշխատանքային օր անց քննության արդյունքում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած անձինք ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչությունից կարող են ստանալ ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով հաստատված ձևի մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական:
(26-րդ կետը խմբ. 02.09.13 N 376-Ն, փոփ. 16.06.14 թիվ 368-Ն)
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 27.03.12 N 83-Ն, փոփ. 29.08.12 N 265-Ն, լրաց., խմբ. 02.09.13 N 376-Ն, փոփ. 16.06.14 թիվ 368-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.10.2017, N 354-Ն | 11.11.2017, N 200-Ն | |
16.06.2014, N 368-Ն | 11.08.2014, N 200-Ն | |
02.09.2013, N 376-Ն | 27.09.2013, N 200-Ն | |
29.08.2012, N 265-Ն | 28.09.2012, N 200-Ն | |
27.03.2012, N 83-Ն | 26.04.2012, N 200-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|