ոչ պաշտոնական թարգմանություն
1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ
Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա Ն
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 1949 թվականի ապրիլի 21-ից մինչև օգոստոսի 12-ը Ժնևում պատերազմի զոհերի պաշտպանության մասին միջազգային կոնվենցիա կազմող դիվանագիտական կոնֆերանսի կողմից` 1949 թվականի օգոստոսի 12-ին
Ուժի մեջ է մտել 1950 թվականի հոկտեմբերի 21-ին
ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1
Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ցանկացած հանգամանքներում պահպանել և ստիպել պահպանելու սույն Կոնվենցիան:
Հոդված 2
Բացի այն որոշումներից, որոնք պետք է ուժի մեջ մտնեն դեռևս խաղաղ ժամանակ, սույն Կոնվենցիան կկիրառվի հայտարարված պատերազմի և ամեն մի այլ զինված կոնֆլիկտի դեպքում, որ ծագում է երկու կամ մի քանի Բարձր Պայմանավորվող Կողմերի միջև, անգամ այն դեպքում, եթե դրանցից մեկն ու մեկը չի ընդունում պատերազմական վիճակը:
Կոնվենցիան կկիրառվի նաև Բարձր Պայմանավորվող Կողմի ամբողջ տարածքի կամ տարածքի մի մասի օկուպացման բոլոր դեպքերում, անգամ եթե այդ օկուպացումը ոչ մի զինված դիմադրության չհանդիպի:
Եթե կոնֆլիկտի մեջ մտնող տերություններից մեկը չի հանդիսանում սույն կոնվենցիայի մասնակից, այնուամենայնիվ, դրա մասնակից տերությունները իրենց փոխհարաբերություններում մնում են Կոնվենցիայով կապված: Դրանից բացի, նրանք Կոնվենցիայով կապված կլինեն վերը նշված տերության վերաբերմամբ, եթե վերջինս ընդունում և կիրառում է Կոնվենցիայի դրույթները:
Հոդված 3
Միջազգային բնույթ չկրող և Բարձր Պայմանավորվող Կողմերից մեկի տարածքում ծագող զինված կոնֆլիկտի դեպքում, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրը պարտավոր կլինի որպես նվազագույնը, կիրառել հետևյալ դրույթները.
1 Այն անձինք, որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, ներառյալ զինված ուժերի կազմից այն անձինք, որոնք զենքը վար են դրել, ինչպես նաև նրանք, որոնք դադարել են պատերազմական գործողություններին մասնակցելուց հիվանդության, վիրավորվելու, բռնվելու կամ ցանկացած այլ պատճառով, պետք է բոլոր հանգամանքներում օգտվեն մարդասիրական վերաբերմունքից` առանց որևէ խտրականության ռասայի, մաշկի գույնի, կրոնի կամ հավատի, սեռի, ծագման կամ գույքային դրության և ցանկացած համանման այլ չափանիշների պատճառներով:
Այդ նպատակով վերը նշված անձանց նկատմամբ արգելվում են մշտապես ու ամենուրեք կարգելվեն հետևյալ գործողությունները.
a/ ոտնձգությունը կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ, մասնավորապես, ամեն տեսակի սպանությունները, խեղումները, դաժան վերաբերմունքը, տանջահարությունը և խոշտանգումները,
b/ պատանդ վերցնելը,
c/ ոտնձգությունը մարդկային արժանապատվության նկատմամբ, մասնավորապես, վիրավորական և նվաստացուցիչ վերաբերմունքը,
d/ դատապարտելը և պատիժ կիրառելը առանց նախնական դատական վճռի` կայացված պատշաճ ձևով կազմավորված դատարանի կողմից, քաղաքակիրթ ազգերի շրջանում անհրաժեշտ ճանաչված դատական երաշխիքների առկայությամբ:
2 Վիրավորներին և հիվանդներին կջոկեն և նրանց ցույց կտրվի օգնություն:
Անաչառ մարդասիրական կազմակերպությունը, այդպիսին, ինչպիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, կարող է իր ծառայություններն առաջարկել կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին:
Դրանից բացի, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կձգտեն հատուկ համաձայնագրերի միջոցով գործողության մեջ դնել սույն կոնվենցիայի բոլոր մնացյալ դրույթները կամ դրանց մի մասը:
Նախորդ դրույթների կիրառումը չի շոշափի կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի իրավաբանական կարգավիճակը:
Հոդված 4
Սույն Կոնվենցիայի պաշտպանության տակ են այն անձինք, որոնք կոնֆլիկտի կամ օկուպացման դեպքում ինչ-որ պահ և ինչ-որ ձևով հայտնվում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի կամ օկուպացված այն տերության իշխանության ներքո, որի քաղաքացիները չեն հանդիսանում նրանք:
Սույն Կոնվենցիայով չկապված որևէ պետության քաղաքացիները չեն գտնվում կոնվենցիայի պաշտպանության տակ: Որևէ չեզոք պետության քաղաքացիները, որոնք գտնվում են պատերազմող պետություններից մեկնումեկի տարածքում, և պատերազմող որևէ պետության քաղաքացիները, չեն դիտվի որպես հովանավորվող անձինք այնքան ժամանակ, քանի դեռ այն պետությունը, որի քաղաքացիներն են նրանք հանդիսանում, ունի նորմալ դիվանագիտական ներկայացուցչություն այն պետությանն առընթեր, որի իշխանության տակ են նրանք գտնվում:
Սակայն 2-րդ բաժնի դրույթներն ունեն կիրառման` 13 հոդվածով սահմանված առավել լայն դաշտ:
Այն անձինք, որոնք գտնվում են գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիայի, կամ ծովում զինված ուժերի կազմից վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների վիճակի բարելավման մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիայի, կամ ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիայի պաշտպանության տակ, չեն դիտվի որպես այնպիսի անձինք, որոնք օգտվում են հովանավորությունից` սույն կոնվենցիայի իմաստով:
Հոդված 5
Եթե կոնֆլիկտի մեջ գտնվող կողմը լուրջ հիմքեր ունի ենթադրելու, որ իր տարածքում որևէ առանձին անձ, որը գտնվում է Կոնվենցիայի հովանավորության տակ, օրինական հիմունքներով կասկածվում է այդ պետության անվտանգության համար թշնամական գործողության մեջ, կամ երբ այդ գործունեությունը հիրավի հաստատված է, այդպիսի անձը իրավունք չունի հավակնելու սույն Կոնվենցիայով տրամադրվող այնպիսի իրավունքների և առավելությունների, որոնք վնաս կհասցնեին այդ պետության անվտանգությանը, եթե դրանք տրվեին տվյալ անձին:
Եթե Կոնվենցիայի հովանավորության տակ գտնվող առանձին անձը օկուպացված տարածքում բռնվել է որպես լրտես կամ դիվերսանտ կամ օրինական հիմունքներով կասկածվում է օկուպացված տերության անվտանգությանը սպառնացող գործողության մեջ, այն դեպքերում, երբ դա պահանջում են ռազմական անվտանգության անհրաժեշտ նկատառումները, տվյալ անձը կարող է զրկվել կապի այն իրավունքներից, որոնք տրամադրվում են տվյալ Կոնվենցիայով:
Վերը թվարկված յուրաքանչյուր դեպքում նախորդ պարբերություններում նախատեսված անձինք, սակայն, կօգտվեն մարդասիրական վարվելակերպից և դատական հետապնդման դեպքում չեն զրկվի արդարացի և նորմալ դատի իրենց իրավունքներից, որ նախատեսված է սույն Կոնվենցիայով: Նրանց նաև հնարավոր կարճ ժամկետում, որը համատեղելի է պետության կամ, համապատասխան դեպքում, օկուպացրած տերության անվտանգության հետ, լրիվ կտրամադրվեն այն իրավունքներն ու առավելությունները, որոնք հատկացվում են հովանավորվող անձին` սույն Կոնվենցիային համապատասխան:
Հոդված 6
Սույն Կոնվենցիան կկիրառվի 2 հոդվածում հիշատակված ամեն մի կոնֆլիկտի կամ օկուպացման սկզբից:
Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի տարածքում Կոնվենցիայի կիրառումը դադարում է ռազմական գործողությունների ընդհանուր ավարտից հետո:
Օկուպացված տարածքում սույն Կոնվենցիայի կիրառումը դադարում է ռազմական գործողությունների ընդհանուր ավարտից մեկ տարի անց, սակայն օկուպացրած տերությունն այնչափ, որչափ նա այդ տարածքում իրականացնում է կառավարության ֆունկցիաներ, օկուպացման ժամանակաշրջանում կապված կլինի սույն Կոնվենցիայի հետևյալ հոդվածների դրույթներով. 1-12, 27, 29, 30, 31, 32, 33, 34, 37, 49, 51, 52, 53, 59, 61-77 և 143:
Հովանավորվող անձինք, որոնց ազատումը, հայրենադարձությունը կամ գործի կարգավորումը տեղի կունենան այդ ժամկետներից հետո, այդ ընթացքում կմնան սույն Կոնվենցիայի պաշտպանության տակ:
Հոդված 7
11, 14, 15, 17, 36, 108, 109, 132 և 133 հոդվածներով հատուկ նախատեսված համաձայնագրերից բացի, Բարձր Պայմանավորվող Կողմերը կարող են կնքել այլ հատուկ համաձայնագրեր որևէ հարցի առթիվ, որ նրանք նպատակահարմար կգտնեն կարգավորելու առանձին:
Ոչ մի հատուկ համաձայնագիր չպետք է վնաս հասցնի հովանավորվող անձանց այն վիճակին, որը սահմանված է սույն Կոնվենցիայով, ոչ էլ սահմանափակի այն իրավունքները, որոնք Կոնվենցիան նրանց տրամադրում է:
Հովանավորվող անձինք շարունակում են օգտվել այդ համաձայնագրերի առավելություններից այն ամբողջ ժամանակի ընթացքում, քանի դեռ նրանց նկատմամբ չի կիրառվի Կոնվենցիան, բացի վերը հիշատակված և ավելի ուշ կնքված համաձայնագրերի մեջ հակադիր պայմաններ հատկապես մտցնելու դեպքերից, և հավասարապես, բացի կոնֆլիկտի մեջ գտնվող այս կամ այն կողմից առավել նպաստավոր միջոցառումներ կիրառելու դեպքերից:
Հոդված 8
Հովանավորվող անձինք ոչ մի դեպքում չեն կարող հրաժարվել մասնակի կամ լրիվ այն իրավունքներից, որոնք նրանց համար ապահովում են սույն Կոնվենցիան և նախորդ հոդվածում նախատեսված հատուկ համաձայնագրերը, եթե այդպիսիք գոյություն ունեն:
Հոդված 9
Սույն Կոնվենցիան կկիրառվի այն հովանավոր տերությունների աջակցությամբ և վերահսկողության ներքո, որոնց վրա դրված է կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի շահերի պաշտպանությունը: Դրա համար հովանավոր տերությունները կարող են, բացի իրենց դիվանագիտական և հյուպատոսական անձնակազմից, իրենց սեփական քաղաքացիների կամ այլ չեզոք տերությունների քաղաքացիների թվից նշանակել պատվիրակներ: Այդ պատվիրակների նշանակման համար պետք է ստացվի այն տերության համաձայնությունը, որին առընթեր նրանք պետք է կատարեն իրենց առաքելությունը:
Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերն առավելագույն հնարավորության սահմաններում կդյուրացնեն հովանավոր պետությունների ներկայացուցիչների կամ պատվիրակների աշխատանքը:
Հովանավոր տերությունների ներկայացուցիչները կամ պատվիրակները ոչ մի դեպքում չպետք է դուրս գան իրենց այն առաքելության շրջանակներից, որը սահմանված է սույն Կոնվենցիայով. նրանք, պետք է, մասնավորապես, ուշադրության առնեն այն պետության անվտանգության անհետաձգելի կարիքները, որին առընթեր նրանք կատարում են իրենց ֆունկցիաները:
Հոդված 10
Սույն Կոնվենցիայի դրույթները չեն ծառայում որպես խոչընդոտ այն մարդասիրական գործողությունների համար, որոնք Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն կամ ցանկացած այլ անաչառ մարդասիրական կազմակերպություն կձեռնարկեն պաշտպանելու քաղաքացիական անձանց և նրանց ցույց տալու օգնություն` կոնֆլիկտի մեջ գտնվող շահագրգիռ կողմերի համաձայնությամբ:
Հոդված 11
Բարձր Պայմանավորվող Կողմերը ցանկացած ժամանակ կարող են համաձայնության մեջ մտնել այն մասին, որպեսզի սույն Կոնվենցիայով հովանավոր տերությունների վրա դրվող պարտականությունները վստահեն որևէ կազմակերպության, որը ներկայացնում է անաչառության և ներգործության լիակատար երաշխիք:
Եթե հովանավորվող անձանց վրա չի տարածվում կամ ինչ-որ պատճառով դադարել է տարածվել որևէ հովանավոր տերության կամ կազմակերպության գործունեությունը, որ նախատեսվում է առաջին պարբերության մեջ, ապա այն տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, պետք է դիմի չեզոք պետությանը կամ նման կազմակերպությանը, խնդրելով իր վրա վերցնել կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի նշանակած հովանավոր պետության կողմից սույն Կոնվենցիային համապատասխան կատարվող ֆունկցիաները:
Եթե չի հաջողվում հովանավորություն իրականացնել նշված ձևով, ապա տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, պետք է խնդրանքով դիմի որևէ մարդասիրական կազմակերպության, այնպիսի կազմակերպության, ինչպես, օրինակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, կամ, սույն հոդվածի դրույթների հաշվառմամբ ընդունել մարդասիրական այնպիսի ֆունկցիաների կատարումը իր վրա վերցնող նման կազմակերպության առաջարկությունը, որոնք իրականացվում են հովանավոր տերությունների կողմից` սույն Կոնվենցիային համապատասխան:
Ցանկացած չեզոք տերություն կամ շահագրգիռ տերության կողմից հրավիրված կամ այդ նպատակներով իրեն առաջարկած ցանկացած կազմակերպություն պետք է գործի կոնֆլիկտի մեջ գտնվող այն կողմի նկատմամբ պատասխանատվության գիտակցումով, որին պատկանում են սույն Կոնվենցիայի հովանավորությունից օգտվող անձինք, և ներկայացնի այն բանի բավարար երաշխիքները, որ այդ տերությունը ի վիճակի է իր վրա վերցնելու համապատասխան ֆունկցիաներ և դրանք կատարելու անաչառ կերպով:
Նախորդ դրույթները չեն կարող խախտվել տերությունների միջև կնքված հատուկ համաձայնագրերով, երբ այդ տերություններից մեկը, անգամ ժամանակավորապես, իր հնարավորություններով սահմանափակված է բանակցություններ վարելու մյուս տերության կամ նրա դաշնակիցների հետ պատերազմական իրադրության բերումով, հատկապես այն դեպքերում, երբ տվյալ տերության ամբողջ տարածքը կամ դրա մի զգալի մասը օկուպացված է:
Ամեն անգամ, երբ սույն Կոնվենցիայում հիշատակվում է հովանավոր տերություն, այդ անվանումը սույն հոդվածի համաձայն նշանակում է նաև փոխարինող կազմակերպություններ:
Սույն հոդվածի դրույթները կտարածվեն և կկիրառվեն չեզոք պետության այն քաղաքացիների նկատմամբ, որոնք գտնվում են օկուպացված տարածքում կամ պատերազմող այն տերության տարածքում, որին առընթեր պետությունը, որի քաղաքացիներն են նրանք հանդիսանում, չունի նորմալ դիվանագիտական ներկայացուցչություն:
Հոդված 12
Հովանավոր տերությունները բոլոր դեպքերում, երբ նրանք դա օգտակար կհամարեն ի շահ հովանավորվող անձանց, մասնավորապես, սույն Կոնվենցիայի կիրառման կամ մեկնաբանման առթիվ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի միջև տարաձայնությունների ծագման դեպքում կցուցաբերեն իրենց բարի ծառայությունները տարաձայնությունը կարգավորելու նպատակով:
Այդ նպատակով հովանավոր պետություններից յուրաքանչյուրը կողմերից որևէ մեկի խնդրանքով կամ սեփական նախաձեռնությամբ կարող է կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին առաջարկել պատշաճ կերպով ընտրված, հնարավոր չեզոք տարածքում կազմակերպելու նրանց ներկայացուցիչների, և մասնավորապես, իշխանությունների ներկայացուցիչների խորհրդակցություն, որոնց վրա է դրված հովանավորվող անձանց վիճակի նկատմամբ հոգատարությունը:
Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պարտավոր են ընթացք տալ այն առաջարկություններին, որոնք այդ իմաստով նրանց կարվեն: անհրաժեշտության դեպքում հովանավոր տերությունները կարող են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի հավանությանը ներկայացնել չեզոք տերությանը պատկանող կամ Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կողմից որպես պատվիրակ ուղարկվող անձին, որը կհրավիրվի մասնակցելու այդ խորհրդակցությանը:
ԲԱԺԻՆ 2
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԻ ՔԱՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 13
Սույն բաժնի դրույթները վերաբերում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի ամբողջ բնակչությանը` առանց որևէ խտրականության, մասնավորապես, ռասայի, ազգության, կրոնի կամ քաղաքական համոզմունքների պատճառներով, և պետք է նպաստեն պատերազմի կողմից առաջացող տառապանքների մեղմացմանը:
Հոդված 14
Դեռևս խաղաղ ժամանակ Պայմանավորվող Կողմերը, իսկ ռազմական գործողություններն սկսելուց հետո, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կարող են իրենց սեփական տարածքում, իսկ անհրաժեշտության դեպքում` օկուպացված տարածքներում ստեղծել այնպիսի կազմակերպված սանիտարական և անվտանգ գոտիներ ու տեղեր, որպեսզի պատերազմի գործողություններից պատսպարեն վիրավորներին և հիվանդներին, հաշմանդամներին, զառամյալներին, մինչև 15 տարեկան հասակի երեխաներին, հղի կանանց և մինչև 7 տարեկան հասակի երեխաներ ունեցող մայրերին:
Կոնֆլիկտի հենց սկզբից և դրա ամբողջ ընթացքում շահագրգիռ կողմերը կարող են համաձայնագրեր կնքել իրենց կողմից ստեղծված գոտիների և տեղերի փոխադարձ ճանաչման մասին: Այդ նպատակով նրանք կարող են օգտագործել սույն Կոնվենցիային առընթեր համաձայնագրի նախագծի դրույթները, դրա մեջ մտցնելով հնարավոր այնպիսի փոփոխություններ, որոնք նրանք անհրաժեշտ կհամարեն:
Հովանավոր տերությունները և Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն կոչվում են նպաստելու այդ սանիտարական գոտիների և տեղերի ստեղծման և ճանաչման դյուրացմանը:
Հոդված 15
Կոնֆլիկտի մեջ գտնվող ցանկացած կողմ կամ անմիջականորեն, կամ չեզոք տերության կամ մարդասիրական կազմակերպության միջոցով կարող է դիմել հակառակորդ կողմին, առաջարկելով մարտեր տեղի ունեցող շրջաններում ստեղծել չեզոք գոտիներ, նախատեսված մարտերի հետ կապված վտանգներից հետևյալ անձանց պաշտպանելու համար` առանց նրանց միջև որևէ տարբերություն դնելու.
a/ հիվանդ և վիրավոր զինվորականներին և ոչ զինվորականներին.
b/ ռազմական գործողություններին չմասնակցող և այդ գոտիներում գտնվելու ժամանակ ռազմական բնույթի ոչ մի աշխատանք չկատարող քաղաքացիական անձինք:
Հենց որ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պայմանավորվեն նախագծվող չեզոքացված գոտու գտնվելու վայրի, ղեկավարության, սպասարկման և վերահսկողության շուրջ, կազմում է գրավոր համաձայնագիր և ստորագրվում կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի ներկայացուցիչների կողմից: Այդ համաձայնագիրը կսահմանի այդ գոտու չեզոքացման սկիզբը և տևողությունը:
Հոդված 16
Վիրավորները և հիվանդները, ինչպես նաև հաշմանդամները և հղի կանայք կօգտվեն հատուկ հովանավորությունից և պաշտպանությունից:
Որքան հնարավորություն են տալիս ռազմական պահանջները, կոնֆլիկտի մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ կնպաստի սպանվածներին և վիրավորներին փնտրելու, նավաբեկյալներին և լուրջ վտանգի ենթարկվող այլ անձանց օգնություն ցույց տալու, ինչպես նաև կողոպուտից և անվայել վերաբերմունքից նրանց պատնեշելու միջոցառումներին:
Հոդված 17
Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կձգտեն կնքել տեղական համաձայնագրեր պաշարված կամ շրջապատված գոտուց վիրավորներին և հիվանդներին, հաշմանդամներին, զառամյալներին, երեխաներին և ծննդաբեր կանանց դուրս բերելու մասին և բոլոր դավանանքների պաշտամունքի սպասավորներին, սանիտարական անձնակազմին և սանիտարական գույքը այդ գոտին մուտք ունենալու մասին:
Հոդված 18
Վիրավորներին, հիվանդներին, հաշմանդամներին և ծննդաբեր կանանց օգնություն ցույց տալու համար կազմակերպված քաղաքացիական հիվանդանոցները ոչ մի պարագայում չեն կարող լինել հարձակման օբյեկտ, բայց ամեն անգամ կօգտվեն կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի հարգանքից և հովանավորությունից:
Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմեր հանդիսացող պետությունները բոլոր քաղաքացիական հիվանդանոցները կապահովեն վկայականներով, որոնցում կնշվի, որ դրանք հանդիսանում են քաղաքացիական հիվանդանոցներ, և որ նրանց կողմից զբաղեցրած շենքերը չեն օգտագործվում որևէ այնպիսի նպատակով, որը կարող էր այդ հիվանդանոցները զրկել հովանավորությունից 19 հոդվածին համապատասխան:
Պետության թույլտվությամբ քաղաքացիական հիվանդանոցները կարող են նշանակվել գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևի Կոնվենցիայի 33 հոդվածում նախատեսված խորհրդանշանով:
Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կձեռնարկեն, որքան դա հնարավորություն են տալիս ռազմական պահանջները, անհրաժեշտ միջոցներ այն բանի համար, որպեսզի քաղաքացիական հիվանդանոցներ նշանակող տարբերիչ խորհրդանշանները պարզորոշ երևան հակառակորդի ցամաքային, օդային և ծովային ուժերին, որպեսզի վերացվի որևէ ագրեսիվ գործողության հնարավորությունը:
Նկատի ունենալով այն վտանգը, որին կարող են ենթարկվել հիվանդանոցները ռազմական օբյեկտներին մոտ լինելու հետևանքով, խորհուրդ է տրվում, որպեսզի այդ հիվանդանոցները տեղաբաշխվեն այդպիսի օբյեկտներից հնարավորին չափ ավելի հեռու:
Հոդված 19
Հովանավորությունը, որից օգտվելու իրավունք ունեն քաղաքացիական հիվանդանոցները, կարող է դադարել միայն այն ժամանակ, եթե դրանք օգտագործվում են ոչ միայն մարդասիրական նպատակներով, այլև այնպիսի գործողությունների համար, որոնք ուղղված են հակառակորդի դեմ: Հովանավորությունը, սակայն, դադարում է բոլոր անհրաժեշտ դեպքերում միայն համապատասխան նախազգուշացումից հետո, որը սահմանում է խելամիտ ժամկետ և արդյունք չի տալիս:
Հոդված 20
Սիստեմատիկաբար և բացառապես քաղաքացիական հիվանդանոցների սպասարկմամբ և դրանց ադմինիստրացիայով զբաղվող անձինք, ներառյալ այն անձնակազմը, որը նախատեսված է քաղաքացիական անձանց վիրավորներին և հիվանդներին, հաշմանդամներին և ծննդաբեր կանանց որոնելու, ընտրելու, տեղափոխելու և բաժանելու համար, պետք է օգտվեն հարգանքից և հովանավորությունից:
Վերը նշված անձնակազմն օկուպացված տարածքում և ռազմական գործողությունների գոտում պետք է ճանաչվի նրա կարգավիճակը հավաստող անձնական վկայականների օգնությամբ` դրանց տիրոջ լուսանկարով և պատասխանատու իշխանությունների ուռուցիկ կնիքով հանդերձ, ինչպես նաև իր պաշտոնական ծառայությունները կատարելիս` խոնավությունից չփչացող, ձախ ձեռքին կրող կնքված թևակապի օգնությամբ: Այդ թևակապը կտրվի պետության կողմից և կհանդերձվի այն խորհրդանշանով, որ նախատեսվում է գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևի Կոնվենցիայի 38 հոդվածում:
Ցանկացած այլ անձնակազմ, որն զբաղվում է քաղաքացիական հիվանդանոցների սպասարկմամբ և ադմինիստրացիայով, կունենա հարգանքի և հովանավորության և, ինչպես դա նախատեսված է վերը, և սույն հոդվածում արտոնված պայմաններին համապատասխան թևակապ կրելու իրավունք այնքան ժամանակ, քանի դեռ նրանք օգտագործվում են այդպիսի պարտականությունների կատարման համար: Նրանց պատկանող անձնական վկայականի մեջ հարկ է ցույց տալ այն պարտականությունները, որոնք նրանք կատարում են:
Յուրաքանչյուր քաղաքացիական հիվանդանոցի ադմինիստրացիա հարկ եղած ազգային կամ օկուպացիոն իշխանությունների համար պետք է պահի տվյալ պահին հիվանդանոցի անձնակազմի ցուցակը:
Հոդված 21
Քաղաքացիական անձանց վիրավորների և հիվանդների, հաշմանդամների և ծննդաբեր կանանց փոխադրումը, որ ցամաքում կատարվում է տրանսպորտային շարասյուներով և սանիտարական գնացքներով կամ ծովում նման փոխադրման համար նախատեսված նավերով, պետք է օգտվի 18 հոդվածում ցույց տրված նույնպիսի հարգանքից և հովանավորությունից, ինչպես որ հիվանդանոցները, և փոխադրամիջոցները, պետության համաձայնությամբ, պետք է նշվեն տարբերիչ այն խորհրդանշանով, որ նախատեսվում է գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիայի 38 հոդվածում:
Հոդված 22
Քաղաքացիական անձանց վիրավորների և հիվանդների, հաշմանդամների և ծննդաբեր կանանց փոխադրման համար կամ սանիտարական անձնակազմի և գույքի փոխադրման համար բացառապես օգտագործվող թռչող ապարատները չպետք է ենթարկվեն հարձակման, բայց պետք է հարգվեն այն դեպքում, եթե դրանք թռչեն այն բարձրությամբ, այն ժամանակ և չվերթերով, որոնք հատուկ նախատեսված են կոնֆլիկտի մեջ գտնվող բոլոր շահագրգիռ կողմերի միջև կնքված համաձայնագրերով:
Դրանք կարող են նշվել այն տարբերիչ խորհրդանշանով, որ նախատեսվում է գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևի Կոնվենցիայի 38 հոդվածում:
Այդ բնույթի համաձայնագրերի դեպքերից բացի, թռիչքը հակառակորդի կամ հակառակորդի կողմից գրավված տարածքով արգելվում է:
Այդպիսի թռչող ապարատները պետք է ենթարկվեն վար իջնելու մասին ցանկացած պահանջի: Պահանջով վայրէջք կատարելու դեպքում թռչող ապարատն իր ուղևորներով հանդերձ կարող է իր թռիչքը շարունակել ստուգումից հետո, եթե այդպիսին տեղի ունենա:
Հոդված 23
Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ ազատ անցում կտա բժշկական և սանիտարական նյութեր, ինչպես նաև մյուս պայմանավորվող կողմի միայն քաղաքացիական բնակչության համար նախատեսվող կրոնական պաշտամունքների համար անհրաժեշտ առարկաներ պարունակող բոլոր ծանրոցներին, եթե անգամ այդ պայմանավորվող կողմը հանդիսանում է հակառակորդ: Պայմանավորվող կողմը ազատ անցում կթույլատրի նաև մինչև 15 տարեկան երեխաների, հղի կանանց և ծննդաբեր կանանց համար նախատեսված անհրաժեշտ սննդամթերք, առաքվող իրեր և կազդուրող միջոցներ պարունակող բոլոր ծանրոցներին:
Նախորդ պարբերության մեջ նշված բոլոր ծանրոցներին ազատ անցում հատկացնելու պայմանավորվող կողմի պարտավորությունը կախված է այն պայմանից, որ տվյալ կողմը հավաստիացել է, թե երկյուղի համար լուրջ պատճառներ չկան.
a/ որ ծանրոցները կարող են ընկնել ոչ ըստ պատկանելույն,
b/ որ վերահսկումը կարող է լինել ոչ արդյունավետ,
c/ որ դրանք կարող են որոշակիորեն նպաստել հակառակորդի ռազմական ջանքերին և տնտեսական հաջողությանը, իրենցով փոխարինելով այն ապրանքները, որոնք այլ դեպքերում հակառակորդը պետք է որ ապահովեր կամ արտադրեր, կամ այդ ապրանքների արտադրության համար ազատելով հումքը, նյութերը և բանվորական ուժը:
Սույն հոդվածի առաջին պարբերության մեջ նշված ծանրոցների ազատ անցումը թույլատրած տերությունը կարող է այդպիսի թույլտվության պայման դնել, որպեսզի դրանց բաշխումը ստացողների միջև կատարվի հովանավոր տերությունների տեղական հսկողության ներքո:
Այդ ծանրոցների առաքումը պետք է կատարվի որքան հնարավոր է ավելի արագ, և այն տերությունը, որը թույլատրել է դրանց ազատ անցումը, պետք է իրավունք ունենա սահմանելու տեխնիկական պայմաններ, որոնց դեպքում է թույլատրվում այդ անցումը:
Հոդված 24
Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի պատերազմի հետևանքով որբացած կամ իրենց ընտանիքներից անջատված մինչև 15 տարեկան երեխաները չթողնվեն ինքնահոսի, և որպեսզի բոլոր հանգամանքներում դյուրացվի նրանց ապրուստը, նրանց կրոնների հետ կապված պարտականությունների կատարումը և նրանց դաստիարակությունը: Նրանց դաստիարակությունը, եթե դա հնարավոր է, կհանձնարարվի միևնույն մշակութային ավանդույթների մարդկանց:
Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կնպաստեն հովանավոր տերության համաձայնությամբ կոնֆլիկտի ժամանակ այդ երեխաներին ընդունելու չեզոք երկրում, եթե այդպիսին գոյություն ունի, և այն բանի երաշխիքով, որ կպահպանվեն առաջին պարբերության մեջ շարադրված սկզբունքները:
Դրանից բացի, նրանք կձգտեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի մինչև 12 տարեկան բոլոր երեխաների ինքնությունը պարզվի ճանաչման մեդալիոնի օգնությամբ կամ ցանկացած այլ միջոցով:
Հոդված 25
Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի տարածքում կամ նրա կողմից օկուպացված տարածքում գտնվող յուրաքանչյուր անձ կարող է հաղորդել իր ընտանիքի անդամներին, որտեղ էլ նրանք գտնվելիս լինեն, ինչպես նաև նրանցից ստանալ զուտ ընտանեկան բնույթի տեղեկություններ: Այդ գրագրությունը պետք է ուղարկվի արագ և առանց հապաղելու, եթե դա անհրաժեշտությունից չի բխում:
Եթե ստեղծված հանգամանքների հետևանքով ընտանեկան գրագրության փոխանակումը սովորական միջոցով փոստով դժվարացված է կամ անհնարին, ապա կոնֆլիկտի մեջ գտնվող շահագրգիռ կողմերը դիմում են չեզոք միջնորդի, ինչպես օրինակ, կենտրոնական գործակալությանը, որը նախատեսված է 140 հոդվածում, որպեսզի նրա հետ պարզեն, թե ինչ ձևով ապահովեն իրենց պարտականությունների կատարումը լավագույն պայմաններում, մասնավորապես, Կարմիր խաչի (Կարմիր կիսալուսնի, Կարմիր առյուծի և Արևի) ազգային ընկերությունների օգնությամբ:
Եթե կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերն անհրաժեշտ կգտնեն սահմանափակել ընտանեկան գրագրությունը, այդպիսի սահմանափակումները կհանգեն սոսկ միօրինակ բլանկների պարտադիր օգտագործմանը, որոնց վրա կարելի է գրել ցանկացած տեքստի 25 բառ և այդպիսի բլանկների առաքումը սահմանափակել մինչև ամիսը մեկ հատ:
Հոդված 26
Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրը կդյուրացնի պատերազմի հետևանքով անջատված ընտանիքների անդամների կողմից միմյանց հետ կապ հաստատելու նպատակով կատարվող որոնումը և, եթե դա հնարավոր է, կնպաստի նրանց միանալուն: Նա, մասնավորապես, կպաշտպանի այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք իրենց նվիրում են այդ գործին, այն դեպքում, եթե դրանք ընդունելի են այդ տերության համար և ենթարկվում են անվտանգության նրա կողմից ընդունված միջոցներին:
ԲԱԺԻՆ 3
ՀՈՎԱՆԱՎՈՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԸ
ՄԱՍ 1
ԿՈՆՖԼԻԿՏԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 27
Հովանավորվող անձինք ցանկացած հանգամանքներում ունեն իրենց անհատի, պատվի, ընտանեկան իրավունքի, կրոնական համոզմունքների և ծիսակատարությունների, կենսափորձի և սովորույթների նկատմամբ հարգանքի իրավունք: Նրանց հետ մշտապես կվարվեն մարդասիրական ձևով և, մասնավորապես, նրանց կպաշտպանեն բռնության կամ ահաբեկման, ամբոխի կողմից վիրավորանքի և հետաքրքրասիրություն ցուցաբերելու ցանկացած գործողություններից:
Կանայք հատուկ կպահպանվեն նրանց պատվի նկատմամբ ամեն տեսակի ոտնձգություններից, մասնավորապես, բռնաբարություններից, պոռնկության ստիպելուց կամ նրանց բարոյականության նկատմամբ ցանկացած այլ ձևի ոտնձգությունից:
Առողջական վիճակին, տարիքին և սեռին վերաբերող դրույթների հաշվառմամբ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, նրանց բոլորի հետ կվարվի միատեսակ, առանց որևէ խտրականության, մասնավորապես, ռասայի, կրոնի կամ քաղաքական համոզմունքների պատճառներով:
Սակայն այդ անձանց վերաբերմամբ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կարող են ձեռնարկել վերահսկողության և անվտանգության ապահովման այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ դառնալ պատերազմի հետևանքով:
Հոդված 28
Որևէ կետում կամ շրջանում հովանավորվող անձի ներկայությունը չի կարող օգտագործվել այդ տեղերը ռազմական գործողություններից պաշտպանելու համար:
Հոդված 29
Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, պատասխանատու է հովանավորվող անձանց հետ իր ներկայացուցիչների վարվելակերպի համար, ընդսմին, դա չի վերացնում այդ ներկայացուցիչների անձնական պատասխանատվությունը:
Հոդված 30
Հովանավորվող անձանց կտրվեն բոլոր հնարավորությունները դիմելու հովանավոր տերություններին, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին, այն երկրի Կարմիր խաչի (Կարմիր կիսալուսնի, Կարմիր առյուծի և Արևի) ազգային ընկերությանը, որտեղ նրանք գտնվում են, ինչպես նաև ցանկացած կազմակերպությանը, որը նրանց կարող է օգնություն ցույց տալ:
Իշխանություններն այդ զանազան կազմակերպություններին դրա համար կտան բոլոր հնարավորություններն այն սահմաններում, որոնք թույլ են տալիս ռազմական պահանջները և անվտանգության նկատառումները:
Բացի հովանավոր տերությունների և Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի պատվիրակների այցելություններից, որոնք նախատեսված են 143 հոդվածում, այն տերությունները, որոնց իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, կամ օկուպացված տերությունները կնպաստեն, որքան դա հնարավոր է, ուրիշ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից հովանավորվող անձանց այցելություններին, որոնց նպատակն է հովանավորվող անձանց հոգևոր և նյութական օգնություն ցույց տալը:
Հոդված 31
Ոչ ֆիզիկական, ոչ բարոյական հարկադրանքի ոչ մի միջոց չպետք է կիրառվի հովանավորվող անձանց նկատմամբ, մասնավորապես, նրանցից կամ երրորդ անձանցից տեղեկություններ ստանալու նպատակով:
Հոդված 32
Բարձր Պայմանավորվող Կողմերը հատուկ համաձայնում են, որ իրենց արգելվում է կիրառել որևէ միջոց, որը կարող է ֆիզիկական տառապանքի ենթարկել իրենց իշխանության տակ գտնվող հովանավորվող անձանց կամ հանգեցնել նրանց ոչնչացմանը: Այդ արգելքը տարածվում է ոչ միայն սպանության, տանջահարության, մարմնական պատիժների, խեղումների և բժշկական ու գիտական փորձեր կատարելու վրա, որոնք հովանավորվող անձի բուժման անհրաժեշտությունից չեն բխում, այլև հավասարապես և քաղաքացիական կամ զինվորական իշխանությունների ներկայացուցիչների կողմից որևէ այլ բիրտ բռնության վրա:
Հոդված 33
Ոչ մի հովանավորվող անձ չի կարող պատժվել այնպիսի իրավախախտման համար, որն ինքն անձամբ չի գործել: Կոլեկտիվ պատիժները, ինչպես և ահաբեկման կամ տեռորի ամեն մի միջոց արգելվում են:
Կողոպուտն արգելվում է:
Հովանավորվող անձանց և նրանց ունեցվածքի նկատմամբ փոխճնշումներն արգելվում են:
Հոդված 34
Պատանդ վերցնելն արգելվում է:
ՄԱՍ 2
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԿՈՂՄԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Հոդված 35
Ցանկացած հովանավորվող անձ, որը կցանկանար թողնել տարածքը կոնֆլիկտի սկզբում կամ դրա ժամանակ իրավունք կունենան այդ անելու այն դեպքում, եթե նրա մեկնումը չի հակասում երկրի պետական շահերին: Մեկնելու մասին այդ անձանց միջնորդությունների քննարկումը կատարվում է սովորաբար սահմանված կարգին համապատասխան, և որոշումը պետք է ընդունվի որքան հնարավոր է արագ: այն անձինք, որոնք մեկնելու թույլտվություն են ստացել, կարող են իրենց ապահովել ճանապարհի համար անհրաժեշտ դրամով և հետները վերցնել իրենց իրերի և անձնական օգտագործման առարկաների բավարար քանակ:
Եթե որևէ անձի մերժեն տարածքը թողնելու թույլտվությունը, նա կունենա այդ մերժումը կարճ ժամկետում վերանայելու իրավունք դատարանի կամ համապատասխան վարչական այնպիսի մարմնի կողմից, որն այդ նպատակով նշանակում է այն տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք:
Եթե գոյություն ունի այդպիսի միջնորդություն, ապա հովանավորող տերության ներկայացուցիչները կարող են, այն դեպքում, եթե դա թույլ են տալիս անվտանգության նկատառումները, կամ, եթե դրա դեմ չեն առարկում շահագրգիռ անձինք, ստանալ տարածքը թողնելու մասին ցանկացած միջնորդության վերաբերմամբ մերժման պատճառների հաղորդումը և, որքան հնարավոր է արագ, բոլոր այն անձանց ազգանունների հաղորդումը, որոնց մեկնման թույլտվությունը մերժված է:
Հոդված 36
Մեկնումը, որ թույլատրվում է համաձայն նախորդ հոդվածի, կկատարվի բավարար պայմաններում` անվտանգության, հիգիենայի, առողջության և սննդի առումով: դրա հետ կապված բոլոր ծախսերը այն տերության տարածքից մեկնելու կետից, որի իշխանության տակ են գտնվում այդ անձինք, պետք է կատարի այն երկիրը, ուր նրանք ուղևորվում են, կամ չեզոք երկրում գտնվելու դեպքում, այն տերությունը, որի քաղաքացիներն օգտվում են այդ հնարավորություններից:
Այդպիսի տեղափոխությունների գործնական պայմանները անհրաժեշտության դեպքում կսահմանվեն շահագրգիռ կողմերի միջև կնքված հատուկ համաձայնագրերով:
Վերը շարադրվածը չի վերաբերում այն հատուկ համաձայնագրերին, որոնք կարող են կնքվել կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի միջև հակառակորդի իշխանության տակ ընկած նրանց քաղաքացիների փոխանակման և հայրենադարձության հարցի շուրջ:
Հոդված 37
Նախնական կալանք կրող կամ ազատազրկմամբ պատժի ենթարկված հովանավորվող անձանց հետ նրանց կալանքի ժամանակ հարկ է վերաբերվել մարդասիրաբար:
Ազատվելուց անմիջապես հետո նրանք կարող են խնդրել թույլտվություն թողնելու տարածքը` նախորդ հոդվածներին համապատասխան:
Հոդված 38
Բացառությամբ սույն Կոնվենցիայով և, մասնավորապես, 27 և 41 հոդվածներով նախատեսված հատուկ միջոցների, հովանավորվող անձանց վիճակը սկզբունքորեն կշարունակվի կարգավորվել խաղաղ ժամանակ օտարերկրացիների հետ վարվելակերպին վերաբերող կանոններով: Ամեն դեպքում նրանց կտրամադրվեն հետևյալ իրավունքները.
1/ Նրանք կարող են ստանալ անհատական կամ կոլեկտիվ ուղարկվող օգնությունը:
2/ Նրանք կստանան բուժօգնություն և բուժում այնչափ, որչափ որ շահագրգիռ պետության քաղաքացիները, եթե դա պահանջում է նրանց առողջության վիճակը:
3/ Նրանց կթույլատրվի իրականացնել իրենց կրոնական պարտականությունները և իրենց դավանանքի պաշտանմունքի սպասավորներից ստանալ հոգևոր օգնություն:
4/ Եթե նրանք ապրում են այնպիսի շրջանում, որը հատկապես ենթարկվում է պատերազմի վտանգներին, նրանց կթույլատրվի մեկնել այդ շրջանից այնչափ, որչափ որ շահագրգիռ պետության քաղաքացիներին:
5/ Մինչև 15 տարեկան երեխաները, հղի կանայք և մինչև 7 տարեկան հասակի երեխաներով մայրերը կօգտվեն առավելություններից այնչափ, որչափ որ շահագրգիռ պետության քաղաքացիները:
Հոդված 39
Կոնֆլիկտի հետևանքով իրենց աշխատավարձը կորցրած հովանավորվող անձանց պետք է հնարավորություն տրվի գտնելու վարձատրվող աշխատանք: Անվտանգության նկատառումների և 40 հոդվածի դրույթների հաշվառմամբ այդ հնարավորությունը պետք է լինի այնպիսին, ինչպիսին որ տրամադրվում է այն տերության քաղաքացիներին, որի տարածքում են գտնվում այդ անձինք:
Երբ այն տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, նրանց նկատմամբ կիրառում է վերահսկողության այնպիսի միջոցներ, որոնք հանգեցնում են այն բանին, որ նրանց զրկում են իրենց գոյությունը պահպանելու հնարավորությունից, և հատկապես, երբ այդպիսի անձինք չեն կարող անվտանգության նկատառումներով, ստանալ վարձատրվող աշխատանք` նրանց բավարարող պայմաններով, ապա այդ տերությունը պետք է նրանց գոյության և նրանց խնամքի տակ գտնվողների գոյության համար ապահովի միջոցներ:
Հովանավորվող անձինք բոլոր դեպքերում կարող են նպաստ ստանալ իրենց հայրենիքից, հովանավոր տերությունից, կամ 30 հոդվածում հիշատակված այն ընկերություններից, որոնք զբաղված են օգնություն ցույց տալով:
Հոդված 40
Հովանավորվող անձանց կարելի է հարկադրել աշխատելու միայն այնչափ, որչափ որ կոնֆլիկտի մեջ գտնվող այն կողմի քաղաքացիներին, որի տարածքում նրանք գտնվում են:
Եթե հովանավորվող անձինք հանդիսանում են հակառակորդի քաղաքացիներ, նրանց կարող են հարկադրել կատարելու այնպիսի աշխատանք, որն անհրաժեշտ է մարդկանց սննդի, բնակարանի, հագուստի, տրանսպորտի և առողջության ապահովման համար, և որն անմիջականորեն առնչություն չունի ռազմական գործողությունների վարման հետ:
Նախորդ պարբերություններում հիշատակված դեպքերում հովանավորվող անձինք, որոնց հարկադրել են աշխատել, իրենց աշխատանքի պայմաններով և երաշխիքներով, մասնավորապես, աշխատավարձի, աշխատանքային օրվա տևողության, արտահագուստի և հանդերձավորման, նախնական ուսուցման և աշխատանքի ժամանակ դժբախտ պատահարի և պրոֆեսիոնալ հիվանդությունների առումով հավասարեցվում են տվյալ երկրի բանվորներին:
Հոդված 41
Եթե տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, սույն Կոնվենցիայում հիշատակված վերահսկողության միջոցները գտնում է ոչ բավարար, ապա նա, սակայն, չի կարող դիմել վերահսկողության առավել խիստ որևէ միջոցի, քան հարկադրական վերաբնակեցումը որոշակի տեղերում կամ ներկալումը` 42 և 43 հոդվածների դրույթներին համապատասխան:
39 հոդվածի երկրորդ պարբերության դրույթների կիրառման դեպքում այն անձանց նկատմամբ, որոնք պահանջել են թողնել բնակեցման իրենց սովորական տեղերը մեկ ուրիշի որոշակի տեղում հարկադրական բնակության մասին որոշման հետևանքով, ապա տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, պետք է, որքան դա հնարավոր է, ճշգրիտ պահպանի ներկալվածների հետ վարվելակերպին վերաբերող կանոնները (սույն Կոնվենցիայի 3 բաժին, 4 մաս):
Հոդված 42
Հովանավորվող անձանց ներկալման և որոշակի տեղում հարկադրական բնակեցման մասին կարգադրությունը կարող է տրվել այն դեպքում եթե խիստ անհրաժեշտ է այն տերության անվտանգության համար, որի իշխանության տակ են նրանք գտնվում:
Եթե որևէ անձ հովանավոր տերության ներկայացուցիչների միջոցով կամավոր խնդրում է իր ներկալման մասին և, եթե նրա անձնական վիճակը դա անհրաժեշտ կդարձնի, ապա նա կարող է ներկալվել այն տերության կողմից, որի իշխանության տակ է նա գտնվում:
Հոդված 43
Յուրաքանչյուր հովանավորվող անձ, որը ներկալվել է կամ հարկադրաբար բնակեցվել որոշակի տեղում, կունենա որոշումը հարկ եղած դատարանի կամ այդ նպատակով այն տերության նշանակած համապատասխան վարչական մարմնի կողմից կարճ ժամկետում վերանայելու իրավունք, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները: Եթե ներկալումը և հարկադրական բնակեցումը որոշակի տեղում մնում են ուժի մեջ, ապա դատարանը կամ վարչական մարմինը պետք է պարբերաբար, համենայնդեպս, տարին երկու անգամ, վերանայեն այդ անձի մասին հարցը` սկզբնական որոշման նպաստավոր փոփոխման նպատակով, եթե դա թույլ են տալիս անելու հանգամանքները:
Եթե շահագրգիռ հովանավորվող անձինք չեն առարկում, տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պետք է որքան հնարավոր է շուտ հովանավոր տերությանը հաղորդի բոլոր հովանավորվող այն անձանց ազգանունները, որոնք ներկալվել կամ հարկադրաբար բնակեցվել են որոշակի տեղում, և այն անձանց ազգանունները, որոնք ազատվել են ներկալման տեղերից և հարկադրական բնակեցման տեղերից: Սույն հոդվածի առաջին պարբերության մեջ նշված դատարանների և մարմինների որոշումները ևս, նույն պայմանների պահպանմամբ պետք է հաղորդվեն հովանավոր տերությանը:
Հոդված 44
Տվյալ Կոնվենցիայում նշված վերահսկողության միջոցները կիրառելով, տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, չպետք է փաստորեն ոչ մի կառավարության հովանավորությունից չօգտվող փախստականների հետ վարվի ինչպես օտարերկրացիների հետ, որոնք հանդիսանում են հակառակորդի քաղաքացիներ` հակառակորդ պետությանը միայն նրանց իրավաբանական պատկանելության բերումով:
Հոդված 45
Հովանավորվող անձինք չեն կարող հանձնվել այնպիսի տերությանը, որը չի հանդիսանում Կոնվենցիայի մասնակից:
Այս դրույթը չի կարող խոչնդոտ ծառայել ռազմական գործողությունների ավարտից հետո հովանավորվող անձանց հայրենադարձության համար կամ իրենց բնակության երկիրը նրանց վերադարձի համար:
Հովանավորվող անձինք այն տերության կողմից, որի իշխանության տակ են նրանք գտնվում, կարող են հանձնել միայն այնպիսի տերությանը, որը հանդիսանում է Կոնվենցիայի մասնակից, և միայն այն ժամանակ, երբ տերությունը, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, կհավաստիանա այն բանում, որ տվյալ տերությունը ցանկանում է և ի վիճակի է կիրառելու Կոնվենցիան: Երբ հովանավորվող անձանց նման հանձնումը տեղի է ունեցել, ապա Կոնվենցիայի կիրառման պատասխանատվությունն ընկնում է այն տերության վրա, որը համաձայնվել է նրանց ընդունել` այն ժամանակի ընթացքում, որ նրանք կվստահվեն այդ տերությանը: Սակայն այն դեպքում, եթե այդ տերությունը որևէ կետով չկատարի Կոնվենցիայի դրույթները, ապա հովանավորվող անձանց հանձնած տերությունը պարտավոր կլինի, հովանավոր տերության ծանուցումով, ձեռնարկել արդյունավետ միջոցներ այն հաշվով, որպեսզի շտկի դրությունը կամ պահանջի իրեն վերադարձնել հովանավորվող անձանց: Այդ խնդրանքը պետք է բավարարվի:
Հովանավորվող անձը ոչ մի դեպքում չի կարող հանձնվել այնպիսի երկրի, որտեղ նա կարող է երկյուղ կրել հետապնդումներից` իր քաղաքական կամ կրոնական համոզմունքների կապակցությամբ: Այս հոդվածի դրույթները չեն խոչընդոտում հանձնելու հովանավորվող այն անձանց, որոնք մեղադրվում են քրեական հանցանքներ կատարելու մեջ` հանձնման մասին մինչև ռազմական գործողությունները սկսելը կնքված պայմանագրերի հիման վրա:
Հոդված 46
Հովանավորվող անձանց վերաբերմամբ սահմանափակման ընդունված միջոցները կվերացվեն, եթե դա մինչև այդ չի արվել, հնարավոր կարճ ժամկետում` ռազմական գործողությունների ավարտից հետո:
Նրանց ունեցվածքի վերաբերմամբ ընդունված սահմանափակման միջոցները կվերացվեն հնարավոր կարճ ժամկետում` ռազմական գործողությունների ավարտից հետո այն տերության օրենսդրությանը համապատասխան, որի իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք:
ՄԱՍ 3
ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ
Հոդված 47
Հովանավորվող անձինք, որոնք գտնվում են օկուպացված տարածքում, ոչ մի դեպքում և ոչ մի ձևով չեն կարող զրկվել սույն Կոնվենցիայի առավելություններից ոչ տվյալ տարածքում գործող կարգի մեջ կամ օկուպացման հետևանքով այդ տարածքի կառավարման մեջ տեղի ունեցած որևէ փոփոխության պատճառով, ոչ օկուպացված տարածքի և օկուպացրած տերության իշխանությունների միջև կնքված համաձայնագրի պատճառով, ոչ օկուպացրած տերության կողմից օկուպացված տարածքի կամ նրա մի մասի բռնանվաճման պատճառով:
Հոդված 48
Հովանավորվող անձինք, որոնք չեն հանդիսանում այն տերության քաղաքացիները, որի տարածքն օկուպացված է, կարող են օգտվել այդ տարածքը թողնելու իրավունքից 35 հոդվածում նախատեսված դրույթները պահպանելու պայմանով, և այդ հարցի առթիվ որոշումները պետք է ընդունվեն այն ընթացակարգին համապատասխան, որը համաձայն նշված հոդվածի կսահմանի օկուպացրած տերությունը:
Հոդված 49
Արգելվում են որևէ դրդապատճառներով հովանավորվող անձանց առևանգումը, ինչպես նաև բռնագաղթը օկուպացված տարածքից օկուպացրած տերության տարածքը կամ ցանկացած այլ պետության տարածքը, անկախ այն բանից, դրանք օկուպացվաևծ են, թե ոչ:
Սակայն օկուպացրած տերությունը կարող է կատարել որևէ օկուպացված որոշակի շրջանի էվակուացիան, եթե դա պահանջում են բնակչության անվտանգությունը կամ ռազմական բնույթի հատկապես հիմնավոր նկատառումները: Այդ էվակուացիաների ժամանակ հովանավորվող անձինք կարող են փոխադրվել միայն օկուպացված տարածքի խորքը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա գործնականորեն անհնար է: Այդ կարգով էվակուացված բնակչությունը կարող է անհապաղ ետ վերադարձվել իրենց տները այն բանից հետո, հենց որ մարտական գործողություններն այդ շրջանում ավարտվեն:
Ձեռնարկելով այդ տեղափոխությունները կամ էվակուացիաները, օկուպացրած տերությունը պետք է հնարավորության սահմաններում, հովանավորվող անձանց ապահովի պատշաճ կացարաններով. այդ տեղափոխությունները պետք է կատարվեն բավարար պայմաններում` անվտանգության, հիգիենայի, առողջության և սննդի առումով: Միևնույն ընտանիքի անդամները չեն անջատվի:
Հենց որ այդ տեղափոխությունները կամ էվակուացիաները իրականացվեն, դրանց մասին պետք է հաղորդվի հովանավոր տերությանը:
Օկուպացված տերությունը չի կարող պահել հովանավորվող անձանց այն շրջանում, որը հատկապես ենթակա է պատերազմի վտանգներին, եթե դա չեն պահանջում բնակչության անվտանգությունը և պատերազմական բնույթի հատկապես լուրջ նկատառումները:
Օկուպացրած տերությունը չի կարող իր կողմից օկուպացված տարածքը բռնագաղթի կամ տեղափոխման ենթարկել իր քաղաքացիական բնակչության որևէ մաս:
Հոդված 50
Օկուպացրած տերությունը պետք է իր ազգային և տեղական իշխանությունների օգնությամբ աջակցություն ցուցաբերի այն հիմնարկներին, որոնց հանձնարարված է երեխաների խնամքը և դաստիարակությունը, որպեսզի այդ հիմնարկների աշխատանքը հաջող ընթանա:
Այդ տերությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի նպաստի երեխաների ինքնության պարզմանը և նրանց արյունակցական կապերի հաշվառմանը: Ոչ մի դեպքում չպետք է փոխի նրանց քաղաքացիական կացությունը, ոչ էլ նրանց գրանցի իրենից կախված կազմավորումների կամ կազմակերպությունների մեջ:
Այն դեպքում, եթե տեղական հիմնարկները ի վիճակի չեն լինի կատարել այդ ֆունկցիաները, օկուպացրած տերությունը պետք է միջոցներ ձեռնարկի որբ երեխաների կամ պատերազմի հետևանքով իրենց ծնողներից անջատված երեխաների պահպանության և ուսուցման ուղղությամբ, եթե միայն նրանք ապահովված չեն լինի մոտիկ հարազատների կամ բարեկամների հոգատարությամբ, ուսուցումը պետք է կատարվի, հնարավորության սահմաններում, նրանց ազգության, լեզվի և կրոնի անձանց միջոցով:
136 հոդվածին համապատասխան ստեղծված բյուրոյի հատուկ բաժինը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները պարզելու համար երեխաների ինքնությունը` նրանց ինքնության վերաբերյալ տարակուսանք ծագելու դեպքում: Նրանց հոր և մոր կամ մոտիկ այլ հարազատների մասին տվյալները, որոնք նրանք կունենան, պետք է մշտապես գրանցվեն:
Օկուպացրած տերությունը չպետք է դժվարություններ հարուցի կիրառելու սննդի, բժշկական խնամքի և պատերազմի գործողություններից պաշտպանելու արտոնյալ միջոցներ, որոնք մինչև օկուպացումը կարող են ընդունվել մինչև 15 տարեկան հասակի երեխաների, հղի կանանց և մինչև 7 տարեկան հասակի երեխաներով մայրերի նկատմամբ:
Հոդված 51
Օկուպացրած տերությունը չի կարող հովանավորվող անձանց հարկադրել ծառայելու իր զինված կամ օժանդակ ուժերում: ամեն մի ճնշում կամ քարոզչություն` հօգուտ կամավոր կերպով բանակ ընդունվելուն, արգելվում է:
Օկուպացրած տերությունը կարող է հարկադիր աշխատանքի ուղարկել միայն այնպիսի հովանավորվող անձանց, որոնց տարիքը 18-ից անց է, և միայն այնպիսի աշխատանքի, որն անհրաժեշտ է կամ օկուպացիոն բանակի կարիքների համար, կամ այնպիսի աշխատանքի, որը կապված է կոմունալ ձեռնարկությունների, սննդի, բնակտարածության, հագուստի, տրանսպորտի և այդ տեղանքը զբաղեցրած բնակչության առողջության հետ: Հովանավորվող անձանց չի կարելի ստիպել կատարելու որևէ այնպիսի աշխատանք, որը նրանց ստիպեր մասնակցելու ռազմական օպերացիաների: Օկուպացրած տերությունը չի կարող հովանավորվող անձանցից պահանջել, որպեսզի նրանք ուժ գործադրեն այն շենքերի անվտանգությունն ապահովելու համար, որտեղ նրանք կատարում են իրենց վրա դրված աշխատանքը:
Աշխատանքը կկատարվի միայն օկուպացված տարածքի սահմաններում, որտեղ որ գտնվում են տվյալ անձինք: Յուրաքանչյուր այդպիսի անձ, հնարավորության սահմաններում, կթողնվի իր աշխատանքի սովորական տեղում: Աշխատանքն արդարացի կերպով կվարձատրվի և պետք է համապատասխանի աշխատողների ֆիզիկական և մտավոր ընդունակություններին: Օկուպացված երկրում գործող օրենքներն աշխատանքի պայմանների և պահպանության մասին, ինչպես օրինակ, աշխատավարձի, բանվորական օրվա, հանդերձավորման, նախնական պատրաստության, աշխատանքի ժամանակ դժբախտ պատահարի կամ պրոֆեսիոնալ հիվանդությունների համար հատուցման մասին, կկիրառվեն հովանավորվող անձանց նկատմամբ, որոնց հանձնարարվում է սույն հոդվածում նշված աշխատանքը:
Համենայն դեպս, հարկադիր կարգով աշխատանքի ներգրավելը երբեք չի կարող հանգեցնել աշխատողների մոբիլիզացմանը այն կազմակերպությունում, որը կրում է ռազմական կամ կիսառազմական բնույթ:
Հոդված 52
Ոչ մի պայմանագիր, համաձայնագիր կամ կանոնադրություն են կարող սահմանափակել ինչպես կամավոր, այնպես էլ ոչ կամավոր աշխատողի իրավունքը, որտեղ էլ նա գտնվելիս լինի, պաշտպանության խնդրանքով դիմելու հովանավոր տերության ներկայացուցիչներին:
Ամեն տեսակի միջոցառումները, որոնք ուղղված են այն բանին, որպեսզի հարուցեն գործազրկություն կամ օկուպացված տարածքում աշխատավորների համար սահմանափակեն աշխատանքի հնարավորությունը, նպատակ ունենալով ստիպել նրանց աշխատելու օկուպացրած տերության օգտին, արգելվում են:
Հոդված 53
Օկուպացրած տերության կողմից ամեն տեսակի ոչնչացումը շարժական կամ անշարժ գույքի, որը հանդիսանում է մասնավոր անձանց կամ պետության, համայնքների, կամ հասարակական կամ կոոպերատիվ կազմակերպությունների անհատական կամ կոլեկտիվ սեփականությունը, մի բան, որ չի հանդիսանում բացարձակ անհրաժեշտ ռազմական օպերացիաների համար, արգելվում է:
Հոդված 54
Օկուպացրած տերությանն արգելվում է օկուպացված տարածքներում փոխել պաշտոնատար անձանց կամ դատավորների կարգավիճակը կամ նրանց նկատմամբ գործադրել պատժամիջոցներ, կիրառել հարկադրանքի որևէ միջոց կամ նրանց հանդեպ անցկացնել խտրականություն այն պատճառով, որ նրանք խղճի նկատառումներով ձեռնպահ են մնում իրենց պարտականությունները կատարելուց:
Այս վերջին արգելքը չի խոչնդոտում 51 հոդվածի երկրորդ պարբերության կիրառումը: Այն չի շոշափում պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոններից հանելու օկուպացրած տերության իրավունքը:
Հոդված 55
Օկուպացրած տերությունը պարտավոր է ունեցած բոլոր միջոցների օգնությամբ ապահովել քաղաքացիական բնակչության մատակարարումը պարենով և սանիտարական նյութերով: Նա պետք է, մասնավորապես, բերի սննդի անհրաժեշտ պաշարներ, սանիտարական նյութեր և այլ առարկաներ այն դեպքերում, երբ օկուպացրած տարածքի ռեսուրսներն անբավարար լինեն:
Օկուպացրած տերությունը կարող է բռնագրավել օկուպացված տարածքում գտնվող սննդամթերքի պաշարները և այլ առարկաներ, ինչպես նաև սանիտարական նյութերը միայն օկուպացիոն զորքերի համար և ադմինիստրացիայի համար և միայն քաղաքացիական բնակչության կարիքների հաշվառումով: Միջազգային մյուս Կոնվենցիաների պահպանման պայմանով օկուպացրած տերությունը պետք է միջոցներ ձեռնարկի ապահովելու համար, որպեսզի ամեն մի բռնագրավում արդարացիորեն հատուցվի:
Հովանավոր տերությունը իրավունք ունի ցանկացած ժամանակ անարգել կերպով ստուգել պարենային մատակարարման և սանիտարական նյութերի մատակարարման վիճակը օկուպացված տարածքում` պատերազմական անհրաժեշտ պահանջներով հարուցված ժամանակավոր սահմանափակումների հաշվառմամբ:
Հոդված 56
Օկուպացրած տերությունը պարտավոր է իր մոտ եղած բոլոր միջոցների օգնությամբ ապահովել և ազգային ու տեղական իշխանությունների աջակցությամբ նպաստել սանիտարական և հիվանդանոցային հիմնարկների գործունեությանը, առողջապահությանը և հասարակական հիգիենայի օկուպացված տարածքում, մասնավորապես, ձեռնարկելով և կիրառելով պրոֆիլակտիկ և կանխարգելիչ միջոցներ, որոնք անհրաժեշտ են պայքարելու համար վարակիչ հիվանդությունների և համաճարակների դեմ: Բոլոր կարգի սանիտարական անձնակազմերին կթույլատրվի կատարելու իրենց պարտականությունները: Եթե օկուպացված տարածքում ստեղծվեն նոր հիվանդանոցներ, իսկ օկուպացված պետության իրավասու մարմինները չեն գործում այդ տարածքում, ապա օկուպացված իշխանությունները պետք է, եթե դա անհրաժեշտ է, ճանաչեն այն հիվանդանոցները 18 հոդվածի դրույթներին համապատասխան: Համանման հանգամանքներում օկուպացիոն իշխանությունները պետք է նաև ճանաչեն հիվանդանոցների և փոխադրող միջոցների անձնակազմը` 20 և 21 հոդվածների դրույթների բերումով:
Միջոցներ ձեռնարկելով առողջապահության և հիգիենայի բնագավառում և դրանք կենսագործելով, օկուպացրած տերությունը պետք է հաշվի առնի օկուպացված տարածքի բնակչության բարոյական և էթիկական պահանջները:
Հոդված 57
Օկուպացված տերությունը կարող է քաղաքացիական հիվանդանոցները բռնագրավել սոսկ ժամանակավորապես և միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում վիրավորների և հիվանդ զինծառայողների խնամքի համար, և այն պայմանով, որ ժամանակին հարկ եղած միջոցները կձեռնարկվեն այդ հիվանդանոցներում գտնվող հիվանդների բուժումն ու խնամքը ապահովելու համար, և քաղաքացիական բնակչության հիվանդանոցային բուժման կարիքներն ապահովելու համար:
Հոդված 58
Օկուպացրած տերությունը պաշտանմունքի սպասավորներին թույլ կտա հոգևոր օգնություն ցուցաբերել իրենց միահավատականներին:
Օկուպացրած տերությունը նաև կընդունի կրոնական կարիքների բավարարման համար անհրաժեշտ գրքեր և առարկաներ պարունակող ծանրոցներ, և կաջակցի դրանք տարածելու օկուպացված տարածքում:
Հոդված 59
Եթե օկուպացված տարածքի ամբողջ բնակչության կամ բնակչության մի մասի մատակարարումը բավարար չէ, ապա օկուպացրած տերությունը պետք է համաձայնի տվյալ բնակչությանն օգնություն ցույց տալու միջոցառումներին և պետք է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով նպաստի այդ միջոցառումների իրականացմանը:
Այդպիսի միջոցառումները, որոնք կարող են իրականացվել կամ պետությունների, կամ անաչառ մարդասիրական կազմակերպությունների, ինչպես, օրինակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից պետք է ներառնեն, մասնավորապես, պարենի, սանիտարական նյութերի և հագուստի ծանրոցները:
Բոլոր պայմանավորվող կողմերը պետք է թույլատրեն այդպիսի ծանրոցների փոխադրումը և պետք է երաշխավորեն դրանց պահպանությունը:
Կոնֆլիկտի մասնակից հակառակորդի կողմից օկուպացված տարածքը ծանրոցների ազատ փոխադրում տրամադրած տերությունը, սակայն, պետք է իրավունք ունենա ստուգելու այդ ծանրոցները, կարգավորելու դրանց փոխադրումը պայմանավորված ժամկետներին և երթուղիներին համապատասխան և հովանավոր տերության միջոցով հավաստիանա, որ այդ ծանրոցները կօգտագործվեն կարիքավոր բնակչությանն օգնություն ցույց տալու համար, այլ ոչ թե ի շահ օկուպացրած տերության:
Հոդված 60
Օգնության բեռները ոչնչով չեն ազատում օկուպացրած տերությանը 55, 56 և 59 հոդվածներով նրա վրա դրված պատասխանատվությունից: Օկուպացրած տերությունը օգնության բեռներին չպետք է տա ոչ մի այլ նշանակում, բացառությամբ շուտափույթ անհրաժեշտության դեպքերի` ի շահ օկուպացված տարածքի բնակչության, և հովանավոր տերության համաձայնությամբ:
Հոդված 61
Նախորդ հոդվածներում հիշատակված օգնության բեռների բաշխումը կկատարվի հովանավոր տերության աջակցությամբ և վերահսկողության ներքո: Օկուպացրած տերության և հովանավոր տերության միջև եղած համաձայնությամբ այդ պարտականությունը կարող է նաև տրվել չեզոք տերությանը, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին և ցանկացած այլ անաչառ մարդասիրական կազմակերպությանը:
Օգնության այդ բեռները օկուպացված տարածքում ազատվում են ամեն տեսակի գանձումներից, հարկերից և մաքսատուրքերից, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջիններս անհրաժեշտ են ի շահ տվյալ տարածքի տնտեսության: Օկուպացրած տերությունը պետք է ձգտի ապահովել այդ բեռների արագ բաշխումը:
Բոլոր պայմանավորվող կողմերը պետք է ձգտեն թույլատրել օկուպացված տարածքներ ուղարկվող օգնության այդ բեռների անվճար մուտքը և տեղափոխումը:
Հոդված 62
Օկուպացված տարածքում գտնվող հովանավորվող անձինք, այն դեպքում, եթե դա չի հակասում անվտանգության անհետաձգելի շահերին, կարող են, դրանից բացի, ստանալ անձամբ նրանց հասցեագրված ծանրոցներ:
Հոդված 63
Այն ժամանակավոր միջոցների պահպանման պայմանով, որոնք բացառության կարգով կարող են մտցվել օկուպացրած տերության կողմից, ելնելով արտակարգ բնույթի անվտանգության նկատառումներից,
a/ Կարմիր խաչի (Կարմիր կիսալուսնի, Կարմիր առյուծի և Արևի) ճանաչում ստացած ազգային ընկերությունները կարող են շարունակել զբաղվել Կարմիր խաչի Միջազգային կոնֆերանսների կողմից սահմանված` Կարմիր խաչի սկզբունքներին համապատասխանող գործունեությամբ: Մյուս ընկերություններին օգնություն ցույց տալու ուղղությամբ կթույլատրվի շարունակել իրենց մարդասիրական գործունեությունը այդ նույն պայմաններով:
b/ Օկուպացրած տերությունը չի կարող պահանջել այդ ընկերությունների անձնակազմում կամ կառուցվածքում ոչ մի փոփոխություն, որը կարող էր վնաս հասցնել վերը նշված գործունեությանը:
Այդ նույն սկզբունքները կկիրառվեն ոչ ռազմական բնույթի այն հատուկ կազմակերպությունների գործունեության և անձնակազմի նկատմամբ, որոնք արդեն գոյություն ունեն կամ որոնք կարող են առաջանալ, նպատակ ունենալով քաղաքացիական բնակչության կյանքի պայմանների ապահովումը` հիմնական հանրօգուտ ծառայություններին աջակցելու, օգնության բաշխման և փրկության կազմակերպման միջոցով:
Հոդված 64
Օկուպացված տարածքում քրեական օրենսդրությունը մնում է ուժի մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ այն կարող է վերացվել կամ դադարեցվել օկուպացրած տերության կողմից, եթե այդ օրենսդրությունը իրենից սպառնալիք է ներկայացնում օկուպացրած տերության անվտանգության համար կամ խոչնդոտում է կիրառելու սույն Կոնվենցիան: Հիշատակված նկատառման և արդյունավետ իրավադատության ապահովման անհրաժեշտության հաշվառմամբ, օկուպացված տարածքի դատական մարմինները կշարունակեն կատարել իրենց ֆունկցիաները այդ օրենսդրությամբ նախատեսվող բոլոր իրավախախտումների դեպքում:
Օկուպացրած տերությունը, այնուամենայնիվ, կարող է օկուպացված տարածքի բնակչությանը ենթարկել այնպիսի որոշումների գործողությանը, որոնք էապես անհրաժեշտ են սույն Կոնվենցիայի համաձայն իր պարտավորությունները կատարելու, տարածքի նորմալ կառավարումը պահպանելու և օկուպացրած տերության, օկուպացիոն զորքերի կամ ադմինիստրացիայի անձնակազմի ու գույքի, ինչպես նաև նրա կողմից օգտագործվող օբյեկտների և կոմունիկացիոն անվտանգությունն ապահովելու համար:
Հոդված 65
Օկուպացրած տերության կողմից հրատարակվող քրեական պատասխանատվություն նախատեսող որոշումները գործողության մեջ են մտնում միայն այն բանից հետո, երբ դրանք հրապարակվում և բնակչությանն են հասցվում նրա լեզվով: Այդ պարտադիր որոշումների գործողությունը չպետք է հակադարձ ուժ ունենա:
Հոդված 66
64 հոդվածի երկրորդ պարբերության հիման վրա օկուպացրած տերության կողմից հրատարակված քրեական պատասխանատվություն նախատեսող որոշումների խախտման դեպքում օկուպացրած տերությունը կարող է մեղավորներին հանձնել իր, պատշաճ ձևով ստեղծված ոչ քաղաքական զինվորական դատարաններին` օկուպացված տարածքում դրանց գտնվելու պայմանով: Երկրորդ ատյանի դատարանները կարող են նիստեր գումարել առավելապես օկուպացված երկրում:
Հոդված 67
Այդ դատարանները կարող են կիրառել միայն օրինական կարգով հրատարակված որոշումները, որոնք գործել են մինչև օրինախախտում կատարելը և որոնք համապատասխանում են իրավունքի հիմնական սկզբունքներին, մասնավորապես, պատժի համաչափության սկզբունքին: Դրանք պետք է ուշադրության առնեն այն փաստը, որ մեղադրյալը չի հանդիսանում օկուպացրած տերության քաղաքացին:
Հոդված 68
Եթե հովանավորվող անձն իրավախախտում է կատարում օկուպացրած տերությանը վնասելու միակ մտադրությամբ և եթե այդ իրավախախտումը չի հանդիսանում ոտնձգություն օկուպացիոն զորքերի կամ ադմինիստրացիայի անձնակազմի կյանքի կամ ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ և լուրջ վնաս չի հասցնում օկուպացիոն զորքերի և ադմինիստրացիայի գույքին կամ նրանց կողմից օգտագործվող օբյեկտներին, ապա այդ անձը ենթակա է ներկալման կամ պարզապես բանտարկության, ընդսմին, այդպիսի ներկալման կամ այդպիսի բանտարկության ժամկետը համաչափ կլինի կատարված իրավախախտմանը: Դրանից բացի, ներկալումը կամ բանտարկությունը հովանավորվող անձանց վերաբերմամբ կհանդիսանա նման իրավախախտման համար ազատազրկման միակ պատժաչափը: Սույն Կոնվենցիայի 66 հոդվածում նախատեսված դատարանները կարող են ազատորեն բանտարկությունը փոխարինել նույն ժամկետով ներկալմամբ:
Օկուպացրած տերության կողմից 64 և 65 հոդվածներին համապատասխան հրատարակած քրեական կարգի դրույթները հովանավորվող անձանց վերաբերմամբ կարող են նախատեսել մահվան դատավճիռ միայն այն դեպքերում, երբ նրանք մեղավոր են լրտեսության, դիվերսիոն լուրջ ակտերի մեջ, որոնք ուղղված են օկուպացրած տերության ռազմական օբյեկտների դեմ, կամ կանխամտածված այնպիսի իրավախախտումների մեջ, որոնք դարձել են մեկ կամ մի քանի անձանց մահվան պատճառը, և այն պայմանով, որ օկուպացիոն տարածքի օրենսդրությունը, որը գործել է մինչև օկուպացման սկիզբը, նման դեպքերում նախատեսել է մահվան դատավճիռ:
Հովանավորվող անձի նկատմամբ մահվան դատավճիռ կարող է կայացվել միայն այն դեպքում, եթե դատարանի ուշադրությունն է հատուկ հրավիրվել այն փաստի վրա, որ, քանի որ մեղադրյալը չի հանդիսանում օկուպացրած տերության քաղաքացի, նա այդ տերության վերաբերմամբ կապված չի հավատարմության որևէ պարտքով:
Մահվան դատավճիռ ոչ մի դեպքում չի կարող կայացվել այն հովանավորվող անձի նկատմամբ, որը իրավախախտում կատարելու պահին 18 տարեկանից պակաս է եղել:
Հոդված 69
Բոլոր դեպքերում նախնական կալանքի ժամկետը կհաշվարկվի բանտարկության ամեն մի ժամկետի մեջ, որին մեղադրյալ հովանավորվող անձը կարող է ենթարկվել:
Հոդված 70
Օկուպացրած տերությունը չի կարող հովանավորվող անձանց ձերբակալել, հետապնդել կամ դատապարտել այն գործողությունների կամ կարծիքների համար, որոնք նրանք կատարել կամ արտահայտել են մինչև օկուպացումը կամ նրա ժամանակավոր դադարեցման ընթացքում, բացառությամբ պատերազմի օրենքների և սովորույթների խախտումների դեպքերի:
Օկուպացրած երկրի քաղաքացիները, որոնք մինչև կոնֆլիկտի սկսվելը ապաստան են փնտրել օկուպացված տարածքում, կարող են ձերբակալվել, դատի տրվել, դատապարտվել և բռնագաղթվել օկուպացված տարածքից դուրս միայն այն իրավախախտումների համար, որ նրանք կատարել են ռազմական գործողություններն սկսվելուց հետո, կամ այն քրեական հանցագործությունների համար, որ նրանք կատարել են ռազմական գործողություններն սկսելուց առաջ, որոնց համար այն պետության օրենքներով, որի տարածքն օկուպացված է, հանցագործը ենթակա կլիներ հանձնման և խաղաղ ժամանակ:
Հոդված 71
Օկուպացրած տերության իրավասու դատական մարմինները չեն կարող կայացնել ոչ մի դատավճիռ առանց գործի քննության` սահմանված դատավարական կարգով:
Յուրաքանչյուր անձի, որի դեմ օկուպացրած տերության կողմից մեղադրանք կհարուցվի, պետք է առանց ձգձգվելու տեղյակ պահվի այդ մասին գրավոր, նրա համար հասկանալի լեզվով, նրա դեմ մեղադրանքների մանրամասն շարադրմամբ, և նրա գործը պետք է հետաքննվի հնարավոր ամենայն արագությամբ: Հովանավոր տերությանը պետք է հայտնվի հովանավորվող անձանց դեմ օկուպացրած տերության կողմից հարուցվող ամեն մի այնպիսի հետաքննության մասին, որը վերաբերում է մահվան դատավճիռ կամ երկու և ավելի տարի բանտարկություն առաջացնող հանցագործությունների, հովանավոր տերությունը կարող է ամեն ժամանակ տեղեկանալ նման ցանկացած դատական գործի վիճակի մասին: Դրանից բացի, հովանավոր տերությունն իրավունք կունենա, իր խնդրանքով, ստանալու տեղեկություններ այդպիսի դատական գործերի և հովանավորվող անձանց դեմ օկուպացրած տերության կողմից հարուցված ցանկացած հետապնդման վերաբերյալ:
Սույն հոդվածի երկրորդ պարբերության մեջ նախատեսվող ծանուցումը հովանավոր տերությանը պետք է ուղարկվի անմիջապես և, համենայն դեպս, հովանավոր տերությունը այն պետք է ստանա գործի առաջին ունկնդրումը լսելուց երեք շաբաթ առաջ: Դատական գործը չի կարող լսվել, եթե դատական նիստի սկզբում չի ներկայացվել ապացույց այն մասին, որ սույն հոդվածի դրույթները կատարվել են լրիվ: Այդ ծանուցումը պետք է բովանդակի հետևյալ տվյալները.
a/ տվյալներ մեղադրյալի անձի մասին,
b/ ներկալման կամ կալանման վայրը,
c/ մեղադրանքի կամ մեղադրանքների մանրամասն շարադրանքը (ցույց տալով քրեական պատասխանատվություն նախատեսող այն որոշումները, որոնց վրա է հիմնվում մեղադրանքը):
d/ այն դատարանի անվանումը, որը լսելու է գործը,
e/ գործի առաջին ունկնդրման տեղն ու ժամանակը:
Հոդված 72
Ամեն մի մեղադրյալ իրավունք ունի ներկայացնելու իր պաշտպանության համար անհրաժեշտ ապացույցներ և, մասնավորապես, կարող է պահանջել դատարան կանչել վկաների: Նա կունենա իր ընտրությամբ որակյալ դատապաշտպանի օգնության իրավունք, որը կարող է ազատ այցելել մեղադրյալին, և որին կտրվեն պաշտպանության համար նախապատրաստվելու բոլոր հնարավորությունները:
Եթե մեղադրյալն ինքը չընտրի իր համար դատապաշտպան, հովանավոր տերությունը կարող է նրան ներկայացնել այդպիսի մարդու: Երբ մեղադրյալին մեղադրանք է ներկայացվում լուրջ հանցագործություն և, երբ գոյություն չունի հովանավոր տերություն, օկուպացրած տերությունը, մեղադրյալի համաձայնության պայմանով, պետք է նրան տրամադրի դատապաշտպան:
Ամեն մի մեղադրյալի պետք է տրամադրվի թարգմանչի օգնություն, ինչպես նախաքննության ժամանակ, այնպես էլ դատական նիստերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նա կամավոր հրաժարվում է այդ օգնությունից: Նա մշտապես իրավունք կունենա առարկել թարգմանչի դեմ և խնդրել նրան փոխարինելու մասին:
Հոդված 73
Ամեն մի դատապարտյալ իրավունք ունի օգտագործելու բողոքարկման բոլոր եղանակները, որոնք նախատեսվում են օրենսդրությամբ կիրառվում են դատարանի կողմից: Նա լրիվ կտեղեկացվի բողոքարկելու իր իրավունքների մասին, ինչպես նաև այն ժամկետների մասին, որոնց ընթացքում նա կարող է օգտվել այդ իրավունքից:
Քրեական-դատավարական կարգը, որը նախատեսվում է սույն մասում, պետք է կիրառվի, որքան որ դա կիրառելի է, բողոքարկման նկատմամբ: Այն դեպքում, երբ դատարանի կողմից կիրառվող օրենսդրությունը չի բովանդակում բողոքարկմանը վերաբերող դրույթներ, նրա կողմից դատապարտված անձը իրավունք կունենա դատավճիռը գանգատարկելու օկուպացրած տերության համապատասխան իշխանություններին:
Հոդված 74
Հովանավոր տերության ներկայացուցիչներն իրավունք կունենան ներկա գտնվելու ցանկացած այն դատարանի նիստերին, որը քննարկում է հովանավորվող անձի գործ, բացառությամբ դեպքերի, երբ գործը պետք է լսվի դռնփակ` ի շահ օկուպացրած տերության անվտանգության, ինչի մասին վերջինս նախազգուշացնում է հովանավոր տերությանը: Դատարանում գործի ունկնդրման տեղի և տարեթվի մասին ծանուցումը պետք է ուղարկվի հովանավոր տերությանը:
Բոլոր դատավճիռների մասին, որոնք որպես պատիժ նախատեսում են մահվան դատավճիռ կամ ազատազրկում երկու կամ ավելի տարիներ, պետք է հնարավորին չափ առավել կարճ ժամկետում ծանուցվի հովանավոր տերությանը, ցույց տալով դատավճռի կայացման հիմքերը: Ծանուցման մեջ պետք է բովանդակվի վկայակոչումը այն ծանուցման, որն արված է 71 հոդվածին համապատասխան, իսկ այնպիսի դատավճիռ կայացնելու դեպքում, որը նախատեսում է ազատազրկում, նաև պետք է ցույց տրվի տեղը, որտեղ պետք է կրվի պատիժը: Վերը նշվածներից բացի, մյուս դատավճիռները պետք է պահվեն դատարանում և ներկայացվեն հովանավոր տերության ներկայացուցիչներին ծանոթանալու համար: Մահվան դատավճիռ և երկու և ավելի տարիների ազատազրկում նախատեսող դատավճիռներ կայացնելու դեպքում բողոքարկելու սահմանված ժամկետի ընթացքը չպետք է սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ դատավճռի մասին ծանուցումը չի ստացվի հովանավոր տերության կողմից:
Հոդված 75
Ոչ մի դեպքում մահվան դատապարտվածը չի կարող զրկված լինել ներում խնդրելու իրավունքից:
Ոչ մի մահվան դատավճիռ չի կարող ի կատար ածվել մինչև, համենայն դեպս, վեցամսյա ժամկետի լրանալը այն պահից ի վեր, երբ հովանավոր տերությունը կստանա հաղորդում այդ մահվան դատավճիռը հաստատող վերջնական դատական որոշման մասին, կամ որոշում` ներումը մերժելու մասին:
Առանձին դեպքերում, երբ արտակարգ հանգամանքների կապակցությամբ ստեղծվում է նախապատրաստված սպառնալիք օկուպացրած տերության կամ նրա զինված ուժերի անվտանգությանը, այդ վեցամսյա ժամկետը կարող է կրճատվել: Հովանավոր տերությանը մշտապես կհաղորդվի ժամկետի այդ կրճատման մասին, և նրան մշտապես կտրվի հնարավորություն դիմելու իրավասու օկուպացիոն իշխանություններին այդ մահվան դատավճիռների առթիվ և անհրաժեշտ ժամկետ, որպեսզի այդ բանն անի:
Հոդված 76
Մեղադրյալ հովանավորվող անձինք բանտարկության մեջ կպահվեն օկուպացված երկրում և, դատապարտվելու դեպքում, նրանք այնտեղ էլ պետք է կրեն իրենց պատիժը: Նրանք, եթե դա հնարավոր է, պետք է անջատվեն մյուս կալանավորներից, ընդսմին նրանց համար պետք է սահմանվի սանիտարական և սննդի այնպիսի ռեժիմ, որը բավարար է նրանց առողջական լավ վիճակի պահպանման համար և, առնվազն, համապատասխանում է օկուպացված երկրի բանտային հիմնարկների ռեժիմին:
Նրանք կստանան իրենց առողջական վիճակին անհրաժեշտ բժշկական օգնություն:
Նրանց հավասարապես կթույլատրվի օգտվել հոգևոր աջակցությունից, որը կարող է պահանջվել:
Կանայք կբանտարկվեն առանձին շենքերում և կգտնվեն կանանց անմիջական հսկողության ներքո:
Ուշադրության կառնվի հատուկ ռեժիմ` նախատեսված դեռահասների համար:
Բանտարկված հովանավորվող անձինք պետք է ունենան հովանավոր տերության և Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի պատվիրակների կողմից նրանց այցելելու իրավունք` 143 հոդվածի համաձայն:
Դրանից բացի, նրանք կունենան ամիսը օգնության առնվազն մեկ ծանրոց ստանալու իրավունք:
Հոդված 77
Օկուպացված տարածքում մեղադրվող կամ դատարանների կողմից դատապարտված հովանավորվող անձինք պետք է, օկուպացման ավարտին, նրանց վրա կազմված գործով, հանձնվեն ազատագրված տարածքի իշխանություններին:
Հոդված 78
Եթե անվտանգության անխուսափելի նկատառումներով օկուպացրած տերությունն անհրաժեշտ համարի նախազգուշական միջոցներ ձեռնարկել հովանավորվող անձանց վերաբերմամբ, ապա ամենաշատը, որ նա կարող է անել, դա նրանց որոշակի տեղում հարկադրաբար բնակեցնելն է կամ նրանց ներկալելը:
Որոշակի տեղում հարկադրական բնակեցման կամ ներկալման մասին որոշումները ընդունվում են համաձայն նորմալ ընթացակարգի, որը պետք է որոշվի օկուպացված տերության կողմից` սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան: Այդ ընթացակարգը պետք է նախատեսի շահագրգիռ անձանց կողմից վճռափոխության գանգատի իրավունք: Այդ վճռափոխության գանգատի առթիվ որոշումները կընդունվեն հնարավոր կարճ ժամկետում: Եթե որոշումները մնան ուժի մեջ, ապա դրանք կդառնան տվյալ տերության կողմից ստեղծված իրավասու մարմնի պարբերաբար վերանայման առարկա, հնարավորին չափ առնվազն վեց ամիսը մեկ անգամ:
Հարկադրաբար վերաբնակեցման, հետևաբար և իրենց մշտական բնակության վայրը ստիպողաբար թողած հովանավորվող անձինք, առանց որևէ սահմանափակման, կօգտվեն սույն Կոնվենցիայի 39 հոդվածով նախատեսված բոլոր առավելություններից:
ՄԱՍ 4
ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 79
Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը հովանավորվող անձանց կարող են ներկալել միայն 41, 42, 43, 68 և 78 հոդվածների դրույթներին համապատասխան:
Հոդված 80
Ներկալվածները լիովին պահպանում են իրենց քաղաքացիական իրավունակությունը և իրականացնում են այստեղից բխող իրավունքները այն չափով, որքան դա համատեղելի կլինի ներկալման հետ:
Հոդված 81
Կոնֆլիկտի մեջ գտնվող այն կողմերը, որոնց կողմից կներկալվեն հովանավորվող անձինք, պարտավոր կլինեն ապահովել նրանց անվճար պահպանությունը, ինչպես նաև ցույց տալ բժշկական օգնություն, որը կպահանջի նրանց առողջական վիճակը:
Ներկալված անձանց ոչ նպաստներից կամ աշխատավարձից, ոչ նրանց վճարման ենթակա գումարներից ոչ մի պահում չի կարող կատարվել նշված ծախսումների հատուցման համար:
Այն տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պետք է աջակցություն ցուցաբերի ներկալվածների բոլոր խնամարկյալներին, որոնք գոյության բավարար միջոցներ չունեն և իրենք չեն կարող վաստակել իրենց ապրուստի համար:
Հոդված 82
Այն տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, հնարավորին չափ ներկալվածներին կտեղաբաշխեն ըստ նրանց քաղաքացիության, լեզվի և սովորույթների: Միևնույն երկրի քաղաքացիներ հանդիսացող ներկալվածները չեն տեղաբաշխվի առանձին` լեզվի տարբերության պատճառով:
Ներկալման ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում միևնույն ընտանիքի անդամները, և, հատկապես ծնողներն ու նրանց երեխաները, կպահվեն ներկալման միևնույն տեղում, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանքը կամ առողջական վիճակը կամ սույն մասին 9-րդ գլխի դրույթները անհրաժեշտ են դարձնում նրանց ժամանակավոր անջատումը: Ներկալվածները կարող են պահանջել, որպեսզի ազատության մեջ առանց ծնողական խնամքի մնացած իրենց երեխաները ներկալվեն իրենց հետ միասին:
Բոլոր դեպքերում, եթե դա հնարավոր լինի, միևնույն ընտանիքի ներկալման անդամները պետք է պահվեն մի շենքում և ապրեն մյուս ներկալվածներից առանձին, նրանց պետք է հնարավորություններ տրամադրվեն այն բանի համար, որպեսզի նրանք ընտանեկան կյանք վարեն:
Գ Լ ՈՒ Խ 2
ՆԵՐԿԱԼՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ
Հոդված 83
Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, ներկալման վայրեր չի ունենա այն շրջաններում, որոնք հատկապես ենթարկվում են ռազմական վտանգի:
Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, հակառակորդ տերություններին, հովանավորող տերությունների միջոցով, կհայտնի բոլոր անհրաժեշտ տվյալները ներկալման վայրերի աշխարհագրական տեղադրության մասին:
Ամեն անգամ, երբ դա թույլ են տալիս ռազմական կարգի նկատառումները, ներկալվածների համար ճամբարները պետք է նշվեն "ic" տառերով` տեղադրված այնպես, որպեսզի դրանք ցերեկով պարզորոշ տեսանելի լինեն օդից: Սակայն շահագրգիռ տերությունները կարող են պայմանավորվել նշանակման այլ եղանակի մասին: Ոչ մի ուրիշ վայր, բացի ներկալվածների համար ճամբարներից, չի կարող նշանակվել այդ ձևով:
Հոդված 84
Ներկալվածները պետք է տեղավորվեն ռազմագերիներից և ցանկացած այլ պատճառով ազատազրկված անձանցից առանձին, և ունենան առանձին ադմինիստրացիա:
Հոդված 85
Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և հնարավոր միջոցներն այն բանի համար, որպեսզի հովանավորվող անձինք նրանց ներկալման հենց սկզբից տեղավորվեն այնպիսի շենքերում և այլ կացարաններում, որոնք հիգիենայի և առողջության պահպանման առումով տալիս են լրիվ երաշխիք և բավարար պաշտպանություն են ապահովում կլիմայական խիստ պայմաններից, ինչպես նաև պատերազմի գործողություններից: Ոչ մի դեպքում ներկալման մշտական վայրերը չպետք է գտնվեն վատառողջ տեղանքում կամ այնպիսի տեղանքներում, որոնց կլիման կործանարար է ներկալվածների համար: Այն դեպքերում, երբ հովանավորվող անձինք ժամանակավորապես են ներկալվել վատառողջ տեղանքում կամ այնպիսի տեղանքում, որի կլիման կործանարար է նրանց առողջության համար, հարկ է, հենց որ թույլ կտան հանգամանքները, նրանց տեղափոխել ներկալման առավել նպաստավոր վայր:
Շենքերը պետք է լրիվ պաշտպանված լինեն խոնավությունից, բավարար չափով ջեռուցվեն և լուսավորվեն, հատկապես մութն ընկնելու և լույսն անջատելու սահմանված ժամի միջև ընկած ժամանակաշրջանում: Շենքերի ննջասենյակները պետք է լինեն բավականին ընդարձակ և լավ օդափոխելի, և ներկալվածները պետք է ունենան անկողնային պատշաճ պիտույքներ և բավարար քանակի վերմակներ, ընդսմին, հարկավոր է հաշվի առնել կլիման, ներկալվածների տարիքը, սեռը և առողջական վիճակը:
Ներկալվածները գիշեր-ցերեկ կունենան հիգիենայի կանոններին համապատասխան և մշտապես մաքուր վիճակում պահվող սանիտարական պարագաներ: Նրանք կստանան բավարար քանակությամբ ջուր և օճառ ամենօրյա արդուզարդի համար և իրենց սպիտակեղենը լվանալու համար, այդ նպատակի համար նրանց պետք է տրամադրվեն անհրաժեշտ պարագաներ և հնարավորություններ: Դրանից բացի, նրանց համար պետք է կահավորվեն ցնցուղներ և բաղնիքներ: Նրանց պետք է տրամադրվի ժամանակ, որն անհրաժեշտ է հիգիենայի կանոնների պահպանման համար և հավաքել-մաքրելու աշխատանքի համար:
Այն դեպքերում, երբ բացառության կարգով որպես ժամանակավոր միջոցառում անհրաժեշտ է տեղավորել որևէ ընտանիքի անդամ չհանդիսացող ներկալված կանանց ներկալման այն տեղում, ինչպես որ տղամարդկանց, պարտադիր կարգով այդպիսի ներկալված կանանց համար պետք է տրամադրվեն առանձին ննջասենյակներ և սանիտարական պարագաներ:
Հոդված 86
Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, անկախ դավանանքից, նրանց տրամադրության տակ կդնի համապատասխան շենքեր կրոնական արարողություն կատարելու համար:
Հոդված 87
Ներկալման բոլոր վայրերում, բացառությամբ նրանցից, որտեղ գոյություն ունեն ուրիշ համապատասխան հնարավորություններ, կկազմակերպվեն կրպակներ այն բանի համար, որպեսզի հնարավորություն տրվի ներկալվածներին կատարել պարենի և ամենօրյա գործածության առարկաների գնումներ, ներառյալ օճառը և ծխախոտը, որոնք կարող են բարելավել նրանց կենցաղն ու հարմարավետությունը, այնպիսի գներով, որոնք ոչ մի դեպքում չպետք է գերազանցեն տեղական շուկայական գները:
Կրպակների կողմից ստացվող շահույթը պետք է մուտքագրվի նպաստամատույցի ֆոնդ, որը պետք է ստեղծվի ներկալման ամեն մի վայրում, և որը պետք է օգտագործվի ի շահ ներկալման տվյալ վայրում գտնվող ներկալվածների: Ներկալվածների կոմիտեն, որ նախատեսված է 102 հոդվածում, կունենա կրպակներում գործերի վարումը և ֆոնդի օգտագործումը հսկելու իրավունք:
Ներկալման որևէ վայրի վերացման ժամանակ նպաստամատույցի ֆոնդի միջոցների մնացորդը կփոխանցվի միևնույն ազգության ներկալվածների համար ներկալման ուրիշ վայրի նպաստամատույցի ֆոնդը կամ, եթե նման վայրեր գոյություն չունեն, ապա կփոխանցվի նպաստամատույցի կենտրոնական ֆոնդ, որը գոյություն կունենա ի բարօրություն բոլոր այն ներկալվածների, որոնք գտնվում են ներկալող տերության իշխանության տակ:
Համընդհանուր ազատագրման դեպքում այդ շահույթը մնում է այն տերության մոտ, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, եթե շահագրգիռ տերությունների միջև չկա այլ համաձայնագիր:
Հոդված 88
Ներկալման բոլոր այն վայրերի անհրաժեշտ պաշտպանության ապահովման համար, որոնք գտնվում են օդային հարձակումների և պատերազմի այլ վտանգների սպառնալիքի տակ, պետք է հարկ եղածին պես և բավարար քանակությամբ կառուցվեն ապաստարաններ: Տագնապի դեպքում ներկալվածները կարող են գնալ այդ ապաստարանները, որքան հնարավոր է արագորեն, բացառությամբ նրանցից, ովքեր մնում են` նրանց կացարանները պաշտպանելու վտանգներից: Բնակչության պաշտպանության համար ձեռնարկվող ամեն մի միջոց հավասարապես պետք է կիրառվի նաև նրանց նկատմամբ:
Ներկալման վայրերում պետք է ձեռնարկվեն բոլոր հարկ եղած հակահրդեհային միջոցները:
Գ Լ ՈՒ Խ 3
ՍՆՈՒՆԴԸ ԵՎ ՀԱԳՈՒՍՏԸ
Հոդված 89
Ներկալվածների օրական կերակրումը պետք է լինի բավարար իր քանակով, որակով և բազմազանությամբ այն բանի համար, որպեսզի ապահովվի նրանց առողջության նորմալ վիճակը և կանխվեն սննդի պակասության հետ կապված երևույթները: Հարկ է նաև հաշվի առնել ներկալվածների համար սննդի սովորական ռեժիմը:
Դրանից բացի, ներկալվածները հնարավորություն կստանան իրենց պատրաստելու ուտելիք` լրացուցիչ մթերքներից, որ նրանք կարող են ունենալ:
Նրանց համար կհասցվի բավարար քանակության խմելու ջուր: Ծխախոտը ծխելը պետք է թույլատրվի:
Աշխատողները կստանան լրացուցիչ սնունդ` նրանց կողմից կատարվող աշխատանքի տեսակին համապատասխան:
Հղի, ծննդկան կանայք և մինչև 15 տարեկան երեխաները պետք է ստանան լրացուցիչ սնունդ իրենց ֆիզիկական պահանջմունքներին համապատասխան:
Հոդված 90
Ներկալվածներին պետք է տրվեն բոլոր հնարավորությունները նրանց ներկալելու պահին պահեստավորելու հագուստ, կոշիկ և սպիտակեղենի փոխանորդներ և այդպիսիք ձեռք բերելու հետագայում, եթե դա պահանջվի: Եթե ներկալվածների մոտ չկա բավարար քանակի հագուստ, նկատի առնելով կլիմայական պայմանները, և նա չի կարող հագուստ ձեռք բերել, ապա տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պետք է դրանք ներկալվածին մատակարարի անվճար:
Հագուստը, որ ներկալած տերությունը կտրամադրի ներկալվածներին և արտաքին նշանները, որոնցով նա կհանդերձի նրանց հագուստը, չպետք է ունենան անպատվող բնույթ կամ ծաղրանքի առիթ ծառայեն:
Աշխատողները կստանան համապատասխան աշխատանքային հանդերձանք, ներառյալ մասնագիտական արտահագուստը, ուր դա կպահանջի աշխատանքի տեսակը:
Գ Լ ՈՒ Խ 4
ՀԻԳԻԵՆԱՆ ԵՎ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 91
Ներկալման յուրաքանչյուր վայր պետք է ունենա համապատասխան լազարեթ` որակյալ բժշկի ղեկավարության ներքո, որտեղ ներկալվածները կստանան օգնություն, ինչի կարիքը նրանք կզգան, և որտեղ նրանց կտրամադրվի համապատասխան սննդային ռեժիմ: Վարակվածներին և հոգեկան հիվանդներին կտրամադրվեն մեկուսարաններ:
Ծննդաբեր կանայք և ծանր հիվանդությամբ տառապող ներկալվածները, կամ որոնց առողջական վիճակը պահանջում է հատուկ բուժում, վիրահատական միջամտություն կամ հոսպիտալացում, պետք է ընդունվեն ցանկացած հիմնարկ, որը կարող է ապահովել նրանց հարկ եղած բուժումը, և կստանան բուժօգնություն, որն իր որակով հավասար կլինի բնակչության կողմից ստացվող բուժօգնությանը:
Բուժական օգնությունը ներկալվածներին ցույց կտրվի առավելապես բժշկական անձնակազմի կողմից այն երկրի քաղաքացիների թվից, ինչպես որ ներկալվածներն են:
Չի կարելի խոչնդոտել ներկալվածներին ընդունելության ներկայանալու բժշկական իշխանություններին: Այն տերության բժշկական իշխանությունները, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, բուժում անցած յուրաքանչյուր ներկալվածի, վերջինիս խնդրանքով, կտան պաշտոնական տեղեկանք` նշելով նրա հիվանդության կամ վիրավորվելու բնույթը, բուժման տևողությունը և ստացված օգնությունը: Այդ տեղեկանքի կրկնօրինակը կուղարկվի 140 հոդվածում նախատեսված կենտրոնական Գործակալություն:
Բուժումը, ներառյալ ամեն տեսակի այնպիսի հարմարանքների ապահովումը, որոնք անհրաժեշտ են ներկալվածներին առողջական լավ վիճակում պահպանելու համար, մասնավորապես ատամի և մյուս պրոթեզներով և ակնոցներով ապահովումը, ներկալվածների համար կլինի անվճար:
Հոդված 92
Ներկալվածների բուժազննումները կկատարվեն ամիսը մեկ անգամից ոչ պակաս: Դրանք, մասնավորապես, պետք է նպատակ ունենան առողջական ընդհանուր վիճակի, սննդի և մաքրության ստուգումը, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների, առանձնապես թոքախտի, վեներական հիվանդությունների և մալարիայի հայտնաբերումը: Այդ զննումների մեջ կմտնեն, մասնավորապես, յուրաքանչյուր ներկալվածի քաշի ստուգումը և, տարին ոչ պակաս քան մեկ անգամ` ռենտգենյան լուսադիտումը:
Գ Լ ՈՒ Խ 5
ԿՐՈՆԸ, ՄՏԱՎՈՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 93
Ներկալվածներին կտրամադրվի լրիվ ազատություն իրենց կրոնների արարողությունները կատարելու համար, ներառյալ այցելությունը ժամերգության, ներկալվածներին տնօրինող իշխանությունների սահմանած կարգապահության կանոնները ներկալվածների կողմից պահպանելու պայմանով:
Պաշտանմունքի ներկալված սպասավորներին կթույլատրվի լրիվ կատարել իրենց պարտականությունները հավատակիցների շրջանում: Այդ նպատակով, տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, հոգ կտանի ներկալման զանազան այն վայրերի միջև նրանց ճիշտ տեղաբաշխման մասին, որտեղ կան միևնույն լեզվով խոսող և միևնույն կրոնին պատկանող ներկալվածներ: Այն դեպքում, եթե պաշտանմունքի այդպիսի սպասավորները լինեն անբավարար քանակի, ապա տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, նրանց կտրամադրի անհրաժեշտ պայմաններ, այդ թվում փոխադրական միջոցներ ներկալման մի վայրից մյուսը տեղափոխելու համար, և նրանք իրավունք կունենան այցելելու հիվանդանոցներում գտնվող ներկալվածներին: Պաշտանմունքի սպասավորները կօգտվեն իրենց պաշտանմունքի կրոնական գործերով այն երկրի կրոնական իշխանությունների հետ, որտեղ գտնվում են ներկալվածները, և որքան դա հնարավոր է իրենց դավանանքի միջազգային կրոնական կազմակերպությունների հետ ազատ գրագրությունից: Այդ գրագրությունը չպետք է համարվի 107 հոդվածում նշվող նորմայի մեջ մտած, բայց ենթակա է 112 հոդվածի դրույթների գործողությանը:
Այդ դեպքում, եթե կան ներկալվածներ, որոնք չունեն իրենց պաշտամունքի սպասավորների հոգևոր օգնությունը, կամ այն դեպքում, եթե այս վերջիններս կան անբավարար թվով, ապա այդ նույն դավանանքի տեղական կրոնական իշխանությունները կարող են այն տերության հետ համաձայնեցնելով, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կամ այն դեպքում, եթե դա հնարավոր է կրոնի տեսակետից, նշանակել համանման պաշտամունքի սպասավոր կամ իրազեկ աշխարհիկ անձ: Այս վերջինը կօգտվի այն պարտականությունների հետ կապված առավելություններից, որոնք նա վերցրել է իր վրա: Այս ձևով նշանակված անձինք պետք է կատարեն բոլոր այն կանոնները, որ ի շահ կարգապահության և անվտանգության սահմանել է տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները:
Հոդված 94
Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կխրախուսի ներկալվածների մտավոր, լուսավորչական և սպորտային գործունեությունը, ինչպես նաև նրանց ժամանցի պահանջմունքների բավարարմանն ուղղված գործունեությունը, նրանց տրամադրելով այդ գործունեությանը մասնակցելու կամ չմասնակցելու ընտրության ազատություն: Այդ տերությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները այդ գործունեության ապահովման համար և, մասնավորապես, նրանց տրամադրության տակ դնի համապատասխան շենքեր:
Ներկալվածներին կտրամադրվեն բոլոր արտոնություններն այն բանի համար, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց ուսումնական պարապմունքները կամ ձեռնամուխ լինեն պարապմունքների: Պետք է ապահովվի երեխաների և դեռահասների ուսուցումը: Նրանք կարող են հաճախել ներկալման վայրերի ներսի կամ դրանցից դուրս գտնվող դպրոցները:
Ներկալվածները պետք է հնարավորություն ունենան զբաղվելու ֆիզիկական վարժություններով, սպորտով և սպորտային խաղերով` բաց օդում:
Այդ նպատակով ներկալման բոլոր վայրերում կառանձնացվեն բավականին ազատ հրապարակներ: երեխաների և դեռահասների համար պետք է առանձնացվեն հատուկ տեղամասեր:
Հոդված 95
Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կարող է նրանց օգտագործել աշխատանքում, եթե նրանք դա ցանկանում են: Ամեն դեպքում արգելվում է այնպիսի աշխատանք, որ, եթե հարկադրաբար կատարեին ներկալվածներ չհանդիսացող հովանավորվող անձինք, կնշանակեր սույն Կոնվենցիայի 40 և 51 հոդվածների խախտում, ինչպես նաև այնպիսի աշխատանք, որը կրում է վիրավորական կամ նվաստացուցիչ բնույթ:
6 շաբաթվա աշխատանքից հետո ներկալվածները կարող են ցանկացած ժամանակ դադարել աշխատելուց, այդ մասին նախազգուշացնելով 8 օր առաջ:
Այս դրույթները չեն ծառայում որպես խոչնդոտ այն տերության իրավունքի, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, ստիպելու ներկալված բժիշկներին, ատամնաբույժներին և սանիտարական անձնակազմի մյուս անձանց զբաղվել իրենց մասնագիտությամբ ի շահ իրենց համաներկալվածների, ներկալվածներին օգտագործել ներկալման վայրերի կառավարման և կարգուկանոնի պահպանման աշխատանքում, այդ անձանց հանձնարարել խոհանոցային տնտեսական աշխատանքներ, վերջապես, նրանց օգտագործել օդային ռմբակոծումներից և պատերազմի մյուս վտանգներից ներկալվածներին պաշտպանելու աշխատանքներում: Սակայն ոչ մի ներկալվածի չի կարելի ստիպել կատարելու աշխատանքներ, որոնց կատարման համար, նա ադմինիստրացիայի կողմից նշանակված բժիշկների եզրակացությամբ, ֆիզիկապես պիտանի չէ:
Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները իր վրա կվերցնի լրիվ պատասխանատվությունը աշխատանքի բոլոր պայմանների համար, բուժօգնության, աշխատավարձի համար, ինչպես նաև այն բանի ապահովման համար, որ աշխատանքում դժբախտ պատահարների և պրոֆեսիոնալ հիվանդացումների համար բոլոր աշխատող ներկալվածները ստանան հատուցում: Աշխատանքի պայմանները և դժբախտ պատահարների ու պրոֆեսիոնալ հիվանդացումների համար հատուցումները պետք է համապատասխանեն ազգային օրենսդրությանը և գոյություն ունեցող պրակտիկային: Դրանք ոչ մի դեպքում չպետք է ավելի վատ և ավելի նվազ լինեն այն պայմաններից, որոնք այդ տեսակի աշխատանքի համար գոյություն ունեն այդ նույն շրջանում: Աշխատավարձը սահմանվում է արդարության հիման վրա ներկալվածների և այն տերության միջև կնքված հատուկ համաձայնագրերի միջոցով, որի իշխանության տակ են նրանք գտնվում, ինչպես նաև հարկ եղած դեպքում` և մյուս գործատուների միջև կնքված հատուկ համաձայնագրերի միջոցով, անկախ այն տերությունից, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, ընդսմին հաշվի կառնվի այն փաստը, որ տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պարտավոր է անվճար պահել ներկալվածներին, ինչպես նաև նրանց տրամադրել բուժօգնություն, որն անհրաժեշտ է նրանց առողջական վիճակի բերումով: Սույն հոդվածի երրորդ պարբերության մեջ նշված աշխատանքի կատեգորիաները մշտապես կատարելու նշանակված ներկալվածները կստանան այն տերության արդարացի աշխատավարձը, որի իշխանության տակ են նրանք գտնվում: Աշխատանքի պայմանները և աշխատանքում դժբախտ պատահարների ու պրոֆեսիոնալ հիվանդացումների համար հատուցման չափն այդ նույն աշխատանքներին դրված ներկալվածների համար չպետք է ավելի վատ և ավելի նվազ լինի այն պայմաններից ու չափից, որոնք սովորաբար տրամադրվում են այդ նույն շրջանում համանման աշխատանք կատարող անձանց:
Հոդված 96
Ամեն մի աշխատանքային խումբ պետք է գտնվի ներկալման որևէ վայրի տնօրինության ներքո: Այն պետության համապատասխան իշխանությունները, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները և ներկալման այդ վայրի պարետը պատասխանատվություն են կրում աշխատանքային խմբերում սույն Կոնվենցիայի դրույթների պահպանման համար: Պարետը պետք է իրեն ենթակա աշխատանքային խմբերի ցուցակը պահի կարգին վիճակում և դրա մասին հայտնի հովանավոր տերության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և մարդասիրական մյուս այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք կարող են այցելել ներկալման վայրերը:
Գ Լ ՈՒ Խ 6
ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 97
Ներկալվածներին կթույլատրվի իրենց մոտ պահել անձնական օգտագործման իրեր և առարկաներ: Նրանց մոտ գտնվող դրամական գումարները, չեկերը, արժեթղթերը և այլն, ինչպես նաև թանկարժեք առարկաները կարող են նրանցից վերցվել միայն սահմանված ընթացակարգին համապատասխան: Այդ դեպքում նրանց պետք է տրվի մանրամասն ստացական:
Դրամական գումարները պետք է մուտքագրվեն յուրաքանչյուր ներկալվածի անձնական հաշվի մեջ, ինչպես նախատեսված է 98 հոդվածում. դրանք չեն կարող փոխանակվել մի այլ տարադրամով, եթե միայն այն տարածքի օրենսդրությունը, որտեղ գտնվում է դրանց տերը, այդ բանը չի պահանջում, կամ, եթե դրա համար ներկալվածը չի տալիս իր համաձայնությունը:
Գլխավորաբար սուբյեկտիվ արժեք կամ հիշատակ ներկայացնող առարկաները չեն կարող վերցվել:
Ներկալված կանանց խուզարկությունը կարող է կատարվել միայն կնոջ կողմից:
Ազատվելիս կամ հայրենադարձվելիս ներկալվածները կստանան կանխիկ գումար, որը կազմում է 98 հոդվածի համաձայն բացված նրանց հաշվի պարտքի մնացորդը, ինչպես նաև այն բոլոր առարկաները, դրամը, չեկերը, արժեթղթերը և այլն, որոնք նրանից վերցվել էին ներկալման ժամանակ: Բացառություն են կազմում այն առարկաներն ու արժեքները, որոնք գործող օրենսդրության համապատասխան պետք է մնան այն տերության մոտ, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները: Այն դեպքում, երբ ներկալվածին պատկանող որևէ գույք պահվում է այդ օրենսդրության բերումով, շահագրգիռ անձին այդ մասին կտրվի մանրամասն ստացական:
Ներկալվածների ձեռքին գտնվող ընտանեկան փաստաթղթերը և անձնական վկայականները կարող են նրանցից վերցվել միայն ստացականով: Ոչ մի պահ ներկալվածը չպետք է մնա առանց անձնական վկայականի: Եթե նրանց մոտ այդպիսիք չկան, ապա նրանք կստանան ներկալած իշխանությունների կողմից տրված հատուկ վկայականներ, որոնք կփոխարինեն նրանց անձնական վկայակնները` մինչև ներկալման ավարտը:
Ներկալվածները կարող են իրենց մոտ ունենալ որոշ դրամական գումար` կանխիկ կամ գնման կտրոնների տեսքով, այն հաշվով, որպեսզի նրանք կարողանան գնումներ կատարել:
Հոդված 98
Բոլոր ներկալվածներին կանոնավոր կերպով կկատարվեն վճարումներ սննդամթերք և այնպիսի ապրանքներ գնելու համար, ինչպես, օրինակ, ծխախոտն է, արդուզարդի պիտույքները և այլն: Այդ վճարումները կկատարվեն վարկի կամ գնման կտրոնների տեսքով:
Դրանից բացի, ներկալվածները կարող են ստանալ նպաստներ այն տերությունից, որի քաղաքացիներն են նրանք հանդիսանում, հովանավոր տերությունից, ամեն տեսակի այն կազմակերպություններից, որոնք կարող են նրանց օգնություն ցույց տալ, կամ իրենց ընտանիքներից, ինչպես նաև եկամուտ իրենց գույքից` այն տերության օրենսդրության համապատասխան, որի իշխանության տակ են նրանք գտնվում: Այն տերության կողմից ուղարկվող նպաստների չափը, որի քաղաքացիներն են նրանք հանդիսանում, պետք է հավասար լինի ներկալվածների յուրաքանչյուր կատեգորիայի համար (հաշմանդամներ, հիվանդներ, հղի կանայք և այլն), և այդ տերության կողմից սահմանված նպաստների չափը որոշելիս, ինչպես նաև այն տերության կողմից նպաստները բաշխելիս, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, չպետք է թույլ տրվի խտրականություն, որն արգելվում է սույն Կոնվենցիայի 27 հոդվածով:
Յուրաքանչյուր ներկալվածի համար տերությունը, որի իշխանության տակ է գտնվում նա, պետք է բացի անձնական հաշիվ: Որպես այդ հաշվի վարկ պետք է գրանցվեն սույն հոդվածում նշված վճարումները, ներկալվածի աշխատավարձը, ինչպես նաև նրան հասցեագրված դրամական փոխանցումները: Նրա հաշվին պետք է գրանցվեն նաև նրա մոտից վերցված գումարները, որոնք նա կարող է տնօրինել այն տարածքում գործող օրենսդրության համապատասխան, որտեղ գտնվում են ներկալվածները: Ներկալվածներին կտրամադրվեն իրենց ընտանիքներին և իրենցից նյութապես կախում ունեցող անձանց դրամական օգնություն ուղարկելու այն տարածքում գործող օրենսդրության հետ համատեղվող բոլոր հնարավորությունները, որտեղ գտնվում են ներկալվածները: Ցանկացած ժամանակ նրանց կտրամադրվեն իրենց հաշիվների հետ ծանոթանալու և դրանցից քաղվածք ստանալու նորմալ հնարավորություններ: Այդ հաշիվների վիճակը հաղորդվում է հովանավոր տերությանը` վերջինիս խնդրանքով, իսկ ներկալված անձին տեղափոխելու դեպքում հաշիվը հետևում է նրան:
Գ Լ ՈՒ Խ 7
ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 99
Ներկալման ամեն մի վայր կդրվի սպայի կամ պաշտոնատար պատասխանատու անձի ղեկավարության ներքո կանոնավոր զինված ուժերի կազմից կամ այն տերության քաղաքացիական ադմինիստրացիայի կադրերից, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները: Ներկալման վայրը ղեկավարող սպան կամ պաշտոնատար անձը պետք է ունենան այս Կոնվենցիայի տեքստը պաշտոնական լեզվով կամ իր երկրի պաշտոնական լեզուներից մեկով և պատասխան տա Կոնվենցիայի կիրառման համար: Հսկիչ անձնակազմը պետք է ծանոթ լինի սույն Կոնվենցիայի դրույթներին, ինչպես նաև Կոնվենցիայի կիրառմանը վերաբերող կանոններին:
Սույն Կոնվենցիայի տեքստը, ինչպես նաև սույն Կոնվենցիային համապատասխան կնքվող հատուկ համաձայնագրերի տեքստերը, որոնք գրված են ներկալվածների համար հասկանալի լեզվով, պետք է կախվեն ներկալման վայրի ներսում կամ էլ գտնվեն ներկալվածների կոմիտեում:
Ամեն կարգի կանոնները, հրամանները, հայտարարությունները և ծանուցումները պետք է հաղորդվեն ներկալվածներին և կախվեն ներկալման վայրի ներսում` նրանց համար հասկանալի լեզվով:
Առանձին ներկալվածներին տրված հրամանները և կարգադրությունները ևս պետք է տրվեն նրանց համար հասկանալի լեզվով:
Հոդված 100
Ներկալման վայրերում կարգապահությունը պետք է համատեղելի լինի մարդասիրության սկզբունքների հետ, ոչ մի դեպքում չպետք է բովանդակի կանոններ, որոնք ներկալվածներին ենթարկեին նրանց առողջության համար վտանգավոր ֆիզիկական լարվածության, կամ ֆիզիկական կամ բարոյական ծաղրանքների: Դաջումը կամ դրոշմը կամ մարմնի վրա այլ տարբերիչ նշաններ դնելը արգելվում են:
Մասնավորապես, արգելվում է ներկալվածներին ստիպել կանգնած մնալ երկար ժամանակվա ընթացքում, ներկալվածներին որպես պատիժ ենթարկել երկարատև անվանականչի, ֆիզիկական վարժությունների, ռազմական խստավարժության և սննդի սահմանափակումների:
Հոդված 101
Ներկալվածներն իրավունք ունեն իշխանություններին, որոնց տնօրինության տակ են գտնվում նրանք, տալ միջնորդություն իրենց համար սահմանված ռեժիմի առթիվ:
Նրանք նաև իրավունք ունեն, առանց սահմանափակումների, ներկալվածների կոմիտեի միջոցով կամ անմիջականորեն, եթե նրանք դա հարկավոր կգտնեն, դիմելու հովանավոր տերության ներկայացուցիչներին, որպեսզի հայտնեն նրանց, թե ներկալման ինչպիսի պայմանների վերաբերմամբ նրանք գանգատներ ունեն:
Այդ միջնորդությունները և գանգատները պետք է հանձնվեն արագ կարգով և առանց փոփոխությունների: Անգամ եթե դրանք ճանաչվեն անհիմն, դրանք չեն կարող իրենց հետ որևէ պատիժ հարուցել:
Ներկալվածների կոմիտեները կարող են հովանավոր տերության ներկայացուցիչներին պարբերաբար զեկույցներ ուղարկել ներկալման վայրերում իրավիճակի և ներկալվածների կարիքների մասին:
Հոդված 102
Ներկալման բոլոր վայրերում ներկալվածներն ազատորեն, փակ քվեարկությամբ, ամեն 6 ամիսը մեկ կընտրեն կոմիտեի անդամներ, որը նրանց կներկայացնի այն տերության իշխանությունների առջև, որի իշխանության տակ են նրանք գտնվում: Հովանավոր տերությունների, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի առջև և ամեն մի այլ կազմակերպության առջև, որը նրանց օգնություն է ցույց տալիս: Այդ կոմիտեի անդամները կարող են վերընտրվել:
Ընտրված ներկալվածներն իրենց պարտականությունների կատարմանն են անցնում այն բանից հետո, հենց որ նրանց ընտրությունը հաստատվում է ներկալող իշխանությունների կողմից: Կոմիտեի անդամների հաստատման հնարավոր մերժման կամ փոխարինման պատճառները պետք է հայտնվեն շահագրգիռ հովանավոր տերություններին:
Հոդված 103
Ներկալվածների կոմիտեները պետք է նպաստեն ներկալվածների ֆիզիկական, բարոյական և մտավոր բարօրությանը:
Մասնավորապես, եթե ներկալվածները որոշում են ստեղծել փոխօգնության կազմակերպություն, ապա այդ կազմակերպությունը պետք է գտնվի կոմիտեի տնօրինության ներքո` այն հատուկ պարտավորությունների շարքում, որոնք նրանց վրա դրված են սույն Կոնվենցիայի այլ դրույթներով:
Հոդված 104
Ներկալվածների կոմիտեների անդամներին չի կարելի հարկադրել կատարելու ուրիշ աշխատանք, եթե դա կդժվարացնի կատարել իր ֆունկցիաները:
Կոմիտեի անդամները ներկալվածների թվից կարող են նշանակել իրենց համար հարկավոր օգնականներ: Նրանց կտրամադրվեն գործնականորեն բոլոր հնարավորությունները և, մասնավորապես, տեղափոխումների որոշ ազատություն, որոնք անհրաժեշտ են իրենց պարտականությունները (այցելություն աշխատանքային խմբեր, բեռների ընդունում և այլն) կատարելու համար:
Կոմիտեների անդամներին կհատկացվեն հավասարապես բոլոր հնարավորությունները նրանց փոստային և հեռագրական գրագրությունների համար այն իշխանությունների հետ, որոնց տնօրինության տակ են գտնվում ներկալվածները, հովանավոր տերությունների, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի և դրանց ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այն կազմակերպությունների հետ, որոնք օգնություն ցույց կտա ներկալվածներին: Աշխատանքային խմբերի կոմիտեների անդամները ներկալման հիմնական վայրի կոմիտեի հետ իրենց գրագրության վերաբերմամբ կօգտվեն միևնույն արտոնություններից: Այդ գրագրության համար չի սահմանվի ոչ մի սահմանափակում, և այն չի կարելի դիտել որպես 107 հոդվածում նախատեսված նորմայի մեջ մտնող:
Կոմիտեի ոչ մի անդամ չի կարող փոխադրվել այլ տեղ առանց նրան տրամադրելու ժամանակ, որը նորմալ կերպով անհրաժեշտ է իրեն փոխարինողին գործերին տեղյակ պահելու համար:
Գ Լ ՈՒ Խ 8
ԿԱՊԵՐՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ
Հոդված 105
Հովանավորվող անձանց ներկալելուց անմիջապես հետո տերությունները, որոնց իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կծանուցեն նրանց, այն տերություններին, որոնց քաղաքացիներն են հանդիսանում նրանք, և նրանց հովանավոր տերությանը այն միջոցների մասին, որոնք նախատեսվում են սույն գլխի որոշումները կատարելու համար: Նրանք նաև շահագրգիռ կողմերին կհայտնեն այդ միջոցառումների մեջ մտցրած ամեն մի փոփոխության մասին:
Հոդված 106
Յուրաքանչյուր ներկալված նրան ձերբակալելու պահից կամ ճամբար հասնելուց հետո ոչ ուշ, քան մեկ շաբաթ անց, ինչպես նաև հիվանդանալու կամ որևէ հիվանդանոց կամ ներկալման այլ վայր ուղարկվելու դեպքում, պետք է հնարավորություն ստանա, մի կողմից, անմիջականորեն իր ընտանիքին, իսկ մյուս կողմից 140 հոդվածով նախատեսված կենտրոնական գործակալությանը ուղարկելու ներկալման մասին ծանուցում-քարտը, որը կազմված պետք է լինի, եթե հնարավոր է սույն Կոնվենցիային կցված նմուշի ձևով` իր ներկալման մասին, առողջական վիճակի մասին հաղորդումով հանդերձ, և ցույց տալով իր հասցեն: Այդ քարտերը պետք է ուղարկվեն որքան հնարավոր է արագորեն, և դրանց հանձնումը չի կարող ուշացվել որևէ ձևով:
Հոդված 107
Ներկալվածներին կթույլատրվի ուղարկել և ստանալ նամակներ ու փոստային քարտեր: Եթե տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, անհրաժեշտ կգտնի սահմանափակել յուրաքանչյուր ներկալվածի կողմից ուղարկվող նամակների և փոստային քարտերի քանակը, ապա այդ քանակը չի կարող ամիսը մեկ նամակից և 4 քարտից ավելի քիչ լինել, որոնք հնարավորության սահմաններում, պետք է կազմված լինեն սույն Կոնվենցիային կցված նմուշների ձևով: Եթե ներկալվածների հասցեով ստացվող գրագրությունների վերաբերմամբ պետք է սահմանափակումներ մտցվեն, ապա դրանք պետք է արտոնվեն միայն այն տերության կողմից, որի քաղաքացիներն են հանդիսանում ներկալվածները, որոշ դեպքերում` այն տերության խնդրանքով, որի իշխանության տակ են գտնվում նրանք: Այդ նամակները և փոստային քարտերը պետք է առաքվեն նորմալ արագությամբ: Դրանք չեն կարող պահվել, ոչ էլ դրանց առաքումը կարող է ուշացվել կարգապահական նկատառումներով:
Այն ներկալվածներին, որոնք երկար ժամանակ լուր չեն ստացել իրենց ընտանիքներից կամ զրկված են եղել սովորական ճանապարհով իրենց ընտանիքներից լուր ստանալու կամ ուղարկելու հնարավորությունից, ինչպես որ այն ներկալվածներին, որոնք իրենց հարազատներից գտնվում են զգալի հեռավորության վրա, կթույլատրվի ուղարկել հեռագրեր` դրանց արժեքի վճարման պայմանով, այն տարադրամով, որ նրանք ունեն: Նրանք նաև պետք է օգտվեն այդ առավելությունից այն դեպքում, երբ հարցը համարվի շտապ:
Որպես ընդհանուր կանոն ներկալվածների գրագրությունը վարվում է նրանց մայրենի լեզվով: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կարող են թույլատրել, որ գրագրությունը վարվի այլ լեզուներով:
Հոդված 108
Ներկալվածներին կթույլատրվի փոստով կամ որևէ այլ միջոցով ստանալ անհատական կամ կոլեկտիվ ծանրոցներ, որոնք կպարունակեն, մասնավորապես, սննդամթերք, հագուստ, դեղամիջոցներ, ինչպես նաև գրքեր և նրանց կրոնական պահանջմունքների բավարարման համար, նրանց լուսավորության և ժամանցի համար նախատեսված առարկաներ: Այդ ծանրոցները ոչ մի դեպքում սույն Կոնվենցիայով նրա վրա դրված պարտականություններից չեն ազատում այն տերությանը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները:
Այն դեպքում, եթե ռազմական անհրաժեշտության նկատառումներով կպահանջվի սահմանափակել այդպիսի ծանրոցների քանակը, այդ մասին համապատասխան ծանուցում պետք է արվի հովանավոր տերությանը, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին կամ որևէ այլ այն կազմակերպությանը, որը օգնություն է ցույց տալիս ներկալվածներին, և որին հանձնարարված է այդ ծանրոցների առաքումը:
Անհատական և կոլեկտիվ ծանրոցների առաքման կարգը, եթե դա անհրաժեշտ է, պետք է դառնա հատուկ համաձայնագրերի կնքման առարկա շահագրգիռ տերությունների միջև, որոնք ոչ մի դեպքում չեն կարող ուշացնել ներկալվածների կողմից օգնության ստացումը: Պարեն կամ հագուստ պարունակող ծանրոցներում չեն կարող լինել գրքեր. սանիտարական պարագաները, որպես կանոն, առաքվում են կոլեկտիվ ծանրոցներով:
Հոդված 109
Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի միջև օգնության կոլեկտիվ ծանրոցների ստացման և բաշխման կարգի մասին հատուկ համաձայնագրերի բացակայության դեպքում կկիրառվեն սույն Կոնվենցիային կցված կոլեկտիվ ծանրոցներին վերաբերող կանոնները:
Վերը նշված հատուկ համաձայնագրերը ոչ մի դեպքում չեն կարող սահմանափակել ներկալվածների համար նախատեսվող օգնության կոլեկտիվ ծանրոցներն ստանալու, այդպիսիք բաշխելու և ի շահ հասցեատերերի դրանք տնօրինելու` ներկալվածների կոմիտեների իրավունքները:
Այդ համաձայնագրերով չեն կարող սահմանափակվել նաև ստացողների միջև կոլեկտիվ ծանրոցները բաշխելու նկատմամբ հսկողության այն իրավունքները, որոնք պատկանում են հովանավոր տերության, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կամ ցանկացած այլ այնպիսի կազմակերպության ներկայացուցիչներին, որն օգնություն է ցույց տալիս ներկալվածներին` այն դեպքերում, երբ այդ ծանրոցների հանձնումը դրվում է այդպիսի ներկայացուցիչների վրա:
Հոդված 110
Օգնության` ներկալվածների համար նախատեսված ծանրոցները ազատվում են մաքսատուրքերից և այլ գանձումներից:
Բոլոր փոստային առաքումները, ներառյալ օգնության` փոստով ուղարկվող ծանրոցները, և այլ երկրներից ներկալվածներին հասցեագրված դրամական փոխանցումները կամ ներկալվածների կողմից անմիջականորեն փոստով կամ 136 հոդվածում նախատեսված տեղեկատու բյուրոյի և 140 հոդվածում նախատեսված կենտրոնական տեղեկատու գործակալության միջոցով ուղարկվող դրամական փոխանցումները ազատվում են բոլոր փոստային գանձումներից, ինչպես առաքման երկրում ու հասցեագրված երկրում, այնպես և միջանցիկ երկրներում: Այդ նպատակով փոստային գանձումներից ազատումը, որը նախատեսվում է 1947 թվականի համաշխարհային փոստային Կոնվենցիայում և հակառակորդի երկրի` ճամբարներում կամ քաղաքացիական բանտերում գտնվող քաղաքացիական անձանց վերաբերմամբ համաշխարհային փոստային միության համաձայնագրերում, կտարածվի ներկալված հովանավորվող անձանց` սույն Կոնվենցիայում նշված բոլոր կատեգորիաների վրա: Այդ համաձայնագրերի մասնակիցներ չհանդիսացող երկրները պարտավոր կլինեն գանձումներից ազատում տրամադրել միևնույն պայմաններում:
Ներկալվածների համար նախատեսված օգնության այն ծանրոցների առաքման ծախսերը, որոնք իրենց կշռով կամ որևէ այլ պատճառով չեն կարող ուղարկվել փոստով, կկատարի տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, իր հսկողության ներքո գտնվող բոլոր տարածքներում: Կոնվենցիայի մասնակիցներ հանդիսացող մյուս տերությունները առաքման ծախսերը կկատարեն իրենց տարածքներում:
Այնպիսի բեռների առաքման ծախսերը, որոնք չեն ընկնում նախորդ պարբերությունների գործողության տակ, վճարվում են ուղարկողի կողմից:
Բարձր Պայմանավորվող Կողմերը կձգտեն նվազեցնել, որքան դա հնարավոր է, այն հեռագրերի տարիֆները, որոնք ուղարկվում են ներկալվածներին կամ հասցեագրված են նրանց:
Հոդված 111
Այն դեպքում, եթե ռազմական օպերացիաները կխանգարեն շահագրգիռ տերություններին կատարելու 106, 107, 108 և 113 հոդվածներում հիշատակված ծանրոցների առաքման ապահովման իրենց վրա դրված պարտականությունը, ապա շահագրգիռ հովանավոր տերությունները, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կամ ցանկացած այլ այնպիսի կազմակերպություն, որը ճանաչվել է կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից, կարող են զբաղվել այդ ծանրոցների փոխադրման ապահովմամբ համապատասխան փոխադրամիջոցների օգնությամբ (վագոններ, բեռնատար ավտոմեքենաներ, նավեր կամ ինքնաթիռներ և այլն): Այդ նպատակով Բարձր Պայմանավորվող Կողմերը կձգտեն նրանց հատկացնել նշված փոխադրամիջոցները և թույլատրել դրանց շարժումը, մասնավորապես, դրա համար անհրաժեշտ անցագրեր տալու միջոցով:
Այդ փոխադրամիջոցները կարող են օգտագործվել նաև տեղափոխելու համար.
a/ այն գրագրությունը, ցուցակները և զեկույցները, որոնք փոխանակում են 140 հոդվածում հիշատակված կենտրոնական տեղեկատու գործակալությունը և 136 հոդվածում նախատեսված ազգային բյուրոն:
b/ այն գրագրությունը և զեկույցները, որոնք վերաբերում են ներկալվածներին, որոնք հովանավոր տերությունները, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն կամ ցանկացած այլ կազմակերպություն, որն օգնություն է ցույց տալիս ներկալվածներին, փոխանակում են ինչպես իրենց ներկայացուցիչների, այնպես էլ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի հետ:
Սույն դրույթները. ոչ մի դեպքում չեն սահմանափակում կոնֆլիկտի մեջ գտնվող ցանկացած կողմի իրավունքները կազմակերպելու տրանսպորտի այլ միջոցներ, եթե նա այդ գերադասում է, կամ տալ անցագրեր այնպիսի պայմաններով, որոնք կարող են սահմանվել փոխադարձ համաձայնությամբ:
Այդ տրանսպորտային միջոցների օգտագործման հետ կապված ծախսերը այդ ծանրոցների արժեքին համամասնորեն կրում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը, ում քաղաքացիների օգտին են լինում այդ ծառայությունները:
Հոդված 112
Ներկալվածներին հասցեագրված կամ նրանց կողմից ուղարկվող գրագրությունների գրաքննությունը պետք է կատարվի հնարավոր կարճ ժամկետում:
Ներկալվածների համար նախատեսված ծանրոցների ստուգումը պետք է կատարվի այնպիսի պայմաններում, որոնք չեն վնասի դրանցում եղած մթերքներին, և պետք է տեղի ունենա հասցեատիրոջ կամ նրա կողմից լիազորված նրա ընկերոջ ներկայությամբ: Անհատական կամ կոլեկտիվ ծանրոցների հանձնումը չի կարող ուշացվել գրաքննության հետ կապված դժվարությունների պատճառաբանությամբ:
Գրագրության ամեն մի արգելում, որ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը հայտարարում են ռազմական կամ քաղաքական պատճառներով, կարող է լինել միայն ժամանակավոր բնույթի, և դրա ժամկետը պետք է լինի հնարավորին չափ առավել կարճ:
Հոդված 113
Տերությունները, որոնց իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կտրամադրեն բոլոր խելամիտ հնարավորությունները հովանավոր տերության կամ 140 հոդվածով նախատեսված կենտրոնական գործակալության միջոցով կամ այլ հարկ եղած եղանակներով ներկալվածներին հասցեագրված կամ նրանցից եկող կտակները, լիազորագրերը կամ մյուս բոլոր փաստաթղթերը փոխանցելու համար:
Բոլոր դեպքերում տերությունները, որոնց իշխանության տակ են գտնվում ներկալվածները, աջակցություն ցույց կտան ներկալվածներին կազմելու և պատշաճ ձևով հաստատելու այդ փաստաթղթերը, նրանք ներկալվածներին թույլ կտան, մասնավորապես, խորհրդատվություն ստանալ իրավաբանից:
Հոդված 114
Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կտրամադրեն ներկալման ռեժիմի և գործող օրենսդրության հետ համատեղվող բոլոր արտոնությունները, որպեսզի նրանց հնարավորություն տրվի տնօրինելու իրենց ունեցվածքը: Դրա համար այդ տերությունը կարող է նրանց թույլատրել, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և, եթե դա թույլ են տալիս հանգամանքները, դուրս գալու ներկալման վայրի սահմաններից:
Հոդված 115
Բոլոր դեպքերում, եթե ներկալվածը դատական գործընթացում հանդիսանում է կողմ, տերությունը, որի իշխանության տակ է նա գտնվում, պետք է, եթե ներկալվածը դա պահանջի, հաղորդի դատարանին նրա ձերբակալման մասին և պետք է, օրինական շրջանակներում, հետևի, որպեսզի ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցներն այն բանի համար, որպեսզի նրա ներկալման կապակցությամբ թույլ չտրվի որևէ վնաս հասցնել նրա գործի պատրաստման կամ վարման կամ ցանկացած դատական որոշման կատարման վերաբերմամբ:
Հոդված 116
Յուրաքանչյուր ներկալվածի կթույլատրվեն որոշակի ժամկետներում և այնպես հաճախակի, հենց որ դա հնարավոր լինի, տեսակցություններ, և առաջին հերթին նրա մերձակա հարազատների հետ:
Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և հնարավորին չափ, հատկապես հարազատներից մեկի մահվան կամ ծանր հիվանդության դեպքում, շահագրգիռ անձին կտրվի իր ընտանիքին այցելելու իրավունք:
Գ Լ ՈՒ Խ 9
ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐԸ
Հոդված 117
Սույն գլխի դրույթների հաշվառմամբ, այն տարածքում գործող օրենսդրությունը, որտեղ գտնվում են ներկալվածները, կշարունակի կիրառվել ներկալման ժամանակ օրինախախտում թույլ տված ներկալվածների նկատմամբ:
Եթե օրենքներում, որոշումներում կամ կարգադրություններում նշված է, որ ներկալվածների կողմից կատարված գործողությունները պատժելի են, այն ժամանակ, երբ այդ նույն գործողությունները իրենց հետ պատիժ չեն հարուցում, եթե դրանք կատարվել են ներկալված անձանց կողմից, ապա դրանք կարող են առաջ բերել միայն կարգապահական տույժեր:
Միևնույն արարքի համար կամ միևնույն մեղադրանքով ներկալվածը կարող է պատժվել միայն մեկ անգամ:
Հոդված 118
Պատիժ նշանակելիս դատարանները և իշխանությունները ամենալայն չափով ուշադրության կառնեն այն փաստը, որ մեղադրյալը չի հանդիսանում ներկալած տերության քաղաքացի: Դրանք ազատ կլինեն մեղմացնելու ներկալվածի համար նախատեսվող պատիժը իրավախախտման նրան ներկայացվող մեղքի համար և պարտավոր չեն լինի պահպանելու այդ պատժի նվազագույնը:
Արգելված են ցերեկային լույսից զուրկ տեղերում բանտարկելը և առհասարակ ամեն կարգի խստությունները:
Ներկալվածների կողմից կարգապահական կամ դատական կարգով դրված պատիժները կրելուց հետո, նրանց հետ պետք է վարվեն այնպես, ինչպես որ մյուս ներկալվածների հետ:
Ներկալվածի նախնական կալանքի ժամկետը բոլոր դեպքերում հաշվարկվում է ազատազրկման այն ժամկետի մեջ, որ նրա համար դատական կամ կարգապահական կարգով սահմանվում է որպես պատժաչափ:
Ներկալվածների դեմ հարուցված բոլոր դատական գործերի, ինչպես նաև դրանց արդյունքների մասին ծանուցվում են ներկալվածների կոմիտեները, որոնք հանդիսանում են նրանց լիազորները:
Հոդված 119
Ներկալվածների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական հետևյալ պատիժները.
1/ 95 հոդվածում նախատեսված` աշխատավարձի 50 %-ը չգերազանցող տուգանքը, ոչ ավելի, քան 3 օրվա ժամանակաշրջանի համար,
2/ սույն Կոնվենցիայով նախատեսածից ավելի տրամադրված առավելություններից զրկելը,
3/ արտահերթ վերակարգերը, որոնք չեն գերազանցում օրը երկու ժամից և կապված են ճամբարի պահպանության աշխատանքի հետ,
4/ կալանումը:
Կարգապահական պատիժները ոչ մի դեպքում չպետք է լինեն անմարդկային, խիստ կամ վտանգավոր` ներկալվածների առողջության համար: Պատիժներ նշանակելիս պետք է հաշվի առնել տարիքը, սեռը և առողջական վիճակը:
Միևնույն պատժի առավելագույն ժամկետը չպետք է գերազանցի երեսուն օրացուցային օրը, անգամ այն դեպքերում, երբ ներկալվածը նրա մասին որոշում կայացնելու պահին պետք է կարգապահական տույժի ենթարկվի մի քանի արարքների համար, անկախ այն բանից, այդ արարքները կապված են միմյանց հետ, թե ոչ:
Հոդված 120
Փախուստից հետո կամ փախուստի փորձ կատարելիս բռնված ներկալվածները այդ արարքի համար ենթակա են կարգապահական տույժի, անգամ կրկնվելու դեպքում:
Որպես նահանջ 118 հոդվածից, երրորդ պարբերություն, փախուստի համար կամ փախուստի փորձ կատարելու համար ներկալվածները կարող են դրվել հատուկ հսկողության տակ պայմանով, սակայն, որ այն կիրականացվի ներկալման վայրում և առաջ չի բերի սույն Կոնվենցիայով նրանց տրամադրված երաշխիքներից որևէ մեկի վերացում:
Փախուստին կամ փախուստ կատարելու փորձին նպաստած ներկալվածները դրա համար կարող են ենթարկվել միայն կարգապահական տույժի:
Հոդված 121
Փախուստը կամ փախուստի դիմելու փորձը, անգամ կրկնվելիս, չպետք է դիտվեն որպես մեղքը ծանրացնող հանգամանք այն դեպքում, երբ ներկալվածը դատի է ենթարկվում փախուստի ժամանակ կատարած իրավախախտումների համար:
Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կհետևեն, որպեսզի համապատասխան իշխանությունները ներողամտություն ցուցաբերեն այն հարցը որոշելիս, թե կատարած իրավախախտման համար ներկալվածը արդյոք ենթակա է պատժի կարգապահական կամ դատական կարգով, առանձնապես փախուստի կամ փախուստի դիմելու փորձի հետ կապված արարքների վերաբերմամբ:
Հոդված 122
Կարգապահության խախտման փաստերը պետք է անհապաղ հետաքննվեն: Դա վերաբերում է, մասնավորապես, փախուստին կամ փախուստի փորձի դիմելուն, և բռնված ներկալվածը պետք է, որքան հնարավոր է արագ հանձնվի համապատասխան իշխանություններին:
Բոլոր ներկալվածների համար նախնական կալանքի ժամկետը, կարգապահությունը խախտելու դեպքում, պետք է հասցվի նվազագույնի և չգերազանցի երկու շաբաթվա սահմանը, բոլոր դեպքերում նախնական կալանքում անցկացրած ժամանակը հաշվարկվում է ազատազրկման ժամկետի մեջ:
124 և 125 հոդվածների դրույթները կիրառվում են կարգապահության դեմ գործած արարքների համար նախատեսված կալանքի ենթարկված ներկալվածների նկատմամբ:
Հոդված 123
Առանց վնաս հասցնելու դատական մարմինների և բարձրագույն իշխանությունների իրավասություններին, պատիժներ կարող են նշանակվել միայն ներկալման վայրի պարետի կամ սպայի կամ պաշտոնատար պատասխանատու անձի կողմից, որին նա հանձնել է իր կարգապահական իշխանությունը:
Նախքան կարգապահական տույժի մասին որևէ որոշում կայացնելը, մեղադրյալ ներկալվածին հանգամանորեն կհաղորդվի նրան որպես մեղադրանք հարուցվող օրինախախտումների մասին: Նրան կթույլատրվի նաև տալ բացատրություն իր վարքագծի վերաբերյալ և հանդես գալ իր պաշտպանությամբ, կանչել վկաների և անհրաժեշտության դեպքում դիմել որակյալ թարգմանչի ծառայություններին: Որոշումը կհայտարարվի մեղադրյալի և ներկալվածների կոմիտեի անդամներից մեկի ներկայությամբ:
Կարգապահական տույժի ենթարկելու մասին որոշում կայացնելու պահից մինչև նրա կատարումը պետք է անցնի մեկ ամսից ոչ ավելի ժամանակ:
Եթե ներկալվածի վրա դրվի կարգապահական նոր տույժ, ապա տույժերից ամեն մեկի ի կատար ածման միջև պետք է անցնի 3 օրից ոչ պակաս, եթե տույժերից մեկի տևողությունը 10 կամ ավելի օր է:
Ներկալման վայրի պարետը պետք է վարի կայացվող կարգապահական տույժերի գրանցման մատյանը, որը պետք է ներկայացվի հովանավոր տերության ներկայացուցիչների տրամադրությանը:
Հոդված 124
Ներկալվածները կարգապահական տույժերը կրելու համար ոչ մի հանգամանքներում չեն կարող տեղափոխվել ուղղիչ հիմնարկներ (բանտեր, ուղղիչ հաստատություններ, աքսորաբանտեր և այլն):
Կարգապահական տույժերը կրելու շենքերը պետք է համապատասխանեն հիգիենայի պահանջներին և, մասնավորապես, հագեցված լինեն ննջասարքավորումներով, պատժված ներկալվածները պետք է իրենց մաքուր վիճակում պահելու հնարավորություն ունենան:
Կարգապահական տույժեր կրող կանայք պետք է կալանվեն ներկալված տղամարդկանցից առանձին և գտնվեն կանանց անմիջական հսկողության ներքո:
Հոդված 125
Կարգապահական տույժեր կրող ներկալվածները կունենան ամենօրյա զբոսանքի և օրը առնվազն երկու ժամ բաց օդում լինելու հնարավորություն:
Իրենց խնդրանքով, կթույլատրվի ներկայանալ ամենօրյա բժշկական ընդունելության, նրանք իրենց առողջական վիճակի համեմատ կստանան անհրաժեշտ բուժօգնություն և անհրաժեշտության դեպքում կտեղավորվեն ներկալման վայրի լազարեթում կամ հիվանդանոցում:
Նրանց կթույլատրվի կարդալ և գրել, ինչպես նաև ուղարկել և ստանալ նամակներ: Սակայն նրանց ծանրոցների և դրամական փոխադրումների հանձնումը կարող է հետաձգվել մինչև պատիժը կրելու ավարտը, այդ ընթացքում դրանք հանձնվում են ներկալվածների կոմիտեին, որը լազարեթ է ուղարկում ծանրոցներում եղած շուտ փչացող մթերքները:
Կարգապահական տույժ կրող ներկալվածներից ոչ ոք չի կարող զրկվել 106 և 142 հոդվածներով նախատեսված իրավունքներից:
Հոդված 126
71 և 76 հոդվածները ներառյալ կկիրառվեն համանմանորեն, դատական այն գործերի նկատմամբ, որոնք հարուցվել են այն տերության սեփական տարածքում գտնվող ներկալվածների դեմ, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները:
Գ Լ ՈՒ Խ 10
ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ
Հոդված 127
Ներկալվածների տեղափոխումը մշտապես կկատարվի մարդասիրաբար: Որպես կանոն, այն կիրականացվի երկաթուղագծով կամ տրանսպորտի այլ տեսակներով և այնպիսի պայմաններում, որոնք առնվազն հավասար են այն պայմաններին, որոնցում կատարվում է այն տերության զորքերի փոխադրումը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները: Եթե, որպես բացառություն, տեղափոխումները պետք է կատարվեն ոտքով, ապա դրանք կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե դա թույլ է տալիս ներկալվածների ֆիզիկական վիճակը, և ոչ մի դեպքում դրանք չպետք է նրանց մոտ չափից ավելի հոգնածություն առաջացնեն:
Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պետք է տեղափոխման ժամանակ ներկալվածներին մատակարարի բավարար քանակի և լավ որակի խմելու ջուր և բազմազան սնունդ` նրանց առողջությունը լավ վիճակում պահպանելու համար, ինչպես նաև նրանց տրամադրի հագուստ, պատշաճ ապաստան և բժշկական անհրաժեշտ օգնություն: Այդ տերությունը կձեռնարկի նախազգուշական բոլոր միջոցները տեղափոխման ժամանակ նրանց անվտանգության ապահովման համար և ուղարկելուց առաջ կկազմի տեղափոխվող ներկալվածների լրիվ ցուցակը:
Հիվանդ և վիրավոր ներկալվածները կամ հաշմանդամ ներկալվածները, ինչպես նաև ծննդաբեր կանայք չեն տեղափոխվի այն դեպքում, եթե անցումը կարող է վնաս հասցնել նրանց առողջական վիճակին, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղափոխություն հրամայաբար պահանջում է նրանց անվտանգությունը:
Ներկալման որևէ վայրին ռազմաճակատի գիծը մոտենալիս, այնտեղ գտնվող ներկալվածները կարող են տեղափոխվել միայն այն դեպքում, եթե նրանց տեղափոխումը կարող է իրականացվել բավարար անվտանգության պայմաններում կամ, եթե մնալով իրենց տեղում, նրանք ենթարկվում են մեծ վտանգի, քան եթե տեղափոխվեն:
Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, ներկալվածներին տեղափոխելու մասին որոշում կայացնելիս պետք է ուշադրության առնի նրանց շահերը և, մասնավորապես, չպետք է անի որևէ այնպիսի բան, որ կարող էր բարդացնել նրանց հայրենադարձությունը կամ վերադարձն իրենց մշտական բնակության վայրը:
Հոդված 128
Տեղափոխման դեպքում ներկալվածներին պաշտոնապես կհայտնվի նրանց մեկնելու և փոստային նոր հասցեի մասին: Այդ հաղորդումը պետք է կատարվի նախօրոք այնպես, որպեսզի նրանք կարողանան հասցնել հավաքելու իրենց իրերը և նախազգուշացնել իրենց ընտանիքներին:
Նրանց կթույլատրվի իրենց հետ վերցնել անձնական իրերը, գրագրությունը և նրանց հասցեով եկած ծանրոցները, այդ իրերի կշիռը, եթե տեղափոխման հանգամանքները դա պահանջում են, կարող է սահմանափակվել, բայց ոչ մի դեպքում յուրաքանչյուր ներկալվածի համար 25 կիլոգրամից պակաս:
Գրագրությունը և ծանրոցները, որ հասցեագրված են նրանց ներկալման նախկին վայրը, կուղարկվեն նրանց` առանց որևէ ուշացման:
Հարկ եղած դեպքում ներկալման վայրի պարետը, ներկալվածների կոմիտեի հետ համաձայնեցնելով, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի փոխադրելու համար ներկալվածների կոլեկտիվ ունեցվածքը և այն իրերը, որոնք ներկալվածները չեն կարող իրենց հետ վերցնել սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված սահմանափակումների պատճառով:
Գ Լ ՈՒ Խ 11
ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՄԱՀԸ
Հոդված 129
Ներկալվածներն իրենց կտակները կարող են հանձնել պատասխանատու իշխանություններին, որոնք կապահովեն դրանց պահպանումը: Ներկալվածի մահվան դեպքում նրա կտակը հանձնվում է ներկալվածի կողմից ցույց տրված անձանց:
Յուրաքանչյուր ներկալվածի մահը պետք է արձանագրվի բժշկի կողմից, որից հետո կազմվում է ակտ, նշելով մահվան պատճառը և այն հանգամանքները, որոնցում այն տեղի է ունեցել:
Մահվան մասին պատշաճ ձևով գրանցված պաշտոնական ակտը պետք է կազմվի այն տարածքում գործող ընթացակարգին համապատասխան, որտեղ գտնվում է ներկալման վայրը, և այդպիսի ակտի հարկ եղած ձևով հաստատված պատճենը պետք է անմիջապես ուղարկվի հովանավոր տերությանը, ինչպես նաև 140 հոդվածում նախատեսված կենտրոնական գործակալությանը:
Հոդված 130
Ներկալող իշխանությունները պետք է հետևեն այն բանին, որպեսզի վախճանված ներկալվածները թաղվեն պատվով, եթե հնարավոր է, այն կրոնի ծիսակատարությամբ, որին նա պատկանում է, որպեսզի նրանց գերեզմանները հարգվեն, պահվեն կարգին վիճակում, նշվեն այնպես, որ դրանք միշտ կարելի լինի գտնել:
Մահացած ներկալվածները պետք է ամփոփվեն առանձին գերեզմաններում, բացառությամբ այն դեպքերի, երբ անխուսափելի հանգամանքները ստիպեն նրանց թաղել եղբայրական գերեզմանում: Աճյունները կարող են հրկիզվել, միայն եթե դա թելադրված է սանիտարական կարգի պարտադիր նկատառումներով, կամ այն կրոնի պահանջներով, որին պատկանել է հանգուցյալը, կամ էլ եթե վերջինս արտահայտել է համապատասխան ցանկություն:
Հրկիզման դեպքում այդ մասին պետք է հիշատակվի ակտում, նշվելով ներկալվածների մահվան պատճառները: Մոխիրը պետք է խնամքով պահվի այն տերության իշխանությունների կողմից, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, և որքան հնարավոր է արագորեն կհանձնվի մահացածի մերձակա հարազատներին` վերջիններիս խնդրանքով:
Հենց որ թույլ տան հանգամանքները, և ռազմական գործողությունների ավարտից ոչ ուշ, տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պետք է 136 հոդվածում նախատեսված տեղեկատու բյուրոյի միջոցով այն տերություններին ուղարկի մահացածների գերեզմանների ցուցակները, որոնց պատկանում են մահացած ներկալվածները: այդ ցուցակների մեջ պետք է բովանդակեն տվյալներ, որոնք անհրաժեշտ են մահացած ներկալվածներին ճանաչելու համար, ինչպես նաև նրանց գերեզմանների ճշգրիտ տեղը:
Հոդված 131
Ներկալվածի մահվան կամ ծանր վիրավորվելու ամեն մի դեպքի առթիվ, որոնք հասցվել են կամ որոնց վերաբերմամբ կան կասկածներ, որ դրանք հասցվել են հերթապահի և մեկ ուրիշ ներկալվածի կողմից, կամ ցանկացած մեկ այլ անձի կողմից, ինչպես նաև մահվան ամեն մի դեպքի առթիվ, որի պատճառն անհայտ է, տերությունը, որի իշխանության տակ է գտնվում ներկալվածը, պետք է անհապաղ կատարի պաշտոնական հետաքննություն:
Այդ մասին անհապաղ հաղորդում կտրվի հովանավոր տերությանը: Պետք է ցուցմունքներ վերցվեն յուրաքանչյուր վկայից. պետք է կազմվի այդ ցուցմունքները պարունակող զեկուցագիր, որն ուղարկվում է հիշատակված տերությանը:
Եթե հետաքննության արդյունքով հաստատվի մեկ կամ մի քանի անձանց մեղքը, ապա տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կձեռնարկի բոլոր միջոցները մեղավորին կամ մեղավորներին դատի ենթարկելու համար:
Գ Լ ՈՒ Խ 12
ԱԶԱՏՈՒՄԸ, ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՈՒՄԸ ՉԵԶՈՔ ԵՐԿՐՈՒՄ
Հոդված 132
Ամեն մի ներկալված անձ կազատվի այն տերության կողմից, որի իշխանության տակ է նա գտնվում, հենց որ դադարի այն պատճառների գործողությունը, որոնք պայմանավորում են նրա ներկալումը:
Դրանից բացի, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը ջանքեր կգործադրեն ռազմական գործողությունների ժամանակ կնքելու համաձայնագրեր ներկալվածների որոշ կատեգորիաների, և հատկապես երեխաների, հղի կանանց և կրծքի երեխաներ կամ փոքրահասակ երեխաներ ունեցող մայրերի, վիրավորների և հիվանդների, ինչպես նաև ներկալման վայրում երկար ժամանակ գտնվող ներկալվածների ազատման, հայրենադարձության, բնակության վայրը վերադառնալու կամ չեզոք երկրում հոսպիտալացվելու մասին:
Հոդված 133
Ներկալումը պետք է դադարի որքան հնարավոր է շուտ` ռազմական գործողություններից հետո:
Սակայն կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից մեկի տարածքում եղած այն ներկալվածները, որոնք դատի են տրվել իրավախախտումների պատճառով, որի համար պատիժը չի սահմանափակված բացառապես կարգապահական տույժերով, կարող են պահվել մինչև դատի ավարտը կամ, համապատասխան դեպքերում, մինչև պատիժը կրելու ավարտը: Դա վերաբերում է նաև այն անձանց, որոնք ազատազրկման են դատապարտվել ավելի վաղ:
Այն տերության, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, և շահագրգիռ տերությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ռազմական գործողությունների կամ տարածքի օկուպացումից հետո կարող են կազմակերպվել հանձնաժողովներ տարբեր վայրերում ցվրված ներկալվածներին փնտրել-գտնելու համար:
Հոդված 134
Բարձր Պայմանավորվող Կողմերը ռազմական գործողության կամ օկուպացման ավարտին պետք է ձգտեն նպաստել իրենց բնակության տեղերը ներկալվածների վերադարձին կամ նպաստել հայրենադարձությանը:
Հոդված 135
Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կկատարի ազատված ներկալվածների վերադարձի ծախսերը մինչև այն տեղը, որտեղ նրանք բնակվել են ներկալման պահին, կամ, եթե այդ տերությունը նրանց կալանել է ճանապարհորդության ժամանակ կամ բաց ծովում, ապա նաև այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են այն բանի համար, որպեսզի նրանք կարողանան ավարտել իրենց ճանապարհորդությունը, կամ վերադառնալ այն կետը, որտեղից մեկնել են:
Եթե տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, ազատված այն ներկալվածների, որի մշտական բնակության վայրը նախկինում գտնվելիս է եղել այդ տերության տարածքում, մերժում է թույլատրել շարունակելու բնակվել այդ նույն տարածքում, ապա այդ տերությունը կվճարի նրա հայրենադարձության ծախսերը: Սակայն, եթե ներկալվածը գերադասում է մեկնել իր երկիրը իր սեփական պատասխանատվությամբ կամ ենթարկվելով այն կառավարությանը, որին նա պարտական է հավատարմության պարտքով, ապա երկիրը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պարտավոր չէ վճարել իր երկրի սահմաններից դուրս ներկալվածների մեկնման ծախսերը: Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պարտավոր չի լինի վճարելու այն ներկալվածի հայրենադարձության ծախսերը, որը ներկալված է եղել իր սեփական խնդրանքով:
Եթե ներկալվածները հանձնվում են այլ տերության 45 հոդվածին համապատասխան, ապա հանձնող և ընդունող տերությունները կպայմանավորվեն այն մասին, թե ծախսերի որ մասը պետք է կատարի նրանցից յուրաքանչյուրը:
Վերը նշված դրույթները չպետք է վնաս հասցնեն այն հատուկ համաձայնագրերին, որոնք կարող են կնքել կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը` հակառակորդի ձեռքին գտնվող իրենց քաղաքացիների փոխանակման և հայրենադարձության վերաբերմամբ:
ՄԱՍ 5
ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲՅՈՒՐՈՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 136
Կոնֆլիկտի հենց սկզբից և օկուպացման բոլոր դեպքերում կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրը կհիմնադրի տեղեկատու բյուրո, որին կհանձնարարվի հավաքել և հանձնել տեղեկություններ իր իշխանության տակ գտնվող հովանավորվող անձանց մասին:
Հնարավորին չափ ամենակարճ ժամկետում կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրը հիշատակված տեղեկատու բյուրոյին կհանձնի տեղեկություններ երկու շաբաթից ավելի կալանքի մեջ գտնվող, հարկադրաբար որոշակի վայր բնակեցված ամեն մի հովանավորվող անձի կամ ներկալվածի նկատմամբ նրա ձեռնարկած միջոցների մասին: Դրանից բացի, այդ տերությունը առանց հապաղելու իր զանազան շահագրգիռ մարմիններին կհանձնարարի վերը հիշատակված բյուրոյին ներկայացնել տեղեկություններ այդ հովանավորվող անձանց վերաբերմամբ բոլոր փոփոխությունների վերաբերյալ, ինչպես, օրինակ, տեղափոխումների, ազատման, հայրենադարձության, փախուստի, հոսպիտալացման, ծննդյան և մահվան վերաբերմամբ:
Հոդված 137
Ազգային տեղեկատու բյուրոն մի կողմից հովանավոր տերությունների, մյուս կողմից` 140 հոդվածով նախատեսված կենտրոնական գործակալության միջնորդությամբ անմիջապես, ամենաարագ եղանակով կուղարկի հովանավորվող անձանց վերաբերյալ տեղեկություններ այն տերությանը, որի քաղաքացիներն են հանդիսանում վերը հիշատակված անձինք, կամ այն տերությանը, որի տարածքում են նրանք բնակվելիս եղել: Բյուրոն կպատասխանի նաև հովանավորվող անձանց վերաբերյալ իրեն հասցեագրված բոլոր հարցումներին:
Տեղեկատու բյուրոն կհաղորդի հովանավորվող անձին վերաբերող բոլոր տեղեկությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց հաղորդումը կարող էր վնասել շահագրգիռ անձին կամ նրա ընտանիքին: Բայց անգամ այդ դեպքում չի կարող մերժվել տեղեկությունների հաղորդումը կենտրոնական գործակալությանը, որը, նախազգուշացված լինելով հանգամանքների մասին, կձեռնարկի 140 հոդվածում հիշատակված նախազգուշական միջոցները:
Բյուրոյից առաքված բոլոր գրավոր հաղորդումները հաստատվում են ստորագրությամբ կամ կնիքով:
Հոդված 138
Ազգային տեղեկատու բյուրոյի կողմից ստացվող և հաղորդվող տեղեկությունները պետք է հնարավորություն տան ճշգրիտ պարզել հովանավորվող անձի ինքնությունը և արագորեն հաղորդել նրա ընտանիքին: Յուրաքանչյուր անձի վերաբերմամբ դրանցում պետք է ցույց տրվեն ազգանունը, անունը, ծննդյան տեղը և ճշգրիտ տարեթիվը, քաղաքացիությունը, բնակության վերջին վայրը, հատուկ նշանները, հոր անունը և մոր աղջկական ազգանունը, այդ անձի վերաբերմամբ ձեռնարկված միջոցների տարեթիվը և բնույթը, ինչպես նաև այն տեղը, որտեղ դրանք ձեռնարկվել են, հասցեն, որով կարելի է նրան նամակներ ուղարկել, ինչպես նաև այն անձի ազգանունը և հասցեն, որին պետք է տեղեկացնել: Նաև կանոնավոր կհաղորդվեն, եթե դա հնարավոր է ամեն շաբաթ, տեղեկություններ ծանր հիվանդ կամ ծանր վիրավոր ներկալվածների առողջական վիճակի մասին:
Հոդված 139
Դրանից բացի, Ազգային տեղեկատու բյուրոն պարտավոր է հավաքել հովանավորվող անձանց կողմից, մասնավորապես, նրանց հայրենադարձության, ազատման, փախուստի կամ մահվան դեպքում, թողած, 136 հոդվածում հիշատակված անձնական իրերը, և դրանք հանձնել անմիջականորեն կամ, անհրաժեշտության դեպքում, Կենտրոնական գործակալության միջոցով` շահագրգիռ անձանց: Այդ իրերը ուղարկվում են բյուրոյի կողմից կնքված փաթեթներով: Այդ փաթեթներին կկցվեն հայտարարություններ, որոնք ճշգրիտ պարզում են այն անձանց ինքնությունը, որոնց պատկանել են այդ իրերը, ինչպես նաև փաթեթի պարունակության լրիվ ցուցակը: Այդպիսի կարգի բոլոր իրերի ստացման և ուղարկման վերաբերմամբ կվարվի մանրամասն հաշվառում:
Հոդված 140
Հովանավորվող անձանց, մասնավորապես, ներկալվածներին գործերի կենտրոնական տեղեկատու բյուրո կստեղծվի չեզոք երկրում: Եթե դա անհրաժեշտ համարի Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն շահագրգիռ տերություններին կառաջարկի կազմակերպել այդ գործակալությունը, որը հնարավոր է, որ կլինի այն նույն գործակալությունը, որը և նախատեսված է ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևի Կոնվենցիայի 123 հոդվածում:
Այդ գործակալության վրա կդրվի բոլոր այն տեղեկությունների կենտրոնացումը, որոնք նա կարող է ստանալ պաշտոնական կամ մասնավոր ճանապարհով, և որոնք ունեն 136 հոդվածում նախատեսված բնույթ: Գործակալությունը պետք է հնարավորին չափ արագորեն դրանք հաղորդի այն երկրին, որի քաղաքացիներն են հանդիսանում շահագրգիռ անձինք, կամ այն երկրին, որտեղ նրանք բնակվելիս են եղել, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկությունների հաղորդումը կարող էր վնասել այն անձանց, որոնց դրանք վերաբերում են կամ նրանց ընտանիքներին: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը գործակալությանը կտրամադրեն բոլոր խելամիտ հնարավորությունները նշված տեղեկությունների հաղորդումը իրականացնելու համար:
Բարձր Պայմանավորվող Կողմերը և, մասնավորապես, դրանցից նրանք, որոնց քաղաքացիները օգտվում են Կենտրոնական գործակալության ծառայություններից, հրավիրվում են վերջինիս ցույց տալու ֆինանսական օգնություն, ինչի կարիքը նա կզգա:
Այդ դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի և 142 հոդվածում նշված օգնության կազմակերպությունների մարդասիրական գործունեությունը սահմանափակող դրույթներ:
Հոդված 141
Ազգային տեղեկատու բյուրոն և Կենտրոնական տեղեկատու գործակալությունը ամեն տեսակի փոստային գանձումներ վճարելուց օգտվում են 110 հոդվածում նախատեսված բոլոր արտոնություններից, նրանց նաև տրամադրվում է, առավելագույն հնարավորության սահմաններում, հեռախոսից անվճար կամ առնվազն նվազեցված տարիֆով օգտվելու իրավունք:
ԲԱԺԻՆ 4
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
ՄԱՍ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 142
Բացի այն միջոցառումների կիրառումից, որոնք նրանք անհրաժեշտ կհամարեն իրենց անվտանգության ապահովման համար կամ այլ բանական պահանջմունքների բավարարման համար, տերությունները, որոնց իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, լավագույն ընդունելություն կցուցաբերեն կրոնական ընկերություններին, օգնության ընկերություններին կամ ցանկացած այլ կազմակերպությանը, որն օգնություն է ցույց տալիս հովանավորվող անձանց: Այդ տերությունները կտրամադրեն նրանց, իսկ հավասարապես նաև պատշաճ ձևով լիազոր ներկայացուցիչներին բոլոր անհրաժեշտ հնարավորությունները հովանավորվող անձանց այցելելու, նրանց դաստիարակչական և կրոնական նպատակի համար նախատեսված ցանկացած ծագման ծանրոցներ և նյութեր բաժանելու, զվարճացնելու համար, կամ այն բանի համար, որպեսզի ներկալվածներին օգնեն կազմակերպելու իրենց ժամանցը ներկալման վայրի ներսում: Վերը հիշատակված ընկերությունները կամ կազմակերպությունները կարող են հիմնադրվել կամ այն պետության տարածքում, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները կամ մի այլ երկրում, կամ էլ դրանք կարող են ունենալ միջազգային բնույթ:
Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կարող է սահմանափակել ընկերությունների և կազմակերպությունների քանակը, որոնց ներկայացուցիչներին թույլ կտա աշխատել իր տարածքում և իր հսկողության ներքո, պայմանով, որ նման սահմանափակումը չի խանգարի բոլոր հովանավորվող անձանց գործնական և բավարար օգնություն տրամադրելուն: Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի հատուկ դրությունն այդ բնագավառում պետք է մշտապես ճանաչվի և հարգվի:
Հոդված 143
Հովանավոր տերությունների ներկայացուցիչներին կամ պատվիրակներին կթույլատրվի այցելելու այն բոլոր վայրերը, որտեղ գտնվում են հովանավորվող անձինք, այսինքն հենց ներկալման, կալանման վայրերը և նրանց աշխատանքի տեղերը:
Նրանք մուտք կունենան դեպի բոլոր այն շենքերը, որոնք օգտագործվում են հովանավորվող անձանց կողմից, և թարգմանչի միջոցով կարող են զրուցել նրանց հետ` առանց վկաների, եթե դա անհրաժեշտ է:
Այցելությունները կարող են արգելվել միայն պարտադիր ռազմական անհրաժեշտության բերումով և միայն որպես բացառություն և ժամանակավորապես:
Այցելությունների թվաքանակը և դրանց տևողությունը չեն կարող սահմանափակվել:
Հովանավոր տերությունների ներկայացուցիչներին և պատվիրակներին կտրվի այն վայրերն ընտրելու լիակատար ազատություն, ուր նրանք կցանկանան այցելել: Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կամ օկուպացրած տերությունը, հովանավոր տերությունը և համապատասխան դեպքերում, այն տերությունը, որի քաղաքացիներն են հանդիսանում անձինք, որոնց ցանկանում են այցելել, կարող են պայմանավորվել վերջիններիս այցելելուն ներկալվածների հարազատներին թույլ տալու մասին:
Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի պատվիրակները օգտվում են այդպիսի իրավունքներից: Նրանց նշանակումը կախված է տերությունից, որի իշխանության տակ է գտնվում այն տարածքը, որտեղ այդ պատվիրակները պետք է իրականացնեն իրենց գործունեությունը:
Հոդված 144
Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ իրենց երկրներում տարածել հնարավորին չափ լայնորեն սույն Կոնվենցիայի տեքստը և, մասնավորապես, դրա ուսումնասիրումը մտցնել ռազմական և, եթե հնարավոր է, քաղաքացիական կրթության ծրագրերի մեջ այն հաշվով, որ Կոնվենցիայի սկզբունքներին ծանոթանա ընդհանուր առմամբ ամբողջ բնակչությունը:
Քաղաքացիական, զինվորական, ոստիկանական և մյուս իշխանությունները, որոնք պատերազմի ժամանակ պատասխանատվություն են կրում հովանավորվող անձանց համար, պետք է ունենան Կոնվենցիայի տեքստը և հատուկ ծանոթ լինեն դրա դրույթներին:
Հոդված 145
Բարձր Պայմանավորվող Կողմերը Շվեյցարական Դաշնակցային Խորհրդի միջնորդությամբ, իսկ ռազմական գործողությունների ժամանակ հովանավոր տերությունների միջոցով միմյանց կհանձնեն սույն Կոնվենցիայի թարգմանությունների պաշտոնական տեքստերը, ինչպես նաև այն օրենքները և որոշումները, որոնք նրանք կարող են ընդունել Կոնվենցիայի կիրառման ապահովման նպատակով:
Հոդված 146
Բարձր Պայմանավորվող Կողմերը իրենց վրա պարտավորություն են վերցնում գործողության մեջ դնել օրենսդրություն, որն անհրաժեշտ է այն անձանց համար քրեական արդյունավետ պատիժներ ապահովելու համար, որոնք կատարել են կամ հրամայել են կատարել սույն Կոնվենցիայի այս կամ այն լուրջ խախտումները, որոնք ցույց են տրված հաջորդ հոդվածում:
Յուրաքանչյուր Բարձր Պայմանավորվող Կողմ պարտավորվում է փնտրել այն անձանց, որոնք մեղադրվում են այն բանում, որ նրանք կատարել են կամ հրամայել են կատարել հիշատակված այս կա այն լուրջ խախտումը, և ինչպիսին էլ լինի նրանց քաղաքացիությունը, նրանց հանձնել իրենց դատարանին: Բարձր Պայմանավորվող Կողմը, եթե դա ցանկանում է, կարող է նաև իր օրենսդրության դրույթներին համապատասխան դատի համար նրանց հանձնել մյուս շահագրգիռ պայմանավորվող կողմին այն դեպքում, եթե այդ պայմանավորվող կողմն ունի ապացույցներ, որոնք այդ անձանց մեղադրանքի հիմք են տալիս:
Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ կձեռնարկի միջոցներ, որոնք անհրաժեշտ են խափանելու համար սույն Կոնվենցիայի դրույթներին հակասող բոլոր մյուս գործողությունները, անկախ հաջորդ հոդվածում թվարկված լուրջ խախտումներից:
Բոլոր հանգամանքներում մեղադրյալ անձինք կօգտվեն դատական պատշաճ ընթացակարգի երաշխիքներից և պաշտպանության իրավունքից, որոնք չպետք է նվազ նպաստավոր լինեն, քան նրանք, որոնք նախատեսված են ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևի Կոնվենցիայի 105 հոդվածում և հետագա հոդվածներում:
Հոդված 147
Նախորդ հոդվածում հիշատակված լուրջ խախտումներին են պատկանում այն խախտումները, որոնք կապված են ստորև նշված այս կամ այն գործողությունների հետ, այն դեպքերում, երբ այդ գործողություններն ուղղված են այն անձանց և գույքի դեմ, որոնց վրա տարածվում է սույն Կոնվենցիայի հովանավորությունը, կանխամտածված սպանությունը, տանջահարությունը և անմարդկային վերաբերմունքը, ներառյալ կենսաբանական փորձարկումները, կանխամտածված կերպով լուրջ չարչարանքի կամ լուրջ խեղման ենթարկելը, առողջությանը վնաս հասցնելը, հովանավորվող անձի անօրինական բռնագաղթը, տեղափոխումը և կալանումը, հովանավորվող անձին հարկադրելը ծառայելու հակառակորդ տերության զինված ուժերում կամ նրան սույն Կոնվենցիայով նախատեսվող անաչառ և նորմալ դատավարության իրավունքից զրկելը, պատանդ վերցնելը, ունեցվածքի անօրինական, կամայական, մեծ չափերի հասնող կործանումն ու յուրացումը, որոնք հարուցված չեն ռազմական անհրաժեշտությունից:
Հոդված 148
Ոչ մի Բարձր Պայմանավորվող Կողմի չի թույլատրվի իրեն կամ որևէ Բարձր Պայմանավորվող Կողմի ազատել այն պատասխանատվությունից, որ նրա կամ մյուս Բարձր Պայմանավորվող Կողմի վրա դրված է նախորդ հոդվածում նախատեսված խախտումների հետևանքով:
Հոդված 149
Կոնվենցիայի խախտման մասին ամեն մի պնդման առթիվ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից մեկի խնդրանքով պետք է սկսվի հետաքննություն այն ընթացակարգով, որ ենթակա է սահմանման շահագրգիռ կողմերի միջև:
Հետաքննության ընթացակարգի հարցի առթիվ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում, կողմերը, փոխադարձ պայմանավորվածությամբ, ընտրում են արբիտր, որը որոշում է ընթացակարգի հարցը:
Հենց որ խախտումը բացահայտվի, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կկասեցնեն այն և հնարավոր կարճ ժամկետում միջոցներ կձեռնարկեն պատժելու դրա համար:
ՄԱՍ 2
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 150
Սույն Կոնվենցիան կազմված է ֆրանսերեն և անգլերեն լեզուներով: Երկու տեքստերն էլ հավասարապես նույնական են:
Շվեյցարական Դաշնակցային Խորհուրդը կապահովի Կոնվենցիայի պաշտոնական թարգմանությունները ռուսերեն և իսպաներեն լեզուներով:
Հոդված 151
Սույն թվագրությամբ սույն Կոնվենցիան կարող է մինչև 1950 թ. փետրվարի 12-ը ստորագրվել այն կոնֆերանսում ներկայացված տերությունների կողմից, որը բացվել է Ժնևում 1949 թ. ապրիլի 12-ին:
Հոդված 152
Սույն Կոնվենցիան կվավերացվի հնարավորին չափ արագորեն և վավերագրերը կտրվեն ի պահ` Բեռնում: Յուրաքանչյուր վավերագրի հանձնման վերաբերյալ կկազմվի արձանագրություն, որի հաստատված պատճենը Շվեյցարական Դաշնակցային Խորհրդի կողմից կհանձնվի այն բոլոր տերություններին, որոնց անունից կստորագրվի կամ հայտարարություն կտրվի դրան միանալու մասին:
Հոդված 153
Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի վեց ամիս անց այն բանից հետո, հենց որ առնվազն երկու վավերագիր տրվի ի պահ:
Հետագայում Կոնվենցիան յուրաքանչյուր Բարձր Պայմանավորվող Կողմի համար ուժի մեջ կմտնի նրա վավերագիրը ի պահ հանձնելուց հետո վեց ամիս անց:
Հոդված 154
Ցամաքում պատերազմի օրենքների և սովորույթների մասին Հաագայի Կոնվենցիայով կապված տերությունների, լինի 1899 թ. հուլիսի 29-ի կամ 1907 թ. հոկտեմբերի 18-ի Կոնվենցիան, և սույն Կոնվենցիայի մասնակիցներ հանդիսացող տերությունների միջև հարաբերություններում, վերջինս կլրացնի վերը հիշատակված Հաագայի Կոնվենցիաներին կցված կանոնակարգի 2-րդ և 3-րդ մասերը:
Հոդված 155
Ուժի մեջ մտնելու օրվանից սույն Կոնվենցիան նրան միանալու համար բաց կլինի ամեն մի տերության առջև, որի անունից այս Կոնվենցիան չի ստորագրվել:
Հոդված 156
Ամեն մի միանալու մասին գրավոր կհայտարարվի Շվեյցարական Դաշնակցային Խորհրդին և այդ միանալը ուժի մեջ կմտնի վեց ամիս անց խորհրդի կողմից այդ հայտարարությունը ստանալուց հետո:
Շվեյցարական Դաշնակցային Խորհուրդը միանալու մասին կհաղորդի բոլոր այն տերություններին, որոնց անունից ստորագրվել է Կոնվենցիան կամ հայտարարություն է արվել միանալու մասին:
Հոդված 157
2-րդ և 3-րդ հոդվածներում նախատեսված դեպքերը անհապաղ ուժի մեջ կդնեն ի պահ տրված վավերագրերը, ինչպես նաև այն միջոցառումները, որոնց մասին հայտարարել են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը մինչև ռազմական գործողությունների սկսելը կամ օկուպացումը, կամ դրանցից հետո:
Շվեյցարական Դաշնակցային Խորհուրդը ամենաարագ ձևով կհաղորդի կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից ստացված վավերագրերի կամ միացումների մասին:
Հոդված 158
Բարձր Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը հնարավորություն կունենան չեղյալ հայտարարելու Կոնվենցիան:
Չեղյալ հայտարարելու մասին պետք է գրավոր հայտնվի Շվեյցարական Դաշնակցային Խորհրդին, որն այդ մասին կհաղորդի բոլոր Բարձր Պայմանավորվող Կողմերի կառավարություններին:
Չեղյալ հայտարարվելն ուժի մեջ կմտնի միայն Շվեյցարական Դաշնակցային Խորհրդին հաղորդելուց հետո մեկ տարի անց: Սակայն չեղյալ հայտարարելը, որի մասին հայտարարվել է այն ժամանակ, երբ չեղյալ հայտարարող տերությունը մասնակցում է կոնֆլիկտին, ուժ չի ունենա մինչև խաղաղության ստորագրումը և, համենայն դեպս, մինչև այն ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել սույն Կոնվենցիայի հովանավորությունից օգտվող անձանց ազատման, հայրենադարձման և բնակության վայրը վերադարձնելու օպերացիաները:
Չեղյալ հայտարարվելն ուժ կունենա միայն չեղյալ հայտարարած տերության վերաբերմամբ: Այն ոչ մի կերպ չի կարող ազդել այն պարտավորությունների վրա, որոնք կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պարտավոր կլինեն շարունակել կատարելու միջազգային իրավունքի սկզբունքների ուժով, քանի որ դրանք բխում են քաղաքակիրթ ժողովուրդների մեջ սահմանված սովորույթներից, մարդկայնության օրենքներից և մարդկային խղճի հրամայականից:
Հոդված 159
Շվեյցարական Դաշնակցային Խորհուրդը սույն Կոնվենցիան կգրանցի Միավորված Ազգերի Կազմակերպության քարտուղարությունում: Շվեյցարական Դաշնակցային Խորհուրդը Միավորված Ազգերի Կազմակերպության քարտուղարությանը կհայտնի նաև բոլոր վավերացումների, միացումների և չեղյալ հայտարարելու մասին, որոնք նա կստանա տվյալ Կոնվենցիայի կապակցությամբ:
Ի հավաստումն սույնի, ներքոստորագրյալները, համապատասխան լիազորություններ ներկայացնելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Արված է Ժնևում, 1949 թվականի օգոստոսի 12-ին ֆրանսերեն և անգլերեն լեզուներով. սույն Կոնվենցիայի բնագիրը կպահվի Շվեյցարական Կոնֆեդերացիայի արխիվներում, իսկ Կոնվենցիայի հաստատված պատճենները Շվեյցարական Դաշնակցային Խորհրդի կողմից կհանձնվեն այն ստորագրած կամ դրան միացած յուրաքանչյուր պետության:
Հավելված 1
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԳՈՏԻՆԵՐԻ ՈՒ ՏԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ
Հոդված 1
Սանիտարական և անվտանգ գոտիները նախատեսվում են բացառապես այն անձանց համար, որոնք հիշատակվում են գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին 1949 թվականի օգոստոսի 17-ի ժնևի Կոնվենցիայի 23 հոդվածում և պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիայի 14 հոդվածում, ինչպես նաև այլ անձնակազմի համար, որի վրա է դրված այդ գոտիների և տեղերի կազմակերպումը, դրանց կառավարումը և այն անձանց խնամքը, որոնք այնտեղ կկենտրոնացվեն:
Սակայն անձինք, որոնք մշտապես բնակվում են այդպիսի գոտիների տարածքում, իրավունք կունենան մշտապես լինելու այդ գոտիներում:
Հոդված 2
Որևէ հիման վրա սանիտարական կամ անվտանգ գոտիներից մեկում գտնվող ոչ մի անձ ոչ գոտու ներսում, ոչ դրանից դուրս չպետք է զբաղվի ոչ մի այնպիսի աշխատանքով, որն ուղղակի առնչություն ունի ռազմական գործողությունների և ռազմական նյութերի արտադրության հետ:
Հոդված 3
Սանիտարական և անվտանգ գոտի ստեղծած տերությունը կձեռնարկի բոլոր հարկ եղած միջոցներ այն բանի համար, որպեսզի արգելի այդ գոտու տարածք մուտքը բոլոր այն անձանց համար, որոնք այդ գոտին այցելելու կամ այնտեղ լինելու իրավունք չունեն:
Հոդված 4
Սանիտարական և անվտանգ գոտիները պետք է համապատասխանեն հետևյալ պայմաններին.
a/ դրանք կկազմեն միայն այն ստեղծած տերության կողմից վերահսկվող տարածքի ոչ մեծ մասը.
b/ դրանք պետք է լինեն թույլ բնակեցված այն բնակչության քանակի համեմատությամբ, որ նրանք կարող են տեղավորել,
c/ դրանք պետք է հեռու լինեն ամեն տեսակի ռազմական օբյեկտներից և որևէ խոշոր ձեռնարկություններից կամ վարչական հիմնարկներից, ինչպես նաև չունենան այդպիսիք,
d/ դրանք չպետք է գտնվեն շրջաններում, որոնք, ամենայն հավանականությամբ կարող են պատերազմի վարման համար նշանակություն ունենալ:
Հոդված 5
Սանիտարական և անվտանգության գոտիներին ներկայացվում են հետևյալ պահանջները.
a/ հաղորդակցության ուղիները և տրանսպորտային միջոցները, որոնք կարող են լինել այդ գոտիներում, չպետք է օգտագործվեն զորքերի և ռազմական նյութերի փոխադրման համար, անգամ տարանցիկ ուղիով,
b/ ոչ մի հանգամանքներում դրանք չեն պաշտպանի ռազմական միջոցներով:
Հոդված 6
Սանիտարական և անվտանգության գոտիները կնշվեն սպիտակ ֆոնի վրա շեղավուն կարմիր շերտագծերով, որոնք կտեղադրվեն գոտու ծայրամասերում և կառուցվածքների վրա:
Բացառապես վիրավորների և հիվանդների համար նախատեսված գոտիները կարող են նշվել սպիտակ ֆոնի վրա` Կարմիր խաչով (Կարմիր կիսալուսնով, Կարմիր առյուծով և Արևով):
Գիշերը դրանք կարող են նշվել նույն ձևով` համապատասխան լուսավորության օգնությամբ:
Հոդված 7
Խաղաղ ժամանակ կամ ռազմական գործողությունների սկզբին յուրաքանչյուր տերություն բոլոր Պայմանավորվող Կողմերին հայտնում է իր կողմից վերահսկվող սանիտարական և անվտանգության գոտիների, հիմնարկների ցուցակը: Այդ տերությունը նաև պետք է նրանց հայտնի ամեն մի նոր գոտու մասին, որն ստեղծվում է կոնֆլիկտի ժամանակ:
Վերը հիշատակված հաղորդումը հակառակորդ կողմի ստանալու պահից գոտին հանդիսանում է օրինական կարգով գոյություն ունեցող:
Սակայն, եթե հակառակորդ կողմը գտնի, որ սույն համաձայնագրի պայմաններից մեկնումեկը բացահայտորեն չի կատարվել, նա կարող է հրաժարվել գոտին ճանաչելուց, իր մերժման մասին հայտնելով այն կողմին, որի տնօրինության տակ է գտնվում այդ գոտին, կամ, իր կողմից ճանաչումը կախման մեջ դնել 8 հոդվածում նախատեսված` վերահսկողությունը սահմանելուց:
Հոդված 8
Հակառակորդ կողմի հիմնադրած մեկ կամ մի քանի սանիտարական անվտանգ գոտիներ ճանաչած յուրաքանչյուր տերություն իրավունք կունենա պահանջելու, որպեսզի մեկ կամ մի քանի հատուկ հանձնաժողովներ ստուգեն, թե գոտիները համապատասխանոևւմ են սույն համաձայնագրում շարադրված պայմաններին ու պահանջներին:
Դրա համար հատուկ հանձնաժողովների անդամները ցանկացած ժամանակ ազատ մուտք կունենա տարբեր գոտիներ և կարող են անգամ մշտապես այնտեղ բնակվել: Նրանց համար կստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի նրանք կարողանան կատարել հսկողության իրականացման իրենց պարտականությունները:
Հոդված 9
Այն դեպքում, եթե հատուկ հանձնաժողովներն արձանագրեն այնպիսի փաստեր, որոնք նրանց կարծիքով հակասում են սույն համաձայնագրի պայմաններին, նրանք պետք է այդ մասին անմիջապես ծանուցեն տերությանը, որի տնօրինության տակ է գտնվում գոտին, և նրան տան ամենաշատը հինգ օրվա ժամկետ, որի ընթացքում այդ փաստերը պետք է վերացվեն: Նրանք այդ մասին կծանուցեն գոտին ճանաչած տերությանը:
Եթե այդ ժամկետի ավարտին տերությունը, որի տնօրինության տակ է գտնվում գոտին, միջոցներ չձեռնարկի իրեն հղած նախազգուշացման առթիվ, հակառակորդ կողմը կարող է հայտարարել, որ այդ գոտու վերաբերմամբ ինքն այլևս կապված չէ սույն համաձայնագրով:
Հոդված 10
Տերությունը, որն ստեղծում է մեկ կամ մի քանի սանիտարական և անվտանգության գոտիներ, ինչպես նաև հակառակորդ կողմերը, որոնց կհայտնվի այդպիսի գոտիների գոյության մասին, կնշանակեն կամ հովանավոր տերություններին կամ այլ չեզոք տերություններին կխնդրեն նշանակել անձանց, որոնք կարող են մտնել այն հատուկ հանձնաժողովների կազմի մեջ, որոնց մասին հիշատակվում է 8 և 9 հոդվածներում:
Հոդված 11
Սանիտարական և անվտանգ գոտիները ոչ մի հանգամանքներում չեն կարող ենթարկվել հարձակման, դրանք ցանկացած ժամանակ կօգտվեն կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի հովանավորությունից և պաշտպանությունից:
Հոդված 12
Որևէ տարածքի օկուպացման դեպքում այնտեղ գտնվող սանիտարական և անվտանգության գոտիները պետք է նախկինի պես օգտվեն հարգանքից և օգտագործվեն որպես այդպիսիք:
Սակայն օկուպացրած տերությունը կարող է փոխել դրանց նշանակությունը, նախապես ապահովելով դրանցում տեղավորված անձանց ճակատագիրը:
Հոդված 13
Սույն համաձայնագրերը կկիրառվի նաև այն վայրերի նկատմամբ, որոնք տերությունների կողմից կօգտագործվեն այն նույն նպատակների համար, ինչպես որ սանիտարական և անվտանգության գոտիները:
Հավելված 2
ՔԱՑԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՑՈՒՅՑ ՏՐՎՈՂ ԿՈԼԵԿՏԻՎ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
Հոդված 1
Ներկալվածների կոմիտեներին կթույլատրվի բաշխել իրենց տնօրինության տակ գտնվող օգնության կոլեկտիվ ծանրոցները բոլոր այն ներկալվածների միջև, որոնք վարչական առումով պատկանում են ներկալման նրանց վայրին, ինչպես նաև նրանց միջև, ովքեր գտնվում են հիվանդանոցներում, բանտերում կամ ուրիշ ուղղիչ հիմնարկներում:
Հոդված 2
Օգնության կոլեկտիվ ծանրոցների բաշխումը կկատարվի նվիրատվությունների ցուցումների համաձայն և ներկալվածների կոմիտեի կողմից մշակված պլանին համապատասխան, սակայն բժշկական նյութեր պարունակող ծանրոցների բաշխումը կկատարվի գերադասելիորեն գլխավոր բժիշկների հետ համաձայնեցնելով, հիվանդանոցներում և լազարեթներում վերջիններս կարող են վերը նշված ցուցումներից շեղվել այնչափ, որչափ դա թելադրվում է նրանց հիվանդների պահանջմունքներով: Այս ձևով սահմանված շրջանակներում այդ բաշխումը պետք է մշտապես կատարվի արդարացիորեն:
Հոդված 3
Որպեսզի հնարավորություն ունենան ստուգել ստացված բեռների որակն ու քանակը և այդ հարցի առթիվ նվիրատուների համար մանրամասն զեկուցագրեր կազմեն, ներկալվածների կոմիտեների անդամներին կթույլատրվի մեկնել ներկալման նրանց վայրի մոտ գտնվող ե/գ կայարանները կամ ուրիշ այն կետերը, ուր նրանց համար հասցվում են օգնության կոլեկտիվ ծանրոցներ:
Հոդված 4
Ներկալվածների կոմիտեներին անհրաժեշտ հնարավորություններ կտրամադրվեն այն բանի համար, որպեսզի նրանք համոզվեն, որ օգնության կոլեկտիվ բեռների բաշխումը նրանց ներկալման վայրի բոլոր ստորաբաժանումներում և մասնաճյուղերում կատարվում է իրենց ցուցումներին համապատասխան:
Հոդված 5
Ներկալվածների կոմիտեներին կթույլատրվի լրացնել բլանկներ և հարցաթերթիկներ, որոնք նախատեսված են նվիրատուների համար և վերաբերում են օգնության կոլեկտիվ բեռներին (բաշխումը, պահանջարկը, քանակը և այլն), ինչպես նաև ներկալվածների կոմիտեների անդամներին աշխատանքային խմբերում կամ հիվանդանոցների և լազարեթների գլխավոր բժիշկներին հանձնարարել լրացնելու այդ բլանկները:
Պատշաճ կերպով լրացված այդ բլանկները և հարցաթերթիկները, առանց հապաղելու, կհանձնվեն նվիրատուներին:
Հոդված 6
Որպեսզի ապահովվի ներկալման իրենց վայրի ներկալվածների միջև օգնության կոլեկտիվ բեռների կանոնավոր բաշխումը և բավարարվեն այն պահանջմունքները, որոնք կարող են առաջանալ ներկալվածների նոր քանակակազմ ժամանելու կապակցությամբ, ներկալվածների կոմիտեներին կթույլատրվի ստեղծել և պահել օգնության կոլեկտիվ բեռների բավարար պաշարներ: Այդ նպատակի համար նրանք կունենան համապատասխան պահեստներ, ամեն մի պահեստ պետք է փակվի երկու կողպեքով, ընդսմին մեկ կողպեքի բանալին պետք է գտնվի ներկալվածների կոմիտեում, իսկ մյուսինը` ներկալվածների վայրի պարետի մոտ:
Հոդված 7
Բարձր Պայմանավորվող Կողմերը և, մասնավորապես, այն տերությունները, որոնց իշխանության տակ են գտնվում ներկալվածները, առավելագույն հնարավորության սահմաններում, բայց բնակչության պարենային մատակարարումը կարգավորող կանոնների հաշվառմամբ, իրենց տարածքում կթույլատրեն ցանկացած գնումներ ներկալվածների միջև կոլեկտիվ բեռների բաշխման նպատակով, նրանք նաև կաջակցեն փոխանցելու դրամական ֆոնդեր և անցկացնելու ֆինանսական, տեխնիկական և վարչական կարգի այնպիսի միջոցառումներ, որոնք նպատակ ունեն իրականացնելու այդ գնումները:
Հոդված 8
Վերը շարադրված որոշումները չպետք է խոչընդոտ հանդիսանան մինչև ներկալման վայրը ժամանելը կամ տեղափոխման ժամանակ օգնության կոլեկտիվ բեռներ ստանալու ներկալվածների իրավունքին, ոչ էլ ցանկացած եղանակներով, որոնք նրանք հարմար կգտնեն ստացողների միջև դրանց բաշխումը ապահովելու հովանավոր տերության, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կամ ցանկացած այլ այնպիսի մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչների հնարավորությանը, որն օգնություն է ցույց տալիս ներկալվածներին և որին հանձնարարված է այդ բեռների հանձնումը:
Հավելված 3
ՆԵՐԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՔԱՐՏ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|