Գլխավոր տեղեկություն
Համար
N 388-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.06.2014-04.08.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.04/32(906) Հոդ.172
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.05.2012
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 մայիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11012209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 մայիսի 2012 թ.

N 388-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ, ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ 120-200 ԺԱՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ՝ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 391-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 16-րդ հոդվածի 11-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի պահանջներով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը»` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 22-ի «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման և ավարտման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի ապրիլի 10-ի N 193-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 391-Ն հրամանը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության /պետ` Ն. Հովհաննիսյան/ և իրավաբանական /պետ` Վ. Բավեյան/ վարչություններին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի 2012 թ. մայիսի 5-ի

N 388-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ, ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ 120-200 ԺԱՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ՝ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ` Հաստատություն) սովորողի փոխադրման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման կազմակերպման և ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման գործընթացի կազմակերպման հետ կապված իրավահարաբերությունները` անկախ Հաստատության կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ՍՈՎՈՐՈՂԻ` ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՎԱՐՏՈՒՄԸ

 

2. 1-ին դասարանում սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան` գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով` բնութագրման միջոցով: Առանձին դեպքերում սովորողը կարող է կրկնել տվյալ ուսումնական տարվա դասընթացը`

1) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումի և Հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ,

2) դասվարի հիմնավորված առաջարկության հիման վրա՝ Հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ և ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնությամբ:

(2-րդ կետը խմբ. 28.03.13 N 272-Ն)

3. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան:

4. Առանձին գործող ավագ դպրոցների 10-րդ և 11-րդ դասարաններում Հաստատության կանոնադրությամբ սահմանված փոխադրական քննությունները գնահատվում են 10 միավորային համակարգով.

1) քննական առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդական միավորումների կողմից,

2) քննությունները անցկացվում են գրավոր,

3) 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան,

4) 1-3 միավոր գնահատված սովորողը վերաքննություններ է հանձնում օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում:

5. 4-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 1-ին աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և գիտելիքների ստուգումից 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան:

6. 9-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 2-րդ աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան՝ 4-10 միավոր և ավարտական քննություններից՝ 8-20 միավոր գնահատված սովորողը ստանում է հիմնական կրթության վկայական:

7. 12-րդ դասարանում (ուսումնական հաստատության հանրակրթական հիմնական ծրագրերի 3-րդ աստիճանի ավարտական դասարան) ուսումնական բոլոր առարկաներից տարեկան՝ 4-10 և պետական ավարտական քննություններից` 8-20 միավոր, ինչպես նաև «Ֆիզկուլտուրա» և ռուսերենով ուսուցմամբ դասարաններում «Ռուս գրականություն» առարկաների պետական ավարտական քննություններից` 4-10 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ:

(7-րդ կետը խմբ. 20.07.12 N 728-Ն)

8. Հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող սովորողն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է քննություն հանձնել էքստեռն կարգով: Այդ քննության արդյունքը հիմք է միջնակարգ կրթության ատեստատում տարեկան, իսկ քննական առարկայի դեպքում` քննական և տարեկան գնահատականներ նշանակելու համար:

9. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում մինչև երկու առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողի փոխադրման կամ ավարտման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում, նրա հանձնած վերաքննությունների արդյունքներով: Վերաքննությունների առաջադրանքները մշակվում են Հաստատության համապատասխան մեթոդմիավորման կողմից:

(9-րդ կետը փոփ. 20.07.12 N 728-Ն)

10. 9-րդ դասարանի սովորողը, որի տարեկան` 1-3 և (կամ) ավարտական քննություններից` 1-7 միավորների ընդհանուր թիվը չի գերազանցում երկուսը, վերաքննությունները հանձնում է օգոստոսի 20-30-ը:

11. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարաններում վերաքննության արդյունքում մեկ կամ երկու առարկայից 1-3 միավոր գնահատված սովորողը՝

1) չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է դասընթացը կամ

2) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա փոխադրվում է հաջորդ դասարան` պայմանով, որ մինչև հաջորդ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը պետք է հանձնի 1-3 միավոր գնահատված առնվազն մեկ առարկայի քննությունը, իսկ երկրորդը` տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում: Սույն կետում նշված վերաքննությունները չհանձնելու դեպքում սովորողը կրկնում է սույն կարգի 11-րդ կետում նշված պայմանով փոխադրված դասարանի դասընթացը՝ անկախ տվյալ դասարանում ստացած գնահատականներից:

12. 11-րդ դասարանում վերաքննության արդյունքում մեկ կամ երկու առարկայից 1-3 միավոր գնահատված սովորողը`

1) չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է դասընթացը կամ

2) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա փոխադրվում է հաջորդ դասարան` պայմանով, որ մինչև հաջորդ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը պետք է հանձնի երկու առարկաների վերաքննությունները:

Սույն կետով նշված վերաքննությունները չհանձնելու դեպքում սովորողը կրկնում է սույն կետում նշված պայմանով փոխադրված դասարանի դասընթացը՝ անկախ տվյալ դասարանում ստացած գնահատականներից:

13. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական երեք և ավելի առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողները կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը:

14. 4-րդ դասարանի երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան և գիտելիքների ստուգումից 1-3 միավոր գնահատված սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը:

15. 16 տարին չլրացած 9-րդ դասարանի և 19 տարին չլրացած 12-րդ դասարանի սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե՝

1) երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 միավոր է գնահատվել,

2) ավարտական քննությունների ընթացքում 1-7 և տարեկան` 1-3 միավորների ընդհանուր թիվը կազմում է երեք և ավելի,

3) վերաքնությունները հանձնելուց հետո առնվազն մեկ ուսումնական առարկայից ստացել է 1-7 միավոր:

(15-րդ կետը լրաց. 20.07.12 N 728-Ն)

16.Սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետի, 12–րդ կետի 1-ին ենթակետի, 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերի համաձայն` հանրակրթական ծրագիրը կրկնող սովորողի համար ուսուցում կազմակերպելու նպատակով Հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է առարկայական մասնագիտական խումբ:

Հիմք ընդունելով մասնագիտական խմբի կարծիքը և առաջարկությունները՝ սովորողի փաստացի առարկայական գիտելիքների մասին, Հաստատության տնօրենը հաստատում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից անհատական ուսուցման ծրագրեր և լրացուցիչ պարապմունքների ժամանակացույց:

(16-րդ կետը խմբ. 20.07.12 N 728-Ն)

17. Սովորողին ամառային առաջադրանք տալու կամ դասընթացը կրկնելու վերաբերյալ Հաստատության մանկավարժական խորհրդի որոշման մասին, տնօրենի հանձնարարությամբ, սովորողի ծնողին (օրինական ներկայացուցչին) տեղյակ է պահում դասղեկը` մանկավարժական խորհրդի նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր ծանուցմամբ:

18. 16-19 տարեկան 9-րդ դասարանի սովորողը ծնողի (կամ օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա կարող է թողնել Հաստատությունը, եթե՝

1) երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 միավոր է գնահատվել,

2) ավարտական քննությունների արդյունքում 1-7 և տարեկան` 1-3 միավորների ընդհանուր թիվը կազմում է երեք և ավելի ուսումնական առարկաներից,

3) վերաքննությունների արդյունքում առնվազն մեկ առարկայից ստացել է 1-7 միավոր:

19. 19 տարին լրացած` երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 և (կամ) քննական 1-7 միավոր գնահատված 9-րդ և 12-րդ դասարանների սովորողը դուրս է մնում Հաստատությունից:

20. Մինչև 19 տարեկան 9-րդ և 12-րդ դասարանի սովորողը, տարեկան 1-3 և (կամ) ավարտական քննություններից 1-7 միավոր գնահատված լինելու դեպքում (եթե ընդհանուր թիվը չի գերազանցում երկուսը), վերաքննություն է հանձնում՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Օտար լեզու», «Մաթեմատիկա», «Բնագիտություն» և «Հայոց պատմություն» առարկաներից` հուլիսի 2-8-ը և (կամ) օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում` իր Հաստատությունում` ԳԹԿ-ի քննական առաջադրանքներով, իսկ ուսումնական պլանով նախատեսված մյուս առարկաներից՝ իրենց Հաստատության՝ մեթոդմիավորումների կողմից մշակված քննական առաջադրանքներով՝ օգոստոսի 20-30-ը:

(20-րդ կետը խմբ. 20.07.12 N 728-Ն, լրաց. 08.05.14 N 491-Ն)

20.1 Սույն կարգի 20-րդ կետով նախատեսված քննությունները չհանձնելու դեպքում 12-րդ դասարանի, ինչպես նաև 16 տարին լրացած 9-րդ դասարանի այն սովորողները, որոնց տարեկան գնահատականները ամփոփվել են, ավարտական կամ պետական ավարտական քննություններից գնահատվել են 1-3 և (կամ) 1-7 միավոր կամ չեն մասնակցել ավարտական կամ պետական ավարտական քննություններին՝ կարող են հաջորդ տարի իրենց Հաստատությունում հանձնել քննություններ, ստանալ միջնակարգ կրթության ատեստատ կամ հիմնական կրթության վկայական:

(20.1-ին կետը լրաց. 03.03.14 N 145-Ն)

21. 19 տարին լրացած 9-րդ և 12-րդ դասարանի արական սեռի սովորողները, քննաշրջանի ավարտից հետո տարեկան 1-3 և (կամ) քննական՝ 1-7 միավոր գնահատված լինելու դեպքում դուրս են մնում Հաստատությունից: Այդ սովորողները իրավունք ունեն քննություն(ներ) հանձնել և հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալ.

1) զորացրվելուց անմիջապես հետո իր ուսումնառած Հաստատությունում՝ ավարտական, պետական ավարտական քննությունների և (կամ) վերաքննությունների համար սահմանված ժամկետներում,

2) ընթացիկ տարվա գարնանային զորակոչին զինվորական ծառայության մեկնածները՝ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում՝ զորամասի հրամանատարության համաձայնությամբ՝ իրենց ուսումնական Հաստատությունում,

3) ծառայության ընթացքում՝ զորամասի հրամանատարության համաձայնությամբ՝ իրենց ուսումնական հաստատությունում, ավարտական, պետական ավարտական քննությունների և (կամ) վերաքննությունների համար սահմանված ժամկետներում:

(21-րդ կետը խմբ. 20.07.12 N 728-Ն)

22. 19 տարին լրացած 9-րդ և 12-րդ դասարանի իգական սեռի, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված քաղաքացիներին իրավունք է վերապահվում հաջորդ տարի նույն Հաստատությունում հանձնել քննություններ այդ առարկաներից, իսկ նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում` այդ բնակավայրում գտնվող Հաստատություններից մեկում:

(22-րդ կետը լրաց. 20.07.12 N 728-Ն)

23. 9-րդ և 12-րդ դասարանների քննական առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողների վերաքննությունների արդյունքները հիմք են հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում տարեկան և քննական գնահատականներ նշանակելու համար:

«Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հանրահաշիվ», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և «Երկրաչափություն» առարկաներից տարեկան գնահատականները նշանակվում են «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց լեզու, հայ գրականություն» և «Մաթեմատիկա» քննական առարկաների գնահատականների հիման վրա:

24. 12-րդ դասարանի սովորողի կողմից, բնագիտական կամ օտար լեզուների առարկայախմբից` 2011 թվականի ապրիլի 28-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 238-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 686-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված միասնական քննությունից (այսուհետ` միասնական քննություն) երկու առարկա ընտրելու դեպքում, միջնակարգ կրթության ատեստատում լրացվում է սովորողի կողմից նախընտրած առարկայի միասնական քննության ավարտական մասի գնահատականը:

25. Բնագիտական կամ օտար լեզուների առարկայախմբի 2 առարկաներից վերաքննություններ հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում քննական գնահատականը լրացվում է սովորողի ընտրությամբ:

26. Սույն կարգի 18-րդ կետի, 19-րդ, 20-րդ, 21-րդ կետերի 1-ին ենթակետով և 24-րդ կետի պահանջներին համապատասխան` քննություն չհանձնած սովորողներին հետագայում իրավունք է վերապահվում ընդհանուր հիմունքներով հանձնել էքստեռն ավարտական քննություններ և ստանալ Հաստատության ավարտական փաստաթուղթ (վկայական կամ ատեստատ):

27. 2-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում տարեկան 9-10, առանձին գործող ավագ դպրոցներում՝ նաև 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից 9-10 միավոր գնահատված սովորողը պարգևատրվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) գովասանագրով:

(27-րդ կետը խմբ. 20.07.12 N 728-Ն)

28. 8-րդ և 9-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից տարեկան 9-10 և քննական 18-20 միավոր գնահատված սովորողը ստանում է «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական: Որևէ առարկայից (բացի առողջության պատճառով «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկաներից ազատված լինելու դեպքերը) չգնահատված հիմնական դպրոցի սովորողը «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական չի ստանում:

(28-րդ կետը լրաց., փոփ. 20.07.12 N 728-Ն)

29. 12-րդ դասարանում տարեկան 9-10 միավոր գնահատված սովորողը Հաստատության կողմից ներկայացվում է որպես գերազանցության Մեդալի հավակնորդ` պահպանելով սույն կարգի 48 և 49 կետերի պահանջները:

30. Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչներն ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում` հաշվի առնելով սովորողի կիսամյակային գնահատականները:

31. «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա` հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունն ավարտելու վրա:

(31-րդ կետը փոփ. 20.07.12 N 728-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ 120-200 ԺԱՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ՝ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

32. Ուսումնական տարվա ընթացքում, մինչև սույն կարգի 33-րդ կետով սահմանված ժամկետում 120-200 ժամ դասերից բացակայած 2-12-րդ դասարանների սովորողի հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունից դուրս մնալու հարցը քննարկվում է մանկավարժական խորհրդում մինչև մայիսի 15-ը:

33. Սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում և ամփոփվում է ուսումնական պարապմունքների ավարտից 15 օր առաջ:

34. Հաստատության տնօրենը հաստատում է 5 քննական առարկաների ցանկը, ժամանակացույցը և տեղեկացնում է Նախարարությանն ու լիազոր մարմնին: Քննություններին կարող են մասնակցել Նախարարության և (կամ) լիազոր մարմնի ներկայացուցիչը (ները):

35. Հաստատության մանկավարժական խորհուրդը կազմում և տնօրենի հաստատմանն է ներկայացնում տեղեկանք՝ 2-12-րդ դասարանների սովորողի բացակայությունների քանակի, դրանց բնույթի վերաբերյալ:

1) 10-12-րդ դասարանների սովորողների մասին տեղեկանքը՝ Հաստատության տնօրենի կողմից ներկայացվում է Նախարարություն` որոշում կայացնելու համար:

2) Նախարարությունը, 5 աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում է որոշում և տեղեկացնում է Հաստատության տնօրենին:

36. Բոլոր դասարանների քննական առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդմիավորումների կողմից՝ առնվազն 3 տարբերակով:

37. Քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների հիման վրա նշանակվում են սովորողի տարեկան գնահատականները:

(37-րդ կետը խմբ. 20.07.12 N 728-Ն)

38. Որևէ կիսամյակում 120-200 ժամ բացակայության դեպքում սովորողի կիսամյակային գնահատականները չեն նշանակվում՝ անկախ ընթացիկ գնահատականների առկայությունից.

1) Տվյալ կիսամյակի կիսամյակային գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով՝ մանկավարժական խորհրդի կողմից սահմանված ժամանակացույցի՝ սույն կարգի համաձայն: Տարեկան գնահատականները որոշվում են երկու կիսամյակների գնահատականների հանրագումարների միջինացման արդյունքում:

2) Ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայության դեպքում բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով՝ մանկավարժական խորհրդի կողմից սահմանված ժամանակացույցի՝ սույն կարգի համաձայն:

(38-րդ կետը խմբ. 20.07.12 N 728-Ն, 28.03.13 N 272-Ն, 08.05.14 N 491-Ն)

39. 200 ժամից ավելի բացակայելու կամ սույն կարգի 34-րդ և 37-րդ կետերով նախատեսված քննություններից և ամփոփիչ ստուգողական աշխատանքներից (10 միավորային համակարգում)՝ 1-3 միավոր գնահատված լինելու դեպքերում՝ սովորողը, կրկնում է դասընթացը, իսկ 9-րդ և 12-րդ դասարանների 19 տարին լրացած սովորողը դուրս է մնում ուսումնական հաստատությունից:

(39-րդ կետը խմբ. 20.07.12 N 728-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

40. Հաստատությունների 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների սովորողների գիտելիքների ստուգումը, ավարտական և պետական ավարտական, այդ թվում` ուսման մեջ գերազանց առաջադիմության համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գերազանցության մեդալի (այսուհետ` Մեդալ) հավակնորդների քննությունների կազմակերպումն ու անցկացումն իրականացվում է սույն կարգի և ՀՀ կրթության և գիտության նախարարի` տվյալ ուսումնական տարվա համար հաստատած սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամանակացույցի և աշխատակարգի համաձայն:

41. 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները «Հանրահաշիվ», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և (կամ) «Երկրաչափություն» առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված լինելու դեպքում չեն մասնակցում «Մաթեմատիկայի» ավարտական, 12-րդ դասարանում` պետական ավարտական քննություններին:

42. 9-րդ և 12-րդ դասարանի սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի վերաքննության արդյունքը հիմք է հանդիսանում հիմնական կրթության վկայականում՝ «Երկրաչափություն» և «Հանրահաշիվ», միջնակարգ կրթության ատեստատում՝ «Երկրաչափություն» և «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկաներից տարեկան, «Մաթեմատիկա» առարկայից քննական գնահատական նշանակելու համար:

(42-րդ կետը խմբ. 20.07.12 N 728-Ն)

43. 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները, «Հայոց լեզու» կամ «Գրականություն» («Հայ գրականություն») առարկաներից կամ երկուսից միաժամանակ տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում, չեն մասնակցում 9-րդ դասարանում «Հայոց լեզու, գրականություն» առարկայի ավարտական, 12-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն» պետական ավարտական քննություներին և հանձնում են վերաքննություն սույն կարգի 20-րդ կետում նշված ժամանակահատվածներում:

Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում «Հայոց լեզու», «Գրականություն» առարկաներից տարեկան և «Հայոց լեզու, գրականություն» առարկայից քննական և միջնակարգ կրթության ատեստատում` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» առարկաներից տարեկան և «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննական գնահատականներ նշանակելու համար:

(43-րդ կետը խմբ. 20.07.12 N 728-Ն)

44. Եթե 9-րդ կամ 12-րդ դասարանի սովորողը «Հայոց լեզու» առարկան ուսումնասիրել է վերջին երկու ուսումնական տարիներին, ապա հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում այդ առարկայի համապատասխան տողում, սովորողի ցանկությամբ, կարող է գրվել` «չի ուսումնասիրել» բառերը: Սովորողն իր ցանկությամբ կարող է ազատվել 9-րդ դասարանում` «Հայոց լեզու, գրականություն» առարկայի ավարտական և 12-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննություններից: Այդ դեպքում ավարտական փաստաթղթի համապատասխան տողում գրվում է` «ազատված է»:

Սույն կետում նշված գրառումների բացակայության դեպքում սովորողը մասնակցում է «Հայոց լեզու, գրականություն» առարկայի ավարտական և 12-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննություններին:

45. Հաստատությունների պետական ավարտական քննությունները կազմակերպելու և վերահսկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվում է հանրապետական հանձնաժողով:

46. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողները ազատվում են գիտելիքների ստուգումից (4-րդ դասարան), ավարտական (9-րդ դասարան) և պետական ավարտական (12-րդ դասարան) քննություններից: Նրանց տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ)` առանց քննական գնահատականների:

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՈՒՍՄԱՆ ՄԵՋ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

47. Մեդալի ներկայացվում է 9-րդ դասարանը հիմնական կրթության գերազանցության վկայականով ավարտած և 10-12-րդ դասարաններում բոլոր առարկաներից տարեկան, իսկ առանձին գործող ավագ դպրոցներում նաև 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից 9 կամ 10 միավոր գնահատված սովորողը:

48. Ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկայից չգնահատված սովորողը, որպես Մեդալի հավակնորդ, չի ներկայացվում, բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) առողջության պատճառով «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկաներից ազատված լինելը,

2) առանձին գործող ավագ դպրոցների բնագիտամաթեմատիկական և արհեստագործական հոսքերում ուսումնառության երեք տարիների ընթացքում «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների` ուսումնական պլաններով չնախատեսված լինելը,

3) միջազգային պայմանագրի համաձայն` ուսումնառության ընթացքում մեկ անգամ, մեկ տարի արտերկրում ուսում ստացած և ՀՀ վերադարձած սովորողի կողմից առանձին առարկաներ չուսումնասիրելը,

4) դպրոցում համապատասխան մասնագետի բացակայության պատճառով որևէ առարկայի չուսումնասիրելը:

49. Մեդալի հավակնորդ սովորողների նախնական ցուցակները մինչև տվյալ ուսումնական տարվա մարտի 21-ը Հաստատությունները ներկայացնում են մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն (այսուհետ` Վարչություն), իսկ Նախարարության ենթակայության, ինչպես նաև ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների նախնական ցուցակները՝ Նախարարություն:

50. Մինչև մայիսի 1-ը Վարչությունները և Նախարարությունը Հաստատություններում ստուգում են ներկայացված փաստաթղթերի օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Մինչև մայիսի 10-ը Վարչությունները նախնական ցուցակները ներկայացնում են Նախարարություն: Ներկայացված Մեդալի հավակնորդների փաստաթղթերը Նախարարությունում կարող են կրկնակի ուսումնասիրվել:

51. Նախարարությունը, մինչև մայիսի 25-ը, մարզպետարաններ (Երևանի քաղաքապետարան) է ներկայացնում Մեդալի հավակնորդների վերջնական ցուցակները:

(51-րդ կետը փոփ. 28.03.13 N 272-Ն)

 

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ

 

52. Մեդալի հավակնորդ բոլոր սովորողները (անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից և անկախ հաստատությունում ուսուցման լեզվից), այդ թվում` սույն կարգի 48-րդ կետի 1-4 ենթակետերի հիմքով քննություններին մասնակցող սովորողները, «Հայոց լեզու և հայ գրականություն» և (կամ) «Մաթեմատիկա» առարկաների պետական ավարտական քննությունները հանձնում են կենտրոնացված կարգով` մարզկենտրոններում (Երևան քաղաքում).

1) Մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, որոնց համար «Հայոց լեզու և հայ գրականություն» և (կամ) «Մաթեմատիկա» առարկաները համարվում են բուհական ընդունելության մրցութային քննություն, քննություն են հանձնում միասնական համակարգով (պետական ավարտական քննության միավորները հաշվարկվում են միասնական քննության ավարտական մասի գնահատականի հիման վրա):

53. «Հայոց լեզու և հայ գրականություն» և (կամ) «Մաթեմատիկա» առարկաները ոչ մրցութային լինելու դեպքում Մեդալի հավակնորդի համար հիմք է կենտրոնացված համակարգով հանձնված պետական քննական առարկայի գնահատականը:

54. Կենտրոնացված համակարգով հանձնվող «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից պետական ավարտական քննություններն անցկացվում են Նախարարության կողմից նախապես որոշված` մարզի (Երևան քաղաքի) որևէ Հաստատությունում` տվյալ քննությունների համար սահմանված օրերին:

Պետական ավարտական քննությունների նախապատրաստման համար պատասխանատու է Հաստատության տնօրենը: Քննությունների ընթացքը և աշխատանքների ստուգումը վերահսկում են Նախարարության ներկայացուցիչները:

(54-րդ կետը խմբ. 28.03.13 N 272-Ն)

55. «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների քննական աշխատանքները ստուգվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության հաջորդ օրը ժամը 1100 -ից` ԳԹԿ-ի համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե Նախարարության ներկայացուցիչն է: Հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ: Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը, պահվում են քննական հանձնաժողովի նախագահի մոտ:

«Հայոց պատմություն», «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» կամ «Աշխարհագրություն» առարկաներից` Մեդալի հավակնորդի ընտրությամբ), «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներ` Մեդալի հավակնորդի ընտրությամբ), «Ֆիզկուլտուրա» ավարտական պետական քննությունները Մեդալի հավակնորդը հանձնում է իր Հաստատությունում` նույն կարգով, ինչ կարգով մյուս շրջանավարտները: Նշված առարկաների քննությունների անցկացումը վերահսկվում է Նախարարության կողմից:

56. Մեդալի հավակնորդ սովորողի, ինչպես նաև Հաստատության մյուս սովորողների համար քննական առաջադրանքները բովանդակությամբ ու կառուցվածքով նույնն են:

57. Մինչև հունիսի 25-ը Հաստատությունը մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) Վարչություն է ներկայացնում տեղեկանք` Հաստատությունում մյուս չորս առարկաներից մեդալի հավակնորդ շրջանավարտի հանձնած պետական քննությունների արդյունքների մասին: Ստացված արդյունքները ընդհանրացվում են մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) Վարչությունում և մինչև հունիսի 28-ը ներկայացվում են Նախարարություն: Նախարարության ենթակայության Հաստատությունները սույն կետով նախատեսված տեղեկանքը նույն ժամկետում ներկայացնում են Նախարարություն:

58. Ավարտական քննություններից 20 միավորային համակարգում` 18, 19, 20 կամ 10 միավորային համակարգում` 9, 10 միավոր ստացած Մեդալի հավակնորդները պարգևատրվում են Մեդալով:

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 20.07.12 N 728-Ն, խմբ., փոփ. 28.03.13 N 272-Ն, լրաց. 03.03.14 N 145-Ն, լրաց., խմբ. 08.05.14 N 491-Ն)