Գլխավոր տեղեկություն
Համար
N 34-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.03.03/4(483).1 Հոդ.82.3
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.02.2014
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10214084

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 փետրվարի 2014 թ.

ք. Երևան

N 34-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 179-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 1-ի N 1417-Ն որոշման 3-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը հաստատելու մասին» N 179-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Հ. Թովմասյան

 

 

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2014 թվականի փետրվարի 10-ի

N 34-Ն հրամանի

 

 

«Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2005 թվականի դեկտեմբերի 1-ի

N 179-Ն հրամանի

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Պետական կազմակերպություն) գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընթացակարգով (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) սահմանվում են պետական կազմակերպության գործադիր մարմինների ընտրության (նշանակման) պայմանները, ինչպես նաև նրանց ներկայացվող ընդհանուր որակական և մասնագիտական պահանջները։

2. Մրցույթով երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Պետական կազմակերպության գործադիր մարմինների թափուր պաշտոն զբաղեցնելու հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

3. Մրցույթին մասնակցելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության այն գործունակ, չափահաս քաղաքացին, որը տիրապետում է գրական հայերենին։

4. Պետական կազմակերպության գործադիր մարմինների ընտրության պարտադիր պայմաններն են`

1) համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն.

2) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).

4) պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:

5. Պետական կազմակերպության գործադիր մարմինների ընտրության (նշանակման) լրացուցիչ պայմաններն են`

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.

5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

6. Պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնի հավակնորդների` սույն ընթացակարգով նախատեսված պարտադիր պայմանները հավասարապես բավարարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ՝ Նախարար) կողմից կարող է հաշվի առնվել նաև այս կամ այն լրացուցիչ չափանիշը կամ դրանցից մի քանիսը միաժամանակ:

7. Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը`

1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը.

3) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.

4) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել կամ որը զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

6) որը նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:

8. Պետական կազմակերպության գործադիր մարմինների թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը (այսուհետ՝ Աշխատակազմ): Սույն ընթացակարգով մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարն է:

9. Պետական կազմակերպության գործադիր մարմինների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է Նախարարի հրամանով սահմանված կարգով ստեղծված մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով)` բաղկացած 7 անդամից: Պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ընտրության Մրցութային հանձնաժողովի կազմում ներգրավվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության մեկական ներկայացուցիչ, որոնց թեկնածությունները առաջադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից։

10. Պետական կազմակերպության գործադիր մարմիններն ընտրվում (նշանակվում) են մրցութային կարգով։

11. Պետական կազմակերպության գործադիր մարմինների թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով:

Բաց մրցույթ հայտարարելու մասին հրամանն ընդունում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը։

12. Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է Աշխատակազմը։

14. Հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև ինտերնետում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում և www.azdarar.am Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, 5-օրյա պարբերականությամբ առնվազն 2 անգամ։

15. Հայտարարության մեջ պետք է պարտադիր նշվեն առնվազն հետևյալ տվյալները՝

1) թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվելու է մրցույթ.

2) մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վայրը և ժամկետը, որը չի կարող մրցույթ անցկացնելու մասին վերջին հայտարարության հրապարակման օրվանից հաշված մեկ ամսվանից պակաս լինել.

3) մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը.

4) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (նյութերը).

5) հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները)։

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

16. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում,

2) մեկ լուսանկար 3 x 4 չափսի,

3) անձնագրի պատճենը,

4) քաղվածք` աշխատանքային գրքույկից,

5) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

6) ինքնակենսագրություն,

7) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),

8) արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները,

9) տեղեկանք` մշտական բնակության վայրից,

10) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),

11) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):

17. Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։

Աշխատակազմը սույն կետում նշված քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում դրանք։

18. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմը վարում է մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման համարակալված և նախարարության կնիքով կնքված մատյան: Գրառումը կատարվում է փաստաթղթերի ընդունման օրը:

Աշխատակազմը մրցույթից առնվազն մեկ ամիս առաջ մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին ապահովում է թեստային առաջադրանքներով:

19. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացի կարող է մինչև մրցույթի կայանալը գրավոր հրաժարվել մրցույթին մասնակցելուց:

20. Նախապատրաստական աշխատանքներ իրականացնող Աշխատակազմը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը (համարակալված, կարված և կնքված) ներկայացնում է Հանձնաժողովին:

21. Հանձնաժողովի նախագահը նախապատրաստական աշխատանքներն իրականացնող Աշխատակազմից ստանում է Հանձնաժողովի կնիքը և դիմորդների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթերը (երկու օրինակից):

22. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը գումարած նիստում քննության է առնում ներկայացված փաստաթղթերը և կայացնում համապատասխան որոշում մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին: Հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն ընթացակարգի 18-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են: Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է հրավիրել և լսել նաև մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացուն: Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների (այսուհետ՝ Մասնակիցներ) ցուցակը: Այդ որոշումը հրապարակվում է մինչև թեստավորման փուլի սկիզբը:

23. Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության մրցույթը կայանում է, եթե մրցույթին դիմել է թեկուզ մեկ քաղաքացի, իսկ պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար, եթե դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով: Եթե մրցույթը սույն ընթացակարգով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:

Եթե Հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում՝ մրցույթը չկայացած համարելու մասին:

24. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:

25. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը մրցույթի բոլոր մասնակիցների ներկայությամբ, Աշխատակազմի կողմից նախօրոք կազմված և համակարգչում զետեղված թեստային առաջադրանքներից պատահական ընտրությամբ ընտրում է մեկ միասնական թեստ՝ բաղկացած 50 հարցից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է: Հանձնաժողովին տրվում են համակարգչից դուրս բերված թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները:

26. Թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում`

1) ՀՀ Սահմանադրություն` 3 հարց.

2) ՀՀ քաղաքացիական օրենսգիրք` 5 հարց.

3) ՀՀ աշխատանքային օրենսգիրք` 3 հարց.

4) «Հարկերի մասին» ՀՀ օրենք՝ 5 հարց.

5) «Գնումների մասին» ՀՀ օրենք՝ 5 հարց.

6) «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք` 5 հարց.

7) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք` 5 հարց.

8) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք՝ 4 հարց.

9) ՀՀ կառավարության 2002 թ. նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1917-Ն որոշում` 5 հարց.

10) տվյալ բնագավառի իրավասությունը սահմանող այլ իրավական ակտեր` 10 հարց:

 

IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

27. Թեստավորումն անցկացվում է գրավոր:

28. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

29. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ: Մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

30. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին տալիս է սույն ընթացակարգի 21-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ՝ երկու օրինակից: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, մասնակիցը ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, և անջատելով այն հիմնական մասից, գցում է ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ:

31. Մասնակցի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտերը մաքրելն արգելվում է: Այդ դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:

32. Թեստավորման ժամանակ մասնակիցները, կտրոնները հանձնելուց հետո, ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր:

33. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը մասնակիցներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:

34. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ պատասխան:

Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում՝ Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե մասնակիցը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

35. Մասնակիցը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

36. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելու դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան:

37. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառելուց հետո, մասնակիցն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է Հանձնաժողովի քարտուղարին: Մասնակիցը, աշխատանքը հանձնելիս, Հանձնաժողովի քարտուղարին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի վրա, կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:

38. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է 60 րոպե ժամանակ:

39. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է մասնակիցներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքների կատարման համար:

40. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները և ամփոփաթերթը հանձնել հանձնաժողովին: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա:

 

V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

41. Հանձնաժողովի անդամները ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոնների և հիմնական մասերի քանակը՝ կազմելով համապատասխան արձանագրություն:

42. Թեստավորման աշխատանքներն ստուգվում են սույն ընթացակարգով նախատեսված թեստերի հետ միաժամանակ պատրաստված և մինչև թեստավորում անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:

43. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են մասնակիցների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները:

44. Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է Հանձնաժողովի կնիքով:

45. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում` ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն ընթացակարգի 34-րդ կետով նախատեսված դեպքը:

46. Ստուգման աշխատանքներն ավարտվելուց հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են թեստավորման սենյակ: Հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, ինչը արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

47. Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունը, անունը, հայրանունը: Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը, ստանում է իր կտրոնը, Հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, ինչն անմիջապես արձանագրվում է: Չներկայացած մասնակիցների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ, Հանձնաժողովի նախագահի կողմից, բարձրաձայն հայտարարվում են և արձանագրվում: Դրանից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր մասնակցի հավաքած միավորները (տոկոսը):

48. Մասնակիցների հավաքած միավորները (տոկոսները) հայտարարելուց անմիջապես հետո Հանձնաժողովը հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:

49. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին՝ պատասխանների հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:

50. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տված հնարավոր սխալի վիճարկումն է:

51. Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

52. Եթե Հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա Հանձնաժողովը բավարարում է մասնակցի պահանջը՝ կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

53. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում՝ բողոքարկման համար սույն ընթացակարգի 49-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, Հանձնաժողովը հրապարակում է մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը:

Մասնակիցը հաջորդ՝ հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

54. Եթե մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան տված միակ մասնակիցը կամ բոլոր մասնակիցները հրաժարվել են (գրավոր կամ բանավոր) մասնակցել հարցազրույցի փուլին, ապա Հանձնաժողովը ընդունում է որոշում՝ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումն ուղարկում է Նախարարին:

 

VI. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

55. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց: Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը ձայնագրվում է: Հարցազրույցը ձայնագրելուց առաջ Հանձնաժողովը տեղում ստուգում և համոզվում է, որ ձայնագրիչը սարքին է:

56. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով, որոնք բաղկացած են հինգ հարցից՝ Պետական կազմակերպության գործադիր մարմնի լիազորությունների շրջանակներում՝ մասնակցի գործնական կարողությունները ստուգելու նպատակով: Հարցատոմսերի հարցերը և պատասխանները չեն հրապարակվում:

57. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցերը և կազմում հարցատոմս ու համարակալում այն: Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանները: Մասնակիցը ծանոթանում է հարցատոմսին և իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում հարցերին:

58. Հարցատոմսը ստանալուց հետո հարցազրույցի մասնակցին պատրաստվելու համար տրվում է տասը րոպե ժամանակ: Հարցատոմսի համարն արձանագրվում է:

59. Մասնակցի կողմից հարցազրույցի հարցատոմսի հարցերի վերաբերյալ տրված պատասխանները գնահատվում են ճիշտ կամ սխալ՝ Հանձնաժողովի մասնագետ անդամի կողմից:

Եթե մասնակցի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա Հանձնաժողովի գնահատական տվող անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:

60. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը արձանագրվում է:

Արձանագրության մեջ ամրագրվում է յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը, Հանձնաժողովի համապատասխան (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ), իսկ սխալ պատասխանի դեպքում՝ հնչեցրած ճիշտ պատասխանը:

Արձանագրությունը ստորագրվում է այն կազմողի, մասնակցի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

61. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը:

Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

62. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելուց հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, որից հետո Հանձնաժողովի նախագահը բոլորի ներկայությամբ բացում է քվեաթերթիկների համար նախատեսված և նախապես Հանձնաժողովի կնիքով կնքված արկղը, հանում է քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում միայն մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը և նրան տրված ձայների «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր:

Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

63. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները:

64. Եթե մասնակիցը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները, ապա Հանձնաժողովը ընդունում է որոշում՝ նրան մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:

Եթե մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները, ապա Հանձնաժողովը ընդունում է որոշում՝ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումը ուղարկում է Նախարարին:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

65. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո նույն օրը՝ անմիջապես:

Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից:

66. Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկում նշվում են`

1) պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.

3) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) ազգանունը, անունը, հայրանունը:

67. Սույն ընթացակարգի 54-րդ կետում և 64-րդ կետի 1-ին և 2-րդ պարբերություններում նախատեսված դեպքերում հրապարակման մեջ նշվում է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու մասին:

68. Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի կողմից (իր ադյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ՝ բողոք) քննության է առնում Նախարարը` աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ:

Բողոքը պետք է տրվի մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո մեկ ժամվա ընթացքում՝ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին, որն այն ստանալուց հետո սույն ընթացակարգով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ անմիջապես ուղարկում է Նախարարին:

69. Աշխատակազմը մրցույթի ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն:

Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի մասնակցի (մասնակիցների) անունը, ազգանունը և հայրանունը, ում մրցույթի արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք:

70. Բողոքը քննության է առնվում Աշխատակազմում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքի քննարկմանը կարող են ներգրավվել Աշխատակազմի համապատասխան մասնագետները, որոնք ուսումնասիրում են տվյալ մրցույթի հարցազրույցի փուլում մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականը (դրանց ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում են քվեարկության արդյունքների հետ: Անհրաժեշտության դեպքում բողոքի քննարկմանը կարող է հրավիրվել հանձնաժողովի անդամը (անդամները):

71. Սույն ընթացակարգի 68-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, հանձնաժողովն իր որոշումը նախատեսված կարգով, ներկայացնում է Նախարարին:

72. Հանձնաժողովի որոշման մեջ պետք է նշվեն՝

1) Պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

3) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և անձնագրային տվյալները.

4) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի հավաքած միավորների քանակը (տոկոսը) թեստավորման փուլում.

5) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի քվեարկության արդյունքները:

73. Որոշումը պետք է ստորագրեն Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են այդ մասին՝ ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

74. Որոշմանը կից ներկայացվում են որոշման հետ անհամաձայնություն հայտնած Հանձնաժողովի անդամի (անդամների) հատուկ կարծիքը (կարծիքները):

75. Բողոքի քննարկման արդյունքում Նախարարն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.

2) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին.

3) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող չճանաչելու մասին:

Սույն ընթացակարգով նախատեսված որոշումը մրցույթի մասնակցի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

VIII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

76. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն ընթացակարգի 68-րդ կետով նախատեսված բողոքի բացակայության դեպքում, Հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ իր որոշումը ներկայացնում է Նախարարին: Որոշումը ստանալուց հետո, եռօրյա ժամկետում, Նախարարը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` առավելագույնը 5 տարի ժամկետով նշանակում է պաշտոնում: Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ոչ ավելի, քան 2 տարի ժամկետով:

77. Մինչև սույն ընթացակարգին համապատասխան Պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը՝ տնօրենի թափուր պաշտոնը կարող է ժամանակավորապես զբաղեցնել միայն այն անձը, ով բավարարում է սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները։

78. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչև վեց ամիս ժամկետով։

79. Եթե գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով։

80. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված որոշումը կայացնելուց հետո, ինչպես նաև սույն ընթացակարգի 54-րդ կետով և 64-րդ կետի 2-րդ պարբերությունով նախատեսված դեպքերում:

81. Աշխատանքներն ավարտելուց հետո Հանձնաժողովի նախագահը Աշխատակազմին անմիջապես հանձնում է Հանձնաժողովի կնիքը, ինչպես նաև դիմորդների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը:

82. Հանձնաժողովը հանձնման ակտով մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին փոխանցում է մրցութային փաթեթը, որն իր մեջ սույն ընթացակարգի 16-րդ կետում նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև Հանձնաժողովի կողմից կազմված և (կամ) ընդունված հետևյալ փաստաթղթերը՝

1) հանձնաժողովի կնիքի և դիմորդների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը.

2) փաստաթղթերի քննարկման և դիմորդների ու Հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.

3) մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու և/կամ չթույլատրելու մասին որոշումը.

4) մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը.

5) ամփոփաթերթերի ծածկաշերտի թերությունների մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

6) Հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելու, արկղը բացելու և արկղից դուրս բերված ամփոփաթերթերի հիմնական մասերի, կտրոնների ու թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի մասին արձանագրությունը.

7) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը.

8) հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.

9) մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները.

10) քվեարկությունների արդյունքում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը.

11) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին որոշումը.

12) մրցույթի արդյունքում կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.

13) մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.

14) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը.

15) մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը.

16) թեստավորման առաջադրանքների տետրերը.

17) թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը.

18) քվեաթերթիկները.

19) մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկը.

20) այլ փաստաթղթեր:

83. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմը սույն ընթացակարգի 82-րդ կետում նշված փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IX. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

84. Սույն ընթացակարգի 23-րդ և 54-րդ կետերով և 64-րդ կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված դեպքերում մեկամսյա ժամկետում հրապարակվում է հայտարարություն՝ կրկնակի մրցույթ անցկացնելու մասին: Կրկնակի մրցույթն անցկացվում է սույն ընթացակարգին համապատասխան:

85. Եթե կրկնակի մրցույթը սույն ընթացակարգի համաձայն համարվում է չկայացած կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա կրկնակի մրցույթ անցկացնելուց մեկ ամիս հետո հայտարարվում է նոր մրցույթ: Նոր մրցույթն անցկացվում է սույն ընթացակարգին համապատասխան:

86. Մրցույթ հայտարարելուց հետո սույն ընթացակարգի 15-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը կարող է փոփոխվել՝ այդ մասին ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ հայտարարություն հրապարակելով մամուլի և զանգվածային լրատվության այն նույն միջոցով, որտեղ հրապարակվել է մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը:»: