Գլխավոր տեղեկություն
Համար
N 354-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.02.2014-30.09.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.09.17/27(471) Հոդ.266
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
21.08.2013
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.09.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 օգոստոսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 12413346

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

21 օգոստոսի 2013 թ.

N 354-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետով և N 3 հավելվածի 12-րդ կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համակարգի՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման և մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ձևավորման և կազմի հաստատման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համակարգի՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի նախապատրաստական աշխատանքների իրականացման պատասխանատու է ՊԵԿ աշխատակազմի ղեկավարը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։

 

Նախագահ

Գ. Խաչատրյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի

2013 թ. օգոստոսի 21-ի

N 354-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՊԵԿ) համակարգի՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ՝ Ընկերություն) գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար անցկացվող մրցույթի, մրցութային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորման և դրա կազմի հաստատման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով Ընկերության գործադիր մարմին է հանդիսանում՝ Ընկերության ղեկավարը (տնօրեն, նախագահ, ռեկտոր և այլն):

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Ընկերության գործադիր մարմնի թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` նրանց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

2) ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

4. Հանձնաժողովը`

1) ՊԵԿ-ի աշխատակազմի անձնակազմի կառավարման գործառույթ իրականացնող ստորաբաժանումից (այսուհետ՝ Աշխատակազմ) ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը և մրցույթին վերաբերվող նյութերը.

2) ուսումնասիրում է փաստաթղթերի հավաստիությունը, ամբողջականությունը և կայացնում որոշում դիմողներին հարցազրույցին մասնակցելու թույլտվություն տալու մասին.

3) անցկացնում է հարցազրույց մասնակիցների հետ.

4) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.

5) ամփոփում է մրցույթի արդյունքները.

6) իրականացնում է քննարկումներ.

7) պաշտոնապես հրապարակում է մրցույթի արդյունքները.

8) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ ՊԵԿ նախագահին տալիս է եզրակացություն.

9) իր գործառույթներն իրականացնելիս կարող է պետական և (կամ) այլ մարմիններից, կազմակերպություններից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

10) դիմողին չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում տվյալ պաշտոնի համար սահմանված պայմաններին, լրիվ չեն, թերի են կամ կեղծ են.

11) իրականացնում է օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ՊԵԿ նախագահի տեղակալներ, ՊԵԿ աշխատակազմի ղեկավար և/կամ նրա տեղակալներ, ՊԵԿ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչ:

6. Հանձնաժողովի կազմը հաստատվում է ՊԵԿ նախագահի հրամանով` մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ: Նույն հրամանով ՊԵԿ նախագահը Հանձնաժողովի անդամներից նշանակում է Հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև նշանակում է քարտուղար՝ Աշխատակազմի իրավասու աշխատակիցների թվից:

7. Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում: Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա ՊԵԿ նախագահի հրամանով համապատասխանաբար՝ Հանձնաժողովի կազմից նշանակվում է Հանձնաժողովի նոր նախագահ, կամ Աշխատակազմի իրավասու աշխատակիցների թվից՝ նոր քարտուղար:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, մաքսային և հարկային օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

9. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

10. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթի անցկացման կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը անմիջապես ներկայացնում է ՊԵԿ նախագահին: ՊԵԿ նախագահն իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:

11. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում և կազմակերպում է Հանձնաժողովի աշխատանքները.

2) հրավիրում և նախագահում է Հանձնաժողովի նիստերը.

3) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

4) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները, ինչպես նաև Հանձնաժողովի գործունեությանն առնչվող մյուս փաստաթղթերը.

5) Հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվություն է ներկայացնում ՊԵԿ նախագահին,

6) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

12. Հանձնաժողովի քարտուղարը`

1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.

2) բացատրում է մասնակիցներին հարցազրույցի անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

3) իրականացնում է Հանձնաժողովի նիստերի նախապատրաստումը.

4) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

13. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին.

2) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր մասնակիցներին.

3) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.

4) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող փակ գաղտնի քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ.

5) ստորագրում է Հանձնաժողովի որոշումը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում՝ ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

7) Հանձնաժողովի նիստերին մասնակցելու անհնարինության դեպքում նախապես տեղեկացնում է Հանձնաժողովի քարտուղարին.

8) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորությունները:

14. Հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե դրանց ընդունմանը մասնակցել են Հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

15. Ընկերության գործադիր մարմնի թափուր պաշտոնը համալրվում է մրցութային կարգով: ՊԵԿ նախագահն արձակում է հրաման՝ թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելու մասին: Հրամանն արձակելու հաջորդ օրը Աշխատակազմը՝ համապատասխան ստորաբաժանումների միջոցով ապահովում է 5-օրյա պարբերականությամբ առնվազն 2 անգամ զանգվածային լրատվության միջոցներով հրամանի և մրցույթի պայմանների մասին հայտարարության հրապարակումը՝ այն տեղադրելով նաև ՊԵԿ էլեկտրոնային կայքէջերում:

16. Մրցույթն անցկացվում է հայտարարությունում նշված ժամկետում: Մրցույթի հայտարարության տեքստում նշվում է`

1) մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վայրը և ժամկետը, որը չի կարող մրցույթ անցկացնելու մասին վերջին հայտարարության հրապարակման օրվանից հաշված մեկ ամսվանից պակաս լինել.

2) մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը.

3) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (նյութերը).

4) հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները):

17. Դիմողները Աշխատակազմին ներկայացնում են մրցույթին մասնակցելու դիմումը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մրցույթի առաջին հայտարարման օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը Աշխատակազմի կողմից չեն ընդունվում:

18. Մրցույթին մասնակցելու համար դիմողները ներկայացնում են`

1) դիմում,

2) մեկ լուսանկար՝ 3x4 չափի,

3) քաղվածք աշխատանքային գրքույկից,

4) ինքնակենսագրություն,

5) անձնագիր, բարձրագույն կրթության դիպլոմ, իսկ արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական, և դրանց պատճենները,

6) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),

7) տեղեկանք` մշտական բնակության վայրից,

8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ և դրա պատճենը (առկայության դեպքում),

9) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե առկա է կամ գործատուն չի լուծարվել),

10) հայտարարություն այն մասին, որ չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ պաշտոնում նշանակվելու դեպքում պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը:

19. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Աշխատակազմը դիմողների ներկայացրած՝ սույն կարգի 18-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները համեմատում է դրանց բնօրինակների հետ, ընդունում է դրանք, վերադարձնում բնօրինակները դիմողին, որից հետո դիմողից այլ փաստաթղթեր չեն ընդունվում: Սույն կարգի 18-րդ կետով նախատեսված փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր պահանջելն արգելվում է:

20. Մրցույթներին մասնակցելու համար դիմողների տվյալների գրառման նպատակով Աշխատակազմը վարում է համարակալված և ՊԵԿ աշխատակազմի ղեկավարի կողմից կնքված գրանցամատյան:

21. Եթե Ընկերության գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար մրցույթին մասնակցելու ոչ մի դիմում չի ներկայացվել կամ դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած և այդ մասին զեկուցվում է ՊԵԿ նախագահին: Եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ քաղաքացի և մրցույթը համարվել է չկայացած, ապա դիմողին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:

22. Մրցույթի նախապատրաստական աշխատանքների ավարտին՝ Աշխատակազմը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր դիմողի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը (համարակալված, կարված և կնքված) ներկայացնում է Հանձնաժողովին:

23. Եթե Ընկերության գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար մրցույթին մասնակցելու ոչ մի դիմում չի ներկայացվել կամ դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած:

 

VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

24. Մրցույթն անցկացվում է դիմողների հետ բանավոր հարցազրույցի միջոցով:

25. Դիմողների փաստաթղթերի ուսումնասիրության նպատակով գումարած նիստում, Հանձնաժողովը քննության է առնում յուրաքանչյուր դիմողի ներկայացրած փաստաթղթերը և կայացնում որոշում՝ նրան հարցազրույցին մասնակցելու թույլտվություն տալու կամ չտալու մասին: Անհրաժեշտության դեպքում՝ Հանձնաժողովը կարող է հրավիրել և լսել մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացուն:

26. Հանձնաժողովը դիմողին չի թույլատրում մասնակցել հարցազրույցին, եթե առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի (այսուհետ` հավելված N 1) 8-րդ կետով և N 3 հավելվածի (այսուհետ` հավելված N 3) 8-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը կամ դիմողի ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում հավելված N 1-ի 9-րդ կետով և հավելված N 3-ի 9-րդ կետով սահմանված պայմաններին, լրիվ չեն, թերի են կամ կեղծ են:

27. Բացառությամբ սույն կարգի 26-րդ կետում նշված դեպքերի, Հանձնաժողովը թույլատրում է դիմողին մասնակցելու հարցազրույցին:

28. Դիմողների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է հարցազրույցի մասնակիցների ցուցակը: Այդ որոշումը հրապարակվում է մինչ հարցազրույցի սկիզբը՝ հարցազրույցի սենյակի մուտքի մոտ գտնվող ցուցատախտակի վրա:

29. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցի ժամանակ Հանձնաժողովի կողմից մասնակցին տրվում են հարցեր` սույն կարգի 30-րդ կետում նշված իրավական ակտերի պահանջների իմացությունը և դրանց կիրառման հմտությունները պարզելու նպատակով: Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

30. Հարցերը վերաբերվում են հետևյալ իրավական ակտերի շրջանակներին.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք,

3) Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային օրենսդրություն, հարկային և մաքսային վարչարարությունը կարգավորող օրենսդրական ակտեր,

4) պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար մրցույթի դեպքում` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

5) փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար մրցույթի դեպքում՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

6) համապատասխան ոլորտը կարգավորող այլ իրավական ակտեր:

31. Հարցազրույցի ընթացքում Հանձնաժողովը տալիս է յուրաքանչյուր հարցին մասնակցի հնչեցված (ճիշտ կամ սխալ) պատասխանի գնահատականը, որը հայտարարվում է տվյալ հարցը հնչեցնող Հանձնաժողովի անդամի կողմից:

32. Հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է առանձին քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ՝ համապատասխան նշում կատարելով քվեաթերթիկում: Յուրաքանչյուր մասնակցի համար լրացված քվեաթերթիկները գցվում են փակ քվեատուփի մեջ՝ նրա հետ հարցազրույցի ավարտից հետո:

33. Հարցազրույցի ավարտին՝ Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթիկները և հարցազրույցի մասնակիցների ներկայությամբ բարձրաձայն հայտարարում մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը ու նրան տրված ձայնի «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

34. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի «կողմ» ձայները:

35. Եթե քվեարկության արդյունքում մասնակիցներից ոչ մեկը չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի «կողմ» ձայները, ապա Հանձնաժողովը ընդունում է որոշում` մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումն ուղարկում է ՊԵԿ նախագահին:

36. Եթե փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով Հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել հարցազրույցին կամ եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել հարցազրույցին, Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում` մրցույթը չկայացած համարելու մասին: Այդ որոշումը Հանձնաժողովն անմիջապես ուղարկում է ՊԵԿ նախագահին:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

37. Մրցույթի արդյունքները հրապարակվում են հարցազրույցի սենյակի մուտքի մոտ գտնվող ցուցատախտակի վրա, հարցազրույցն անցկացնելուց հետո` նույն օրը:

38. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկի միջոցով, որը կազմվում և կնքվում է Հանձնաժողովի կողմից:

39. Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկում նշվում են`

1) Ընկերության գործադիր մարմնի թափուր պաշտոնը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.

3) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների անունները:

40. Մրցույթի ավարտից հետո, մասնակիցը կարող է ծանոթանալ Հանձնաժողովի որոշումներին և մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկին: Ցանկության դեպքում մասնակիցը կարող է գրավոր դիմել Հանձնաժողովին և ստանալ Հանձնաժողովի որոշումների պատճենները:

41. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները մասնակցի կողմից կարող են գրավոր բողոքարկվել Հանձնաժողովին՝ մրցույթի արդյունքների հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:

42. Հանձնաժողովը՝ բողոքը քննության առնելիս ուսումնասիրում է տվյալ մրցույթի հարցազրույցի փուլում մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) տվյալ մասնակցի մասով մրցույթի արդյունքներն անփոփոխ թողնելու մասին.

2) տվյալ մասնակցին մրցույթի հաղթող ճանաչելու մասին:

43. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել ՊԵԿ ղեկավարին կամ դատական կարգով:

44. Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ Հանձնաժողովը Աշխատակազմի միջոցով ներկայացնում է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը ՊԵԿ նախագահին: Սույն կարգի 41-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, եզրակացության հետ միաժամանակ ներկայացվում են նաև Հանձնաժողովի որոշումները:

45. Եզրակացությունում նշվում են`

1) Ընկերության գործադիր մարմնի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթ,

2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը,

3) մրցույթին մասնակցած և հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և անձնագրային տվյալները,

4) մասնակիցներից յուրաքանչյուրին վերաբերվող Հանձնաժողովի քվեարկության արդյունքները,

5) մրցույթի հաղթող ճանաչված երկու և ավելի մասնակիցների դեպքում՝ յուրաքանչյուր մասնակցի ընտրության (նշանակման) նախապատվելիության վերաբերյալ պատճառաբանված առաջարկություններ:

46. Եզրակացությունը ստանալուց հետո եռօրյա ժամկետում, ՊԵԿ նախագահը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ, սահմանված կարգով, կնքում է աշխատանքային պայմանագիր:

47. Հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո Հանձնաժողովի նախագահը Աշխատակազմի կնիքով վավերացնում է Հանձնաժողովի եզրակացությունը, Հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և մասնակիցներին վերաբերող մյուս բոլոր փաստաթղթերը և հանձնում Աշխատակազմին:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

48. Սույն կարգի 23-րդ, 35-րդ և 36-րդ կետերով նախատեսված դեպքերում մեկամսյա ժամկետում ՊԵԿ նախագահի կողմից հրապարակվում է հայտարարություն` նոր մրցույթ անցկացնելու մասին: Նոր մրցույթն անցկացվում է սույն կարգին համապատասխան:

49. Եթե նոր մրցույթը սույն կարգի համաձայն համարվում է չկայացած, կամ նոր մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա նոր մրցույթ անցկացնելուց մեկ ամիս հետո հայտարարվում է ևս մեկ մրցույթ: Վերջինս անցկացվում է սույն կարգին համապատասխան:

50. Մրցույթ հայտարարելուց հետո, հարցազրույցի անցկացման օրը, ժամը և վայրը կարող է փոփոխվել` այդ մասին ոչ ուշ, քան հարցազրույց անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ հայտարարություն հրապարակելով ՊԵԿ էլեկտրոնային կայքէջերում և զանգվածային լրատվության այն նույն միջոցներում, որտեղ հրապարակվել էր մրցույթն անցկացնելու մասին հայտարարությունը:

51. Ընկերության գործադիր մարմնի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակվում է մինչև վեց ամիս ժամկետով:

(51-րդ կետը լրաց. 30.01.14 N 28-Ն)

52. Եթե գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ երեք ամիս ժամկետով:

(52-րդ կետը լրաց. 30.01.14 N 28-Ն)

53. Մինչև սույն կարգին համապատասխան ընկերության գործադիր մարմնի թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը՝ գործադիր մարմնի թափուր պաշտոնը կարող է ժամանակավորապես զբաղեցնել այն անձը, ով բավարարում է սույն կարգով և այլ իրավական ակտերով գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները:

(53-րդ կետը լրաց. 30.01.14 N 28-Ն)

(հավելվածը լրաց. 30.01.14 N 28-Ն)