ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
14 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 23 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄՈՏԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան «Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված) 12-րդ կետին համապատասխան՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն Հանձնարարականը հրապարակվելու օրվանից ապահովել «Ապրանքների միջազգային առևտրի վիճակագրություն. հայեցակարգեր և սահմանումներ, 2010 թվական» միջազգային ստանդարտի կիրառումը ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրության տվյալների հավաքագրման համալիր մոտեցումն իրագործելու մասով՝ այդ վիճակագրության ձևավորման ժամանակ օգտագործելով հետևյալ աղբյուրները.
հիմնական աղբյուրներ՝
անդամ պետությունների մաքսային մարմիններին տրամադրվող ապրանքների մասին հայտարարագրեր և այլ փաստաթղթեր (այսուհետ՝ մաքսային փաստաթղթեր).
փոխադարձ առևտրի դեպքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից անդամ պետությունների լիազորված մարմիններ ներկայացվող փաստաթղթեր (այսուհետ՝ փոխադարձ առևտրին առնչվող փաստաթղթեր).
լրացուցիչ աղբյուրներ (դրանցում պարունակվող՝ ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի ծավալների մասին տեղեկությունների՝ անդամ պետությունների համար տնտեսական կարևորություն ունենալու դեպքում).
մաքսային փաստաթղթերով և փոխադարձ առևտրին առնչվող փաստաթղթերով չկարգավորվող ապրանքների արտաքին ու փոխադարձ առևտրի պետական վիճակագրական դիտարկումներ.
ֆիզիկական անձանց պետական վիճակագրական հետազոտություններ՝ նրանց կողմից ապրանքների մաքոքային և (կամ) մերձսահմանային առևտրի իրականացման մասով.
ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարություններ, որոնք ներկայացվում են անդամ պետությունների հարկային մարմիններ «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրությանը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 18 հավելված) համապատասխան.
ծովային, գետային նավերի, օդանավերի և այլ տրանսպորտային միջոցների պետական ռեեստրներ, տրանսպորտային միջոցների անձնագրեր.
տրանսպորտային միջոցների մասով օգտահանման վճարի վճարման մասին տվյալներ.
անդամ պետությունների փոստային ծառայությունների տեղեկատվական ռեսուրսներ.
այլ անդամ պետությունների՝ փոխադարձ առևտրի մասին պաշտոնական վիճակագրական տեղեկություններ.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |