Գլխավոր տեղեկություն
Համար
N 74-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.05.07/23(1036) Հոդ.104.8
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.11.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 մարտի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014136

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 նոյեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 74-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴՈՆՈՐԱԿԱՆ ԱՐՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ԴՐԱՆ ԱՌՆՉՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետը,

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դոնորական արյան հավաքման և դրան առնչվող ծառայությունների ձեռքբերման, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը` համաձայն հավելվածի:

 

 

Դ. Դումանյան

 

 

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի  նոյեմբերի 22-ի

N 74-Ն հրամանի

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴՈՆՈՐԱԿԱՆ ԱՐՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ԴՐԱՆ ԱՌՆՉՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն չափորոշչով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դոնորական արյան հավաքման և դրան առնչվող ծառայությունների ձեռքբերման, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դոնորական արյան հավաքումը և դրան առնչվող ծառայությունների ձեռքբերումն իրականացվում են`

1) Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից,

2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում` «Արմավիրի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում` «Հրազդանի մարզային արյան բանկ» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում` «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում` «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում` «Գյումրու արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից։

3. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դոնորական արյան հավաքումը և դրան առնչվող ծառայությունների ձեռքբերումն ընդգրկում է`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում հավաքված դոնորական արյան փորձանմուշների վարակային անվտանգության հետազոտությունների կենտրոնացված եղանակով իրականացումը յուրաքանչյուր արյունատվության ժամանակ,

2) անհատույց կամավոր դոնորության քարոզչությունը,

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից սույն չափորոշչի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված բժշկական կազմակերպություններին, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին և դրանց կազմում գործող արյան փոխներարկման բաժանմունքներին կազմակերպչական մեթոդական օգնության ցուցաբերումը, ինչպես նաև սույն չափորոշչի 2-րդ կետի 1)-ին և 2)-րդ ենթակետերում նշված հաստատությունների պահպանման ծախսերը:

4. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դոնորական արյան հավաքման և դրան առնչվող ծառայությունների ձեռքբերման, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ֆինանսավորումն իրականացվում է` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» ՀՀ ամենամյա օրենքով հաստատված հատկացումները:

5. Դոնորական արյան հավաքագրումը իրականացվում է հիվանդի հարազատներից, կամավոր անհատույց դոնորներից և փոխհատուցվող դոնորներից.

1) հիվանդի հարազատներից արյան հավաքագրման դեպքում հիվանդին տրամադրվում է մեկ պարկ արյան բաղադրամաս,

2) եթե հիվանդի հարազատները չեն ցանկանում արյուն հանձնել, ապա անհրաժեշտ արյան բաղադրամասերը տրամադրվում են վճարովի հիմունքներով:

6. Սույն չափորոշչի 5-րդ կետում նշված դոնորներից հավաքագրված արյան վարակային անվտանգության հետազոտությունները /հեպատիտ B, հեպատիտ C, ՄԻԱՎ, սիֆիլիս, բրուցելոզ/ իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:

7. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ներառված չեն`

1) դոնորական արյան հավաքագրման համար նախատեսված պարկերի արժեքը, փոխհատուցվող դոնորի փոխհատուցումը, դոնորական արյան խմբային և ռեզուս պատկանելության որոշումը, ԱԼՏ /ալանինամինոտրանսֆերազա/ ֆերմենտի որոշումը,

2) աֆերեզի եղանակով հավաքագրված արյան բաղադրամասերը,

3) հիվանդի համար արյան բաղադրամասերի ընտրությունը, համատեղելիությունը, էրիթրոցիտային զանգվածի լվացումը, թարմ սառեցված պլազմայի հալեցումը, վիրուսինակտիվացումը, լեյկոֆիլտրումը և այլն/։

8. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն բժշկական կազմակերպությունները, որոնք չունեն արյան փոխներարկման բաժանմունքներ, հիվանդների հարազատներից կամ մերձավորներից դոնորական արյան հավաքման գործընթացը կամ անհրաժեշտ արյան բաղադրամասերի ձեռքբերումը իրականացնում են պայմանագրային հիմունքներով արյան հավաքագրում իրականացնող կազմակերպություններում՝ ապահովելով անհատույց դոնորներ և վճարում են դոնորական արյան հավաքման հետ կապված ծախսերը: Անհատույց դոնորի չապահովման դեպքում բժշկական կազմակերպության կողմից վճարման ենթակա են նաև փոխհատուցվող դոնորներից դոնորական արյան հավաքման հետ կապված ծախսերը:

9. Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ղեկավարները`

1) ապահովում են բժշկական կազմակերպության կազմում գործող արյան փոխներարկման բաժանմունքներում (այն բժշկական կազմակերպություններում, որոնց կազմում չեն գործում արյան փոխներարկման բաժանմունքներ, համապատասխան բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից հատկացված տարածքում) շտապ անհետաձգելի փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման համար անհրաժեշտ արյան բաղադրամասերի պաշարների առկայությունը` ելնելով չորս միավոր արյան բաղադրամաս, յուրաքանչյուր 10 (վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական և վերակենդանացման պրոֆիլի) մահճակալի հաշվարկից:

10. Արյան փոխներարկման բաժանմունքներում առաջացած թարմ սառեցված պլազմայի ավելցուկը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը, մարզային արյան փոխներարկման կայաններին (բանկերին)` ըստ համապատասխան պայմանագրերի:

11. Դոնորական արյան վարակային անվտանգության մակարդակի բարձրացման, ինչպես նաև կատարվող հետազոտությունների ծախսերի իջեցման նպատակով դոնորական արյան վարակային անվտանգության հետազոտությունները կենտրոնացվում են`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում,

2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արմավիրի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունում,

3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունում,

4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հրազդանի մարզային արյան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունում,

5) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունում,

6) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունում:

12. Մարզային արյան փոխներարկման կայաններ (բանկեր) չունեցող մարզերի համար դոնորական արյան վարակային անվտանգության մակարդակի բարձրացման, ինչպես նաև կատարվող հետազոտությունների ծախսերի իջեցման նպատակով դոնորական արյան վարակային անվտանգության հետազոտություններն իրականացվում են մարզային առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից լիազորված լաբորատորիաներում:

13. Հետազոտված դոնորական արյան փորձանմուշների և հավաքված դոնորական արյան միավորների տարբերությունը պետք է համապատասխանի հետազոտված փորձանմուշների դրական արդյունքներին:

14. Դոնորական արյան վարակային անվտանգության հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում հետազոտվում է նաև հիվանդների, բուժանձնակազմի, խորհրդատվության նպատակով դիմած անձանց արյունը:

15. Հակառեզուս իմունագլոբուլին պատրաստուկի բաշխումն իրականացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված բուժհաստատություններում հակառեզուս իմունագլոբուլին պատրաստուկի բաշխման ցուցակում նշված քանակների:

16. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված «Բուժհաստատություններում հակառեզուս իմունագլոբուլին պատրաստուկի բաշխման ցուցակում» նշված քանակի գերազանցման դեպքում հակառեզուս իմունագլոբուլին պատրաստուկը ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունները ձեռք են բերում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ ծրագրով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրենց հատկացված միջոցներից:

17. Հակառեզուս իմունագլոբուլին պատրաստուկի տեղափոխումը և պաշարումը իրականացվում է ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից:

18. Ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների տնօրենները պարտավոր են կնքել պայմանագիր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ` հակառեզուս իմունագլոբուլին պատրաստուկի ձեռքբերման վերաբերյալ:

19. Ցողունային բջիջների և պորտալարային արյան հավաքումն ու պահպանումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից, որպես նեղ մասնագիտական գիտահետազոտական կենտրոնի:

20. Ցողունային բջիջները հավաքվում են հիվանդներից և փոխներարկվում (փոխպատվաստվում) նույն հիվանդներին (աուտոփոխներարկում, աուտոփոխպատվաստում) արյան համակարգի և այլ հիվանդությունների դեպքում:

21. Ցողունային բջիջները հավաքվում են հիվանդների հետ համատեղելի հարազատներից և փոխներարկվում (փոխպատվաստվում) հիվանդներին (ալոգեն փոխներարկում, ալոգեն փոխպատվաստում) արյան համակարգի և այլ հիվանդությունների դեպքում:

22. Հետփոխներարկումային բարդությունների զարգացման դեպքում անհրաժեշտ է`

1) հեմոլիզը ժխտելու կամ հաստատելու նպատակով հետազոտվող արյան բաղադրամասի պարկը կամ այդ պարկից վերցված փորձանմուշը ցենտրիֆուգել և գնահատել,

2) մինչև փոխներարկումը և փոխներարկումից հետո հիվանդից վերցված արյան փորձանմուշները և փոխներարկված արյան բաղադրամասի պարկից վերցված փորձանմուշը ուղարկել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության իմունաարյունաբանական լաբորատորիա` խմբային և ռեզուս հակածինների որոշման նպատակով,

3) փոխներարկված արյան բաղադրամասի պարկից վերցված փորձանմուշը ուղարկել հետազոտման մանրէաբանական լաբորատորիա,

4) փոխներարկված արյան բաղադրամասի պարկը և փոխներարկման համակարգը պահպանել սառնարանային պայմաններում (+2+60C) 24 ժամ,

5) հետփոխներարկումային բարդությունների վերաբերյալ տեղեկատվությունը անմիջապես տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը և տարածքային կառավարման առողջապահության բաժին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված ձևով:

23. Դոնորական արյան բաղադրամասերի պահանջարկը բավարարելու և պաշարների համալրման նպատակով կազմակերպվում է դոնորական արյան հավաքում արտագնա պայմաններում:

24. Դոնորական արյան հավաքումն արտագնա պայմաններում իրականացնում են`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը,

2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արմավիրի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հրազդանի մարզային արյան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունը:

25. Անհատույց կամավոր դոնորության քարոզչություն իրականացնում են`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը,

2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արմավիրի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հրազդանի մարզային արյան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունը,

3) Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններում գործող արյան փոխներարկման բաժանմունքները,

4) այն հասարակական կազմակերպությունները /25 ակումբ, Կարմիր Խաչի Հայաստանյան ներկայացուցչություն և այլ/, որոնց կանոնադրությամբ նախատեսված է այդ գործունեությունը,

5) հասարակական կազմակերպությունները, որոնք համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ պայմանագրային սկզբունքով` փոխհատուցվելով փաստացի կատարված աշխատանքների դիմաց:

26. Արյան վարակային անվտանգության լաբորատոր հետազոտությունների որակի հսկողության նպատակով անհրաժեշտ հսկողական շիճուկների պատրաստման, թեստ-համակարգերի արտադրման համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է վարակված դոնորական արյան պլազմայի /շիճուկի/ հավաքում, պահպանում և տրամադրում համապատասխան արտադրություն իրականացնող կազմակերպություններին:

27. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում պատվիրված դոնորական արյան բաղադրամասերի անձեռնմխելի պաշարների հավաքագրումը և պահպանումը իրականացնում են Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում` «Արմավիրի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում` «Հրազդանի մարզային արյան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում` «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում` «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում` «Գյումրու արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունը:

28. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հավաքված դոնորական արյան բաղադրամասերի անձեռնմխելի պաշարները անհատույց տրամադրվում են հետևյալ դեպքերում`

1) արտակարգ իրավիճակներ,

2) շտապ և անհետաձգելի փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում,

3) մշտապես արյան բաղադրամասերի փոխներարկման կարիք ունեցող, դոնացիան բացառող ժառանգական հիվանդություններով տառապող հիվանդներ:

29. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հավաքված դոնորական արյան բաղադրամասերի անձեռնմխելի պաշարները անհատույց տրամադրվում են նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության պետի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանի և /կամ/ վերջիններիս կողմից լիազորված անձանց գրավոր թույլտվությամբ:

30. Խոտանի նվազեցման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հավաքված դոնորական արյան անձեռնմխելի պաշարների ֆինանսական հաշվարկների հիմքում յուրաքանչյուր արյան բաղադրամաս ընդունվում է որպես թվային մեկ միավոր:

31. Հայաստանի Հանրապետությունում արյան դոնորության և փոխներարկումային բուժօգնության գործառույթները կանոնակարգվում են սույն չափորոշչով, ինչպես նաև «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերով:

 

 

Հավելված N 1
Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի  նոյեմբերի 22-ի

N 74-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԴՈՆՈՐԱԿԱՆ ԱՐՅԱՆ ՀԱՎԱՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են դոնորական արյան հավաքում իրականացնող բժշկական կազմակերպությունների գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Դոնորական արյան հավաքում իրականացնող բժշկական կազմակերպություններից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տարածքում արյան բարորակ և չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժական կենտրոն, ինչպես նաև արյան փոխներարկման կայան Երևան քաղաքի համար:

3. Որպես արյան փոխներարկման կայան` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) կամավոր սկզբունքով դոնորական արյան կամ դրա բաղադրամասերի (ներառյալ ցողունային բջիջների) հավաքում հիվանդի հարազատներից և մերձավորներից, անհատույց կամավոր դոնորներից, փոխհատուցվող դոնորներից,

2) դոնորների ընտրություն և գրանցում,

3) հավաքված դոնորական արյան փորձանմուշների անվտանգության հետազոտություններ,

4) արյան բաղադրամասերի ստացում,

5) արյան բաղադրամասերի պահպանում և պայմանագրային սկզբունքով տրամադրում բժշկական կազմակերպությունների համապատասխան ստորաբաժանումներին,

6) արյան բաղադրամասերի պահպանում և խոտանում,

7) բժշկի պահանջով էրիթրոցիտային զանգվածի լվացում, համատեղելի արյան բաղադրամասերի, օրգանի կամ հյուսվածքի ընտրություն,

8) արյան բաղադրամասերի պաշարների ստեղծում և պահպանում,

9) բարձր տիտրով իմուն պլազմայի ստացման նպատակով դոնորների իմունացում,

10) բուժական օգնության և սպասարկման կազմակերպում հակաէրիթրոցիտային հակամարմիններ ունեցող կանանց համար,

11) ռեզուս կոնֆլիկտային հղիության կանխարգելման նպատակով հակառեզուս իմունագլոբուլինի արտադրություն և որակի հսկողություն,

12) ստանդարտ շիճուկների պատրաստում և պատրաստի արտադրանքի նմուշների պահպանում մինչև պիտանելիության ժամկետի լրանալը,

13) դոնորական և բուժական պլազմաֆերեզի (ցենտրիֆուգման, սարքային եղանակներով) իրականացում,

14) անհատույց կամավոր դոնորության քարոզչություն,

15) Հայաստանի Հանրապետությունում դոնորական արյան հավաքում իրականացնող բժշկական կազմակերպությունների համապատասխան ստորաբաժանումներին կազմակերպչական մեթոդական օգնության ցուցաբերում,

16) Հայաստանի Հանրապետությունում դոնորական արյան հավաքում իրականացնող բժշկական կազմակերպությունների աշխատանքների տարեկան հաշվետվության ընդունում, վերստուգում, ամփոփ հաշվետվությունների կազմում և տրամադրում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը,

17) դոնորական արյան հավաքում իրականացնող բժշկական կազմակերպությունների աշխատանքների կազմակերպման կարգերի, զարգացման ծրագրերի, ժամանակակից փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման վերաբերյալ մեթոդական ձեռնարկների կազմում,

18) Հայաստանի Հանրապետությունում դոնորական արյան հավաքում իրականացնող բժշկական կազմակերպությունների չափորոշիչ ընթացակարգերի (ստանդարտ օպերացիոն պրոցեդուրաներ) մշակում և ներդրում,

19) դոնորների ռեեստրում տվյալների մուտքագրում:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված գործառույթների իրականացման համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը պետք է ապահովված լինի համապատասխան սարքավորումներով, ծախսվող նյութերով և պարագաներով, և վերջին հինգ տարվա ընթացքում արյան փոխներարկման կազմակերպման և ժամանակակից փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման բնագավառում վերապատրաստված բուժանձնակազմով:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության արյան ծառայության գործունեության և պատրաստի արտադրանքի որակի պատասխանատվությունը օրենքով սահմանված կարգով կրում են արյան ծառայության գծով փոխտնօրենը և տնօրենը:

6. Մարզային արյան փոխներարկման կայանը, արյան բանկը իրականացնում են հետևյալ գործառույթները`

1) կամավոր սկզբունքով դոնորական արյան կամ դրա բաղադրամասերի հավաքում հիվանդի հարազատներից և մերձավորներից, անհատույց կամավոր դոնորներից, փոխհատուցվող դոնորներից,

2) դոնորի ընտրություն և գրանցում,

3) հավաքված դոնորական արյան փորձանմուշների անվտանգության հետազոտություններ,

4) արյան բաղադրամասերի ստացում,

5) արյան բաղադրամասերի պահպանում և պայմանագրային սկզբունքով տրամադրում բժշկական կազմակերպությունների համապատասխան ստորաբաժանումներին,

6) արյան բաղադրամասերի պահպանում և խոտանում,

7) բժշկի պահանջով էրիթրոցիտային զանգվածի լվացում, համատեղելի արյան բաղադրամասերի, օրգանի կամ հյուսվածքի ընտրություն,

8) արյան բաղադրամասերի պաշարների ստեղծում և պահպանում,

10) անհատույց կամավոր դոնորության քարոզչություն,

11) մարզային բժշկական կազմակերպությունների համապատասխան ստորաբաժանումների բուժանձնակազմին փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման բնագավառում խորհրդատվական օգնության ցուցաբերում, հսկողության սահմանում,

12) արյան բաղադրամասերի պաշարների ստեղծում և պահպանում,

13) մարզային արյան փոխներարկման կայանի կամ արյան բանկի աշխատանքների գործունեության տարեկան հաշվետվության կազմում և տրամադրում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը և համապատասխան վերադաս մարմիններին,

14) դոնորների ռեեստրում տվյալների մուտքագրում:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված գործողությունների իրականացման համար մարզային արյան փոխներարկման կայանը, արյան բանկը պետք է ապահովված լինեն համապատասխան սարքավորումներով, ծախսվող նյութերով և պարագաներով, և վերջին հինգ տարվա ընթացքում արյան փոխներարկման կազմակերպման և ժամանակակից փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման բնագավառում վերապատրաստված բուժանձնակազմով:

8. Արյան փոխներարկման կայաններում և արյան բանկերում գործունեության որակի պատասխանատվությունը օրենքով սահմանված կարգով կրում է տվյալ կայանի (բանկի) ղեկավարը:

9. Բժշկական կազմակերպությունների կազմում գործող արյան փոխներարկման բաժանմունքն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) կամավոր սկզբունքով դոնորական արյան կամ դրա բաղադրամասերի հավաքում հիվանդի հարազատներից և մերձավորներից, անհատույց կամավոր դոնորներից, փոխհատուցվող դոնորներից,

2) հավաքված դոնորական արյան խմբային, ռեզուս պատկանելության, ԱԼՏ-ի որոշում,

3) դոնորական արյան փորձանմուշների վարակային անվտանգության հետազոտություններ` սույն չափորոշչի հավելված 1-ի 8-րդ կետում նշված կազմակերպությունների լաբորատորիաներում,

4) արյան բաղադրամասերի ստացում,

5) դոնորական արյան բաղադրամասերի պահպանում և տրամադրում տվյալ բժշկական կազմակերպության ստորաբաժանումներին,

6) արյան բաղադրամասերի պահպանում և խոտանում,

7) բժշկի պահանջով էրիթրոցիտային զանգվածի լվացում, համատեղելի արյան բաղադրամասերի ընտրություն,

8) շտապ անհետաձգելի փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման համար անհրաժեշտ դոնորական արյան բաղադրամասերի պաշարների ստեղծում և պահպանում,

9) դոնորական և բուժական պլազմաֆերեզի (ցենտրիֆուգման, սարքային եղանակներով) իրականացում,

10) անհատույց կամավոր դոնորության քարոզչություն,

11) տվյալ բժշկական կազմակերպությունում բժիշկներին փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման բնագավառում խորհրդատվության տրամադրում, հսկողության սահմանում,

12) բժշկական կազմակերպությունների կազմում գործող արյան փոխներարկման բաժանմունքի աշխատանքների գործունեության տարեկան հաշվետվության կազմում և տրամադրում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը և համապատասխան վերադաս մարմիններին,

13) դոնորների ռեեստրում տվյալների մուտքագրում:

10. Սույն կարգի 9-րդ կետում նշված գործողությունների իրականացման համար բժշկական կազմակերպությունների կազմում գործող արյան փոխներարկման բաժանմունքը պետք է ապահովված լինի համապատասխան սարքավորումներով, ծախսվող նյութերով և պարագաներով, և վերջին հինգ տարվա ընթացքում արյան ծառայության կազմակերպման և ժամանակակից փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման բնագավառում վերապատրաստված բուժանձնակազմով:

11. Բժշկական կազմակերպությունների կազմում գործող արյան փոխներարկման բաժանմունքներում գործունեության որակի օրենքով սահմանված կարգով պատասխանատվությունը կրում է տվյալ բժշկական կազմակերպության ղեկավարությունը: