«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11114044
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ
17 դեկտեմբերի 2013 թ. |
N 908-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել գրադարանային տեղեկատվական շտեմարանում գրադարանների հավաքածուների ընդգրկման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար` |
Հ. Պողոսյան |
Հավելված ՀՀ մշակույթի նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 17-ի N 908-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են գրադարանային տեղեկատվական շտեմարանի ստեղծման, շտեմարանում գրադարանների հավաքածուների ընդգրկման և շտեմարանի համակարգման հետ կապված հարաբերությունները:
2. Գրադարանային տեղեկատվական շտեմարանի ստեղծման հիմնական նպատակը գրադարանային հավաքածուների կազմի և քանակի վերաբերյալ համակարգված տեղեկույթի տրամադրումն է օգտվողներին։
3. Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացությունները՝
1) Տեղակայման վայր՝ գրադարանային փաստաթղթի մշտական պահպանության հանձնված վայր.
2) Դասիչ` նիշերի համակարգ՝ նախատեսված գրադարանային փաստաթղթի կոդավորման, դասակարգման և կազմակերպման համար.
3) Հաշվառանիշ՝ գրադարանային փաստաթղթի՝ գլխավոր մատյանում գրանցման հաշվառման համար.
4) Սպասարկող կայան՝ էլեկտրոնային հաշվիչ մեքենա, որի վրա տեղակայվում են շտեմարանները և որը համապատասխան ծրագրատեխնիկական միջոցների օգնությամբ ցանցային ծառայություններ է տրամադրում մասնակից գրադարաններին և օգտվողներին.
5) Տաք ռեզերվ՝ սպասարկող կայանների տեխնիկական փոխհամագործակցության համակարգ, որում ռեզերվ կայանը հանդիսանում է հիմնականի հայելային պատճենը և դրա շարքից դուրս գալու պարագայում ավտոմատ իր վրա է վերցնում համակարգի կառավարումը.
6) Գրադարանի տեղեկատվական շտեմարան (այսուհետ՝ շտեմարան)՝ տրամաբանորեն իրար հետ կապված տեղեկատու և մատենագիտական տվյալների ամբողջություն է, որը ծառայում է հաշվողական տեխնիկայի կիրառմամբ գրադարանից օգտվողների տեղեկատվական պահանջմունքների բավարարմանը։
II. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
4. Շտեմարանի ստեղծման աշխատանքներին կարող է մասնակցել յուրաքանչյուր գրադարան՝ անկախ սեփականության ձևից:
5. Շտեմարանի կազմման գործում ընդգրկված գրադարանները պետք է միացված լինեն տվյալների հաղորդման լայնաշերտ արագագործ ցանցին։
6. Շտեմարանի ստեղծման աշխատանքները կազմակերպում և համակարգում է «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
7. Շտեմարանի կազմմանը մասնակցող յուրաքանչյուր գրադարան գրադարանային փաստաթղթի կազմի վերջին էջում փակցնում է նրբաթելային (շտրիխ կոդ) հաշվառանիշ, որը կազմված է 9 նիշից։ Առաջին երկու նիշը գրադարանի կոդն է, հաջորդ 7 նիշը՝ փաստաթղթի հաշվառանիշը։
8. Գրադարանների կոդերը տրամադրում է «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և այդ կոդերը տարբեր գրադարանների համար նույնը չեն կարող լինել։
9. Յուրաքանչյուր մասնակից գրադարան մինչ գրառում ստեղծելը պետք է ստուգի իր նկարագրած գրադարանային փաստաթղթի առկայությունը տեղեկատվական շտեմարանում։ Եթե փաստաթուղթը առկա է, ապա գրադարանը ավելացնում է հաշվառանիշը, տեղակայման վայրը, դասիչ(ներ)ը։ Եթե փաստաթուղթը առկա չէ, ապա գրադարանը իրականացնում է դրա մատենագիտական նկարագրությունը, այնուհետև ավելացնում է հաշվառանիշը, տեղակայման վայրը, դասիչ(ներ)ը։
10. Շտեմարանում գրադարանային փաստաթուղթը մուտքագրվում, նկարագրվում և որոնվում է ըստ բնօրինակի լեզվի։
11. Շտեմարանն ապահովում է գրադարանային փաստաթղթի մուտքագրումը և որոնումը, ինչպես գրադարանում, այնպես էլ առցանց:
III. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
12. Շտեմարանը գործում է շուրջօրյա` ապահովելով պահպանվող տեղեկույթի ապահովությունն ու օգտվողների հետ անխափան կապը:
13. Շտեմարանն օգտվողներին տրամադրվում է ազատ դիտման կարգավիճակով:
14. Շտեմարանի անխափան շահագործումը ապահովում է «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
15. Շտեմարանը տեղակայված է երկու սպասարկող կայանների վրա, որոնցից առաջինը (հիմնական կայանը) ծառայում է ժամանակի իրական մասշտաբում օգտվողների հարցումների սպասարկմանը, իսկ երկրորդը գործում է «տաք ռեզերվի» վիճակում և հանդիսանում է առաջին կայանի հայելային պատճենը։