Գլխավոր տեղեկություն
Համար
N 506-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.01.2014-12.09.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.01.08/1(480) Հոդ. 6
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
15.11.2013
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.12.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 12413505

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

15 նոյեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 506-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 02/76-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 02/96 ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 14-րդ և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ մասերով, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթներով`

 

Հրամայում եմ՝

 

1. Սահմանել հարկային և մաքսային ծառայողների ատեստավորում անցկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2002 թվականի հոկտեմբերի 28-ի «Մաքսային ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 02/76-Ն հրամանը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2002 թվականի դեկտեմբերի 23-ի «Մաքսային ծառայողների հատուկ պատրաստության և պիտանիության ստուգումների անցկացման կարգը հաստատելու մասին» N 02/96 հրամանը։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

Նախագահ`

Գ. Խաչատրյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

2013 թ. նոյեմբերի 15-ի

N 506-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է հարկային և մաքսային ծառայողների (այսուհետ՝ ծառայողներ) ատեստավորման հետ կապված հարաբերությունները:

2. Ատեստավորումը՝ զբաղեցրած պաշտոններին մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը և ծառայողական առաջխաղացման նպատակահարմարությունն որոշելն է:

3. Ատեստավորումն անցկացվում է ծառայողի անմիջական մասնակցությամբ հետևյալ եղանակներով.

1) փաստաթղթային,

2) թեստավորման և հարցազրույցի միջոցով, իսկ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք օգտագործելու իրավասություն ունեցող ծառայողների համար՝ նաև ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման գծով հատուկ պատրաստվածության և պիտանիության ստուգումների (այսուհետ՝ պիտանիության ստոգումներ) միջոցով:

4. Սույն կարգի 5-րդ կետում նշված ծառայողները պարտավոր են ատեստավորմանը ներկայանալ ատեստավորման ժամանակացույցով սահմանված օրը:

 

II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՊԵԿ) անձնակազմի կառավարման գործառույթ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ՝ իրավասու ստորաբաժանում) յուրաքանչյուր տարվա համար կազմում է ատեստավորման ենթակա ծառայողների ցանկը՝ համաձայն կից ձև 1-ի: ՊԵԿ հարկային և մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հետ համաձայնեցումից հետո՝ իրավասու ստորաբաժանումը մինչև ատեստավորման տարվա հունվարի 15-ը ներկայացնում է ցանկը ՊԵԿ նախագահի հաստատմանը: Հաստատված ցանկը իրավասու ստորաբաժանումը եռօրյա ժամկետում ներկայացնում է Հանձնաժողովին:

6. ՊԵԿ իրավասու ստորաբաժանումը ատեստավորման ենթակա ծառայողին և նրա անմիջական ղեկավարին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, ծանուցում է ատեստավորման անցկացման մասին:

7. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ատեստավորվող ծառայողի անմիջական ղեկավարը իրավասու ստորաբաժանման միջոցով Հանձնաժողովին ներկայացնում է ատեստավորվող ծառայողի ծառայողական բնութագիրը: Մինչ Հանձնաժողովին ներկայացնելը՝ ծառայողի անմիջական ղեկավարը ծանոթացնում է ծառայողին նրա ծառայողական բնութագրին: Ծառայողն իր բնութագրի վերաբերյալ առարկություններ չունենալու դեպքում բնութագրի վրա կատարում է նշում՝ ծանոթացած լինելոււ և առարկություններ չունենալու վերաբերյալ: Բնութագրի հետ համաձայն չլինելու դեպքում ծառայողը կարող է ներկայացնել գրավոր առարկություններ, որոնք կցվում են ծառայողական բնութագրին և ներկայացվում Հանձնաժողովին:

8. Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը՝ դրական («գերազանց», «լավ», «բավարար») կամ բացասական («անբավարար», «վատ»):

 

III. ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

9. Փաստաթղթային ատեստավորմանը մասնակցում է ատեստավորման ենթակա այն ծառայողը, որը իր անմիջական ղեկավարի կողմից տրված ծառայողական բնութագրի և նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում վերապատրաստման (ուսուցման) արդյունքների հիման վրա հավաքել է 80 և ավելի միավոր՝ ՊԵԿ նախագահի կողմից սահմանված հաշվարկման կարգով:

10. Փաստաթղթային ատեստավորման արդյունքում Հանձնաժողովը յուրաքանչյուր ատեստավորվող ծառայողի համար ընդունում է հետևյալ եզրակացություններից մեկը՝

1) շնորհել ավելի բարձր դասային կամ հատուկ կոչում,

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,

3) ենթակա է ատեստավորման՝ թեստավորման և հարցազրույցի միջոցով:

11. Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է այդ նպատակով առանձնացված սենյակում (սրահում, դահլիճում) (այսուհետ՝ ատեստավորման սենյակ), որն ապահովված է անհրաժեշտ պայմաններով:

12. Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր ատեստավորվող ծառայողի հետ առանձին՝ հրավիրելով նրան ատեստավորման սենյակ:

13. Փաստաթղթային ատեստավորման ժամանակ Հանձնաժողովը քննարկում է ծառայողական բնութագիրը և ծառայողի գրավոր առարկությունները (առկայության դեպքում), ինչպես նաև ՊԵԿ անձնակազմի կառավարման գործառույթ իրականացնող ստորաբաժանման կողմից ներկայացված՝ ծառայողի վերապատրաստման (ուսուցման) արդյունքների գնահատականը: Ծառայողի փաստաթղթային ատեստավորմանը կարող է ներկա լինել նրա ստորաբաժանման ղեկավարը:

14. Փաստաթղթային ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է տալ ատեստավորվող ծառայողին ոչ ավելի, քան 2 հարց՝ կողմ կամ դեմ քվեարկելու համար ներքին համոզմունք ձևավորելու նպատակով:

15. Հանձնաժողովը յուրաքանչյուր ատեստավորվող ծառայողի համար անցկացնում է քվեարկություն: Քվեարկությունն անց է կացվում մեկ կամ երկու փուլով: Քվեարկության առաջին փուլն անցկացվում է Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է քվեարկությանը մասնակցող Հանձնաժողովի անդամի անունը և ազգանունը, դրվում է նրա ստորագրությունը, ատեստավորվող ծառայողի ազգանունը, անունը և հայրանունը: Քվեարկության երկրորդ փուլի դեպքում անց է կացվում բաց քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ: Քվեարկության ժամանակ որևէ եզրակացության ընդունման վերաբերյալ առաջարկության համար տրված կողմ և դեմ ձայների հավասար լինելու դեպքում առաջարկությունը համարվում է չընդունված: Քվեարկությունն անցկացվում է գործողությունների հետևյալ հաջորդականությամբ.

1) Քվեարկության առաջին փուլում Հանձնաժողովի նախագահը քվեարկության է դնում սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունն ընդունելու մասին առաջարկությունը: Եթե՝

ա. Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ ընդունվում է առաջարկությունը, ապա ընդունված է համարվում սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունը՝ բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում նշված դեպքի.

բ. Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ առաջարկությունը չի ընդունվում, ապա ընդունված է համարվում սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունը և քվեարկությունը համարվում է ավարտված։

2) Քվեարկության երկրորդ փուլը կարող է անցկացվել սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում նշված դեպքում՝ եթե այդ մասին Հանձնաժողովի նախագահը կամ ցանկացած անդամ ներկայացնում են համապատասխան բանավոր առաջարկություն առաջին փուլի ավարտից անմիջապես հետո: Քվեարկության երկրորդ փուլում Հանձնաժողովի նախագահը բաց քվեարկության է դնում սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված եզրակացության ընդունման վերաբերյալ առաջարկությունը: Եթե`

ա. Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ ընդունվում է առաջարկությունը, ապա ընդունված է համարվում սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված եզրակացությունը.

բ. Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ առաջարկությունը չի ընդունվում, ապա ընդունված է համարվում սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունը։

16. Հարցազրույցի և քվեարկության ընթացքը, Հանձնաժողովի նախագահի հայտարարությունները և քվեարկության արդյունքները արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

17. Եթե Հանձնաժողովը ընդունել է սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունը, ապա ծառայողը թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման է ենթակա սույն կարգի 96-րդ կետով նախատեսված որոշման ընդունումից հետո` ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում:

18. Քվեարկության ավարտից հետո փաստաթղթային ատեստավորումն անցնող ծառայողը հրավիրվում է ատեստավորման սենյակ և անհատապես տեղեկացվում իր համար անցկացված քվեարկության արդյունքների մասին:

 

IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

19. Թեստավորմանը մասնակցում են ատեստավորման ենթակա այն ծառայողները`

1) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն, կամ

2) որոնց վերաբերյալ Հանձնաժողովը ընդունել է սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունը:

20. Թեստավորումն անց է կացվում թեստավորման հարցաշարից պատահական ընտրությամբ կազմված թեստային առաջադրանքների միջոցով, որոնցում զետեղված հարցերի քանակը տարբերակվում է՝ ըստ հարկային կամ մաքսային ծառայության պաշտոնների խմբերի՝

1) հարկային կամ մաքսային ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման դեպքում՝ 40 հարց.

2) հարկային կամ մաքսային ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման դեպքում՝ 30 հարց.

3) հարկային կամ մաքսային ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման դեպքում՝ 20 հարց:

Թեստավորման հարցաշարը ենթակա է հրապարակման Հանձնաժողովի կողմից ՊԵԿ-ի համապատասխանաբար՝ հարկային կամ մաքսային ծառայությունների կայքերում՝ ատեստավորման անցկացումից առնվազն մեկ ամիս առաջ:

21. Յուրաքանչյուր թեստային առաջադրանքում ընդգրկված հարցերը (խնդիրները) տարբերակվում են ըստ թեմատիկ բնագավառների՝ հետևյալ չափաբաժիններով՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն՝ 10 տոկոս,

2) հարկային կամ մաքսային օրենսդրության մասին ընդհանուր հարցեր՝ 40 տոկոս,

3) հարկային կամ մաքսային ծառայության մասին օրենսդրություն՝ 30 տոկոս,

4) հարկային կամ մաքսային մարմնի (կառուցվածքային ստորաբաժանման) իրավասություններին առնչվող այլ իրավական ակտեր՝ 10 տոկոս,

5) տվյալ պաշտոնի նկարագրով նախատեսված այլ պահանջներ՝ 10 տոկոս:

22. Թեստավորումն անցկացվում է էլեկտրոնային, իսկ դրա անհնարինության (տեխնիկական պատճառներով) դեպքում՝ թղթային եղանակով:

23. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, դահլիճում) (այսուհետ` թեստավորման սենյակ), որն ապահովված է համապատասխան պայմաններով և ձայնագրող համակարգով:

24. Ծառայողը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձնագիրը կամ նույնականացման քարտը: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է ծառայողի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման սենյակ, որտեղ ծառայողը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ նստարան: Ծառայողների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 10 րոպե առաջ:

25. Թեստավորման ժամանակ ծառայողներին արգելվում է իրենց հետ թեստավորման սենյակ բերել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական կամ էլեկտրոնային սարքեր:

26. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորումը սկսվելուց առաջ ծառայողներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, այդ թվում՝ սույն կարգի 25-րդ, 28-րդ և 29-րդ կետերի պահանջները, և պատասխանում ծառայողների բոլոր հարցերին:

27. Թեստավորման սկիզբը մեկնարկում է Հանձնաժողովի քարտուղարի համապատասխան հայտարարությունից հետո:

28. Թեստավորման ընթացքում ծառայողին չի թույլատրվում աղմկել, հուշել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, բացառությամբ Հանձնաժողովի անդամների: Սույն կետում և 25-րդ կետում նշված պահանջների խախտման դեպքում Հանձնաժողովը դադարեցնում է ծառայողի հետագա մասնակցությունը թեստավորմանը՝ գնահատելով նրա աշխատանքը զրո միավոր:

29. Թեստավորման ընթացքում ծառայողին չի թույլատրվում դուրս գալ թեստավորման սենյակից: Ծառայողի կողմից թեստավորման սենյակը լքելու դեպքում նրա աշխատանքը համարվում է ավարտված:

30. Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից (խնդիրներից) և դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը ճիշտ պատասխանն է:

31. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար ծառայողներին տրվում է՝

1) հարկային կամ մաքսային ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման դեպքում՝ 80 րոպե,

2) հարկային կամ մաքսային ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման դեպքում՝ 60 րոպե,

3) հարկային կամ մաքսային ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման դեպքում՝ 40 րոպե:

32. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է ծառայողներին՝ թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:

33. Սույն կարգի 31-րդ կետում սահմանված ժամկետը լրանալուց անմիջապես հետո Հանձնաժողովի քարտուղարը հայտարարում է թեստավորման ավարտը:

34. Թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարվելուց հետո ծառայողները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած ծառայողի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա:

35. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն կարգի 46-րդ կետում նշված դեպքը:

 

V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

36. Էլեկտրոնային եղանակով թեստավորման անցկացումն իրականացվում է հատուկ համակարգչային ծրագրի կիրառման միջոցով:

37. Էլեկտրոնային թեստավորման համակարգչային ծրագիրը պետք է ապահովի՝

1) թեստավորմանը մասնակցող ծառայողի նույնականացումը.

2) պատահականության սկզբունքով թեստավորման առաջադրանքների գեներացումը և դուրսբերումը էկրանի վրա.

3) ծառայողի պատասխանների ընդունումը և լրացման ճշտության ստուգումը.

4) առաջադրանքի կատարման արդյունքների գնահատումը և միավորների հաշվարկումը.

5) առաջադրանքի կատարման արդյունքների փաստաթղթավորումը և արտաբերումը (տպումը):

38. Թեստավորման էլեկտրոնային եղանակի կիրառման ընթացակարգը հաստատում է ՊԵԿ-ի նախագահը:

 

VI. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՂԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

39. Թղթային եղանակով թեստավորման դեպքում՝ մինչ թեստավորման սկիզբը Հանձնաժողովի նախագահն իրավասու ստորաբաժանումից ստանում է ատեստավորվող ծառայողների թվին համապատասխան ամփոփաթերթեր՝ 2 օրինակից: Ամփոփաթերթերի առաջին օրինակը բաղկացած է միևնույն կոդավորմամբ կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը կոդավորված չէ: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքվում է ձախ կողմից կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը՝ ներքևի ձախ մասում:

40. Հանձնաժողովի քարտուղարը՝ սույն կարգի 26-րդ կետում նշված հարցերին պատասխանելուց հետո, ծառայողներին տալիս է սույն կարգի 39-րդ կետում նշված ամփոփաթերթը՝ 2 օրինակից: Ծառայողը Հանձնաժողովի անդամների ներկայությամբ ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և, այն անջատելով հիմնական մասից, գցում է ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված՝ կնքված արկղի մեջ:

41. Ծառայողի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտի մաքրումն արգելվում է: Մաքրելու դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:

42. Թղթային եղանակով թեստավորման ժամանակ ծառայողները կտրոնները հանձնելուց հետո ստանում են թեստավորման առաջադրանքների թերթեր կամ տետրեր:

43. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքները ծառայողներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:

44. Թեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո ծառայողը ծանոթանում է առաջադրանքներին և ամփոփաթերթում յուրաքանչյուր հարցի (խնդրի) համար նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում՝ ընտրելով մեկ (իր կարծիքով՝ ճիշտ) պատասխանը:

45. Ծառայողը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

46. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելու դեպքում տվյալ հարցի (խնդրի) պատասխանը համարվում է սխալ պատասխան:

47. Թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակը սպառվելուց կամ նախքան այդ` աշխատանքն ավարտելուց անմիջապես հետո, ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում Հանձնաժողովին: Ծառայողը` աշխատանքը հանձնելիս ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում այն և դուրս գալիս թեստավորման սենյակից:

48. Բոլոր թեստավորվող ծառայողների կողմից ամփոփաթերթերը հանձնելուց հետո Հանձնաժողովի անդամները, նախապես ստուգելով ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոնների ու հիմնական մասերի քանակը՝ կազմելով համապատասխան արձանագրություն:

49. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ՝ օպերատորը համակարգչի միջոցով արտաբերում (արտատպում) է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանները (ձևանմուշը): Ձևանմուշի միջոցով Հանձնաժողովի անդամները համատեղ մեկ առ մեկ ստուգում են ծառայողների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանների ճշտությունը:

50. Յուրաքանչյուր ծառայողի համար հաշվարկվում են հավաքած միավորների քանակը և տոկոսը, որոնք նշվում են ամփոփաթերթի հիմնական մասի վրա, որը կնքվում և ստորագրվում է Հանձնաժողովի նախագահի կողմից:

51. Ստուգման աշխատանքների ավարտից հետո բոլոր ծառայողները հրավիրվում են թեստավորման սենյակ և նրանց ներկայությամբ Հանձնաժողովի նախագահը (անհրաժեշտության դեպքում՝ նրա կողմից լիազորված՝ Հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը) մեկ առ մեկ մաքրում է ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտի մաքրումից հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, որոնք անմիջապես արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

52. Հանձնաժողովի նախագահը բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի վրա սույն կարգի 51-րդ կետում նշված գործողությունը կատարելուց հետո մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունները, անունները, հայրանունները: Յուրաքանչյուր ծառայող ստանում է իր կտրոնը, Հանձնաժողովի ներկայությամբ մաքրում ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, ինչն անմիջապես արձանագրվում է: Հանձնաժողովի նախագահը բացում է չներկայացած ծառայողների կտրոնների ծածկաշերտերը բոլորի ներկայությամբ և բարձրաձայն հայտարարում, ինչը արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից: Այնուհետև Հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր ծառայողի հավաքած միավորները (տոկոսը):

 

VII. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

53. Ծառայողների հավաքած միավորների (տոկոսների) հայտարարումից անմիջապես հետո Հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման արդյունքները և հարցերի (խնդիրների) ճիշտ պատասխանները:

54. Թեստավորման արդյունքները Հանձնաժողովին բողոքարկվում են գրավոր` սույն կարգի 53-րդ կետում նշված հրապարակումից հետո 2 ժամվա ընթացքում:

55. Բողոքարկումը՝ թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում ծառայողի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

56. Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել ծառայողի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա այդ հարցադիմումի մասով վերահաշվարկվում են տվյալ հարցադիմումը պարունակող հարցատոմսեր ստացած բոլոր ծառայողների միավորները: Եթե Հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ ծառայողի բողոքը հիմնավորված է, ապա Հանձնաժողովը բավարարում է ծառայողի պահանջը՝ կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

57. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում բողոքարկման համար սույն կարգի 54-րդ կետում նշված ժամանակի ավարտից հետո Հանձնաժողովն ընդունում է որոշում և համապատասխան ցուցանակի վրա հրապարակում ատեստավորման հաջորդ` հարցազրույցի մաս անցած ծառայողների ցուցակը:

58. Եթե ծառայողը սույն կարգի 60-րդ կետի պահանջներին համապատասխան չի անցնում ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ, ապա Հանձնաժողովն ընդունում է ծառայողի` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացություն` գրառում կատարելով նրա ատեստավորման թերթում:

59. Թեստավորման առաջադրանքները բողոքարկման արդյունքների ամփոփումից հետո փաթեթավորվում և կնքվում են Հանձնաժողովի կողմից՝ արխիվացման նպատակով:

60. Բացառությամբ սույն կարգի 63-րդ կետում նշված դեպքի, ատեստավորմանը մասնակցող հարկային ծառայողը ատեստավորման հաջորդ` հարցազրույցի մաս է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում: Բացառությամբ սույն կարգի 63-րդ կետում նշված դեպքի, ատեստավորմանը մասնակցող մաքսային ծառայողը հարցազրույցի մաս է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

 

VIII. ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

61. Հարկային և մաքսային մարմիններում աշխատող՝ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք օգտագործելու իրավասություն ունեցող ծառայողները, թեստավորումը անցնելուց հետո մինչև հարցազրույցի անցկացումը, հանձնում են նաև ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման գծով հատուկ պատրաստվածության և պիտանիության ստուգումներ:

62. Հատուկ պատրաստության և պիտանիության ստուգումը ծառայողի ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք օգտագործելու իրավասություն ունենալու համապատասխանության որոշումն է:

63. Սույն կարգի 61-րդ կետում նշված ծառայողները ատեստավորման հաջորդ՝ հարցազրույցի փուլ են անցնում պիտանիության ստուգումներն անցնելուց հետո:

64. Եթե ծառայողը չի հանձնել պիտանիության ստուգումները, ապա Հանձնաժողովն ընդունում է ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացություն` համապատասխան գրառում կատարելով նրա ատեստավորման թերթում:

65. Հատուկ պատրաստության և պիտանիության ստուգումներն անցկացվում են հետևյալ փուլերով`

1) ֆիզիկական պատրաստականության ստուգում,

2) հատուկ միջոցների հետ վարվելու և զենք օգտագործելու դեպքերի մասին տեսական իմացության ստուգում,

3) հատուկ միջոցների հետ վարվելու ունակության ստուգում,

4) զենքի կիրառման հմտության ստուգում:

66. Ֆիզիկական պատրաստականությունը ներառում է հետևյալ նորմատիվներն ըստ տարիքային խմբերի և սեռի`

 

Հ/հ

Վարժաձևը

18-24
տարեկան

25-29
տարեկան

30-34
տարեկան

35-39
տարեկան

40-65 տարեկան

տղամարդ

կին

տղամարդ

կին

տղամարդ

կին

տղամարդ

կին

տղամարդ

կին

1.

Վազք 100 մ/վրկ

14,3

17,0

14,9

17,5

15.5

18.5

17,8

20,0

20,1

23,5

2.

Ձգում պտտաձողի վրա (անգամ)

9

-

7

-

7

-

5

-

2

-

3.

Մեջքին պառկած
հենադրությունից իրանի
բարձրացում(անգամ)

-

40

-

40

-

30

-

20

-

8

4.

Հեռացատկ թափավազքից (մետր)

4,20

3,40

4,10

3,20

4,00

3,00

3,80

2,80

3,30

2,40

5.

Հեռացատկ տեղից (մետր)

2,10

1,70

2,00

1,60

1,90

1,50

1,70

1,40

1,50

1,20

 

67. Հատուկ միջոցների հետ վարվելու և զենք օգտագործելու դեպքերի մասին տեսական իմացությունների ստուգումը ներառում է ՀՀ օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենսդրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ և ՀՀ մաքսային օրենսդրությամբ հատուկ միջոցների ու զենքի օգտագործման և կիրառման իրավական հիմքերի իմացության ստուգումը:

68. Ծառայողը պարտավոր է իմանալ իրեն հատկացված հատուկ միջոցների և զենքի տեխնիկական բնութագրերը:

69. Հատուկ միջոցների հետ վարվելու և զենք օգտագործելու դեպքերի մասին տեսական իմացությունների ստուգումը ծառայողի կողմից համարվում է դրական հանձնված, եթե ծառայողը պատասխանում է ստուգումն իրականացնող հանձնաժողովի բոլոր հարցերին:

70. Հատուկ միջոցների հետ վարվելու ունակության և զենքի կիրառման հմտության ստուգումը ներառում է հատուկ միջոցների և զենքի տեսակների օգտագործման իմացության ստուգումը, դրանք ըստ առանձին մասերի մասնատումը և հավաքումը:

71. Ծառայողը ՊԵԿ տրամադրության տակ եղած զենքի տեսակների առանձին մասերի քանդումը և հավաքումը կատարում է դրա իրականացման ստորև նշված նորմատիվների ստուգմամբ.

 

Հ/հ

Նորմատիվի անվանումը

Զենքի տեսակը և կատարման պայմանը

Կատարման ժամանակը, վայրկյան

 1.

Փամփշտակալի լիցքավորում

«Մակարով» ատրճանակ
փամփշտակալը ձեռքում, 8 փամփուշտ խառը թափված սեղանին

23

 2.

Ատրճանակի ոչ լրիվ քանդելը

կատարողը կանգնած է սեղանի դիմաց, ատրճանակը սեղանին միացված փամփշտակալով

9

 3.

Ոչ լրիվ քանդած վիճակից ատրճանակի հավաքում

կատարողը կանգնած է սեղանի դիմաց, ձեռքերը իջեցրած, ատրճանակի մասերը դասավորված են սեղանին

11

 4.

Փամփշտակալի լիցքավորում

Ավտոմատ «Կալաշնիկով»
փամփշտակալը ձեռքում, 30 փամփուշտ խառը թափված սեղանին

50

 5.

Ավտոմատի ոչ լրիվ քանդելը

կատարողը կանգնած է սեղանի դիմաց, ձեռքերը իջեցրած, ավտոմատը սեղանին միացված փամփշտակալով

26

 6.

Ոչ լրիվ քանդած վիճակից ավտոմատի հավաքում

կատարողը կանգնած է սեղանի դիմաց, ավտոմատի մասերը և դետալները դասավորված են սեղանին

40

 

72. Զենքի կիրառման հմտության ստուգումն իրականացվում է հրաձգության միջոցով` ստորև նշված նորմատիվներով.

1) «Մակարով» ատրճանակից տեղից անշարժ թիրախի վրա սահմանափակ ժամանակում կրակելու վարժության կատարման պայմանը`

ա. Նշանակետ-կրծքային մարմին շրջագծերով (թիրախ N4) 0,75x0,75 չափի, անշարժ, տեղադրված կրակողի աչքի բարձրության հարթության վրա

բ. Հեռավորությունը մինչ նշանակետ - 25 մետր

գ. Փամփուշտների քանակը - 3 հատ

դ. Կատարման ժամանակը - անսահմանափակ

ե. Կրակելու դիրքը - կանգնած, ձեռքից

զ. Գնահատականը - «ստուգված» 18 միավոր.

2) Ավտոմատ զենքից վարժության կատարման պայմանները`

ա. Նշանակետ - կրծքային մարմին շրջագծերով (թիրախ N 4) 0,75x0,75 չափի, անշարժ, տեղադրված կրակողի աչքի բարձրության հարթության վրա

բ. Հեռավորությունը մինչ նշանակետ - 50 մետր

գ. Փամփուշտի քանակը - 3 հատ

դ. Կատարման ժամանակը - անսահմանափակ

ե. Կրակելու դիրքը - պառկած, հենակից

զ. Կրակելու տեսակը - մեկական (հատ-հատ)

է. Գնահատականը - «ստուգված» - 15 միավոր:

 

IX. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

73. Հարցազրույցի մաս անցած ծառայողների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով` նրանց մասնագիտական գիտելիքները և ունակությունները, գործնական կարողությունները և կառավարչական հմտություններն ստուգելու նպատակով: Հանձնաժողովը յուրաքանչյուր ծառայողի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

74. Հարցազրույցն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, դահլիճում), որն ապահովված է համապատասխան պայմաններով (այսուհետ` հարցազրույցի անցկացման սենյակ):

75. Հանձնաժողովը յուրաքանչյուր ծառայողի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում հարցատոմս` հետևյալ չափաբաժիններով`

1) համապատասխանաբար` հարկային կամ մաքսային ծառայության օրենսդրության բնագավառին վերաբերող` 1 հարց.

2) մասնագիտական իրավասությունը սահմանող օրենսդրության բնագավառին վերաբերող` 4 հարց, որից 1 հարց` կոնկրետ կառուցվածքային ստորաբաժանման իրավասության հետ կապված, և 3 հարց` կոնկրետ պաշտոնի անձնագրի դրույթների հետ կապված, այդ թվում նաև` հարկային կամ մաքսային ծառայության այն պաշտոնի, որը որպես փոխարինող նա կարող է զբաղեցնել:

76. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին տրվում է հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանների ձևանմուշ:

77. Ծառայողը, ծանոթանալով հարցատոմսին, իր նախընտրած հերթականությամբ պատասխանում է հարցերին: Հարցազրույցի ընթացքում ծառայողին կարող են տրվել նաև հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցեր: Հարցազրույցի ընթացքում ծառայողին կարող են տրվել նաև իր կողմից կատարած աշխատանքների մասին ներկայացրած վերջին երկու հաշվետվություններին կամ վերջին երկու կիսամյակների աշխատանքային ծրագրերին առնչվող բանավոր հարցեր:

78. Սույն կարգի 75-րդ կետում նշված հարցերի և դրանց ճիշտ պատասխանների կազմումն ապահովում է Հանձնաժողովը: Հարցերը բարդության աստիճանով պետք է տարբերվեն միմյանցից` ըստ հարկային կամ մաքսային ծառայության պաշտոնների խմբերի: Հարցերը և դրանց ճիշտ պատասխանները կոդավորվում, համարակալվում են` ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի: Հարցերը և դրանց ճիշտ պատասխանները չեն հրապարակվում: Հանձնաժողովը հրապարակում է այն իրավական ակտերի ցանկը, որոնցից բխում են սույն կետով նախատեսված հարցերը:

79. Յուրաքանչյուր ատեստավորումն անցկացնելուց առնվազն մեկ ամիս առաջ սույն կարգի 75-րդ կետով նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները ներկայացվում են հաստատման ՊԵԿ-ի նախագահին:

80. Հարցազրույցի ընթացքում ծառայողներին չի թույլատրվում օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ հարցատոմսի հարցերին պատասխանելու համար տեղեկատվության աղբյուր հանդիսացող այլ տեխնիկական սարքերից (բացառությամբ Հանձնաժողովի կողմից տրամադրվող` սույն կարգով նախատեսված միջոցների), հարցատոմսի հարցերին պատասխանելու հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ հարցազրույցի անցկացման սենյակից:

81. Սույն կարգի 80-րդ կետում նշված պահանջների խախտման դեպքում Հանձնաժողովը կազմում է արձանագրություն և դադարեցնում է տվյալ ծառայողի մասնակցությունը հարցազրույցին:

82. Հարցազրույցի ընթացքում ծառայողի կողմից հարկային կամ մաքսային օրենսդրության բնագավառի հարցերի վերաբերյալ տրված պատասխանները գնահատվում (ճիշտ կամ սխալ) են Հանձնաժողովի նախագահի կողմից, իսկ հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցերին տրված պատասխանները գնահատվում (ճիշտ կամ սխալ) են հարց տվող Հանձնաժողովի անդամի կողմից:

83. Եթե հարցազրույցի ընթացքում ծառայողի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա սույն կարգի 82-րդ կետում նշված` Հանձնաժողովի նախագահի կամ համապատասխան անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:

84. Յուրաքանչյուր ծառայողի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ: Քվեարկության ժամանակ որևէ եզրակացության համար տրված կողմ և դեմ ձայների հավասար լինելու դեպքում` եզրակացությունը համարվում է չընդունված:

85. Յուրաքանչյուր ծառայողի հետ հարցազրույցի արդյունքներով Հանձնաժողովը քվեարկության միջոցով ընդունում է հետևյալ եզրակացություններից մեկը.

1) շնորհել ավելի բարձր դասային կամ հատուկ կոչում.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` վերապատրաստում անցնելու և վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստանալու պայմանով.

4) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

86. Յուրաքանչյուր ծառայողի համար քվեարկությունն անցկացվում է մեկ կամ երկու փուլով: Քվեարկության առաջին փուլն անց է կացվում Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է քվեարկությանը մասնակցող Հանձնաժողովի անդամի անունը և ազգանունը, դրվում է նրա ստորագրությունը, ատեստավորվող ծառայողի ազգանունը, անունը և հայրանունը: Քվեարկության երկրորդ փուլի դեպքում` այն անց է կացվում բաց քվեարկություն: Քվեարկությունն անցկացվում է գործողությունների հետևյալ հաջորդականությամբ.

1) Քվեարկության առաջին փուլում Հանձնաժողովի նախագահը քվեարկության է դնում սույն կարգի 85-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունը ընդունելու մասին առաջարկություն: Եթե`

ա. Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ ընդունվում է առաջարկությունը, ապա ընդունված է համարվում սույն կարգի 85-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունը` բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում նշված դեպքի.

բ. Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ առաջարկությունը չի ընդունվում, ապա քվեարկության առաջին փուլում ընդունված է համարվում սույն կարգի 85-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունը` բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում նշված դեպքի։

2) Քվեարկության երկրորդ փուլը կարող է անցկացվել սույն կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված դեպքերում` եթե այդ մասին Հանձնաժողովի նախագահը կամ ցանկացած անդամ ներկայացնում են համապատասխան բանավոր առաջարկություն առաջին փուլի ավարտից անմիջապես հետո: Քվեարկության երկրորդ փուլի անցկացման դեպքում.

ա. Սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում նշված դեպքում` Հանձնաժողովի նախագահը բաց քվեարկության է դնում սույն կարգի 85-րդ կետի 1-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունն ընդունելու վերաբերյալ առաջարկությունը: Եթե`

ա) Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ առաջարկությունն ընդունվում է, ապա ընդունված է համարվում սույն կարգի 85-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված եզրակացությունը.

բ) Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ առաջարկությունը չի ընդունվում, ապա ընդունված է համարվում սույն կարգի 85-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունը։

բ. Սույն կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում նշված դեպքում` Հանձնաժողովի նախագահը բաց քվեարկության է դնում սույն կարգի 85-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված եզրակացություն ընդունելու վերաբերյալ առաջարկությունը: Եթե`

ա) Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ առաջարկությունն ընդունվում է, ապա ընդունված է համարվում սույն կարգի 85-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունը.

բ) Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ առաջարկությունը չի ընդունվում, ապա ընդունված է համարվում սույն կարգի 85-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունը։

87. Քվեարկությունների ընթացքն ու արդյունքներն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

 

X. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

88. Հանձնաժողովի որոշմամբ` ծառայողների ատեստավորմանը ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

89. Զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:

 

XI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

90. Ատեստավորման ավարտից հետո Հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր ծառայողի համար կազմում ատեստավորման թերթ` համաձայն կից ձև 2-ի:

91. Ատեստավորման թերթը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և անդամները:

92. Ծառայողն, ատեստավորման ավարտից հետո, ծանոթանում է իր ատեստավորման թերթի հետ և ստորագրում: Ցանկության դեպքում ծառայողը կարող է գրավոր դիմել Հանձաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:

93. Ատեստավորման արդյունքներին համաձայն չլինելու դեպքում ծառայողը դրանք կարող է բողոքարկել Հանձաժողովին` մինչև այդ արդյունքները ՊԵԿ ղեկավարին ներկայացնելը: Հանձաժողովը երկօրյա ժամկետում քննարկում է բողոքը և կայացնում որոշում: Բողոքարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ծառայողը դրանք կարող է բողոքարկել ՊԵԿ նախագահին կամ դատական կարգով:

94. Հանձաժողովը ատեստավորման ավարտից հետո եռօրյա ժամկետում ծառայողի ատեստավորման թերթը ներկայացնում է ՊԵԿ նախագահին, որից հետո Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված:

95. Հանձնաժողովի աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո Հանձնաժողովի նախագահը իրավասու ստորաբաժանմանը հանձնում է ատեստավորման համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը: Հանձաժողովի նախագահը իրավասու ստորաբաժանմանը հանձնում է նաև Հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և ատեստավորմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պահպանելու և արխիվացնելու համար:

 

XII. ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

96. ՊԵԿ նախագահը ատեստավորման թերթը ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է դրան համապատասխան որոշում:

97. ՊԵԿ նախագահը` ծառայողի ժամանակավոր անաշխատունակության, արձակուրդում կամ գործուղման գտնվելու ժամանակ, ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում ծառայողի աշխատանքի ներկայանալու օրվանից` եռօրյա ժամկետում:

98. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի սահմանված դրույթների խախտման դեպքում` տվյալ ծառայողի ատեստավորումը կարող է անվավեր ճանաչվել դատական կարգով:

 

Ձև 1

 

Ց Ա Ն Կ

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ

 

NN

Ծառայողի կոչումը, անունը, ազգանունը, պաշտոնը

Պաշտոնի նշանակվելու (աշխատանքի անցնելու)
ամսաթիվը

Վերջին ատեստավորման ամսաթիվը և ընդունված որոշումը

Առաջիկա ատեստավորման անցկացման ամսաթիվը

Ծանո-թություն

           
           
           
           
           

 

Ձև 2

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ

(ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ)

 

1. Ազգանուն, անուն, հայրանուն _________________________________________________

_____________________________________________________________________________

2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը ___________________________________________

3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնի անվանումը և այդ պաշտոնին նշանակվելու

տարին, ամիսը, ամսաթիվը

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

4. Փաստաթղթային ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովի ընդունած եզրակացությունը

_____________________________________________________________________________

5. Թեստավորման արդյունքը (տոկոսով) ___________________________________________

6. Ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման գծով հատուկ

պատրաստվածության և պիտանիության ստուգման արդյունքը

____________________________________________________________________________

7. Հարցազրույցի ընթացքում տրված հարցերը և դրանց համառոտ պատասխանները

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

8. Քվեարկությանը մասնակցել են Հանձնաժողովի _________ անդամներ, որից կողմ են

քվեարկել _________ անդամ

9. Թեստավորման, պիտանիության ստուգման և հարցազրույցի արդյունքում ատեստավորման

հանձնաժողովի ընդունած եզրակացությունը

_____________________________________________________________________________

 

Հանձնաժողովի նախագահ`

____________________

(_____________)

 

անուն, ազգանուն

ստորագրություն

Հանձնաժողովի անդամներ`

____________________

(_____________)

անուն, ազգանուն

ստորագրություն

____________________

(_____________)

անուն, ազգանուն

ստորագրություն

  

Ատեստավորման անցկացման ամսաթիվը` «____» _____________20__ թ.

 

Ծանոթացել եմ ատեստավորման թերթին`

(____________________)

_____________________

ծառայողի ստորագրություն

անուն, ազգանուն

 

«____» _____________20__ թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.11.2021, N 1160-Ն 03.12.2021, N 506-Ն
08.08.2014, N 514-Ն 12.09.2014, N 506-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան