Գլխավոր տեղեկություն
Համար
N 597-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.12.23/34(478).1 Հոդ.347.28
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
10.10.2013
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

10 հոկտեմբերի 2013 թ.  

ք. Երևան

N 597-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈԶԵՐԻ ԿԱՐՄՐԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`

 

Հրամայում եմ`

 

Հաստատել խոզերի կարմրախտ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը՝ համաձայն հավելվածի:

 

  Ա. Բախչագուլյան

 

 

Հավելված

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության

պետական ծառայության պետի

2013 թվականի հոկտեմբերի 10-ի

N 597-Ն հրամանի

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԽՈԶԵՐԻ ԿԱՐՄՐԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում խոզերի կարմրախտի դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իրականացման գործառույթների մեջ ընդգրկված պետական և տարածքային մարմինների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի համար:

2. Կարմրախտի հարուցիչը էրիսիպելոտրիքս ռուսիոպատայե (Erysipelothrix rhusiopathiae) մանրէն է: Հիվանդությունը բնութագրվում է սեպտիցեմիայով, բորբոքային էրիթեմայով, էնդոկարդիտով, արտրիտներով: Հիվանդանում են հատկապես 3-12 ամսական հասակի խոզերը: Կարմրախտի առանձին բռնկումները հնարավոր են նաև կրծողների, հնդկահավերի, բադերի, փասյանների և գառների շրջանում: Կարմրախտի նկատմամբ զգայուն է նաև մարդը:

3. Կարմրախտի մանրէի կենսունակությունը արտաքին միջավայրում զգալի բարձր է՝ հողում, կենդանիների դիակներում պահպանվում է մինչև 10 ամիս, չորացման ժամանակ մինչև 1 ամիս, արևի ճառագայթների ազդեցության դեպքում՝ 12 օր: Մսամթերքների աղեցումը և ծխեցումը չի թուլացնում կարմրախտի հարուցչին: Վիրուսն արագ ոչնչանում է բարձր ջերմաստիճանի դեպքում՝ (700 C-ի դեպքում ոչնչանում են 2-5 րոպեում, 1000 C-ի դեպքում՝ մի քանի վայրկյանում), ինչպես նաև ախտահանիչ նյութերի (2 %-ոց կծու Na կամ ֆորմալդեհիդ, 10-20 % քլորակիր և նոր հանգած կիր, 3 % ֆենոլի լուծույթ) ազդեցությունից:

4. Բնական պայմաններում հիվանդանում են միայն 3 ամսականից բարձր հասակի խոզերը, երբեմն այծերը 4-8 ամսական հասակում և որպես բացառություն՝ հավերը, հնդկահավերը, փասյանները, բադերը և սագերը: Հիվանդության հիմնական աղբյուր են հանդիսանում կարմրախտով հիվանդ խոզերը, որոնք կղանքի և մեզի հետ արտաքին միջավայր են արտազատում հարուցիչներ:

5. Հարուցչի փոխանցման գործոններ են հանդիսանում վարակված կերը, ջուրը, խնամքի առարկաները, հողը, դիակները, հիվանդ կենդանիներից ստացված մթերքները, ինչպես նաև թռչունները, ճանճերը, տզերը, ոջիլները: Խոզերը վարակվում են ալիմենտար ճանապարհով, ավելի հազվադեպ վնասված մաշկով, լորձաթաղանթով և տրանսմիսիվ եղանակով: Մահացությունը կազմում է 55-80 %, գաղտնի շրջանը տևում է 2-5 օր:

6. Տարբերում են խոզերի կարմրախտի կայծակնային, սուր, ենթասուր և խրոնիկ ընթացքները, սպիտակ, և սեպտիցեմային, մաշկային (ցան), լատենտ (գաղտնի) ձևերը: Խոզերի կարմրախտը արտահայտվում է մաշկի տիպիկ փոփոխություններով սեղմելուց անհետացող կարմիր ուռած խալերի ձևով: Վերջիններս շոշափելուց ամրակուռ են, ունեն տարբեր մեծություն և ձև (հաճախակի՝ քառակողմ): Հիվանդության խրոնիկ ընթացքը բնութագրվում է էնդոկարդի ախտահարման, ականջների, պոչի, մեջքի մաշկի մեռուկներով:

7. Սուր և ենթասուր ընթացքի դեպքում անկած խոզերի մոտ կրծքավանդակի, պարանոցի, ականջների, վերջույթների շրջանում հայտնաբերում են մաշկի տարածված մուգ մանուշակագույն գունավորումներ: Խրոնիկ ընթացքի ժամանակ հայտնաբերում են սրտի փականների լայնացումներ, պոլիարտրիտներ, ավելի հազվադեպ մաշկի մեռուկներ:

8. Խոզերի կարմրախտի ախտորոշումը դրվում է կլինիկահամաճարակաբանական տվյալների, ախտաբանաանատոմիական փոփոխությունների և լաբորատոր հետազոտությունների հիման վրա:

 

II. ԽՈԶԵՐԻ ԿԱՐՄՐԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

9. Խոզերի կարմրախտ հիվանդության կանխարգելման և պայքարի միջոցառումները կազմակերպելիս հարկավոր է սահմանել կարմրախտի նկատմամբ անապահով կետը և սպառնալիքի տարածքը կամ գոտին:

10. Խոզերի կարմրախտի անապահով կետ են համարում այն բնակավայրերը, համայնքները, մարզերը, անասնապահական տնտեսությունը (այսուհետ՝ տնտեսություն)՝ շենքերով և նրանց հարակից արոտատեղերով, արոտավայրերով, ջրամբարներով, ինչպես նաև առանձին նրանց հողահատվածները, հանդամասերը և այլ օբյեկտները, որտեղ անկախ ժամանակի վաղեմությունից երբևէ արձանագրվել են խոզերի կարմրախտով հիվանդանալու դեպքեր:

11. Խոզերի կարմրախտի նկատմամբ սպառնալիքի տարածք է համարվում վայրը, համայնքի տարածքը կամ համայնքը կամ մարզը, որտեղ գրանցվել են կարմրախտով անապահով կետերը և առկա է կենդանիների կարմրախտով հիվանդության առաջացման սպառնալիք:

12. Խոզերի կարմրախտի նկատմամբ անապահով կետի և սպառնալիքի տարածքի սահմանները որոշում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն):

13. Խոզերի կարմրախտի նախնական ախտորոշման հաստատումից հետո տվյալ տարածքը, համայնքը կամ տարածաշրջանը կամ մարզը Ծառայության կողմից հայտարարվում է խոզերի կարմրախտի նկատմամբ անապահով, որոշվում են սահմանները և այդ տարածքում սահմանվում է կարանտին, տեղադրվում են շուրջօրյա կարանտինային պահակակետեր:

14. Խոզերի կարմրախտի ախտորոշման հաստատումից հետո սահմանվում է կարանտին «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

15. Խոզերի կարմրախտի կարանտին հայտարարված տարածքում կիրառվում են օրենքով սահմանված արգելքներ ու սահմանափակումներ:

16. Խոզերի կարմրախտ հիվանդության կանխարգելման նպատակով կենդանիների սեփականատերը և համայնքը սպասարկող անասնաբույժը իրականացնում են հետևյալ միջոցառումները՝

1) խոզաբուծական տնտեսություններում կենդանիների խմբերը կազմել կարմրախտի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ կլինիկապես առողջ կենդանիներից, կարմրախտի նկատմամբ պատվաստված կենդանիներից.

2) խոզերին չկերակրել չվարակազերծված կերի և սպանդանոցի մնացորդներով.

3) խոզերի սպանդը կազմակերպել սպանդանոցներում կամ մսի վերամշակման կազմակերպություններում.

4) պարբերաբար իրականացնել գոմաղբի հեռացում և անասնաշենքերի ընթացիկ ախտահանություն, կրծողների և ճանճերի դեմ պայքար, որոնք հանդիսանում են հիվանդության հարուցչի հնարավոր աղբյուրներ և փոխանցողներ.

5) արգելել խոզերի և այլ գյուղատնտեսական կենդանիների համատեղ պահվածքը.

6) իրականացնել տնտեսություն նոր բերված խոզերի պատվաստումներ վարակիչ հիվանդությունների նկատմամբ և հետազոտել կենդանիներին լեպտոսպիրակրության և բրուցելոզի նկատմամբ։

17. Խոզերի կարմրախտի տնտեսություն ներթափանցման վտանգի դեպքում անհապաղ իրականացնել հետևյալ միջոցառումները՝

1) խոզերի ամբողջ գլխաքանակը հաշվառել.

2) տնտեսության ներսում արգելել կենդանիների վերախմբավորումները.

3) կենդանիների խնամքի համար կցել հիմնական անձնակազմ.

4) կենդանիների ամբողջ գլխաքանակը ենթարկել կլինիկական հետազոտության.

5) արգելել կողմնակի անձանց մուտքը տնտեսություն:

18. Տնտեսություններում հիվանդության բռնկումների կանխարգելման հիմնական միջոցառումը կարմրախտի նկատմամբ դեպոնացված պատվաստանյութով բոլոր կենդանիների պատվաստումն է՝ սկսած 2 ամսական հասակից: Պատվաստումների անցկացման ժամանակ առաջնորդվում են պատվաստանյութի օգտագործման համապատսախան ուղեցույցով: Հաշվի առնելով տնտեսության անասնահամաճարակաբանական վիճակը, թույլատրվում է միաժամանակ խոզերին պատվաստել կարմրախտի, ժանտախտի, պաստերելոզի և պարատիֆի նկատմամբ:

19. Խոզամայրերից անջատված նոր ծնված մատղաշը 26 կամ 45 օրական հասակում կարմրախտի նկատմամբ պատվաստում են կաթից կտրվելուց 15-20 օր անց, բայց ոչ շուտ, քան 5 օր խմբերի ձևավորումից անց:

20. Կենդանիների կանխարգելիչ պլանային պատվաստումը անցկացվում է տարվա ցանկացած եղանակին, կրկնակի պատվաստումը իրականացվում է՝ կախված կիրառվող պատվաստանյութի տեսակից: Պատվաստումից 5 օր առաջ և դրանից հետո 5 օրվա ընթացքում արգելում են կենդանիների տրանսպորտային տեղափոխումները և վերախմբավորումները: Այդ ժամանակահատվածում արևի ճառագայթների վարակամերժության վրա ունեցած բացասական ազդեցությունից խուսափելու համար խորհուրդ չի տրվում կենդանիներին բաց թողնել զբոսանքի տարածքներ:

21. Խոզերի մոտ կարմրախտ հիվանդության նշաններ հայտնաբերելու դեպքում (ջերմության բարձրացում, կերից հրաժարում, մաշկի վրա կարմիր խալերի առկայություն և այլն) կենդանիների սեփականատերերը պարտավոր են անմիջապես հայտնել համայնքը սպասարկող անասնաբույժին, մինչև նրա գալը հիվանդ կենդանիներին մեկուսացնել և հիվանդ կենդանիներով զբաղեցված անասնագոմը վարակազերծել: Համայնքը սպասարկող անասնաբույժը դեպքի վայրում ձեռնարկում է համապատասխան միջոցներ՝

1) ջերմաչափում է ֆերմայի, հոտի, նախրի, անասնաբակի խոզերի ամբողջ անասնագլխաքանակը.

2) առանձին խմբերով առանձնացնում և ապահովում է կարմրախտով հիվանդ և հիվանդության մեջ կասկածելի կենդանիների մեկուսացումը և առանձին պահվածքը.

3) անկած կամ հարկադիր մորթի ենթարկված կենդանիներից վերցնում է ախտաբանական նյութ և պահպանելով անվտանգության բոլոր միջոցները` ախտորոշման նպատակով ուղարկում է լաբորատորիա.

4) դեպքի մասին հայտնում է Ծառայության մարզային կենտրոնի մասնագետին և համայնքի ղեկավարին:

22. Խոզերի կարմրախտի ախտորոշման դեպքում Ծառայության մարզային կենտրոնի մասնագետը անհապաղ ծանուցում է Ծառայություն, որտեղ քննարկումների արդյունքում, անհրաժեշտության դեպքում, տարածքային կառավարման մարմիններին ներկայացնում է հիմնավորումներ խոզերի կարմրախտ հայտնաբերված տնտեսության վրա սահմանափակումներ դնելու համար:

23. Խոզերի կարմրախտի ախտորոշման դեպքում տնտեսությունում կիրառվում են օրենքով սահմանված սահմանափակումներ, համաձայն որի արգելվում է.

1) խոզերի մուտքը և ելքը.

2) կենդանիների վերախմբավորումը.

3) կողմնակի անձանց մուտքը անասնագոմ.

4) անապահով տնտեսություններում և սպառնալի գոտիներում կենդանիների, այդ թվում՝ թռչունների ցուցահանդեսների և կենդանիների կուտակումների հետ կապված միջոցառումների իրականացումը.

5) հիվանդ կենդանիների հետ շփված չվարակազերծված կերերի դուրսբերումը տնտեսությունից.

6) հարկադիր սպանդի ենթարկված չվարակազերծված խոզերի մսի դուրսբերումը:

24. Խոզերի կարմրախտ հիվանդության անապահով տնտեսություններում իրականացվում են հետևյալ միջոցառումները՝

1) տնտեսության մուտքից առաջ դրվում է ախտահանիչ խոչընդոտ, ցուցիչ նշաններ խոզերի կարմրախտի առկայության և մուտքի պարտադիր արգելման կամ շրջանցելու վերաբերյալ.

2) իրականացնում են խոզերի ամբողջ գլխաքանակի կլինիկական զննում.

3) առանձնացնում են բարձր ջերմություն, մաշկի վրա սեղմելուց անհետացող կարմիր խալեր, կերից հրաժարվող կենդանիներին.

4) հիվանդ կենդանիներին բուժում են հակաբիոտիկներով համակցված հակակարմրախտային գերիմուն շիճուկով՝ կիրառության հրահանգին համապատասխան.

5) առողջացած կենդանիներին վերադարձնում են ընդհանուր խոզաբուծարան, մաշկային ծածկույթի և վերջույթների ախտազերծումից և առողջացումից ու խոզանոցի բոլոր խոզամայրերի վակցինացումից հետո, բայց ոչ շուտ, քան 10 օր անց.

6) սպանդի ենթակա խոզերի խմբում կարմրախտ հայտնաբերվելու դեպքում՝ հիվանդներին մեկուսացնում են և բուժում, իսկ կլինիկապես առողջներին ուղարկում են մոտակա մսի կոմբինատ, անմիջապես սպանդի ենթարկելու համար.

7) սպանդի իրականացման անհնարինության դեպքում, ուղարկման օրը առողջ կենդանիներին թողնում են տեղում, կենդանիներին պատվաստում են կարմրախտի նկատմամբ և 10 օր անց առանց սահմանափակումների հանձնում են սպանդի.

8) գոմաղբը, ցամքարը, կերի մնացորդները, ամեն օր հեռացնում են և հետագա բիոթերմիկ վարակազերծման նպատակով տեղավորում առանձին տեղում.

9) խոզանոցի վարակազերծումը իրականացնում են ամեն 10 օրը մեկ անապահով ժամակահատվածի ընթացքում, ինչպես նաև ամեն հիվանդ կենդանու առանձնացումից հետո.

10) անասնագոմերի, խնամքի առարկաների ախտահանումը իրականացվում է 4 %-ոց կծու Na-ի տաք լուծույթով 1 ժամ տևողությամբ, կամ ֆորմալդեհիդի 2 % լուծույթով.

11) արգելվում է հիվանդ և հիվանդության մեջ կասկածվող կենդանիներից ստացված մսեղիքը և ենթամթերքները իրացնել հում վիճակում.

12) կարմրախտով հիվանդ և կասկածելի սպանդի ենթարկված խոզերի մսի և մսամթերքների անասնաբուժասանիտարական գնահատումը իրականացնում են ՀՀ կառավարության սահմանած «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման» պահանջների համաձայն.

13) կարմրախտով հիվանդ հարկադիր սպանդի ենթարկած խոզերի և դիակների կաշիները ախտազերծում են՝ 48 ժամ թողնելով աղաջրի 10 %-ոց լուծույթի մեջ.

14) տնտեսության սահմանափակումները հանում են վերջին հիվանդ կենդանու առողջացումից և անասնաշենքերի, զբոսանքի տարածքների, խնամքի առարկաների մանրակրկիտ մաքրումից ու վերջնական ախտազերծումից և ամբողջ գլխաքանակի պատվաստումից 14 օր անց:

25. Սույն հրահանգի կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Ծառայությունը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան