Գլխավոր տեղեկություն
Համար
N 62-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.12.23/34(478).1 Հոդ.347.24
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.10.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10013499

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 հոկտեմբերի 2013 թ.  

ք. Երևան

N 62-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 138 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից,

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում N 2-III-11.3 սանիտարական նորմերը հաստատելու մասին» N 138 հրամանով հաստատված «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N 2-III-11.3 սանիտարական նորմերում (այսուհետ՝ Նորմեր) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Նորմերի ողջ տեքստում «մշտական աղմուկ» բառերը փոխարինել «հաստատուն աղմուկ» բառերով, իսկ «ոչ մշտական աղմուկ» բառերը՝ «փոփոխական աղմուկ» բառերով:

2) Նորմերի 5.3-րդ կետից հետո լրացնել նոր 5.4-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«5.4 Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում աղմուկի գործիքային չափման գործընթացն իրականացվում է համաձայն Հավելված 1-ի:»։

3) Նորմերը լրացնել Հավելված 1-ով` «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում աղմուկի գործիքային չափումը»՝ համաձայն հավելվածի:

 

Դ. Դումանյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. հոկտեմբերի 16-ի

N 62-Ն հրամանի

 

Հավելված 1

 

ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՂՄՈՒԿԻ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՉԱՓՈՒՄԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով (այսուհետ` Հավելված) կանոնակարգվում է աղմուկի գործիքային չափման կազմակերպման գործընթացը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի N 138 հրամանով հաստատված «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» ՍՆ N 2III–11.3 սանիտարական նորմերի պահանջներին համապատասխան:

2. Սույն Հավելվածով կանոնակարգվում է աղմուկի գործիքային չափման կազմակերպման և իրականացման գործընթացը և արդյունքների ամփոփումը` ուղղման արժեքների օգտագործմամբ:

3. Աղմուկի չափիչ սարքերը ունենում են ստանդարտացման մարմնի կողմից տրված ստուգաչափման մասին հավաստող փաստաթուղթ, իսկ աղմուկի չափիչ սարքեր շահագործումը և պահպանումն իրականացվում է չափման յուրաքանչյուր սարքի տեխնիկական հրահանգին համապատասխան:

 

2. ԱՂՄՈՒԿԻ ՆՈՐՄԱՎՈՐՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

 

4. Աշխատատեղերում աղմուկի նորմավորվող չափորոշիչները համարվում են`

1) հաստատուն աղմուկների գնահատման համար.

ա. ձայնի մակարդակները, դԲԱ,

բ. ձայնային ճնշման մակարդակները 31,5-63-125-250-500-1000-2000-4000-8000 Հց միջին երկրաչափական հաճախականությունների օկտավային շերտերում.

2) փոփոխական աղմուկների գնահատման համար՝ ձայնի համարժեք մակարդակները, դԲԱհամ.:

5. Բնակելի և հասարակական շենքերի սենքերում, բնակելի կառուցապատման տարածքներում, բացօթյա հրապարակներում և փակ հարմարեցված սենքերում փոփոխական աղմուկի գնահատումը դԲԱհամ. կատարվում է նաև ձայնի առավելագույն մակարդակներով, դԲԱառավ.:

 

3. ԱՂՄՈՒԿԻ ՉԱՓՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

6. Աղմուկի մակարդակի գործիքային չափումներ կատարելիս անհրաժեշտ է պահպանել մի շարք ընդհանուր պահանջներ`

1) չափիչ սարքի ձայնի ընդունիչը (այսուհետ՝ միկրոֆոն) ուղղվում է դեպի աղմուկի աղբյուրը և հեռացված լինի չափում կատարողից ոչ պակաս, քան 0,5 մ.

2) չափման կետերում օդային արտահայտված հոսքերի առկայության դեպքում, եթե արագությունը գերազանցում է 5 մ/վրկ, աղմկաչափի միկրոֆոնը պաշտպանվում է հակահողմային սարքով:

7. Չափիչ սարքի ժամանակային բնութագրի փոխարկիչը դրվում է հետևյալ դիրքերում.

1) հաստատուն աղմուկների չափման համար` «դանդաղ» (S),

2) փոփոխական աղմուկների չափման համար` «արագ» (F),

3) ազդակային (այսուհետ՝ իմպուլսային) աղմուկի չափման համար` «իմպուլս» (I):

8. Չափիչ սարքի հաճախականությունների բնութագրի փոխարկիչը դրվում է հետևյալ դիրքերում.

1) ձայնի ընդհանուր գումարային մակարդակի գնահատման համար` «A»,

2) ձայնային ճնշման ընդհանուր մակարդակի համար` «L»,

3) ձայնային ճնշման սպեկտրալ վերլուծության համար հաջորդաբար` 31.5-63-150-250-500-1000-2000-4000-8000 Հց օկտավային միջին երկրաչափական շերտերին համապատասխան:

9. Արտադրական սենքերում աղմուկի չափման կետերը ընտրվում են մշտական աշխատատեղերում, իսկ ոչ մշտական աշխատատեղերում (աշխատանքային գոտում և արտադրական տարածքում)` իրարից հավասարաչափ հեռացված 3-ից ոչ պակաս կետեր:

10. Աշխատատեղում աղմուկի չափումը կատարվում է աղմուկի աղբյուր հանդիսացող սարքերից ու սարքավորումներից 1 մ հեռավորության, սենքի սահմանափակող կառուցվածքներից 2 մ հեռավորության և հատակից 1,2–1,5 մ բարձրության վրա: Եթե սենքի մակերեսը փոքր է և չի բավարարում վերոհիշյալ չափման պայմանները, ապա աղմուկի չափումը կատարվում է սենքի կենտրոնում:

11. Չափման կետերը ընտրելուց հետո չափումը կատարվում է`

1) նմանատիպ սարքավորումներով տեղակայված արտադրական սենքում` 3-ից ոչ պակաս մշտական աշխատատեղում,

2) նմանատիպ սարքավորումների խմբերով տեղակայման դեպքում` յուրաքանչյուր խմբի կենտրոնում նախատեսված աշխատատեղում,

3) տարբեր տիպի սարքավորումներով տեղակայված արտադրական սենքում` 3-ից ոչ պակաս մշտական աշխատատեղերում:

12. Բնակելի սենքերում և հասարակական շենքերում աղմուկի չափման համար ընտրվում են սենքով հավասարաչափ տեղաբախշված` սենքի սահմանափակող կառուցվածքներից 1 մ հեռավորության և հատակից 1,2–1,5 մ բարձրության վրա, 3-ից ոչ պակաս կետեր: Եթե աղմուկի աղբյուրը տեղակայված է շենքի ներսում, ապա չափումները կատարվոմ են դռների և պատուհանների փակված լինելու դեպքում, իսկ եթե աղմուկի աղբյուրը տեղակայված է շենքից դուրս, ապա օդանցքները, ֆրամուգաները, պատուհանների նեղ փեղկերը պետք է լինեն բաց:

13. Բնակարաններում աղմուկի չափումների ժամանակ անջատվում է ռադիո և հեռուստատեսային ընդունիչները, հեռացվում աղմկոտ ժամացույցները: Բացի սարքի հետ աշխատողներից, այլ մարդկանց ներկայությունն արգելվում է, քանի որ նրանք կարող են հանդիսանալ լրացուցիչ աղմուկի առաջացման պատճառ:

14. Հանգստյան գոտիների և թաղամասերի, մանկական, նախադպրոցական և դպրոցական հիմնարկների հրապարակներում, առողջապահական կազմակերպությունների և հանգստյան տների տարածքներում աղմուկի մակարդակի չափումները կատարվում են շենքի սահմանափակող կառուցվածքից 2 մ հեռավորության, հողի մակերևույթից 1,2-1,5 մ բարձրության վրա` 3-ից ոչ պակաս կետերում:

15. Եթե բնակելի շենքերում (բնակարանում) և/կամ կառուցապատման տարածքում հնարավոր չէ որոշել տեղակայված որ կազմակերպությունն է հանդիսանում աղմուկի տարածման աղբյուր, ապա անհրաժեշտ է կազմել աղմկային քարտեզ:

16. Աղմկային քարտեզ ստանալու համար կազմվում է այդ ուղղություններով (աղմուկի աղբյուրից դեպի շենք և/կամ կառուցապատման տարածք) աղմուկի տարածման պատկերը` քառակուսի վանդակներով ցանցի տեսքով, ըստ որի ցանցի գծերի միջև եղած հեռավորությունը բնակելի շենքերի (բնակարանի) համար պետք է լինի 6-12 մ, կառուցապատման տարածքի համար` 50 մ-ից ոչ պակաս, իսկ ցանցի հանգույցները (հատման կետերը) կլինեն չափման համար ընտրված կետերը:

17. Բազմաբնակարան շենքերում աղմուկի չափումները կատավում են շենքի առաջին, միջին և վերջին հարկերի` դեպի աղմուկի աղբյուրը կողմնորոշված բնակարաններում:

18. Ներքաղաքային (ներհամայնքային) մայրուղիներում և բանուկ խաչմերուկներում աղմուկի չափումը կատարվում է փոխադրամիջոցների առավելագույն հոսքի (պիկ) ժամերին: Մայրուղիներում աղմուկի չափման համար ընտրվում է մայթի լայնքի հեռավոր կետը, իսկ բանուկ խաչմերուկներում` բոլոր ուղղություններով նմանապես:

19. Յուրաքանչյուր հսկողական կետում հաստատուն աղմուկի չափումը կատարվում է աղմուկի աղբյուրի առավել ինտենսիվ աշխատանքի ժամանակ և չափման տևողությունը կազմում է 5 րոպեից ոչ պակաս (նպատակ ունենալով ընդգրկել աղմուկի աղբյուրը բնութագրող ազդեցության ողջ ընթացքը), իսկ փոփոխական աղմուկների չափումները կատարվում են սույն Հավելվածի 7-րդ կետի համաձայն:

20. Յուրաքանչյուր հսկողական կետում աղմուկը չափվում է ոչ պակաս, քան 3 անգամ և չափման արդյունքներով որոշվում է ձայնային ճնշման օկտավային մակարդակների, համարժեք և առավելագույն մակարդակների միջին թվաբանականը:

 

4. ՉԱՓՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

21. Բնակելի և հասարակական շենքերի սենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում աղմուկի գնահատման համար ֆոնային աղմուկը համարվում է կարևոր գործոն: Եթե աղմուկի և ֆոնային աղմուկի մակարդակների տարբերությունը մեծ է կամ հավասար 10 դԲ-ի (դԲԱ), ապա չափման արդյունքներին կատարվող ուղղումները հաշվի չեն առնվում, իսկ եթե փոքր է 10 դԲ-ից (դԲԱ), ապա չափման արդյունքներում պետք է մտցնել ուղղումներ` համաձայն 1-ին աղյուսակի:

22. Երբ աղմուկի ֆոնային աղմուկի մակարդակը բարձր է և չափված և ֆոնային մակարդակների միջև տարբերությունը փոքր է 3 դԲ-ից, ապա չափումը կատարվում է օրվա այն ժամերին, երբ ֆոնային աղմուկի մակարդակն առավել ցածր է:

23. Աշխատատեղերում ազդակային և երանգային աղմուկների համար սահմանային թույլատրելի մակարդակները սահմանվում են «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» ՍՆ N 2 III–11.3 սանիտարական նորմերի 2-րդ աղյուսակի 5-րդ կետով սահմանված սահմանային թույլատրելի համարժեք մակարդակից 5 դԲԱ-ով պակաս (ուղղում -5դԲ):

24. Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում աղմուկի չափման փաստացի մակարդակները համադրվում են «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» ՍՆ N 2 III–11.3 սանիտարական նորմերի՝

1) աշխատատեղերում` 2-րդ աղյուսակին համապատասխան սահմանային թույլատրելի մակարդակների հետ,

2) բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում` 3-րդ աղյուսակին համապատասխան թույլատրելի մակարդակների հետ:

25. Չափման արդյունքներով կազմվում է արձանագրություն սահմանված կարգով:

 

Աղյուսակ 1

 

Աղմուկի` ձայնային ճնշման օկտավային մակարդակներին, ձայնի համարժեք և առավելագույն մակարդակներին կատարվող ուղղումները

 

Չափված և ֆոնային աղմուկների մակարդակների
տարբերությունը, դԲ (դԲԱ)

3

4-5

6-9

10 և ավելի

Ուղղումը, դԲ (դԲԱ)

-3

-2

-1

0

 

5. ՁԱՅՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

26. Ձայնի մակարդակների միջին արժեքը որոշվում է միևնույն կետում առնվազն երեք չափումների արդյունքների հիման վրա: Եթե նույն կետում չափման արդյունքներն իրարից տարբերվում են ոչ ավելի, քան 7 դԲԱ-ով, ապա այն որոշվում է համաձայն (1) բանաձևի` որպես միջին թվաբանական, իսկ եթե դրանք իրարից տարբերվում են ավելի, քան 7 դԲԱ-ով` համաձայն (2) բանաձևի

Lմիջ = (L1 + L2+ L3 +....+ Ln), դԲԱ

  (1)

Lմիջ = 101g(10 0.1L1 + 10 0.1L2  + 10 0.1L3 + ...+10 0.1L ) -10Lgn,

 դԲԱ (2),

 

որտեղ`

L1 + L2+ L3 +....+Ln

 - չափված մակարդակներն են, դԲԱ

n - չափումների թիվը:

 

 

27. Ձայնի մակարդակների միջին արժեքը` Lմիջ., հաշվարկելու համար չափված մակարդակները գումարվում են աղյուսակ 2-ի օգտագործմամբ, որից հանվում է աղյուսակ 3-ին համապատասխան որոշված 10lgn-ի արժեքն է, այդ դեպքում (2) բանաձևը ստանում է հետևյալ տեսքը`

 Lմիջ.= Lգում.- 10Lgn

(3)
28. Չափված L1 + L2+ L3.... Ln մակարդակների` Lգում.–ը ստանալու համար կատարվում է գումարում զույգերով` հետևյալ կերպ. Lև L մակարդակների տարբերության միջոցով աղյուսակ 2-ից ընտրվում է դրան համապատասխան ΔL ուղղումը, այն ավելացվում է բարձր ցուցանիշ ունեցող մակարդակին, արդյունքում ստացվում է L1,2= L+ ΔL:

1) L3-ը որոշելու համար պետք է վարվել նույն կերպ. ստացված L1,2 և L3 մակարդակների տարբերության միջոցով աղյուսակ 2-ից ընտրվում է ΔL ուղղումը, այն ավելացվում է բարձր ցուցանիշ ունեցող մակարդակին և այդպես շարունակ, մինչև վերջնական արդյունք ստանալը: Վերջնական արդյունքը կլորացվում է մինչև ամբողջական թիվը:

2) Հավասար մակարդակների (L1=L2=L3=...=Ln) դեպքում Lգում.–ը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Lգում. = L + 10Lgn

(4)

 

29. Ձայնի գումարային մակարդակը Lգում. դԲԱ-ն հանդիսանում է համարժեք մակարդակ` L համ.  դԲԱ, որը համադրվում է «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» ՍՆ N 2 III–11.3 սանիտարական նորմերով սահմանված ձայնի համարժեք մակարդակի հետ:

 

Աղյուսակ 2

ΔL ուղղման արժեքները` կախված գումարելի մակարդակների տարբերությունից

 

Գումարելի մակարդակների տարբերությունը, դԲԱ

0

1

2

3

4

5

6

7

8

10

ΔL ուղղման արժեքները գումարելի
մակարդակներից առավելագույնին, դԲԱ

3

2,5

2,2

1,8

1,5

1,2

1

0,8

0,6

0,4

 

Աղյուսակ 3

 

10 Lgn-ի արժեքները` կախված մակարդակների թվից (n-ից)

 

Մակարդակների թիվը, n

1

2

3

4

5

6

8

10

20

30

50

100

10 Lgn, դԲԱ

0

3

5

6

7

8

9

10

13

15

17

20

 

30. Ձայնի մակարդակների միջին արժեքի որոշման օրինակներից`

1) Օրինակ՝ Անհրաժեշտ է որոշել չափված L1 = 84 դԲԱ, L2 = 90 դԲԱ և L3 = 92 դԲԱ ձայնի մակարդակների միջին արժեքը: Գումարելի մակարդակները համադրվում են զույգերով, որի համար L1 և L2 մակարդակների տարբերության միջոցով, որը կազմում է L2-L1 = 90 - 84 = 6 դԲԱ, դրան համապատասխան աղյուսակ 2-ից ընտրվում է ΔL=1 դԲԱ ուղղումը, այն ավելացվում է բարձր ցուցանիշ ունեցող մակարդակին` 90դԲԱ-ին և ստացվում է` L2+ΔL= 90+1= 91 դԲԱ: Այնուհետև ստացված մակարդակը` 91 դԲԱ-ն համադրվում է մնացած մակարդակի` 92 դԲԱ-ի հետ: Դրանց տարբերությանը` 1 դԲԱ-ին, համապատասխանում է 2,5 դԲԱ հավելումը, այն ավելացվում է 92 դԲԱ-ին և ստացվում է` 92+2.5=94.5 դԲԱ կամ կլորացված` 95 դԲԱ:

2) Երեք մակարդակներին համապատասխան աղյուսակ 3-ից ընտրվում է 10 Lgn-ի արժեքը, որը հավասար է 5 դԲԱ-ի: Ստացվում է ձայնի մակարդակների միջին արժեքի վերջնական արդյունքը`

Lմիջ = Lգում - 10 Lgn = 95 - 5 = 90 դԲԱ

3) Ստացված ձայնի միջին մակարդակը` 90 դԲԱ-ն, որը հանդիսանում է նաև ձայնի համարժեք մակարդակ, համադրվում է «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» ՍՆ N 2 III–11.3 սանիտարական նորմերի 2-րդ աղյուսակով սահմանված ձայնի համարժեք մակարդակի` 80 դԲԱ-ի հետ և պարզվում է, որ այն գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը 10 դԲԱ-ով:

 

6. ՁԱՅՆԻ ՀԱՄԱՐԺԵՔ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

31. Ձայնի համարժեք մակարդակը որոշվում է ինչպես հաշվարկային եղանակով, այնպես էլ, ազդեցության ժամանակից կախված, չափման արդյունքներին համապատասխան ուղղումներ տալու միջոցով:

32. Ձայնի համարժեք (ըստ էներգիայի) մակարդակը` համարվելով ոչ մշտական աղմուկի միաթիվ բնութագիր, ստացվում է փաստացի մակարդակների միջինացման արդյունքում` հաշվի առնելով յուրաքանչյուր մակարդակի ազդեցության ժամանակը և որոշվում է հետևյալ բանաձևով.

   

1

 

 Lհամ

= 10Lg

___  (t1  10 0.1L1 + t2 10 0.1L+ ••• + tn  10 0.1Ln ),
   

T

 

որտեղ`

L1, L2, … Ln - համապատասխանաբար t1, t2…tn ժամանակահատվածում ազդող մակարդակներն են, դԲ (դԲԱ),

T= t1+ t2+…+tn - աղմուկի ազդեցության ընդհանուր ժամանակը (վայրկյան, ժամ):

33. Ազդեցության տևողությունից կախված՝ ձայնի համարժեք մակարդակը հաշվարկվում է՝ չափման արդյունքներին տալով համապատասխան ուղղումներ 4-րդ աղյուսակին համապատասխան:

Աղյուսակ 4

 

Հերթափոխի ընթացքում աղմուկի ազդեցության տևողությունից կախված չափման արդյունքներին տրվող ուղղման արժեքները

 

Աղմուկի
ազդեցության
տևողությունը

ժամ-ով

8

7

6

5

4

3

2

1

0.5

15 րոպե

5 րոպե

%-ով

100

88

75

62

60

38

25

12

6

3

1

Ուղղումը, դԲ (դԲԱ)

0

-0.6

-1.2

-2

-3

-4.2

-6

-9

-12

-15

-20

 

34. Ձայնի համարժեք մակարդակի, ինչպես նաև յուրաքանչյուր օկտավային գոտում ձայնային ճնշման մակարդակների հաշվարկները կատարվում են հետևյալ հաջորդականությամբ. յուրաքանչյուր մակարդակի ազդեցության տևողությունից կախված՝ աղյուսակ 4-ից ընտրվում է ուղղումը և ավելացվում չափման արդյունքին: Այնուհետև ստացված տվյալները ամփոփվում են վերը նշված` ձայնի մակարդակների միջին արժեքի որոշման, հաշվարկման եղանակով:

35. Ձայնի առավելագույն մակարդակը որոշվում է տեսողական հաշվարկով չափիչ սարքի (աղմկաչափի) ուղղակի ցույց տվող առավելագույն ցուցմունքին համապատասխան կամ ձայնի մակարդակի արժեքը, որը գերազանցում է չափման ժամանակի 1 %-ի ընթացքում ավտոմատ սարքով գրանցման դեպքում:

36. Ձայնի համարժեք մակարդակի հաշվարկման օրինակներից`

1) Օրինակ՝ Կազմակերպության արտադրական սենքում 8-ժամյա աշխատանքային հերթափոխում աղմուկի ազդեցության, համապատասխանաբար, 5, 2, և 1 ժամվա ընթացքում աղմուկի մակարդակները կազմել են 80, 86 և 94 դԲԱ:

Ըստ աղյուսակ 1-ի՝ այդ մակարդակներին համապատասխանում են –2, -6 և -9 դԲԱ ուղղումները: Կատարելով մակարդակներին համապատասխան ուղղումները, ստացվում է L1 = 78, L2 = 80 և L3 = 85 դԲԱ:

2) Ստացված մակարդակները գումարվոմ են զույգերով: Դրա համար L1 և L2 մակարդակների տարբերության միջոցով, որը կազմում է L2 - L1 = 80 - 78 = 2 դԲԱ, սրան համապատասխան աղյուսակ 2-ից ընտրվում է ΔL = 2.2 դԲԱ ուղղումը և ավելացվում դրանցից բարձր ցուցանիշ ունեցողին, որի արդյունքում ստացվում է L2 + ΔL = 80 + 2.2 = 82.2 դԲԱ: Նույն սկզբունքով որոշվում են L3 և L2 մակարդակների տարբերությունը` L3-L2= 85-82.2 = 2.8դԲԱ, սրան համապատասխան աղյուսակ 2-ից ընտրվում է ΔL = 1.8ԲԱ ուղղումը և ավելացվում բարձր ցուցանիշ ունեցող մակարդակին, որի արդյունքում` L3 + ΔL = 85 + 1.8 = 86.8 դԲԱ: Ստացված 86.8-ը կլորացնելով, ստացվում է աղմուկի համարժեքային մակարդակը հավասար 87 դԲԱ-ի:

37. Աղմուկի համարժեքային մակարդակի` 87 դԲԱ-ի, «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» ՍՆ N 2 III–11.3 սանիտարական նորմերի 2-րդ աղյուսակով սահմանված ձայնի համարժեք մակարդակի` 80 դԲԱ-ի հետ համադրման արդյունքում աղմուկի համարժեքային մակարդակը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը 7 դԲԱ-ով:»: