«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 նոյեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 12413446
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
30 սեպտեմբերի 2013 թ. |
N 424-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 06-Ն ԵՎ N 07-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43.1-ին և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել՝ հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել.
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2008 թվականի հունիսի 6-ի «Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրման կարգը սահմանելու մասին» N 06-Ն հրամանը,
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2008 թվականի հունիսի 6-ի «Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի աշխատակարգը, հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-գանգատի ձևը և դիմում-գանգատ ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը սահմանելու մասին» N 07-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
Գ. Խաչատրյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի սեպտեմբերի 30-ի N 424-Ն հրամանի |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43.1-ին և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածներին համապատասխան` սույն աշխատակարգը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմնի գանգատարկման հանձնաժողովի (այսուհետ` Գանգատարկման հանձնաժողով) գործունեությունը` Հայաստանի Հանրապետության օրենքներով Գանգատարկման հանձնաժողովի իրավասությանը վերաբերող բողոքների, դիմումների ու դիմում-գանգատների (այսուհետ` դիմում-գանգատ) քննարկումն ապահովելու համար:
2. Գանգատարկման հանձնաժողովը հարկային և մաքսային մարմինների կամ հարկային և մաքսային ծառայողի գործողությունների, անգործության, ինչպես նաև հարկային և մաքսային վեճերի լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտեի) նախագահի կողմից ձևավորվող, կոմիտեի վերադաս մարմնում մշտապես գործող մարմին է:
3. Գանգատարկման հանձնաժողովը բաղկացած է Գանգատարկման հանձնաժողովի նախագահից և Գանգատարկման հանձնաժողովի ութ անդամից, որոնք իրենց աշխատանքը Գանգատարկման հանձնաժողովում համատեղում են իրենց զբաղեցրած հարկային և մաքսային ծառայության պաշտոնների հետ:
4. Իր գործունեության ընթացքում Գանգատարկման հանձնաժողովը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Գանգատարկման խորհուրդ ստեղծելու և վերադաս հարկային ու մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի որոշումների քննարկման կարգը հաստատելու մասին» N 1361-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում), այլ իրավական ակտերով, տվյալ ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն աշխատակարգով:
5. Հարկային և մաքսային ծառայողների այն գործողությունների գանգատարկումը, որոնք կապված են վարչական տուգանքի նշանակման հետ, կատարվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան:
2. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Գանգատարկման հանձնաժողովի հիմնական խնդիրը հարկային և մաքսային մարմնի (ստորաբաժանման) կամ հարկային և մաքսային ծառայողի գործողությունների (անգործության), այդ թվում` օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնող անձանց գործողությունների և վարչական ակտերի վերաբերյալ սույն աշխատակարգի N 1 հավելվածի N 1 Ձևով ներկայացված դիմում-գանգատների քննարկման, ինչպես նաև օրենքի միատեսակ և ճիշտ կիրառման ապահովումն է:
7. Գանգատարկման հանձնաժողովի հիմնական գործառույթը սույն կարգի 6-րդ կետում դիմում-գանգատների քննարկումն ու դրա արդյունքում որոշման կայացումն է, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման համար միջնորդությունների և օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը:
3. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ
8. Գանգատարկման հանձնաժողովն ունի նախագահ և անդամներ: Գանգատարկման հանձնաժողովն ունի քարտուղար, որը չի հանդիսանում Գանգատարկման հանձնաժողովի անդամ:
9. Գանգատարկման հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է Գանգատարկման հանձնաժողովի գործունեությունը.
2) կազմակերպում է Գանգատարկման հանձնաժողովի ընթացիկ օրենքով և որոշմամբ սահմանված աշխատանքները.
3) նախապատրաստում է Գանգատարկման հանձնաժողովի նիստի օրակարգը և կազմակերպում է նիստերի անցկացումը.
4) հրավիրում է Գանգատարկման հանձնաժողովի նիստերը և վարում է դրանք.
5) պատասխանատու է Գանգատարկման հանձնաժողովի խնդիրների ու գործառույթների ժամանակին և սույն կարգին համապատասխան իրականացման համար:
Գանգատարկման հանձնաժողովի նախագահի բացակայության պարագայում, նրա հանձնարարությամբ Գանգատարկման հանձնաժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է Գանգատարկման հանձնաժողովի անդամներից մեկը:
10. Գանգատարկման հանձնաժողովի քարտուղարը`
1) ընդունում է ստացված դիմում-գանգատները, ստուգում է դրանց կազմը և դրանց մասին զեկուցում է Գանգատարկման հանձնաժողովի նախագահին,
2) Գանգատարկման հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.
ա. հավաքում է դիմում-գանգատների վերաբերյալ կոմիտեի տիրապետման տակ գտնվող անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը,
բ. նախապատրաստում է Գանգատարկման հանձնաժողովի նիստի օրակարգը, դիմում-գանգատները և դրանք կից փաստաթղթերով ներկայացնում է Գանգատարկման հանձնաժողովի անդամներին ծանոթացման,
գ. կազմում է Գանգատարկման հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,
դ. իրականացնում է նիստերի մասնակիցների հրավիրման, ծանուցագրերի ուղարկման և հանձնաժողովի գործունեության ապահովման հետ կապված այլ ընթացիկ աշխատանքներ:
4. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
11. Դիմում-գանգատների քննարկման ընթացքում Գանգատարկման հանձնաժողովի անդամներն անկախ են և առաջնորդվում են սույն աշխատակարգի 4-րդ կետով:
12. Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն ընդունելիս Գանգատարկման հանձնաժողովի անդամներն առաջնորդվում են միայն օրենքով և այլ իրավական ակտերով և չեն կարող ենթարկվել որևէ ազդեցության:
5. ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
13. Գանգատարկման հանձնաժողովի քարտուղարը դիմում-գանգատները քննարկման դնելուց առաջ հավաքում է կոմիտեի տիրապետման տակ գտնվող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, տեղեկատվությունը և Գանգատարկման հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ դրանք նիստից երկու օր առաջ ներկայացնում Գանգատարկման հանձնաժողովի անդամներին ծանոթացման:
14. Գանգատարկման հանձնաժողովի նիստերը հրավիրվում են նախագահի կողմից` դիմում-գանգատների առկայության դեպքում:
15. Գանգատարկման հանձնաժողովին դիմում-գանգատ ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին նախապես ծանուցվում է սույն աշխատակարգի N 1 հավելվածի N 2 Ձևով նախատեսված ծանուցագրով: Գանգատարկման հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել դիմում-գանգատ ներկայացրած անձը, դիմում-գանգատ բերած անձի գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-գանգատ ներկայացրած անձի լիազորած անձը (մասնագետը):
16. Քննարկման ընդունված դիմում-գանգատները Գանգատարկման հանձնաժողովում քննարկվում են կոլեգիալ կարգով: Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է առնվազն 7 հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ: Գանգատարկման հանձնաժողովի որոշումները համարվում են ընդունված ձայների պարզ մեծամասնության սկզբունքով:
17. Գանգատարկման հանձնաժողովի նախագահը քվեարկում է վերջում: Հավասար ձայների առկայության դեպքում նախագահի ձայնը որոշիչ չէ, և եզրակացությունը համարվում է ընդունված դիմում-գանգատ ներկայացրած անձի օգտին:
18. Գանգատարկման հանձնաժողովի նիստերը դռնբաց են: Դրանց կարող է մասնակցել ցանկացած անձ, այդ թվում` զանգվածային լրատվության ներկայացուցիչները, նախապես այդ մասին Գանգատարկման հանձնաժողովին տեղեկացնելով: Գանգատարկման հանձնաժողովի նախագահի կայացրած որոշմամբ հանձնաժողովի նիստերը կարող են տեսագրվել (ձայնագրվել): Գանգատարկման հանձնաժողովի նիստերը կարող են լինել դռնփակ` դիմում-գանգատ ներկայացրած անձի գրավոր միջնորդության հիման վրա Գանգատարկման հանձնաժողովի նախագահի կայացրած որոշմամբ՝ օրենքով սահմանված առևտրային կամ այլ (այդ թվում` հարկային) գաղտնիք պահպանելու նպատակով:
19. Գանգատարկման հանձնաժողով ներկայացված դիմում-գանգատները քննության են առնվում կոմիտե մուտքագրվելու օրվանից 15-օրյա ժամկետում և դիմում-գանգատը (բացառությամբ վարչական տուգանքի նշանակման հետ կապվածների) մասամբ բավարարելու կամ մերժելու դեպքում գանգատարկման հանձնաժողովի որոշման նախագիծը, դիմում-գանգատը և գանգատին առնչվող նյութերը (գանգատի փաթեթը) մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` որոշմամբ ստեղծված Գանգատարկման խորհրդին:
20. Գանգատարկման հանձնաժողովը, հաշվի առնելով Գանգատարկման խորհրդի եզրակացությունը, այն ստանալուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է դիմում-գանգատի վերաբերյալ որոշում, եթե Գանգատարկման հանձնաժողովի կողմից քննարկման ընթացքում բացակայում են եզրակացության վերաբերյալ առարկություններ:
21. Եթե Գանգատարկման խորհրդի եզրակացության վերաբերյալ առկա են առարկություններ, Գանգատարկման հանձնաժողովը (անհրաժեշտության դեպքում դիմում-գանգատի վերաբերյալ որոշումների ընդունման համար սահմանված ժամկետների երկարաձգման համար կոմիտեի նախագահին ներկայացնելով միջնորդություն) գանգատի փաթեթը առաջարկությունների և հիմնավորումների հետ միասին ներկայացնում է կոմիտեի նախագահին` որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելու համար:
22. Որոշման 15-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ գանգատի փաթեթի քննարկման արդյունքների հիման վրա վարչապետի հանձնարարությամբ Գանգատարկման հանձնաժողովը դիմում-գանգատի վերաբերյալ ընդունում է որոշում:
23. Գանգատարկման հանձնաժողովի նիստի ավարտից հետո Գանգատարկման հանձնաժողովը դիմում-գանգատ ներկայացնողին ուղարկում է դիմում-գանգատի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշումը, բացառությամբ սույն աշխատակարգի 20-րդ և 22-րդ կետերով նախատեսված դեպքերի, երբ որոշման բնօրինակը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է դիմում-գանգատ ներկայացրած անձին, իսկ կրկնօրինակը` Գանգատարկման խորհրդին:
24. Գանգատ բերելու հիմքերի և կարգի, ինչպես նաև դիմում-գանգատի քննարկման և լուծման հարցերում Գանգատարկման հանձնաժողովն ուղղորդվում է սույն աշխատակարգի 4-րդ կետում նշված իրավական ակտերով:
6. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
25. Գանգատների քննարկման արդյունքում որոշմամբ նախատեսված դեպքերում Գանգատարկման հանձնաժողովն իրավասու է ընդունելու որոշումների նախագծեր և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածով, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 293-րդ հոդվածով սահմանված որոշումներ:
26. Գանգատարկման հանձնաժողովը, դիմում-գանգատների քննարկման արդյունքում, իրավասու է միջնորդություն ներկայացնելու կոմիտեի նախագահին`
1) վերստուգման կամ հետբացթողումային (այդ թվում` կրկնակի) հսկողության գործընթաց սկսելու համար.
2) հարկային և մաքսային ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու համար.
3) դիմում-գանգատի քննության և դրա վերաբերյալ որոշում ընդունելու օրենքով սահմանված ժամկետը երկարաձգելու մասին:
27. Գանգատարկման հանձնաժողովն իրավասու է օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու կոմիտեի նախագահին:
28. Գանգատարկման հանձնաժողովն ունի օրենքով սահմանված այլ իրավասություններ:
29. Գանգատների վերաբերյալ Գանգատարկման հանձնաժողովի որոշումները ենթակա են կատարման օրենքով սահմանված կարգով:
30. Գանգատարկման հանձնաժողովի որոշումները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կարող են բողոքարկվել դատարան:
31. Անհրաժեշտության դեպքում, Գանգատարկման հանձնաժողովն իր նիստերին կարող է հրավիրել գանգատարկվող գործողություն կատարած, անգործություն դրսևորած կամ որոշում կայացրած հարկային և մաքսային ծառայողների:
32. Գանգատարկման հանձնաժողովի նախագահը կարող է կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջել և ստանալ մասնագիտական եզրակացություն դիմում-գանգատի քննարկման համար նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ, այդ թվում` դատական նախադեպի (Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի համապատասխան որոշում) առկայության կամ բացակայության մասին:
Հավելված N 1 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 30-ի N 424-Ն հրամանով հաստատված հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի աշխատակարգի |
Ձև N 1
Դ Ի Մ ՈՒ Մ - Գ Ա Ն Գ Ա Տ
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
(դիմում-գանգատ բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝
անհատ ձեռնարկատեր նշումով), բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական
անձի անվանումը, գտնվելու վայրը, նրա անունից դիմում-գանգատ բերող անձի անունը, ազգանունը և
պաշտոնը, հարկ վճարողի հաշվառման համարը, հեռախոսահամարը, լիազորված անձի
դեպքում` նրա անունը, ազգանունը, հեռախոսահամարը)
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
(գանգատարկման առարկան)
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
(դիմում-գանգատ բերողի պահանջը)
_________________________________________________________________________________
(դիմում-գանգատին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը)
_________________________________________________________________________________
(դիմում-գանգատ կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը)
______________________________________________
(դիմում-գանգատ բերող անձի ստորագրությունը,
իրավաբանական անձի դեպքում` կնիքը)
Ձև N 2
Դ Ի Մ ՈՒ Մ - Գ Ա Ն Գ Ա Տ
ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԻՆ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
ՎԱՅՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ք. Երևան |
____ ________________ 20___ թ. |
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
(դիմում-գանգատ բերող անձի անունը, ազգանունը, հասցեն)
Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Սույնով ծանուցվում եք Ձեր _________________ ներկայացրած դիմում-գանգատի քննության հարցով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի նիստին մասնակցության համար:
Նիստի անցկացման վայրը | ______________________________________ |
Նիստի անցկացման ամսաթիվը ամիսը,
տարեթիվը, ժամը |
______________________________________ |
ՆԱԽԱԳԱՀ __________________ | |
(ստորագրությունը) |