Գլխավոր տեղեկություն
Համար
N 420-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.09.04/26(470).1 Հոդ.249.19
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
16.07.2013
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 օգոստոսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

16 հուլիսի 2013 թ.

ք. Երևան

N 420-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՇԽՇԱՆ ՊԱԼԱՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել` խոշոր եղջերավոր կենդանիների խշխշան պալար հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը՝ համաձայն հավելվածի:

 

 

Ա. Բախչագուլյան

 

 

Հավելված

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության

պետական ծառայության պետի

2013 թվականի հուլիսի 16-ի

N 420-Ն հրամանի

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՇԽՇԱՆ ՊԱԼԱՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Խշխշան պալար» հիվանդությունը (այսուհետ՝ հիվանդություն) հիմնականում խոշոր եղջերավոր կենդանիների, երբեմն նաև ոչխարների մոտ հանդիպող հիվանդություն է, որն ուղեկցվում է մկանային հյուսվածքների խշխշացող այտուցներով: Հիվանդությունով հիվանդանում են հիմնականում 3 ամսականից մինչև 4 տարեկան խոշոր եղջերավոր կենդանիները:

2. Հիվանդության հարուցիչ է հանդիսանում կլոստրիդիում շավո (Cl. chavoei) հարուցիչը, որն անաերոբ, սպոր առաջացնող, պոլիմորֆ, կլորացված ծայրերով, շարժուն ցուպիկ է: Ցուպիկը քսուք-արտատպվածքներում և երիտասարդ կուլտուրաներում ներկվում է գրամդրական, իսկ հին կուլտուրաներում՝ գրամբացասական:

3. Հիվանդությունն ախտորոշվում է կլինիկական, ախտաբանաանատոմիական, համաճարակաբանական տվյալների և լաբորատոր հետազոտությունների հիման վրա:

4. Հիվանդության վարակի աղբյուր են հանդիսանում հիվանդ կենդանիները, որոնք վարակվում են ալիմենտար ճանապարհով, երբ հարուցիչները կերի և/կամ ջրի հետ ներթափանցում են առողջ կենդանու օրգանիզմ: Վարակը կարող է փոխանցվել նաև մաշկի և միջատների միջոցով: Հիվանդության հարուցչի աղբյուրը հիվանդ կենդանին է, իսկ արտաքին միջավայրի վարակման գործում հիմնական դերը պատկանում է չհավաքված և չվարակազերծված դիակներին, որոնք հողը աղտոտում են հարուցչի սպորներով: Հիվանդության բռնկումները հիմնականում սպորադիկ են՝ հատուկենտ, կարող են արտահայտվել նաև տեղաճարակի տեսքով, մահացությունը բարձր է, անկումները կարող են հասնել 100%-ի:

5. Հիվանդությունը հողային, սեզոնային, կերի միջոցով տարածվող ոչ կոնտագիոզ հիվանդություն է, որի գաղտնի շրջանը կարող է տևել 6-24 ժամ, առանձին դեպքերում՝ մինչև 3 օր: Հիվանդությունն սկսվում է տեղային ախտաբանական փոփոխություններից: Հիվանդությունը բնորոշվում է բարձր ջերմությամբ՝ մինչև 41 աստիճան և կաղությամբ:

 

II. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՊԱՀՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՌՈՂՋԱՑՈՒՄՆ ՈՒ ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 

6. Հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները կազմակերպելիս անհրաժեշտ է տարբերել անապահով կետը և սպառնալիքի տարածքը կամ գոտին:

7. Անապահով կետ են համարվում այն բնակավայրերը, համայնքները, մարզերը, տնտեսությունները, անասնապահական ֆերմաները` շենքերով և նրանց հարակից արոտատեղերով, արոտավայրերով, ջրամբարներով, ինչպես նաև առանձին նրանց հողահատվածները, հանդամասերը և այլ օբյեկտները, որտեղ անկախ ժամանակի վաղեմությունից երբևէ տեղի են ունեցել հիվանդությունով կենդանիների հիվանդանալու դեպքեր:

8. Սպառնալիքի տարածք է համարվում այն վայրը, համայնքի տարածքը կամ համայնքը կամ մարզը, որտեղ ստույգ գրանցվել են հիվանդության նկատմամբ անապահով կետեր և կա կենդանիների հիվանդության առաջացման սպառնալիք:

9. Հիվանդության նկատմամբ սպառնալիքի տարածքի սահմանները որոշում է անասնաբուժության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ՝ լիազոր մարմին), հաշվի առնելով անասնատերերի, ֆերմաների, բնակավայրերի, համայնքների, մարզերի մթերող և վերամշակող կազմակերպությունների, կենդանիների, գյուղատնտեսական արտադրանքի շուկաների առկայությունը և գործունեությունը, կենդանիների պահվածքի տիպը, հեռագնաց արոտավայրերի առկայությունը և օգտագործումը, հողաաշխարհագրական և բնակլիմայական պայմանները:

10. Հիվանդության դեմ համալիր միջոցառումները ընդգրկում են այդ հիվանդության նկատմամբ անապահով տարածքներում ամբողջ զգայունակ անասնագլխաքանակի կանխարգելիչ իմունացումը և կենդանիներին վարակումից պահպանելը:

11. Հիվանդությունը ծագելու դեպքում կարևոր է նրա ժամանակին ախտորոշումը, անապահով կետերում կարանտինի սահմանումը և համաճարակային օջախի վնասազերծումը, հիվանդ կենդանիների դիակների և հիվանդության հարուցչով ախտահարված մթերքների ոչնչացումը, շենքերի, սարքավորումների և վարակված տարածքների ախտահանումը:

12. Հիվանդության նկատմամբ գրանցված տնտեսությունները, տարածքները, համայնքները, մարզերը պարտադիր կարգով հաշվառվում և գրանցվում են համաճարակային քարտեզներում և հաշվառման մատյաններում, որոնք կազմում և վարում են տվյալ տնտեսությունը կամ համայնքը սպասարկող անասնաբույժները և համայնքի ղեկավարը, տարածքի՝ համայնքի կամ մարզի համաճարակային քարտեզի վրա նշելով գրանցման տարին, ամիսը և ամսաթիվը, կենդանիների հիվանդացության և անկման դեպքերի քանակը, վարակի օջախի ստույգ տեղը:

13. Համաճարակային քարտեզի հետ պարտադիր պահվում են անապահով տնտեսությունների տարածքների հողօգտագործման քարտեզի պատճենները, որի վրա պայմանական նշաններով գծանշվում են անկած կենդանիների կամ սպանդի ենթարկված դիակների թաղման տեղերը:

14. Համաճարակային հաշվառման մատյանների տվյալները հաշվի են առնվում հիվանդության կանխարգելիչ և պայքարի միջոցառումների տարեկան պլանները կազմելիս:

15. Հիվանդության նկատմամբ անապահով և սպառնալիքի ենթակա վայրերում հիվանդության տարածման կանխարգելման նպատակով զանգվածային լրատվության միջոցներով բնակչության և անասնապահների շրջանում կանոնավոր բացատրական աշխատանք է տարվում հիվանդության, դրա վարակման և տարածման ուղիների վերաբերյալ:

 

III. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

16. Հիվանդության նկատմամբ անապահով կետերում և սպառնալիքի ենթակա տարածքներում կատարվում են կենդանիների իմունականխարգելում և անասնաբուժասանիտարական համալիր միջոցառումներ:

17. Անասնաբուժասանիտարական միջոցառումներն ընդգրկում են՝

1) անասնագերեզմանոցների, հիվանդություններից անկած կենդանիների դիակների կամ կենդանական ծագման մթերքի և հումքի թաղման վայրերի, բիոթերմիկ հորերի ցանկապատումը և պատշաճ սանիտարական վիճակում պահպանելու աշխատանքների անցկացումը.

2) անապահով, վարակված, կենդանիների անկած վայրի կամ տարածքի կամ տնտեսության ախտահանությունը, որի ստույգ հաստատված սահմաններում արձանագրվել են վարակման կամ անկման դեպքեր.

3) կենդանիների կուտակման, կենդանական ծագման մթերքների և հումքի մթերման, պահպանության և վերամշակման վայրերի անասնաբուժասանիտարական և համաճարակային վիճակի մշտական հսկողության կազմակերպումը և իրականացումը.

4) հիվանդությունով վարակվածության կամ կասկածի դեպքում տնտեսությունը կամ տարածքը սպասարկող անասնաբույժին պարտադիր տեղեկացնելը, առանց անասնաբույժի գիտության և թույլտվության, անասնաբուժական զննման չենթարկված կենդանու սպանդի կամ մորթի բացառումը, մանրէաբանական հետազոտության արդյունքում հիվանդությունները բացառող պայմաններում և օգտագործման համար պիտանի ճանաչված կենդանական ծագման մթերքի և հումքի իրացումը.

5) անապահով վայրերում և հարակից տարածքներում ագրոհիդրոմելիորատիվ և շինարարական այլ աշխատանքների կատարման համար լիազոր մարմնին տեղեկացումը և լիազոր մարմնի թույլտվությամբ հողաթափման և հողահանման աշխատանքների իրականացումը:

18. Հիվանդության նկատմամբ զգայունակ կենդանիների յուրահատուկ կանխարգելումն անապահով և սպառնալիքի ենթակա տարածքների անասնապահական բոլոր տնտեսություններում կատարվում է համապատասխան պատվաստանյութով` ըստ օգտագործման հրահանգի և պատվաստումների ժամանակացույցի:

19. Հիվանդության նկատմամբ կանխարգելիչ պատվաստումների ենթարկվում են 3 ամսականից մինչև 4 տարեկան հասակի խոշոր եղջերավոր կենդանիները պետական միջոցների հաշվին իրականացվող անասնահամաճարակային միջոցառումների շրջանակներում և սահմանված ժամանակացույցով: Պատվաստումն ավարտվում է կենդանիների արոտային պահվածքից առնվազն 2 շաբաթ առաջ: Եթե արոտի շրջանը տևում է 6-7 ամսից ավելի, ապա կենդանիները պատվաստումից 6 ամիս հետո ենթակա են կրկնակի պատվաստման:

20. Կանխարգելիչ պարտադիր պատվաստման ենթակա են հիվանդությունն արձանագրված և սպառնալիքի ենթակա տնտեսություններ և տարածքներ բերված բոլոր նոր կենդանիները, որոնց խառնումը ընդհանուր հոտերին թույլատրվում է սահմանված կարգով հաշվառումից և պատվաստումից 14 օր հետո:

21. Պատվաստումների կատարումն արձանագրվում և փաստաթղթավորվում է՝ նշելով պատվաստված կենդանիների գլխաքանակն ըստ օգտագործված պատվաստանյութի, այն արտադրողի անվանումը, սերիայի և պետհսկիչի համարները, արտադրման ժամկետը, ծախսված պատվաստանյութի քանակը, ինչպես նաև կենդանիներին պատվաստողի և կենդանիների հետպատվաստային վիճակին ու խնամքին հետևողի անունը, ազգանունը: Պատվաստումների կատարման ակտին կցում են կենդանիների սեփականատերերի, նրանց պատկանող կենդանիների ցուցակը՝ նշելով անասնատիրոջ ազգանունը և նրան պատկանող կենդանիների տեսակը, քանակը, հասակը: Եթե սուր հիվանդություն, ցածր բտվածություն, խոր հղիության կամ այլ թույլատրելի պատճառով կենդանուն հնարավոր չի եղել պատվաստել, ապա նրան գրանցում են առանձին ցուցակում՝ նշելով կենդանու սեփականատերը, չպատվաստելու պատճառները և պատվաստման հնարավոր ժամկետը: Ակտերը և ցուցակները ենթակա են պահպանման առնվազն 3 տարի:

22. Պատվաստված կենդանիների սպանդը թույլատրվում է պատվաստումից ոչ շուտ, քան 14 օր հետո:

23. Պատվաստված կենդանիների սպանդը սույն հրահանգի 20-րդ կետում սահմանված ժամկետից շուտ թույլատրվում է տնտեսությունը կամ տարածքը սպասարկող անասնաբույժի գրավոր թույլտվությամբ, եթե կենդանու մարմնի ջերմաչափման արդյունքում մարմնի ջերմությունը նորմայի սահմաններում է և բացակայում են հետպատվաստային բարդությունները՝ պահպանելով սպանդի ենթակա կենդանիների անասնաբուժական զննման, սպանդից ստացված մսի և սպանդային մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության և օգտագործման համար պիտանի ճանաչված մսի իրացման պահանջները:

24. Պատվաստումներից հետո՝ մինչև 14 օրը լրանալը կամ անկած կենդանիների կաշվի հանելը թույլատրվում է այդ կենդանիների արյան քսուքների մանրադիտակային և մարէաբանական հետազոտության բացասական արդյունք ստանալուց հետո: Մինչև հետազոտման արդյունքների ստանալը, անկած և հարկադիր մորթի ենթարկված կենդանիներից հանված կաշին կամ մորթիները պահվում են առանձին հատկացված փակ շենքում:

25. Ֆիզիկական և իրավաբանական անձինք օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում իմունականխարգելիչ միջոցառումների իրականացման համար, ընդգրկելով անասնագերեզմանոցների, բիոթերմիկ հորերի և կենդանիների դիակների թաղման այլ տեղերի կահավորման և սանիտարական վիճակում պահպանման կազմակերպատնտեսական միջոցառումները, ինչպես նաև կենդանիների սպանդի, մսի, մսամթերքների և կաշվեհումքի պահպանման համար պատշաճ պայմանների ստեղծումը:

 

IV. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

26. Կենդանիների սեփականատերերը կամ տնտեսությունները և համայնքները սպասարկող անասնաբույժները, համայնքի ղեկավարները պարտավոր են լիազոր մարմնին անհապաղ տեղեկացնել ֆերմայի կենդանիների հանկարծակի, առանց ակնհայտ պատճառների անկման կամ հիվանդանալու դեպքերի մասին, հատկապես, երբ այն ուղեկցվում է կենդանու մարմնի վրա արագ գոյացող տաք, մեծացող ուռուցքների առաջացմամբ, պարանոցի, կրծքատակի, փորի այտուցներով, ինչպես նաև արյունոտ կղանքի և ուժեղ կոլիկների ի հայտ գալով:

27. Սույն հրահանգի 24-րդ կետում նշված նշաններով կենդանիների հիվանդության, անկման կամ հարկադիր մորթի մասին տեղեկություն ստանալով՝ տնտեսությունը կամ համայնքը սպասարկող անասնաբույժը դեպքի վայրում ձեռնարկում է հետևյալ միջոցները՝

1) ջերմաչափում է ֆերմայի, հոտի, նախիրի, անասնաբակի ամբողջ անասնագլխաքանակը.

2) առանձին խմբերով առանձնացնում է հիվանդ և հիվանդության մեջ կասկածելի կենդանիներին.

3) ապահովում է դրանց մեկուսացումը և առանձին պահվածքը.

4) անկած կամ հարկադիր մորթի ենթարկված կենդանուց վերցնում է ախտաբանական նյութ և պահպանելով անվտանգության բոլոր միջոցները` լաբորատոր հետազոտության և/կամ ախտորոշման հաստատման կամ հերքման նպատակով ուղարկում լիազոր մարմին.

5) դեպքի մասին հայտնում է լիազոր մարմնին և համայնքի ղեկավարին:

28. Լաբորատոր հետազոտության համար որպես ախտաբանական նյութ ուղարկվում են կենդանու դիակը կամ ներքին պարենքիմատոզ օրգանները՝ ապահովելով անվտանգության ապահովումը և արտաքին միջավայրից աղտոտման բացառումը:

29. Անկած կենդանու դիակի դիահերձումն արգելվում է:

30. Ախտաբանական նյութը հերմետիկ փակվում է, պիտակավորվում, որի վրա նշվում է կենդանու տեսակը, ախտաբանական նյութի անունը և քանակը, պահածոյացնող նյութը, վերցման ժամկետը և ուղարկողի հասցեն, տեղադրվում են սառույցով կամ սառեցուցիչով հատուկ տուփերի մեջ և տեղափոխվում հետազոտող լաբորատորիա:

31. Լաբորատոր հետազոտություն կատարելու համար ուղարկվող ախտաբանական նյութերը պետք է պարտադիր ունենան ուղեկցող փաստաթղթեր, որտեղ պետք է նշվի այդ հիվանդությունների նկատմամբ զգայունակ կենդանիների ընդհանուր գլխաքանակը, առաջին նշանները երևալու ժամանակը, վերջին պատվաստման ժամկետը, օգտագործված պատվաստանյութի խմբաքանակը, հիվանդացած և անկած կենդանիների քանակը, ախտաբանական նյութի վերցման ժամանակը և որոշակի տվյալներ հիվանդության կլինիկական արտահայտման և ընթացքի մասին:

32. Հետազոտական լաբորատորիայում ախտաբանական նյութի /հարկադիր մորթի ենթարկված կենդանիների մսի/ բակտերիոլոգիական հետազոտության ժամկետը չպետք է գերազանցի 3 օրը, իսկ կենդանաբանական փորձ դնելու դեպքում՝ 10 օրը:

33. Ախտաբանական նյութի մանրադիտակային հետազոտությունից դրական արդյունք ստանալու դեպքում, հետազոտական լաբորատորիան անհապաղ տեղեկացնում է լիազոր մարմնին, որը դեպքի վայրում կատարում է համաճարակաբանական ուսումնասիրություն:

34. Լիազոր մարմինն ախտորոշման հաստատումից հետո կազմակերպում և իրականացնում է՝

1) դեպքի վայրում և հարակից տարածքներում, այդ թվում՝ համայնքներում համաճարակաբանական հետազոտություն և վերլուծություն.

2) համաճարակային իրավիճակը, հիվանդության հնարավոր տարածման ուղիները և սահմանները պարզելուց հետո սահմանում է անապահով կետի վարակի օջախի, վարակի նկատմամբ սպառնալիքի գոտու սահմանները.

3) վարակի մեջ կասկածվող կենդանիների կլինիկական զննում և ջերմաչափում` հատուկ ուշադրություն դարձնելով կլինիկական նշանների և հիվանդության ընթացքի վրա.

4) կաթի, կաթնամթերքի, մսի, մսամթերքի, կենդանական ծագման հումքի և բոլոր տեսակի կերերի օգտագործման, տեղափոխման և իրացման նկատմամբ սահմանափակումներ:

35. Հիվանդության նախնական ախտորոշման հաստատումից հետո տվյալ տարածքը, համայնքը կամ տարածաշրջանը կամ մարզը լիազոր մարմնի կողմից հայտարարվում է անապահով, որոշվում են սահմանները և այդ տարածքում տեղական ինքնակառավարման մարմնի կողմից սահմանվում են սահմանափակումներ:

36. Սահմանափակումներ հայտարարված տարածքում կիրառվում են արգելքներ ու սահմանափակումներ, մասնավորապես՝

1) անապահով տարածքում չի թույլատրվում իրականացնել կենդանիների, կենդանական ծագման մթերքների, հումքի և կերերի զանգվածային վաճառք, ինչպես նաև կազմակերպել միջոցառումներ, որոնք կարող են առաջացնել կենդանիների, մարդկանց և տրանսպորտային միջոցների մեծաքանակ կուտակումներ.

2) արգելվում է՝

ա. անապահով կետից խոշոր եղջերավոր կենդանիների դուրսբերումը, տեղափոխումը և իրացումը.

բ. բոլոր տեսակի կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի արտահանումը, ինչպես նաև հարուցիչներով ախտահարված գույքի, խնամքի առարկաների, տեխնիկական և տրանսպորտային միջոցների դուրսբերումը սահմանափակումների գոտու սահմաններից.

գ. կենդանիների վերախմբավորումները անասնապահական տնտեսության ներսում և տնտեսությունից դուրս առանց անասնաբույժի թույլտվության.

դ. կողմնակի անձանց մուտքն անասնաշենքեր և կենդանիներ պահելու համար նախատեսված այլ շինություններ և տարածքներ՝ բացառությամբ խնամող անձնակազմի.

ե. հիվանդությունից անկած կենդանիներ թաղել կամ անասնագերեզմաններ ստեղծել այն վայրերում, որտեղ բարձր է ստորգետնյա ջրերի մակարդակը.

զ. անկած կենդանիների դիակների թաղելը կամ հորելը (հիվանդություններից անկած կենդանիների դիերը ոչնչացվում են մորթու և կաշվի հետ միասին).

է. հիվանդ կենդանիների կաթի օգտագործումը.

ը. հիվանդ կամ հիվանդության նկատմամբ կասկածվող կենդանիների սպանդը (հիվանդ կենդանիներից ստացված միսը, ենթամթերքը և հումքը կամ դրանց հետ շփված մսեղիքը, սպանդային ենթամթերքը ենթակա են ոչնչացման).

թ. դիակների հերձումը և անկած կենդանիների կաշիները հանելը (դիերի հերձումը թույլատրվում է միայն նյութատեխնիկական հագեցվածություն ունեցող վայրում՝ ախտորոշման նպատակով).

ժ. վիրաբուժական վիրահատություններ կատարելը, բացի անհետաձգելիներից.

ժա. արհեստական սերմնավորման նպատակով սերմնահեղուկի ստացումն ու արտահանումը.

3) հիվանդ կաթը ենթակա է ոչնչացման վարակազերծումից հետո, որը կատարվում է կաթի մեջ 25%-ից ոչ պակաս ակտիվ քլոր պարունակող կիր ավելացնելու եղանակով՝ 20 լ կաթին 1 կգ-ի հաշվով: Կաթը համարվում է վարակազերծված 6 ժամ հետո.

4) սպառնալիքի ենթակա տնտեսության կամ տարածքի բոլոր զգայունակ կենդանիները ենթարկվում են կանխարգելիչ պատվաստման, իսկ պատվաստումից հետո սահմանվում է հետպատվաստային 14-օրյա հսկողություն՝ կենդանիների ամենօրյա զննումով և ջերմաչափումով.

5) անապահով տարածք թույլատրվում է միայն հատուկ նշանակության ավտոմեքենաների մուտքն ու ելքը համայնքային հանձնաժողովի կողմից տրված գրավոր թույլտվությամբ այն պայմանով, որ դուրս գալուց առաջ ավտոմեքենան, ուղևորների արտահագուստն ու կոշիկները պարտադիր ենթարկվեն ախտահանության: Այդ նպատակով կարանտինային հսկիչ կետերից մեկում պետք է տեղադրված լինի ախտահանիչ խցիկ, որտեղ պետք է լինեն անհրաժեշտ նյութեր և պարագաներ` արտահագուստի և կոշիկների, ինչպես նաև սարքավորումների, տրանսպորտային միջոցների ախտահանության համար.

6) ապահով ցանքատարածություններից, արոտավայրերից, խոտհարքի հանդավայրերից մթերված հացահատիկը, կոպիտ և հյութալի կերերը, որոնք չեն շփվել հիվանդ կենդանիների հետ և չեն աղտոտվել նրանց արտաթորանքներով, թույլատրում են արտահանել սահմանափակումների հանելուց հետո.

7) այն հողամասերից, որոնց վրա անմիջապես գտնվել են անկած կենդանիները, ստացված հացահատիկը, կոպիտ և հյութալի կերերը, տնտեսությունից արտահանման ենթակա չեն, նրանցով տեղում կերակրում են պատվաստված կենդանիներին:

37. Անապահով տարածքում տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը կազմակերպում և ապահովում է՝

1) անկած կենդանիների դիակների այրումը.

2) անապահով կետից տանող բոլոր ճանապարհների փակումը, անհրաժեշտության դեպքում շուրջօրյա պահակակետերի նշանակումը, համապատասխան նախազգուշական ցուցանակների տեղադրումը.

3) անապահով տարածքի բոլոր կենդանիներին մսուրային պահվածքի տեղափոխումը և արածեցման համար առանձին արոտավայրերի հատկացումը.

4) հիվանդության նկատմամբ զգայունակ բոլոր կենդանիների հաշվառումը.

5) անապահով տնտեսության և համայնքին պատկանող տեխնիկա և կենդանիների պատվաստումների, ախտահանության աշխատանքների կատարման համար անհրաժեշտ թվով մարդկանց տրամադրումը.

6) հիվանդ և հիվանդության մեջ կասկածվող կենդանիների խնամքի համար հատուկ սպասարկող անձնակազմին արտահագուստով /խալաթներ, գոգնոցներ, ռետինե ձեռնոցներ, կոշիկներ և այլն/ ապահովումը.

7) աշխատողներին, որոնց ձեռքերի երեսի և մարմնի այլ բաց տեղերում ունեն քերծվածքներ, ճանկռվածքներ և մաշկի վնասվածքներ, հիվանդ կենդանիների խնամքի, դիակների հավաքման, վարակված շենքերի և այլ օբյեկտների մաքրման և ախտահանության աշխատանքին չթույլատրելը:

38. Անապահով տարածքում տնտեսությունը կամ համայնքը սպասարկող անասնաբույժը անապահով կետում բոլոր կենդանիներին զննելուց հետո նրանց բաժանում է երկու խմբի`

1) առաջին խմբում` հիվանդ և հիվանդացած լինելու կասկածով կենդանիներ, որոնց պատկանում են հիվանդության կլինիկական նշաններ` մարմնի բարձր ջերմություն, փքանք, ծակոցներ, աղեփքանքներ, կարբունկուլներ, ինֆիլտրատներ ունեցող կենդանիները.

2) երկրորդ խմբում` վարակվածության մեջ կասկածվող կենդանիներ, որոնց պատկանում են մնացած զգայունակ կենդանիները, որոնք չեն ունեցել հիվանդության կլինիկական նշաններ, բայց գտնվել են այն հոտում, նախրում, անասնաբակում, որտեղ ախտորոշվել է հիվանդությունը:

39. Սույն հրահանգի 38-րդ կետի 1-ին ենթակետում նշված կենդանիները բուժման են ենթարկվում գերիմուն շիճուկով, գամմա-գլոբուլիններով և հակաբիոտիկներով: Կլինիկապես առողջանալուց հետո՝ 14 օր անց կենդանիները պատվաստվում են՝ ըստ պատվաստանյութի օգտագործման հրահանգի:

40. Սույն հրահանգի 38-րդ կետի 2-րդ ենթակետում նշված կենդանիները պատվաստվում են՝ ըստ պատվաստանյութի օգտագործման հրահանգի:

41. Հիվանդ կենդանիների արտաթորանքով կեղտոտված գոմաղբը, ցամքարը և կերի մնացորդները հեռացնելուց առաջ դրանք խոնավացվում են կծու նատրիումի 10%-անոց տաք լուծույթով, իսկ հետո հնարավորության դեպքում այրվում են տեղում` պահպանելով հակահրդեհային անվտանգության կանոնները:

42. Կոյուղաջրին կոյամբարում խառնվում է 25%-ից ոչ պակաս ակտիվ քլոր պարունակող չոր քլորակիր, յուրաքանչյուր 20 լ կոյուղաջրին 1 կգ քլորակիր հաշվով:

43. Անասնաշենքերը, որտեղ հիվանդ կենդանին սատկել է, ախտահանվում են կծու նատրիումի 10%-անոց տաք լուծույթով, իսկ փայտե հատակը և միջնորմները այրում:

44. Անասնաշենքերը, սարք-սարքավորումները և տնտեսությունում օգտագործվող այլ պարագաներն ախտահանվում են համապատասխան ախտահանիչներով՝ 1 լիտր 1 մ3 հաշվարկով՝ համաձայն աղյուսակի.

 

Աղյուսակ

 

Ախտահանիչ միջոցների բնութագրերը

Ախտահանիչի անվանումը

ախտահանիչ լուծույթի խտությունը
ազդող նյութի հաշվով /%/

լուծույթի ջերմաս-տիճանը /0C/

էքսպո-զիցիա
/ժամ/

մշակման
քանակ /անգամ/

քլորակրի պարզեցված լուծույթ

5% ակտիվ քլոր

15 – 20

1

3

կալցիումի հիպոքլորիդի երկուերրորդ մասով հիմնային աղ

5% ակտիվ քլոր

15 – 20

1

3

մեկքլորական յոդ

10

20

1

2

ֆորմալդեհիդ

5

20 – 30

1

2

նատրիումի հիդրօքսիդ (կծու նատրիում)

10

70 – 80

1

1

Հիվանդությունների հարուցչով կեղտոտված մակերեսների ախտահանության համար օգտագործվում են նաև չեզոք կալցիումի հիպոքլորիդ, տեկստանիտ, որոնցում ակտիվ քլորի պարունակությունը պետք է լինի 5% կամ 10%-անոց ակտիվ քլոր պարունակող դիքլորիզոցիանուրային թթվի նատրիումական աղի լուծույթ կամ 10%-անոց միաքլորային յոդ՝ միայն փայտե մակերեսների ախտահանման համար, կամ ջրածնի պերօքսիդի 7%-անոց լուծույթ կամ գլուտարային ալդեհիդի 2%-անոց լուծույթ:

45. Սույն հրահանգի 44-րդ կետում նշված ախտահանիչ միջոցներով ախտահանությունը, բացի միաքլոր յոդից, ջրածնի պերօքսիդից և գլուտարալդեհիդից, կատարվում է երեք անգամ 1 ժամ ընդմիջումով, տիպային շենքերում 1լ լուծույթը 1 մետր քառակուսի մակերեսի հաշվարկով և կենդանիներին պահելու հարմարեցված շենքերում՝ 2 լ լուծույթը 1 մետր քառակուսի մակերեսի հաշվարկով:

46. Միաքլոր յոդը օգտագործելիս մակերեսը մշակվում է կրկնակի` 15-30 րոպե ընդմիջումով, լուծույթի 1 լիտրը 1 մետր քառակուսի մակերեսի հաշվարկով, իսկ ջրածնի պերօքսիդ և գլուտարային ալդեհիդ օգտագործելիս հիմք է ընդունվում նույն հաշվարկը, սակայն մակերեսները 1 ժամ ընդմիջումով մշակելով:

47. Եզրափակիչ ախտահանությունն իրականացվում է պատերի, հատակի և մսուրքների 3-անգամյա (մեկ ժամ պարբերականությամբ) ախտահանիչ լուծույթով լվացմամբ: Վերջին անգամ ախտահանիչ լուծույթի օգտագործումից հետո անասնաշենքը 3 ժամ փակվում է, այնուհետև օդափոխվում, իսկ անասնաշենքի կերամանները և ջրախմոցները լվացվում են ջրով:

48. Անկած կենդանիների դիակների հայտնաբերման վայրերում իրականացվում է ախտահանություն, իսկ հիվանդ կենդանիների մսուրքները ենթարկվում են ամենօրյա ախտահանության: Տնտեսություններում ախտահանության համար օգտագործվում են քլորակրի 5% ակտիվ քլոր պարունակող լուծույթ կամ կծու նատրիումի տաք՝ 70-800C և 10% լուծույթ: Փայտե մակերեսների վարակազերծման համար կարելի է օգտագործել նաև միաքլորային յոդի 10%-անոց լուծույթը՝ 1 լիտր լուծույթը 1 մետր քառակուսի հաշվով եռանվագ, յուրաքանչյուր անգամ 0.3-ական լիտր ախտահանիչ լուծույթով մակերեսը ջրելուց առաջ այն թրջում են կերակրի աղի հագեցած տաք լուծույթով 0.5 լիտր լուծույթը 1 մետր քառակուսի հաշվով: Հողը վարակազերծվում է չոր քլորակրով: Հողի մակերեսը ախտահանվում է կծու նատրիումի 10%-անոց տաք լուծույթով՝ 10 լիտր լուծույթը 1 մետր քառակուսի հաշվով կամ ֆենոսմոլինի 18%-անոց էմուլսիայով՝ 18 լիտր լուծույթը 1 մետր քառակուսի հաշվով, կամ ֆորմալդեհիդի 4%-անոց լուծույթով՝ 5 լիտր լուծույթը 1 մետր քառակուսի հաշվով, կամ քլորակրի պարզեցված 5%-անոց լուծույթով՝ 10 լիտր լուծույթը 1 մետր քառակուսի հաշվով, կամ չեզոք կալցիումի հիպոքլորիդի 10%-անոց լուծույթով 10 լիտր լուծույթը 1 մետր քառակուսի հաշվով կամ կալցիումի հիպոքլորիդի երկուերրորդով հիմնային աղի կամ դիքլորիզոցիանուրային թթվի նատրիումական աղի 15%-անոց լուծույթներով՝ 10 լիտր լուծույթը 1 մետր քառակուսի հաշվով: 0-ից ցածր ջերմաստիճանի ժամանակ օգտագործում են չեզոք կալցիումի հիպոքլորիդի 15% ակտիվ քլոր պարունակող տաք՝ 500-600C լուծույթը, որը պատրաստված է 15-20%-անոց աղային լուծույթով, 10 լիտր լուծույթը 1 մետր քառակուսի հաշվով:

49. Անկած կենդանու, հարկադիր մորթված կամ դիակի դիահերձման տեղում հողի մակերեսային շերտը մեզի ներծծման խորությամբ հանվում է, որին խառնվում է 30% ֆորմալին կամ 4% գլուտարալդեհիդ կամ 3 % ջրածնի պերօքսիդ /H2O2/ և քլորակրի 5% ակտիվ քլոր պարունակող լուծույթներ: Կարելի է նաև հողը այրել, այնուհետև խոնավացնել 5%-անոց ակտիվ քլոր պարունակող քլորակրի լուծույթով՝ 10 լիտր լուծույթը 1 մետր քառակուսի հաշվով: Դրանից հետո հողը 25 սմ-ից ոչ պակաս խորությամբ փորում են, շուռ տալիս, ապա խառնում 25%-ից ոչ պակաս ակտիվ քլոր պարունակող չոր քլորակրի հետ՝ 3 մաս հող և 1 մաս քլորակիր հաշվարկով, որից հետո հողը խոնավացնում են ջրով: Անկած կենդանու դիակի ընկած տեղի, հին անասնագերեզմանոցների հողի վնասազերծումը կարելի է կատարել նաև «ՕԿԷԲ» կամ բրոմային մեթիլ գազերով՝ ըստ գազի օգտագործման հրահանգի:

50. Հիվանդությունից անկած կենդանիների դիակները, դրանց արտաթորանքը, կերի մնացորդները և բոլոր իրերը, որոնց հետ շփվել է կենդանին, ենթակա են այրման կամ դրա հնարավորության բացակայության դեպքում անասնագերեզմանոցում թաղման 2 մետրից ոչ պակաս խորությամբ:

51. Արտահագուստը, խոզանակները, քերիչները, դույլերը և այլ մանր գույքը վարակազերծվում են՝ ընկղմելով քլորամինի 1%-անոց ակտիվացված լուծույթի կամ ֆորմալդեհիդի 4%-անոց լուծույթի մեջ 4 ժամ տևողությամբ կամ եռացվում կալցինացված սոդայի 2%-անոց լուծույթի մեջ 90 րոպեից ոչ պակաս տևողությամբ: Մուշտակավոր գործվածքները, կաշվե, ռետինե ոտնամանները և փչացող այլ ապրանքները վարակազերծվում են ախտահանության եղանակով՝ պարաֆորմալինային խցերում ֆորմալդեհիդի գոլորշով 580-590C ջերմաստիճանի տակ` 3 ժամ տևողությամբ, խցի 1 մ խորանարդ ծավալին 250 մլ ֆորմալինի ծախսի հաշվով:

52. Միս արտադրող և վերամշակող կազմակերպություններում կենդանիների մոտ հիվանդության նշաններ կամ վարակված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում՝

1) մսեղիքների մասնատման ժամանակ ենթամաշկային ցանցաշերտում դոնդողանման ներսփռանքներ, պարանոցի և կրծքի հատվածներում ենթամաշկային այտուցներ հայտնաբերելիս, աշխատողը պարտավոր է անհապաղ դադարեցնել աշխատանքը և անմիջապես այդ մասին հայտնել սպասարկող անասնաբույժին.

2) արտադրությունում հիվանդության կասկածի կամ հայտնաբերելու դեպքում անհապաղ դադարեցվում է առաջնային մշակման արտադրամասի աշխատանքը, իսկ այնուհետև կատարվում են հիվանդության տարածման և վերացման սույն հրահանգով նախատեսված միջոցառումները.

3) ախտորոշվելուց հետո հիվանդության դեմ պայքարի աշխատանքների ընթացքում կենդանիների սպանդը և գործունեությունը դադարեցվում է.

4) սպանդի տարածքում կամ արտադրամասերում հատակին շաղ են տալիս 25%-ից ոչ պակաս ակտիվ քլոր պարունակող չոր քլորակիր՝ 2 կգ 1 մետր քառակուսի մակերեսի հաշվարկով և այնուհետև խոնավացնում են ջրով` 5 լ 1 մետր քառակուսի մակերեսի հաշվարկով, 1 ժամ ախտահանության տևողությամբ.

5) բոլոր սարքավորումների և շենքերի մակերեսները, պատերը հատակից 2մ բարձրության վրա մանրակրկիտ լվացում կալցինացված սոդայի 5%-անոց տաք 700C-ից ոչ պակաս լուծույթով և ախտահանության կատարում սույն հրահանգով սահմանված ախտահանիչներից մեկով.

6) գործիքները՝ դանակները, մկրատները, սրաքարերը և այլն, ախտահանել կալցինացված սոդայի 0.5%-անոց լուծույթի մեջ 90 րոպե տևողությամբ եռացնելով կամ ավտոկլավում 1.5 մթնոլորտային ճնշման տակ, 2 ժամվա ընթացքում: Պակաս արժեքավոր գործիքները և այլ մետաղե իրերը ենթակա են բոցակիզման.

7) արտահագուստը վարակազերծում են ավտոկլավում կամ ջրի մեջ եռացնում 90 րոպե տևողությամբ.

8) կենդանիների հավաքատեղի և հարակից տարածքների գոմաղբը, որտեղ հայտնաբերվել է դիակ կամ հիվանդ կենդանի, ենթակա է այրման.

9) բոլոր աշխատողները, որոնք շփվել են հիվանդ կենդանիների կամ նրանցից ստացված մթերքների հետ, ծանոթացվում են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցների հետ և պարտադիր կարգով ենթարկվում են սանիտարական մշակման.

10) կազմակերպության գործունեությունը թույլատրվում է միայն հիվանդության հարուցիչների վերացումը երաշխավորող բոլոր միջոցառումները անցկացնելուց հետո.

11) կազմակերպությունում կատարված բոլոր միջոցառումները արձանագրվում են՝ փաստաթղթավորված հավաստման համար:

53. Սահմանափակումը հանվում՝ չեղյալ է հայտարարվում տեղական ինքնակառավարման մարմնի կողմից լիազոր մարմնի ներկայացմամբ՝ հիվանդ կենդանու անկման կամ առողջացման վերջին և կենդանիների հարկադիր պատվաստումների հետպատվաստային բարդացումների բացակայության դեպքից և եզրափակիչ ախտահանությունից հետո 20 օր անց:

54. Սահմանափակումները չեղյալ հայտարարելուց առաջ լիազոր մարմնի աշխատակազմի համապատասխան տարածքային մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների կողմից կազմվում է ակտ, նշելով հիվանդության ընթացքը մինչև պատվաստումները, ըստ կենդանատեսակների անկումների քանակը և անկման ամսաթիվը, պատվաստված կենդանիների քանակը, օգտագործված պատվաստանյութի անվանումը, դոզան, սերիան և պետհսկիչի համարները, պատվաստման ժամկետը, պատվաստանյութն արտադրողը, պատվաստումներից հետո տեղի ունեցած բարդությունների, անցկացված անասնաբուժասանիտարական միջոցառումների, վարակված գոմաղբի պահեստավորման տեղերի և այլնի մասին: Ակտը կազմում են երկու օրինակից, որից մեկը տրվում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին, մյուսը ուղարկվում է լիազոր մարմին:

55. Սույն հրահանգի կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան