Գլխավոր տեղեկություն
Համար
N 50-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2014-02.11.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.11.15/31(475) Հոդ.305
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.09.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.11.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 նոյեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10013415 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 սեպտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 50-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 27 ՏԱՐԵԿԱՆԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ` ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՆ ԱՎԱՐՏԱԾ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ, ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԲՈՒԺՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետը,

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նախազորակոչային և զորակոչային, ինչպես նաև 27 տարեկանից բարձր տարիք ունեցող` ասպիրանտուրան ավարտած, զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիների բժշկական զննման, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ և հիվանդանոցային հետազոտման, բժշկական փորձաքննության ու բուժման կազմակերպման չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից։

 

 

Դ. Դումանյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 18-ի

N 50-Ն հրամանի

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 27 ՏԱՐԵԿԱՆԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ` ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՆ ԱՎԱՐՏԱԾ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ, ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԲՈՒԺՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն չափորոշչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում զորակոչի ընթացքում նախազորակոչային և զորակոչային, ինչպես նաև 27 տարեկանից բարձր տարիք ունեցող` ասպիրանտուրան ավարտած, զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիների բժշկական զննման, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ և հիվանդանոցային հետազոտման, բժշկական փորձաքննության ու բուժման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է սպասարկման տարածքի ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` տարածքային զինվորական կոմիսարիատների հետ համատեղ:

3. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված N 2-ով սահմանված կարգով, ելնելով տվյալ թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող 15 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց թվից:

4. 14-15 տարեկան արական սեռի քաղաքացիների, նախազորակոչիկների ու զորակոչիկների ամբուլատոր, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հիվանդանոցային բժշկական հետազոտության արդյունքում, լրացվում է «Ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության կողմից տրվող առողջության անձնագիր» Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշման հավելված N 5-ով նախատեսված ձևով:

5. Կցագրման ենթակա նախազորակոչային (տվյալ տարում 16 տարեկանը լրացող և 17 տարեկան) և զորակոչային տարիքի անձանց նկատմամբ բժշկական հսկողությունն առաջնային օղակում իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշման Հավելված N 2-ով նախատեսված մասնագետների կողմից:

6. Կցագրման ենթակա նախազորակոչային (տվյալ տարում 16 տարեկանը լրացող և 17 տարեկան) և զորակոչային տարիքի անձանց նկատմամբ սպասարկման տարածքի ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունում պարտադիր կարգով կատարվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշման Հավելված N 2-ով սահմանված ծավալով:

7. Տուբերկուլոզի կանխարգելման և վաղ հայտնաբերման նպատակով, նախազորակոչիկների ու զորակոչիկների նկատմամբ, անկախ տուբերկուլոզին բնորոշ գանգատների, կատարվում են հետևյալ հետազոտությունները` ՄԱՆՏՈՒ 2 ՏԵ (TE) փորձը, խորխի (առկայության դեպքում) եռակի բակտերիոսկոպիա, ռենտգենաբանական հետազոտություն (եթե կա անհրաժեշտություն նախորդ երկու հետազոտությունների տվյալներից ելնելով):

8. Կատարված հետազոտությունների արդյունքում տրվում է անձի առողջական վիճակի վերաբերյալ հետևյալ եզրակացություններից մեկը`

1) ԱՌՈՂՋ

2) ԿԱՍԿԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ - Եթե խորխի քննությունը և ֆլյուորոգրաֆիկ հետազոտության արդյունքները նորմայի սահմաններում են, իսկ ՄԱՆՏՈՒ-ի փորձը դրական է (հիպերերգիկ ռեակցիա 17 մմ և ավելին): Այս դեպքում կազմակերպվում է լրացուցիչ հետազոտություն հակատուբերկուլոզային դիսպանսերում.

3) ՀԻՎԱՆԴ - եթե կատարված հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Տուբերկուլոզ»:

9. 18-27 տարեկանը լրացած, ռիսկի խմբին պատկանող զինապարտները ենթակա են համապատասխան բժշկական հետազոտությունների` մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) հայտնաբերման, կամ ժխտման նպատակով:

10. Ռիսկի խմբին պատկանող անձինք են համարվում՝

1) շրջապատում տուբերկուլոզով հիվանդի հետ կոնտակտ ունեցող անձինք,

2) ռեսպիրատոր և ինտոկսիկացիոն ախտանիշներով հիվանդները,

3) թերսնուցման կամ ֆիզիկական թերզարգացման ախտանիշով տառապող անձինք,

4) շաքարային դիաբետով հիվանդ անձինք:

11. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց մոտ զինվորական կոմիսարիատների բժիշկների կողմից հիվանդության հայտնաբերման դեպքում` առողջական վիճակի նկատմամբ հսկողությունը, համակարգումը և տեղեկատվության փոխանցումը սպասարկման տարածքի ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ իրականացվում է համապատասխան զինվորական կոմիսարիատի ավագ բժշկի կողմից, զորակոչային հանձնաժողովի նախագահի (զինվորական կոմիսար) հսկողությամբ:

12. Տուբերկուլոզի ախտորոշման դեպքում հիվանդության առկայության մասին տեղեկացվում են նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային և մարզային կենտրոնները՝ հիվանդների հետագա հաշվառումը, դիսպանսեր հսկողությունը, կանխարգելիչ և համաճարակային միջոցառումների իրականացումը և բուժման արդյունքների մոնիթորինգը կազմակերպելու համար:

13. Տարածքային զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովների կողմից ախտորոշված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի N 410-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկում նախատեսված հիվանդության կամ ֆիզիկական թերության առկայության դեպքում նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հետագա` պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային կամ ամբուլատոր բուժումը իրականացվում է համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից՝ տարածքային զինվորական կոմիսարիատի ուղեգրմամբ, իսկ զորակոչերի միջև ընկած ժամանակահատվածում` նաև ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից տրված ուղեգրով՝ տարածաշրջանային զինվորական կոմիսարիատի գրավոր համաձայնությամբ, որի մասին գրառում է կատարվում զինակոչիկի անձնական գործում:

14. Զորակոչի ընթացքում զորակոչային տարիքի անձանց մոտ անհետաձգելի վիճակների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման անհրաժեշտության դեպքում (փաստացի տեղափոխված ու ընդունված) կատարված բժշկական օգնության և սպասարկման մասին 48 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացվում է համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատ:

15. Բժշկական հետազոտություն իրականացնող բժշկական կազմակերպությունում համապատասխան նեղ մասնագետի բացակայության դեպքում, նեղ մասնագիտական կոնսուլտացիան (կամ հետազոտությունը) այլ բժշկական կազմակերպության կողմից ապահովվում է համաձայն բժշկական կազմակերպությունների միջև կնքված երկկողմանի պայմանագրի:

16. Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների հիվանդանոցային բուժումը կարող է կազմակերպվել տվյալ տարածքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մարզային բժշկական կազմակերպություններում։

17. Զինապարտների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը հիվանդանոցային պայմաններում իրականացվում է`

1) ցնցումային սինդրոմի, հոգեկան և պարբերական հիվանդության ու էնուրեզի առկայության կասկածի դեպքում,

2) երբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մարզային բժշկական կազմակերպության տեղակայման քաղաքը դուրս է նախազորակոչային կամ զորակոչային տարիքի անձի բնակության վայրից և Հայաստանի Հանրապետության մարզերից Երևան քաղաք ուղեգրման ժամանակ (զինապարտների համաձայնությամբ),

3) երբ կա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված գրավոր հիմնավորումը՝ ցերեկային ստացիոնարի պայմաններում բժշկական հետազոտությունների անցկացման դժվարության մասին և կոնկրետ դեպքի համար հիվանդանոցային պայմաններում համապատասխան հետազոտությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի գրավոր թույլտվությունը,

4) փորձաքննություն անցնող նախազորակոչային կամ զորակոչային տարիքի անձի բնակության վայրից դուրս բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունները փոխհատուցում են սննդի գումարը՝ անկախ բուժօգնության կազմակերպման ձևից:

18. Սույն չափորոշչի 17-րդ կետով նախատեսված դեպքերում նախազորակոչային կամ զորակոչային տարիքի անձանց սննդի տրամադրումը կամ սննդի արժեքի փոխհատուցումը կատարվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված միջինացված գների` ստացիոնարում գտնվելու փաստացի օրերի դիմաց:

 19. Սույն չափորոշչի 17-րդ կետով նախատեսված դեպքերից բացի, նախազորակոչային կամ զորակոչային տարիքի անձանց, բժշկական կազմակերպությունում փորձաքննությունը իրականացվում է ցերեկային ստացիոնարի պայմաններում առանց սննդի տրամադրման կամ սննդի արժեքի փոխհատուցման:

20. Բուժում իրականացնող բժշկական կազմակերպության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի հետազոտություններ իրականացնելու համար պայմանագրի և համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում (կամ հաստատված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների պարտադիր ծավալների ապահովման նպատակով), բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը կարող է տվյալ հետազոտությունն իրականացնել ներհիվանդանոցային ուղեգրմամբ:

21. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային հետազոտության, բժշկական փորձաքննության և բուժման կազմակերպումը զինվորական կոմիսարիատների կողմից տրված ուղեգրով, իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 13-ի N 846-Ն որոշման պահանջների համաձայն` ապահովելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված բժշկական կազմակերպություններում սահմանված սննդի համար նախատեսված փոխհատուցումը, սննդի տրամադրումը:

22. Առանձին դեպքերում, 27-ից բարձր տարիքի զինապարտների հիվանդանոցային փորձաքննությունը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից տրված ուղեգրով` տարածքային զինվորական կոմիսարի հիմնավորված միջնորդությամբ:

23. Հայաստանի Հանրապետության մարզերից փորձաքննության և բուժման ուղեգրվող նախազորակոչիկները և զորակոչիկները ապահովվում են (կանխիկ դրամով) ճանապարհածախսով` սպասարկման տարածքի ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների միջոցների հաշվին, տարածքային զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովների ավագ բժիշկների պատասխանատվությամբ:

24. Տուբերկուլոզով հիվանդ զինապարտների բժշկական փորձաքննությունը մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իրականացվում է յոթից տասն օրվա ընթացքում:

25. Թոքային տուբերկուլոզի դեպքում պարտադիր կարգով իրականացվող հետազոտություններն են`

1) արյան ընդհանուր հետազոտություն (1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

2) թոքերի ռենտգենաբանական հետազոտություն (1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

3) թոքերի շերտավոր նկար,

4) խորխի բակտերիոսկոպիկ հետազոտություն (հետագա գնահատմամբ` պարտադիր և 3 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

5) խորխի կուլտուրալ հետազոտություն (հետագա գնահատմամբ` 1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

6) ըստ ցուցումների` բարդացած ախտորոշման դեպքում թոքերի համակարգչային շերտագրում կամ մագնիսառեզոնանսային շերտագրում (1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում), պաթոմորֆոլոգիական նյութի ցիտոհիստոլոգիական հետազոտություն (հետագա գնահատմամբ` 1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում):

26. Արտաթոքային տուբերկուլոզի ձևերից պլևրայի և ներկրծքային ավշային հանգույցների տուբերկուլոզի դեպքում պարտադիր կարգով իրականացվող հետազոտություններն են՝

1) խորխի բակտերիոսկոպիկ հետազոտություն,

2) արյան ընդհանուր հետազոտություն,

3) թոքերի ռենտգենաբանական հետազոտություն (նկարը պահպանել),

4) թոքերի շերտավոր նկար (թոքարմատի մակարդակով),

5) պլևրալ պունկցիա, հեղուկի արտահանում և պաթոմորֆոլոգիական նյութի ցիտոհիստոլոգիական հետազոտություն (հետագա գնահատմամբ),

6) ըստ ցուցումների` բարդացած ախտորոշման դեպքում թոքերի համակարգչային շերտագրում կամ մագնիսառեզոնանսային շերտագրում:

27. Արտաթոքային տուբերկուլոզի ձևերից պերիֆերիկ տուբերկուլոզային լիմֆադենիտի դեպքում պարտադիր կարգով իրականացվող հետազոտություններն են՝

1) արյան ընդհանուր հետազոտություն (1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

2) թոքերի ռենտգենաբանական հետազոտություն (1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

3) ավշային հանգույցների պունկցիա, պունկտատի ցիտոհիստոլոգիական հետազոտություն (1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

4) ավշային հանգույցների պաթոլոգիական նյութի բակտերիոսկոպիկ հետազոտություն (1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

5) ըստ ցուցումների` մեծացած ավշային հանգույցների սոնոգրաֆիկ հետազոտություն (1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում) և ավշային հանգույցների պաթոլոգիական նյութի կուլտուրալ քննություն (հետագա գնահատմամբ` 1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում):

28. Արտաթոքային տուբերկուլոզի ձևերից միզասեռական համակարգի տուբերկուլոզի դեպքում պարտադիր կարգով իրականացվող հետազոտություններն են՝

1) արյան ընդհանուր հետազոտություն (1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

2) թոքերի ռենտգենաբանական հետազոտություն (1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

3) մեզի ընդհանուր հետազոտություն (1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

4) մեզի և արյան պաթոմորֆոլոգիական նյութի բակտերիոսկոպիկ հետազոտություն (1-3 պարտադիր և 1-3 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

5) երիկամների ռենտգեն, ուռոգրաֆիա (1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

6) ցիստոսկոպիա (1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

7) ըստ ցուցումների` մեզի և արյան պաթոմորֆոլոգիական նյութի կուլտուրալ քննություն (հետագա գնահատմամբ` 1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

8) որովայնի օրգանների սոնոգրաֆիա (1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում):

29. Արտաթոքային տուբերկուլոզի ձևերից որովայնի մյուս օրգանների տուբերկուլոզի դեպքում պարտադիր կարգով իրականացվող հետազոտություններն են՝

1) արյան ընդհանուր հետազոտություն (1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

2) թոքերի ռենտգենաբանական հետազոտություն (1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

3) որովայնի օրգանների սոնոգրաֆիա, ռենտգենաբանական հետազոտություն (1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

4) պաթոմորֆոլոգիական նյութի ցիտոհիստոլոգիական հետազոտություն (հետագա գնահատմամբ` 1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

5) աղիների կոլոնոսկոպիա, ռենտգենաբանական հետազոտություն (1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

6) ըստ ցուցումների` կատարվում են պաթոմորֆոլոգիական նյութի բակտերիոսկոպիկ, կուլտուրալ հետազոտություն (հետագա գնահատմամբ), կոխի փորձ, դիագնոստիկ լապարոսկոպիա (1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում), որովայնի պունկցիա:

30. Արտաթոքային տուբերկուլոզի ձևերից ոսկրահոդային տուբերկուլոզի դեպքում պարտադիր կարգով իրականացվող հետազոտություններն են՝

1) արյան ընդհանուր հետազոտություն (1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

2) թոքերի ռենտգենաբանական հետազոտություն (1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

3) ախտահարված ոսկրերի և հոդերի ռենտգենաբանական հետազոտություն (ուղիղ և կողմնային պրոյեկցիաներով),

4) պաթոմորֆոլոգիական նյութի բակտերիոսկոպիկ հետազոտություն (1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

5) պաթոմորֆոլոգիական նյութի ցիտոհիստոլոգիական հետազոտություն (1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

6) ըստ ցուցումների` բարդացած ախտորոշման դեպքում համակարգչային շերտագրում կամ մագնիսառեզոնանսային շերտագրում (1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում), պաթոմորֆոլոգիական նյութի բակտերեոսկոպիկ, կուլտուրալ հետազոտություն (1-3 պարտադիր և 3 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

7) ախտահարված հոդի պունկցիա, պունկտատի հետագա ցիտոմորֆոլոգիական հետազոտությամբ:

31. Արտաթոքային տուբերկուլոզի ձևերից տուբերկուլոզային մենինգիտի, մենինգոէնցեֆալիտի դեպքում պարտադիր կարգով իրականացվող հետազոտություններն են՝

1) արյան ընդհանուր հետազոտություն (1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

2) թոքերի ռենտգենաբանական հետազոտություն (1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում),

3) ողնուղեղային պունկցիա,

4) ողնուղեղային հեղուկի բակտերիոսկոպիկ հետազոտություն,

5) ողնուղեղային հեղուկի ցիտոլոգիական հետազոտություն,

6) ըստ ցուցումների` բարդացած ախտորոշման դեպքում` գլխուղեղի համակարգչային շերտագրում կամ մագնիսառեզոնանսային շերտագրում (1 պարտադիր և 1 լրացուցիչ` անհրաժեշտության դեպքում):

32. Տուբերկուլոզով հիվանդ զինապարտների նկատմամբ ՄԱՆՏՈՒ փորձը չի կատարվում:

33. Տուբերկուլոզով հիվանդ և զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացու հետագա հիվանդանոցային, ամբուլատոր և վերականգնողական (առողջարանային) բուժումը կազմակերպվում է ըստ վերջինիս բնակության վայրի տեղակայված հակատուբերկուլոզային ծառայության կողմից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 28-ի N 52-Ն արձանագրային որոշմամբ հավանության արժանացած տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրին և ծրագրի իրականացման ժամանակացույցի պահանջներին համապատասխան:

34. Հիվանդ զինապարտներին բուժման ավարտից հետո տրվում է դուրսգրման էպիկրիզ, որի մեկ օրինակը համապատասխան բժշկական կազմակերպության կողմից ուղարկվում է տարածքային զինվորական կոմիսարիատ:

35. Զինվորական կոմիսարիատների կողմից ուղեգրված նախազորակոչային տարիքի անձանց վարորդական իրավունք ստանալու համար բժշկական հավատարմագրումը և անհրաժեշտ տեղեկանքների տրամադրումը կատարվում է սպասարկման տարածքի ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը, այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, բժշկական հավատարմագրման մասին տեղեկանքի ձևը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 581-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1327-Ն որոշման պահանջների:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.10.2019, N 43-Ն 02.11.2019, N 50-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան