Գլխավոր տեղեկություն
Համար
N 39-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.09.2013-01.08.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.10.16/57(997).1 Հոդ.249.12
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.07.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.05.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 օգոստոսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10013344

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 հուլիսի 2013 թ.  

ք. Երևան

N 39-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ, ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԻ ԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ, ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ, ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԻՍՊԵՏՉԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել՝

1) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության տրամադրման չափորոշիչը` համաձայն հավելված N 1-ի,

2) շտապ բժշկական օգնության կանչի թերթիկի ձևը` համաձայն հավելված N 2-ի,

3) իրազեկման թերթիկի ձևը` համաձայն հավելված N 3-ի,

4) շտապ բժշկական օգնության դիսպետչերի գործառույթների նկարագիրը` համաձայն հավելված N 4-ի:

 

  Դ. Դումանյան

 

 

Հավելված N 1

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. հուլիսի 24-ի N 39-Ն հրամանի

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ապահովվում է արտահիվանդանոցային անհետաձգելի շտապ բուժօգնություն և հոսպիտալացում` ռեանիմացիոն, ընդհանուր գծային, ֆելդշերական բրիգադների, ինչպես նաև արագ արձագանքման ծառայության միջոցով։

3. Պետության կողմից երաշխավորված անվճար արտահիվանդանոցային անհետաձգելի շտապ բժշկական օգնությունն իրականացվում է`

1) շտապ բժշկական օգնության կայանների և բժշկական կազմակերպությունների համապատասխան բաժանմունքի կողմից,

2) Հայաստանի Հանրապետության մարզերի այն գյուղական բնակավայրերում, որտեղ գործում են ընտանեկան բժշկի գրասենյակներ և բժշկական կազմակերպություններն ապահովված են համապատասխան տրանսպորտով ու տեխնիկական միջոցներով, իրականացվում է անհետաձգելի բժշկական օգնություն ընտանեկան բժշկի գրասենյակների և բժշկական կազմակերպությունների կողմից:

4. Շտապ բժշկական օգնության կայանը (բաժանմունքը) ապահովում է շուրջօրյա անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերումը հետևյալ իրավիճակներում`

1) հանկարծակի առաջացած հիվանդությունների (սիրտ-անոթային, կենտրոնական նյարդային համակարգի, շնչառական, որովայնի խոռոչի և այլ օրգանների գործունեության սուր զարգացող խանգարումների) դեպքերում,

2) դժբախտ պատահարների (վնասվածքների, այրվածքների, թունավորումների, մահափորձերի, ցրտահարությունների, շնչառական ուղիներում օտար մարմինների, կայծակնահարությունների, էլեկտրահարությունների, ջրահեղձությունների և այլն) դեպքերում,

3) քրոնիկ հիվանդությունների սրացումների ժամանակ, եթե դրանք պահանջում են անհետաձգելի բժշկական օգնություն,

4) վարակիչ հիվանդությունների բռնկումների ժամանակ, եթե կա անհետաձգելի բժշկական օգնության կամ պացիենտների հոսպիտալացման անհրաժեշտություն,

5) արտակարգ իրավիճակների (զանգվածային վնասվածքների, թունավորումների և տարերային աղետներ) ժամանակ:

5. Շտապ բժշկական օգնության կայանը (բաժանմունքը) ապահովում է նաև անմիջապես շտապ օգնության կայան (բաժանմունք) դիմած բոլոր պացիենտների անվճար անհետաձգելի բժշկական օգնությունը:

6. Շտապ բժշկական օգնության կայանը (բաժանմունքը) իրականացնում է ալկոհոլային հարբածության փորձաքննություն` իրավապահ մարմնի որոշման հիման վրա, տվյալ բժշկական կազմակերպության ղեկավարի հրամանով ալկոհոլային հարբածության փորձաքննության իրականացման պատասխանատու նշանակված բժշկի (բժիշկների) կողմից` ինչպես աշխատանքային օրերին, այնպես և տոնական ու հանգստյան օրերին, շուրջօրյա:

7. Շտապ բժշկական օգնության կայանը (բաժանմունքը) պացիենտների հոսպիտալացումն իրականացնում է կյանքին վտանգ սպառնացող և անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնություն պահանջող դեպքերում` անկախ ախտորոշումից, քաղաքացիությունից և սոցիալական կարգավիճակից:

8. Բոլոր այն դեպքերում, երբ տրված կանչը հնարավոր է սպասարկել այն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում, որտեղ գրանցված է տվյալ պացիենտը, դիսպետչերի խորհրդատվությունից հետո կանչը հեռախոսազանգով փոխանցվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությանը:

9. Սույն չափորոշչի 8-րդ կետում նախատեսված դեպքում դիսպետչերի կողմից լրացվում է սույն հրամանի 1-ին կետի 3)-րդ ենթակետով հաստատված իրազեկման թերթիկը, որն ուղարկվում է համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն:

10. Հայաստանի Հանրապետության մարզերի այն բժշկական կազմակերպություններում, որտեղ գործում են միայն մեկական բժշկական բրիգադներ, կանչերն ընդունելու համար դիսպետչերներ չեն առանձնացվում: Կանչերի ընդունումը և բրիգադին փոխանցումն իրականացվում է տվյալ օրվա հերթապահ անձնակազմի ուժերով:

11. Բժշկական օգնության որակի բարելավման նպատակով, կանչերն իրականացվում են բժշկական (ընդհանուր գծային) բրիգադների միջոցով` այդ աշխատանքներում ընդգրկելով նաև բժշկական կենտրոնների կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների, ընտանեկան բժիշկների անհատական և խմբային անկախ պրակտիկաների բժիշկներին (համատեղության կարգով):

12. Շտապ բժշկական օգնության կանչը ստացած բրիգադը դուրս է գալիս կայանից կամ ենթակայանից անհապաղ:

13. Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերի քաղաքային բնակավայրերում կանչը ստանալուց հետո բրիգադի` կանչի վայր ժամանման տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն` բացառությամբ ձմեռային ամիսներին, երբ բրիգադի ժամանման առավելագույն ժամանակը կարող է հասնել 20 րոպեի` ելնելով ճանապարհային երթևեկության չնախատեսված բարդություններից:

14. Նաև գյուղական բնակավայրեր սպասարկող Հայաստանի Հանրապետության մարզային շտապ բժշկական օգնության ծառայության դեպքում, բացառությամբ սույն չափորոշչի 17-րդ կետի.

1) մինչև 20 կմ հեռավորության համայնքներից ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն,

2) 20 կմ-ից առավել հեռավորության համայնքներից ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տևողությունը չպետք է գերազանցի 30 րոպեն:

15. Եթե գյուղական բնակավայրը գտնվում է դժվարանցանելի ճանապարհային հատվածում, հատկապես ձմեռային ամիսներին, ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տևողությունը կարող է հասնել 30 րոպեի, որի մասին շտապ օգնության բրիգադի բժիշկը կամ ֆելդշերը պարտավոր են հայտնել դիսպետչերին:

16. Կանչը սպասարկող բրիգադը տեղում օգնություն է ցուցաբերում առավելագույնը 30 րոպեի ընթացքում:

17. Այն դեպքերում, երբ սույն չափորոշչի 16-րդ կետում սահմանված ժամկետում ձեռնարկված միջոցառումները դրական տեղաշարժ չեն արձանագրում, կազմակերպվում է պացիենտի տեղափոխումը տվյալ պրոֆիլի հիվանդանոցային բժշկական կազմակերպություն:

18. Վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտության դեպքում պացիենտի տեղափոխումը համապատասխան պրոֆիլի հիվանդանոցային բժշկական կազմակերպություն կատարվում է անհապաղ:

19. Հայաստանի Հանրապետության մարզերի շտապ բժշկական օգնության բրիգադը բժշկական կազմակերպության կանչով իրականացնում է անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտների անվճար տեղափոխումը համապատասխան պրոֆիլի բժշկական կազմակերպություն:

20. Կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ բժշկական օգնության բժիշկը բժշկական օգնություն ցուցաբերելիս առաջնորդվում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված անհետաձգելի բժշկական օգնության միջոցառումների գործելակարգերով:

21. Շտապ բժշկական օգնության կայանի (բաժանմունքի) բրիգադների կողմից հիվանդանոցային բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտները ենթակա են անհապաղ բժշկական քննության և, անհրաժեշտության դեպքում, պարտադիր հոսպիտալացման` անկախ տվյալ հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում ազատ տեղերի առկայությունից:

22. Հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների կողմից շտապ օգնության ծառայության միջոցով տեղափոխված պացիենտների հոսպիտալացման անհարկի մերժման յուրաքանչյուր դեպքի մասին տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությանը տվյալ հերթափոխի ավագ բժշկի կողմից:

23. Շտապ բժշկական օգնության կայանը (բաժանմունքը) պացիենտներին հոսպիտալացնելիս ղեկավարվում է.

1) հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների` տվյալ պրոֆիլի վերակենդանացման ծառայության առկայությամբ,

2) հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում տվյալ պրոֆիլի մահճակալների առկայությամբ:

24. Շտապ բժշկական օգնության կանչի վերաբերյալ սույն հրամանի 1-ին կետի 2)-րդ ենթակետով հաստատված կանչի թերթիկը ստորագրում է կանչը տվող անձը, պացիենտը կամ նրա հարազատներից որևէ մեկը, իսկ հիվանդանոցային բժշկական կազմակերպություն տեղափոխելու դեպքում` ընդունարանի բժիշկը կամ հերթապահ պատասխանատու բժիշկը` նշելով նաև պացիենտի` հիվանդանոցային բժշկական կազմակերպություն ընդունման ժամը:

25. «Երևանի «Զվարթնոց միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված շտապ բժշկական օգնության կանչերը սպասարկում է Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերությունը, իսկ «Գյումրու Շիրակ օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված կանչերը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու շտապ բուժական օգնության կայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից:

26. Շտապ բժշկական օգնության կայանը (բաժանմունքը) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացնում է դիակների տեղափոխություն իրավապահ մարմինների կողմից գրավոր տրված կանչով` հայտնաբերած դիակների տեղափոխման նպատակով:

 

II. ԱՐՏԱԳՆԱ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ «ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

27. Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության գործառույթը կազմակերպվում է ինչպես Երևանից դեպի Հայաստանի Հանրապետության մարզեր, այնպես և` Հայաստանի Հանրապետության մարզերից դեպի Երևան:

28. Հայաստանի Հանրապետության մարզերի հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների կողմից տրվում են կանչեր Երևան քաղաքի` արագ արձագանքման ծառայության համար կցված հիվանդանոցային բժշկական կազմակերպություններին այն դեպքերում, երբ պահանջվում է բարդ մասնագիտական խորհրդատվություն, բժշկական միջամտություններ տեղում և (կամ) ըստ հրավիրված մասնագետի որոշման` պացիենտի տեղափոխում Երևան:

29. Հայաստանի Հանրապետության մարզերի հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների կողմից տրված կանչերը սպասարկվում են անվճար:

30. Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության կանչերն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի իրականացման համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ պայմանագիր կնքած հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների կողմից:

31. Երեխաների, այդ թվում` նորածինների արտագնա անհետաձգելի բժշկական օգնության կանչերը, այդ թվում` նորածինների տեղափոխումը (Երևանից 30 կմ շառավղից ավելի), ինչպես նաև մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության գծով արտագնա անհետաձգելի բժշկական օգնության կանչերը, իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի իրականացման համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ պայմանագիր կնքած հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների կողմից:

32. Հոգեկան խանգարում ունեցող, տուբերկուլոզով տառապող, մանկան տների ու ծերերի խնամքի կենտրոններից պացիենտներին համապատասխան հիվանդանոցային բժշկական կազմակերպություններ (ինչպես նաև մեկ հիվանդանոցային բժշկական կազմակերպությունից մյուսը) տեղափոխումը, եթե տեղափոխման ընթացքում չկա բժշկական միջամտության անհրաժեշտություն, իրականացվում է տվյալ սպասարկման տարածքի շտապ օգնության ֆելդշերական բրիգադների միջոցով:

33. Առանձին և հրատապ լուծում պահանջող դեպքերում տեղափոխումը կատարվում է տվյալ մարզի այն հիվանդանոցային բժշկական կազմակերպության շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով, որը հագեցված է ռեանիմոբիլով (անկախ պացիենտի տվյալ բնակավայրում բնակության վայրից)` տեղափոխող հիվանդանոցային բժշկական կազմակերպության բժշկական անձնակազմի ուղեկցությամբ:

34. Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության կանչերը տալիս են հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների տնօրենները կամ տվյալ օրվա հերթապահ բժիշկները:

35. Առանձին դեպքերում, եթե պացիենտի վիճակը թույլ է տալիս, տեղափոխումը կարող է իրականացվել շտապ օգնության տարածքային ծառայության միջոցով` տեղափոխող հիվանդանոցային բժշկական կազմակերպության բժշկական անձնակազմի ուղեկցությամբ:

36. Սույն չափորոշչի 35-րդ կետում նշված դեպքում պացիենտի վիճակը գնահատվում և տեղափոխման որոշումը կայացվում է տեղափոխող հիվանդանոցային բժշկական կազմակերպության բուժող բժշկի և բաժնի վարիչի կողմից համատեղ` համապատասխան գլխավոր մասնագետի և/կամ ընդունող հիվանդանոցային բժշկական կազմակերպության հետ համաձայնեցմամբ:

37. Նորածինների արտագնա, անհետաձգելի շտապ բժշկական օգնության կազմակերպումը արագ արձագանքման ծառայության միջոցով, այդ թվում` նորածինների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի իրականացման համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ պայմանագիր կնքած հիվանդանոցային բժշկական կազմակերպություններ իրականացվում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորածինների բժշկական օգնության և սպասարկման չափորոշչի:

38. Երեխաներին արտագնա անհետաձգելի շտապ բժշկական օգնության կազմակերպումը արագ արձագանքման ծառայության միջոցով, այդ թվում` երեխաների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգին համապատասխան:

39. Նորածինների արտագնա անհետաձգելի բժշկական օգնությունը և տեղափոխումը իրականացվում է ուղեգրող և ընդունող հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների փոխհամաձայնեցմամբ` տեղափոխման համար նախատեսված և համապատասխան հագեցվածություն ունեցող ռեանիմոբիլով:

40. Բացառիկ դեպքերում, եթե նորածնի վիճակը թույլ է տալիս, տեղափոխությունը կարող է իրականացվել շտապ օգնության ծառայության միջոցով, տեղափոխող հիվանդանոցային բժշկական կազմակերպության բժշկական անձնակազմի ուղեկցությամբ` ընդունող հիվանդանոցային բժշկական կազմակերպության նախնական համաձայնությամբ:

41. Տեղափոխումից առաջ նորածնի վիճակի հետագա վատացման կանխարգելման, տեղափոխման բարեհաջող ընթացքի ապահովման նպատակով կատարվում է պացիենտի վիճակի կայունացում, ինչը կարող է արվել ինչպես ուղեգրող հիվանդանոցային բժշկական կազմակերպության (հեռախոսային խորհրդատվության միջոցով), այնպես էլ վերակենդանացման արտագնա խմբի մասնագետների կողմից:

42. Նորածինների տեղափոխման ժամանակ ուղեգրող հիվանդանոցային բժշկական կազմակերպությունն ապահովում է բժշկական փաստաթղթերի պատշաճ ձևակերպումը` կցելով երեխայի առողջության պետական հավաստագիրը, տեղափոխման էպիկրիզը` նորածնի վիճակի մանրամասն նկարագրությամբ, նորածնի ծննդյան վկայականը կամ ծննդյան մասին բժշկական վկայականը և մոր անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

 

 

Հավելված N 2

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. հուլիսի 24-ի N 39-Ն հրամանի

 

ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԻ ԹԵՐԹԻԿ N _____

 

1. Պացիենտ` անունը _____________ ազգանունը _________________ տարիքը _________

2. Պացիենտի բնակության վայրը` _______________________________________________

3. Սեռը` արական , իգական

4. Կանչի օրը « ____ » _______________________ 2013թ., ժամը ______________________

5. Շաբաթվա օրը (1-2-3-4-5-6-7) _________________________________________________

6. Պացիենտը տեղի բնակիչ է  հյուր է  օտարերկրացի է 

7. Կանչի տեղը` փողոց , բնակարան , աշխատավայր , բժշկական կազմակերպություն , հասարակական վայր , դպրոց , նախադպրոցական հիմնարկ , ջրամբար :

այլ

_________________________________________________________________________________

8. Կանչը տվողի տվյալները (անուն, ազգանուն) _______________ հեռ. ____________________

9. Ժամանակը` (ժամ/րոպե)

1) ընդունման _______________________________________________________________

2) փոխանցման _____________________________________________________________

3) մեկնելու _________________________________________________________________

4) պացիենտին այցելության ___________________________________________________

5) վերադարձի ______________________________________________________________

10. Պացիենտին օգնություն ցուցաբերելուն տրամադրած ժամանակը _____________________

11. Կանչի պատճառը`

1) դժբախտ պատահար

2) հիվանդություն

3) ծննդաբերություն

4) ախտաբանական վիճակ

Դիսպետչեր ___________________________________________________________________

12. Հանձնված է N ______________ բրիգադին

1) առձեռն

2) հեռախոսով

3) ռացիայով

13. Բրիգադի տեսակը`

1) վերակենդանացման

2) գծային

3) հոգեբուժական

4) ֆելդշերական

14. Կանչը առաջնակի է , կրկնակի է

15. Կանչի արդյունք`

1) պացիենտին ցուցաբերվել է օգնություն

2) պացիենտը չի գտնվել տեղում

3) պացիենտը հրաժարվել է օգնությունից

4) կանչի վայրը չի գտնվել վատ լուսավորության պատճառով , տների սխալ համարակալման պատճառով , ճանապարհի բացակայության պատճառով 

5) կանչը կեղծ է եղել

6) պացիենտը մահացել է մինչև բրիգադի ժամանումը

7) պացիենտը գործնականում առողջ է

16. Մեկնման ձգձգում (պատճառները)`

1) տրանսպորտի բացակայություն կամ վթար

2) բժշկի բացակայություն

3) ֆելդշերի բացակայություն

4) համապատասխան պրոֆիլի բրիգադի բացակայության հետևանքով

17. Պացիենտը ալկոհոլ է օգտագործել  այո  ոչ

18. Գանգատներ, անամնեզ` զարկ. ճնշ. _____________, T ___________, P _________________

19. Ախտորոշում _________________________________________________________________

20. Ցուցաբերած բժշկական օգնությունը _____________________________________________

_______________________________________________________________________________

 21. Սպասարկելու ընթացքում արձանագրված բարդություններ`

1) կլինիկական մահ , շոկ , կոմա , սրտային ասթմա , թոքերի այտուց , էմբոլիա , ասֆիքսիա , ասպիրացիա , սուր արյունահոսություն , ջղաձգումներ , այլ /նշել/

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

22. Ցուցաբերած օգնությունը`

1) սրտի անուղղակի մերսում , արհեստական շնչառություն , ադրենալինի ներսրտային ներարկում , սրտային պրեպարատների ներարկում , հիպոտենզիվների ներարկում , ցավազրկողների ներարկում , այլ /նշել/ ___________

23. Ցուցաբերած օգնության արդյունքում ելքը`

1) լավացում

2) անփոփոխ

3) վատացում

4) մահ

24. Պացիենտը տեղափոխված է հիվանդանոցային բժշկական կազմակերպություն` այո , ոչ

25. Կանչը տվողի ստորագրությունը _____________________________________________

26. Սպասարկող անձնակազմ`

1) Բժիշկ ______________________________________________________________________

2) Բուժքույր ___________________________________________________________________

3) Վարորդ ____________________________________________________________________

 

«_______» ____________________ 201 թ.

 

 

Հավելված N 3

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. հուլիսի 24-ի N 39-Ն հրամանի

 

Ձև

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ N __________

 

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունը, որտեղ գրանցված է պացիենտը ____________________________________________________________________________

2. Պացիենտի _________________________________________________________________

(անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

3. Բնակության վայրը __________________________________________________________

4. Հեռախոսահամարը __________________________________________________________

5. Կանչի օրը, ամիսը, տարեթիվը և ժամը ________________________________________

6. Կատարված միջոցառումները`

1) Տրվել է խորհրդատվություն - այո  ոչ

2) Բժշկական օգնություն է ցուցաբերվել տանը -  այո  ոչ

3) Տեղափոխվել է հիվանդանոցային բժշկական կազմակերպություն

 այո  ոչ

7. Սպասարկող ենթակայանի համարը ___________________________________________

8. Իրազեկման օրը, ամիսը, տարեթիվը «____» ____________ 201 թ.

 

 

Հավելված N 4

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. հուլիսի 24-ի N 39-Ն հրամանի

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԻՍՊԵՏՉԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ

 

1. Շտապ բժշկական օգնության դիսպետչերը տվյալ օրվա հերթապահ բրիգադի բժիշկը կամ բուժքույրն է, որը պատասխանատու է կայանի օպերատիվ աշխատանքների համար:

2. Դիսպետչերը`

1) միաժամանակ մի քանի կանչերի ստացման դեպքում ապահովում է դրանց սպասարկման հերթականությունը,

2) ուղղորդում է շտապ բժշկական օգնության կանչ ներկայացնողի մոտակայքում գտնվող բրիգադը,

3) վերահսկում է հոսպիտալացման ճիշտ կատարումը` առաջնորդվելով սույն հրամանի 1-ին կետի 1)-ին ենթակետում նախատեսված պահանջներով,

4) ստուգում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոններ ուղարկվող հաղորդումների ճշտությունը,

5) հերթապահությունն ընդունելիս ընդունում է լրացման ենթակա բոլոր փաստաթղթերը, ծանոթանում իր աշխատանքային գործունեությանն առնչվող հրամաններին և հրահանգներին, ընդունում ամբուլատոր սպասարկման սենյակը` դեղերը, բժշկական գործիքները և պարագաները,

6) աշխատանքների ավարտից հետո զեկուցում է տնօրենին օրվա ընթացքում իրականացված աշխատանքների մանրամասների մասին,

7) տնօրենի, նրա տեղակալների և օպերատիվ բաժնի պետի բացակայության դեպքում կատարում է տնօրենի, տնօրենի տեղակալի պարտականությունները` ներկայացնելով կայանը քաղաքացիների դիմումների ժամանակ,

8) բոլոր այն դեպքերում, երբ կա կասկած կանչի պատճառների վերաբերյալ (բռնություն, վթար և այլն), տեղեկացնում է իրավապահ մարմիններին կամ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանությանը,

9) հերթապահության վերջում բժշկական կազմակերպության տնօրենին ներկայացնում է զեկուցագիր, որում նշում է օրվա օպերատիվ տվյալները և հերթապահության ընթացքում տեղի ունեցած արտակարգ դեպքերի մասին:

3. Զանգվածային միջոցառումների դեպքում դիսպետչերը.

1) տնօրենի կամ տեղակալների ցուցումով միջոցառումների վայր է ուղարկում բժշկական բրիգադներ` բրիգադների կազմում ընդգրկելով փորձառու բժիշկների, տեխնիկապես սարքին մեքենաներ, որոնք ապահովված են ռացիայով,

2) զանգվածային միջոցառումների ավարտի մասին զեկուցում է տնօրենին:

4. Արտակարգ իրավիճակների դեպքում դիսպետչերը.

1) անմիջապես հայտնում է տնօրենին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայության հերթապահին և Երևանի քաղաքապետարանի ու համապատասխան մարզպետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուներին, այլ շահագրգիռ ծառայությունների համապատասխան ստորաբաժանումների (հրշեջ ծառայություն, ներքին գործեր և այլ) հերթապահներին,

2) անհապաղ ճշտում է պատահարի բնույթը և կանչը հաղորդողի հեռախոսի համարը` ապահովելով մշտական կապ դեպքի վայրի հետ:

5. Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության կայանի դիսպետչերը հերթապահության ընթացքում կազմակերպում է ենթակայանների հերթապահ կանչ ընդունող դիսպետչերների աշխատանքը` ապահովելով կանչերի ընդունումը բնակիչներից և կանչերի հաղորդումը ենթակայաններին: