Գլխավոր տեղեկություն
Համար
N 15-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.07.2013-12.12.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.01.16/2(415) Հոդ.416.13
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.11.2011
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.11.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10011533

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 նոյեմբերի 2011 թ.

 ք. Երևան

 N 15-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 582-Ն ԵՎ N 583-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և 72-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի «Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի օրինակելի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 992-Ն որոշման 2-րդ, 4-րդ կետերի պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման կարգը` համաձայն Հավելված 1-ի,

2) Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի մասնակցի հավակնորդներին ներկայացվող օրինակելի պահանջները` համաձայն Հավելված 2-ի։

2. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգերը հաստատելու մասին» N 582-Ն հրամանը,

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը հաստատելու մասին» N 583-Ն հրամանը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

 

 Հ. Քուշկյան

 

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2011 թվականի նոյեմբերի 8-ի

N 15-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` նաև կազմակերպություն) գործադիր մարմինների (այսուհետ` տնօրեն) ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման պայմանները:

2. Մրցույթին մասնակցելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության այն գործունակ, չափահաս քաղաքացին, ով տիրապետում է գրական հայերենին և ով բավարարում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 992-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի օրինակելի կարգ»-ի 3-րդ կետով սահմանված պահանջները: Տնօրենի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը՝

1) ով դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) ով տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը.

3) ով խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.

4) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) ում օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել, կամ ով զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

6) ով նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:

3. Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի մասնակցի հավակնորդները պետք է բավարարեն սույն հրամանի հավելված 2-ով սահմանված օրինակելի պահանջները:

3.1. Եթե առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:

(3.1-ին կետը լրաց. 06.06.13 N 21-Ն)

3.2. Եթե մրցույթը սույն կարգի 3.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:

(3.2-րդ կետը լրաց. 06.06.13 N 21-Ն)

4. Ընկերության գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող`

1) կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից՝ բացառությամբ գյուղական բժշկական ամբուլատորիաների և առողջության կենտրոնների գործադիր մարմինների ղեկավարների, ովքեր կարող են զբաղվել նաև բժշկական մասնագիտական գործունեությամբ.

2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

4) ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

5. Տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդների` սույն հրամանի հավելված 2-ով նախատեսված պարտադիր պայմանները հավասարապես բավարարելու դեպքում, նշանակումն իրականացնելիս, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի (այսուհետ` Նախարար) կողմից կարող է հաշվի առնվել նաև այս կամ այն լրացուցիչ չափանիշը կամ դրանցից մի քանիսը միաժամանակ:

6. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):

7. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է Նախարարի հրամանով (այսուհետ` հրաման) սահմանված կարգով ստեղծված մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

8. Հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից: Հանձնաժողովի անդամության թեկնածուներ կարող են լինել Նախարարը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում (այսուհետ` նախարարություն) հայեցողական պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձինք, աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ինչպես նաև կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Նախարարության ենթակայության կազմակերպության գործադիր մարմինների մրցութային հանձնաժողովի անդամության թեկնածուների ցանկը հաստատվում է Նախարարի հրամանով, ընդ որում, հանձնաժողովը ձևավորվում է մրցույթի անցկացումից առավելագույնը 24 ժամ առաջ:

9. Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների մրցութային հանձնաժողովի կազմում պետք է ներգրավված լինեն նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության մեկական ներկայացուցիչ: Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովների աշխատանքներին ներգրավվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 992-Ն որոշմամբ հաստատված «Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի օրինակելի կարգ»-ի 8-րդ կետին համապատասխան:

10. Առողջապահության ոլորտում գործունեություն իրականացնող այլ հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները ևս ընտրությանը կարող են մասնակցել դիտորդի կարգավիճակով:

11. Մրցույթն անցկացվում է երեք փուլով`

1) թեստավորում.

2) հարցազրույց.

3) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը բանավոր ներկայացնելը:

12. Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելուց 45 օր առաջ 5-օրյա պարբերականությամբ առնվազն 2 անգամ հրապարակվում է առնվազն մեկ հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ), ինչպես նաև ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելուց 45 օր առաջ տեղադրվում է նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ կազմակերպության այլ պետական կառավարման մարմնի ենթակայության տակ գտնվելու դեպքում` նաև այդ մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

14. Տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարության տեքստում պարտադիր է նշել`

1) տնօրենի թափուր պաշտոնի անվանումը, որն զբաղեցնելու համար անցկացվելու է մրցույթ.

2) մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վայրը, ժամը, վերջնաժամկետը, որը չի կարող մրցույթ անցկացնելու մասին վերջին հայտարարության հրապարակման օրվանից հաշված մեկ ամսվանից պակաս լինել.

3) մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը.

4) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (նյութերը).

5) հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները):

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

15. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները լիազոր մարմին են ներկայացնում`

1) դիմում.

2) մեկ լուսանկար՝ 3 x 4 չափսի.

3) քաղվածք աշխատանքային գրքույկից.

4) ինքնակենսագրություն.

5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.

7) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).

8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:

16. Մրցույթի համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով: Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ և ընդունվում: Քաղաքացին կարող է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել հանձնաժողովին, որը դրա մասին կազմում է համապատասխան արձանագրություն:

17. Աշխատակազմը մրցույթից առնվազն մեկ ամիս առաջ մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին ապահովում է թեստային առաջադրանքներով, ինչպես նաև կազմակերպության զարգացման նախնական ծրագիր կազմելու համար անհրաժեշտ փաստաթղթերով (ընկերության կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների, մասնագիտական բաժանմունքների և կաբինետների, լաբորատորիաների, տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության, բժշկական անձնակազմի, ինչպես նաև կազմակերպության կառավարման մարմինների մասին):

18. Աշխատակազմը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը (համարակալված, կարված և կնքված) ներկայացնում է հանձնաժողովին:

19. Հանձնաժողովը աշխատակազմից ստանում է հանձնաժողովի կնիքը և դիմորդների թվին համապատասխան կնքված ամփոփաթերթեր (երկու օրինակից): Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն կոդավորմամբ կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը կոդավորված չէ: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքված է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` վերևի ձախ մասում:

20. Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը, գումարած նիստում քննության է առնում ներկայացված փաստաթղթերը և ընդունում համապատասխան որոշում մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին: Հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հրամանի հավելված 2-ով կազմակերպության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի մասնակցի հավակնորդներին ներկայացվող օրինակելի պահանջների 1-ին կետի 1)-ին, 2)-րդ, 3)-րդ կետերի ա. կամ բ. պարբերությունների պահանջներին, լրիվ չեն կամ թերի են: Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) ցուցակը: Այդ որոշումը հրապարակվում է մինչև թեստավորման փուլի սկիզբը: Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է կամ մրցույթին մասնակցել է մեկ քաղաքացի: Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:

21. Եթե հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին, ինչպես նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա հանձնաժողովի կողմից ընդունվում է որոշում մրցույթը չկայացած համարելու մասին:

22. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը մրցույթի բոլոր մասնակիցների ներկայությամբ, աշխատակազմի կողմից նախօրոք կազմված և համակարգչում զետեղված թեստային առաջադրանքներից պատահական ընտրությամբ ընտրում է մեկ միասնական թեստ` բաղկացած 50 հարցերից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է: Հանձնաժողովին տրվում են համակարգչից դուրս բերված թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները:

23. Թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 5 հարց.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք` 5 հարց.

3) առողջապահական բաժնետիրական ընկերությունների տնօրենների մրցույթի դեպքում` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, իսկ առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների մրցույթի դեպքում՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 20 հարց.

4) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք` 10 հարց.

5) տվյալ բնագավառի իրավասությունը սահմանող այլ իրավական ակտեր` 10 հարց:

 

IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

24. Թեստավորումն անցկացվում է գրավոր:

25. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

26. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարն ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ: Մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

27. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը:

28. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին տալիս է սույն կարգի 19-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ` երկու օրինակից: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, մասնակիցն ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և անջատելով այն հիմնական մասից՝ գցում է ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ:

29. Մասնակցի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտերը մաքրելն արգելվում է: Այդ դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:

30. Թեստավորման ժամանակ մասնակիցները կտրոնները հանձնելուց հետո ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր:

31. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը մասնակիցներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:

32. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ պատասխան: Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե մասնակիցը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

33. Մասնակիցը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն և չեն կարող վկայակոչվել՝ արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

34. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելու դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան:

35. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառելուց հետո մասնակիցն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է հանձնաժողովի անդամին: Մասնակիցը, աշխատանքը հանձնելիս, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ՝ ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:

36. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է 60 րոպե ժամանակ:

37. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է մասնակիցներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքների կատարման համար:

38. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարվելուց հետո մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները և ամփոփաթերթը հանձնել հանձնաժողովին: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա:

 

V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

39. Հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոնների ու հիմնական մասերի քանակը` կազմելով համապատասխան արձանագրություն:

40. Թեստավորման աշխատանքներն ստուգվում են սույն կարգի 23-րդ կետով նախատեսված թեստերի հետ միաժամանակ պատրաստված և մինչև թեստավորում անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:

41. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են մասնակիցների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները:

42. Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է հանձնաժողովի կնիքով:

43. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն կարգի 34-րդ կետով նախատեսված դեպքը:

44. Ստուգման աշխատանքներն ավարտվելուց հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են թեստավորման սենյակ: Հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, ինչն արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից:

45. Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունը, անունը, հայրանունը: Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը, ստանում է իր կտրոնը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, ինչն անմիջապես արձանագրվում է: Չներկայացած մասնակիցների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ, հանձնաժողովի նախագահի կողմից, բարձրաձայն հայտարարվում են և արձանագրվում: Դրանից հետո հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր մասնակցի հավաքած միավորները (տոկոսը):

46. Մասնակիցների հավաքած միավորները (տոկոսները) հայտարարելուց անմիջապես հետո հանձնաժողովը հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:

47. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` պատասխանների հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:

48. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տված հնարավոր սխալի վիճարկումն է:

49. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

50. Եթե հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա հանձնաժողովը բավարարում է մասնակցի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

51. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար սույն ընթացակարգի 47-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո հանձնաժողովը հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը: Մասնակիցը հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

52. Եթե մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան տված միակ մասնակիցը կամ բոլոր մասնակիցները հրաժարվել են (գրավոր կամ բանավոր) մասնակցել հարցազրույցի փուլին, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում` մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումն ուղարկում է լիազոր մարմնի ղեկավարին:

 

VI. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

53. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց:

54. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով, որոնք բաղկացած են հինգ հարցից` տնօրենի լիազորությունների շրջանակներում` մասնակցի գործնական կարողություններն ստուգելու նպատակով: Հարցատոմսերի հարցերը և պատասխանները չեն հրապարակվում:

55. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցերը և կազմում հարցատոմս ու համարակալում այն: Հանձնաժողովին տրվում են համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանները: Մասնակիցը ծանոթանում է հարցատոմսին և իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում հարցերին:

56. Հարցատոմսն ստանալուց հետո հարցազրույցի մասնակցին պատրաստվելու համար տրվում է տասը րոպե ժամանակ: Հարցատոմսի համարն արձանագրվում է:

57. Մասնակցի կողմից հարցազրույցի հարցատոմսի հարցերի վերաբերյալ տրված պատասխանները գնահատվում են ճիշտ կամ սխալ` հանձնաժողովի մասնագետ անդամի կողմից: Եթե մասնակցի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա հանձնաժողովի գնահատական տվող անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:

58. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն արձանագրվում է և ձայնագրառվում է: Արձանագրության մեջ ամրագրվում են յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը, հանձնաժողովի համապատասխան (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատասխանը: Արձանագրությունն ստորագրվում է այն կազմողի, մասնակցի և հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

59. Հարցատոմսերի առնվազն 4 հարցերի պատասխանները ճիշտ գնահատվելու դեպքում մասնակիցն անցնում է մրցույթի երրորդ փուլ, որտեղ նրա կողմից բանավոր կարգով ներկայացվում է կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը, որի վերաբերյալ հանձնաժողովի անդամները կարող են տալ նաև դրան առնչվող լրացուցիչ հարցեր: Մասնակցի կողմից կազմակերպության զարգացման ծրագիրը բանավոր ներկայացնելը ձայնագրառվում է:

60. Յուրաքանչյուր մասնակցի կողմից զարգացման նախնական ծրագիրը ներկայացվելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն` հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում են մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

 61. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելուց հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, որից հետո հանձնաժողովի նախագահը բացում է քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում միայն մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը և տրված ձայների «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

62. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

63. Եթե մասնակիցը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում նրան մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:

64. Եթե մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումն ուղարկում է Նախարարին:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

65. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես: Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է հանձնաժողովի կողմից:

66. Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկում նշվում են`

1) տնօրենի թափուր պաշտոնը, որն զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

2) մրցույթի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և վայրը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.

3) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) ազգանունը, անունը, հայրանունը:

67. Սույն ընթացակարգի 52-րդ, 64-րդ կետերով նախատեսված դեպքերում հրապարակման մեջ նշվում է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու մասին: Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով), ինչպես նաև հանձնաժողովի անդամի կողմից:

68. Բողոքը պետք է տրվի մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո մեկ ժամվա ընթացքում` աշխատակազմին, որը պարտավոր է բողոքն ստանալուց հետո 1-օրյա ժամկետում ստեղծել բողոքը քննող հանձնաժողով, որի կազմում չպետք է ընդգրկվեն մրցութային հանձնաժողովի անդամները: Անհրաժեշտության դեպքում բողոքի քննարկմանը կարող է հրավիրվել մրցութային հանձնաժողովի անդամը (անդամները)։

69. Հանձնաժողովը 5-օրյա ժամկետում բողոքի վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է Նախարարին:

70. Եզրակացության հիման վրա Նախարարն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.

2) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին.

3) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող չճանաչելու մասին:

71. Սույն կարգի 70-րդ կետով նախատեսված որոշումները մրցույթի մասնակցի կողմից կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

VIII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

72. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո սույն կարգով սահմանված կարգով տրված բողոքի բացակայության դեպքում հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ իր որոշումը ներկայացնում է Նախարարին, ով որոշումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ, սահմանված կարգով, կնքում է աշխատանքային պայմանագիր` առավելագույնը 5 տարի ժամկետով, և հրամանով նշանակում է պաշտոնում: Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ոչ ավելի, քան 2 տարի ժամկետով:

73. Սույն կարգի 67-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում հանձնաժողովն իր որոշումը նախատեսված կարգով ներկայացնում է Նախարարին:

74. Հանձնաժողովի որոշման մեջ պետք է նշվեն`

1) տնօրենի թափուր պաշտոնի անվանումը, որն զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

2) մրցույթի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և վայրը.

3) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և անձնագրային տվյալները.

4) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի հավաքած միավորների քանակը (տոկոսը) թեստավորման փուլում.

5) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի քվեարկության արդյունքները:

75. Որոշումը պետք է ստորագրեն հանձնաժողովի անդամները: Հատուկ կարծիք ունեցողներն ստորագրելիս նշում են դրա մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

76. Որոշմանը կից ներկայացվում է որոշման հետ անհամաձայնություն հայտնած հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքը (կարծիքները):

77. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված որոշումն ընդունելուց հետո, ինչպես նաև սույն կարգի 21-րդ, 52-րդ, 63-րդ և 64-րդ կետերով նախատեսված դեպքերում:

78. Աշխատանքներն ավարտելուց հետո հանձնաժողովի նախագահը աշխատակազմին անմիջապես հանձնում է հանձնաժողովի կնիքը, ինչպես նաև դիմորդների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը:

79. Հանձնաժողովը հանձնման ակտով աշխատակազմին փոխանցում է մրցութային փաթեթը, որը սույն կարգի 14-րդ կետում նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև հանձնաժողովի կողմից կազմված և (կամ) ընդունված հետևյալ փաստաթղթերը`

1) հանձնաժողովի կնիքի և դիմորդների թվին համապատասխան կնքված ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը.

2) փաստաթղթերի քննարկման և դիմորդների ու հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.

3) մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու և (կամ) չթույլատրելու մասին որոշումը.

4) մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը.

5) ամփոփաթերթերի ծածկաշերտի թերությունների մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

6) հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելու, արկղը բացելու և արկղից դուրս բերված ամփոփաթերթերի հիմնական մասերի, կտրոնների ու թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի մասին արձանագրությունը.

7) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը.

8) հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.

9) մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները.

10) քվեարկությունների արդյունքում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը.

11) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին որոշումը.

12) մրցույթի արդյունքում կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.

13) մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.

14) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը.

15) մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը.

16) թեստավորման առաջադրանքների տետրերը.

17) թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը.

18) քվեաթերթիկները.

19) մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկը.

20) այլ փաստաթղթեր:

80. Աշխատակազմը սույն կարգի 78-րդ կետում նշված փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IX. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

81. Սույն ընթացակարգի 21-րդ, 52-րդ, 63-րդ և 64-րդ կետերով նախատեսված դեպքերում մեկամսյա ժամկետում հրապարակվում է հայտարարություն կրկնակի մրցույթ անցկացնելու մասին: Կրկնակի մրցույթն անցկացվում է սույն ընթացակարգին համապատասխան:

82. Եթե կրկնակի մրցույթը սույն ընթացակարգի համաձայն համարվում է չկայացած կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա կրկնակի մրցույթ անցկացնելուց մեկ ամիս հետո հայտարարվում է նոր մրցույթ: Նոր մրցույթն անցկացվում է սույն կարգին համապատասխան:

83. Մրցույթ հայտարարվելուց հետո սույն կարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը կարող են փոփոխվել` դրա մասին ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ հայտարարություն հրապարակելով մամուլի և զանգվածային լրատվության այն նույն միջոցով, որում հրապարակվել է մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը:

(հավելվածը լրաց. 06.06.13 N 21-Ն)

 

 

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

2011 թվականի նոյեմբերի 8-ի

N 15-Ն հրամանի

 

Առողջապահական պետական ոչ առԵՎտրային կազմակերպությունների ԵՎ հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի մասնակցի հավակնորդներին ներկայացվող պայմանները

 

1. Պարտադիր պայմաններ

1. Հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ,
բժշկական կենտրոններ, ծննդատներ, բժշկական այլ կազմակերպություններ,
դեղերի փորձագիտական կենտրոն

2. Գյուղական ամբուլատորիաներ և գյուղական առողջության կենտրոններ

Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպություններ

1) մրցույթի հայտարարության մեջ նշված լինելու դեպքում` բարձրագույն բժշկական կրթություն` բացառությամբ դեղերի փորձագիտական կենտրոնի, որի համար պահանջվում է բարձրագույն դեղագիտական կրթություն,
2) առնվազն 5 տարվա մասնագիտական աշխա-տանքային ստաժ, որից առնվազն 2 տարին վարչական աշխատանքի ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ,
3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
4) կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,
5) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`
ա. ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,
բ. անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,
գ. աշխատանքների բաշխման,
դ. կարգապահական պատասխանատվության,
ե. խրախուսանքի միջոցների կիրառման,
6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
7) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ` գույքի, ներառյալ ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,
8) բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, իսկ դեղերի փորձագիտական կենտրոնի համար` դեղերի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննության պատշաճ կազմակերպման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում

1) մրցույթի հայտարարության մեջ նշված լինելու դեպքում` բարձրագույն բժշկական կրթություն,
2) առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 2 տարվա ստաժ,
3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
4) կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,
5) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`
ա. ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,
բ. անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,
գ. աշխատանքների բաշխման,
դ. կարգապահական պատասխանատվության,
ե. խրախուսանքի միջոցների կիրառման,
6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
7) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ` գույքի, ներառյալ ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,
8) բժշկական ծառայությունների, պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում

1) մրցույթի հայտարարության մեջ նշված լինելու դեպքում` բարձրագույն բժշկական կրթություն,
2) առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն 2 տարին վարչական աշխատանքի ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ,
3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
4) կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,
5) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`
ա. ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,
բ. անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,
գ. աշխատանքների բաշխման,
դ. կարգապահական պատասխանատվության,
ե. խրախուսանքի միջոցների կիրառման,
6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
7) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ` գույքի, ներառյալ ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,
8) առողջապահական ծառայությունների, պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում,
9) չի լրացել դիմողի 65 տարին

2. Լրացուցիչ պայմաններ

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.
4) առողջապահության կազմակերպչի որակավորում.
5) գիտական կոչման կամ հրապարակված գիտական հոդվածների, մասնագիտացումների կամ արտերկրում վերապատրաստումների առկայություն, միջազգային գիտաժողովներին մասնակցություն

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.
4) թերապևտի կամ ընտանեկան բժշկի կամ մանկաբույժի մասնագիտացում.
5) գիտական կոչման կամ հրապարակված գիտական հոդվածների, մասնագիտացումների կամ արտերկրում վերապատրաստումների առկայություն, միջազգային գիտաժողովներին մասնակցություն

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.
4) առողջապահության կազմակերպչի որակավորում.
5) գիտական կոչման կամ հրապարակված գիտական հոդվածների, մասնագիտացումների կամ արտերկրում վերապատրաստումների առկայություն, միջազգային գիտաժողովներին մասնակցություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.11.2022, N 78-Ն 22.11.2022, N 15-Ն
09.07.2015, N 42-Ն 13.08.2015, N 15-Ն
05.05.2014, N 15-Ն 25.05.2014, N 15-Ն
30.10.2013, N 67-Ն 12.12.2013, N 15-Ն
06.06.2013, N 21-Ն 25.07.2013, N 15-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան