«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 փետրվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 32613071
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
12 փետրվարի 2013 թ. |
N 100-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1352-Ն որոշման 3-րդ կետի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 531-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 13-րդ կետի 4-րդ ենթակետով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետին՝ սույն հրամանը պետական գրանցման համար սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:
Ա. Երիցյան |
Հավելված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2013թ. փետրվարի 12-ի N 100-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է սեյսմիկ ռիսկի գնահատման (այսուհետ` ՍՌԳ) աշխատանքների կազմակերպման և իրականացման դրույթները:
2. ՍՌԳ կատարվում է Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) մարզերի և համայնքների զարգացման ծրագրերի, քաղաքաշինական փաստագրերի մշակման ժամանակ: ՍՌԳ արդյունքում մշակվում են սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզներ, որոնք կիրառվում են տարածքների, շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցման միջոցառումների պլանավորման, արտակարգ իրավիճակների կառավարման և նրանց հետևանքների վերացման համար:
3. ՍՌԳ աշխատանքների պատվիրատու կարող են հանդիսանալ՝ ՀՀ մարզպետները, ՀՀ համայնքների ղեկավարները, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարները, օբյեկտների սեփականատերերը:
4. Սեյսմիկ ռիսկը հնարավոր երկրաշարժի դեպքում մարդկային, սոցիալական, տնտեսական հավանական կորուստներն են` հաշվարկված տարածքի սեյսմիկ վտանգի և ենթակառուցվածքների խոցելիությանը համապատասխան: ՍՌԳ ճշտությունը կախված է ելակետային տվյալների ամբողջականությունից և հավաստիությունից:
5. ՍՌԳ նպատակով իրականացվող աշխատանքները ներառում են` ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական, սեյսմաբանական և սեյսմահետախուզական հետազոտություններ, օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատումներ, մարդկային հնարավոր կորուստների տեսական հաշվարկներ:
6. ՍՌԳ կատարվում է ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1351-Ն և N 1352-Ն որոշումների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի նոյեմբերի 9-ի N 550-Ն հրամանի և սույն կարգի հիման վրա:
ՍՌԳ քարտեզի մշակման համար աշխատանքներն իրականացվում են ՀՀ ԱԻ նախարարի 2012 թվականի նոյեմբերի 9-ի N 550-Ն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված տեխնիկական առաջադրանքի օրինակելի ձևին համապատասխան:
II. ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
7. Սույն կարգի դրույթները պարտադիր են Հայաստանի Հանրապետության տարածքում ՍՌԳ աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների համար:
8. ՍՌԳ աշխատանքների արդյունքում կազմվում է ՍՌԳ քարտեզ, որում առանձնացվում են տարբեր սեյսմիկ ռիսկ ունեցող տեղամասեր /բարձր, միջին, ցածր/:
9. Տարածքի ՍՌԳ կատարվում է երկրաշարժի մեկ կամ մի քանի սցենարների մշակման հիմքի վրա, նշելով այս կամ այն սցենարների հավանականությունը:
10. ՍՌԳ կարող է իրականացվել՝
1) դետերմինիստիկ մոտեցումով, որի ժամանակ ընտրվում է վատագույն սցենարը՝ առանց երկրաշարժի ծագման ժամանակը հաշվի առնելու.
2) հավանականային մոտեցումով` որոշակի ընտրված ժամանակահատվածի համար (օրինակ՝ 50, 200, 250 և այլ տարիներ): Սեյսմիկ ռիսկի հավանականային գնահատման հիմքում դրվում է սեյսմիկ վտանգի հավանականային գնահատումը՝ հաշվի առնելով բնակավայրի հետագա զարգացման պլանը:
ՍՌԳ այս կամ այն մեթոդի ընտրությունը կատարվում է՝ ելնելով պատվիրատուի կողմից դրված խնդիրների պահանջներից, ուսումնասիրվող տարածքի առանձնահատկություններից և բարդություններից, ուսումնասիրվող օբյեկտի կարևորությունից:
11. Բոլոր դեպքերում, ՍՌԳ հիմնական արդյունքներն են` մարդկային ուղղակի և անուղղակի կորուստների որոշումը, քանդված կամ տարբեր աստիճանի վնասված շենքերի քանակի և նրանց տիպերի որոշումը, ենթակառուցվածքներին, տնտեսության ռեսուրսներին և նրանց պոտենցիալին հասցրած վնասները: ՍՌԳ հիմնական արդյունքներից է տվյալ տարածքի համար սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ողղված առաջարկությունների մշակումը:
12. ՍՌԳ մեթոդոլոգիան ներառում է հետևյալ փուլերը՝
1) սեյսմիկ վտանգի գնահատում.
2) երկրաշարժի սցենարի կամ սցենարների ընտրություն.
3) ռիսկի տարրերի (բնակչություն, շենքեր, հատուկ և կարևոր նշանակության օբյեկտներ, ենթակառուցվածքներ, հաղորդակցման գծեր, երկրաշարժով հարուցված բնական և տեխնածին այլ երկրորդային վտանգավոր երևույթներ և այլն) վերաբերյալ տվյալների հավաքագրում և քարտեզագրում.
4) ռիսկի տարրերի խոցելիության վերլուծություն.
5) ռիսկի գնահատում և քարտեզագրում, սպասվող կորուստների հաշվարկում:
13. Սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման ելակետային տվյալների բազան և հիմնական նյութերը, ինչպես նաև ստացված արդյունքները, հիմնականում ներկայացվում են Երկրատեղեկատվական համակարգի՝ ԵՏՀ (GIS)(ՋիԱյԷս) ֆորմատով:
14. ՍՌԳ հիմնական աշխատանքներն են՝
1) Սեյսմիկ վտանգի գնահատում. սեյսմիկ վտանգի քարտեզագրումը (սեյսմիկ գոտիավորումը) իրականացվում է դետերմինիստիկ և/կամ հավանականային մոտեցումներով: Ստացված արդյունքները արտահայտում են գրունտի առավելագույն հորիզոնական արագացումները (PGA)(ՓիՋիԷյ) g-ի (ջի) մասերով, խզվածքների հարթությունների տեղադիրքը և անկման ուղղությունները, գրունտի երկրորդային էֆեկտները (սողանքներ, գրունտի քայքայվածություն և այլն), գրունտի առավելագույն արագությունները (PGV) (ՓիՋիՎի) և այլն.
2) Երկրաշարժերի սցենարի կամ սցենարների ընտրություն, որն իրականացվում է պատմական, նախապատմական և գործիքային ժամանակաշրջանների ուժեղ երկրաշարժերի օջախային գոտիների առավելագույն մագնիտուդների արժեքների ընտրության եղանակով, իսկ դրանց բացակայության դեպքում կամ որպես այլընտրանք` սեյսմիկ վտանգի դեագրեգացիայի հիման վրա:
Դեագրեգացման ամենաընդունված ձևը երկչափ դեագրեգացումն է, ըստ մագնիտուդի և հեռավորության զույգերի, ինչը հնարավորություն է տալիս որոշել երկրաշարժի գերիշխող սցենարները: Դեագրեգացումը իրականացվում է գրունտի առավելագույն հորիզոնական արագացման (PGA) (ՓիՋիԷյ) 475 և 2475 տարի կրկնելիության ժամանակահատվածների համար, ինչպես նաև սպեկտրալ արագացման տարբեր պարբերությունների համար.
3) Սեյսմիկ ռիսկի տարրերի հավաքագրում և քարտեզագրում. սեյսմիկ ռիսկի հիմնական տարրերն են` բնակչությունը, շենքերը և շինությունները, հատուկ և կարևոր նշանականության օբյեկտները, կենսաապահովման գծերը (էլեկտրականության, կապի, ջրամատակարարման, գազի), տրանսպորտի և այլ կոմունիկացիոն համակարգերը.
4) Սեյսմիկ ռիսկի տարրերի խոցելիության գնահատում. շենքերի և շինությունների խոցելիության գնահատումը կատարվում է նրանց դասակարգումով, ըստ համապատասխան պարամետրերի (կառույցի տիպը, հարկայնությունը, կառուցման թիվը, մուտքերի քանակը, այլ կառուցվածքային առանձնահատկությունները): Ռիսկի յուրաքանչյուր տարրի խոցելիությունը գնահատվում է նրա վնասվածության աստիճանի և երկրաշարժի ինտենսիվության կախվածությամբ (տարրի խոցելիության կոր):
Գրաֆիկական կորը կառուցելու համար օգտագործվում են ինչպես տեսական հաշվարկները, այնպես էլ տարածաշրջանի ուժեղ երկրաշարժերի հետևանքների հետազոտությունների արդյունքները և վիճակագրությունը:
Սեյսմիկ պաշտպանության ոլորտի հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների խոցելիության գնահատումը կատարվում է «Սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների խոցելիության գնահատման մեթոդական ցուցումների» համաձայն.
5) Սեյսմիկ ռիսկի գնահատում. իրականացվում է սեյսմիկ վտանգի և սեյսմիկ ռիսկի տարրերի խոցելիության վերլուծությամբ ստացված արդյունքների համադրման միջոցով:
Սեյսմիկ ռիսկի հաշվարկների` սպասվող կորուստների քանակական արժեքների որոշման համար, օգտագործվում են հայտնի ծրագրային փաթեթներ, որոնք փորձարկված են տվյալ տարածաշրջանի համար:
Տվյալ ծրագրային փաթեթներն օգտագործում են՝
ա. Սեյսմիկ վտանգի քարտեզները՝ արտահայտված գրունտի առավելագույն արագացումներով, մակերևութային խզվածքների տվյալներով, երկրորդային գրունտային էֆեկտներով, սեյսմիկ ալիքների արագություններով և տարբեր պարբերությունների համար գրունտի սպեկտրալ արագացումներով,
բ. շենքերի, հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների տվյալների բազան և նրանց տեղաբաշխման քարտեզները,
գ. գիշերային ժամերին բնակչության տեղաբաշխման քարտեզը,
դ. ենթակառուցվածքների, կենսաապահովման գծերի, կոմունիկացիոն գծերի բախշվածության քարտեզները,
ե. ռիսկի տարրերի խոցելիության կախվածությունը (կորը) երկրաշարժի ինտենսիվությունից (PGA/I0) (ՓիՋիԷյ/Այ0):
15. ՍՌԳ հիմնական արդյունքներն ամփոփվում են 250մ x 250մ կամ ավելի փոքր չափի բջիջներից (Grid-cell)(Գրիդ-Սել) բաղկացած հետևյալ քարտեզների միջոցով, ԵՏՀ (GIS) (ՋիԱյԷս) ֆորմատով՝
1) շենքերի տարաստիճան վնասվածության տեղաբաշխման քարտեզ` հիմնված երկրաշարժի ինտենսիվության վրա.
2) շենքերի տարաստիճան վնասվածության տեղաբաշխման քարտեզ` հիմնված տարբեր պարբերությունների սպեկտրալ արագացումների վրա.
3) մարդկային կորուստների տեղաբաշխման քարտեզ.
4) շենքերի տարաստիճան վնասվածության տեղաբաշխման քարտեզ, հիմնված սեյսմիկ վտանգի քարտեզի վրա, որը կարող է ծառայել որպես հողօգտագործման քարտեզ:
16. ՍՌԳ մյուս արդյունքները` ուղղակի և անուղղակի ֆինանսական կորուստներ, ենթակառուցվածքներին, տնտեսության ռեսուրսներին և նրանց պոտենցիալին հասցված վնասները, ներկայացվում են աղյուսակների և դիագրամների միջոցով:
17. ՍՌԳ հետազոտությունների նյութերը պատվիրատուին ներկայացվում են ՍՌԳ քարտեզների և կատարված աշխատանքների արդյունքների ամփոփագրի տեսքով` բաղկացած տեքստային և գրաֆիկական մասերից ու հավելվածներից:
18. ՍՌԳ աշխատանքների ամփոփագրի տեքստային մասը պարունակում է հետևյալ բաժիններն ու տեղեկությունները՝
1) Ներածություն. աշխատանքների կատարման հիմքը, հետազննությունների խնդիրները, հետազննությունների շրջանի տեղադրությունը, կատարված աշխատանքների տեսակներն ու ծավալները, կատարման ժամկետները, առանձին տեսակի աշխատանքների կատարման մեթոդները, կատարողների կազմը, շեղումները աշխատանքային ծրագրից, դրանց հիմնավորումը և այլն.
2) Ֆիզիկաաշխարհագրական և տեխնածին պայմանները. շատ հակիրճ տրվում է աշխարհագրական դիրքը, երկրաձևաբանությունը, ջրագրությունը, ռելիեֆը, կլիման, տեղեկություններ տարածքի կառուցապատման, տեխնածին հնարավոր վտանգների մասին.
3) Տարածքի ինժեներաերկրաբանական պայմանները. տարածքի երկրաբանական կառուցվածքը, լիթոլոգիական կտրվածքը, գրունտների ֆիզիկամեխանիկական հատկությունները, երկրաձևաբանական և ջրաերկրաբանական պայմանները, ֆիզիկաերկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսներն ու երևույթները.
4) Տարածքի ուսումնասիրվածությունը. նախկինում կատարված ՍՌԳ հետազոտությունների տեղամասի սահմանները, կատարող կազմակերպությունների անվանումը, աշխատանքների կատարման ժամանակը և հիմնական արդյունքները, սեյսմիկ ռիսկի նոր գնահատման համար դրանց օգտագործման հնարավորությունները.
5) ՍՌԳ քարտեզի բացատրագիրը՝
ա. Աշխատանքների արդյունքները. ներկայացվում են սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերում նշված հետազննությունների և հաշվարկների արդյունքները,
բ. Եզրակացություններ և առաջարկություններ. համառոտ շարադրվում են ՍՌԳ ընթացքում բացահայտված հիմնական օրինաչափությունները, տրվում են սեյսմիկ խոցելիության նվազեցման առաջարկություններ (հանձնարարականներ).
6) Օգտագործված գրականության ցուցակ. բերվում է ամփոփագրի կազմման ընթացքում օգտագործված ֆոնդային և հրատարակված նյութերի ցանկը:
19. Տեքստային հավելվածները պարունակում են`
1) պատվիրատուի հայտը, Լիազոր մարմնի տեխնիկական առաջադրանքը՝ ներառյալ նրա փոփոխություններն ու լրացումները.
2) սեյսմիկ ռիսկի հաշվարկների աղյուսակներ:
20. Գրաֆիկական մասը պարունակում է`
1) ուսումնասիրվող տարածքի տեսածիրային քարտեզ (պլան).
2) փաստացի նյութերի քարտեզ.
3) ինժեներաերկրաբանական պայմանների քարտեզ.
4) սեյսմիկ գոտիավորման քարտեզ.
5) այլ փաստացի նյութեր.
6) ՍՌԳ քարտեզ (քարտեզներ):
21. Կատարողը ՍՌԳ քարտեզը և առդիր ամփոփագիրը ներկայացնում է Լիազոր մարմնի ղեկավարին, որը փոխանցվում է լիազորված մարմնի արխիվ և Ճգնաժամային կառավարման կենտրոն` պահպանելով հեղինակային իրավունքը: Քարտեզին և դրան կից ներկայացվող ամփոփագրի կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները բերված են ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1352-Ն որոշման N 2 հավելվածում:
22. Սեյսմիկ խոցելիության նվազեցման առաջարկությունները մշակվում են Լիազոր մարմնի կողմից:
23. ՍՌԳ քարտեզը և առդիր ամփոփագիրը, ներառյալ սեյսմիկ ռիսկի նվազեցման առաջարկությունները, Լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատվելուց հետո անվճար ներկայացվում է պատվիրատուին:
24. Աշխատանքների կատարման ելակետային նյութերն ամփոփագրի կազմի մեջ չեն մտնում, պատվիրատուին չեն տրվում, այլ ամփոփագրի բնագրի հետ պահվում են կատարողի արխիվում: