Գլխավոր տեղեկություն
Համար
N 121-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.05.2013-11.07.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.08.03/46(849) Հոդ.294
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.06.2011
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 հուլիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10511345

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 հունիսի 2011 թ.

ք. Երևան

N 121-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԿԱԶՄԸ, ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի 65-րդ կետի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի՝

1) աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը և կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) աշխատողի մրցույթի անցկացման ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) յուրաքանչյուր պաշտոնի գնահատման չափանիշները՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար`

Ա. Հարությունյան

 

 

Հավելված N 1
ՀՀ բնապահպանության նախարարի
20 հունիսի 2011 թ. N 121-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ  ԵՎ  Կ Ա Զ Մ

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ձևավորման կարգն ու կազմը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող՝ ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի և հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ու մրցութային հանձնաժողովներում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 1668-Ն որոշումով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Հայաստանի Հանրապետության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցութային Հանձնաժողովը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից:

4. Հանձնաժողովը կազմված է 6 անդամից՝ Հանձնաժողովի նախագահից և 5 անդամից: Հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկված լինեն Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ 2, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից՝ 2, պետական հիմնարկի տնօրենի կողմից՝ 1 և հասարակական կազմակերպություններից՝ 1 ներկայացուցիչ:

5. Հանձնաժողովը կազմվում է մրցույթն անցկացնելուց առնվազն 24 ժամ առաջ:

6. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի համապատասխան անհատական իրավական ակտով: Նույն իրավական ակտով ՀՀ բնապահպանության նախարարը Հանձնաժողովի անդամներից նշանակում է Հանձնաժողովի նախագահ:

7. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

8. Հանձնաժողովի խնդիրներն են՝

1) ապահովել Հայաստանի Հանրապետության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

2) համաձայն «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ընթացակարգի՝ ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

9. Հանձնաժողովը՝

1) պետական հիմնարկի աշխատակազմից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, ինչպես նաև տվյալ թափուր պաշտոնի գնահատման չափանիշները.

2) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ չթույլատրելու մասին.

3) քննարկում է մրցույթի արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները.

4) հաստատում և հրապարակում է մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.

5) որոշում է կայացնում հարցազրույցը նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.

6) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.

7) կազմում է քվեաթերթեր.

8) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.

9) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ տալիս է եզրակացություն.

10) ամփոփում է մրցույթի արդյունքները.

11) պաշտոնապես հրապարակում է մրցույթի արդյունքները.

12) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ հիմնարկի տնօրենին.

13) իրականացնում է օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(9-րդ կետը փոփ. 08.04.13 N 65-Ն)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը արձանագրվում են պետական հիմնարկի աշխատակազմի կողմից:

(10-րդ կետը փոփ. 08.04.13 N 65-Ն)

11. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

13. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է ՀՀ բնապահպանության նախարարին: ՀՀ բնապահպանության նախարարն իր որոշմամբ կարող է ազատել Հանձնաժողովի տվյալ անդամին մրցութային Հանձնաժողովի կազմից:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

14. Հանձնաժողովի նախագահը՝

1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է Հանձնաժողովի նիստերը.

3) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

15. Հանձնաժողովի անդամը՝

1) վարում է նիստերը Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

2) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր մասնակիցներին.

3) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.

4) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող փակ գաղտնի քվեարկությանը՝ քվեարկելով կողմ կամ դեմ.

5) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

16. Հանձնաժողովի նախագահն ու անդամներն իրենց աշխատանքը Հանձնաժողովում համատեղում են իրենց զբաղեցրած պաշտոնների հետ: Հանձնաժողովի նախագահը պետք է ունենա կառավարման ոլորտում առնվազն երեք տարվա, իսկ անդամները՝ կառավարման ոլորտի կամ միջազգային կազմակերպություններում մասնագիտական աշխատանքային առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

17. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացություն տալուց հետո, ինչպես նաև «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթում հաղթող չճանաչվելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

18. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(հավելվածը փոփ. 08.04.13 N 65-Ն)

 

 

Հավելված N 2
ՀՀ բնապահպանության նախարարի
20 հունիսի 2011 թ. N 121-Ն հրամանի

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողի բաց մրցույթի անցկացման ընթացակարգը:

2. Մրցույթի անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող՝ ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի և հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ու մրցութային հանձնաժողովներում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 1668-Ն որոշումով, սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով:

3. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնի նկատմամբ ներկայացվող չափանիշները և պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

4. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) տառապում է որևէ հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.

3) դատապարտվել է հանցագործության համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

4) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.

5) որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել կամ որը զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

6) որը նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:

5. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (այսուհետ` պետական հիմնարկ): Մրցույթի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման անմիջական պատասխանատուն պետական հիմնարկի տնօրենի հրամանով նշանակված անձն է (այսուհետ` մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձ):

(5-րդ կետը խմբ. 08.04.13 N 65-Ն)

6. Հիմնարկի աշխատողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է սահմանված կարգով ստեղծվող մրցութային հանձնաժողովը:

7. Մրցույթն անցկացվում է 2 փուլով՝ փաստաթղթային և հարցազրույցի:

 

II. ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Հիմնարկի աշխատողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է հիմնարկը` մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձի կողմից:

(8-րդ կետը լրաց. 08.04.13 N 65-Ն)

9. Հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև համացանցում՝ հիմնարկի պաշտոնական կայքում:

10. Հայտարարության մեջ պետք է ներառվեն առնվազն հետևյալ տվյալները՝

1) համապատասխան մարմնի անվանումը.

2) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (նյութերը).

3) տվյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

4) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը.

5) պետական հիմնարկի գտնվելու վայրն ու հեռախոսահամարը.

6) տվյալ թափուր պաշտոնի անվանումը և հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

7) մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը:

(10-րդ կետը խմբ. 08.04.13 N 65-Ն)

 

III. ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

11. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները պետական հիմնարկի աշխատակազմ են ներկայացնում՝

1) գրավոր դիմում (տրվում է լիազոր մարմնի պետական հիմնարկի տնօրենի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմող քաղաքացին).

2) ինքնակենսագրություն.

3) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

4) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը.

5) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

6) հայտարարություն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող օտար լեզվի (լեզուների) տիրապետելու մասին՝ թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների չափանիշներին համապատասխան.

7) հայտարարություն այն մասին, որ ինքը չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է.

8) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.

9) մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի.

10) անձնագրի պատճենը.

11) 2 բնութագիր (երաշխավորագիր).

12) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:

(11-րդ կետը փոփ. 08.04.13 N 65-Ն)

12. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:

13. Մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձը սույն կարգի 11-րդ կետում նշված քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում դրանք, որից հետո քաղաքացուց այլ փաստաթղթեր չեն ընդունվում:

(13-րդ կետը փոփ. 08.04.13 N 65-Ն) 

14. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր պահանջելն արգելվում է:

15. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա դրա մասին գրավոր տեղյակ է պահվում ՀՀ բնապահպանության նախարարին:

15.1. Եթե մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է մեկ դիմում, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:

(15.1-ին կետը լրաց. 08.04.13 N 65-Ն) 

15.2. Եթե մրցույթը սույն կարգի 15.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը: 

(15.2-րդ կետը լրաց. 08.04.13 N 65-Ն) 

16. Աշխատակազմը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը և այդ փաստաթղթերի համապատասխանելիության ու ամբողջականության մասին տեղեկանքը ներկայացնում է հանձնաժողովին:

17. Հանձնաժողովի նախագահը մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձից ստանում է հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ներկայացրած փաստաթղթերը:

(17-րդ կետը փոփ. 08.04.13 N 65-Ն) 

 

IV. ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՓՈՒԼԸ

 

18. Մրցույթի փաստաթղթային փուլն անցկացնում է պետական հիմնարկի աշխատակազմը:

(18-րդ կետը փոփ. 08.04.13 N 65-Ն) 

19. Մրցույթի փաստաթղթային փուլին քննության են առնվում մրցույթին ներկայացած քաղաքացիների փաստաթղթերը:

20. Քաղաքացին չի մասնակցում մրցույթի հարցազրույցի փուլին՝

1) եթե առկա է սույն կարգի 4-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը,

2) և (կամ) քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում տվյալ պաշտոնի համար սահմանված գնահատման չափանիշներին (ըստ միավորների)՝ համաձայն որոնց պաշտոնի համար ներկայացված պահանջներն ընդհանուր միավորների չափանիշներով պետք է լինեն 75 և ավելի բարձր միավոր:

21. Հարզազրույցի փուլին՝

1) հրավիրվում են միայն սույն կարգի 20-րդ կետում նշված պահանջներին համապատասխանող մրցույթին մասնակցելու համար դիմած մասնակիցները՝ էլեկտրոնային փոստի միջոցով.

2) չանցած մասնակիցներն էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացվում են մրցույթի հարցազրույցի փուլ չանցնելու մասին:

22. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:

23. Եթե պետական հիմնարկի աշխատակազմը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթի հարցազրույցի փուլին, ապա մրցույթը համարվում է չկայացած:

(23-րդ կետը փոփ. 08.04.13 N 65-Ն) 

 

V. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

24. Հարցազրույցը մասնակցի մասնագիտական պատրաստվածության, գործնական ունակությունների և բարոյական հատկանիշների ստուգումն է:

25. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է բանավոր հարցազրույց՝ տվյալ պաշտոնի համար հաստատված դրույթների (չափանիշների և պայմանների) շրջանակներում:

26. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:

27. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

28. Հարցազրույցը գրավոր արձանագրվում է: Արձանագրության մեջ ամրագրվում են մասնակցին տրված հարցերը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը:

29. Արձանագրությունը ստորագրվում է այն կազմողի, մրցույթի մասնակցի և հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

30. Մասնակցին տրված հարցերը գնահատվում են յուրաքանչյուր հանձնաժողովի անդամի կողմից՝ քվեարկելով կողմ կամ դեմ:

31. Հանձնաժողովի աշխատանքներն արձանագրվում են մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձի կողմից:

(31-րդ կետը փոփ. 08.04.13 N 65-Ն) 

32. Եթե մասնակիցը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում նրան մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:

 

VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

33. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո նույն օրը՝ անմիջապես:

34. Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ հանձնաժողովի անդամի կողմից՝ հարցազրույցի փուլն ավարտվելուց մեկ ժամվա ընթացքում:

35. Սույն կարգի 34-րդ կետով նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` գրավոր բողոք) քննության է առնում մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող մարմինը` «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, այն հիմնարկում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։

(35-րդ կետը խմբ. 08.04.13 N 65-Ն)  

36. (կետն ուժը կորցրել է 08.04.13 N 65-Ն)  

37. Գրավոր բողոքը քննության առնելիս և որոշում ընդունելիս՝ տվյալ նիստին (նիստերին) չի մասնակցում այն անդամը, որը տվյալ մրցույթին մասնակցել է որպես հանձնաժողովի անդամ:

38. Գրավոր բողոքը քննության առնելիս՝ պետական հիմնարկի աշխատակազմը ըստ անհրաժեշտության կարող է հրավիրել համապատասխան մասնագետ:

(38-րդ կետը փոփ. 08.04.13 N 65-Ն) 

39. Գրավոր բողոքը քննության առնելիս՝ պետական հիմնարկի աշխատակազմը ուսումնասիրում և ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

(39-րդ կետը փոփ. 08.04.13 N 65-Ն) 

1) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.

2) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին.

3) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող չճանաչելու մասին:

 

VII. ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

40. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո գրավոր բողոքի բացակայության դեպքում համապատասխան հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը ներկայացվում է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին:

41. Եզրակացությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պետական հիմնարկի տնօրենը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:

42. Եզրակացության մեջ պետք է նշվեն՝

1) թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը) և վայրը.

3) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը՝ ըստ այբբենական կարգի, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, անձնագրային տվյալները.

4) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի քվեարկության արդյունքները:

43. Եզրակացությունը պետք է ստորագրեն Հանձնաժողովի նախագահը և անդամները:

44. Եզրակացությանը կից ներկայացվում են եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները:

45. Հանձնաժողովը, հանձնման ակտով, պետական հիմնարկի աշխատակազմին փոխանցում է մրցութային փաթեթը, որն իր մեջ սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև հանձնաժողովի կողմից կազմված և (կամ) ընդունված հետևյալ փաստաթղթերը և նյութերը՝

1) փաստաթղթերի քննարկման և դիմորդների ու հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.

2) հանձնաժողովն իրավազոր չլինելու մասին արձանագրությունը.

3) մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը.

4) հարցազրույցն անցկացնելու օրվա մասին որոշումը.

5) հանձնաժողովի անդամի հարցազրույցի փուլից բացակայելու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

6) մասնակցի հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու կամ չներկայանալու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

7) մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները.

8) քվեարկությունների արդյունքներում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը.

9) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին որոշումը.

10) մրցույթի արդյունքում կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.

11) մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.

12) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը.

13) մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը.

14) այլ փաստաթղթեր:

(45-րդ կետը փոփ. 08.04.13 N 65-Ն) 

46. Տվյալ օրը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցները «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի անունով ներկայացնում են դիմում:

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 08.04.13 N 65-Ն) 

 

 

Հավելված N 3
ՀՀ բնապահպանության նախարարի
20 հունիսի 2011 թ. N 121-Ն հրամանի


ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1) Տնօրենի տեղակալ՝

 

ա) կրթության համար - 10 միավոր,
բ) ընդհանուր փորձառության համար - 20 միավոր,
գ) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառություն - 40 միավոր,
դ) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքներ - 30 միավոր,

 
2) բաժնի պետ և տնօրենի խորհրդական՝  

ա) կրթության համար - 10 միավոր,
բ) ընդհանուր փորձառության համար - 15 միավոր,

գ) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառություն - 50 միավոր,
դ) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքներ - 25 միավոր,

 
3) բաժնի մասնագետ՝  

ա) կրթության համար - 15 միավոր,
բ) ընդհանուր փորձառության համար - 25 միավոր,
գ) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառություն - 40 միավոր,
դ) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքներ - 20 միավոր,

 
4) իրավաբան՝  

ա) կրթության համար - 15 միավոր, 
բ) ընդհանուր փորձառության համար - 25 միավոր, 
գ) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառություն - 40 միավոր, 
դ) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքներ - 20 միավոր,

 
5) ֆինանսիստ՝  

ա) կրթության համար - 10 միավոր, (ֆինանսական ղեկավար)
բ) ընդհանուր փորձառության համար - 20 միավոր,
գ) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառություն - 50 միավոր,
դ) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքներ - 20 միավոր,

 
6) գլխավոր հաշվապահ՝  

ա) կրթության համար - 10 միավոր,
բ) ընդհանուր փորձառության համար - 25 միավոր,
գ) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառություն - 45 միավոր,
դ) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքներ - 20 միավոր,

 
7) հաշվապահ՝  

ա) կրթության համար - 20 միավոր,
բ) ընդհանուր փորձառության համար - 20 միավոր,
գ) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառություն - 40 միավոր,
դ) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքներ - 20 միավոր:

(հավելվածը լրաց. 08.04.13 N 65-Ն) 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.05.2013, N 99-Ն 11.07.2013, N 121-Ն
08.04.2013, N 65-Ն 12.05.2013, N 121-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան