Basic information
Number
N 188
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (07.01.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.12.28/34.1 Հոդ.460.5
Enactment organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Enactment date
21.12.2007
Signing organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Signing date
21.12.2007
Effective date
07.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ 

 

21 դեկտեմբերի 2007 թ.

ք. Երևան

N 188

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 40-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին և 40-րդ հոդվածի 1-ին կետերի դրույթների տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով և հիմք ընդունելով այն, որ.

1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ զինվորական մասերում, կալանքի տակ պահելու հիմնարկներում կազմվող և ընտրողների ստորագրած ցուցակների, ազատ է ծանոթության համար:

Ընտրողների կողմից ստորագրված ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից պատճեններ չեն հանվում:

2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու վերաբերյալ դիմումները, այդ թվում` քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմումները, ներկայացվում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

3. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 40.2-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների վերահաշվարկն իրականացնում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքներն ամփոփում է հանձնաժողովի նիստում:

Ընտրական հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել թեկնածուների վստահված անձինք, դիտորդներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

4. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 40.1-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն քվեարկության արդյունքները բողոքարկվելու դեպքում կողմն այլ փաստաթղթերի հետ միասին իրավունք ունի ծանոթանալու ընտրողների կողմից ստորագրված ցուցակներին: Դրանք բողոքարկող կողմը հրապարակելու և տպագրելու, քաղվածքներ կատարելու և պատճենահանելու իրավունք չունի:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն պարզաբանում է.

Ընտրողների կողմից ստորագրված ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից պատճեններ չեն հանվում և քվեարկությունից հետո այդ ցուցակներին կարելի է ծանոթանալ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում:

 

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation