«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 մարտի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 12513109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
5 մարտի 2013 թ. ք. Երևան |
N 47-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԻՆ ԵՎ ՎԱՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 1489-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 165-րդ կետով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Սահմանել մասնագիտական ճառագայթահարման անհատական անձնագրերի ձևին և վարմանը վերաբերող պահանջները՝ համաձայն հավելվածի:
|
Ա. Մարտիրոսյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի 2013 թվականի մարտի 5-ի N 47-Ն հրամանի |
Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԻՆ ԵՎ ՎԱՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն իրավական ակտով սահմանում են ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների «Ա» և «Բ» կատեգորիաների անձնակազմի մասնագիտական ճառագայթահարման անհատական անձնագրերի (այսուհետ՝ անձնագիր) ձևին և վարմանը վերաբերող պահանջները (այսուհետ՝ պահանջներ):
2. Անձնագրով փաստվում են իոնացնող ճառագայթման ազդեցության պայմաններում աշխատող անձանց մասնագիտական ճառագայթահարման դոզաները: Անձնագրում ներկայացված դոզաները պետք է համապատասխանեն ատոմային էներգիայի օգտագործման տվյալ օբյեկտի մասնագիտական ճառագայթահարման դոզաների գրանցամատյանում գրառված դոզաներին:
3. Անձնագրերը պետք է պատրաստվեն (պատվիրվեն) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից և տրամադրվեն «Ա» և «Բ» կատեգորիայի անձնակազմին անհատույց:
II. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
4. Անձնագիրը պետք է ունենա տպագիր վկայականի տեսք և մաշկալաթե (դերմանտինե) շապիկ:
5. Անձնագրի շապիկի չափսերն են՝ բարձրությունը` 196 մմ, լայնությունը` 148 մմ:
6. Անձնագրի շապիկի վրա պետք է լինի «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ» գրառումը:
III. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՎԱՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
7. Անձնագրում գրառումներ պետք է կատարվեն ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի ճառագայթային անվտանգության ծառայության (պատասխանատու անձի) կողմից, ստորագրվեն և կնքվեն ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի ղեկավարի կնիքով:
8. Անձնագրում գրառումները պետք է կատարվեն ընթեռնելի և կայուն թանաքով:
9. Անձնագիրը պետք է համարակալվի:
10. Անձնագրում պետք է նշվեն՝
1) գործատուի անվանումը և գտնվելու վայրը.
2) աշխատանքի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը.
3) աշխատանքային պայմանագիրը լուծելու տարին, ամիսը, ամսաթիվը.
4) աշխատողի զբաղեցրած պաշտոնը (կատարած աշխատանքը).
5) կառուցվածքային ստորաբաժանումը (բաժանմունքը, արտադրամասը, լաբորատորիան և այլն), որտեղ աշխատում է աշխատողը.
6) գրառումները կատարող անձի անունը, ազգանունը, պաշտոնը.
7) գրառումը կատարելու տարին, ամիսը, ամսաթիվը.
8) պարբերական անհատական ճառագայթահարման մոնիթորինգ անցնող անձանց համար՝ մասնագիտական ճառագայթահարման եռամսյակային և տարեկան գումարային դոզան.
9) ոչ պարբերական ճառագայթահարման մոնիթորինգ անցնող անձանց համար՝ մասնագիտական ճառագայթահարման ժամանակահատվածը և ստացած դոզան:
11. Սույն պահանջների 10-րդ կետի 1-5 ենթակետերում նշված տեղեկությունների փոփոխության դեպքում պետք է կատարվի նոր գրառում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|