Գլխավոր տեղեկություն
Համար
N 51-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.06.01/16(460).1 Հոդ.152.10
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
05.04.2013
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 մայիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11513198

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

5 ապրիլի 2013 թ.

N 51-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՈՒՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 48-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. հունիսի 25-ի N 975-Ն որոշման 2-րդ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մարտի 2-ի N 276-Ն որոշման 23-րդ կետերի դրույթները, ինչպես նաև ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման 12-րդ կետի դ) ենթակետերի դրույթներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից հարուցվող վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2005 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը հաստատելու մասին» N 48-Ն հրամանը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետին:

 

  Ա. Ասատրյան

 

 

Հավելված

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2013 թվականի ապրիլի 5-ի

թիվ 51-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՈՒՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով և պայմաններով սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (այսուհետ` գործակալություն) վարչական վարույթի բժշկասոցիալական փորձաքննության գործերի (այսուհետ` ԲՍՓ գործ), դրանց գրանցամատյանների, ընդունված փորձաքննական որոշումների և փորձաքննված անձի ԲՍՓ գործերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները (այսուհետ` կարգ):

2. Սույն կարգով սահմանված կանոնները պարտադիր են գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողների համար:

3. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներում և տարածքային մարմիններում կարգի իրականացման և վարման համար պատասխանատու է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի ղեկավարը:

4. Սույն կարգով ԲՍՓ գործեր են հարուցվում`

1) գործակալության տարածքային մարմիններում անձի դիմումի հիման վրա բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնելիս` անձին հաշմանդամ ճանաչելու, «հաշմանդամ երեխա» կարգավիճակ և հաշմանդամության խումբ սահմանելու, պատճառական կապ, մահվան պատճառական կապ, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելու նպատակով.

2) անձի բողոքի կամ գործակալության նախաձեռնությամբ վերափորձաքննության բաժնի կողմից բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնելիս` տարածքային մարմինների ընդունած փորձաքննական որոշումների վերափորձաքննության նպատակով:

5. Տարածքային մարմինների ընդունած փորձաքննական որոշումների դեմ բերված բողոքների մասով որպես վերադաս վարչական մարմին հանդես է գալիս գործակալության վերափորձաքննության բաժինը և Նախարարության համապատասխան ստորաբաժանումը, իսկ գործակալության վերափորձաքննության բաժնի ընդունած փորձաքննական որոշումների դեմ բերված բողոքների մասով որպես վերադաս վարչական մարմին հանդես է գալիս Նախարարության համապատասխան ստորաբաժանումը:

6. Վարչական վարույթին առնչվող սույն կարգում օգտագործվող տերմինները կամ հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` օրենք):

7. Գրանցամատյաններում և ԲՍՓ գործերում գրառումները պետք է կատարվեն առանց կրճատումների և ջնջումների, պարզ ու ընթեռնելի ձեռագրով: Չի թույլատրվում գրանցամատյաններում և ԲՍՓ գործերում մատիտով գրանցումներ կատարել:

8. Գործակալության տարածքային մարմինների աշխատակարգը, վարչական վարույթի վերաբերյալ գործերի, վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների ու վարչական վարույթին առնչվող փաստաթղթերի հաշվառման գրանցամատյանների ձևերը, ինչպես նաև վարչական վարույթին առնչվող փաստաթղթերի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

 

II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

9. Գործակալությունում ԲՍՓ գործերը կազմվում և վարվում են տարածքային մարմինների կողմից անձի դիմումի հիման վրա կամ վերափորձաքննության բաժնի նախաձեռնությամբ, վարչական վարույթ հարուցվելու պահից:

Եթե գործակալության որևէ ստորաբաժանում, համաձայն օրենքի 33-րդ հոդվածի, դիմումը վերահասցեագրում է իրավասու վարչական մարմնին կամ վերադարձնում դիմողին, ապա տվյալ դիմումի առնչությամբ գործ չի կազմվում, այլ դիմումն ու փաստաթղթերը ուղարկում են այն իրավասու վարչական մարմնին, որի գործառույթն է: Եթե օրենքի 33-րդ հոդվածի համաձայն վերահասցեագրված կամ վերադարձված դիմումը որևէ հիմքով ենթակա է քննարկման, ապա դրա վերաբերյալ վարչական վարույթ հարուցվելու պահից ևս կազմվում է ԲՍՓ գործ` սույն կարգին համապատասխան:

10. ԲՍՓ գործերը կազմվում և վարվում են առանձին-առանձին` հետևյալ խմբերով`

1) անձի դիմումի կամ բողոքի հիման վրա հարուցված վարույթներով գործեր.

2) գործակալության նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործեր:

Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմվում է առանձին ԲՍՓ գործ, որում պահվում են տվյալ վարույթին առնչվող առողջության խաթարման և նրա պատճառի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը` հետազոտման տվյալները, էպիկրիզները, ռազմաբժշկական փաստաթղթերը, որոշումները, դժբախտ դեպքի վերաբերյալ ակտերը, մասնագիտական հիվանդության վերաբերյալ եզրակացությունները և բժշկասոցիալական փորձաքննության համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր:

11. ԲՍՓ գործերի համարակալումն իրականացվում է աճող թվերով, յուրաքանչյուր տարվա կտրվածքով` տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարուցված վարույթներով գործերի ընդգրկմամբ: ԲՍՓ գործի հերթական համարը իր մեջ ներառում է դիմումի կամ բողոքի մուտքագրման համարը, վարչական վարույթի հաշվառման համարը (օրինակ` 54_16):

12. ԲՍՓ գործերը կազմվում են 4 հիմնական խմբերով`

1) 18 տարին լրացած անձանց ԲՍՓ գործեր,

2) մինչև 18 տարեկան երեխաների ԲՍՓ գործեր,

3) անձի մահվան պատճառը արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինծառայության և այլ հանգամանքների հետ կապելու ԲՍՓ գործեր,

4) հաշմանդամների վերականգնողական անհատական ծրագիր կազմելու ԲՍՓ գործեր:

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված ԲՍՓ գործերի ձևաթղթերը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

14. Փորձաքննական որոշումները կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: Եթե փորձաքննական որոշումը բողոքարկվել է, ապա դրան առնչվող բոլոր փաստաթղթերը բողոքարկվող դիմումի հետ միասին ներկայացվում են գործակալություն կամ Նախարարության համապատասխան ստորաբաժանում: Այդ դեպքում ԲՍՓ գործի վերին աջ անկյունում նշվում է «բողոքարկվել է»: Բողոքարկման վարույթի ավարտից հետո փորձաքննված անձի ԲՍՓ գործն ամբողջությամբ հետ է վերադարձվում տարածքային մարմին: ԲՍՓ գործում պահվում են դրանց առնչվող փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց պատճենները` համեմատված բնօրինակի հետ և հաստատված տարածքային մարմնի ղեկավարի կողմից: Դատական կարգով բողոքարկման դեպքում, դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո փորձաքննված անձի գործը սույն կետով նախատեսված կարգով հետ է վերադարձվում տարածքային մարմին:

15. Փորձաքննված անձի ԲՍՓ գործերը կարվում և համարակալվում են: Գործում պետք է լինի տարածքային մարմնի ղեկավարի և գործերի վարման համար պատասխանատու անձի ստորագրությունը, նշելով էջերի քանակը, տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը: Փորձաքննված անձի ԲՍՓ գործին կարվում է նաև դրա շապիկը (կրկնակի անգամ փորձաքննված անձի համար` նախորդ տարիների իր փորձաքննված անձի ԲՍՓ գործին):

16. Փորձաքննված անձի ԲՍՓ գործի շապիկի (կազմի) վրա գրվում են`

1) տարածքային մարմնի լրիվ անվանումը

2) փորձաքննված անձի անունը, հայրանունը, ազգանունը և հասցեն

3) ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, սեռը

4) փորձաքննված անձի ԲՍՓ գործ N ——:

Գործի հերթական համարը գրվում է արաբական թվերով ըստ համապատասխան հաշվառման գրանցամատյանի: Փորձաքննված անձի ԲՍՓ գործերը համարակալվում են ենթախմբերով` կախված նրանից, թե տվյալ վարչական վարույթ իրականացնող մարմինը ինչ բնույթի որոշում է կայացրել` հաշմանդամ ճանաչվածներ, չճանաչվածներ, ժամանակավոր անաշխատունակներ, միայն մասնագիտական անաշխատունակության կորստի տոկոս որոշվածներ, մահվան պատճառական կապի վերաբերյալ որոշումներ:

Եթե նախատեսված է պայմանանշան (պայմանանշանների զուգորդություն), ապա հերթական համարի սկզբում` գծիկով անջատմամբ, նշվում է այդ պայմանանշանը (պայմանանշանների զուգորդությունը):

Փորձաքննված անձի ԲՍՓ գործի մեջ ժամանակագրական կարգով նշվում է վարույթը սկսելու և ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը, տվյալ տարածքային մարմնի ղեկավարի կամ վերափորձաքննության բաժնի պետի անունը, հայրանունը, ազգանունը և պաշտոնը: Բացի պաշտոնատար անձի մասին տեղեկություններից նշվում է նաև այն մասին, թե ում նախաձեռնությամբ է վարույթը հարուցվել (օրինակ, «Անձի դիմումի հիման վրա», «Անձի բողոքի հիման վրա», իսկ եթե վարչական մարմինն է վարույթ հարուցել, ապա «Նախաձեռնության հիման վրա»):

Վարույթը սկսելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են`

ա. անձի դիմումի կամ բողոքի դեպքում` համապատասխան դիմումը կամ բողոքը վարչական մարմնում ստանալու օրվանից.

բ. վարչական մարմնի նախաձեռնության դեպքում` այն գործողության (գործողությունների) սկսման օրվանից, որը նպատակամղված է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական ակտի ընդունմանը (օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր):

Վարույթն ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են ըստ այն տարեթվի, ամսվա և ամսաթվի, երբ վարչական վարույթի վերաբերյալ տվյալ գործով ըստ էության որոշում է ընդունվել (օրենքի 50-րդ և 58-րդ հոդվածներ):

17. Ըստ պայմանանիշերի համարակալված (հաշմանդամ չճանաչվածներ` ՀՉ, ժամանակավոր անաշխատունակներ` ԺԱ, միայն մասնագիտական անաշխատունակության կորստի տոկոս որոշվածներ` ԱԿ, մահվան պատճառական կապի վերաբերյալ որոշումներ` ՄՊ) «փորձաքննված անձի» ԲՍՓ գործերը նույնպես պահվում են առանձին: Առանձնացվում են նաև մահացած հաշմանդամների գործերը:

18. Փորձաքննված անձի ԲՍՓ գործերը պահվում են փորձաքննված անձի բնակության վայրի տարածքային մարմնում:

19. Ֆիզիկական և իրավաբանական անձինք փորձաքննված անձի ԲՍՓ գործերի նյութերին, փաստաթղթերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ կամ պատճեններ կատարում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

20. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներում և տարածքային մարմիններում կազմվում և վարվում են վարչական վարույթի գործերի հաշվառման երեք հիմնական գրանցամատյաններ`

1) դիմումների հիման վրա հարուցված գործերի հաշվառման գրանցամատյան (տարածքային մարմիններ),

2) անձի բողոքի հիման վրա հարուցված գործերի հաշվառման գրանցամատյան (կառուցվածքային ստորաբաժանում),

3) գործակալության նախաձեռնությամբ հարուցված գործերի հաշվառման գրանցամատյան (կառուցվածքային ստորաբաժանում):

Վարչական վարույթի գործերի հաշվառման գրանցամատյանները կազմվում և լրացվում են յուրաքանչյուր տարվա համար առանձին:

Գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում է վերադաս վարչական մարմնի, համապատասխան գրանցամատյանը կազմող և լրացնող կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի լրիվ անվանումը, տարեթիվը:

21. Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի կոնկրետ գրանցամատյանի անվանումը:

22. Գրանցամատյանում գործերի մասին տեղեկությունները լրացվում են տվյալ գործով վարչական վարույթ հարուցելու օրվանից և վարչական վարույթի ընթացքին զուգընթաց` ամբողջացվում:

23. Գործերի հաշվառման գրանցամատյանները տեղեկություններ են պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական վարույթի գործերի մասին, որի վերջին էջի վրա Գործակալության կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի ղեկավարը նշում է «Գրանցամատյանը լրացված է», և ստորագրում` նշելով ստորագրման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

Կարված և համարակալված Գրանցամատյանը ստորագրվում և կնքվում է գործակալության պետի կողմից:

24. Գրանցամատյաններում ուղղումներ կարող են կատարել միայն Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների ղեկավարները: Համապատասխան ղեկավարը գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը և ստորագրում է:

 

IV. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

25. Գործակալության վերափորձաքննության բաժինը և տարածքային մարմինները վարում են ընդունված փորձաքննական որոշումների առանձին հաշվառման գրանցամատյաններ: Տարածքային մարմիններում կազմվում է «անձի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի գործերի հաշվառման գրանցամատյան», վերափորձաքննության բաժնում` «անձի բողոքի հիման վրա հարուցված վարչական վարույթի գործերի հաշվառման գրանցամատյան», «գործակալության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի գործերի հաշվառման գրանցամատյան»:

26. ԲՍՓ գործերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում է վերադաս վարչական մարմնի լրիվ անվանումը, վարույթի հետ կապված գործառույթներն իրականացնող ստորաբաժանման կամ տարածքային մարմնի անվանումը, տարեթիվը, որի ընթացքում ընդունված ակտերը հաշվառվել են տվյալ գրանցամատյանում, իսկ կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «անձի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի գործերի հաշվառման գրանցամատյան» կամ «անձի բողոքի հիման վրա հարուցված վարչական վարույթի գործերի հաշվառման գրանցամատյան» կամ «գործակալության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի գործերի հաշվառման գրանցամատյան»:

27. Վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանում լրացվում են գործակալության կառուցվածքային ստորաբաժանման և տարածքային մարմինների կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունված փորձաքննական որոշումների վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում` եթե դրանք փոխկապակցված են կամ միմյանց լրացնում են:

Հաշվառման ենթակա են գործակալության ընդունած հետևյալ վարչական ակտերը`

ա. անձի դիմումի հիման վրա կամ գործակալության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված ակտը.

բ. վարչական ակտի բողոքարկման հիման վրա, օրենքի 73-րդ հոդվածի համաձայն, դրա վերաբերյալ գործակալության ընդունած վարչական ակտը, եթե օրենքի համաձայն տվյալ բողոքի հիման վրա վարույթն այդ մարմինն է իրականացրել` ներառյալ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը.

գ. վերադաս վարչական մարմնի հանձնարարության հիման վրա, իսկ օրենքով սահմանված կարգով դատարան հայց ներկայացնելու կամ հետագայում նաև դատարան բողոք բերելու դեպքերում` դատական ակտի հիման վրա գործակալության ընդունած նոր վարչական ակտը, ինչպես նաև վերադաս վարչական մարմնի կամ դատարանի կողմից վարչական մարմնի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ վիճարկվող գործողություն կատարելու պարտականություն դնելու մասին որոշման հիման վրա գործակալության ընդունած նոր վարչական ակտերը:

ԲՍՓ գործի մեջ հաշվառում է նաև վարչական վարույթին առնչվող մյուս փաստաթղթերը (օրինակ, վարույթը կասեցնելու, փորձագետ հրավիրելու, զննում կատարելու, վարույթի ժամկետը երկարաձգելու, բացարկի վերաբերյալ փաստաթղթերը և այլն):

28. Գործակալության տարածքային մարմիններին և կառուցվածքային ստորաբաժանումներին վերապահված իրավասություններն իրականացնելու նպատակով վարվում են նաև վարչական վարույթին առնչվող փաստաթղթերի և վարչական այլ ակտերի հաշվառման գրանցամատյաններ, որոնց ձևերը հաստատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

29. Գործակալության պետը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսը ապահովում է ԲՍՓ գործերի, վարչական վարույթին առնչվող փաստաթղթերի և վարչական ակտերի հաշվառման գրանցամտյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակի ստուգումը և, ըստ անհրաժեշտության, տալիս համապատասխան հանձնարարականներ:

30. ԲՍՓ գործերը, դրանց հաշվառման և վարչական ակտերի, վարչական վարույթին առնչվող փաստաթղթերի հաշվառման գրանցամատյանները պահպանվում են գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներում և տարածքային մարմիններում, գործակալության գործավարության կարգով սահմանված կանոններին համապատասխան և օրենքով սահմանված կարգով ենթակա են արխիվացման:

31. Մահացած հաշմանդամների գործերը առանձնացվում են և ցուցակագրվում: Դրանցից զինվորական, աշխատանքային խեղումով և մասնագիտական հիվանդությամբ պատճառական կապերով գործերը պահվում են տարածքային մարմիններում, իսկ մյուսները ցուցակով ներկայացվում են ոչնչացման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: