«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հունվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11813016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
28 նոյեմբերի 2012 թ. |
թիվ 1039-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մայիսի 23-ի N 450-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագրի 8-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպող տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացվող հաշվետվությունների ընդունման և վերլուծման կարգը` համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
Նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված ՀՀ ֆինանսների նախարարի 2012 թվականի նոյեմբերի 28-ի N 1039-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են շահումով խաղեր (այդ թվում՝ խաղատներ) և վիճակախաղեր կազմակերպող տնտեսվարող սուբյեկտների (այսուհետ` Տնտեսվարող սուբյեկտներ) ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունների հսկողության և նրանց կողմից ներկայացված հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ստացման ընթացակարգը` ըստ հաջորդական քայլերի և պատասխանատուների:
II. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի թիվ 1164-Ն որոշման պահանջներին համապատասխան Տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ (այդ թվում` տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում դրա մասին` փաստի արձանագրման պահից 5-օրյա ժամկետում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
3. «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասին և «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» կետին համապատասխան Տնտեսվարող սուբյեկտները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը ներկայացնում են համապատասխան տարածքային հարկային մարմնի տեղեկանքը՝ հաշվետու եռամսյակում հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների մասին:
4. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում հասցեագրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչությանը (այսուհետ` Տեսչություն):
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո հաշվետվությունների վերլուծությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում Տեսչությունը ուսումնասիրում է Տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ նախկինում կիրառված պատասխանատվության միջոցները (առկայության դեպքում) և ըստ այդմ համապատասխան պատասխանատվության միջոց կիրառելու համար հարուցում վարչական վարույթ:
III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՍՏԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
6. Տնտեսվարող սուբյեկտները սույն կարգի 3-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության քարտուղարություն թղթային, կամ փոստային, կամ էլեկտրոնային եղանակով` ուղարկելով secretariat@minfin.am էլեկտրոնային հասցեին (այսուհետ` Էլեկտրոնային հասցե):
7. «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածներով սահմանված հաշվետվությունները լիազոր մարմնին բացի փաստաթղթային եղանակով ներկայացնելուց կարող են ներկայացնել նաև էլեկտրոնային տեսքով` ուղարկելով Էլեկտրոնային հասցեին:
8. Տնտեսվարող սուբյեկտների կողմից փաստաթղթային և էլեկտրոնային տեսքով ներկայացված հաշվետվությունների անհամապատասխանության դեպքում հիմք է ընդունվում փաստաթղթային տեսքով ներկայացված հաշվետվությունը:
9. Տնտեսվարող սուբյեկտների կողմից հաշվետվությունները ներկայացվում են պեդեէֆ (PDF) ֆորմատով, բացառությամբ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ից 32-րդ կետերով սահմանված հաշվետվությունների, որոնք ներկայացվում են մայքրոսոֆթ էքսել (Microsoft Excel) ֆորմատով, ստորագրված էլեկտրոնային ստորագրությամբ:
IV. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՍՏԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
10. Տնտեսվարող սուբյեկտները գրությամբ ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում իրենց էլեկտրոնային հասցեի անվանումը, որտեղից ուղարկված հաշվետվություններն են ընդունվում Տեսչության կողմից:
11. Հաշվետվությունների ընդունման գործընթացի իրականացման պատասխանատու է հանդիսանում Տեսչության փաստաթղթերի հաշվառման և վերլուծության բաժինը (այսուհետ` Պատասխանատու անձ), որին ընձեռվում է Տնտեսվարող սուբյեկտների կողմից սույն կարգին համապատասխան ներկայացված հաշվետվությունների ընդունման հասանելիությունը:
12. Էլեկտրոնային հասցեում տվյալների գրանցման (մուտքագրման) ամսաթիվը համարվում է հաշվետվության ներկայացման ամսաթիվ:
13. Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաշվետվությունների ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտը Կազմակերպիչը կարող է ներկայացնել հաշվետվության ուղղված տարբերակը: Լիազոր մարմնի համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաշվետվությունների ներկայացման համար սահմանված ժամկետում` ներկայացված վերջին հաշվետվությունը:
14. Էլեկտրոնային հասցեում գրանցված տվյալները և դրանց ներկայացման ամսաթիվը ենթակա չէ փոփոխման:
15. Հաշվետվությունները ստանալուց հետո Պատասխանատու անձի կողմից կատարվում են վերլուծություններ:
16. Հաշվետվությունների վերլուծությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում Պատասխանատու անձն այդ մասին զեկուցում է Տեսչության պետին:
17. Տեսչության պետի հանձնարարությամբ համապատասխան պատասխանատվության միջոց կիրառելու համար հարուցվում է վարչական վարույթ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|