Գլխավոր տեղեկություն
Համար
N 31-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.04.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.04.09/11(455) Հոդ.97
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
04.03.2013
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 մարտի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11513111

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

4 մարտի 2013 թ.

N 31-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1821-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի թիվ 276-Ն որոշման 5.3 կետի դրույթների համաձայն՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանին։

 

  Ա. Ասատրյան

 

Հավելված

ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի

2013 թ. մարտի 4-ի

թիվ 31-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին (այսուհետ՝ փորձաքննություն) հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) մասնակցության հետ կապված հարաբերությունները։

2. Կազմակերպությունների ներկայացուցիչները, փորձաքննվող անձի համաձայնության կամ ցանկության դեպքում, կարող են մասնակցել փորձաքննություններին։ Փորձաքննվող անձն իր համաձայնությունը հայտնում է գրավոր կամ բանավոր՝ Հանձնաժողովի անդամների առջև հաստատելով իր համաձայնությունը։

3. Կազմակերպությունների ներկայացուցիչները փորձաքննություններին մասնակցում են դիտորդի կարգավիճակով։

4. Կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) են ներկայացնում փորձաքննություններին մասնակցելու համար իրենց կողմից լիազորված ներկայացուցիչների ցուցակները, որոնցում ներառվում են ներկայացուցչի անունը, ազգանունը, հասարակական կազմակերպության անվանումը, հեռախոսահամարները։

5. Նախարարությունը կազմակերպությունների կողմից ներկայացված ցուցակները տրամադրում է հանձնաժողովներին։

6. Կազմակերպությունները Հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննությունների ժամանակացույցի վերաբերյալ տեղեկանում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջից (www։mss.am)։

7. Նախարարությունը փորձաքննություններին մասնակցելու իրավունք ունեցող հասարակական կազմակերպությունների ցանկը տեղադրում է նախարարության պաշտոնական կայքէջում (www։mss.am)։

8. Կազմակերպությունների ցանկում կարող են ընդգրկվել հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող այլ հասարակական կազմակերպություններ, որոնք այդ նպատակով նախարարություն են ներկայացնում հայտ, կցելով կազմակերպության կանոնադրությունը, տվյալները և իրենց լիազոր ներկայացուցիչների ցուցակը։

9. Կազմակերպության ընդգրկման դեպքում կազմակերպության տվյալները տեղադրվում են նախարարության կայքէջում։

10. Կազմակերպության ներկայացուցիչը փորձաքննություններին մասնակցելու համար ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով։