«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հունվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11613004
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
26 նոյեմբերի 2012 թ. ք. Երևան |
N 656-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2007 թվականի հուլիսի 6-ի «Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 160-Ն, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2003 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի և հեռահաղորդակցության բնագավառների լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները հաստատելու մասին» թիվ 321-Ն և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության փոստային կապի բնագավառի լիցենզավորող հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 237-Ն հրամանները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Բեգլարյան |
Հավելված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 26 նոյեմբերի 2012 թ. թիվ 656-Ն հրամանի |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետ` նախարարություն) լիցենզավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հրամանով:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովի հիմնական խնդիրն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի բնագավառում՝ այդ թվում կանոնավոր, մարդատար-տաքսի ավտոմոբիլների, երկաթուղային տրանսպորտի, փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման և տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման կազմակերպման լիցենզավորման գործընթացի իրականացմանը:
4. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդրին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները՝ լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն է տալիս լիցենզավորող մարմնի ղեկավարին։
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովը հարցերը քննարկելու նպատակով նիստերը անցկացնում է ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
6. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամներից կեսից ավելին:
7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետ՝ հրավիրված անձ):
8. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան երկու օր առաջ՝ տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի և ժամի մասին:
9. Հանձնաժողովի նիստի նախագահողը նիստի ժամանակ հրապարակում է քննարկվող հարցերը, ներկայացնում է հրավիրված անձանց, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է իրենց իրավունքները և պարտականությունները, հրապարակում է հայտերի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթերի բովանդակությունը:
10. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի ներկայացրել իր հարցի քննարկումը այլ ժամկետներում անցկացնելու գրավոր դիմում: Հրավիրված անձի հարցի քննարկումը այլ ժամկետներում անցկացնելու դիմումը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և քննարկումը հետաձգելիս չի խախտվում օրենքով հայտի քննարկման համար նախատեսված ժամկետները:
11. Հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, ներկայացնել միջնորդություններ:
12. Հանձնաժողովի նիստերում հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ: Դռնբաց քննարկումներին կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, այլ անձինք:
13. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո՝ դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ տվյալ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:
14. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին։
15. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է՝
1) հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը և վայրը.
2) հանձնաժողովի կազմը.
3) քննարկվող հարցի բովանդակությունը.
4) տեղեկություններ քննարկմանը մասնակից անձանց մասին.
5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.
6) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները.
7) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը:
16. Հանձնաժողովի եզրակացությունը այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:
17. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:
18. Հանձնաժողովի նախագահը՝
1) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.
2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.
3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.
4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
19. Հանձնաժողովի նախագահի տեղակալը հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում ստանձնում է նրա պարտականությունները:
20. Հանձնաժողովի քարտուղարը՝
1) նախարարությունից ստանում է նյութերը և նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը,
2) տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի հերթական նիստի անցկացման վայրի, ժամանակի և քննարկվող հարցի մասին՝ նիստի օրվանից առնվազն երկու օր առաջ,
3) ստորագրում է հանձնաժողովի արձանագրությունները,
4) առաջարկություններ է նախապատրաստում հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի կազմման և կատարման վերաբերյալ,
5) հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ,
6) կազմում է հանձնաժողովի եզրակացությունները:
21. Հանձնաժողովի նիստից հետո քննարկման ներկայացված նյութերը պահվում են հանձնաժողովի քարտուղարի աշխատասենյակում, դրա համար առանձնացված պահարաններում:
22. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում հանձնաժողովի անդամներից մեկը, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, ստանձնում է հանձնաժողովի քարտուղարի պարտականությունները:
23. Հանձնաժողովի անդամները՝
1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին,
2) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:
4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
24. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
25. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.07.2020, N 04-Ն | 17.07.2020, N 656-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|