Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 20-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.15/2(942).1 Հոդ.333
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
10.12.2012
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 դեկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11212438

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

10 դեկտեմբերի 2012 թ.

 թիվ 20-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԱՀՆՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՐԱԶԵՆԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի`

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել «Պահնորդների և թիկնապահների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու պիտանելիությունը որոշող ստուգումների անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Գեներալ-լեյտենանտ

Վ. Գասպարյան

 

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

2012 թ. դեկտեմբերի 10-ի

թիվ 20-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՊԱՀՆՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՐԱԶԵՆԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԻՏԱՆԻՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պահնորդների և թիկնապահների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու պիտանիությունը որոշող ստուգումների (այսուհետ` ստուգումներ) անցկացման հետ կապված հարաբերությունները:

2. Ստուգումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) պետի հրամանով «ՀՀ Ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ում ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

3. Ստուգումները անցկացվում են «ՀՀ Ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ի և պահնորդի (թիկնապահի) գործատու պահնորդական կազմակերպության միջև կնքվող պայմանագրի հիման վրա:

4. Թիկնապահները և պահնորդները ստուգումներ անցնում են առնվազն երկու տարին մեկ անգամ:

5. Ստուգումներն իրականացվում են.

1) տեսական գիտելիքներն և օրենսդրության համապատասխան դրույթների իմացությունը ստուգելով (այսուհետ` տեսական ստուգում),

2) ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման հմտությունները գործնականում ստուգելով (այսուհետ` գործնական ստուգում):

6. Տեսական ստուգումը ներառում է հետևյալի իմացությունը.

1) «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման հիմքերին և պայմաններին վերաբերող դրույթներ,

2) «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ (ՀՀ քաղաքացիների կողմից զենք գործադրելը), Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 42-րդ (անհրաժեշտ պաշտպանություն), 44-րդ (ծայրահեղ անհրաժեշտություն) և 239-րդ (հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահելը) հոդվածներ,

3) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 173-րդ (հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չնախատեսված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով), 190-րդ (քաղաքացիների կողմից ողորկափող որսորդական հրազեն ձեռք բերելու, պահելու, ուրիշին տալու կամ վաճառելու կարգը խախտելը) և 191-րդ (հրազենը և զինամթերքը պահելու կամ փոխադրման կանոնները խախտելը) հոդվածներ,

4) ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման հետևանքով տուժած կամ մարմնական վնասվածք ստացած անձանց առաջին բուժօգնություն ցուցաբերելու, նրանց բուժհիմնարկներ տեղափոխելու, դեպքի վայրը պահպանելու, կատարվածի մասին ոստիկանությանը տեղեկացնելու և այլ անհետաձգելի գործողություններ,

5) հատուկ միջոցների և հրազենի գործադրման անվտանգության կանոններ, այդ թվում` կարճ ակոսափող, երկար ողորկափող հրազենի, գազային զենքի, մեխանիկական փոշեցրիչների, աերոզոլային և էլեկտրահարող սարքերի, այլ հատուկ միջոցների տակտիկատեխնիկական բնութագրեր,

6) զենք և ռազմամթերք տեղափոխելու անվտանգության կանոններ:

7. Գործնական ստուգումը ներառում է.

1) կարճ ակոսափող հրազենի մասնակի քանդումը և հավաքումը, կառուցվածքի և բաղկացուցիչ մասերի նշանակության պարզաբանումը,

2) հրազենի լիցքավորման և լիցքաթափման, կրակ արձակելու, կրակելուց հետո գործողությունների հաջորդականությունը, արցունքաբեր և գրգռիչ նյութերով լիցքավորված մեխանիկական փոշեցրիչների, էլեկտրահարող հատուկ միջոցների գործադրման կանոնները:

8. Տեսական ստուգումն իրականացվում է հանձնաժողովի կողմից կազմված հարցաշարով՝ հարցատոմսերի կամ համակարգչային թեսթավորման միջոցով:

9. Հարցատոմսը (թեսթը) ներառում է հինգ հարցեր, յուրաքանչյուրը` երեք հնարավոր պատասխանով, որոնցից ճիշտ է մեկը: Ստուգվողն իր կողմից նախընտրելի պատասխանի դիմաց կատարում է համապատասխան նշում:

10. Հարցատոմսում (թեսթում) ներառված երկու հարցերին սխալ պատասխանելու դեպքում պահնորդը (թիկնապահը) գնահատվում է «չստուգված» և չի թույլատրվում մասնակցելու գործնական ստուգմանը:

11. Գործնական ստուգումը անցկացվում է տիպային վարժությունների կատարման եղանակով (հավելված Ձև 1, կցվում է):

12. Գործնական ստուգումը գնահատվում է «ստուգված», եթե պահնորդը (թիկանապահը) նվազագույնը երկու տիպային վարժության կատարումից գնահատվել է դրական:

13. Գործնական ստուգման արդյունքում «չստուգված» գնահատական ստանալու դեպքում պահնորդի (թիկնապահի) նկատմամբ նշանակվում է կրկնակի ստուգում` 10 աշխատանքային օրվա ժամկետով:

14. Մինչև կրկնակի ստուգման անցկացումը պահնորդը (թիկնապահը) զրկվում է հատուկ միջոցներ և հրազեն կրելու իրավունքից:

15. Կրկնակի ստուգման արդյունքում «չստուգված» գնահատական ստանալու դեպքում պահնորդը (թիկնապահը) զրկվում է հատուկ միջոցներ և հրազեն կրելու իրավունքից:

16. Անցկացված ստուգման, մասնակիցների ստացած գնահատականների և արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որի պատճենը տրամադրվում է տվյալ պահնորդական կազմակերպությանը (հավելված Ձև 2, կցվում է):

17. Պահնորդի (թիկնապահի) աշխատանքի վայրի (գործատու պահնորդական կազմակերպության) փոփոխությունը, կամ նրան այլ հրազեն հատկացնելը (փոխելը) հիմք չի հանդիսանում նոր ստուգում անցնելու համար:

 

Հավելված

Պահնորդների և թիկնապահների կողմից

ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների

և հրազենի գործադրման անհրաժեշտություն

առաջացնող իրադրություններում գործելու

պիտանիությունը որոշող ստուգումների

անցկացման կարգի

(Ձև 1)

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՐԱԶԵՆԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՏԻՊԱՅԻՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Վարժություն թիվ 1. Նշանառու հրաձգություն անշարժ թիրախի վրա

Թիրախը տեղադրված է աչքի բարձրությամբ, հեռավորությունը` 15 մետր, հատկացվող փամփուշտները` 4, կատարման ժամանակը` 15 վայրկյան, կատարումը` կանգնած վիճակում:

Վարժությունը կատարելու կարգը. հրաձիգը գտնվում է կրակագծում՝ ելման դիրքում, զենքը պատյանում է, ապահովիչը` փակված, փամփշտատուփը լիցքավորված է փամփուշտներով և դրված բռնակոթի մեջ, փամփշտանոցում փամփուշտ չկա, զենքի պատյանը կոճկված է:

Հրաձգության ղեկավարի «կրակ» հրահանգով հրաձիգը դիրքավորվում է կրակագծում՝ ելման դիրքում, բացում զենքի պատյանը, դուրս հանում զենքը, բացում ապահովիչը, փամփուշտը մղում փամփշտանոց և կատարում նշանառու 4 կրակոց:

Հրաձգությունից հետո հրաձիգը զեկուցում է՝ «հրաձգությունն ավարտեցի», որից հետո կատարում է զենքը լիցքաթափելու և զննության հանձնելու վերաբերյալ հրահանգները:

Դրական արդյունք է համարվում սահմանված ժամկետում 3 դիպուկ կրակոցը թիրախին:

 

Վարժություն թիվ 2. Ռետինե մահակի գործադրումը

Վարժությունը կատարելու կարգը. ստուգվողը գտնվում է ուսումնական խրտվիլակի դիմաց՝ 1,5 մ հեռավորության վրա, ռետինե մահակը կախված է գոտուց: Տրվում է «կատարել վարժությունը» հրահանգը, որից հետո ստուգվողը մահակը հանում է գոտուց, հարվածում խրթվիլակի թույլատրված մասերին՝ (նվազագույնը 6 հարված) և զեկուցում՝ «վարժությունն ավարտեցի»: Վարժությունը կատարելու ժամկետը սահմանված է 20 վայրկյան:

Դրական արդյունք է համարվում սահմանված ժամկետում հասցված առնվազն 6 թույլատրված հարվածները:

 

Վարժություն թիվ 3. Ձեռնաշղթայի գործադրումը

Վարժությունը կատարելու կարգը. ստուգվողը գտնվում է ուսումնական խրթվիլակի դիմաց՝ 1,5 մ հեռավորության վրա, ձեռնաշղթան պահված է գոտուց ամրացված պատյանի մեջ: Տրվում է «ձեռնաշղթան հագցնել հետևից (առջևից)» հրահանգը, որից հետո ստուգվողը ձեռնաշղթան հանում է պատյանից, մոտենում խրթվիլակին և կատարում հրահանգը: Ավարտին զեկուցում է՝ «ձեռնաշղթան հագցված է»: Վարժությունը կատարելու ժամկետը սահմանված է 20 վայրկյան:

Դրական արդյունք է համարվում սահմանված ժամկետում ձեռնաշղթան ճիշտ հագցնելը (հանելը):

 

Հավելված

Պահնորդների և թիկնապահների կողմից

ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների

և հրազենի գործադրման անհրաժեշտություն

առաջացնող իրադրություններում գործելու

պիտանիությունը որոշող ստուգումների

անցկացման կարգի

(Ձև 2)

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

 

(Պահնորդների և թիկնապահների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու պիտանիությունը որոշող ստուգման անցկացման վերաբերյալ)

 

1. Հանձնաժողովը`

Նախագահ ----------------------------------------------------------------------------- (անուն, ազգանուն, պաշտոն, կոչում)

Անդամներ -----------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------- (անուն, ազգանուն, պաշտոն, կոչում)

 

2. Համաձայն ՀՀ ոստիկանության պետի «----» -------------- 2012 թ. թիվ ---- Ն հրամանով հաստատված կարգի պահանջների, անցկացրել է հետևյալ պահնորդների և թիկնապահների ստուգում. ------------------------------------------------------------------------- (անուն, ազգանուն, գործատու պահնորդական կազմակերպության անվանում)

 

3. Ստուգման արդյունքներով պիտանի են ճանաչվել հետևյալ պահնորդները և թիկնապահները ----------------------------------------------------------- (անուն, ազգանուն, գործատու պահնորդական կազմակերպության անվանում)

 

4. Կրկնակի ստուգման ենթակա են --------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- (անուն, ազգանուն, գործատու պահնորդական կազմակերպության անվանում)

--------------------------------------------------------------------------------- (նշվում է կրկնակի ստուգում նշանակելու պատճառը)

 

5. Ստուգում չեն անցել և զենք պահելու (կրելու) իրավունքից զրկվել են հետևյալ պահնորդները և թիկնապահները ---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- (անուն, ազգանուն, գործատու պահնորդական կազմակերպության անվանում)

-------------------------------------------------------------------- (նշվում է զենք պահելու (կրելու) իրավունքից զրկելու պատճառը)

 

Հանձնաժողովի նախագահ` --------------------------------------------- (անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Անդամներ` -------------------------------------------------------------------- (անուն, ազգանուն, ստորագրություն)