Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 15-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2013-02.09.2024)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.09/2(942) Հոդ.318
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
19.11.2012
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.09.2024

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 դեկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11212428

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

19 նոյեմբերի 2012 թ.

ք. Երևան

 թիվ 15-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԱՀՆՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի`

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել պահնորդների և թիկնապահների կողմից իրենց պարտականությունները կատարելիս հատուկ միջոցների մարտավարական գործադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Գեներալ-լեյտենանտ

Վ. Գասպարյան

 

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

2012 թ. նոյեմբերի 19-ի

թիվ 15-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՊԱՀՆՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պահնորդների և թիկնապահների կողմից իրենց պարտականությունները կատարելիս հատուկ միջոցների մարտավարական գործադրման հետ կապված հարաբերությունները:

2. Պահնորդները և թիկնապահներն իրենց պարտականությունները կատարելիս իրավունք ունեն գործադրել հետևյալ հատուկ միջոցները.

1) ռետինե մահակներ,

2) ձեռնաշղթաներ,

3) տրանսպորտային միջոցը հարկադիր կանգնեցնելու միջոցներ,

4) պահնորդական շներ:

 

II. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

 

3. Իր պարտականությունները կատարելիս պահնորդը (թիկնապահը) հատուկ միջոցներ կարող է գործադրել հետևյալ դեպքերում.

1) իր կամ պահպանվող անձի կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող հարձակումը խափանելիս.

2) իր կամ պահպանվող անձի (գույքի) դեմ ուղղված հարձակումը կանխելիս, երբ հարձակվողը ցույց է տալիս ֆիզիկական դիմադրություն.

3) պահպանվող օբյեկտ մուտք գործելու փորձ կատարող տրանսպորտային միջոցը կանգնեցնելու անհրաժեշտությունից ելնելով, եթե վարորդը չի կատարում մեքենան կանգնեցնելու վերաբերյալ պահնորդի (թիկնապահի) օրինական պահանջը.

4) պահնորդի (թիկնապահի) հատուկ միջոցներին տիրանալու փորձը կանխելիս:

4. Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության նկատելի նշաններ ունեցող կանանց, հաշմանդամների, անչափահասների նկատմամբ, եթե նրանց տարիքն ակնհայտ է կամ հայտնի է պահնորդին (թիկնապահին), բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, պահնորդի (թիկնապահի) կամ պահպանվող այլ անձի կյանքին կամ առողջությանը, պահպանվող օբյեկտի անվտանգությանը սպառնացող զինված կամ խմբակային այլ հարձակումը կանխելու դեպքերի։

5. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների բացակայության դեպքում պահնորդը (թիկնապահը) իրավունք ունի օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:

6. Հատուկ միջոցների գործադրման ընտրությունը կատարելիս պահնորդն (թիկնապահը) առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից և ոտնձգության բնույթից` ղեկավարվելով պահպանվող օբյեկտի կամ անձի պաշտպանությունն առավել հուսալի և անվտանգ իրականացնելու անհրաժեշտությամբ:

7. Պահնորդը (թիկնապահը) հատուկ միջոցներ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին` բավարար ժամանակ տրամադրելով իր օրինական պահանջները կատարելու և ոտնձգությունը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում պահպանվող անձի կամ իր կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:

8. Հատուկ միջոցների օգտագործման յուրաքանչյուր դեպք պետք է լինի իրավաչափ և խիստ հիմնավոր:

9. Պահնորդի (թիկնապահի) կողմից հատուկ միջոցներ գործադրելու մտադրության մասին նախազգուշացումներ անելու առաջարկելի ձևակերպումները հետևյալն են.

1) «Խոսում է պահնորդը (թիկնապահը): Դադարեցրեք (հեռացեք), այլապես կգործադրվեն հատուկ միջոցներ (նշել տեսակը)»,

2) «Խոսում է պահնորդը (թիկնապահը): Դադարեցրեք (հեռացեք), այլապես կգործադրվեն հատուկ միջոցներ (նշել տեսակը): Այլևս նախազգուշացում չի լինելու:

10. Պահնորդը (թիկնապահը) պարտավոր է`

1) ելնելով ոտնձգության բնույթից` ձգտել, որ ոտնձգություն կատարած անձին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի,

2) անհապաղ ապահովել (ցուցաբերել) առաջին բուժօգնություն այն անձին, որի առողջությանը պատճառվել է վնաս, և անհրաժեշտության դեպքում հրավիրել շտապ օգնության ծառայություն,

3) ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ հրազենի գործադրմամբ անձին պատճառած մարմնական վնասվածքի կամ մահվան դեպքում անհապաղ տեղեկացնել իր ղեկավարին և ոստիկանությանը:

11. Պահնորդի (թիկնապահի) կողմից օրենքով չնախատեսված դեպքերում կամ սահմանների անցումով հատուկ միջոցների գործադրումը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

III. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Ռետինե մահակներ` նախատեսված են տարբեր իրավիճակներում ինքնապաշտպանական արագ և կանխարգելիչ գործողություններ իրականացնելու համար: Արգելվում է ռետինե մահակներով հարվածներ հասցնել իրավախախտի գլխին, պարանոցին, որովայնի և սեռական օրգանների հատվածներում, բացառությամբ կյանքին և առողջությանը սպառնացող հարձակումներից պաշտպանվելու դեպքերից:

13. Ձեռնաշղթաներ` նախատեսված են իրավախախտի ակտիվ ֆիզիկական գործողությունները սահմանափակելու համար: Գործադրման ընթացքում անհրաժեշտ է երկու ժամը մեկ ստուգել ձեռնաշղթայի փականների վիճակը, անհրաժեշտության դեպքում թուլացնել սեղմվածքը:

14. Տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման միջոցներ` նախատեսված են իրավախախտ, ինչպես նաև փախուստի փորձ կատարող վարորդների տրանսպորտային միջոցները հարկադիր կանգնեցնելու համար: Նշված միջոցները արգելվում է գործադրել`

1) մարդկանց փոխադրում իրականացնող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և մարդկանց տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների նկատմամբ.

2) մոտոցիկլների, մոտոսայլակների և մոպեդների նկատմամբ.

3) լեռնային ճանապարհներին կամ ճանապարհի սահմանափակ տեսանելիությամբ հատվածներում.

4) երկաթուղային գծանցներում, թունելներում, կամուրջների, ուղետարների և էստակադաների վրա:

15. Պահնորդական շները օգտագործվում են իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս, հանցագործություն կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելիս հոգեբանաֆիզիոլոգիական ազդեցության միջոցով կանխարգելիչ և վնասազերծող գործողություններ իրականացնելու համար: Արգելվում է պահնորդական շների օգտագործումը տրանսպորտի, կապի և այլ կազմակերպությունների աշխատանքը կազմալուծող զանգվածային անկարգությունների և խմբակային գործողությունների խափանման ընթացքում:

 

IV. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

16. Հատուկ միջոցները /բացի պահնորդական շներից/ պահվում են թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության պահասենյակներում` համապատասխան արկղերում կամ դարակաշարերի վրա, գործարանային փաթեթավորման մեջ: Հատուկ միջոցների պահպանության համար անմիջական պատասխանատվություն է կրում թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակված անձը:

17. Հատուկ միջոցները պահպանվում են մինչև դրանց մարտավարատեխնիկական տվյալներով նախատեսված ժամկետի լրանալը:

18. Արգելվում է ժամկետանց և շահագործման համար ոչ պիտանի հատուկ միջոցների օգտագործումը:

19. Ժամկետանց և շահագործման համար ոչ պիտանի հատուկ միջոցների վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն: Նշված հատուկ միջոցները և արձանագրությունը հանձնվում են ոստիկանությանը, որից հետո ոչնչացվում են սահմանված կարգով:

 

VI. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

20. Հատուկ միջոցները հատկացվում են հատուկ միջոցների հաշվառման մատյանում (հավելված 1 ձև, կցվում է) գրառում կատարելուց հետո` ստացողի ստորագրությամբ:

21. Հատուկ միջոցների օգտագործման ավարտից հետո պահնորդը (թիկնապահը) դրանք հանձնում է թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության պահասենյակների պահպանության համար պատասխանատու անձին:

 

 

Հավելված 1

Պահնորդների և թիկնապահների կողմից

իրենց պարտականությունները կատարելիս

հատուկ միջոցների մարտավարական

գործադրման կարգի

 

Ձև

 

Հատուկ միջոցների հաշվառման մատյան

 

Հ/հ

Հատուկ միջոցի անվանումը

Հատկացնելու ամսաթիվը, ժամը

Քանակը

Ստացողի անունը, ազգանունը և ստորա-գրությունը

Հատկացնողի անունը, ազգանունը և ստորա-գրությունը

Վերադարձ-նելու ամսաթիվը, ժամը

Հանձնողի անունը, ազգանունը և ստորա-գրությունը

Ընդունողի անունը, ազգանունը և ստորա-գրությունը

Օգտա-գործման ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.08.2024, թիվ 5-Ն 02.09.2024, թիվ 15-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան