«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 սեպտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11412352
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
20 սեպտեմբերի 2012 թ. ք. Երևան |
N 93-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎԱԾ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԺԱՄԱՎՃԱՐՈՎ՝ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 97-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշման 2.13-րդ կետով սահմանված պահանջները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության տրամադրման աճուրդի կազմակերպման կանոնակարգը՝ համաձայն հավելված N 1-ի:
2. Հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կնքված՝ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության, ինչպես նաև ժամավճարով՝ օգտագործման իրավունքի պայմանագրերի հաշվառման կարգը` համաձայն հավելված N 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված), ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի (տարածքի) մեկ տարուց ավելի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի կանոնակարգը հաստատելու մասին» N 97-Ն հրամանը:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարին:
Ա. Սահակյան |
Հավելված N 1 Հաստատված է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2012 թ. սեպտեմբերի 20-ի N 93-Ն հրամանով |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված), այդ թվում նաև՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման (այսուհետ` գույքի վարձակալության) աճուրդի կանոնակարգը:
2. Գույքի վարձակալության աճուրդի դեպքում բացի գույքի վարձավճարի չափից այլ չափանիշներ ենթակա չեն սակարկման:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված), իսկ պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը մինչև մեկ տարի ժամկետով աճուրդով վարձակալության տրամադրման նպատակով կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ղեկավարի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն (այսուհետ` վարչություն) ներկայացված հայտի ընդունման (չմերժելու) դեպքում, գույքի վարձակալության տրամադրման աճուրդի անցկացման վերաբերյալ առաջարկությունը ներկայացնում է վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչությունը:
4. Գույքի վարձակալության աճուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնակարգին համապատասխան կազմակերպում և անցկացնում է վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հրամանով նշանակված աճուրդի կազմակերպիչը (այսուհետ` Կազմակերպիչ):
II. ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ
5. Կազմակերպիչ պետք է լինեն առնվազն 5 հոգի:
6. Գույքի վարձակալության աճուրդ կազմակերպելու վերաբերյալ համապատասխան առաջարկություն ստանալուց հետո կազմակերպիչը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը և համապատասխան զեկուցագրով ներկայացնում է վարչություն` հրապարակելու համար:
7. Սույն կանոնակարգի 6-րդ կետում նշված աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում կազմակերպիչը ընդունում է աճուրդի մասնակցության հայտերը (ըստ սահմանված N 1 ձևի), կազմում և անցկացնում է գույքի վարձակալության աճուրդը, ինչպես նաև որոշում գույքի վարձակալության աճուրդի հաղթողին:
8. Կազմակերպչի գործունեությունն իրավազոր է կազմակերպչի անդամների թվի 2/3-ի մասնակցության դեպքում: Աճուրդին մասնակցող անդամների թվի 2/3-ից պակաս լինելու դեպքում կազմակերպչի գործունեությունն իրավազոր չէ, որի մասին տեղեկացվում են աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետներում աճուրդի մասնակցության հայտ ներկայացրած բոլոր անձինք:
9. Կազմակերպիչն իրավասու է գույքի վարձակալության աճուրդի արդյունավետ իրականացման նպատակով գույքի վարձակալության աճուրդը նախապատրաստելու և կազմակերպելու համար ընդգրկել մասնագիտացված կազմակերպություն(ներ) (համաձայնությամբ):
10. Կազմակերպչի գործունեությունը համարվում է դադարած աճուրդի վերջնական արդյունքներն ամփոփելուց և այդ մասին արձանագրություն կազմելուց և վարչություն ներկայացնելուց հետո:
III. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
11. Գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է հրապարակվի աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ:
12. Գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
1) աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը.
2) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը).
3) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն).
4) աճուրդի ձևը և անցկացման կարգը.
5) աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի (լոտերի) անվանումը, լոտի նկատմամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը) և (կամ) արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային գինը, լոտի իրավունք լինելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև էական այլ պայմանները.
6) աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես.
ա. նախավճարի մուծումը հաստատող փաստաթուղթը (անդորրագիրը),
բ. իրավաբանական անձանց համար` գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները, իսկ քաղաքացիների համար՝ անձնագրի և սոցիալական քարտի պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ. հայտատուի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը).
7) աճուրդում հաղթողին որոշելու կարգը.
8) կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, ինչպես նաև վճարման կարգը և ժամկետները.
9) լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը և վայրը.
10) ընդհանուր աճուրդի դեպքում` լոտերի վաճառքի հերթականությունը.
11) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը.
12) աճուրդի մասնակցության նախավճարների չափը (մասնակցության նախավճարի չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետի համաձայն հաշվարկված` գույքի (տարածքի) առնվազն մեկ ամսվա վարձավճարի նվազագույն չափով), ինչպես նաև նախավճարի վճարման կարգը և ժամկետները, աճուրդում հաղթող չճանաչվելու դեպքում նախավճարի հետ վերադարձման կարգը։
Աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ կարող են սահմանել լրացուցիչ փաստաթղթեր։
13. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերի ընդունումը դադարում է գույքի վարձակալության աճուրդը սկսելուց 1 (մեկ) աշխատանքային օր առաջ ժամը 1300-ին:
14. Գույքի վարձակալության աճուրդի պայմանների փոփոխման դեպքում կազմակերպիչը օրենքով սահմանված կարգով պարտավոր է անհապաղ կատարել աճուրդի մասին հրապարակային ծանուցման համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ այն ձևով, ինչպես կատարվել է գույքի վարձակալության աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Հրապարակային ծանուցման փոփոխությամբ թույլատրվում է կատարել լրացում, եթե դրանով չեն փոփոխվում աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:
Գույքի վարձակալության աճուրդի էական պայմանների փոփոխման դեպքում անհրաժեշտ է կատարել նոր հրապարակային ծանուցում` նախկին ծանուցումը հայտարարելով չեղյալ:
IV. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
15. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերը ներկայացվում են գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում:
16. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերը` աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով, ներկայացվում են անձամբ կամ փոստով` պատվիրված նամակով:
17. Գույքի վարձակալության աճուրդի հայտատուները հրապարակային ծանուցմամբ սահմանված կարգով, չափով ու ժամկետներում մուծում են գույքի վարձակալության աճուրդի մասնակցության նախավճար՝ այդ նպատակով բացված աճուրդի մասնակցության նախավճարի դրամային հաշվին:
18. Գույքի վարձակալության աճուրդին մասնակցության իրավունք ձեռք բերած սուբյեկտները գնում են մասնակցի տոմս, որում նշված համարով հանդես են գալիս աճուրդում:
19. Գույքի վարձակալության աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար կարող են վաճառվել դիտորդի տոմսեր:
20. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցի տոմսերի վաճառքը դադարեցվում է գույքի վարձակալության աճուրդի սկզբից երկու ժամ առաջ, իսկ դիտորդի տոմսերի վաճառքը շարունակվում է մինչև գույքի վարձակալության աճուրդի սկսվելը:
21. Գույքի վարձակալության աճուրդին կարող են մասնակցել հայտ ներկայացնողները կամ նրանց կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձինք:
22. Գույքի վարձակալության աճուրդում հաղթող ճանաչված հայտատուի նախավճարն ընդգրկվում է մասնակցի կողմից առաջարկված վարձավճարի մեջ:
23. Աճուրդի արդյունքների ամփոփման մասին արձանագրությունը ստորագրելուց հետո կազմակերպիչը գույքի վարձակալության աճուրդում հաղթող ճանաչված անձին տրամադրում է լոտի գինը վճարելու համար հանձնարարագիր /այսուհետ՝ հանձնարարագիր/, որը ստանալուց հետո հաղթող ճանաչված անձը 1 (մեկ) ժամվա ընթացքում վճարում է իր առաջարկած երեք ամսվա վարձավճարի և նախավճարի տարբերություն կազմող գումարը, ընդ որում՝ սույն կետով սահմանված ժամկետում վճարումը չկատարելու դեպքում տվյալ մասնակիցը զրկվում է աճուրդին մասնակցելու իրավունքից, իսկ գույքի աճուրդը վերսկսվում է մեկնարկային գնից:
24. Եթե հանձնարարագիրը ստանալուց հետո հաղթող ճանաչված անձը չի վճարում լոտի գինը սույն կանոնակարգի 23-րդ կետում նշված ժամկետում, ապա հաղթող ճանաչված անձի կողմից աճուրդին մասնակցելու համար վճարված նախավճարը /այսուհետ՝ նախավճար/ չի վերադարձվում, իսկ աճուրդը համարվում է չկայացած:
25. Գույքի վարձակալության աճուրդում հաղթող չճանաչված մասնակիցները 10-օրյա ժամկետում կարող են դիմել վարչություն` աճուրդի մասնակցության նախավճարի վերադարձման համար, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տրվում է աճուրդի մասնակցության նախավճարի հետ վերադարձման հայտ: Սահմանված ժամկետում դիմում չներկայացնելու դեպքում գույքի վարձակալության աճուրդի մասնակցության նախավճարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին:
V. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
26. Գույքի վարձակալության աճուրդն անց է կացնում աճուրդավարը, որը հրապարակում է վարձակալության առաջարկվող գույքը բնութագրող ցուցանիշները, գույքի մեկնարկային վարձավճարի չափը (որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետի համաձայն հաշվարկված` գույքի մեկ ամսվա վարձավճարի նվազագույն չափով), աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային վարձավճարի չափի 5 տոկոսից ոչ պակաս չափով:
27. Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իրեն տոմսին համապատասխանող համարը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված արժեքով գույքը վարձակալելու մասին:
28. Յուրաքանչյուր մասնակից կարող է գույքի իր կողմից առաջարկվող վարձավճարի չափը ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով, կամ քայլի չափից ոչ պակաս գումարով:
29. Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն վարձավճարի չափն առաջարկված մեկ թեկնածու, որից հետո աճուրդը դադարեցվում է:
30. Գույքի առավելագույն վարձավճարի չափ առաջարկած թեկնածուն աճուրդավարի կողմից 3-րդ անգամ առաջարկված վարձավճարի չափը հայտարարելուց հետո ճանաչվում է աճուրդի հաղթող:
31. Կազմակերպիչը 1 (մեկ)-օրյա ժամկետում աճուրդի արդյունքների ամփոփման մասին կազմում է արձանագրություն: Կազմակերպչի անդամի հատուկ կարծիք լինելու դեպքում այն ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:
32. Կազմակերպիչը գույքի վարձակալության աճուրդի արդյունքների մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է վարչությանը` ներկայացնելով աճուրդի արդյունքների մասին կազմված արձանագրությունը:
33. Կազմակերպչին աճուրդի մասնակիցների մասին հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց աճուրդի մասնակիցների համաձայնության:
VI. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ԿԱՄ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ
34. Գույքի վարձակալության աճուրդը համարվում է չկայացած, եթե`
1) աճուրդի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել,
2) բացակայում է գույքը մեկնարկային վարձավճարի չափով վարձակալելու համաձայնությունը,
3) գույքի վարձակալության աճուրդում հաղթող ճանաչված անձը (կամ նրա լիազորված ներկայացուցիչը) սահմանված ժամկետներում գույքի վարձակալության աճուրդի արդյունքների արձանագրությունը չի ստորագրել, հետագա վճարումները չի կատարել,
4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
35. Աճուրդն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով: Դատական կարգով աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է աճուրդի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը:
Ձև N 1
Հ Ա Յ Տ
ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
_______________________________________________________________________
(հայտը ներկայացնող անձի անվանումը, անունը, ազգանունը, գտնվելու (բնակության) վայրը)
1. Ծանոթանալով «____» _____________ 20___թ. կայանալիք աճուրդում վարձակալության
տրվող գույքի մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում ենք (եմ) մասնակցել
____________________________________________________ աճուրդին:
(գույքի (տարածքի) գտնվելու վայրը)
2. Աճուրդում հաղթելու դեպքում պարտավորվում ենք (եմ)`
կազմակերպչի կողմից տրված վճարման հանձնարարագիրը ստանալուց հետո 1 (մեկ) ժամվա ընթացքում վճարել և ներկայացնել վարձակալվող գույքի համար մեր (իմ) կողմից առաջարկված առնվազն երեք ամսվա վարձավճարի և մեկնարկային վարձավճարի տարբերություն կազմող գումարը:
3. Համաձայն ենք (եմ), որ սույն հայտի 2-րդ կետում նշված պայմանների չկատարման դեպքում մեր (իմ) մուծած նախավճարը չվերադարձվի:
4. Մեր (իմ) ռեկվիզիտներն են` ___________________________________________________________
___________________________________________________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու վայրը, հաշվի համարը, ֆիզիկական անձի բնակության վայրը, հեռախոսահամարը)
5. Կից ներկայացնում եմ.
1) հիմնադրի փաստաթղթերի և պետական գրանցման վկայականի պատճենները, պետական գրանցման համարը (իրավաբանական անձանց համար), իսկ քաղաքացիների համար՝ անձնագրի պատճենը, սոցիալական կամ նույնականացման քարտի պատճենը,
2) մուծված նախավճարի անդորրագիրը (տարածքի մեկ ամսվա նվազագույն վարձավճարի չափով, ____________ բանկի ___________________ հաշվի համարով),
3) հայտատուի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը):
Հայտատու (լիազոր ներկայացուցիչ) |
________________ (ստորագրությունը) |
______________________ (անունը, ազգանունը) |
«____» _______________ 20___թ.
Կ.Տ.
Հավելված N 2 Հաստատված է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2012 թ. սեպտեմբերի 20-ի N 93-Ն հրամանով |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎԱԾ՝ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԺԱՄԱՎՃԱՐՈՎ՝ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) կողմից մինչև մեկ տարի ժամկետով կնքված անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության, ինչպես նաև ժամավճարով տրամադրված՝ օգտագործման իրավունքի պայմանագրերի հաշվառումը:
2. Կազմակերպությունների կողմից մինչև մեկ տարի ժամկետով կնքված անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության, ինչպես նաև ժամավճարով տրամադրված գույքի օգտագործման իրավունքի պայմանագրերը (այսուհետ` պայմանագիր) ենթակա են հաշվառման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` վարչություն) կողմից:
3. Պայմանագրերի հաշվառման գործառույթն իրականացնում է վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչությունը:
4. Կազմակերպության կողմից կնքված վարձակալության պայմանագրի մեկ օրինակը` 30-օրյա ժամկետում, իսկ ժամավճարով տրամադրված գույքի օգտագործման իրավունքի պայմանագրի մեկ օրինակը` եռօրյա ժամկետում կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը ներկայացնում է վարչություն` հաշվառում իրականացնելու նպատակով:
5. Պայմանագրի լուծման դեպքում կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը եռօրյա ժամկետում վարչություն է ներկայացնում պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիրը` գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու համար:
6. Սույն կարգի դրույթները գործում են այնքանով, որքանով չեն հակասում այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթներին: Սույն կարգը չի տարածվում այն կազմակերպությունների վրա, որոնց ամրացված գույքի վարձակալության կամ օգտագործման իրավունքով տրամադրման համար Հայաստանի Հանրապետության օրենքով կամ կառավարության որոշմամբ սահմանված է այլ կարգ:
II. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
7. Պայմանագրերի հաշվառումը կատարվում է հաշվառման գրանցամատյանում ըստ սահմանված NN 1, 2 և 3 ձևերի:
8. Վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչությունը պայմանագիրը ստանալուց հետո եռօրյա ժամկետում կատարում է վարձակալության պայմանագրի և այն լուծելու մասին համաձայնագրի հաշվառումը՝ դրանք համարակալելով ըստ գրանցամատյանի հերթական համարի:
9. Պայմանագրերը պահպանվում են համարակալված թղթապանակներում, որոնց հաշվառման համարը համապատասխանում է պայմանագրերի հաշվառման համարին: Պայմանագրերի հաշվառման և պահպանման գործընթացի բարելավման նպատակով կարող են կիրառվել նաև համակարգչային ծրագրեր:
10. Գրանցամատյանի տեղեկատվությունը և գույքի վարձակալության մասին պայմանագրերի ու պայմանագրերը լուծելու մասին համաձայնագրերի պատճենները կարող են տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի գրավոր թույլտվությամբ:
11. Պայմանագրերն արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ձև N 1
Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից՝ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի մինչև մեկ տարի ժամկետով կնքված վարձակալության պայմանագրերի հաշվառման
Հաշվառման համարը |
Պայմանագրի կողմ հանդիսացող իրավաբանական անձի (ՊՈԱԿ-ի)անվանումը (Վարձատու) |
Պայմանագրի կողմ հանդիսացող իրավաբանական (ֆիզիկական) անձի անվանումը, անունը (Վարձակալ) |
Պայմանագրի առարկայի գտնվելու վայրը |
Պայմանագրի առարկան |
Պայմանագրի առարկայի մակերեսը (մ2 ) |
Պայմանագրի առարկայի (գույքի) ամսական վարձավճարի չափը՝ արտահայտված ՀՀ դրամով |
Պայմանագրի կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
Պայմանագրի գործողության ժամկետը |
Պայմանագիրը վաղաժամկետ լուծելու հիմքերը, համաձայնագրի կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1 |
|||||||||
2 |
|||||||||
3 |
|||||||||
4 |
|||||||||
5 |
Ձև N 2
Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կնքված՝ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված հողամասերի վարձակալության պայմանագրերի հաշվառման
Հաշվառման համարը |
Պայմանագրի կողմ հանդիսացող իրավաբանական անձի (ՊՈԱԿ-ի)անվանումը (Վարձատու) |
Պայմանագրի կողմ հանդիսացող իրավաբանական (ֆիզիկական) անձի անվանումը, անունը (Վարձակալ) |
Պայմանագրի առարկայի (հողամասի) գտնվելու վայրը |
Պայմանագրի առարկան |
Պայմանագրի առարկայի (հողամասի) մակերեսը (մ2 ) |
Հողամասի կադաստրային արժեքը, արտահայտված ՀՀ դրամով |
Պայմանագրի առարկայի (հողամասի) ամսական վարձավճարի չափը, արտահայտված ՀՀ դրամով |
Պայմանագրի կնքման ամսաթիվը, |
Պայմանագրի գործողության ժամկետը |
Պայմանագիրը վաղաժամկետ լուծելու հիմքերը, համա- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
1 |
||||||||||
2 |
||||||||||
3 |
||||||||||
4 |
||||||||||
5 |
Ձև N 3
Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից օգտագործման իրավունքի պայմանագրերին համապատասխան՝ ժամավճարով կնքված պայմանագրերի հաշվառման
Հաշվառման համարը |
Պայմանագրի կողմ հանդիսացող իրավաբանական անձի (ՊՈԱԿ-ի)անվանումը (Վարձատու) |
Պայմանագրի կողմ հանդիսացող իրավաբանական (ֆիզիկական) անձի անվանումը, անունը (Վարձակալ) |
Պայմանագրի առարկայի գտնվելու վայրը |
Պայմանագրի առարկան |
Պայմանագրի առարկայի մակերեսը (մ2 ), օգտագործման ժամերը |
Պայմանագրի առարկայի ամսական վճարի չափը, արտահայտված ՀՀ դրամով |
Պայմանագրի կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
Պայմանագրի գործողության ժամկետը |
Պայմանագիրը վաղաժամկետ լուծելու հիմքերը, համաձայնագրի կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1 |
|||||||||
2 |
|||||||||
3 |
|||||||||
4 |
|||||||||
5 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.05.2015, N 77-Ն | 25.06.2015, N 93-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|