«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մայիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 12512230
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
16 մայիսի 2012 թ. ք. Երևան |
N 134-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ ՁԵՎԻ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 1489-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 158-րդ կետով
Հրամայում եմ`
Սահմանել ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի ճառագայթային մոնիթորինգի համակարգի աշխատակարգի ձևի և բովանդակության վերաբերյալ պահանջները, համաձայն հավելվածի:
Ա. Մարտիրոսյան
Հավելված ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի 2012 թվականի մայիսի 16-ի N 134-Ն հրամանի |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ ՁԵՎԻ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն փաստաթղթով սահմանում են ատոմային էներգիայի օգտագործման առաջին և երկրորդ դասի օբյեկտների ճառագայթային մոնիթորինգի համակարգի աշխատակարգի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:
II. ՊԱՀԱՆՋՆԵՐ
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ ՁԵՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի ճառագայթային մոնիթորինգի համակարգի աշխատակարգը (այսուհետ` աշխատակարգ) պետք է բաղկացած է լինի հիմնական մասից և հավելվածներից: Հիմնական մասը պետք է բաղկացած լինի բաժիններից:
3. Աշխատակարգի տեքստային էջերը պետք է տպված լինեն Ա4 ձևաչափի թղթի մեկ կամ երկու երեսի վրա՝ կարդալու համար հարմար մասշտաբով: Սխեմաների և սարքավորումների ցանկերը կարող են տպվել Ա3 ձևաչափի թղթի վրա:
4. Աշխատակարգի բոլոր էջերը պետք է համարակալվեն արաբական թվանշաններով:
5. Աշխատակարգում կատարվող փոփոխությունները պետք է կատարվեն էջերի փոփոխման եղանակով՝ փոփոխությունների թերթում նշելով փոփոխության հիմքը և ժամանակը:
III. ՊԱՀԱՆՋՆԵՐ
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍ
ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
6. Բաժինը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
1) Աշխատակարգի նպատակը.
2) Աշխատակարգի գործողության ոլորտը.
3) Աշխատակարգում օգտագործված հասկացությունները և հապավումները:
7. Աշխատակարգում օգտագործվող չափման մեծությունների միավորները պետք է համապատասխանեն «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:
ԲԱԺԻՆ 2. ՕԲՅԵԿՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
8. Բաժնում պետք է.
1) ներկայացվի օբյեկտի անձնակազմի դասակարգումն ըստ ճառագայթահարման: Անձնակազմի դասակարգումը պետք է ներկայացվի աղյուսակի ձևով` նշելով պաշտոնները կամ աշխատանքները և դրանց համապատասխան կատեգորիան.
2) նկարագրվի անձնակազմի մասնագիտական ճառագայթահարման մոնիթորինգի իրականացման կարգը.
3) նկարագրվեն անձնակազմի մասնագիտական ճառագայթահարման մոնիթորինգի համար օգտագործվող սարքերը կամ համակարգերը և ներկայացվեն դրանց հիմնական բնութագրերը.
5) հղում կատարվի օբյեկտի կողմից մշակված և գործողության մեջ դրված իրավական ակտերի վրա, որոնց համապատասխան պետք է իրականացվի անձնակազմի մասնագիտական ճառագայթահարման մոնիթորինգի համար օգտագործվող սարքերի կամ համակարգերի կարգաբերումը, պարբերական ստուգումը և շահագործումը:
9. Եթե անձնակազմի մասնագիտական ճառագայթահարման մոնիթորինգի համար օգտագործվում են երկու և ավելի միմյանցից տարբեր համակարգեր, բաժնում պետք է ներկայացվեն դրանց օգտագործման դեպքերն ու կարգը:
10. Բաժնում պետք է նկարագրվի չափումների արդյունքների գրառման կարգը:
ԲԱԺԻՆ 3. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԱՐՏԱՀՈՍՔԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
11. Բաժնում պետք է.
1) նկարագրվի օբյեկտից ռադիոակտիվ արտանետումների ու արտահոսքերի մոնիթորինգի իրականացման կարգը.
2) նկարագրվեն օբյեկտից ռադիոակտիվ արտանետումների ու արտահոսքերի մոնիթորինգի համար օգտագործվող սարքերը կամ համակարգերը և ներկայացվեն դրանց հիմնական բնութագրերը.
3) ներկայացվի խափանված սարքերի և համակարգերի վերանորոգման կարգը և սահմանվի այդ սարքերի ու համակարգերի աշխատանքի մեջ չլինելու առավելագույն թույլատրելի ժամանակը:
12. Եթե օգտագործվում են օբյեկտից ռադիոակտիվ արտանետումների ու արտահոսքերի մոնիթորինգի համակարգեր, ապա պետք է ներկայացնել դրանց սկզբունքային սխեման և տեղեկություններ այդ համակարգերն արտադրողի, տիպի, օգտագործվող համակարգչային ծրագրերի վերաբերյալ: Պետք է նկարագրվի խափանված սարքերի և համակարգերի վերանորոգման կարգը և սահմանվի այդ սարքերի ու համակարգերի աշխատանքի մեջ չլինելու առավելագույն թույլատրելի ժամանակը:
13. Բաժնում պետք է հղում կատարվի օբյեկտից ռադիոակտիվ արտանետումների ու արտահոսքերի մոնիթորինգի համար օգտագործվող սարքերի կարգաբերման, պարբերական ստուգման և շահագործման հրահանգների վրա:
14. Պետք է ներկայացվեն օբյեկտից թույլատրելի ռադիոակտիվ արտահոսքերն ու արտանետումները, ինչպես նաև դրանց գրանցման մակարդակները: Պետք է հղում կատարվի այն իրավական ակտերի վրա (նորմեր, մեթոդիկաներ), որոնց համապատասխան հաշվարկված են թույլատրելի ռադիոակտիվ արտահոսքերն ու արտանետումները և դրանց հսկման մակարդակները:
15. Պետք է նկարագրվի հատուկ գազամաքրման համակարգը: Պետք է հղում կատարվի հատուկ գազամաքրման համակարգի շահագործման, էֆեկտիվության հսկման և սպասարկման հրահանգների վրա:
ԲԱԺԻՆ 4. ՕԲՅԵԿՏԻ ՀՍԿՄԱՆ ԳՈՏՈՒՄ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
16. Բաժնում պետք է նկարագրվի հսկման գոտու սենքերում գամմա-ճառագայթման հզորության մոնիթորինգի կարգը: Եթե հսկման գոտու սենքերում օգտագործվում են գամմա-ճառագայթման հզորության մոնիթորինգի համակարգեր, ապա պետք է ներկայացնել դրանց ընդհանուր սխեման և տեղեկություններ այդ համակարգերի արտադրողի, տիպի, հիմնական բնութագրերի, օգտագործվող համակարգչային ծրագրերի վերաբերյալ: Պետք է նկարագրվի խափանված սարքերի և համակարգերի վերանորոգման կարգը և սահմանվի այդ սարքերի ու համակարգերի աշխատանքի մեջ չլինելու առավելագույն թույլատրելի ժամանակը:
17. Բաժնում պետք է նկարագրվի հսկման գոտու սենքերում իներտ ռադիոակտիվ գազերի և ռադիոակտիվ աերոզոլների մոնիթորինգի կարգը: Եթե օգտագործվում են հսկման գոտու սենքերում գամմա-ճառագայթման հզորության մոնիթորինգի համակարգեր, ապա պետք է ներկայացնել դրանց սկզբունքային սխեման և տեղեկություններ այդ համակարգերի արտադրողի, տիպի, օգտագործվող համակարգչային ծրագրերի և այլնի վերաբերյալ: Պետք է նկարագրվի խափանված սարքերի և համակարգերի վերանորոգման կարգը և սահմանվի այդ սարքերի ու համակարգերի աշխատանքի մեջ չլինելու առավելագույն թույլատրելի ժամանակը:
18. Բաժնում պետք է նկարագրվի հսկման գոտում աշխատող անձնակազմի արտահագուստի և մաշկային ծածկույթների ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգի կարգը: Պետք է նշվեն անձնակազմի համազգեստի և մաշկային ծածկույթների ռադիոակտիվ աղտոտվածության հսկողության համար օգտագործվող սարքերի և սարքավորումների արտադրողը, տիպը, հիմնական բնութագրերը:
19. Բաժնում պետք է նկարագրվի հսկման գոտուց դուրս եկող անձնակազմի և տրանսպորտային միջոցների ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգի կարգը: Պետք է ներկայացվեն ռադիոակտիվ աղտոտվածության հսկողության համար օգտագործվող սարքերի և սարքավորումների արտադրողը, տիպը, հիմնական բնութագրերը և այլն: Պետք է ներկայացվի խափանված սարքերի և համակարգերի վերանորոգման կարգը և այդ սարքերի ու համակարգերի աշխատանքի մեջ չլինելու առավելագույն թույլատրելի ժամանակը:
20. Բաժնում պետք է նկարագրվի չափումների արդյունքների գրառման կարգը և կատարողները:
ԲԱԺԻՆ 5. ՕԲՅԵԿՏԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԳՈՏՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
21. Բաժնում պետք է նկարագրվի դիտարկման գոտում օբյեկտից շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգի կարգը և ծավալը (ինչպիսի փորձանմուշներ են վերցվում, ինչքան և ինչ հաճախականությամբ)։
22. Բաժնում պետք է ներկայացվեն քարտեզներ, որոնց վրա նշված լինեն՝
1) օդի, տեղումների, հողի, ջրի փորձանմուշների վերցման կետերը.
2) ստորգետնյա ջրերի ռադիոակտիվ աղտոտվածության հսկման հորերը (նշելով դրանց խորությունը).
4) դիտարկման գոտում գամմա-ճառագայթման հզորության և մակերեսային աղտոտվածության չափման կետերը:
23. Բաժնում պետք է նկարագրվեն դիտարկման գոտում օբյեկտից շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգի համար օգտագործվող ստացիոնար ու կրովի սարքերը: Եթե դիտարկման գոտում գամմա-ճառագայթման հզորության չափումն իրականացվում է ավտոմատ համակարգերի օգտագործմամբ, ապա պետք է ներկայացվի այդ համակարգի սխեման և նշվեն տվիչների տեղադրման վայրերը, ինչպես նաև տեղեկություններ դրանց արտադրողի, տիպի, օգտագործվող համակարգչային ծրագրերի և այլնի վերաբերյալ: Պետք է նկարագրվի խափանված սարքերի և համակարգերի վերանորոգման կարգը և սահմանվի այդ սարքերի ու համակարգերի աշխատանքի մեջ չլինելու առավելագույն թույլատրելի ժամանակը:
24. Բաժնում պետք է նկարագրվի փորձանմուշների վերցման, նախապատրաստման և չափման կարգը, ինչպես նաև հղում կատարվի փորձանմուշների վերցման, նախապատրաստման ու չափման հրահանգների վրա:
25. Բաժնում պետք է հղում կատարվի շրջակա միջավայրի ճառագայթային հսկողության համար օգտագործվող սարքերի կարգաբերման, պարբերական ստուգման և շահագործման հրահանգների վրա:
26. Բաժնում պետք է նկարագրվի չափումների արդյունքների գրառման կարգը:
ԲԱԺԻՆ 6. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
27. Բաժնում պետք է նկարագրվի.
1) տեխնոլոգիական ճառագայթային մոնիթորինգի նպատակը և հսկման ենթակա պարամետրերը.
2) անվտանգության պատվարների ամբողջականության հսկման համար ռադիոակտիվ իզոտոպների ակտիվության մոնիթորինգի կարգը: Պետք է տեղեկություններ ներկայացվեն ռադիոակտիվ իզոտոպների ակտիվության մոնիթորինգի համար օգտագործվող սարքերի և սարքավորումների արտադրողի, տիպի վերաբերյալ, նշվեն դրանց հիմնական բնութագրերը և այլն.
3) անընդհատ հսկողություն իրականացնող սարքերի ցուցումների ներկայացման տեղը (վահանակը և այլն)։
28. Եթե պատվարների ամբողջականության հսկման նպատակով օգտագործվում են ռադիոակտիվ իզոտոպների ակտիվության մոնիթորինգի համակարգեր, ապա պետք է ներկայացվի այդ համակարգերի սկզբունքային սխեման, տեղեկություններ ներկայացվեն դրանց արտադրողի, տիպի, օգտագործվող համակարգչային ծրագրերի և այլնի վերաբերյալ: Պետք է նկարագրվի խափանված սարքերի և համակարգերի վերանորոգման կարգը և սահմանվի այդ սարքերի ու համակարգերի աշխատանքի մեջ չլինելու առավելագույն թույլատրելի ժամանակը:
29. Բաժնում պետք է նկարագրվի չափումների արդյունքների գրառման կարգը:
ԲԱԺԻՆ 7. ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ (ՎԹԱՐԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ)
30. Բաժնում պետք է նկարագրվի.
1) ճառագայթային միջադեպերի դեպքում ճառագայթային մոնիթորինգի նպատակը և հսկման ենթակա պարամետրերը.
2) ճառագայթային միջադեպերի դեպքում ճառագայթային մոնիթորինգի համար նախատեսված ստացիոնար սարքերը և սարքավորումները կամ համակարգերը, իսկ եթե դրանք բնականոն շահագործման ռեժիմում արդեն օգտագործվում են` պետք է հղում կատարվի համապատասխան աշխատանքային հրահանգների վրա.
3) ճառագայթային միջադեպերի դեպքում շարժական խմբերի միջոցով օբյեկտի ներսում և դրա դիտարկման գոտում ճառագայթային մոնիթորինգի անցկացման կարգը, շարժական խմբերի քանակը, կազմը և հագեցվածությունը չափիչ սարքերով ու փորձանմուշների վերցման համար նախատեսված սարքավորումներով, փորձանմուշների վերցման և չափումների կատարման մեթոդիկաները.
4) շարժական խմբերի կողմից օգտագործվելիք չափիչ սարքերի և սարքավորումների արտադրողը, տիպը, հիմնական բնութագրերը և այլն։
31. Բաժնում պետք է նկարագրվի չափումների արդյունքների գրառման կարգը:
ԲԱԺԻՆ 8. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՐՏԱՀԱԳՈՒՍՏԻ, ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏԻ ԵՎ ՄԱՇԿԻ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
32. Բաժնում պետք է նկարագրվի.
1) անձնակազմի արտահագուստի, անձնական հագուստի և մաշկի ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգի նպատակը և հսկման ենթակա պարամետրերը.
2) մոնիթորինգի անցկացման կարգը: Պետք է տեղեկություններ ներկայացվեն մոնիթորինգի համար օգտագործվող սարքերի և սարքավորումների արտադրողի, տիպի, հիմնական բնութագրերի վերաբերյալ.
3) անընդհատ հսկողություն իրականացնող սարքերի ցուցումների ներկայացման տեղը (ղեկավարման վահանակը)։
ԲԱԺԻՆ 9. ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔ ՄՏՆՈՂ ԿԱՄ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵԿՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
33. Բաժնում պետք է նկարագրվի.
1) օբյեկտի տարածք մտնող կամ օբյեկտի տարածքից դուրս եկող տրանսպորտային միջոցների մոնիթորինգի նպատակը և հսկման ենթակա պարամետրերը.
2) մոնիթորինգի անցկացման կարգը: Պետք է տեղեկություններ ներկայացվեն մոնիթորինգի համար օգտագործվող սարքերի ու սարքավորումների տիպի և հիմնական բնութագրերի վերաբերյալ:
ԲԱԺԻՆ 10. ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
34. Բաժնում պետք է.
1) նկարագրվի պացիենտների ճառագայթահարման մոնիթորինգի իրականացման կարգը.
2) նկարագրվեն անձնակազմի մասնագիտական ճառագայթահարման մոնիթորինգի համար օգտագործվող սարքերը կամ համակարգերը և ներկայացվեն դրանց հիմնական բնութագրերը.
3) հղում կատարվի այն հրահանգների վրա, որոնց համապատասխան պետք է իրականացվի անձնակազմի մասնագիտական ճառագայթահարման մոնիթորինգի համար օգտագործվող սարքերի կամ համակարգերի կարգաբերումը, պարբերական ստուգումը և շահագործումը։
35. Եթե անձնակազմի մասնագիտական ճառագայթահարման մոնիթորինգի համար օգտագործվում են երկու և ավելի միմյանցից տարբեր համակարգեր, բաժնում պետք է ներկայացվեն դրանց օգտագործման դեպքերն ու կարգը:
ՀԱՎԵԼՎԱԾ N 1. ՕԲՅԵԿՏԻՑ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՐՏԱՀՈՍՔԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՔՆՆՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ
36. Հավելվածում պետք է հղում կատարվի այն իրավական ակտերի վրա, որոնցով հաստատված են օբյեկտից թույլատրելի արտանետումներն ու արտահոսքերը և դրանց քննման մակարդակները:
37. Հավելվածում աղյուսակների ձևով պետք է ներկայացվեն.
1) օբյեկտից ռադիոակտիվ գազերի և աերոզոլների թույլատրելի տարեկան արտանետումները և ռադիոակտիվ ջրերի արտահոսքերը.
2) օբյեկտից ռադիոակտիվ գազերի և աերոզոլների մթնոլորտ ամսական արտանետումների ու ռադիոակտիվ ջրերի ամսական արտահոսքերի քննման մակարդակները.
3) օբյեկտից ռադիոակտիվ գազերի և աերոզոլների մթնոլորտ օրական արտանետումների քննման մակարդակները:
ՀԱՎԵԼՎԱԾ N 2. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՄԱՆ ԴՈԶԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ՔՆՆՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
38. Հավելվածում աղյուսակի ձևով պետք է ներկայացվեն անձնակազմի մասնագիտական ճառագայթահարման դոզաների սահմանային արժեքները (համաձայն ՀՀ կառավարության 2006 թ. օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն որոշման), քննման մակարդակները և անձնակազմի մասնագիտական ճառագայթահարման դոզաների մոնիթորինգի պարբերականությունը:
ՀԱՎԵԼՎԱԾ N 3. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏԻ ՈՒ ՄԱՇԿԱՅԻՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
39. Հավելվածում աղյուսակի ձևով պետք է ներկայացվեն անձնակազմի անձնական հագուստի և մաշկային ծածկույթի ռադիոակտիվ աղտոտվածության սահմանային արժեքները (համաձայն ՀՀ կառավարության 2006 թ. օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 1489-Ն որոշման), քննման մակարդակները և անձնակազմի անձնական հագուստի և մաշկային ծածկույթի ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգի պարբերականությունը:
ՀԱՎԵԼՎԱԾ N 4. ՕԲՅԵԿՏԻ ՀՍԿՄԱՆ ԳՈՏՈՒՑ ԴՈՒՐՍ ԵԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՆ ՈՒ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
40. Հավելվածում աղյուսակի ձևով պետք է ներկայացվեն օբյեկտի հսկման գոտուց դուրս եկող անձնակազմի և տրանսպորտային միջոցների ռադիոակտիվ աղտոտվածության սահմանային արժեքները (համաձայն ՀՀ կառավարության 2006 թ. օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 1489-Ն որոշման), քննման մակարդակները և օբյեկտի հսկման գոտուց դուրս եկող անձնակազմի և տրանսպորտային միջոցների ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգի պարբերականությունը:
ՀԱՎԵԼՎԱԾ N 5. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱԳՈՒՍՏԻ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
41. Հավելվածում աղյուսակի ձևով պետք է ներկայացվեն անձնակազմի աշխատանքային հագուստի ռադիոակտիվ աղտոտվածության սահմանային արժեքները (համաձայն ՀՀ կառավարության 2006 թ. օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 1489-Ն որոշման), քննման մակարդակները և անձնակազմի աշխատանքային հագուստի ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգի պարբերականությունը:
ՀԱՎԵԼՎԱԾ N 6. ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
42. Հավելվածում պետք է ներկայացվի օբյեկտի ղեկավարի կողմից հաստատված՝ ճառագայթային մոնիթորինգի որակի ապահովման ծրագիրը:
ՀԱՎԵԼՎԱԾ N 7. ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ (ԼԱՎԱՐԿՄԱՆ) ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
43. Հավելվածում պետք է ներկայացվի օբյեկտի ղեկավարի կողմից հաստատված՝ ճառագայթային անվտանգության օպտիմալացման (լավարկման) միջոցառումների ծրագիրը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|