«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 օգոստոսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11012312
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 հուլիսի 2012 թ. |
N 753-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և ՀՀ պետական բուհերի տվյալ տարվա հեռակա ուսուցման համակարգի ընդունելությունը կազմակերպված անցկացնելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման ընդունելության կանոնները՝ համաձայն հավելվածի:
2. Հեռակա ուսուցմամբ ընդունելություն իրականացնող ՀՀ պետական բուհերի ռեկտորներին՝
1) մինչև օգոստոսի 8-ը բուհերում ստեղծել դիմորդների գործերն ընդունող հանձնաժողովներ, համաձայնեցված նախարարության հետ նշանակել պատասխանատու քարտուղարներ (տեղակալներ),
2) մինչև օգոստոսի 2-ը նախապատրաստել փաստաթղթերի ընդունման համար նախատեսված սենյակներ (փակցնել բուհերի հեռակա ընդունելության կանոնները, մասնագիտությունների ցանկը՝ համապատասխան քննություններով և տեղերի քանակով),
3) բուհերում սահմանել հերթապահություն՝ փաստաթղթերի ընդունման և քննությունների անցկացման ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում անհրաժեշտ կարգ ու կանոն ապահովելու համար, ստեղծել սննդի և բժշկական սպասարկման կետեր:
3. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (վարչության պետ` Ռ. Սուքիասյան), իրավաբանական վարչությանը (վարչության պետ` Վ. Բավեյան). սահմանված կարգով սույն կանոնները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Ա. Աշոտյան |
Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի հուլիսի 27-ի N 753-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնները կարգավորում են Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ բուհերը) հեռակա ուսուցման ընդունելության գործընթացի հարաբերությունները՝ համաձայն ՀՀ կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի N 1038-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկի:
2. Հեռակա ուսուցում իրականացնող բուհերում ներդրվող մասնագիտությունների ցանկը և հատկացվող տեղերի քանակը հաստատվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով:
3. Հեռակա ուսուցում իրականացնող բուհը, համաձայն սույն կանոնների, տալիս է իր հայտարարությունը:
4. Հայաստանի Հանրապետության պետական բուհեր հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք` առանց տարիքի սահմանափակման:
II. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
5. Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները (այսուհետ՝ քննություններ) կազմակերպում է բուհը: Քննությունների կազմակերպումը և անցկացումը վերահսկում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):
6. Դիմորդներն իրենց ընտրությամբ կարող են հայտագրել և մասնակցել միայն տվյալ քաղաքի մեկ բուհի մեկ մասնագիտության ուսուցման մրցույթին` հանձնելով այդ մասնագիտության համար սահմանված քննությունները: Ընդունելության մրցույթը կատարում է յուրաքանչյուր բուհ՝ ըստ մասնագիտությունների հատկացված տեղերի և միավորների:
7. Քննատախտակով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննության չներկայացած դիմորդներին չի թույլատրվում մասնակցել տվյալ առարկայի քննությանը: Հարգելի պատճառով (փաստաթղթով հաստատված) քննության չներկայացած դիմորդներին հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել:
8. Ընդունելության քննությունների փաստաթղթերը հանձնելիս դիմորդը վճարում է 1500 դրամ` փաստաթղթերի ընդունման և ձևակերպման համար: Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Ընդունելության քննությունների վճարից ազատվում են նպատակային տեղերի մրցույթի հավակնորդները և սույն կանոնների 27-28-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից՝ քննության համար վճարված գումարը չի վերադարձվում: Դիմորդի քննությունների ժամանակացույցը կախված չէ փաստաթղթերը հանձնելու օրից:
9. Դիմորդների` քննություններին, ըստ մասնագիտությունների մրցույթին մասնակցելու դիմում-հայտերը և ընդունելության քննությունների վճարը ընդունում է համապատասխան բուհը:
10. Քննությունների վերահանձնում չի թույլատրվում:
III. ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ
11. Ընդունելությունը բուհերում կատարվում է`
1) նպատակային` ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատող բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների համար: Մրցույթով անցած դիմորդների հետ կնքվում է եռակողմ պայմանագիր (դիմորդ-բուհ-մարզպետարան) ուսումնառության շրջանում համապատասխան դպրոցում աշխատելու վերաբերյալ,
2) ըստ մասնագիտությունների հատկացված տեղերի, ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից հաստատված քննությունների ցանկի և սույն կանոնների համաձայն:
12. Հանրակրթական առարկաներից քննությունները համապատասխան բուհերում անցկացնում են բուհի կողմից ներկայացված և նախարարի կողմից հաստատված առարկայական հանձնաժողովները՝ առկա ուսուցման առարկայական ծրագրերով և գիտելիքների գնահատման չափանիշներով:
13. Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների քննություններն անց են կացվում տվյալ բուհի մշակած և Նախարարի հաստատած մասնագիտական ծրագրերով և գնահատման չափանիշներով:
14. Քննությունների քանակը սահմանվում է երկու մրցութային քննությունից ոչ պակաս:
15. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում ութ և բարձր միավորները: Մինչև ութ միավորի դեպքում գնահատականը ամբողջացվում է (կլորացվում է, օրինակ` 7.5 միավորը հավասարվում է 8.0 միավորի) հօգուտ դիմորդի` ապահովելով դրական միավորի վաստակումը: Ութից բարձր միավորները գնահատվում են տասնորդական մասի պահպանումով` տվյալ առարկայի գնահատման չափանիշներով սահմանված քայլերին համապատասխան: Մրցույթին մասնակցում են այն դիմորդները, ովքեր տվյալ մասնագիտության համար նախատեսված քննություններից ստացել են դրական միավորներ:
16. Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն, պարսկերեն լեզուներ), և «Մաթեմատիկա» առարկաների միջնակարգ լրիվ ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող հաստատության միասնական քննության և կենտրոնացված համակարգով հանձնած քննությունների դրական գնահատականները՝ իրենց ցանկությամբ: Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաև տվյալ տարվա կենտրոնացված և միասնական կարգով հանձնած քննական առարկայի/ների գնահատականը/ները, տվյալ առարկայից/ներից հանձնել քննություն: Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում հանձնած քննության արդյունքը:
17. Այն մասնագիտությունների գծով, որոնց քննությունների անվանացանկում առարկաները նշված են մեկ և երկու աստղանիշով, մրցույթին մասնակցելու համար.
1) մրցութային և ոչ մրցութային քննությունների գնահատականներ են համարվում միջնակարգ կրթության ատեստատի, միջին մասնագիտական (հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով) կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական (հիմնական ընդհանուր կրթության հիմքով) ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի տվյալ առարկաների պետական ավարտական քննական գնահատականները, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը.
2) 10 միավորային համակարգով տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`
ա. «4»-ը, «5»-ը և «6»-ը համարժեք են 13 միավորին,
բ. «7»-ը և «8»-ը համարժեք են 17 միավորին,
գ. «9»-ը և «10»-ը համարժեք են 20 միավորին.
3) միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի 5 միավորային համակարգով գնահատված տարեկան, քննական գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`
ա. «3»-ը համարժեք է 13 միավորին,
բ. «4»-ը համարժեք է 17 միավորին,
գ. «5»-ը համարժեք է 20 միավորին։
4) «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն, պարսկերեն լեզուներ) և «Մաթեմատիկա» առարկաների միասնական քննություններ չհանձնած դիմորդները քննություն են հանձնում բուհում համապատասխան առարկաների միասնական քննություններին ներկայացվող պահանջներին համապատասխան:
18. Նպատակային տեղերի մրցույթը իրականացվում է միայն ՀՀ միջնակարգ դպրոցներում որպես ուսուցիչ` առնվազն 1 տարի աշխատող դիմորդների միջև` նրանց կողմից վաստակած դրական միավորների հիման վրա:
19. Մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում՝
1) տվյալ մասնագիտությամբ աշխատող դիմորդներին,
2) բոլոր տարիների մեդալակիր-դիմորդներին,
3) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,
4) բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին,
5) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին,
6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:
20. Մրցույթի արդյունքները հաստատում է ՀՀ կրթության և գիտության նախարարը: Մրցույթով անցած դիմորդների պաշտոնական /հաստատված/ ցուցակները հանձնվում են բուհերին հրամանագրման համար: Թափուր տեղեր առաջանալու դեպքում, այդ տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների և քննությունների ցանկում երկու աստղանիշերով նշված առարկաների համար որպես մրցութային գնահատական, կարող են դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:
21. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից գնահատական չունեցող դիմորդները (Ա և Ա+Բ տարբերակները չհանձնած) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական (գրավոր) քննության փոխարեն կարող են քննություն հանձնել որևէ օտար լեզվից՝ միասնական (գրավոր) (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն, պարսկերեն), ընդ որում`
1) «030700 - Միջազգային հարաբերություններ», «030600 - Լրագրություն», «031000 - Հայոց լեզու և գրականություն», «051000 - Մանկավարժություն և հոգեբանություն», «051100 - Մանկավարժություն և մեթոդիկա», «051300 - Սոցիալական մանկավարժություն», «051500 - Հատուկ կրթության մանկավարժություն և հոգեբանություն», «032300 - Թարգմանչական գործ» մասնագիտությունների դեպքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական (գրավոր) քննությունը պարտադիր է.
2) «031100 - Լեզվաբանություն, ռուսաց լեզու», «032400 - Ռուսաց լեզու և գրականություն» (Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան), «031200 - Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն` ռուսաց լեզու» (Երևանի պետական համալսարան) մասնագիտությունների համար սահմանված «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական (գրավոր) քննության փոխարեն դիմորդները կարող են քննություն հանձնել օտար լեզվից` կենտրոնացված բանավոր քննություն.
3) «032400 - Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության համար սահմանված «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական (գրավոր) քննության փոխարեն դիմորդները կարող են միասնական (գրավոր) քննություն հանձնել «Օտար լեզու» առարկայից:
22. «030700 - Միջազգային հարաբերություններ», «031200 - Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն)», «031300 - Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն)», «030800 - Արևելագիտություն (արաբագիտություն, իրանագիտություն, թուրքագիտություն)», «032300 - Թարգմանչական գործ», «080000 - Տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությունների խմբի, «200400 - Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացում» (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), «311102 - Սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում», «311112 - Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում», «311105 - Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն (գյուղարտադրության և պարենամթերքի)», «311103 - Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ», «311107 - Ագրոբիզնես և շուկայաբանություն», «310111 - Ագրոպարենային համակարգի խորհրդատվություն և տեղեկատվություն», «310112 - Ապահովագրական գործ (ագրոպարենային համակարգի)», «310110 - Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում», «311101 - Ագրոպարենային արտադրության էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությունների համար «Օտար լեզու» առարկայի միասնական քննությունը պարտադիր է, եթե ցանկով այլ քննություն նախատեսված չէ:
23. Ռուսերեն ուսուցմամբ դպրոցի շրջանավարտները քննությունները կարող են հանձնել ռուսաց լեզվով (բացառությամբ հայերեն և օտար լեզուների քննությունների):
24. Բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի բողոքարկելու առարկայական քննական հանձնաժողովի նախագահին առանց քննասենյակից դուրս գալու, իսկ գրավոր քննության գնահատականը՝ այն հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում: Գրավոր քննության գնահատականները բուհերը հայտնում են հաջորդ օրը, ոչ ուշ, քան մինչև ժամը 1600 :
25. Քննությունների ընթացքում ծագած վեճերը լուծում է բուհի ընդունող հանձնաժողովը:
26. Բուհերի ընդունող հանձնաժողովների, առարկայական քննական հանձնաժողովների և ընդունելությանն առնչվող մյուս ծառայությունների փոխհարաբերությունները կանոնակարգվում են նախարարության կողմից հաստատված ՀՀ պետական բուհերի հեռակա ուսուցման ընդունելության կանոններով:
IV. ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27. Սույն կետում նշված կարգավիճակ ունեցող դիմորդները բուհ ընդունվելու դեպքում օգտվում են օրենքներով սահմանված ուսման վարձի լրիվ փոխհատուցման իրավունքից՝
1) 1-ին ու 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, համաձայն բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից տրված եզրակացության.
2) առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:
28. Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, պետական բյուջեի միջոցների հաշվին, մրցույթից դուրս, ընդունվում են ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:
29. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ են ընդունվում մրցույթից դուրս, ըստ մասնագիտությունների նախարարության կողմից հաստատված տեղերի:
30. Դիմորդի կողմից նախընտրած բուհի նախապատրաստական դասընթացներն ավարտած դիմորդները բուհ են ընդունվում մրցույթից դուրս, ավարտական քննությունների գնահատականներով, ըստ մասնագիտությունների նախարարության կողմից հաստատված տեղերի մինչև 20 % չափով:
V. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
31. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են տվյալ տարվա օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 20-ը: Փաստաթղթերի ընդունման ժամկետը կարող է երկարաձգվել ՀՀ ԿԳ նախարարի հրամանով: Քննություններն անց են կացվում սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 20-ը: Ուսանողների հրամանագրումը կատարվում է մինչև հոկտեմբերի 25-ը:
32. Դիմումի հետ ներկայացվում են`
1) միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),
2) 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
4) զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
5) սույն կանոնների 27-28-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու մասին, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին),
6) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները,
7) նպատակային տեղերի մրցույթին մասնակցելու համար համապատասխան մարզպետարանի ուղեգիր, Հայաստանի պետական ագրարային համալսարանի նպատակային տեղերում ընդունվող դիմորդները ներկայացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից տրվող համապատասխան գործուղման ձև,
8) քաղվածք աշխատանքային գրքույկից (գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում աշխատողները ներկայացնում են տեղեկանք գյուղական համայնքից)՝ սույն կետը վերաբերում է միայն Հայաստանի պետական ագրարային համալսարանի դիմորդներին,
9) տեղեկանք տվյալ տարվա կենտրոնացված ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ,
10) Տվյալ տարվա «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն, պարսկերեն լեզուներ), և «Մաթեմատիկա» առարկաների ավարտական միասնական քննությունների վկայագիր:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.07.2016, N 743-Ն | 25.08.2016, N 753-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|