Գլխավոր տեղեկություն
Տիպ
Հուշագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2011.01.14/12(20) Հոդ.9
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
16.10.2009
Ստորագրման ամսաթիվ
16.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2009

Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԸՆՏԱՆԻՔԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Ուկրաինայի ընտանիքի, երիտասարդության և սպորտի հարցերի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

 

հիմնվելով երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական կապերն ամրապնդելու և զարգացնելու ընդհանուր ցանկության վրա,

 

վստահություն հայտնելով, որ երիտասարդական քաղաքականության բնագավառում երկկողմ հարաբերությունների և համագործակցության ստեղծումը նպաստում է Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության երիտասարդ սերունդների ներկայացուցիչների միջև փոխըմբռնման զարգացմանը,

 

հիմնվելով 1996 թվականի մայիսի 14-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ուկրաինայի Կառավարության միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի վրա,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը, փոխադարձության սկզբունքով, կնպաստեն երկու պետությունների երիտասարդների միջև բարեկամական կապերի զարգացմանը` մասնավորապես կազմակերպելով հանդիպումներ, փոխանակումներ և ամրապնդելով համագործակցությունը երիտասարդական քաղաքականության բնագավառում:

Կողմերը կաջակցեն նաև երիտասարդական քաղաքականության բնագավառում համագործակցության հաստատմանը երիտասարդական քաղաքականության հարցերով զբաղվող գործադիր իշխանության մարմինների, ինչպես նաև այդ բնագավառում գործող հասարակական կազմակերպությունների (այսուհետ` գործընկեր կազմակերպություններ) միջոցով:

 

Հոդված 2

 

Կողմերը կխրախուսեն ուղղակի կապերի զարգացումը բոլոր մակարդակներում, այդ թվում` պատվիրակությունների փոխայցելությունները և տեղեկատվության փոխշահավետ փոխանակումները այն կազմակերպությունների միջև, որոնց միջպետական համագործակցության մակարդակը համապատասխանում է սույն Հուշագրի նպատակներին: Համագործակցող կազմակերպությունների միջև ուղղակի կապերի հաստատման դեպքում կիրականացվեն համատեղ ծրագրեր: Իրականացնող կազմակերպությունները պատասխանատու են ծրագրերի իրագործման հետ կապված պարտականությունների կատարման համար:

 

Հոդված 3

 

Կողմերը կնպաստեն երիտասարդության խնդիրներն ուսումնասիրող հետազոտական հաստատությունների և կենտրոնների միջև ուղղակի կապերի զարգացմանը` ներառյալ պատվիրակությունների փոխայցելությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակումները:

 

Հոդված 4

 

Կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն երիտասարդության զբոսաշրջության, երիտասարդների ամառային հանգստի կազմակերպման, արձակուրդների ընթացքում դպրոցական և ուսանողական խմբերի փոխանակումների համար` ներառյալ ամառային ճամբարների, տուրիստական-զվարճալի և կրթամշակութային շրջագայությունների կազմակերպումը:

 

Հոդված 5

 

Կողմերը կնպաստեն մասնակցությանը երիտասարդական փառատոներին, խորհրդաժողովներին, գիտաժողովներին, աշխատանքային ժողովներին, ցուցահանդեսներին, հանդիպումներին, ֆորումներին, մրցույթներին և այլ միջոցառումներին, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության բնագավառի մասնագետների միջև փորձի փոխանակումներին:

 

Հոդված 6

 

Կողմերը կխթանեն երիտասարդության զբաղվածության և մասնագիտական ուսումնական ծրագրերի համատեղ զարգացումն ու իրականացումը:

 

Հոդված 7

 

Կողմերը կապահովեն փոխգործակցությունը երիտասարդական քաղաքականության իրականացման համար պատասխանատու անձանց մասնագիտական ուսուցումն ու վերապատրաստումը:

 

Հոդված 8

 

Կողմերը բազմակողմանի աջակցություն կցուցաբերեն մյուս Կողմի պետության տարածքում գտնվող երիտասարդական խմբերին և Կողմերի ներկայացուցիչներին:

 

Հոդված 9

 

Կողմերը կապահովեն իրենց երկրներում գործող երիտասարդական կազմակերպությունների և շարժումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը:

 

Հոդված 10

 

Սույն Հուշագրի կիրարկման նպատակով Կողմերը իրենց հավասար թվով ներկայացուցիչներից կստեղծեն հայ-ուկրաինական համատեղ հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով), որի նիստերը հաջորդաբար կգումարվեն Ուկրաինայում և Հայաստանի Հանրապետությունում` առնվազն 2 տարին մեկ անգամ: Հանձնաժողովը որոշումներ կընդունի սույն Հուշագրի կիրարկման վերաբերյալ: Հանձնաժողովը կմշակի համագործակցության ծրագրերի մանրամասները, ինչպես նաև այդ ծրագրերի ֆինանսական պայմանները:

 

Հոդված 11

 

Սույն Հուշագրում ընդգրկված բոլոր տեսակի աշխատանքները կհամաձայնեցվեն և կիրականացվեն Կողմերի պետությունների ազգային օրենքներին համապատասխան և կֆինանսավորվեն Կողմերի պետությունների պետական բյուջեով Կողմերին հատկացված ֆինանսավորման սահմաններում, ինչպես նաև Կողմերի օրենքներով չարգելված այլ աղբյուրներից:

 

Հոդված 12

 

Սույն Հուշագրի դրույթները չեն կարող ազդել Կողմերի իրավունքների և պարտականությունների վրա, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց կողմ են հանդիսանում Կողմերը:

 

Հոդված 13

 

Սույն Հուշագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 14

 

Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով և կհանդիսանան սույն Հուշագրի անբաժանելի մասը: Այդ արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Հուշագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով:

 

Հոդված 15

 

Սույն Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրումից հետո հայկական Կողմից ուկրաինական Կողմին ուղղված` Հուշագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերը կատարելու մասին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից:

Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Հուշագրի գործողությունը այդպիսի մտադրության մասին դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին ծանուցելու օրվանից վեց ամիս հետո:

 

Ստորագրված է Երևան քաղաքում 2009 թվականի հոկտեմբերի 16-ին, երկու բնօրինակով` ուկրաիներեն, հայերեն և անգլերեն: Բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Հուշագրի դրույթների մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

Հուշագիրն ուժի մեջ է մտել 2009թ. դեկտեմբերի 10-ին