Գլխավոր տեղեկություն
Համար
N 1293-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.01.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.01.18/2(415).1 Հոդ.12.5
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.12.2011
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11011569

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 դեկտեմբերի 2011 թ.

N 1293-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1579-Ն որոշման հավելված 1-ով հաստատված ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրության 10-րդ կետի լ) և ժթ.4) ենթակետերը.

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերը հաստատելու մասին» N 609-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2) հավելված 2-ի V բաժնի 22-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«22. Դիպլոմների բաշխումից հետո ուսումնական հաստատության տնօրենը հաշվետվություն է ներկայացնում գրությամբ՝ նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի անունով, որում նշվում է ստացած և բաշխած դիպլոմների ընդհանուր քանակը, ըստ մասնագիտությունների շրջանավարտների անվանացանկը, դիպլոմի սերիան և համարը՝ կնքված և ստորագրված տնօրենի կողմից: Հաշվետվությունները նախարարություն են ներկայացվում մինչև ընթացիկ տարվա ավարտը՝ թղթային և էլեկտրոնային տարբերակով».

3) հավելված 2-ի V բաժինը լրացնել նոր 23-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«23. Նախարարության աշխատակազմը ներդնում և օգտագործում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական դիպլոմների բաշխման, հաշվառման և պահպանման նպատակով էլեկտրոնային բազա, որտեղ մուտքագրվում է տեղեկատվություն՝ ըստ ուսումնական հաստատության համապատասխան ուսումնական տարվա շրջանավարտների անվանացանկի և ստացած դիպլոմի սերիայի, համարի, ինչպես նաև գրանցման համարի: Տեղեկատվության մուտքագրումը էլեկտրոնային բազա, բազայի վարման պարտականությունը և շահագործման պատասխանատվությունը կրում է աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժինը: Բազայի մատչելիության իրավունք ունի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետը».

4) հավելված 3-ի II բաժնի 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) Կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի /ՄՈԳ/ հնարավոր առավելագույն արժեքի 90%-ը, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում, ամփոփիչ ատեստավորումները միայն «գերազանց» գնահատականով հանձնած շրջանավարտներին».

5) հավելված 3-ի IV բաժնի 29-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«29. Դիպլոմների բաշխումից հետո ուսումնական հաստատության ռեկտորը հաշվետվություն է ներկայացնում գրությամբ՝ նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի անունով, որում նշվում է ստացած և բաշխած դիպլոմների ընդհանուր քանակը, ըստ մասնագիտությունների շրջանավարտների անվանացանկը, դիպլոմի սերիան և համարը՝ կնքված և ստորագրված տնօրենի կողմից: Հաշվետվությունները նախարարություն են ներկայացվում մինչև ընթացիկ տարվա ավարտը՝ թղթային և էլեկտրոնային տարբերակով».

6) հավելված 3-ի IV բաժինը լրացնել նոր 30-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«30. Նախարարության աշխատակազմը ներդնում և օգտագործում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության դիպլոմների բաշխման, հաշվառման և պահպանման նպատակով էլեկտրոնային բազա, որտեղ մուտքագրվում է տեղեկատվություն՝ ըստ ուսումնական հաստատության համապատասխան ուսումնական տարվա շրջանավարտների անվանացանկի և ստացած դիպլոմի սերիայի, համարի, ինչպես նաև գրանցման համարի: Տեղեկատվության մուտքագրումը էլեկտրոնային բազա, բազայի վարման պարտականությունը և շահագործման պատասխանատվությունը կրում է աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժինը: Բազայի մատչելիության իրավունք ունի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը»:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնին և իրավաբանական վարչությանը՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

3. Սույն հրամանի հսկողությունը հանձնարարում եմ աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:

4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 

  Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2011 թվականի դեկտեմբերի 8-ի

N 1293-Ն հրամանի

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՎԻՐՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ, ԼՐԱՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման Կարգը:

2. Հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) շրջանավարտների միջնակարգ ընդհանուր կրթության ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները (այսուհետ՝ ավարտական փաստաթուղթ) ՀՀ պետական նմուշի հատուկ հաշվառման փաստաթղթեր են, որոնք հաստատվում են ՀՀ կառավարության կողմից:

3. Ավարտական փաստաթղթերի տպագրումը ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) պատվիրում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով անցկացվող համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությանը:

 

II. ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՎԻՐՈՒՄ

 

4. Մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության (այսուհետ՝ կատարող կազմակերպություն) և նախարարության միջև կնքվում է պայմանագիր՝ պահանջվող քանակի ավարտական փաստաթղթերի ժամանակին, որակով, ներկայացված նմուշին համապատասխան տպագրելու մասին:

5. Կատարող կազմակերպությունը տպագրված ավարտական փաստաթղթերը հանձնում է նախարարություն ակտով՝ հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 4-ի N 295 հրամանով հաստատված «Պայմանագրի կատարման մասին» եզրակացության ձևը:

6. Ակտը ստորագրվում է կատարող կազմակերպության, նախարարության աշխատակազմի ղեկավարի, պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի հանրակրթության, ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությունների պետերի կողմից:

7. Ավարտական փաստաթղթերը պահպանվում են աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնում՝ չհրկիզվող պահարաններում:

 

III. ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲԱՇԽՈՒՄ

 

8. Ավարտական փաստաթղթերի բաշխման գործընթացից առաջ, նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչությունը լիցենզիան կասեցված ուսումնական հաստատությունների ցանկը տրամադրում է նախարարության աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնին:

9. Ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական փաստաթղթերի բաշխումը իրականացնում է պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժինը՝ ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների, նախարարության ենթակայության պետական և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ներկայացրած հայտերի հիման վրա:

10. Հայտերը (գրություն-պահանջագիր՝ նախարարի անունով, քաղվածք մանկավարժական խորհրդի նիստի արձանագրությունից և շրջանավարտների անվանացանկ` ծննդյան վկայականի կամ անձնագրի տվյալներին համապատասխան) նախարարություն են ներկայացվում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ավարտից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:

11. Նախարարության կողմից ատեստատներում (հայերեն մաս) լրացվում է շրջանավարտի անունը, ազգանունը, հայրանունը՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում և բաշխվում ըստ ներկայացված հայտերի: ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների ներկայացուցիչների, նախարարության ենթակայության պետական և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի կողմից գրվում է ավարտական փաստաթղթերի բաշխման ակտ՝ 2 օրինակից:

12. Հանրակրթական ծրագրերի երկրորդ աստիճանն ավարտած և սահմանված կարգով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտին տրվում է հիմնական կրթության վկայական, իսկ հանրակրթական ծրագրերի երրորդ աստիճանն ավարտած և սահմանված կարգով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտին՝ միջնակարգ կրթության ատեստատ: Եթե ավարտական դասարանի աշակերտը գտնվում է բուժհիմնարկում, որտեղ կազմակերպվում են ուսումնական պարապմունքները, ավարտական փաստաթուղթ ստանում է այն ուսումնական հաստատությունից, որտեղ տեղափոխվում և շարունակում է ուսումը:

13. Ոչ պետական ուսումնական հաստատություններն ավարտական փաստաթղթերը ստանում են վճարովի հիմունքներով:

14. Ավարտական փաստաթուղթը կորցրած անձին նախարարի հրամանով տրվում է կրկնօրինակ՝ համապատասխան փաստաթղթերի (գրություն-միջնորդագիր նախարարի անունով՝ համապատասխանաբար ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություններից, նախարարության ենթակայության պետական և ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենի կողմից, քաղվածք մանկավարժական խորհրդի նիստի արձանագրությունից, գնահատականներով տեղեկանք) առկայության դեպքում՝ նախարարության արխիվում հիմքերը ստուգելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Արխիվային հիմքերի բացակայության դեպքում, պահանջվում է ներկայացնել տվյալ ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթերի բաշխման մատյանը:

15. Ավարտական փաստաթղթերում սխալ գրառում հայտնաբերելիս կամ տարբեր պատճառներով ոչ պիտանի դառնալու դեպքում այն խոտանվում է ակտով՝ համապատասխան փաստաթղթերի (գրություն-միջնորդագիր նախարարի անունով՝ համապատասխանաբար ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություններից, նախարարության ենթակայության պետական և ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենի կողմից, ակտ խոտանման վերաբերյալ և խոտանված ատեստատի կամ վկայականի բնօրինակ) առկայության դեպքում:

16. Կորած և խոտանված ավարտական փաստաթղթի կրկնօրինակի վրա, աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի կողմից, պարտադիր դրվում է «Կրկնօրինակ» դրոշմը:

17. Կրկնօրինակի տրամադրումը մերժվում է արխիվային հիմքերի բացակայության դեպքում (հինգ աշխատանքային օրվա ընթացքում):

 

IV. ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ

 

18. Ավարտական փաստաթղթերը լրացվում են խնամքով, ընթեռնելի (սև թանաքով), ստորագրվում է ուսումնական հաստատության տնօրենի, փոխտնօրենի և առնվազն երեք դասավանդող ուսուցիչների կողմից: Ուսումնական հաստատության կնիքի դրոշմը պետք է լինի ընթեռնելի: Ավարտական փաստաթղթերում ջնջում կամ ուղղում կատարելն արգելվում է: Շրջանավարտի անունը, հայրանունը, ազգանունը գրվում է ծննդյան վկայականի կամ անձնագրի տվյալներին համապատասխան:

19. Ավարտական փաստաթղթերում ուսումնական հաստատության անվանումը և գտնվելու վայրը գրվում է լրիվ:

20. Ավարտական փաստաթղթերում յուրաքանչյուր ուսումնական առարկայի տարեկան, ինչպես նաև քննական գնահատականները գրվում են բալային համակարգին համապատասխան՝ թվանշանով և փակագծում տառերով:

21. Որևէ ուսումնական առարկայից տարեկան չգնահատված աշակերտի ավարտական փաստաթղթում տվյալ առարկայի համատասխան տողում գրանցվում է «չի գնահատվել» բառերը: Առողջական վիճակի պատճառով առանձին առարկաների պարապմունքներից ազատված աշակերտների ավարտական փաստաթղթերում տվյալ առարկայի համապատասխան տողում գրանցվում է «ազատված է» բառերը:

22. Ավարտական փաստաթղթերում լրացվում են ուսումնական պլանով նախատեսված առարկաների տարեկան (ուսումնառության վերջին 2 դասարանների) և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները:

 

V. ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

23. Ուսումնական հաստատություններում ավարտական փաստաթղթերը գրանցվում են համապատասխան բաշխման մատյաններում:

24. Ավարտական փաստաթղթերի բաշխումից հետո ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների պետերի, նախարարության ենթակայության պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների տնօրենների կողմից նախարարություն է ներկայացվում հաշվետվություն: Հաշվետվությունը ներկայացվում է գրությամբ՝ նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի անունով, որում նշվում է ստացած և բաշխված ավարտական փաստաթղթերի համարները և ընդհանուր քանակը: Գրությանը կից ուղարկվում է ավարտական փաստաթղթերի բաշխման ցուցատախտակն ըստ դպրոցների, նշելով՝ շրջանավարտի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ուսումնական հաստատությունը ավարտելու տարեթիվը, տարեկան և քննական գնահատականները, ավարտական փաստաթղթի սերիան, համարը՝ կնքված և ստորագրված տնօրենի կողմից: Ցուցատախտակը ներկայացվում է նաև էլեկտրոնային տարբերակով:

25. Հաշվետվությունները նախարարություն են ներկայացվում մինչև ընթացիկ տարվա ավարտը, որոնք ստուգելուց և հավաքագրելուց հետո հանձնվում են նախարարության արխիվ:

26. Նախարարության աշխատակազմը ներդնում և օգտագործում է ավարտական փաստաթղթերի բաշխման, հաշվառման և պահպանման նպատակով էլեկտրոնային բազա, որտեղ մուտքագրվում է տեղեկատվություն՝ ըստ ցուցատախտակի էլեկտրոնային տարբերակի: Տեղեկատվության մուտքագրումը էլեկտրոնային բազա, բազայի վարման պարտականությունը և շահագործման պատասխանատվությունը կրում է աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժինը: Բազայի մատչելիության իրավունք ունի հանրակրթության վարչության պետը»: