Գլխավոր տեղեկություն
Համար
N 833-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.10.15/26(439) Հոդ.244
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.09.2012
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 սեպտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11012353

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 սեպտեմբերի 2012 թ.  

N 833-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 1507-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, 72-րդ հոդվածի և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի պահանջներով`

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Էքստեռն (դրսեկության) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը» հաստատելու և 2007 թվականի հունվարի 29-ի N 39-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1507-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. «Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը հաստատելու և ՀՀ կրթության և գիտության նախարարության 1998 թվականի մարտի 25-ի N 78-Մ և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006 թվականի հունվարի 10-ի N 04-Ն և 2007 թվականի հունվարի 29-ի N 39-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին».

2) հրամանով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

3) հրամանի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության 1998 թվականի մարտի 25-ի «Էքստեռն ավարտական քննություններ անցկացնելու համար» N 78-Մ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի հունվարի 10-ի «Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանցիներին էքստեռն փոխադրական քննություններին թույլատրելու համար կազմակերպվող հարցազրույցի չափորոշիչները հաստատելու և ՀՀ ԿԳ նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 21-ի N 556-Մ հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 04-Ն և 2007 թվականի հունվարի 29-ի «Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը հաստատելու մասին» N 39-Ն հրամանները:»:

 

  Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2012թ. սեպտեմբերի 10-ի

N 833-Ն հրամանի

 

 

«Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2010 թ. հոկտեմբերի 14-ի

N 1507-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԴՐՍԵԿՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ (ԷՔՍՏԵՌՆ) ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցի` անկախ ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից (այսուհետ` դպրոց) սովորողի համար դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական քննություններ, ինչպես նաև հիմնական և միջնակարգ կրթական ծրագրերին համապատասխան` դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ (այսուհետ` էքստեռն) կազմակերպելու հետ կապված իրավահարաբերությունները:

 

II. ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

2. Դպրոցի սովորողների համար էքստեռն փոխադրական քննություններ (հանրակրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետների փոփոխություն) կազմակերպվում են` ելնելով սովորողի կողմից հանրակրթական ծրագրերի յուրացման մակարդակից:

3. Էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են դպրոցների 1-ից 8-րդ դասարանների բացառապես այն սովորողների համար, ովքեր նախորդ (բացառությամբ 1-ին դասարանի) դասարանի տարեկան, տվյալ դասարանի ընթացիկ և առաջին կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից ունեցել են գերազանց առաջադիմություն (տարեկանում` 9 կամ 10 միավոր, քննական` 10 բալային համակարգում 9 կամ 10 միավոր, իսկ 20 բալային համակարգում` 18, 19 կամ 20 միավոր), հիմնական կրթության գերազանցության վկայական, ինչպես նաև՝ 10-րդ դասարանների փոխադրական քննություններից գնահատվել են 9 կամ 10 միավոր` պահպանելով սույն կարգի 7-րդ կետի պահանջները:

4. «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելը չի կարող արգելք հանդիսանալ էքստեռն կարգով քննություններ հանձնելուն:

5. Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում դպրոցի սովորողը դասարանից դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ:

6. Առաջին և երկրորդ աստիճանի կրթական ծրագրեր իրականացնող դպրոցի ավարտական դասարանների սովորողների համար էքստեռն փոխադրական քննություններ չեն կազմակերպվում:

7. Միջազգային օլիմպիադաներում (առարկայական, սպորտային), մրցաշարերում, առաջնություններում, փառատոներում մասնակցություն ունենալու դեպքում երրորդ աստիճանի կրթական ծրագրեր իրականացնող հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանի սովորողների համար, նրանց ցանկության դեպքում, կազմակերպվում են էքստեռն փոխադրական քննություններ` պահպանելով սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերի պահանջները:

8. Սովորողի համար էքստեռն փոխադրական քննությունները կազմակերպվում են հետևյալ ընթացակարգով.

1) մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 10-ը սովորողի ծնողը, դասղեկը և առնվազն 3 դասավանդող ուսուցիչ համատեղ գրավոր դիմում են ներկայացնում դպրոցի տնօրենին՝ սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու առաջարկով, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկվում է դպրոցի մանկավարժական խորհրդի նիստում,

2) սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերի պահանջների ապահովման դեպքում մանկավարժական խորհուրդը որոշում է կայացնում՝ թույլատրել սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման քննություններին մասնակցելու մասին,

3) դպրոցի տնօրենը մանկավարժական խորհրդի որոշումը և սովորողի առաջադիմության վերաբերյալ փաստաթղթերը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարություն (այսուհետ` Նախարարություն):

9. Մանկավարժական խորհրդի կողմից դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման երաշխավորված սովորողը` անկախ դպրոցի ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից, Երևան քաղաքում կենտրոնացված կարգով հանձնում է փոխադրական քննություններ.

1) 1-6-րդ դասարաններում` «Մայրենի» և «Մաթեմատիկա», 7-8-րդ դասարաններւմ` «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» (հանրահաշիվ, երկրաչափություն), իսկ 10-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» (Հանրահաշիվ և մաթ. անալիզի տարրեր, Երկրաչափություն), «Հայոց պատմություն» առարկաներից:

2) Քննություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովը նախագահում է Նախարարը կամ Նախարարի տեղակալը:

3) Փոխադրական քննություններն (գիտելիքների ստուգումը) անցկացվում են տվյալ դասարանի 2-րդ կիսամյակի և հաջորդ դասարանի 1-ին կիսամյակի ուսումնական պլաններով նախատեսված բոլոր առարկաների ծրագրային նյութի շրջանակներում:

4) Քննությունների թեստերը կազմվում են՝ հիմնական դպրոցի սովորողների համար Նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի (այսուհետ` ԿԱԻ), ավագ դպրոցի սովորողների համար՝ ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնի (այսուհետ` ԳԹԿ) կողմից:

Թեստերը փակ ծրարով ներկայացվում են Նախարարություն՝ առնվազն 15-ական առաջադրանք` սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված առարկաներից՝ ըստ քննություններին ներկայացված հայտերի քանակի:

10. Քննություններն անցկացվում են Նախարարության կողմից ընտրված դպրոցում, Նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցով` հունվարի 20-26-ը ընկած ժամանակահատվածում:

11. Կենտրոնացված փոխադրական քննություններն անցկացնող հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում սովորողն իրավունք է ստանում հանձնել տվյալ դասարանի ուսումնական պլանով նախատեսված մնացած առարկաների քննությունները, որոնք անցկացվում են սովորողին երաշխավորած դպրոցում` դպրոցի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից:

12. Սույն կարգի 11-րդ կետում նշված քննությունները կազմակերպվում են հունվարի 27-ից փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում` առարկայական մեթոդական միավորումների կողմից կազմած քննական առաջադրանքներով:

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված ժամանակահատվածում հանձնվող քննությունների ժամանակացույցը ներկայացվում է լիազոր մարմնին և Նախարարություն:

1) «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», բնագիտական առարկաներից և օտար լեզուներից քննություններն անցկացվում են գրավոր, իսկ մնացած առարկաների քննությունները՝ ըստ մանկավարժական խորհրդի որոշման:

2) Փոխադրական բոլոր քննություններից 10 բալային համակարգում 9-10 միավոր գնահատվելու դեպքում դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշում է կայացնում սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու մասին:

14. Դպրոցում կազմակերպվող փոխադրական քննություններին կարող են մասնակցել Նախարարի լիազոր ներկայացուցիչը, ՀՀ մարզերում` տարածքային կառավարման մարմնի, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի կրթության վարչությունների ներկայացուցիչները:

15. Դպրոցի տնօրենը մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա սովորողին հրամանով փոխադրում է հաջորդ դասարան և հնգօրյա ժամկետում տեղեկացնում Նախարարությանը և Լիազոր մարմնին:

16. Դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրված սովորողների քննական գնահատականները համարվում են կիսամյակային և տարեկան գնահատականներ:

 

III. ԷՔՍՏԵՌՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

17. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են կրթական 2-րդ և 3-րդ աստիճանների հանրակրթական հիմնական, ընդհանուր ծրագրերին համապատասխան:

18. Էքստեռն կարգով հիմնական կրթության վկայական ստանալու համար կարող է դիմել մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 16 տարին լրացած (լրացող) անձը (այսուհետ՝ դրսեկ):

19. Էքստեռն կարգով միջնակարգ կրթության ատեստատ կարող է ստանալ.

1) էքստեռն կարգով հիմնական կրթության վկայական ստացած և 18 տարին լրացած դրսեկը` էքստեռն կարգով հիմնական կրթության վկայական ստանալու տարվա` սույն կարգի 23-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված 3-րդ քննաշրջանից սկսած,

2) հիմնական կրթության վկայական ունեցող անձը, եթե վկայական ստանալու տարվանից անցել է 4 և ավելի տարի (տարիների հաշվարկը կատարվում է ուսումնական պարապմունքների ավարտման օրվանից)` 23-րդ կետով սահմանված առաջին, երկրորդ և երրորդ քննաշրջաններում:

20. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են Երևան քաղաքում` Նախարարության կողմից էքստեռն ավարտական քննություններ կազմակերպելու իրավունք ստացած ավագ դպրոց(ներ)ում:

21. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դրսեկների համար էքստեռն ավարտական քննություններ կազմակերպվում են Նախարարության կողմից ընտրված դպրոց(ներ)ում:

22. Ինքնակրթությամբ զբաղված անձը, ցանկության դեպքում, կարող է գրավոր դիմել որևէ ավագ դպրոց` քննական առարկաներից վճարովի հիմունքներով լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու խնդրանքով:

23. Հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են 3 քննաշրջաններով.

1) 1-ին քննաշրջան` փետրվարի 15-ից մարտի 15-ը ներառյալ` ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:

2) 2-րդ քննաշրջան` ավարտական և պետական ավարտական քննությունները՝ ըստ ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակացույցի, մյուս առարկաները՝ ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:

3) 3-րդ քննաշրջան` հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ` ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:

24. Ավարտական փաստաթուղթ ստանալու համար դրսեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմում է ներկայացնում սույն կարգի 20-րդ կետում նշված ավագ դպրոցի տնօրենին` յուրաքանչյուր քննաշրջանից 30 աշխատանքային օր առաջ:

25. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) հիմնական կրթության վկայական ստանալու համար`

ա. անձը հաստատող փաստաթուղթ,

բ. տեղեկանք նախնական կրթության մասին` առկայության դեպքում,

գ. սույն կարգի 35-րդ կետով նախատեսված տեղեկանքը՝ առկայության դեպքում.

2) միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար`

ա. անձը հաստատող փաստաթուղթ,

բ. հիմնական կրթության վկայական (բնօրինակը),

գ. սույն կարգի 35-րդ կետով նախատեսված տեղեկանքը՝ առկայության դեպքում:

26. Էքստեռն ավարտական քննություններ հանձնող դրսեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմումում նշում է, թե տվյալ քննաշրջանում քանի՞ քննություն է ցանկանում հանձնել և ո՞ր առարկաներից (պահպանելով սույն կարգի 20-րդ կետի պահանջները):

27. Փաստաթղթերը ներկայացվում են մեկ անգամ` բոլոր քննաշրջանների համար:

28. Փաստաթղթերի ընդունումն ավարտվում է քննաշրջանը սկսվելուց 10 աշխատանքային օր առաջ:

29. Էքստեռն քննություններ կազմակերպող ավագ դպրոցը փոխվելու դեպքում փաստաթղթերի պատճենները փոխանցվում են նոր դպրոցի տնօրենին:

30. Փաստաթղթերի պատճենները փոխանցող ավագ դպրոցի տնօրենը պատշաճ կերպով տեղեկացնում է այդ մասին դրսեկին կամ նրա օրինական ներկայացուցչին:

31. Սույն կարգի պահանջներին համապատասխանող Էքստեռն քննություններ հանձնել ցանկացողների փաստաթղթերը դպրոցի տնօրենը քննաշրջանը սկսվելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ ներկայացնում է Նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչություն` փաստաթղթերի ուսումնասիրության և սահմանված կարգին համապատասխան քննություններին թույլատրելու համար:

32. Գրավոր քննությունների թեստերը կազմվում են ԳԹԿ-ի կողմից և տրամադրվում են Նախարարությանը, բանավոր քննությունների առաջադրանքները` դպրոցի համապատասխան առարկայական մեթոդական միավորումների կողմից:

33. Էքստեռն քննություններ հանձնող դրսեկները քննական անբավարար գնահատականներ ստանալու դեպքում առաջադրանքներ չեն ստանում:

34. Սույն կարգի 23-րդ կետով սահմանված 2-րդ քննաշրջանի ընթացքում որևէ պատճառով քննություններին չներկայացած դրսեկը ավարտական և պետական ավարտական քննությունները հանձնում է ԳԹԿ-ի սահմանած օրերին:

1) 1-ին, 2-րդ կամ 3-րդ քննաշրջաններում որևէ պատճառով որևէ քննության չմասնակցած դրսեկը տվյալ քննությունը հանձնում է հաջորդ տարիներին` երեք քննաշրջանների ընթացքում:

35. Էքստեռն ավարտական քննություններ հանձնած դրսեկին սույն կարգի 20-րդ կետում նշված դպրոցի տնօրենը տրամադրում է տեղեկանք՝ գնահատման 10 միավորային համակարգում՝ 4-10, 20 միավորային համակարգում՝ 8-20 միավոր ստանալու վերաբերյալ:

36. Դրսեկի ստացած գնահատականները ուժի մեջ են մինչև հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալը:

37. Դրսեկը հաջորդ քննաշրջաններին քննություն է հանձնում միայն այն առարկաներից, որոնցից քննություն չի հանձնել կամ գնահատման 20 բալային համակարգում ստացել է 1-7, 10 միավորային համակարգում` 1-3 միավորներ:

38. Քննությունների հանձնաժողովները կազմում է (են) էքստեռն քննություններ անցկացնելու իրավունք ստացած դպրոց(ներ)ի տնօրեն(ներ)ը.

1) 9-րդ դասարանի համար` նախագահ և հանձնաժողովի երկու անդամ,

2) 12-րդ դասարանի համար՝ նախագահ և հանձնաժողովի երեք անդամ:

39. Էքստեռն կարգով քննությունների վերահսկողությունն իրականացնում է Նախարարությունը:

40. Բոլոր քննություններից գնահատման 10 միավորային համակարգում՝ 4-10, 20 միավորային համակարգում՝ 8-20 միավոր ստացած դրսեկներին սահմանված կարգով տրվում է հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ՝ «Էքստեռն» նշումով: Նշումը կատարում է Նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը:

41. Էքստեռն ավարտողները գովասանագրով կամ մեդալով չեն պարգևատրվում:

42. Էքստեռն ավարտողներին տրված հիմնական կրթության վկայականը կամ միջնակարգ կրթության ատեստատը գրանցվում է դպրոց(ներ)ի հիմնական կրթության վկայականների կամ միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյաններում: Դպրոցի հիմնական շրջանավարտների մասին տվյալները լրացնելուց հետո, հաջորդ տողի կենտրոնում գրվում է «Էքստեռն» բառը և համարակալումը շարունակելով` լրացվում են սույն կարգով ավարտական վկայական ստացած դրսեկների մասին տվյալները:

43. Էքստեռն ավարտական քննությունների ամփոփագրերը և քննական գրավոր աշխատանքները պահվում են քննությունները կազմակերպող դպրոց(ներ)ում` դրսեկի` հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալուց հետո` 1 տարի: