ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
25 ապրիլի 2012 թ. |
թիվ 372-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի «ա» կետը և 86-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի մասին» N 318-Ն որոշումը՝
Հրամայում եմ`
Հաստատել աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի պայման ապահովող աուդիտորին միաժամանակ ԱԺ որևէ խմբակցության կողմից կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում որպես աուդիտոր նշանակելու վերաբերյալ պաշտոնական պարզաբանումը՝ համաձայն հավելվածի։
Վ. Գաբրիելյան |
Հավելված ՀՀ ֆինանսների նախարարի 2012 թ. ապրիլի 25-ի թիվ 372-Ն հրամանի |
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՈՒԴԻՏՈՐԻՆ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԱԺ ՈՐԵՎԷ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՐՊԵՍ ԱՈՒԴԻՏՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ընտրական հանձնաժողովներին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմին տրամադրված միջոցների օգտագործման, նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստեղծում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն: Նույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով համապետական և Երևանի ավագանու ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում ստացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի: Ազգային ժողովի խմբակցությունների` ծառայությունում նշանակած աուդիտորները աշխատում են հասարակական հիմունքներով: Նրանց գործունեությունն ավարտվում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո` 5-րդ օրը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:
Նույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա և (կամ) օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը:
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն կազմակերպությունն ունի առնվազն 5 աշխատող աուդիտորներ, որոնցից առնվազն 3-ը այլ գործատուի մոտ չեն աշխատում` բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական բնույթի աշխատանքների:
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի «ա» կետը և 86-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է.
Ազգային ժողովի խմբակցությունների վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակված Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում ստացած ընտրական իրավունք ունեցող աուդիտորները, որոնք աշխատելու են հասարակական հիմունքներով (չեն վարձատրվելու) չեն հանդիսանալու վերը նշված ծառայության աշխատողներ: Այսինքն` վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը չի հանդիսանալու այդ աուդիտորների գործատուն:
Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի պայման ապահովող աուդիտորին միաժամանակ ԱԺ որևէ խմբակցության կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում որպես աուդիտոր նշանակելու դեպքում «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի պահանջի խախտում տեղի չի ունենում: