Գլխավոր տեղեկություն
Համար
N 832-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.27/22(435).1 Հոդ.214.2
Ընդունող մարմին
Պաշտպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
04.08.2012
Ստորագրող մարմին
Պաշտպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 օգոստոսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11312321

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 օգոստոսի 2012 թ.
ք. Երևան

N 832-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի և 27-րդ հոդվածի 10-րդ մասի կատարումն ապահովելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել զինծառայողներին տրված խրախուսանքների և կարգապահական տույժերի հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

 

Նախարար

Ս. Օհանյան

 

 

Հավելված

ՀՀ պաշտպանության նախարարի

2012 թվականի օգոստոսի 4-ի
N 832-Ն հրամանի

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Սույն Կարգով կանոնակարգվում են զինծառայողներին տրվող խրախուսանքների և կարգապահական տույժերի հաշվառման հետ կապված հարաբերությունները:

2. Խրախուսանքների և կարգապահական տույժերի հաշվառումը կատարվում է կենտրոնացված և անհատական կարգով.

1) կենտրոնացված կարգով հաշվառումը վարվում է համակարգչային եղանակով կամ մատյանով` համաձայն Ձև 1-ի (այսուհետ` մատյան).

ա. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կադրերի վարչությունում` սպաների և ենթասպաների համար,

բ. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչությունում` շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների համար,

գ. ՀՀ զինվորական կոմիսարիատի, ՀՀ ՊՆ քննչական ծառայության, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում` ենթակա անձնակազմի համար,

դ. զորամիավորումների, միավորումների և զորամասերի անձնակազմի հաշվառում իրականացնող ստորաբաժանումներում (կամ պատասխանատու պաշտոնատար անձը)` ենթակա անձնակազմի համար.

2) անհատական կարգով հաշվառումը վարվում է զինծառայողի ծառայողական քարտում` համաձայն Ձև 2-ի (այսուհետ` քարտ), ինչպես նաև Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկում:

3. Զինծառայողին խրախուսանք կամ կարգապահական տույժ տալու դեպքում ծառայողական քարտի համապատասխան բաժնում նշվում է` երբ, ում կողմից, ինչի համար է հայտարարվել խրախուսանքը կամ կարգապահական տույժը:

4. Զինծառայողին հայտարարված կարգապահական տույժը սահմանված ժամկետում մարվելու կամ վաղաժամկետ հանվելու դեպքում համապատասխան գրառում է կատարվում ծառայողական քարտի «Տույժեր» բաժնի համապատասխան սյունակում:

5. Զինծառայողի ծառայողական քարտերը վարվում են`

1) վաշտերում կամ մարտկոցներում` պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների համար («Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկում», 34-37 էջեր),

2) զորամասի անձնակազմի հաշվառում իրականացնող ստորաբաժանումում` պայմանագրային զինծառայողների համար:

6. Պայմանագրային զինծառայողների ծառայողական քարտերը կազմվում են անձնական գործերը վարելու իրավասություն ունեցող ստորաբաժանման կողմից:

7. Խրախուսանքների և կարգապահական տույժերի մասին բոլոր գրառումները հաստատվում են ստորագրությամբ.

1) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներինը` վաշտի կամ մարտկոցի հրամանատարի,

2) պայմանագրային զինծառայողներինը` զորամասի շտաբի պետի (զորամասի հրամանատարի տեղակալի):

8. Վաշտերի, մարտկոցների, ինչպես նաև զորամասերի հրամանատարները մշտապես վերահսկում են զինծառայողների խրախուսանքների և տույժերի հաշվառման գործընթացը, յուրաքանչյուր եռամսյակ վերլուծում խրախուսանքների և տույժերի կիրառման պրակտիկան` ապահովելով դրանց կիրառման արդարացիությունը և իրավաչափությունը:

9. ՀՀ և օտարերկրյա պետություններ ծառայության կամ ուսման գործուղված զինծառայողներին գործուղման ժամանակահատվածում տրված կարգապահական տույժերի և խրախուսանքների մասին նրանց ծառայողական քարտերում համապատասխան գրառում է կատարվում` իրավասու մարմնի կողմից ՀՀ պաշտպանության նախարարին ուղարկված համապատասխան գրության հիման վրա:

10. Զինծառայողներն իրավունք ունեն տարին մեկ անգամ, ինչպես նաև ծառայության նոր վայր տեղափոխվելիս ծանոթանալ իրենց ծառայողական քարտում կատարված գրառումներին, ինչը հավաստվում է նրանց ստորագրությամբ:

11. Զինծառայողների ծառայողական քարտերը ծառայության ընթացքում գտնվում են`

1) պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմինը` վաշտում կամ մարտկոցում, իսկ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներինը` անձնակազմի հաշվառումն իրականացնող ստորաբաժանումում,

2) պայմանագրային զինծառայողներինը` նրանց անձնական գործերում:

12. Տեղափոխվելու դեպքում զինծառայողի ծառայողական քարտն ուղարկվում է ծառայության նոր վայր:

ՀՀ զինված ուժերից զինծառայողի արձակվելու (զորացրվելու) դեպքում ծառայողական քարտերը պահվում են տարածքային զինկոմիսարիատներում:

13. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված սպայական կազմի խրախուսանքների և կարգապահական տույժերի հաշվառումն իրականացվում է պայմանագրային զինծառայողների համար սահմանված կարգով:

14. Զորամասերի հրամանատարները 3-օրյա ժամկետում վերադաս հրամանատարությանը, ինչպես նաև ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կադրերի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչություններ են ներկայացնում պայմանագրային զինծառայողների`

1) տրված գրավոր խրախուսանքների և կարգապահական տույժերի հրամանների պատճենները,

2) գրավոր հրաման տալու իրավասություն չունեցող հրամանատարների կողմից տրված (հանված) խրախուսանքների և կարգապահական տույժերի վերաբերյալ տեղեկատվություն:

Ընդ որում, առաջխաղացման, կամ հերթական զինվորական կոչման, կամ պարգևատրման ներկայացված զինծառայողների տույժերի մասին հայտնվում է անմիջապես (նույն օրը` բանավոր):

 

Ձև 1

 

ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

Հ/հ

Զինծառայողի պաշտոնը, զինվորական կոչումը, ա. ա. հ.

Հրամանի համարը, ամսաթիվը,

Խրախուսանքի (տույժի) տեսակը

Տույժը հանվել կամ մարվել է

1.

       

Ձև 2

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔԱՐՏ

 

ՀՀ ՊՆ (ՊԲ) ________________ զորամասի ___________ վաշտ (անձնախումբ)

 

1. Պաշտոնը ___________________________________________________________________

2. Զինվորական կոչումը__________________________________________________________

3. Անունը, ազգանունը, հայրանունը ________________________________________________

4. Որ թվականից է զինվորական ծառայության մեջ ____________________________________

 

Խրախուսանք

 

Ինչի համար է խրախուսվել

Խրախուսանքի տեսակը

Երբ է հայտարարվել (տրվել)
(հրամանի համարը,
ա. ա. տ.)

Ում հրամանով

       

 

Տույժեր

 

Ինչի համար է տույժ տրվել

Տույժի տեսակը

Տույժի կիրառման հրամանը, ա. ա. տ.

Ում հրամանով է տրվել

Երբ է հանվել
(ում կողմից) կամ
մարվել

         

 

Ծանոթացա ________________________________________________________________

(զինծառայողի ստորագրություն, անուն, ազգանուն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան