«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 մայիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11011218
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 ապրիլի 2011 թ. |
N 280-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 25 կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների միջոցառումների համալիր ծրագիրը հաստատելու մասին» N 1806 Ա/Ք հրամանը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպման և անցկացման» կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Ա. Աշոտյան |
Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 5-ի N 280-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀՀ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1) Սույն կարգը ընդունվել է ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշմանը համապատասխան:
2) Սույն կարգով սահմանվում են դպրոցականների առարկայական օլիմպիադաների (այսուհետ` Օլիմպիադաներ) կազմակերպման և անցկացման հետ կապված` ՀՀ կրթության և գիտության նախարարության, օլիմպիական խորհրդի, հանրապետական, մարզային, տարածքային և դպրոցական կազմկոմիտեների, առարկայական հանձնաժողովների և դպրոցականների փոխհարաբերությունները:
3) Օլիմպիադաները անցկացվում են հանրակրթական 16 առարկաներից (հայոց լեզու, հայ գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, աստղագիտություն, հայ առաքելական եկեղեցու պատմություն, ՆԶՊ)` 4 փուլով.
ա) առաջին փուլ` ներդպրոցական,
բ) երկրորդ փուլ` տարածքային (նախկին վարչական շրջաններում, Երևան քաղաքում` վարչական շրջաններում),
գ) երրորդ փուլ` մարզային (Երևանի քաղաքային),
դ) չորրորդ փուլ` հանրապետական օլիմպիադան պետական նշանակության միջոցառում է, որը կազմակերպում և վերահսկում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն),
ե) 2012 թվականի դպրոցականների առարկայական օլիմպիադան «Մաթեմատիկա» առարկայից կազմակերպվում է 3 փուլով` համաձայն նախարարության սահմանած ընթացակարգի:
(1-ին գլուխը լրաց. 28.12.11 N 1347-Ն)
2. Օլիմպիադաների հիմնական սկզբունքներն են.
1) Օլիմպիադաների մարդասիրական բնույթը, ազգային համամարդկային արժեքների, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը,
2) Օլիմպիադաների հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին,
3) Օլիմպիադայում ժողովրդավարական կառավարման սկզբունքների ապահովումը,
4) Օլիմպիադաներում ստեղծագործական աշխատանքի խթանումը, սովորողների վերլուծական, քննադատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման և կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը:
3. Օլիմպիադաների նպատակներն ու խնդիրներն են.
1) Տաղանդավոր, շնորհալի և ստեղծագործական կարողություն ունեցող երեխաների հայտնաբերումը և նրանց հետ անհատական աշխատանքի կազմակերպումը,
2) Ուսումնական առարկաների նկատմամբ սովորողների հետաքրքրությունների զարգացումը և այդ առարկաներից խոր ու կայուն գիտելիքներ ստանալուն նպաստելը,
3) Առարկայական խմբակների, նախասիրական պարապմունքների և այլ ուսումնական աշխատանքների խթանումը,
4) Ստեղծագործ ուսուցիչների, բուհերի դասախոսների, գիտահետազոտական հիմնարկների աշխատակիցների և ուսուցիչների ներգրավումը օժտված երեխաների հայտնաբերման ու ուսուցման գործում,
5) Հայաստանի Հանրապետության` միջազգային օլիմպիադաներին, մրցույթներին մասնակցող թիմերի ձևավորումը և նրանց հետ աշխատանքի կազմակերպումը:
4. Օլիմպիադաների կառավարումը.
1) Օլիմպիադաների կազմակերպման քաղաքականությունը մշակելու և իրականացնելու նպատակով` որպես օլիմպիադաների կառավարման բարձրագույն մարմին, ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծվում է մշտական գործող հանրապետական օլիմպիական խորհուրդ (այսուհետ` խորհուրդ): Խորհրդի աշխատակարգը հաստատում է ՀՀ ԿԳ նախարարը: Խորհրդին կից կարող են գործել մասնագիտական առարկայական աշխատանքային խմբեր:
2) Օլիմպիական խորհրդի կազմում ընդգրկվում են ՀՀ ԿԳ նախարարը (նախագահ), նախարարության հանրակրթության ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, հանրակրթության վարչության աշխատակիցներ, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետեր կամ տեղակալներ, օլիմպիադաներում առաջատար հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ, բուհերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
3) Օլիմպիադաները նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծվում են հանրապետական, մարզային, տարածքային, դպրոցական օլիմպիական կազմկոմիտեներ և առարկայական հանձնաժողովներ: Հանրապետական կազմկոմիտեի և առարկայական հանձնաժողովների անվանական կազմը նախարարի հաստատմանն է ներկայացնում հանրակրթության վարչությունը: Մարզային (Երևանի քաղաքային) ու տարածքային կազմկոմիտեների և առարկայական հանձնաժողովների անդամների անվանական կազմը հաստատում է մարզպետը (Երևանի քաղաքապետը) կրթության վարչության ներկայացմամբ: Դպրոցական կազմկոմիտեի և առարկայական հանձնաժողովների կազմը հաստատում է տնօրենը:
5. Օլիմպիական խորհրդի գործառույթները.
1) Մշակում է օլիմպիադաների նախապատրաստական աշխատանքների իրականացման, անցկացման, բողոքարկման ընթացակարգերը, ինչպես նաև վերահսկողության իրականացման, լուսաբանման, թափանցիկության և մասսայականության ապահովման մեխանիզմները:
2) Սահմանում է կազմկոմիտեների և առարկայական հանձնաժողովների ձևավորման սկզբունքները, նրանց պարտականություններն ու իրավունքները:
3) Մշակում է օլիմպիադաների անցկացման ժամանակացույցը կազմելու սկզբունքները, օլիմպիադաներին աշակերտների մասնակցության տարիքային սանդղակը, սահմանում քվոտաների (սահմանված թվաքանակ) տրամադրման կարգը:
4) Ուսումնական տարվա համար կազմում է օլիմպիադաների տարեկան ծրագիրը, մշակում հեռանկարային ծրագրեր:
5) Աջակցում է մասնագիտական առարկայական աշխատանքային խմբերին մեթոդական գրականության ստեղծման և հրատարակման, ինչպես նաև խնդիրների, առաջադրանքների կազմման և գնահատման մեթոդաբանության մշակման գործում:
6) Աշխատանքային խմբերի օգնությամբ հրապարակում է նախորդ տարիների օլիմպիադաների խնդիրները և լուծումները, մարզային և հանրապետական փուլերի հաղթողների ցուցակները:
7) Սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների անցկացման կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
8) Առաջարկություններ է ներկայացնում հայ անվանի գիտնականների հոբելյանական օրերին նվիրված կամ ՀՀ-ում միջազգային և այլ օլիմպիադաների կազմակերպման վերաբերյալ:
9) Մշակում և իրականացնում է անհատների ու տարբեր կազմակերպությունների կողմից օլիմպիադաներին աջակցության ծրագրեր:
10) Ուսումնական տարվա վերջում քննարկում ու վերլուծում է օլիմպիադաների արդյունքները, տալիս է համապատասխան գնահատական և առաջարկություններ, խրախուսման է ներկայացնում կազմկոմիտեների և առարկայական հանձնաժողովների անդամներին:
11) Մշակում և իրականացնում է միջազգային օլիմպիադաներում մեր աշակերտների ձեռքբերումների լուսաբանմանն ու օլիմպիադաների թափանցիկության նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:
12) Քննարկում է առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների նախագահների անվանական կազմը և ներկայացնում ՀՀ կրթության և գիտության նախարարի հաստատմանը:
13) Մշակում է օլիմպիական թիմերի հավակնորդների ընտրության, ուսումնական տարվա ընթացքում նրանց հետ իրականացվող նախապատրաստական դասընթացների և հավաքների կազմակերպման ու ֆինանսավորման կարգը:
6. Հանրապետական կազմկոմիտեի գործառույթները.
1) Սահմանում է մարզային փուլի անցկացման ժամկետները` ըստ առարկաների,
2) Սահմանում է հանրապետական փուլի անցկացման վայրերը և ժամկետները` ըստ առարկաների,
3) Նախապատրաստում է հանրապետական փուլի կազմակերպումը` համաձայն սահմանված ընթացակարգի,
4) Սահմանում է հանրապետական փուլի մասնակիցների թիվը` ըստ առարկաների և մարզերի,
5) Վերահսկում է հանրապետական փուլի անցկացումը և խրախուսման ներկայացնում հաղթողներին,
6) Վերահսկում է մարզային փուլի անցկացումը,
7) Նախարարի հաստատմանն է ներկայացնում հանրապետական առարկայական հանձնաժողովների և միջազգային օլիմպիադաներին մասնակցող թիմերի կազմերը:
7. Հանրապետական առարկայական հանձնաժողովների գործառույթները.
1) Համաձայն սահմանված ընթացակարգի` անցկացնում են հանրապետական փուլը և պատասխանատվություն են կրում անցկացման ողջ գործընթացի համար,
2) Կազմում են հանրապետական և մարզային փուլերի մրցութային առաջադրանքները,
3) Որոշում են հանրապետական փուլի հաղթողներին և նրանց պարգևատրում համապատասխան դիպլոմներով ու գովասանագրերով,
4) Համաձայն սահմանված ընթացակարգի` որոշում են միջազգային օլիմպիադաներին մասնակցող թիմերի թեկնածուների կազմը և նրանց հետ կազմակերպում լրացուցիչ աշխատանք,
5) Համաձայն սահմանված ընթացակարգի` հանրապետական կազմկոմիտեին առաջարկություն են ներկայացնում միջազգային օլիմպիադաներին մասնակցող թիմերի կազմերի մասին:
8. Մարզային կազմկոմիտեի գործառույթները.
1) Որոշում է մարզային փուլի անցկացման վայրերը` ըստ առարկաների,
2) Նախապատրաստում է մարզային փուլի կազմակերպումը` համաձայն սահմանված ընթացակարգի,
3) Վերահսկում է օլիմպիադաների անցկացումը և խրախուսման ներկայացնում հաղթողներին,
4) Առարկայական հանձնաժողովների երաշխավորության հիման վրա մարզային փուլի հաղթողներին ներկայացնում է մասնակցելու հանրապետական փուլին` ըստ քվոտաների:
9. Մարզային առարկայական հանձնաժողովների գործառույթները.
1) Համաձայն սահմանված ընթացակարգի` անցկացնում են մարզային փուլը և պատասխանատվություն են կրում ողջ գործընթացի համար,
2) Որոշում են մարզային փուլի հաղթողներին և նրանց պարգևատրում համապատասխան դիպլոմներով ու գովասանագրերով,
3) Մարզային կազմկոմիտեին առաջարկություն են ներկայացնում հանրապետական փուլին մասնակցող թիմերի մասին,
4) Կազմում են տարածքային և դպրոցական փուլերի մրցութային առաջադրանքները:
10. Տարածքային կազմկոմիտեի գործառույթները.
1) Սահմանում է տարածքային փուլի անցկացման ժամկետներն ու վայրերը` ըստ առարկաների,
2) Նախապատրաստում է տարածքային փուլի կազմակերպումը` համաձայն սահմանված ընթացակարգի,
3) Առարկայական հանձնաժողովների երաշխավորության հիման վրա տարածքային փուլի հաղթողներին ներկայացնում է մասնակցելու մարզային փուլին,
4) Վերահսկում է օլիմպիադաների անցկացումը և խրախուսման ներկայացնում հաղթողներին:
11. Տարածքային առարկայական հանձնաժողովների գործառույթները.
1) Անցկացնում են տարածքային փուլը և պատասխանատվություն են կրում ողջ գործընթացի համար` համաձայն սահմանված ընթացակարգի,
2) Որոշում են տարածքային փուլի հաղթողներին և նրանց պարգևատրում համապատասխան դիպլոմներով ու գովասանագրերով,
3) Տարածքային կազմկոմիտեին առաջարկություն են ներկայացնում մարզային փուլին մասնակցող թիմերի կազմերի մասին:
12. Դպրոցական կազմկոմիտեի գործառույթները.
1) Սահմանում է դպրոցական փուլի անցկացման ժամկետները` ըստ առարկաների,
2) Նախապատրաստում է դպրոցական փուլի կազմակերպումը` համաձայն սահմանված ընթացակարգի,
3) Առարկայական հանձնաժողովների երաշխավորության հիման վրա դպրոցական փուլի հաղթողներին ներկայացնում է մասնակցելու տարածքային փուլին,
4) Վերահսկում է օլիմպիադաների անցկացումը և խրախուսման ներկայացնում հաղթողներին:
13. Դպրոցական առարկայական հանձնաժողովների գործառույթները.
1) Անցկացնում են դպրոցական փուլը և պատասխանատվություն են կրում ողջ գործընթացի համար` համաձայն սահմանված ընթացակարգի,
2) Որոշում են դպրոցական փուլի հաղթողներին և նրանց պարգևատրում համապատասխան դիպլոմներով ու գովասանագրերով,
3) Դպրոցական կազմկոմիտեին առաջարկություն են ներկայացնում տարածքային փուլին մասնակցող թիմերի կազմի մասին:
14. Հանրապետական առարկայական օլիմպիադաների չորս փուլերի կազմակերպումը.
1) Առաջին` դպրոցական փուլը կազմակերպվում է դպրոցներում դեկտեմբեր-հունվար ամիսներին: Առաջին փուլին կարող է մասնակցել 5-12-րդ դասարանների ցանկացած աշակերտ: Առաջին փուլի կազմակերպման բոլոր ծախսերը հոգում են դպրոցները: Հաղթողները խրախուսվում և պարգևատրվում են դպրոցի տնօրինության կողմից:
2) Երկրորդ`տարածքային փուլը կազմակերպվում է նախկին վարչատարածքներում:
Երկրորդ փուլին մասնակցում են տվյալ տարածքում գտնվող հանրակրթական բոլոր դպրոցների (անկախ իրավական կազմակերպման ձևից) կողմից ներկայացված 7-12-րդ դասարանների աշակերտները:
Երկրորդ փուլի կազմակերպման բոլոր ծախսերը հոգում են օլիմպիադան անցկացնող վարչական տարածքները (համայնքները):
Հաղթողները խրախուսվում և պարգևատրվում են վարչական տարածքի (համայնքի) ղեկավարության կողմից:
3) Երրորդ` մարզային (Երևանի քաղաքային) փուլը կազմակերպվում է մարզկենտրոններում (Երևան քաղաքում): Երրորդ փուլին մասնակցում են տվյալ մարզի տարածքային կազմկոմիտեների կողմից երաշխավորված աշակերտները.
հայոց եկեղեցու պատմությունից` 8-12-րդ դասարանների աշակերտները, մյուս առարկաներից` 9-12-րդ դասարանների աշակերտները:
Երրորդ փուլի կազմակերպման բոլոր ծախսերը հոգում են մարզպետարանները (Երևանի քաղաքապետարանը): Հաղթողները խրախուսվում և պարգևատրվում են մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կողմից:
4) Չորրորդ` հանրապետական փուլին մասնակցում են մարզային կազմկոմիտեների կողմից երաշխավորված աշակերտները.
հայոց եկեղեցու պատմությունից` 8-12-րդ դասարանների աշակերտները, մյուս առարկաներից` 9-12-րդ դասարանների աշակերտները: Օլիմպիադայի չորրորդ փուլի կազմակերպման բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
Հաղթողները խրախուսվում և պարգևատրվում են նախարարության կողմից:
(14-րդ գլուխը փոփ. 28.12.11 N 1347-Ն)
15. Միջազգային առարկայական օլիմպիադաներին մասնակցող թիմերի ձևավորումը.
1) Հանրապետական օլիմպիադաների արդյունքները ամփոփելուց հետո հանրապետական առարկայական հանձնաժողովների առաջարկությամբ կազմվում է յուրաքանչյուր առարկայի հավաքական թիմի անդամների թեկնածուների ցուցակը` համաձայն սահմանված ընթացակարգի:
2) Սահմանված ընթացակարգով թեկնածուների հետ կազմակերպվում են լրացուցիչ պարապմունքներ: Նախարարի հրամանով` ըստ առարկաների հաստատվում են պարապմունքների կազմակերպիչները:
3) Պարապմունքներից հետո հանրապետական առարկայական հանձնաժողովի կողմից անցկացվում է մրցույթ(ներ): Այդ մրցույթի(ների) արդյունքների հիման վրա ձևավորվում են միջազգային օլիմպիադաներին մասնակցող հանրապետական թիմերի կազմերը և ներկայացվում են նախարարի հաստատմանը:
4) Թեկնածուների ընտրման, լրացուցիչ մրցույթների անցկացման և թիմերի ձևավորման աշխատակարգերը սահմանում է խորհուրդը:
5) Միջազգային օլիմպիադաների մասնակից թիմերի ղեկավարներին հանրակրթության վարչության ներկայացմամբ հաստատում է նախարարը:
6) Հայաստանի թիմերի միջազգային օլիմպիադաների մասնակցության հետ կապված ֆինանսական ծախսերը հոգում է նախարարությունը:
7) Միջազգային օլիմպիադաների հաղթողներին տրվող արտոնությունները սահմանվում են օրենսդրությամբ:
(Հավելվածը լրաց., փոփ. 28.12.11 N 1347-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.12.2014, N 1208-Ն | 12.02.2015, N 280-Ն | |
15.01.2014, N 19-Ն | 27.02.2014, N 280-Ն | |
28.12.2011, N 1347-Ն | 11.02.2012, N 280-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|