Գլխավոր տեղեկություն
Համար
N 863-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.08.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.28/54(857) Հոդ.321
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.07.2011
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 օգոստոսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11011359

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 հուլիսի 2011 թ.

N 863-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ի մասի 9-րդ կետի և ՀՀ պետական բուհերի 2011 թվականի հեռակա ուսուցման համակարգի ընդունելությունը կազմակերպված անցկացնելու նպատակով

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման 2011 թվականի ընդունելության կանոնները՝ համաձայն հավելվածի:

2. Հեռակա ուսուցմամբ ընդունելություն իրականացնող ՀՀ պետական բուհերի ռեկտորներին՝

1) մինչև 2011 թվականի օգոստոսի 1-ը բուհերում ստեղծել դիմորդների գործերն ընդունող հանձնաժողովներ, համաձայնեցված նախարարության հետ նշանակել պատասխանատու քարտուղարներ (տեղակալներ),

2) մինչև 2011 թվականի օգոստոսի 2-ը նախապատրաստել փաստաթղթերի ընդունման համար նախատեսված սենյակներ (փակցնել բուհերի 2011 թվականի հեռակա ընդունելության կանոնները, մասնագիտությունների ցանկը՝ համապատասխան քննություններով և տեղերի քանակով),

3) բուհերում սահմանել հերթապահություն՝ փաստաթղթերի ընդունման և քննությունների անցկացման ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում անհրաժեշտ կարգ ու կանոն ապահովելու համար, ստեղծել սննդի և բժշկական սպասարկման կետեր:

3. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (վարչության պետ` Ռ. Սուքիասյան), իրավաբանական վարչությանը (վարչության պետ` Մ. Գրիգորյան). սահմանված կարգով սույն կանոնները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:

 

 

 Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2011 թվականի հուլիսի 26-ի

N 863-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Սույն կանոնները մշակված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման կարգի» 5-րդ կետի համաձայն:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները (այսուհետ՝ բուհեր) հեռակա ուսուցման ընդունելություն են կատարում համաձայն ՀՀ կառավարության կողմից 2007թ. օգոստոսի 30-ի N 1038-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկի:

2. Հեռակա ուսուցումը հանրապետության բուհերում կազմակերպվում է վճարովի հիմունքներով: Ուսման վարձի չափը սահմանում է բուհը՝ առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված վարձի սահմաններում: Մանկավարժական մասնագիտություններով նպատակային տեղերում ընդունվողների համար ուսման վարձը սահմանվում է 50 հազար դրամից ոչ ավելի:

3. Հեռակա ուսուցում իրականացնող բուհերում ներդրվող մասնագիտությունների ցանկը և հատկացվող տեղերի քանակը հաստատվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով:

4. Հեռակա ուսուցում իրականացնող բուհը, համաձայն սույն կանոնների, տալիս է իր հայտարարությունը:

5. Հայաստանի Հանրապետության պետական բուհեր հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել միջնակարգ, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթություն ունեցող անձինք` առանց տարիքի սահմանափակման:

6. Հեռակա ուսուցմամբ բուհ ընդունված արական սեռի ուսանողները չեն օգտվում ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքից:

 

II. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

7. Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները (այսուհետ՝ քննություններ) կազմակերպում է բուհը: Քննությունների կազմակերպումը և անցկացումը վերահսկում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):

8. Դիմորդներն իրենց ընտրությամբ կարող են հայտագրել և մասնակցել միայն տվյալ քաղաքի մեկ բուհի մեկ մասնագիտության ուսուցման մրցույթին` հանձնելով այդ մասնագիտության համար սահմանված քննությունները: Ընդունելության մրցույթը կատարում է յուրաքանչյուր բուհ՝ ըստ մասնագիտությունների հատկացված տեղերի և միավորների:

9. Քննատախտակով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննության չներկայացած դիմորդներին չի թույլատրվում մասնակցել տվյալ առարկայի քննությանը: Հարգելի պատճառով (փաստաթղթով հաստատված) քննության չներկայացած դիմորդներին հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել:

10. Ընդունելության քննությունների փաստաթղթերը հանձնելիս դիմորդը վճարում է 1500 դրամ` փաստաթղթերի ընդունման և ձևակերպման համար: Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Ընդունելության քննությունների վճարից ազատվում են նպատակային տեղերի մրցույթի հավակնորդները և սույն կանոնների 29-30-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից՝ քննության համար վճարված գումարը չի վերադարձվում: Դիմորդի քննությունների ժամանակացույցը կախված չէ փաստաթղթերը հանձնելու օրից:

11. Դիմորդների` քննություններին, ըստ մասնագիտությունների մրցույթին մասնակցելու դիմում-հայտերը և ընդունելության քննությունների վճարը ընդունում է համապատասխան բուհը:

12. Քննությունների վերահանձնում չի թույլատրվում:

 

III. ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

 

13. Ընդունելությունը բուհերում կատարվում է`

1) նպատակային` ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատող բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների համար: Մրցույթով անցած դիմորդների հետ կնքվում է եռակողմ պայմանագիր (դիմորդ-բուհ-մարզպետարան) ուսումնառության շրջանում համապատասխան դպրոցում աշխատելու վերաբերյալ,

2) ըստ մասնագիտությունների հատկացված տեղերի, ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից հաստատված քննությունների ցանկի և սույն կանոնների համաձայն:

14. Հանրակրթական առարկաներից քննությունները համապատասխան բուհերում անցկացնում են բուհի կողմից ներկայացված և նախարարի կողմից հաստատված առարկայական հանձնաժողովները՝ 2011թ. առկա ուսուցման առարկայական ծրագրերով և գիտելիքների գնահատման չափանիշներով:

15. Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների քննություններն անց են կացվում տվյալ բուհի մշակած և Նախարարի հաստատած մասնագիտական ծրագրերով և գնահատման չափանիշներով:

16. Քննությունների քանակը սահմանվում է երկու մրցութային քննությունից ոչ պակաս:

17. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում ութ և բարձր միավորները: Մինչև ութ միավորի դեպքում գնահատականը ամբողջացվում է (կլորացվում է, օրինակ` 7.5 միավորը հավասարվում է 8.0 միավորի) հօգուտ դիմորդի` ապահովելով դրական միավորի վաստակումը: Ութից բարձր միավորները գնահատվում են տասնորդական մասի պահպանումով` տվյալ առարկայի գնահատման չափանիշներով սահմանված քայլերին համապատասխան: Մրցույթին մասնակցում են այն դիմորդները, ովքեր տվյալ մասնագիտության համար նախատեսված քննություններից ստացել են դրական միավորներ:

18. Դիմորդները կարող են պահպանել 2011թ. (2010թ.) «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների միջնակարգ լրիվ ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող հաստատության միասնական քննության և 2011թ. կենտրոնացված համակարգով հանձնած քննությունների դրական գնահատականները՝ իրենց ցանկությամբ: Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաև 2011թ. կենտրոնացված և միասնական կարգով հանձնած քննական առարկայի/ների գնահատականը/ները, տվյալ առարկայից/ներից հանձնել քննություն: Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում հանձնած քննության արդյունքը:

19. Այն մասնագիտությունների գծով, որոնց քննությունների անվանացանկում առարկաները նշված են մեկ և երկու աստղանիշով, մրցույթին մասնակցելու համար.

1) 1999-2000 և հետագա ուսումնական տարիների շրջանավարտ դիմորդների համար մրցութային և ոչ մրցութային քննությունների գնահատականներ են համարվում միջնակարգ կրթության ատեստատի, միջին մասնագիտական (հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով) կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական (հիմնական ընդհանուր կրթության հիմքով) ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի պետական ավարտական քննական գնահատականները,

2) 1998-1999 ուստարվա շրջանավարտների համար՝ միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական տեխնիկական և միջին մասնագիտական հաստատությունների ավարտական պետական քննական գնահատականները, իսկ քիմիայից և կենսաբանությունից՝ տարեկան գնահատականները (նաև նախորդ տարիների շրջանավարտների համար),

3) հայոց լեզվից և մաթեմատիկայից՝ 1996 թվականին և դրանից հետո հանձնված քննությունների գնահատականները,

4) մինչև 1997-1998 (ներառյալ) ուսումնական տարվա շրջանավարտ-դիմորդների միջնակարգ կրթության ատեստատի քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի (20 միավորային համակարգով չգնահատված) տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին՝

«3»-ը համարժեք է 13 միավորի,

«4»-ը համարժեք է 17 միավորի,

«5»-ը համարժեք է 20 միավորի,

5) 1999-2000 ուստարիների այն շրջանավարտները, ովքեր դպրոցում բնագիտական առարկաներից չեն ընտրել հայտագրած մասնագիտությանը համապատասխանող առարկան (ֆիզիկա, կենսաբանություն և քիմիա), այն հանձնում են բուհում,

6) 1998-1999 ուստարվա այն շրջանավարտները, ովքեր դպրոցում չեն ընտրել ֆիզիկայի ավարտական քննությունը, համապատասխան մասնագիտությունների գծով այն հանձնում են բուհում,

7) մրցույթին մասնակցելու համար դիմորդը կարող է մասնագիտությունների և քննությունների ցանկում մեկ աստղանիշով նշված հայոց լեզվի (գրավոր) և մաթեմատիկա (գրավոր) ոչ մրցութային քննության գնահատականը փոխանցել միջնակարգ կրթության ատեստատից կամ միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական (հիմնական ընդհանուր կրթության հիմքով) ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերից,

8) 2011թ. «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների միասնական քննություններ չհանձնած դիմորդները քննություն են հանձնում բուհում համապատասխան առարկաների միասնական քննություններին ներկայացվող պահանջներին համապատասխան:

20. Նպատակային տեղերի մրցույթը իրականացվում է միայն ՀՀ միջնակարգ դպրոցներում որպես ուսուցիչ` առնվազն 1 տարի աշխատող դիմորդների միջև` նրանց կողմից վաստակած դրական միավորների հիման վրա:

21. Մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում՝

1) տվյալ մասնագիտությամբ աշխատող դիմորդներին,

2) բոլոր տարիների մեդալակիր-դիմորդներին,

3) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,

4) բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին,

5) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին,

6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

22. Մրցույթի արդյունքները հաստատում է ՀՀ կրթության և գիտության նախարարը: Մրցույթով անցած դիմորդների պաշտոնական /հաստատված/ ցուցակները հանձնվում են բուհերին հրամանագրման համար: Թափուր տեղեր առաջանալու դեպքում, այդ տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների և քննությունների ցանկում երկու աստղանիշերով նշված առարկաների համար որպես մրցութային գնահատական, կարող են դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի այդ առարկաների ավարտական քննությունների կամ տարեկան գնահատականը:

23. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից գնահատական չունեցող դիմորդները (Ա և Ա+Բ տարբերակները չհանձնած) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական (գրավոր) քննության փոխարեն կարող են քննություն հանձնել «Ռուսաց լեզու» առարկայից միասնական (գրավոր), իսկ «Ռուսաց լեզու» առարկայից գնահատական չունեցողները՝ որևէ օտար լեզվից՝ միասնական (գրավոր) (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն), ընդ որում`

1) «030700 - Միջազգային հարաբերություններ», «030600 – Լրագրություն», «031000 - Հայոց լեզու և գրականություն», «051000 - Մանկավարժություն և հոգեբանություն», «051100 - Մանկավարժություն և մեթոդիկա», «051300 - Սոցիալական մանկավարժություն», «051500 - Հատուկ կրթության մանկավարժություն և հոգեբանություն», «032300 - Թարգմանչական գործ» մասնագիտությունների դեպքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական (գրավոր) քննությունը պարտադիր է.

2) «031100 - Լեզվաբանություն, ռուսաց լեզու», «032400 - Ռուսաց լեզու և գրականություն» (ԵրՊԼՀ-ում), «031200 - Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն` ռուսաց լեզու» (ԵՊՀ) մասնագիտությունների համար սահմանված «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական (գրավոր) քննության փոխարեն դիմորդները կարող են քննություն հանձնել օտար լեզվից` կենտրոնացված բանավոր քննություն.

3) «032400 - Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության համար սահմանված «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական (գրավոր) քննության փոխարեն դիմորդները կարող են միասնական (գրավոր) քննություն հանձնել «Օտար լեզու» առարկայից:

 24. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Օտար լեզու» առարկայից գնահատական չունեցող դիմորդներն օտար լեզվի միասնական (գրավոր) քննության փոխարեն կարող են միասնական (գրավոր) քննություն հանձնել «Ռուսաց լեզու» առարկայից, ընդ որում, «030700 - Միջազգային հարաբերություններ», «031200 - Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն)», «031300 - օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն)», «030800 - Արևելագիտություն (արաբագիտություն, իրանագիտություն, թուրքագիտություն)», «032300 - Թարգմանչական գործ», «080000 - Տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությունների խմբի, «200400 - Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացում» (ՀՊՏՀ), «311102 - Սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում», «311112 - Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում», «311105 - Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն (գյուղարտադրության և պարենամթերքի)», «311103 - Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ», «311107 - Ագրոբիզնես և շուկայաբանություն», «310111 - Ագրոպարենային համակարգի խորհրդատվություն և տեղեկատվություն», «310112 - Ապահովագրական գործ (ագրոպարենային համակարգի)», «310110 - Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում», «311101 – Ագրոպարենային արտադրության էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությունների համար «Օտար լեզու» առարկայի միասնական քննությունը պարտադիր է, եթե ցանկով այլ քննություն նախատեսված չէ:

25. Ռուսերեն ուսուցմամբ դպրոցի շրջանավարտները քննությունները կարող են հանձնել ռուսաց լեզվով (բացառությամբ հայերեն և օտար լեզուների քննությունների):

26. Բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի բողոքարկելու առարկայական քննական հանձնաժողովի նախագահին առանց քննասենյակից դուրս գալու, իսկ գրավոր քննության գնահատականը՝ այն հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում: Գրավոր քննության գնահատականները բուհերը հայտնում են հաջորդ օրը, ոչ ուշ, քան մինչև ժամը 1600:

27. Քննությունների ընթացքում ծագած վեճերը լուծում է բուհի ընդունող հանձնաժողովը:

28. Բուհերի ընդունող հանձնաժողովների, առարկայական քննական հանձնաժողովների և ընդունելությանն առնչվող մյուս ծառայությունների փոխհարաբերությունները կանոնակարգվում են նախարարության կողմից հաստատված ՀՀ պետական բուհերի 2011թ. հեռակա ուսուցման ընդունելության կանոններով:

 

IV. ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

29. Հետևյալ կարգավիճակ ունեցող դիմորդները բուհ ընդունվելու դեպքում օգտվում են համապատասխան օրենքներով սահմանված ուսման վարձի լրիվ փոխհատուցման իրավունքից.

1) 1-ին ու 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար, բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից տրված եզրակացության համաձայն, տվյալ մասնագիտությամբ սովորելը և հետագայում աշխատելը հակացուցված չէ,

2) առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:

30. Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, պետական բյուջեի միջոցների հաշվին, մրցույթից դուրս, ընդունվում են ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:

31. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ են ընդունվում մրցույթից դուրս, ըստ մասնագիտությունների նախարարության կողմից հաստատված տեղերի:

32. Տվյալ բուհի նախապատրաստական դասընթացները ավարտած դիմորդները բուհ են ընդունվում մրցույթից դուրս, ավարտական քննությունների գնահատականներով, ըստ մասնագիտությունների նախարարության կողմից հաստատված տեղերի մինչև 20% չափով:

 

V. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

33. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2011թ. օգոստոսի 3-ից մինչև սեպտեմբերի 20-ը: Փաստաթղթերի ընդունման ժամկետը կարող է երկարաձգվել ՀՀ ԿԳ նախարարի հրամանով: Քննություններն անց են կացվում 2011թ. սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 20-ը: Ուսանողների հրամանագրումը կատարվում է մինչև հոկտեմբերի 25-ը:

34. Դիմումի հետ ներկայացվում են`

1) միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),

2) 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),

3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),

4) զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,

5) սույն կանոնների 29-30-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու մասին, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին),

6) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները,

7) նպատակային տեղերի մրցույթին մասնակցելու համար համապատասխան մարզպետարանի ուղեգիր: Հայաստանի պետական ագրարային համալսարանի նպատակային տեղերում ընդունվող դիմորդները ներկայացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից տրվող համապատասխան գործուղման ձև,

8) քաղվածք աշխատանքային գրքույկից (գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում աշխատողները ներկայացնում են տեղեկանք գյուղական համայնքից)՝ սույն կետը վերաբերում է միայն Հայաստանի պետական ագրարային համալսարանի դիմորդներին,

9) տեղեկանք 2011թ. կենտրոնացված ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ,

10) 2011թ. (2010թ.) «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների ավարտական միասնական քննությունների վկայագիր:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան