Գլխավոր տեղեկություն
Համար
N 194-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2011-19.08.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.05.04/10(393) Հոդ.168
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.03.2011
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 ապրիլի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11011187

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 մարտի 2011 թ.

N 194-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն


ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ կետի պահանջը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Մեկից ավելի արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն ստանալու կարգը»` համաձայն հավելվածի:

2. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Աբրահամյան) և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան)` սահմանված կարգով հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

ՀՀ կրթության և գիտության

նախարար`

Ա. Աշոտյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության նախարարի

2011 թվականի մարտի 12-ի

N 194-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է մեկից ավելի նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական (այսուհետ՝ մասնագիտական) կրթություն ստանալու ընդհանուր պայմանները:

2. Մեկից ավելի մասնագիտական կրթությունն իրականացվում է մասնագիտական հիմնական կրթական ծրագրին զուգահեռ (այսուհետ՝ զուգահեռ կրթություն) կամ հաջորդականության սկզբունքով (այսուհետ՝ հաջորդական կրթություն), որն ավարտվում է պետական ամփոփիչ ատեստավորմամբ և շրջանավարտին տրվում է համապատասխան որակավորում։

3. Ուսանողն իրավունք ունի ընտրելու տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր (էլեկտիվ) և տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր (ֆակուլտատիվ) դասընթացներ, որոնք տրամադրում են հաստատությունները:

4. Մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրի` նույն մասնագիտության տարբեր աստիճաններում ուսումնառությունը չի համարվում մեկից ավելի կամ երկրորդ մասնագիտական կրթության ստացում:

5. Հավակնորդը մեկից ավելի մասնագիտական կրթություն կարող է ստանալ ինչպես իր ուսումնառած/ուսումնառող, այնպես էլ մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող այլ հաստատություններում կամ կազմակերպություններում (այսուհետ՝ հաստատություն), եթե՝

1) պահպանվում է համապատասխան մասնագիտության տվյալ տարվա համար սահմանված ընդունելության տեղերի ընդհանուր թիվը,

2) դրանցում կրթություն ստանալու ձևերը տարբեր են (չի արգելվում առկա և այլ ձևերի զուգակցումը),

3) ընդունելության կամ կրթական ծրագրին մասնակցության համար հավակնորդին ներկայացվող մուտքային պահանջները բավարար են։

6. Սույն կարգի գործողությունը տարածվում է պետական և հավատարմագրված ոչ պետական հաստատությունների վրա՝ անկախ ուսուցման ձևից։

 

II. ԶՈՒԳԱՀԵՌ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

7. Ուսանողը զուգահեռ կրթություն կարող է ստանալ`

1) ընդհանուր հիմունքներով` ցանկության դեպքում չկրկնելով ուսումնառած մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաները (մոդուլները), եթե դրանք համընկնում են նախընտրած մասնագիտության ուսումնական պլանի հետ,

2) ուսումնառող կրթական ծրագրի հիմքով` նախընտրած մասնագիտության համապատասխան կիսամյակից, եթե ուսումնառող և նախընտրած մասնագիտությունների համար սահմանված ուսումնական պլանների ակադեմիական տարբերությունները չեն գերազանցում 8 առարկան (կամ մոդուլները)։

8. Նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված, սակայն ուսանողի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաները ու առարկաների (մոդուլների) ժամաքանակների
30 և ավելի տոկոս կազմող տարբերությունները համարվում են ակադեմիական տարբերություններ:

9. Զուգահեռ կրթություն ստանալու համար հիմք է համարվում սույն կարգի 17-րդ կետի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը։

10. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում հիմնական կրթության հիմքով առկա ուսուցման բաժին ընդունված ուսանողը հեռակա ուսուցման բաժնում կարող է ստանալ զուգահեռ կրթություն` չորրորդ կիսամյակն ավարտելուց հետո:

11. Զուգահեռ կրթություն ստանալու դեպքում ուսանողը հրամանագրվում է վճարովի ուսուցման համակարգում, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող ուսանողներից: Ուսումնառության ընթացքում ուսանողն օգտվում է նպաստի ձևով ուսուցման վճարի փոխհատուցման իրավունքից:

 

III. ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

12. Հավակնորդը հաջորդական կրթություն կարող է ստանալ`

1) ընդհանուր հիմունքներով` ցանկության դեպքում չկրկնելով ուսումնառած մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաները (մոդուլները), եթե դրանք համընկնում են նախընտրած մասնագիտության ուսումնական պլանի հետ,

2) ուսումնառած կրթական ծրագրի հիմքով` նախընտրած մասնագիտության համապատասխան կիսամյակից, եթե ուսումնառած և նախընտրած մասնագիտությունների համար սահմանված ուսումնական պլանների ակադեմիական տարբերությունները չեն գերազանցում 8 առարկան (կամ մոդուլները)։

13. Նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված, սակայն ուսանողի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաները ու առարկաների (մոդուլների) ժամաքանակների
30 և ավելի տոկոս կազմող տարբերությունները համարվում են ակադեմիական տարբերություններ:

14. Հաջորդական կրթություն ստանալու համար հիմք է հանդիսանում մասնագիտական (այդ թվում՝ բարձրագույն) կրթության դիպլոմը:

15. Հաջորդական կրթություն ստանալու դեպքում ուսանողը հրամանագրվում է վճարովի ուսուցման համակարգում, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող ուսանողներից:

 

IV. ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ, ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄԸ

 

16. Մեկից ավելի մասնագիտական կրթություն ստանալու համար հավակնորդն ուսումնական տարվա սկզբին (ըստ կրթության ձևի) կամ կիսամյակին նախորդող աշխատանքային 15 օրվա ընթացքում դիմում է ներկայացնում տվյալ հաստատության տնօրենին (ռեկտորին)։

17. Դիմումի հետ միաժամանակ ներկայացնում է՝

1) կրթության մասին վկայող ավարտական փաստաթուղթը`

ա. հիմնական կրթության վկայականի կամ միջնակարգ կրթության ատեստատի նոտարական հաստատումով (վավերացված) պատճենը, կամ մասնագիտական (այդ թվում՝ բարձրագույն) կրթության դիպլոմը և ներդիրը,

բ. տնօրենի (ռեկտորի) կողմից հաստատված ակադեմիական տեղեկանքը (զուգահեռ կրթության դեպքում),

2) չորս լուսանկար (3x4 չափսի),

3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան հավակնորդի համար կամ զինվորական գրքույկ կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող, անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),

4) զինվորական գրքույկ կամ կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող հավակնորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

5) աշխատանքային գործունեության կամ մասնագիտական աշխատանքի վերաբերյալ համապատասխան տեղեկանքը (դրա առկայության դեպքում),

6) ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):

18. Դիմումները քննարկելու նպատակով հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

Հանձնաժողովում ընդգրկվում են հաստատության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալը` որպես նախագահ և համապատասխան մասնագիտության գծով դասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Դիմումները քննարկվում են կիսամյակների ուսումնական պարապմունքները սկսելուն հաջորդող երկու շաբաթների ընթացքում:

19. Հանձնաժողովի կողմից, մրցութային հավասար պայմանների դեպքում, առաջնահերթությունն ըստ հաջորդականության տրվում է՝

1) նախընտրած մասնագիտությամբ աշխատող հավակնորդին,

2) առավելագույն մասնագիտական ստաժ ունեցող հավակնորդին,

3) կրթության որակավորման ավելի բարձր աստիճան ունեցող հավակնորդին,

4) կրթության միևնույն որակավորման աստիճան ունեցող ավարտական փաստաթղթի ներդիրում նշված առարկաների առավելագույն միջին գնահատական ունեցող հավակնորդին:

20. Հաստատության տնօրենը (ռեկտորը), հանձնաժողովի եզրակացության հիման վրա, տալիս է ուսանողի ընդունման ժամանակավոր հրաման, որին կցվում է ակադեմիական տարբերությունների ցանկը և դրանց մարման անհատական ժամանակացույցը: Ակադեմիական տարբերությունների հանձնման առավելագույն ժամկետը մեկ ամիս է:

Հաստատության տնօրենը (ռեկտորը) կարող է ուսանողին ժամանակավորապես կցագրել համապատասխան խմբում և թույլատրել մասնակցելու ուսումնական պարապմունքներին։

21. Ակադեմիական տարբերությունները դրական հանձնելու դեպքում հաստատության տնօրենը եռօրյա ժամկետում հրամանագրում է ուսանողին:

22. Տնօրենը (ռեկտորը) ուսնողին(ներին) հրամանագրելուց հետո հնգօրյա ժամկետում պետական կառավարման լիազոր մարմնին է ներկայացնում ամբողջական տեղեկատվություն սույն կարգով ընդունվածների վերաբերյալ: