Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 754-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.02.01/3(386) Հոդ.29
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
11.11.2010
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 հունվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11811009

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

11 նոյեմբերի 2010 թ.

թիվ 754-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԾԻԳ) ԱՆՎԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԱԾ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 324-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի պահանջը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների (այսուհետ՝ ԾԻԳ) անվամբ Հայաստանի Հանրապետության գանձապետարանում բացված հաշիվների սպասարկման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ սույն հրամանի հավելվածով հաստատված օրինակելի պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և առանձին իրավաբանական անձ հանդիսացող ԾԻԳ-երի միջև, իսկ պետական հիմնարկ հանդիսացող ԾԻԳ-երի գանձապետարանում բացված հաշիվների վարման հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 765-Ն որոշմամբ նախատեսված պետական հիմնարկներ հանդիսացող ԾԻԳ-երի համապատասխան լիազորված մարմնի համատեղ հրամանով։

 

Նախարար

Տ. Դավթյան

 

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2010 թվականի նոյեմբերի 11-ի

N 754-Ն հրամանի

 

Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների (այսուհետ՝ ԾԻԳ) անվամբ Հայաստանի Հանրապետության գանձապետարանում բացված հաշիվների սպասարկման պայմանագրի օրինակելի ձև

 

ք. Երևան

« »                   20 թ.

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանի, մի կողմից, և « » -ի (այսուհետ՝ ԾԻԳ) դեմս տնօրեն, որը գործում է կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Նախարարությունը ԾԻԳ-ի անվամբ բացում և սպասարկում է հետևյալ գանձապետական հաշիվը (հաշիվները) (այսուհետ՝ հաշիվ)

 

Ծրագրի անվանումը

Արժույթը

Հաշվի համարը

     
     

 

1.2. Նախարարությունը ԾԻԳ-ի հաշվին մուտքագրում է ստացվող դրամական միջոցները, հաշվից կատարում է փոխանցումներ։

1.3. ԾԻԳ-ի անունից դրամական միջոցներ փոխանցելու և վճարելու կարգադրություններ տալու իրավասություն ունեցող անձանց իրավունքները ԾԻԳ-ը հավաստում է Պայմանագրով նախատեսված փաստաթղթերը Նախարարություն ներկայացնելու միջոցով։

1.4. Գանձապետական հաշիվների սպասարկման շրջանակում Հայաստանի Հանրապետության գանձապետարանը ԾԻԳ-ի ֆինանսական միջոցների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված նախնական ֆինանսական հսկողության գործառույթներ չի իրականացնում, բացառությամբ հաշվից կատարվող ծախսերի հաշվառման՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման։

 

2. ԿՈՂՄԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. ԾԻԳ-ը կարող է տնօրինել հաշվին առկա միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրեն վերապահված լիազորությունների սահմաններում։

2.2. ԾԻԳ-ի կարգադրությունները կարող են ներկայացվել թղթային (առձեռն, փոստով կամ ցրիչի միջոցով) կամ էլեկտրոնային եղանակով՝ կիրառելով «Client-Treasսry» կամ այլ համակարգերում ընդունված հաղորդագրությունների էլեկտրոնային ֆորմատները։

2.3. ԾԻԳ-ի կողմից Նախարարություն թղթային էլեկտրոնային եղանակով ներկայացված կարգադրությունները պետք է պարունակեն վերջիններիս համար «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 900-Ն հրամանով հաստատված վճարման հանձնարարագրի օրինակելի ձևով սահմանված նվազագույն վավերապայմանները: Էլեկտրոնային եղանակով կարգադրությունները պետք է ուղարկվեն համապատասխան համակարգերի արարողակարգերի համաձայն և պարունակեն այդ համակարգերում կիրառվող պաշտոնական միջոցները:

2.4. Նախարարությունը չի կատարում ԾԻԳ-ի կարգադրությունը, եթե այն կիսատ է լրացված, նրանում առկա են սխալներ, ջնջումներ: Նախարարությունը կարգադրության չկատարման մասին ԾԻԳ-ին պետք է տեղեկացնի ոչ ուշ, քան կարգադրության ներկայացմանը (ստացմանը) հաջորդող բանկային օրվա ընթացքում` նշելով չկատարման պատճառները:

2.5. ԾԻԳ-ի անվամբ բացված հաշվով կատարված գործարքների մասին տեղեկատվությունը` քաղվածքը ԾԻԳ-ը ստանում է «Client-Treasսry» համակարգի միջոցով` առցանց եղանակով:

2.6. Նախարարությունը` ԾԻԳ-ի անվամբ բացված հաշվով կատարված գործարքների մասին ԾԻԳ-ին տրամադրում է տվյալ հաշվի մասին Հայաստանի Հանրապետության գանձապետարանի համապատասխան ստորաբաժանման կնիքով հաստատված քաղվածք թղթային եղանակով` հաշիվ բացելու նպատակով Հայաստանի Հանրապետության գանձապետարան ներկայացված դիմումում նշված պարբերականությամբ: Թղթային եղանակով քաղվածքները տրամադրվում են վերջինիս կողմից լիազորված անձին` փոստային կամ սուրհանդակային ծառայության միջոցով:

2.7. ԾԻԳ-երի կողմից փոխարկման հայտ (արտարժույթի առուվաճառքի հայտ) ներկայացնելու դեպքում փոխարկումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արտարժութային շուկայում ձևավորված նախորդ օրվա միջին փոխարժեքով:

2.8. Հաշվի սպասարկման շրջանակում Հայաստանի Հանրապետության գանձապետարանը ԾԻԳ-ին մատուցում է հետևյալ ծառայությունները`

1) հաշվի վճարահաշվարկային սպասարկում,

2) ակրեդիտիվների բացում` Նախարարությանը սպասարկող Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով:

2.9. Հաշվից կանխիկ ձևով վճարումներն իրականացվում են բյուջեների կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.10. ԾԻԳ-ի կողմից կարգադրություններում տվյալների սխալ ներկայացման հետևանքով թղթակից բանկերից հետ վերադարձված գումարները հետ են մուտքագրվում հաշվին:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3.1. Նախարարությունն իրավունք ունի`

3.1.1. Մերժել ԾԻԳ-ի հանձնարարականի կատարումը, եթե նրա կողմից խախտվել կամ չեն իրականացվել «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 900-Ն հրամանով հաստատված վճարման հանձնարարագրի օրինակելի ձևով սահմանված նվազագույն վավերապայմանները, ինչպես նաև սույն Պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

3.2. Նախարարությունը պարտավոր է`

3.2.1. ԾԻԳ-ի համար հաշիվ բացել համապատասխան փաստաթղթերը (Կանոնադրության և պետական ռեգիստրում ԾԻԳ-ի հաշվառման վկայականի պատճենները, հաշվից գործարք կատարելու նպատակով նախատեսված վճարային փաստաթղթերը հաստատելու համար օգտագործվող կնիքի նմուշը, ԾԻԳ-ի հարկ վճարողի հաշվարկային համարը, հաշիվը տնօրինելու` առաջին և երկրորդ կարգի ստորագրության իրավունք ունեցող և վերջիններիս փոխարինող անձանց տվյալները` յուրաքանչյուր անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, անձնագրի պատճենը և ստորագրության նմուշը` հաստատված ԾԻԳ-ի ղեկավարի և (կամ) վերջինիս փոխարինող անձի կողմից, հաշիվ բացելու մասին ԾԻԳ-ի դիմումը) Նախարարություն ներկայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում.

3.2.2. ԾԻԳ-ից ընդունել և նրա կարգադրությամբ հաշվից միջոցներ ելքագրել ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթղթերն ստանալու օրվան հաջորդող մեկ բանկային օրվա ընթացքում.

3.2.3. Հաշիվ բացելու նպատակով Նախարարություն ներկայացրած դիմումում նշված պարբերականությամբ ԾԻԳ-ին տրամադրել բացված հաշվով կատարված գործարքների մասին գրավոր` Հայաստանի Հանրապետության գանձապետարանի համապատասխան ստորաբաժանման կնիքով հաստատված տեղեկատվություն` հաշվից քաղվածք:

3.3. ԾԻԳ-ն իրավունք ունի`

3.3.1. Ինքնուրույնաբար տնօրինել իր հաշիվները օրենսդրությամբ և սույն Պայմանագրով սահմանված կարգով.

3.3.2. Պահանջել իր անվամբ բացված հաշվով կատարված գործարքների մասին գրավոր` Հայաստանի Հանրապետության գանձապետարանի համապատասխան ստորաբաժանման կնիքով հաստատված տեղեկատվություն` հաշվից քաղվածք` հաշիվ բացելու նպատակով Նախարարություն ներկայացրած դիմումում նշված պարբերականությամբ.

3.3.3. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չեղյալ համարել իր կողմից ներկայացված վճարման հանձնարարականը։

3.4. ԾԻԳ-ը պարտավոր է`

3.4.1. Պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաշիվների սպասարկման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պահանջները.

3.4.2. Հաշիվ բացելու նպատակով Նախարարություն ներկայացված տվյալների փոփոխման դեպքում կատարված փոփոխությունների մասին տվյալները (փաստաթղթերը) երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Նախարարություն:

 

4. ՀԱՇՎԻՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

4.1. ԾԻԳ-ի հաշվում դրամական միջոցների առկայության դեպքում, որոնց գումարը բավարար է հաշվին ներկայացված բոլոր պահանջները բավարարելու համար, այդ միջոցները դուրս են գրվում ԾԻԳ-ի կարգադրությունները և դուրսգրման այլ փաստաթղթերը մուտք լինելու հաջորդականությամբ (օրացուցային հաջորդականություն):

 

5. ՀԱՇՎԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԸ

 

5.1. Նախարարությունը ԾԻԳ-ի համար հաշիվ բացելու և այն սպասարկելու համար վճար չի գանձում:

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

6.1. ԾԻԳ-ի կողմից ներկայացված փաստաթղթերում տեղեկությունների անճշտության համար Նախարարությունը պատասխանատվություն չի կրում:

6.2. Սույն Պայմանագրով չնախատեսված դեպքերում Կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

7.1. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

7.2. Սույն Պայմանագրի պայմանները կարող են փոխվել Կողմերի գրավոր համաձայնությամբ:

7.3. Կողմերը պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը:

7.4. Սույն Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, 2 (երկու) օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարություն`

ԾԻԳ-ի տնօրեն`

 

ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

ք.

_______________________ 
          /ստորագրություն/

_________________________
 /ստորագրություն/

   

Կ.Տ.

 

 

Կ.Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան