«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 մայիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11011227
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 ապրիլի 2011 թ. |
N 391-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ, ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 193-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ ենթակետը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության» 10-րդ կետի «ժէ», «ժթ» ենթակետերը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողի փոխադրման և ավարտման կարգը»` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի ապրիլի 10-ի «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփոիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման և ավարտման կարգը հաստատելու և Հայաստանի Հանարապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի մայիսի 4-ի N 404 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 193-Ն հրամանը:
3. Հայաստանի Հանարապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչությանը (պետ` Ն. Հովհաննիսյան) և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան), սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանարապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Նախարար` |
Ա. Աշոտյան |
Հավելված նախարարի 2011 թ. ապրիլի 22-ի N 391-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների փոխադրական և ամփոփիչ ստուգման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
Գ Լ ՈՒ Խ II
ՍՈՎՈՐՈՂԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼԸ
2. 1-ին դասարանում բոլոր սովորողները, որպես կանոն, փոխադրվում են հաջորդ դասարան` գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով: Առանձին դեպքերում սովորողը կարող է կրկնել տվյալ ուսումնական տարվա դասընթացը` ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ և ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ:
3. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ և 10, 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան դրական գնահատականներ ունեցող սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան:
4. 4-րդ դասարանի (տարրական ուսումնական հաստատության ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և գիտելիքների ստուգումից դրական գնահատականներ ունեցող սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան:
5. 9-րդ դասարանի (հիմնական ուսումնական հաստատության ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և ավարտական քննություններից դրական գնահատականներ ունեցող սովորողները ստանում են հիմնական կրթության ավարտական վկայական:
6. 2-11-րդ դասարաններում մեկ կամ երկու առարկայից տարեկան կամ գիտելիքների ստուգումից անբավարար գնահատական ունեցող սովորողների փոխադրման կամ ավարտման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում նրանց հանձնած վերաքննությունների արդյունքներով:
7. Ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից անբավարար գնահատական ունեցող 2-11-րդ դասարանների սովորողները կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը: Սովորողին ամառային առաջադրանք տալու կամ դասընթացը կրկնելու ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշումների մասին սովորողի ծնողին տեղյակ է պահում դասղեկը, մանկխորհրդի նիստից հետո երեք օրվա ընթացքում` գրավոր ծանուցմամբ:
8. 9-րդ դասարանի այն սովորողները, որոնք տարեկան անբավարար գնահատական ունեն քննական առարկաներից, ապա նրանց հանձնած վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում միջնակարգ կրթության ատեստատում տարեկան և քննական գնահատական նշանակելու համար:
9. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ և 10-11-րդ դասարանների այն սովորողները, ովքեր ուսումնական երեք և ավելի առարկաներից ստացել են տարեկան անբավարար գնահատականներ, կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը.
1) 4-րդ և 9-րդ դասարաններում երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող սովորողներին գիտելիքների ստուգման, փոխադրական կամ ավարտական քննություններին մասնակցել չի թույլատրվում:
2) 4-րդ դասարանի երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող սովորողները կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը:
3) 16 տարին չլրացած 9-րդ դասարանի երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող սովորողները, որոնց չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը (տարեկան և քննական միասին) երեք և ավելի է, ինչպես նաև ամառային առաջադրանքները հանձնելուց հետո թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական, կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը:
4) 16 տարին լրացած, մինչև 18 տարեկան 9-րդ դասարանի երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող սովորողները, որոնց չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը (տարեկան և քննական միասին) երեք և ավելի է, ինչպես նաև ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական` ծնողի (որդեգրողների կամ հոգաբարձուի) դիմումի հիման վրա կարող են թողնել հանրակրթական ուսումնական հաստատությունը:
5) 18 տարին լրացած երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող սովորողները, ում չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը (տարեկան և քննական միասին) դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական` դուրս են մնում հանրակրթական ուսումնական հաստատությունից:
10. Ինչպես տարեկան, այնպես էլ քննական առարկաներից անբավարար գնահատական ունենալու պատճառով հանրակրթական ուսումնական հաստատությունից դուրս մնացած 9-րդ դասարանի սովորողներին իրավունք է վերապահվում հաջորդ տարի նույն հաստատությունում հանձնել քննություններ այդ առարկաներից: Նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում նրանց իրավունք է վերապահվում քննություններ հանձնել նոր բնակավայրի հանրակրթական հաստատություններից մեկում:
11. 10-րդ կետով սահմանված կարգով քննություն չհանձնած սովորողներին հետագայում իրավունք է վերապահվում ընդհանուր հիմունքներով հանձնելու էքստեռն ավարտական քննություններ և ստանալ հիմնական հանրակրթական ուսումնական հաստատության ավարտական վկայական:
12. 1-8-րդ և 10-11-րդ դասարաններում տարեկան գերազանց առաջադիմություն ունեցող սովորողները պարգևատրվում են նախարարության գովասանագրով:
13. 9-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից տարեկան և քննական գերազանց գնահատականներով ավարտած սովորողները ստանում են «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական: Որևէ առարկայից (բացի առողջության պատճառով «Աշխատանքի ուսուցում», «Ֆիզիկական կուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելու դեպքերը) չգնահատված հիմնական դպրոցի շրջանավարտները «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական չեն ստանում:
14. Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչներն ուսումնական տարվա վերջին շաբաթվա ընթացքում` հաշվի առնելով սովորողի կիսամյակային գնահատականները: Աշխատանքի ուսուցում, ֆիզկուլտուրա, նախնական զինվորական պատրաստություն առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա հաջորդ դասարան փոխադրվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու վրա:
15. Ուսումնական տարվա ընթացքում, մինչև մայիսի 1-ը, 20-30 օր կամ 120-160 ժամ դասերից բացակայած սովորողը հանձնում է քննություններ ուսումնական պլանով նախատեսված 5 առարկաներից` ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ: Քննություններից անբավարար գնահատական ստացած կամ 160 ժամից ավելի բացակայած սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը.
1) քննական առարկաների ցանկը քննարկվում և հաստատվում է ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստում,
2) քննություններն անց են կացվում մայիսի 17-ից մայիսի 28-ը ընկած ժամանակամիջոցում` գրավոր կամ բանավոր,
3) քննական առաջադրանքները կազմում են առարկայական մեթոդմիավորումները` հաստատում է տնօրենը: Քննություններն ընդունում են տվյալ առարկայի ուսուցիչը և տնօրենի կողմից նշանակված ներկայացուցիչը,
4) քննությունների արդյունքների հիման վրա նշանակվում են կիսամյակային և տարեկան գնահատականներ: Տարեկանում տվյալ առարկայից դրական գնահատվել չեն կարող այն սովորողները, ովքեր տվյալ առարկայի քննությունից ստացել են անբավարար գնահատական:
Գ Լ ՈՒ Խ III
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
16. 4-րդ դասարանում սովորողների գիտելիքների ստուգումը անց է կացվում «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից (գրավոր), ուսումնական հաստատության տնօրենի սահմանած աշխատակարգով, նախարարության սահմանած միասնական օրերին` հունիսի 1-5-ը ժամանակահատվածում:
Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում քննություններ անց են կացվում նաև ռուսաց լեզվից: Քննությունները ընդունում են դասավանդող ուսուցիչը և տնօրենի կողմից նշանակված ներկայացուցիչը:
1) 4-րդ դասարանի համար հայոց լեզվի, մաթեմատիկայի (ռուսերենով ուսուցմամբ դասարաններում` ռուսաց լեզվի) գիտելիքների ստուգման առաջադրանքները (գնահատումը 10 բալանոց համակարգով) կազմում են ուսումնական հաստատությունների մեթոդմիավորումները` ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հաստատված նմուշների:
17. 9-րդ դասարանում քննություններն անց են կացվում հետևյալ առարկաներից. «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր), «Մաթեմատիկա» (գրավոր), «Հայոց պատմություն» (գրավոր), «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, սովորողի ընտրությամբ` գրավոր), «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն սովորողի ընտրությամբ` գրավոր), «Ֆիզկուլտուրա»:
18. Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում քննություններն անց են կացվում հետևյալ առարկաներից` «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր), «Ռուսաց լեզու» (գրավոր), «Մաթեմատիկա» (գրավոր), «Հայոց պատմություն» (գրավոր), «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, սովորողի ընտրությամբ` գրավոր), «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն սովորողի ընտրությամբ` գրավոր), «Ֆիզկուլտուրա»:
19. 9-րդ դասարանի ավարտական քննությունները կազմակերպվում է ուսումնական հաստատություններում` գնահատման և թեստավորման կենտրոնի (այսուհետ` ԳԹԿ) կազմած թեստերով (բացառությամբ ֆիզկուլտուրայի): Քննական աշխատանքը ստուգվում է քննական կենտրոնի ղեկավարի (տնօրենի) հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության հաջորդ օրը ժամը 1100-ին ԳԹԿ համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե կենտրոնի տնօրենն է: Ստուգող հանձնաժողովի անդամների 50%-ը տվյալ առարկայի մասնագետներ են:
20. Սովորողներին չի թույլատրվում իրենց հետ քննասենյակ բերել տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց ձեռնարկներ:
21. Սահմանված ժամանակամիջոցում գրավոր աշխատանքը չավարտած սովորողներն այն հանձնում են անավարտ վիճակում:
22. Սովորողի գրավոր աշխատանքը գնահատելիս, քննական հանձնաժողովի անդամների միջև տարաձայնություն առաջանալու դեպքում հարցը լուծվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
1) Հավասար ձայների դեպքում` 4-րդ դասարանում վճռորոշ է դասավանդող ուսուցչի առաջարկած գնահատականը, 9-րդ դասարանում` հանձնաժողովի նախագահի առաջարկած գնահատականը:
2) Նշանակված գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը(ները) արձանագրության մեջ կարող է (են) կատարել հատուկ նշում:
23. 9-րդ դասարանի այն սովորողները, ովքեր «Հանրահաշիվ և անալիզի տարրեր» կամ «Երկրաչափություն» առարկաներից, կամ երկուսից միաժամանակ ունեն տարեկան անբավարար գնահատական, չեն մասնակցում «Մաթեմատիկայի» ավարտական քննությանը:
24. 9-րդ դասարանի սովորողները վերաքննություն են հանձնում «Մաթեմատիկա» առարկայից օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում: Այդ քննության արդյունքը հիմք է հանդիսանում հիմնական կրթության վկայականում «Երկրաչափություն» և «Հանրահաշիվ և մաթ. անալիզի տարրեր» (հանրահաշիվ) առարկաների տարեկան և «Մաթեմատիկա»-ից քննական գնահատական նշանակելու համար: Տարեկան գնահատականները նշանակվում են 10 բալային, իսկ քննականը` 20 բալային համակարգով:
25. 9-րդ դասարանի այն սովորողները, ովքեր «Հայոց լեզու» կամ «Գրականություն» առարկաներից կամ երկուսից միաժամանակ ունեն տարեկան անբավարար գնահատականներ, չեն մասնակցում «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ավարտական քննությանը: Նրանք վերաքննություն են հանձնում «Հայոց լեզու և գրականություն» առարկայից օգոստոսի 20-30 ընկած ժամանակահատվածում: Այդ քննության արդյունքը հիմք է հանդիսանում հիմնական կրթության վկայականում «Հայոց լեզու», «Գրականություն» առարկաներից տարեկան և «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննական գնահատական նշանակելու համար: Տարեկան գնահատականները նշանակվում են 10 բալային, իսկ քննականը` 20 բալային համակարգով:
26. Գնահատման 20-միավորանոց համակարգում մինչև 7 միավորը ներառյալ և 10-միավորանոց համակարգում մինչև 3 միավորը ներառյալ համարվում են անբավարար գնահատական:
27. Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններն առաջնորդվում են սույն կարգով: