Գլխավոր տեղեկություն
Համար
N 108-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.08.2011-11.06.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.10.15/28(346) Հոդ.329
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
29.07.2009
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
29.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հոկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 32009329

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

29 հուլիսի 2009 թ.

N 108-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՍՆԱԳՐԻ ՏՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և 44-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ԻԿԱՕ) համապատասխան պահանջները, Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողներին օդանավ շահագործողի վկայական և ավիափոխադրողի մասնագիր հատկացնելու գործընթացը կանոնակարգելու նպատակով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրման նկատմամբ պահանջների և դրանց տալու կարգ»-ը` համաձայն N 1 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի սերտիֆիկատի և ավիափոխադրողի սերտիֆիկատի (մասնագրի) տրման կարգի, օդանավ շահագործողի սերտիֆիկատի և ավիափոխադրողի սերտիֆիկատի (մասնագրի) ձևերի հաստատման մասին» N 2-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2009 թվականի հուլիսի 29-ի
N 108-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՍՆԱԳՐԻ ՏՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՏԱՆԱԼՈՒ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. «Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրման նկատմամբ պահանջների և դրանց տալու կարգը» (այսուհետ՝ Կարգ) մշակված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և 44-րդ հոդվածների, Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության «Օդանավ շահագործողի սերտիֆիկացման, մշտական վերահսկողության և շահագործման գործընթացային տեսչության կանոնակարգ» նորմատիվային փաստաթղթի համապատասխան պահանջների հիման վրա:

2. Օդանավ շահագործողի վկայական և ավիափոխադրողի մասնագիր տրվում է օդային տրանսպորտի թռիչքային անվտանգության պահանջների ապահովման, առևտրային փոխադրումներ (ուղևորային, բեռնային, փոստային և համակցված) իրականացնելու նպատակով և դրանցում անհրաժեշտ առանձնահատկությունները և սահմանափակումները սահմանելու նպատակով:

3. Առևտրային փոխադրումների իրականացման ցանկություն հայտնած իրավաբանական անձը կարող է ստանալ օդանավ շահագործողի միայն մեկ վկայական և դրա անքակտելի մասը հանդիսացող միայն մեկ ավիափոխադրողի մասնագիր:

4. Օդանավ շահագործողի վկայական և ավիափոխադրողի մասնագիր ստացած իրավաբանական անձը չի կարող որևէ կերպ օդանավ շահագործողի իր վկայականը և ավիափոխադրողի մասնագիրը փոխանցել/տալ մեկ այլ իրավաբանական անձի:

5. Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրման համար ներկայացվող պահանջները և օդանավ շահագործողի նկատմամբ մշտական վերահսկողությունը նպատակ ունեն գնահատել օդանավ շահագործողի կողմից թռիչքների անվտանգ իրականացման և արդյունավետ առևտրային ավիափոխադրումների իրականացման պատրաստվածությունը և հնարավորությունների համապատասխանությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության, գործող ազգային և միջազգային կանոնակարգերին:

6. Առանց օդանավ շահագործողի վկայական և ավիափոխադրողի մասնագիր ունենալու արգելվում է առևտրային նպատակներով քաղաքացիական օդանավերի շահագործումը:

7. Առևտրային նպատակով քաղաքացիական օդանավի շահագործումը իրականացվում է օդանավ շահագործողի վկայականի հատուկ պայմաններին ու սահմանափակումներին համապատասխան:

II. Օդանավ շահագործողի վկայական ԵՎ ավիափոխադրողի մասնագիր ստանալու համար տրվող հայտը ԵՎ նախնական գնահատման պահանջները

 

8. Օդանավ շահագործողի վկայական և ավիափոխադրողի մասնագիր ստանալու համար սույն Կարգով սահմանված Ձև 1-ի համապատասխան Հայտ ներկայացրած իրավաբանական անձը (այսուհետ՝ Հայտատու) հայտին կից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

1) ընկերության պետական գրանցման համարը,

2) (ենթակետն ուժը կորցրել է 16.06.11 N 88-Ն)

3) ֆինանսական միջոցների, բանկային դեպոզիտների առկայության կամ բանկային երաշխիքի վերաբերյալ տեղեկանք՝ բնօրինակը (աշխատակազմ և գրասենյակ պահելու, անձնակազմի անհրաժեշտ ուսուցման հնարավորության հավաստման համար),

4) օդանավ շահագործողի միջազգային թռիչքների կանոններին համապատասխանության նկարագրություն,

5) միջազգային/ներքին օդային երթուղիներում թռիչքների իրականացման ուղեցույց,

6) ուղևորային փոխադրումների իրականացման դեպքում տեղեկանք ուղևորների սպասարկման առանձնահատկությունների վերաբերյալ,

7) տեղեկություններ իրականացվող փոխադրումների տարածաշրջանների վերաբերյալ,

8) օդանավ(եր)ի տեխնիկական սպասարկման ուղեցույց,

9) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիր,

10) օդանավ(եր)ի պետական գրանցման վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը,

11) օդանավ(եր)ի թռիչքային պիտանիության վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը,

12) օդանավ(եր)ի վարձակալության կամ ենթավարձակալության հանձնման վերաբերյալ պայմանագր(եր)ի պատճեն(ներ)ը, եթե օդանավերը չեն հանդիսանում հայտատուի սեփականությունը:

(8-րդ կետը փոփ. 16.06.11 N 88-Ն)

9. Օդանավ շահագործողի վկայական և ավիափոխադրողի մասնագիր ստանալու համար Գլխավոր վարչություն հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն իրավաբանական անձինք, որոնք

1) չեն հանդիսանում այլ երկրների ավիացիոն իշխանությունների կողմից օդանավ շահագործողի վկայական ստացած կազմակերպություններ,

2) հանդիսանում են առնվազն մեկ պիտանի օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ),

3) ունեն բավարար ֆինանսական միջոցներ և աշխատակազմ նախատեսված գործունեությունը իրականացնելու համար։

10. Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրամադրման կամ օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի գործողության ժամկետի երկարացման կամ օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրամադրման մերժման վերաբերյալ որոշումը կայացվում է Հայտը Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո 60 օրվա ընթացքում:

11. Հայտը և ներկայացված փաստաթղթերը Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո Գլխավոր վարչության ստորաբաժանումները 15-օրյա ժամկետում իրականացնում են հայտի փաստաթղթային և գործնական նախնական գնահատում:

12. Այն դեպքում, երբ ներկայացված փաստաթղթերը լիարժեք չեն, հայտը համարվում է ընդունված վերջին անհրաժեշտ փաստաթղթի ստացման պահից:

13. Հայտի և ներկայացված փաստաթղթերի նախնական գնահատման փուլից հետո կազմվում է նախնական գնահատման եզրակացություն հայտավորված փոխադրումների իրականացման հնարավորության վերաբերյալ:

14. Եթե այդ փոխադրումների իրականացումը համարվում է ընդունելի, Հայտատուն տեղեկացվում է իր մոտ առաջիկայում համալիր տեսչական ուսումնասիրություններ անցկացնելու ժամկետների և ուսումնասիրման ենթակա հարցերի շրջանակների մասին կամ տեղեկացվում է Հայտի և ներկայացված փաստաթղթերի կապակցությամբ կազմված բացասական եզրակացության մասին:

 

III. Օդանավ շահագործողի վկայական ԵՎ ավիափոխադրողի մասնագիր ստանալու համար իրականացվող տեսչական համալիր ուսումնասիրությունները ԵՎ դրանց պահանջները

 

15. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի իսկությունը և համապատասխանությունը պարզելու, նրա կարողություններն ու հնարավորությունները ֆինանսական, իրավական, տնտեսական և տեխնիկական առումներով գնահատելու համար Հայտատուի մոտ իրականացվում են տեսչական համալիր ուսումնասիրություններ:

16. Մինչև տեսչական համալիր ուսումնասիրություններ անցկացնելը, անհրաժեշտության դեպքում Հայտատուին կարող է ներկայացվել Գլխավոր վարչության Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրման հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված հարցաթերթիկ, անհրաժեշտ հարցերի պարզաբանման և լրացուցիչ տեղեկատվության ստացման նպատակով:

17. Տեսչական համալիր ուսումնասիրության ընթացքում իրականացվում է.

1) շահագործողական տեսչական ուսումնասիրություն,

2) օդանավի տեխնիկական սպասարկման համակարգի ուսումնասիրություն,

3) հայտատուի հնարավորությունների գնահատում իրավաբանական և տնտեսական առումներով:

18. Շահագործողական տեսչական ուսումնասիրության ընթացքում իրականացվում է.

1) Հայտատուի գործունեության կառավարման համակարգի տեսչական ուսումնասիրություն,

2) Հայտատուի Միջազգային/ներքին օդային երթուղիներում թռիչքների իրականացման ուղեցույցի գործնական ուսումնասիրում,

3) վերգետնյա և թռիչքային շահագործման ուսումնասիրում` ներառյալ ստացիոնար և շարժական ավիացիոն սարքավորումների, տեխնիկական սպասարկման միջոցների,

4) Հայտատուի ներքին շահագործողական հսկողության մակարդակի ուսումնասիրում,

5) թռիչքային անձնակազմի որակավորման, անձնակազմի պատրաստման ծրագրերի ուսումնասիրում,

6) հայտագրված աերոդրոմների ուսումնասիրում.

ա. եթե հայտագրված է աերոդրոմ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս և եթե ներկայացված փաստաթղթերը լիարժեք են, ապա ուսումնասիրությունը կարող է իրականացվել միայն փաստաթղթային եղանակով,

բ. եթե տեսչական ուսումնասիրություններ իրականացնող խումբը ծանոթ է տվյալ աերոդրոմի հնարավորություններին, ապա նման ուսումնասիրություն կարող է և չիրականացվել:

19. Օդանավի տեխնիկական սպասարկման համակարգի ուսումնասիրության ընթացքում իրականացվում է.

1) Հայտատուի տեխնիկական սպասարկման կառավարման համակարգի ուսումնասիրություն,

2) Հայտատուի տեխնիկական սպասարկման ուղեցույցի գործնական ուսումնասիրում,

3) ուսումնասիրություններ այն կազմակերպություններում, որոնք ձեռք բերված համաձայնություններով պետք է կատարեն տեխնիկական սպասարկումներ (եթե տեսչական ուսումնասիրություններ իրականացնող խումբը ծանոթ է տվյալ կազմակերպության հնարավորություններին, ապա նման ուսումնասիրություն կարող է և չիրականացվել),

4) օդանավերի տեխնիկական սպասարկման ներքին համակարգի ուսումնասիրում,

5) տեխնիկական անձնակազմի որակավորման և տեխնիկական անձնակազմի պատրաստման ծրագրերի ուսումնասիրում,

6) օդանավերի տեխնիկական սպասարկման հաշվառման գործընթացի ուսումնասիրում։

20. Իրավաբանական և տնտեսական առումներով Հայտատուի հնարավորությունների գնահատման ժամանակ.

1) Հայտատուն պետք է ապացուցի, որ համապատասխանում է սահմանված բոլոր չափանիշներին, տիրապետում է առնվազն 60 քմ աշխատանքային գրասենյակի, ունի համապատասխան սարքավորումներ, միջոցներ ու աշխատակազմ, որոնցով իրականացնելու է հայտավորած գործունեությունը,

2) իրականացվում է փաստաթղթային ուսումնասիրություն` այդ թվում և ֆինանսական:

21. Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրման գործընթացի ժամանակ Հայտատուն պարտավոր է ապահովել Գլխավոր վարչության աշխատակիցների ծախսերի ֆինանսավորումը:

22. Տեսչական համալիր ուսումնասիրությունից հետո կազմվում է հաշվետվություն, որում պետք է արտացոլվեն Հայտատուի ամբողջ կարողություններն ու հնարավորությունները:

 

IV. Օդանավ շահագործողի վկայականի ԵՎ ավիափոխադրողի մասնագրի տրման/մերժման գործընթացը

 

23. Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի նախնական գնահատման և տեսչական համալիր ուսումնասիրությունների արդյունքների ամփոփումից հետո, հայտը Գլխավոր վարչության Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրման հանձնաժողովի Կանոնադրության դրույթների համաձայն դրվում է Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրման հանձնաժողովի նիստի քննարկման:

24. Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրման հանձնաժողովի եզրակացությունը նիստի արձանագրությամբ, ներկայացվում է Գլխավոր վարչության պետին, որի հիման վրա նրա կողմից ստորագրվում և համապատասխան հրամանով օդանավ շահագործողի վկայականը (Ձև 2) և ավիափոխադրողի մասնագիրը (Ձև 3) դրվում է գործողության մեջ՝ ելնելով օդանավ շահագործողի կազմակերպական, տեխնիկական և թռիչքների անվտանգության ապահովման առկա հնարավորություններից, կիրարկելի հատուկ պայմաններով ու սահմանափակումներով կամ հայտը մերժվում է:

25. Աննպատակահարմարության պատճառաբանությամբ հայտի մերժումն արգելվում է:

26. Գլխավոր վարչության կողմից տրված օդանավ շահագործողի բոլոր վկայականներն ու ավիափոխադրողի մասնագրերը հաշվառվում են հատուկ գրանցամատյանում, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.

1) Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի վրա առկա տվյալները,

2) կոնտակտային հեռախոսի, ֆաքսի և կապի այլ միջոցների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև օդանավ շահագործողի վկայական և ավիափոխադրողի մասնագիր կրող իրավաբանական անձի ղեկավար աշխատակիցների հասցեները:

27. Օդանավ շահագործողի վկայականը և ավիափոխադրողի մասնագիրը տրվում է մինչև 2 (երկու) տարի գործողության ժամկետով:

28.Հայտատուին տրվում է օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի բնօրինակը, իսկ պատճենը պահպանվում է Գլխավոր վարչությունում` նրա կողմից ներկայացված փաթեթում:

29. Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի կրողը պատասխանատու է օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի պահպանման համար: Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի կորստի կամ վնասման դեպքում օդանավ շահագործողի վկայական և ավիափոխադրողի մասնագիր կրողը պարտավոր է տեղեկացնել Գլխավոր վարչությանը:

30. Գլխավոր վարչությունը օդանավ շահագործողի հայտի հիման վրա տրամադրում է օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի կրկնօրինակ:

31. Օդանավ շահագործողի վկայական և ավիափոխադրողի մասնագիր ստացած կազմակերպությանը՝ Գլխավոր վարչության միջնորդության հիման վրա, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հատկացվում է եռանիշ կոդ:

 

V. Օդանավ շահագործողի վերահսկողությունը, գործունեության կասեցումն ու դադարեցումը

 

32. Պահանջվող շահագործողական չափանիշների պահպանումն ապահովելու, հանրության համար անվտանգ և հարմարավետ փոխադրման ծառայություններ մատուցելու նպատակով օդանավ շահագործողի վկայական և ավիափոխադրողի մասնագիր ստացած սուբյեկտի նկատմամբ իրականացվում է մշտական վերահսկողություն (տարեկան առնվազն 2 անգամ ուսումնասիրություններ):

33. Մշտական վերահսկողության ժամանակ` Հայաստանի Հանրապետությունում ընդունված և գործող թռիչքային ստանդարտներին և ապահովության նորմատիվային պահանջներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված օդանավ շահագործողին առաջադրված պահանջներին, չափանիշներին չհամապատասխանելու, ինչպես նաև օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրի պահանջների խախտման կամ անհամապատասխանության դեպքում, Գլխավոր վարչությունը կարող է կասեցնել, դադարեցնել, չեղյալ համարել իր կողմից տրված օդանավ շահագործողի վկայականի գործողությունը:

34. Օդանավ շահագործողի գործունեությունը կարող է կասեցվել նաև, եթե իրականացված ուսումնասիրություններով, ստուգումներով, կատարված քննությամբ կամ որևէ այլ կերպ պարզվի, որ

1) օդանավ շահագործողը չի պահպանում այն պայմաններն ու պահանջները, որոնց հիման վրա տրվել է օդանավ շահագործողի վկայական,

2) օդանավ շահագործողը չի պահպանում գործող օրենսդրության պահանջները,

3) օդանավ շահագործողը չի վերացնում/շտկում մշտական վերահսկողության ժամանակ հայտնաբերված թերությունները,

4) օդանավ շահագործողը Գլխավոր վարչության աշխատակիցներին չի տրամադրում պահանջվող փաստաթղթեր, չի ապահովում նրանց հասանելիությունը պահանջվող տեղեկատվությանը, սարքավորումներին օդանավերին և ցանկացած այլ վայր կամ առարկայի, որոնք գտնվում են կամ պետք է գտնվեն նրա հսկողության ներքո,

5) տեսչական ուսումնասիրություններ անցկացնելու համար չի ապահովում համապատասխան պայմաններ:

35. Օդանավ շահագործողի գործունեությունը կարող է կասեցվել մինչև 6 ամիս ժամանակահատվածով:

36. Օդանավ շահագործողի գործունեության կասեցման մասին օդանավ շահագործողը տեղեկացվում է Գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանի արձակումից հետո 5-օրյա ժամկետում:

37. Օդանավ շահագործողի գործունեությունը կարող է վերսկսվել Գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանի արձակման դեպքում, երբ օդանավ շահագործողը իսպառ վերացրել է կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքները:

38. Օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվում է, եթե

1) օդանավ շահագործողի գործունեությունը չի բխում սույն Կարգի 33-րդ հոդվածի դրույթներից,

2) օդանավ շահագործողի վկայականի կասեցման ժամկետը լրանալու պահին օդանավ շահագործողի կողմից չեն վերացվել կասեցման համար հիմք հանդիսացած թերությունները/հանգամանքները,

3) օդանավ շահագործողը` իր օդանավ շահագործողի վկայականի գործողության կասեցման ժամանակաընթացքում իրականացրել է առևտրային թռիչքներ, կամ չթույլատրված այլ թռիչքներ,

4) լրացել է օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետը, իսկ օդանավ շահագործողը հայտ չի ներկայացրել օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարացման նպատակով:

39. Օդանավ շահագործողի վկայականի գործողության դադարեցման մասին օդանավ շահագործողը տեղեկացվում է Գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանի արձակումից հետո 5-օրյա ժամկետում:

40. Օդանավ շահագործողի վկայականի գործողության դադարեցման դեպքում օդանավ շահագործողը պարտավոր է Գլխավոր վարչությանը վերադարձնել օդանավ շահագործողի վկայականի բնօրինակը:

41. Օդանավ շահագործողի վկայականի գործողության դադարեցման դեպքում Գլխավոր վարչությունը այդ մասին տեղեկացնում է նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը` հատկացված եռանիշ կոդը չեղյալ համարելու նպատակով:

42. Մշտական վերահսկողություն իրականացնելիս օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրման հանձնաժողովը կամ Գլխավոր վարչության համապատասխան աշխատակիցները իրենց ուսումնասիրության ժամանակ պետք է առաջնորդվեն սույն կարգի III գլխի դրույթներով:

43. Օդանավ շահագործողի հնարավորությունների ու կարողությունների համապատասխանությունը գործող պայմաններին ու պահանջներին պարզելու նպատակով, օդանավ շահագործողը պետք է ապահովի Գլխավոր վարչության աշխատակիցների մուտքը ինչպես իր կազմակերպություն և օդանավեր, այնպես էլ ցանկացած այլ կազմակերպություն, որոնք իրեն մատուցում են ավիացիոն ծառայություններ:

44. Գլխավոր վարչության կողմից յուրաքանչյուր օդանավ շահագործողի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ժամանակ պետք է մշակվի առանձին գործողությունների ծրագիր:

45. Օդանավ շահագործողի վկայական ստացած իրավաբանական անձը պարտավոր է Գլխավոր վարչությանը ծանուցել օդանավ շահագործողի վկայական ստանալու ժամանակ հիմք ծառայած տվյալների ցանկացած փոփոխության մասին:

46. Մշտական վերահսկողության ապահովելու նպատակով օդանավ շահագործողների մոտ իրականացվող ուսումնասիրությունները պետք է կատարվեն տարեկան առնվազն երկու անգամ:

47. Ուսումնասիրությունների հաճախականությունը կարող է անհրաժեշտության դեպքում ավելացվել Գլխավոր վարչության պետի կողմից:

 

Անցումային դրույթներ

 

48. Օդանավ շահագործողների կողմից իրենց հատկացված օդանավ շահագործողների վկայականների և ավիափոխադրողի մասնագրերի գործողության ժամկետների երկարացման կապակցությամբ ներկայացված հայտերը գնահատվում, տրվում կամ մերժվում են սույն Կարգի II-IV գլուխների դրույթներին համապատասխան:

49. Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի գործողության ժամկետի երկարացման համար, Հայտատուն հայտին կից սույն Կարգի 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը ներկայացնում է, եթե դրանցում տեղի են ունեցել փոփոխություններ: Սույն Կարգի 8-րդ կետի 4-րդ, 5-րդ և 8-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը կարող են ներկայացվել ինչպես փաստաթղթային, այնպես էլ համապատասխան պաշտպանվածությամբ էլեկտրոնային տարբերակով: Էլեկտրոնային տարբերակով նշված փաստաթղթերի ներկայացման դեպքում, Գլխավոր վարչությունում պահպանվող տվյալ փաստաթղթերը լրացնելու նպատակով, Հայտատուն պետք է Գլխավոր վարչություն ներկայացնի նաև տվյալ փաստաթղթի էլեկտրոնային տարբերակում ներառված փոփոխությունների փաստաթղթային տարբերակը` համապատասխան փոփոխությունների թերթով և հաստատմամբ:

50. Օդանավ շահագործողների, օդանավ շահագործողի վկայականի տրման ընթացակարգերի վերաբերյալ հակիրճ տեղեկությունները Գլխավոր վարչության կողմից պարբերաբար հրապարակվում են Գլխավոր վարչության «www.aviation.am» պաշտոնական ինտերնետային կայքում:

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՍՆԱԳՐԻ ՏՐՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ) ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ

 

Հայտատու (անվանում) ______________________________________________,


ի դեմս (անուն, ազգանուն, պաշտոն) __________________________, խնդրում եմ.

 

 տրամադրել օդանավ շահագործողի վկայական և ավիափոխադրողի մասնագիր

 փոփոխություններ կատարել օդանավ շահագործողի վկայականում և ավիափոխադրողի մասնագրում

 երկարացնել օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի գործողության ժամկետը

(առևտրային, ոչ առևտրային, մասնավոր, աերոտաքսի, ընդհանուր ավիացիայի) ավիացիոն գործունեություն իրականացնելու համար` ներքոհիշյալ տեղեկատվության համաձայն (ներկայացվում են որպես տեղեկություններ).

- գտնվելու վայրը, ՀՎՀՀ, կապի բոլոր միջոցների համարներն ու հասցեները,

- շահագործման ընթացքում օպերատիվ կապ հաստատելու նպատակով տեղեկություններ այն մասին, թե անհրաժեշտության դեպքում օդանավ շահագործողի օպերատիվ ղեկավարության հետ անհապաղ կապվելու նպատակով կապի վերաբերյալ տեղեկությունները օդանավում գտնվող ինչ փաստաթղթ(եր)ում և որ մաս(եր)ում են ներկայացված,

- ավիացիոն գործունեության տեսակ(ներ)ը՝ առևտրային, ոչ առևտրային, մասնավոր, աերոտաքսի, ընդհանուր ավիացիայի,

- շահագործման տեսակները՝ կանոնավոր օդային հաղորդակցություն, ոչ կանոնավոր օդային հաղորդակցություն,

- կատարվող (նախատեսվող) չվերթերի ժամանակահատվածները՝ ցերեկային, գիշերային, բոլոր ժամերին,

- կատարվող (նախատեսվող) փոխադրումների տեսակը՝ ուղևորային, բեռնային, փոստային, համակցված,

- կատարվում է (նախատեսվում է) վտանգավոր բեռների փոխադրումների իրականացում,

- կատարվող (նախատեսվող) չվերթերի իրականացման տարածաշրջանները,

- կատարվում են (նախատեսվում են իրականացնել) թռիչքներ վատ տեսանելիության պայմաններում, օդաչուների համապատասխան պատրաստվածության մասին տեղեկություններ,

- տեղեկություններ RVSM-ի վերաբերյալ,

- տեղեկություններ ETOPS-ի վերաբերյալ,

- PBN (Performance-based navigation) պայմաններում թռիչքների նավիգացիոն հատուկ դրույթների կիրառման մասին տեղեկատվություն,

- թռիչքային պիտանիության պահպանման համար պատասխանատու անձի կամ կազմակերպության մասին տեղեկություններ,

- օդանավ(եր)ի տիպ(եր)ը, ազգային ու գրանցման նիշերը,

- սեփական օդանավ(եր)ի տիպ(եր)ը, ազգային ու գրանցման նիշերը,

- ընկերության կողմից որոշակի հիմքերով (վարձակալություն (անձնակազմով, առանց անձնակազմի), համատեղ շահագործում, համատեղ օգտագործում և այլն) շահագործվող օդանավերի մասին տեղեկատվություն (նշել հիմք հանդիսացող փաստաթուղթը, գործողության ժամկետը` կցելով պատճեն(ներ)ը,

- յուրաքանչյուր օդանավի շահագործման բազային օդանավակայանի` գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ (հիմնական և պահուստային),

- ընկերության կառավարման կառուցվածքի մասին տեղեկություններ` կցելով կառուցվածքի նկարագիրը (սխեման),

- հետևյալ բնագավառի համար պատասխանատուների անունը, ազգանունը, ինչպես նաև որակավորման և փորձի վերաբերյալ տեղեկություններ,

- շահագործման գործունեություն,

- տեխնիկական սպասարկում,

- ավիացիոն անվտանգություն,

- թռիչքային անվտանգություն,

- որակի ապահովման համակարգ,

- ավիացիոն անձնակազմի պատրաստում, ուսուցում, ներքին վերահսկողության համակարգ,

և այլն,

- յուրաքանչյուր օդանավի շահագործման համար (նախատեսվող) տարածաշրջան(ներ)ը,

- թռիչքների իրականացման ձեռնարկը հաստատման (ինչպես նաև փոփոխություն(ների) կատարման դեպքում հաստատման) ներկայացնելու ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն,

- օդանավ(եր)ի տեխնիկական սպասարկման վերաբերյալ տեղեկատվություն (ընկերության համապատասխան ծառայություն, լիազորված անձանց մասին տեղեկատվություն, վկայականներ, կամ այլ կազմակերպության հետ կնքված համաձայնագիր` կցելով պատճենները),

- շահագործողական գործունեության սկսելու նախատեսված ժամկետների մասին տեղեկատվություն,

- գործող օդանավ շահագործողի վկայականի համարը (լրացվում է միայն գործող օդանավ շահագործողի վկայականում փոփոխություններ կատարելու, կամ գործող օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարացման դեպքում):

 

Հայտարարում եմ, որ ներկայացված տեղեկությունները ճիշտ են և որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը կտեղեկացվի բերված տեղեկությունների յուրաքանչյուր փոփոխության դեպքում, գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

 

____________________________________________

Ներկայացուցչի պաշտոն, անուն, ազգանուն

 

Ստորագրություն___________________

Ամսաթիվ___________________

 

Ձև N 2

 

Ձև N 3

 

Ձև N 4

 

(հավելվածը փոփ. 16.06.11 N 88-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.04.2012, N 58-Ն 11.06.2012, N 108-Ն
16.06.2011, N 88-Ն 01.08.2011, N 108-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան