Գլխավոր տեղեկություն
Համար
N 8-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.12/2(805) Հոդ.410.10
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
09.12.2010
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 դեկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11210512

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

9 դեկտեմբերի  2010 թ.
ք. Երևան

N 8-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 2147-Ն որոշմամբ սահմանված Ոստիկանության ծառայողի ատեստավորման անցկացման կարգի ու պայմանների 26-րդ կետի համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:

 

Ոստիկանության

գեներալ-լեյտենանտ

Ա. Սարգսյան

 

 

Հավելված
ՀՀ ոստիկանության պետի
2010 թվականի դեկտեմբերի 9-ի
N 8-Ն հրամանի

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) ծառայողների ատեստավորման հանձնաժողովների (այսուհետ` Հանձնաժողովներ) աշխատակարգը:

2. Հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով, ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Ոստիկանության ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 2147-Ն որոշմամբ, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի խնդիրն է ատեստավորման միջոցով որոշել զբաղեցրած պաշտոնին ոստիկանության ծառայողի մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների համապատասխանությունը և նրա ծառայողական պիտանիության հեռանկարները:

4. Հանձնաժողովը`

1) համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումից ստանում է ատեստավորվող ոստիկանության ծառայողի լրացված ատեստավորման թերթը, ծառայողի գործառութային լիազորությունների ցանկը, իսկ ոստիկանության կադրային հարցերով զբաղվող ստորաբաժանումից` ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողների թվին համապատասխան կնքված ամփոփաթերթեր և ատեստավորման աշխատանքների կազմակերպման ու անցկացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր,

2) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ,

3) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը,

4) անցկացնում է թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում,

5) կազմում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար,

6) անցկացնում է ոստիկանության ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների թեստավորում,

7) ստուգում և գնահատում է ոստիկանության ծառայողների թեստավորման առաջադրանքները,

8) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները,

9) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված ոստիկանության ծառայողների բողոքները,

10) հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած ոստիկանության ծառայողների ցուցակը,

11) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին,

12) ոստիկանության ծառայողների հետ անցկացնում է հարցազրույց,

13) կազմում է քվեաթերթեր,

14) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն,

15) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր ոստիկանության ծառայողի վերաբերյալ կայացնում է որոշում,

16) ամփոփում է ատեստավորման արդյունքները,

17) լիազոր ստորաբաժանմանը հանձնում է ոստիկանության ծառայողների թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և ատեստավորման փաթեթը,

18) իրականացնում է օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

6. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

7. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորում անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը վերադասության կարգով ներկայացնում է ոստիկանության պետին: Ոստիկանության պետն իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

8. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,

2) վարում է Հանձնաժողովի նիստերը,

3) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները,

4) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը,

5) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը,

6) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ,

7) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

9. Հանձնաժողովի քարտուղարը`

1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը,

2) բացատրում է ոստիկանության ծառայողներին ատեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը,

3) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

10. Հանձնաժողովի անդամը`

1) վարում է նիստերը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ,

2) իրականացնում է թեստավորման աշխատանքների նկատմամբ հսկողություն,

3) մասնակցում է ոստիկանության ծառայողների հետ հարցազրույցի անցկացմանն ու տալիս հարցեր ոստիկանության ծառայողներին,

4) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը,

5) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր ոստիկանության ծառայողի համար անցկացվող քվեարկություններին,

6) ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը,

7) ծանոթանում է նիստերի արձանագրություններին,

8) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան