Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 12-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.09.2010-17.10.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.09.01/29(303) Հոդ.272
Ընդունող մարմին
Ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
15.08.2008
Ստորագրող մարմին
Ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.10.2023

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 օգոստոսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11208253

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

 

15 օգոստոսի 2008 թ.
ք. Երևան

  թիվ 12-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ոստիկանության տարածքային մարմինների անձնագրային ծառայությունների (այսուհետ` անձնագրային ծառայություններ) կողմից անձնագրային համակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մի շարք դրույթների միասնական ընկալման ու ճշգրիտ կիրառումն ապահովելու նպատակներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել անձնագրային գործողությունների կարգի պարզաբանումները` համաձայն հավելվածի:

2. Անձնագրային ծառայությունների պետերին`

պարզաբանումների չպահպանումը, չկիրառումը կամ ոչ պատշաճ կատարումը հանդիսանում են կարգապահական զանցանք և առաջ են բերում օրենքով սահմանված պատասխանատվություն:

3. Իրավական ապահովման վարչության պետին`

անձնագրային համակարգի բնագավառում քաղաքացիների իրավունքների խախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավարությանը հասցեագրված բողոքները ստանալիս իրականացնել վարչական բողոքարկման վարույթ և միջոցներ ձեռնարկել քաղաքացիների խախտված իրավունքների արագ և լրիվ վերականգնման ուղղությամբ:

4. Անձնագրային և վիզաների վարչության պետին`

1) սույն հրամանի ստորագրման պահից 10-օրյա ժամկետում իմ հաստատմանը ներկայացնել անձնագրային գործողությունների վերաբերյալ դիմումի մեկ միասնական ձև,

2) դիմումատուի անհատական տվյալները ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել անձնագրի տպագրությունը:

5. Սույն հրամանի և նախկինում ընդունված հրամանների միջև հակասություններ առաջանալու դեպքում գործում են սույն հրամանի դրույթները:

6. Անձնագրային բոլոր գործողությունները կատարում են տարածքային անձնագրային ծառայությունները, եթե անձնագրային համակարգը սպասարկող ոստիկանության պետի տեղակալի ցուցումով այլ բան սահմանված չէ:

7. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը հանձնարարել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գ. Մհերյանին:

 

Ոստիկանության

գեներալ-մայոր

Ա. Սարգսյան

 

 

Հավելված
ՀՀ ոստիկանության պետի
2008 թվականի օգոստոսի 15-ի
թիվ 12-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Սույն պարզաբանումները վերաբերում են քաղաքացիներին անձնագիր տալու, անձնագիր փոխանակելու, անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու, օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու գործողություններին (այսուհետ` անձնագրային գործողություններ):

2. Բացառությամբ օտարերկրյա պետություններում անձնագրում վավերականության ժամկետի մասին նշում կատարելու և անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու գործողությունների, մնացած բոլոր անձնագրային գործողություններն իրականացվում են քաղաքացու դիմումի հիման վրա:

3. Դիմումը պետք է պարունակի

1) անձնագրային գործողության տեսակը.

2) դիմողի անունը, ազգանունը, հայրանունը.

3) դիմողի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

4) դիմողի ազգությունը, սեռը.

5) դիմողի բնակության վայրը.

6) դիմողի ստորագրությունը, դիմումը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.

7) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են):

4. Եթե անձնագրային գործողություն կատարելու համար օրենքով նախատեսվում է մուծել պետական տուրք, ապա դիմումին կից պետք է ներկայացվի նաև պետական տուրքի անդորրագիրը:

5. Անձնագիրը ստանալու (փոխանակելու) մասին դիմումը քաղաքացին անձնագրային ծառայություն ներկայացնում է անձամբ:

6. Քաղաքացին անձնագրային ծառայությունից անձնագիրը ստանում է անձամբ կամ իր կողմից լիազորված երրորդ անձի միջոցով:

7. Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա անձնագրային ծառայության աշխատակիցը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները նոր դիմում շարադրելու եղանակով, կամ ինքն է շարադրում նոր դիմում` դիմողի ներկայությամբ:

8. Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա դիմումն ընդունվում է և դիմումատուին առաջարկվում 5-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը:

9. Եթե անձնագրային գործողությունների համար ներկայացված փաստաթղթերը պատշաճ են, ապա անձնագրային գործողություններն իրականացվում են հետևյալ ժամկետներում.

1) անձնագիր տալ կամ փոխանակելը` 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե քաղաքացին իր դիմումում անձնագիր ստանալու ավելի կարճ ժամկետ չի նշում (բայց ոչ պակաս, քան 1 աշխատանքային օր),

2) անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգումը` անձնագիր տալու, փոխանակելու հիմքերի բացակայությունը պարզելուց հետո անմիջապես,

3) օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելը` անձնագրի տիրոջ` հետախուզման մեջ չգտնվելը պարզելուց հետո անմիջապես:

(9-րդ կետը փոփ. 18.08.10 թիվ 2-Ն)

9.1. Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելը մերժվում է, եթե անձը գտնվում է հետախուզման մեջ:

Հետախուզվող անձանց տեղեկատվական բազայում ստուգումն անձնագրային ծառայության կողմից իրականացվում է օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար անձի դիմելուց հետո անմիջապես:

(9.1-ին կետը լրաց. 18.08.10 թիվ 2-Ն)

10. Կարճ ժամկետում անձնագիրը քաղաքացուն տրվում է կենտրոնական անձնագրային ծառայության (Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության) կողմից` նրա ներկայանալու պարագայում:

11. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության և օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետները երկարաձգելու մասին նշումները կարող են կատարվել մինչև վավերականության ժամկետների ավարտը: Ընդ որում, անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշումի ժամկետը ամեն դեպքում չի կարող գերազանցել 5 տարի ժամկետը:

12. Անձնագրային ծառայություններին արգելվում է`

1) մինչև 16 տարեկան քաղաքացիներին անձնագիր տալ` առանց օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու.

2) անչափահաս երեխային անձնագրում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետների մասին նշում կատարելու համար պահանջել դիմող ծնողի կամ մյուս ծնողի համաձայնությունը.

3) մերժել մինչև 16 տարեկան քաղաքացիների համար անձնագրային գործողության կատարումը, եթե նրա ծնողը գտնվում է հետախուզման մեջ:

13. 12-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում անձնագրային ծառայությունը պարտավոր է դիմումատուին իրազեկել, որ առանց երկու ծնողների համաձայնության երեխայի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու իրավունքը կարող է սահմանափակվել սահմանային մարմնի կողմից:

14. Անձնագիր տալու, փոխանակելու գործողությունը մերժվում է, եթե

1) դիմումատուն չի ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը.

2) դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում.

3) դիմումատուն գտնվում է հետախուզման մեջ:

(14-րդ կետը լրաց. 18.08.10 թիվ 2-Ն)

15. Սույն կարգի 14-րդ կետում նշված մերժման հիմքերի մասին գրավոր նշագրում է կատարվում դիմումի վրա և փաստաթղթերը հետ են վերադարձվում դիմումատուին, եթե չեն վերացվում 17-րդ կետում նշված հանգամանքները:

16. Զինապարտների համար անձնագրային գործողությունները կատարվում են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

17. Զինապարտների համար այլ անձնագրային գործողությունների կատարումը կարող է սահմանափակվել միայն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում:

18. Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ այլ պետության կողմից հետախուզում հայտարարված լինելու դեպքում անձնագրային գործողությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի (տեղակալի) որոշմամբ, եթե հետախուզում հայտարարած պետության հետ Հայաստանի Հանրապետությունը չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հանձնելու մասին վավերացված միջազգային պայմանագիր:

(18-րդ կետը լրաց. 18.08.10 թիվ 2-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 18.08.10 թիվ 2-Ն)