«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 օգոստոսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11110313
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ
9 օգոստոսի 2010 թ. |
N 483-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 12-րդ կետի պահանջներով`
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար մրցույթ անցկացնելու ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար` |
Հ. Պողոսյան |
Հավելված 1 Հաստատված է |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության (այսուհետ` նախարարություն) ենթակայության հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների (այսուհետ` գործադիր մարմին) ընտրության (նշանակման) համար մրցույթի (այսուհետ` մրցույթ) անցկացման կարգը և պայմանները:
2. Մրցույթով երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար գործադիր մարմնի թափուր պաշտոն զբաղեցնելու հավասար մատչելիությունը իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
3. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն գործունակ, չափահաս, գրական հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր բավարարում են հետևյալ պարտադիր պայմանները`
1) համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն.
2) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Իրավական ակտերի մասին», «Գնումների մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1298-Ն որոշում և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտեր).
4) պետական կազմակերպության զարգացման ու բարեփոխման հայեցակարգ և հիմնադրույթներ մշակելու կարողություն.
5) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
6) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
7) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
8) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
9) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
10) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
4. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը.
3) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.
4) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել կամ զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
6) նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:
5. Գործադիր մարմնի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):
Սույն ընթացակարգով մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն նախարարության աշխատակազմի ղեկավարն է:
6. Գործադիր մարմնի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի (այսուհետ` նախարար) կողմից սահմանված կարգով ստեղծվող մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):
7. Գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով` հարցազրույցի ձևով:
Բաց մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է նախարարը:
2. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
8. Թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը (այսուհետ` հայտարարություն) հրապարակում է աշխատակազմը:
9. Հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով` 5-օրյա պարբերականությամբ, առնվազն 2 անգամ:
10. Հայտարարության մեջ պետք է պարունակվեն առնվազն հետևյալ տվյալները`
1) մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վայրը և ժամկետը: Վերջինս չի կարող մրցույթ անցկացնելու մասին վերջին հայտարարության հրապարակման օրվանից հաշված մեկ ամսից պակաս լինել.
2) մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը.
3) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (նյութերը).
4) թափուր պաշտոնի անվանումը և հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները):
3. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
11. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները աշխատակազմին ներկայացնում են`
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3X4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) բնօրինակները և պատճենները.
6) կադրերի հաշվառման թերթիկ (լրացված).
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում).
8) հայտարարություն այն մասին, որ ինքը չի դատապարտվել հանցագործության կատարման համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է.
9) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
10) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.
11) տվյալ պետական կազմակերպության բարեփոխման ու զարգացման` իր կողմից մշակած հայեցակարգը:
12. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
13. Աշխատակազմը սույն ընթացակարգի 11-րդ կետում նշված քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում դրանք, որից հետո բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:
14. Սույն ընթացակարգի 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերից բացի` այլ փաստաթղթեր պահանջելն արգելվում է:
15. Քաղաքացին իր հայեցողությամբ կարող է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել հանձնաժողովին, որը այդ մասին կազմում է համապատասխան արձանագրություն:
16. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմը վարում է մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման համարակալված և նախարարության կողմից կնքված մատյան: Մատյանում նշվում են մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձնագրի համարը և սերիան, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերի էջերի թիվը:
17. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա այդ մասին տեղյակ է պահվում նախարարին:
18. Նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը (համարակալված, կարված և կնքված) ներկայացնում է հանձնաժողովին:
19. Հանձնաժողովի նախագահը նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը և հանձնաժողովի կնիքը:
20. Հանձնաժողովը նախքան հարցազրույցը սկսելը անցկացված նիստում քննության է առնում ներկայացված փաստաթղթերը և ընդունում համապատասխան որոշում` մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու (և) կամ մրցույթին մասնակցելու թույլտվություն չտալու մասին: Հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե առկա է սույն ընթացակարգի 4-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը կամ քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում տվյալ պաշտոնի համար սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է հրավիրել և լսել մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացուն:
21. Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) ցուցակը: Այդ որոշումը հրապարակվում է մինչև հարցազրույցի սկիզբը:
22. Եթե հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին, ինչպես նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում մրցույթը չկայացած համարելու մասին: Այդ որոշումը հանձնաժողովն անմիջապես ուղարկում է նախարարին:
23. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:
4. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
24. Մրցույթին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց: Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է բանավոր` տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար ներկայացվող դրույթների շրջանակներում` նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
25. Հարցազրույցի ընթացքում հարցերին մասնակցի տված պատասխանները գնահատվում են (ճիշտ կամ սխալ) հարց տվող հանձնաժողովի անդամի կողմից: Եթե մասնակցի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա հանձնաժողովի գնահատական տվող անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:
26. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը արձանագրվում և ձայնագրվում է: Արձանագրության մեջ ամրագրվում է յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը, հանձնաժողովի համապատասխան անդամի (նշելով անունը և ազգանունը) գնահատականը (ճիշտ կամ սխալ), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցված ճիշտ պատասխանը: Արձանագրությունը ստորագրվում է այն կազմողի, մասնակցի և հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:
27. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույց անցկացնելու համար տրվում է ոչ ավելի, քան 30 րոպե ժամանակ:
28. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
29. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույցն ավարտելուց հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, որից հետո հանձնաժողովի նախագահը բացում է քվեաթերթիկը և բարձրաձայն հայտարարում միայն մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը և տրված ձայների «կողմ» կամ «դեմ» լինեը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:
30. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:
31. Եթե մասնակիցը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, ապա հանձնաժողովը ընդունում է որոշում մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումը անմիջապես ուղարկում է նախարարին:
5. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
32. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես:
33. Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է հանձնաժողովի կողմից:
34. Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկում նշվում են`
1) գործադիր մարմնի թափուր պաշտոնը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթ.
2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, օրը և վայրը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.
3) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների ազգանուն, անուն, հայրանունը:
35. Սույն ընթացակարգի 31-րդ կետով նախատեսված դեպքերում հրապարակման մեջ նշվում է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու մասին:
36. Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ հանձնաժողովի անդամի կողմից: Սույն կետով նախատեսված գրավոր բողոքը (այսուհետեւ` բողոք) քննության է առնում նախարարը` աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ:
37. Բողոքը պետք է տրվի մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո` մեկ ժամվա ընթացքում` մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին, որն այն ստանալուց հետո սույն ընթացակարգի 47-րդ կետի 5-10-րդ, 13-րդ և 14-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ անմիջապես ուղարկում է նախարարին:
38. Աշխատակազմը մրցույթի ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի այն մասնակցի (մասնակիցների) անունը, ազգանունը, հայրանունը, ում մրցույթի արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք:
39. Բողոքը քննության է առնվում աշխատակազմում այն մուտքագրվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:
40. Բողոքը քննության առնելիս և որոշում ընդունելիս քննարկմանը չեն մասնակցում նախարարության այն աշխատակիցները, ովքեր տվյալ մրցույթին մասնակցել են որպես հանձնաժողովի անդամներ:
41. Բողոքը քննության առնելիս նախարարը ուսումնասիրում է տվյալ մրցույթի հարցազրույցին մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ հանձնաժողովի գնահատականը (դրանց ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում է քվեարկության արդյունքների հետ և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
1) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.
2) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին:
Սույն կետի ենթակետերով նախատեսված որոշումը (որոշումները) կարող է բողոքարկվել դատական կարգով:
6. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
42. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն ընթացակարգի 36-րդ կետով նախատեսված բողոքի բացակայության դեպքում` հանձնաժողովից ստացված` մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը աշխատակազմը ներկայացնում է նախարարին: Եզրակացությունը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, նախարարը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագիր:
43. Սույն ընթացակարգի 36-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում` սույն ընթացակարգի 42-րդ կետով նախատեսված կարգով եզրակացության հետ միաժամանակ ներկայացվում է նաև 41-րդ կետով նախատեսված որոշումը (որոշումները):
44. Եզրակացության մեջ պետք է նշվեն`
1) գործադիր մարմնի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթ.
2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, օրը և վայրը.
3) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, օրը և անձնագրային տվյալները.
4) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի քվեարկության արդյունքները:
45. Եզրակացությունը պետք է ստորագրեն հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը: Եզրակացությանը կից ներկայացվում են հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները:
46. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված եզրակացությունը տալուց հետո, ինչպես նաև սույն ընթացակարգի 22-րդ և 31-րդ կետերով նախատեսված դեպքերում:
47. Հանձնաժողովը հանձնման ակտով մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին փոխանցում է հանձնաժողովի կնիքը, մրցութային փաթեթը, որն իր մեջ սույն ընթացակարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերից բացի` ներառում է նաև հանձնաժողովի կողմից կազմված և (կամ) ընդունված հետևյալ փաստաթղթերը`
1) հանձնաժողովի կնիքի ստացման մասին ստացականը.
2) փաստաթղթերի քննարկման և դիմորդների ու հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.
3) մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու և (կամ) չթույլատրելու մասին որոշումը.
4) մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը.
5) մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները.
6) քվեարկության արդյունքներում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը.
7) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին որոշումը.
8) մրցույթի արդյունքում կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.
9) մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.
10) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը.
11) մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը.
12) քվեաթերթիկները.
13) մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկը.
14) այլ փաստաթղթեր:
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմը սույն կետի 1-ին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
48. Սույն ընթացակարգի 17-րդ, 22-րդ և 31-րդ կետերով նախատեսված դեպքերում` մեկամսյա ժամկետում հրապարակվում է հայտարարություն նոր մրցույթ անցկացնելու մասին: Նոր մրցույթն անցկացվում է սույն ընթացակարգին համապատասխան:
49. Մրցույթը հայտարարելուց հետո սույն ընթացակարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով` նախատեսված մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը կարող է փոփոխվել ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ` այդ մասին հայտարարություն հրապարակելով մամուլի և զանգվածային լրատվության այն նույն միջոցով, որտեղ հրապարակվել է մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը:
Հավելված 2 Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության (այսուհետ` նախարարություն) ենթակայության հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների (այսուհետ` գործադիր մարմին) ընտրության (նշանակման) համար մրցույթի (այսուհետ` մրցույթ) անցկացման մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) ձևավորման ընթացակարգը և աշխատակարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ, սույն հրամանով և այլ իրավական ակտերով:
3. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակն առաջադրվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից: Ցուցակում ընդգրկված անձինք նախարարության աշխատակազմի կողմից գրավոր տեղեկացվում են հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:
4. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը հաստատվում է նախարարի հրամանով: Հանձնաժողովը կազմվում է հաստատված ցուցակից վիճակահանությամբ, մրցույթ անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նախարարությունից` 4 աշխատակից և տվյալ ոլորտից` ճանաչված 3 գործիչ: Հանձնաժողովը կազմված է 7 անդամից:
5. Հանձնաժողովում ընդգրկված թեկնածուները մրցույթն սկսելուց առնվազն 6 ժամ առաջ նախարարության աշխատակազմի միջոցով տեղեկացվում են հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:
6. Հանձնաժողովի կազմը հաստատվում է նախարարի հրամանով: Նույն հրամանով հանձնաժողովի անդամներից նշանակվում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար: Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում: Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն կարգով սահմանված ձևով հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում է, համապատասխանաբար, հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:
7. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է նախարարի հրամանով` հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն կարգի:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Հանձնաժողովի խնդիրներն են`
1) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար գործադիր մարմնի թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
2) համաձայն սույն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար մրցույթ անցկացնելու ընթացակարգի` ապահովել մրցույթի անցկացման թափանցիկությունը և հրապարակայնությունը:
9. Հանձնաժողովը`
1) նախարարության աշխատակազմից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը և հանձնաժողովի կնիքը.
2) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.
3) մինչև մրցույթ սկսելը ստուգում և կնքում է քվեարկության համար նախատեսված արկղը.
4) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.
5) կազմում է քվեաթերթեր.
6) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ, գաղտնի քվեարկություն.
7) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.
8) ամփոփում է մրցույթի արդյունքները.
9) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.
10) հրապարակում է մրցույթի արդյունքները.
11) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն.
12) նախարարության աշխատակազմին է հանձնում կնիքը և մրցութային փաթեթը.
13) իրականացնում է սույն հրամանով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
11. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի մասնակցության դեպքում:
13. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու ընթացակարգը խախտելու դեպքում հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է նախարարին: Նախարարը իր հրամանով կարող է ազատել հանձնաժողովի անդամին տվյալ հանձնաժողովի կազմից:
4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
14. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.
2) վարում է հանձնաժողովի նիստերը.
3) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.
4) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.
5) իրականացնում է սույն հրամանով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
15. Հանձնաժողովի քարտուղարը`
1) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.
2) իրականացնում է սույն հրամանով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահած այլ լիազորություններ:
6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
16. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար դիմած քաղաքացիների հարցազրույցի անցկացմանը և հարցեր տալիս մասնակիցներին.
2) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.
3) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկություններին.
4) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
5) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
6) իրականացնում է սույն հրամանով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
7. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
17. Հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը, կնիքը և մրցութային փաթեթը նախարարության աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:
18. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|