Գլխավոր տեղեկություն
Համար
N 99-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.07.2010-12.05.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.01.15/2(242) Հոդ.15
Ընդունող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.06.2006
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2017

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11707001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

30 հունիսի 2006 թ.
ք. Երևան

N 99-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԱՅԴ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՈՒ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման 1-ին և 3-րդ հավելվածների 12-րդ և 15-րդ կետերի պահանջներով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացման ընթացակարգը և մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը` համաձայն հավելված N 1-ի:

2. Հաստատել` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների պաշտոնում նշանակված անձանց ատեստավորման անցկացման ընթացակարգը և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը` համաձայն հավելված N 2-ի:

Նախարար՝

Ա. Հարությունյան

Հավելված N 1
ՀՀ քաղաքաշինության նախարարի
2006 թվականի հունիսի 30-ի
N 99-Ն հրամանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների (այսուհետ` Տնօրեն) թափուր պաշտոնի համար մրցույթի (այսուհետ` մրցույթ) անցկացման ընթացակարգը և մրցութային  հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)  ձևավորման կարգը (այսուհետ` Կարգ):

2. Մրցույթի նախապատրաստական և անցկացման աշխատանքները կազմակերպում է նախարարության աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) անձնակազմի կառավարման բաժինը (այսուհետ՝ Բաժին):

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը Նախարարությունը 5-օրյա պարբերականությամբ առնվազն 2 անգամ հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ):

4. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին Նախարարության հայտարարության տեքստում նշվում է՝

ա) Տնօրենի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվելու է մրցույթ,

բ) մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վայրը և ժամը, որը չի կարող մրցույթ անցկացնելու մասին վերջին հայտարարության հրապարակման օրվանից հաշված մեկ ամսից պակաս լինել,

գ) մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը,

դ) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (նյութերը),

ե) հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները),

զ) Աշխատակազմի գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

5. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Բաժին ներկայացնում են

ա) դիմում (լրացվում է տեղում),

բ) մեկ լուսանկար 3X4 չափի,

գ) քաղվածք աշխատանքային գրքույկից,

դ) ինքնակենսագրություն,

ե) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները,

զ) կադրերի հաշվառման թերթիկ (լրացված),

է) տեղեկանք մշտական բնակության վայրից,

ը) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),

թ) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),

ժ) տեղեկանք, որ չի դատապարտվել հանցագործության կատարման համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

ժա) քաղաքացին դիմումում լրացնում է հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

ժբ) քաղաքացին դիմումում լրացնում է հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձը հաստատող փաստաթղթով:

Բաժինը քաղաքացիների սույն կետի ե) ենթակետում նշված փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում դրանք:

6. Բաժինը վարում է մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման համարակալված և Նախարարության կողմից կնքված մատյան, որի ձևը հաստատվում է Նախարարության կողմից:

7. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացի կարող է մրցույթից առնվազն մեկ օր առաջ հրաժարվել մրցույթին մասնակցելուց:

8. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա այդ մասին տեղյակ է պահվում Նախարարին:

Բաժինը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու (բացառությամբ սույն կարգի 7-րդ կետում նշվածների) վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը (համարակալված, կարված և կնքված) ներկայացնում է Հանձնաժողովին:

9. Հանձնաժողովի նախագահը Բաժնից ստանում է Հանձնաժողովի կնիքը:

Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) ցուցակը: Այդ որոշումը հրապարակվում է մինչև մրցույթի սկիզբը:

Եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում` մրցույթը չկայացած համարելու մասին: Այդ որոշումը Հանձնաժողովն անմիջապես ուղարկվում է Նախարարին:

10. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

11. Մրցույթն անցկացվում է բաց եղանակով:

Բաց մրցույթ անցկացնելու մասին որոշումն ընդունում է Նախարարությունը:

12. Մրցույթն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

13. Մասնակիցը մրցույթին մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը, որից հետո մասնակիցը մուտք է գործում  մրցույթի անցկացման սենյակ:

14. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին բացատրում է մրցույթի անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը:

15. Մրցույթն անցկացվում է մեկ փուլով` հարցազրույցի միջոցով:

Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով: Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:

16. Հանձնաժողովը, սույն կարգով սահմանված կարգով, Նախարարության աշխատակազմի կողմից նախօրոք կազմված և համակարգչային ծրագրում զետեղված հարցերի բազայից պատահական ընտրությամբ կազմում է հարցատոմս, որը բաղկացած է 20 (քսան) հարցերից:

17. Հարցատոմսը կազմվում է հետևյալ իրավական ակտերի շրջանակներում՝

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 %,

բ) տվյալ բնագավառի իրավասությունները սահմանող իրավական ակտեր` 50%,

գ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների մրցույթի համար «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 20%,

փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների մրցույթի դեպքում՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 20%,

դ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք` 10 %,

ե) «Հաշվապահական hաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 10%:

18. Հանձնաժողովի քարտուղարի կողմից հարցատոմսը տրամադրվում է մրցույթի մասնակցին, իսկ հարցատոմսի պատասխաններով օրինակը` Հանձնաժողովին:

19. Սույն կարգի 17-րդ կետում նշված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները կազմում է Նախարարության աշխատակազմը:

Սույն կարգի 17-րդ կետում նախատեսված հարցերը չեն հրապարակվում:

21. Հարցազրույցի ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում օգտվել որևէ գրավոր նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական միջոցներից, ինչպես նաև հարցատոմսի հարցերին պատասխանելու համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից, հարցատոմսերի հարցերի պատասխանելու հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից:

Սույն կետում նշված պահանջների խախտման դեպքում Հանձնաժողովը կազմում է արձանագրություն:

Սույն կետում նշված պահանջների խախտման դեպքում տվյալ մասնակցի մասնակցությունը մրցույթին դադարեցվում է:

22. Հարցազրույցի ընթացքում հարցատոմսի հարցերի վերաբերյալ մասնակցի տված պատասխանները (ճիշտ կամ սխալ) գնահատվում են Հանձնաժողովի կողմից:

Եթե մասնակցի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա Հանձնաժողովի գնահատական տվող անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:

23. Հարցազրույցը ձայնագրվում և գրավոր արձանագրվում է:

Արձանագրության մեջ ամրագրվում է հարցատոմսի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան անդամի (նշելով նրա անունը և ազգանունը) գնահատականը (ճիշտ կամ սխալ լինելը), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատասխանը:

Արձանագրությանը կցվում է հարցատոմսը և համակարգչով ստացված հարցատոմսի պատասխաններով օրինակը:

24. Արձանագրությունը ստորագրվում է քարտուղարի, մրցույթի մասնակցի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

25. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է քվեարկություն: Յուրաքանչյուր մասնակցի համար նախօրոք պատրաստվում է Հանձնաժողովի անդամների թվին համապատասխան քվեաթերթիկներ` համաձայն Ձև 1-ի: Յուրաքանչյուր քվեաթերթիկի վրա ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և Հանձնաժողովի տվյալ անդամը: Քվեաթերթիկները կնքվում են Հանձնաժողովի նախագահի կողմից Հանձնաժողովի կնիքով:

Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

26. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելուց հետո, բոլոր մասնակիցների ներկայությամբ, Հանձնաժողովի նախագահը բացում է քվեաթերթիկները, հայտարարում մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը և տրված ձայների «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր:

Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

27. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը (մասնակիցները), որը (որոնք) ստացել է (են) Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ:

Եթե մասնակիցը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում` նրա մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:

Եթե մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում` մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումն ուղարկում է Նախարարին:

28. Հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ տալիս է եզրակացություն: Եզրակացության մեջ պետք է նշվեն`

ա) Տնօրենի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը,

բ) մրցույթի անցկացման տարին, ամիսը, օրը և վայրը,

գ) հաղթող ճանաչված մասնակիցների  ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, օրը և անձնագրային տվյալները,

դ) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի քվեարկության արդյունքները:

29. Եզրակացությունը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում, հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին՝ ստորագրության կողքին գրառելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

Եզրակացությանը կից ներկայացվում են Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները:

30. Հանձնաժողովը հանձնման-ընդունման ակտով, Բաժնին է փոխանցում մրցութային փաթեթը, որն իր մեջ սույն կարգի 5-րդ կետի 1-ին պարբերությամբ նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև Հանձնաժողովի կազմած և ընդունած հետևյալ փաստաթղթերը`

ա) Հանձնաժողովի կնիքի ստացման մասին ստացականը,

բ) փաստաթղթերի քննարկման և դիմորդների ու Հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը,

գ) մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը,

դ) մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները,

ե) քվեարկությունների արդյունքներում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը,

զ) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին որոշումը,

է) մրցույթի արդյունքում կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը,

ը) մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը,

թ) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը,

ժ) մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը,

ժա) քվեաթերթիկները,

ժբ) մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկը:

Բաժինը սույն կետի 1-ին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

31. Սույն Կարգի 8-րդ կետի 1-ին, 27-րդ կետի 3-րդ պարբերություններով նախատեսված դեպքերում անցկացվում է նոր մրցույթ:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

32. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց անմիջապես հետո՝ նույն օրը:

Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից:

33. Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկում նշվում են.

ա) Տնօրենի թափուր պաշտոնը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը,

բ) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը,

գ) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը:

34. Սույն կարգի 27-րդ կետի 2-րդ և 3-րդ պարբերություններում նախատեսված դեպքերում հրապարակման մեջ նշվում է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:

35. Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից:

Սույն կարգի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` բողոք) քննության է առնում Նախարարությունը:

Բողոքը պետք է տրվի մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո մեկ ժամվա ընթացքում` մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին, որն այն ստանալուց հետո սույն կարգի 30-րդ կետի «դ»-«թ», «ժա», «ժբ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ անմիջապես ներկայացնում է Նախարարին:

Բաժինը մրցույթի ավարտից մեկ ժամ հետո տեսանելի ցուցանակի վրա հրապարակում է տեղեկություն բողոքի առկայության կամ բացակայության մասին: Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի մասնակցի (մասնակիցների) անունը, ազգանունը և հայրանունը, ում մրցույթի արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք:

Բողոքը Նախարարությունը քննության է առնում այն Նախարարության աշխատակազմում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով: Հանձնաժողովի կազմում չեն ընդգրկվում Նախարարության այն աշխատակիցները, որոնք տվյալ մրցույթին մասնակցել են որպես Հանձնաժողովի անդամներ:

Բողոքը քննության առնելիս Նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովն ուսումնասիրում է հարցատոմսի հարցերին մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականը (դրանց ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում է քվեարկության արդյունքների հետ և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

ա) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին,

բ) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին,

գ) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող չճանաչելու մասին:

Սույն կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) կարող է (են) բողոքարկվել դատական կարգով:

Բաժինը սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքի բացակայության մասին կազմում է տեղեկանք և կցում մրցութային փաթեթին:

 

VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

36. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն կարգի 35-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, համապատասխան Հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը Աշխատակազմը ներկայացնում է Նախարարին: Եզրակացությունը ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, Նախարարը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային  կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող  աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ սահմանված կարգով, կնքում է աշխատանքային պայմանագիր:

37. Սույն կարգի 35-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն կարգի 36-րդ կետով նախատեսված կարգով, եզրակացության հետ միաժամանակ ներկայացվում է նաև 35-րդ կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները):

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

38. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է սույն Կարգով սահմանված կարգով ստեղծվող մրցութային հանձնաժողովը:

39. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, որից հինգը` Նախարարության և մեկական Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից: Նախարարության ներկայացուցիչների ցուցակում ընդգրկվում են Նախարարը, Նախարարի տեղակալները, Նախարարի խորհրդականները և օգնականները, Աշխատակազմի ղեկավարը, Աշխատակազմի ղեկավարի տեղակալը, Աշխատակազմի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Հանձնաժողովի Նախարարության անդամության թեկնածուների ցուցակը հաստատվում է Նախարարի հրամանով:

(39-րդ կետը խմբ. 23.06.10 N 76-Ն)

40. Հանձնաժողովի նախարարության ներկայացուցիչները ընտրվում են համակարգչում նախօրոք զետեղված հաստատված ցուցակից` համակարգչի կողմից պատահական ընտրությամբ` մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ: Հանձնաժողովում ընդգրկված թեկնածուները մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին տեղեկացվում են Բաժնի կողմից մրցույթն սկսելուց ոչ ուշ, քան 6 ժամ առաջ: Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:

(40-րդ կետը խմբ. 23.06.10 N 76-Ն)

41. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Նախարարի հրամանով: Նույն հրամանով Հանձնաժողովի անդամներից նշանակվում են Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն Կարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում է համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:

42. Հանձնաժողովը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային  կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող  աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ, սույն Կարգով:

43. Հանձնաժողովն իր լիազորությունները իրականացնում է Նախարարի հրամանով հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում է գործունեությունը` համաձայն սույն Կարգի:

 

VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

44. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան,

բ) համաձայն սույն Կարգի ապահովել մրցույթի անցկացման թափանցիկությունը և հրապարակայնությունը:

45. Հանձնաժողովը`

ա) Բաժնից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, ինչպես նաև քվեարկության արկղը, ձայնագրիչը և Հանձնաժողովի կնիքը,

բ) սույն Կարգի համաձայն համակարգչով կազմում է հարցատոմսեր` հարցազրույցի անցկացման համար,

գ) մասնակցիների հետ անցկացնում է հարցազրույց,

դ) կազմում է քվեաթերթեր,

ե) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է բաց քվեարկություն,

զ) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում,

է) ամփոփում  է մրցույթի արդյունքները,

ը) իրականցնում է քննարկումներ մրցույթին վերաբերող առանձին հարցերի շուրջ,

թ) հրապարակում է մրցույթի արդյունքները,

ժ) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն,

ժա) մրցույթի ավարտից հետո Բաժնին հանձնում է Հանձնաժողովի կնիքը և մրցութային փափեթը:

 

IX. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

46. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

47. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

48. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներակայացնում է Նախարարին: Նախարարը իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:

49. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված եզրակացությունը տալուց հետո, ինչպես նաև սույն կարգի 27-րդ կետի 3-րդ պարբերություններով նախատեսված դեպքում:

 

X. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

50. Հանձնաժողովի նախագահը՝

ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,

բ) վարում է Հանձնաժողովի նիստերը,

գ) կազմակերպում է հարցատոմսերի կազմման աշխատանքները` համաձայն սույն Կարգի,

դ) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը,

ե) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը՝ քվեարկության միջոցով համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ,

զ) իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

51. Աշխատանքներն ավարտելուց հետո Հանձնաժողովի նախագահը Բաժնին է հանձնում Հանձնաժողովի կնիքը:

 

XI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

52. Հանձնաժողովի  քարտուղարը՝

ա) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը,

բ) մրցույթի մասնակիցներին բացատրում է մրցույթի հետ կապված տեխնիկական հարցեր,

գ) իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

XII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

53. Հանձնաժողովի անդամը՝

ա) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը,

բ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում հնչեցնում է ճիշտ պատասխանը,

գ) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկություններին,

դ) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը,

ե) ծանոթանում է նիստերի արձանագրություններին,

զ) իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

XIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

54. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը, կնիքը և մրցութային փաթեթը Բաժնին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

55. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ձև 1

ՔՎԵԱԹԵՐԹԻԿ

Մրցույթի մասնակցի   

__________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)

ԿՈՂՄ
 
 
ԴԵՄ
 

Հանձնաժողովի անդամ

 

______________
(անուն, ազգանուն)

 

_____________________
(ստորագրություն)

Հանձնաժողովի նախագահ  

________________________
(ստորագրություն) 

Կ. Տ.

Հավելված N 2
ՀՀ քաղաքաշինության նախարարի
2006 թվականի հունիսի 30-ի
N 99-Ն հրամանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների պաշտոնում նշանակված անձի (այսուհետ` Տնօրեն) ատեստավորման անցկացման ընթացակարգը և ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ձևավորման կարգը (այսուհետ՝ Կարգ):

2. Տնօրենը ենթակա է ատեստավորման տվյալ պաշտոնը զբաղեցնելու 5 տարին լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում:

3. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ Տնօրենը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

4. Տնօրենի ատեստավորման նախապատրաստական և անցկացման աշխատանքները կազմակերպում է Նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) անձնակազմի կառավարման բաժինը (այսուհետ՝ Բաժին):

5. Տնօրենի ատեստավորումն անցկացնում է սույն Կարգով սահմանված կարգով ստեղծվող ատեստավորման հանձնաժողովը:

 

II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Նախարարությունը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը հաստատում է հաջորդ տարում ատեստավորման ենթակա Տնօրենների ցուցակը և ատեստավորման  անցկացման ժամանակացույցը:

7. Բաժինը համապատասխան մասնագետների միջոցով ապահովում է Տնօրենների ատեստավորման համար սույն Կարգով նախատեսված հարցաշարի կազմումը և նախօրոք զետեղում համակարգչի համապատասխան ծրագրում, ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ ստուգում է հարցերի համապատասխանությունը գործող իրավական ակտերին:

8. Ատեստավորման ենթակա Տնօրենները ոչ ուշ, քան մեկ  ամիս առաջ գրավոր տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

9. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ Տնօրենը Նախարարին ներկայացնում է հաշվետվություն վերջին հինգ տարիների ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ:

10. Ատեստավորումն անցկացվում է հարցազրույցի միջոցով:

 

III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

11. Բաժինը Տնօրենների ներկայացրած հաշվետվությունները հանձնում է Հանձնաժողովին:

12. Հանձնաժողովը, մինչև հարցազրույցի սկիզբը ծանոթանում է ատեստավորման ենթակա Տնօրենների ներկայացրած հաշվետվությունների հետ:

13. Հանձնաժողովը, սույն Կարգով սահմանված կարգով, Նախարարության աշխատակազմի կողմից նախօրոք կազմված և համակարգչային ծրագրում զետեղված հարցերի բազայից պատահական ընտրությամբ կազմում է հարցատոմս, որը կազմված է 20 (քսան) հարցից:

14. Հարցազրույցի առաջադրանքը կազմվում է հետևյալ  իրավական ակտերի շրջանակներում՝

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն`  10 %,

բ) տվյալ բնագավառի իրավասությունները սահմանող իրավական ակտեր` 50%,

գ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների Տնօրենների ատեստավորման համար «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 20%,

փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների ատեստավորման դեպքում՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք`  20 %,

դ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք`  10 %,

ե) «Հաշվապահական hաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 10%:

15. Հարցազրույցն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

16. Տնօրեններին չի թույլատրվում իրենց հետ սենյակ բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, այլ տեխնիկական սարքեր:

17. Հանձնաժողովի քարտուղարը Տնօրեններին բացատրում է ատեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը:

18. Տնօրենների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով` զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակներում:

19. Հանձնաժողովի քարտուղարի կողմից հարցատոմսը տրամադրվում է ատեստավորվողին, իսկ հարցատոմսի պատասխաններով օրինակը՝ Հանձնաժողովին:

20. Հարցազրույցի ընթացքում  հարցատոմսերին տրված պատասխանները (ճիշտ կամ սխալ) գնահատվում են Հանձնաժողովի կողմից:

21. Յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցը ձայնագրվում և գրավոր արձանագրվում է: Արձանագրության մեջ ամրագրվում են յուրաքանչյուր հարցի վերաբերյալ Տնօրենի տված պատասխանը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան անդամի (նշելով նրա անունը և ազգանունը) գնահատականը (ճիշտ կամ սխալ լինելը), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատասխանը:

Արձանագրությունը ստորագրվում է քարտուղարի, Տնօրենի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

22. Տնօրենների համար նախօրոք պատրաստվում է Հանձնաժողովի անդամների թվին համապատասխան քվեաթերթիկներ՝ համաձայն Ձև 1-ի: Յուրաքանչյուր քվեաթերթիկի վրա ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և Հանձնաժողովի տվյալ անդամը:

Քվեաթերթիկները կնքվում են Հանձնաժողովի կնիքով:

23. Յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցն ավարտվելուց հետո անցկացվում է քվեարկություն:

Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

24. Հանձնաժողովը քվեարկությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,

բ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

25. Բոլոր Տնօրենների հետ հարցազրույց անցկացնելուց հետո, բոլոր Տնօրենների ներկայությամբ, Հանձնաժողովի նախագահը բացում է քվեաթերթիկները, հայտարարում մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը և տրված ձայների «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր:

Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

26. Հանձնաժողովը յուրաքանչյուր Տնօրենի համար քվեարկության է դնում սույն կարգի 24-րդ կետի «ա» ենթակետի որոշումը, որը Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն կարգի 24-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված որոշումը:

 

IV. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

27. Ատեստավորման ավարտից հետո Հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և Տնօրենի համար կազմում է ատեստավորման թերթ՝ համաձայն Ձև 2-ի:

Ատեստավորման թերթը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին ստորագրության կողքին գրառելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

28. Տնօրենը, ատեստավորման ավարտից հետո, ծանոթանում է ատեստավորման թերթին և ստորագրում այն:

Ատեստավորված Տնօրենը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել Հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:

29. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորման ավարտից անմիջապես  հետո, նույն օրը:

Ատեստավորման արդյունքների  հրապարակման մասին կազմվում է ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից:

Ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկի մեջ նշվում են՝

ա) համապատասխան կազմակերպության (ընկերության) անվանումը,

բ) ատեստավորման անցկացման տարին, ամիսը, օրը և վայրը, ինչպես նաև ատեստավորման արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը,

գ) Տնօրենի անունը, հայրանունը, ազգանունը և նրա վերաբերյալ Հանձնաժողովի ընդունած որոշումը:

30. Ատեստավորման արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել Տնօրենի (իր արդյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` բողոք) քննության է առնում Նախարարությունը:

Բողոքը պետք է տրվի ատեստավորման արդյունքները հրապարակելուց հետո մեկ ժամվա ընթացքում` ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին, որն այն ստանալուց հետո առնվազն սույն կարգի  33-րդ կետի «գ»-«թ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ միասին անմիջապես ներկայացնում է Նախարարին:

Բաժինն ատեստավորման ավարտից մեկ ժամ հետո տեսանելի ցուցանակի վրա հրապարակում է բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի Տնօրենի (Տնօրենների) անունը, ազգանունը և հայրանունը, ում ատեստավորման արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք:

Բողոքը Նախարարությունը քննության է առնում այն Նախարարությունում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` Նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով, որի կազմում չեն ընդգրկվում Նախարարության այն աշխատակիցները, որոնք տվյալ ատեստավորմանը մասնակցել են որպես Հանձնաժողովի անդամներ:

Բողոքը քննության առնելիս հանձնաժողովն ուսումնասիրում է հարցատոմսի հարցերին Տնօրենի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականը (դրանց ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում է քվեարկության արդյունքների հետ և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

ա) ատեստավորման արդյունքը կոնկրետ Տնօրենի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին,

բ) կոնկրետ Տնօրենի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին,

գ) կոնկրետ Տնօրենի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին:

Սույն կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

31. Ատեստավորման արդյունքների հրապակումից հետո, սույն Կարգի 30-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, Հանձնաժողովից ստացված ատեստավորման թերթը ատեստավորման նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմը ներկայացնում է Նախարարին:

Սույն Կարգի 30-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով ատեստավորման թերթի հետ միաժամանակ ներկայացվում է նաև սույն Կարգի 30-րդ կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը:

32. Հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո Հանձնաժողովի նախագահը Բաժնին հանձնում է Հանձնաժողովի կնիքը:

33. Հանձնաժողովը, հանձնման-ընդունման ակտով, Բաժնին փոխանցում է ատեստավորման փաթեթը, որն իր մեջ սույն Կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև Հանձնաժողովի կողմից կազմված և ընդունված հետևյալ որոշումները`

ա) Հանձնաժողովի կնիքի ստացման մասին ստացականը,

բ) հաշվետվությունների քննարկման և Տնօրենների ու Հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը,

գ) Տնօրենների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունը,

դ) քվեարկությունների արդյունքներում Տնօրենների հավաքած ձայների մասին արձանագրությունը,

ե) զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին որոշումը,

զ) զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը,

է) քվեաթերթիկները,

ը) ատեստավորման թերթիկները,

թ) ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկը:

Բաժինը սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բաժինը սույն Կարգի 30-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության մասին կազմում է տեղեկանք և կցում ատեստավորման փաթեթին:

 

V. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՆՕՐԵՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

34. Նախարարը Տնօրենի ատեստավորման թերթը, իսկ սույն Կարգի 31-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում նաև սույն Կարգի 30-րդ կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված Հանձնաժողովի որոշումը ստանալուց հետո, դրանց համապատասխան, երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) Տնօրենի հետ կնքել աշխատանքային  պայմանագիր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային  կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող  աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման,

բ) Տնօրենին ազատել զբաղեցրած պաշտոնից:

Տնօրենի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ընթացքում ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունվում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

35. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակն առաջադրվում է Նախարարության կողմից: Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել Նախարարը, Նախարարի տեղակալները, Նախարարի խորհրդականները և օգնականները, Աշխատակազմի ղեկավարը, նրա տեղակալը, Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Նախարարի կողմից հրավիրված համապատասխան ոլորտի մասնագետներ:

Ցուցակում ընդգրկված անձինք Բաժնի կողմից գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը հաստատվում է Նախարարի հրամանով:

36. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված հաստատված ցուցակից` համակարգչի կողմից պատահական ընտրությամբ` ատեստավորումն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ: Հանձնաժողովը՝ կազմված է 7 անդամից: Հանձնաժողովում ընդգրկված թեկնածուները ատեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին տեղեկացվում են Բաժնի կողմից ատեստավորումն անցկացնելուց ոչ ուշ, քան 6 ժամ առաջ:

37. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Նախարարի հրամանով: Նույն հրամանով Հանձնաժողովի անդամներից նշանակվում են Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի  մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն Կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:

38. Հանձնաժողովը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային  կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող  աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ, սույն Կարգով:

39. Հանձնաժողովն իր լիազորությունները իրականացնում է Նախարարի հրամանով Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում է գործունեությունը` համաձայն սույն Կարգի:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

40. Հանձնաժողովի խնդիրներն են ատեստավորման միջոցով որոշել Տնօրենի համապատասխանությունն իր զբաղեցրած պաշտոնին:

41. Հանձնաժողովը՝

ա) Բաժնից ստանում է ատեստավորման ենթակա Տնօրենների ցանկը, Տնօրենների ներկայացրած հաշվետվությունները, Հանձնաժողովի կնիքը,

բ) իրականացնում է քննարկումներ ատեստավորմանը վերաբերող առանձին հարցերի շուրջ,

գ) Տնօրենի հետ անցկացնում է հարցազրույց,

դ) կազմում է քվեաթերթեր,

ե) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն,

զ) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր Տնօրենի  վերաբերյալ կայացնում է որոշում,

է) ամփոփում  է ատեստավորման արդյունքները,

ը) յուրաքանչյուր Տնօրենի համար կազմում է ատեստավորման թերթ,

թ) հրապարակում է ատեստավորման արդյունքները,

ժ) ատեստավորումից անմիջապես հետո Բաժնին է հանձնում Հանձնաժողովի կնիքը, ատեստավորման փաթեթը,

ժա) իրականացնում է սույն Կարգով նախատեսված այլ լիազորություններ:

 

VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

42. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

43. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

44. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

45. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորում անցկացնելու կարգը խախտելու դեպքում, Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը անմիջապես ներկայացնում է Նախարարին: Նախարարը իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:

 

IX. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

46. Հանձնաժողովի նախագահը՝

ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,

բ) վարում է Հանձնաժողովի նիստերը,

գ) կազմակերպում է հարցատոմսերի կազմման աշխատանքները,

դ) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը,

ե) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը՝ այն քվեարկության միջոցով համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

զ) իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

X. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

47. Հանձնաժողովի քարտուղարը՝

ա) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.

բ) ատեստավորման մասնակիցներին բացատրում է հարցազրույցի հետ կապված տեխնիկական հարցերը.

գ) իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

XI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

48. Հանձնաժողովի անդամը՝

ա) մասնակցում է Տնօրենի հետ հարցազրույցի անցկացմանը,

բ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում հնչեցնում է ճիշտ պատասխանը,

գ) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր Տնօրենի համար անցկացվող քվեարկությանը,

դ) ստորագրում է Հանձնաժողովի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը,

ե) ծանոթանում է նիստերի արձանագրություններին,

զ) իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

XII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

49. Հանձնաժողովը, ատեստավորման արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, կնիքը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

50. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ձև 1

ՔՎԵԱԹԵՐԹԻԿ

Տնօրենի   

__________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)

ԿՈՂՄ
 
 
ԴԵՄ
 

Հանձնաժողովի անդամ

 

______________
(անուն, ազգանուն)

 

_____________________
(ստորագրություն)

Հանձնաժողովի նախագահ  

________________________
(ստորագրություն) 

Կ. Տ.

Ձև 2


ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ

1. Անուն, հայրանուն, ազգանուն  _______________________________________________
____________________________________________________________________
2. Ծննդյան տարի, ամիս, ամսաթիվ ______________________________________________
3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնի անվանումը և այդ պաշտոնում նշանակվելու
տարեթիվը _____________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________

4. Քվեարկությանը մասնակցած ատեստավորման հանձնաժողովի անդամների թիվը
_____________
5. Հավաքած ձայների քանակը   ________________________________________________
6. Ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշումը _________________________________
____________________________________________________________________


Հանձնաժողովի նախագահ

__________________
անուն, ազգանուն

__________________
ստորագրություն

Հանձնաժողովի անդամներ

__________________
անուն, ազգանուն

__________________
ստորագրություն

__________________
անուն, ազգանուն

__________________
ստորագրություն

__________________
անուն, ազգանուն

__________________
ստորագրություն

__________________
անուն, ազգանուն

__________________
ստորագրություն

__________________
անուն, ազգանուն

__________________
ստորագրություն

__________________
անուն, ազգանուն

__________________
ստորագրություն



Ատեստավորման անցկացման ամսաթիվը  ____  _________________200  թ.
Ատեստավորման թերթի հետ ծանոթացա _______________

անուն, ազգանուն

_______________
ստորագրություն


____  _________________200  թ.