Գլխավոր տեղեկություն
Համար
N 379-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.09.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.12.15/28(146) Հոդ.314
Ընդունող մարմին
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
09.08.2005
Ստորագրող մարմին
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11105341


հայաստանի հանրապետության

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ 

9 օգոստոսի 2005 թ.
ք. Երևան

N 379-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 19.04.10 N 170-Ն)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25- ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 15-րդ կետի 2-րդ պարբերության`

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի ատեստավորում անցկացնելու կարգը` համաձայն հավելվածի:

(հրամանը փոփ. 19.04.10 N 170-Ն)

 

Նախարար`

Հ. Հովեյան

 

 

Հավելված
ՀՀ մշակույթի նախարարի
2005 թ. օգոստոսի 9-ի
N 379-Ն հրամանի

(գլխագիրը փոփ. 19.04.10 N 170-Ն)

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 19.04.10 N 170-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության (այսուհետ` նախարարություն) համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի (այսուհետ` տնօրեն) ատեստավորում անցկացնելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 19.04.10 N 170-Ն)

2. Ատեստավորումը` տնօրենի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշումն է զբաղեցրած պաշտոնին:

3. Ատեստավորման ենթակա են մինչև 2005 թվականի ապրիլի 6-ը ներառյալ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձինք` 5 տարին լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում:

(3-րդ կետը խմբ. 09.08.10 N 484-Ն)

4. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ տնօրենը ենթակա է ատեստավորման` աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

(4-րդ կետը փոփ. 09.08.10 N 484-Ն)

5. Տնօրենի ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է նախարարության աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):

Սույն կարգով ատեստավորման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն նախարարության աշխատակազմի ղեկավարն է:

6. Տնօրենի ատեստավորումն անցկացնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի (այսուհետ` նախարար) կողմից սահմանված կարգով ստեղծվող ատեստավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

(6-րդ կետը փոփ. 09.08.10 N 484-Ն)

 

2. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Նախարարը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը հաստատում է հաջորդ տարում ատեստավորման ենթակա տնօրենների ցուցակը և ատեստավորումների անցկացման ժամանակացույցը:

(7-րդ կետը փոփ. 09.08.10 N 484-Ն)

8. Ատեստավորման ենթակա տնօրենները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ նախարարի կողմից գրավոր տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

(8-րդ կետը լրաց. 09.08.10 N 484-Ն)

9. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ տնօրենը նախարարին է ներկայացնում հաշվետվություն` վերջին հինգ տարիների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ:

Ատեստավորումից առնվազն մեկ շաբաթ առաջ նախարարը տնօրենի ներկայացրած հաշվետվությունը հանձնում է ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին:

(9-րդ կետը փոփ. 09.08.10 N 484-Ն)

10. Ատեստավորումն անցկացվում է տնօրենի անմիջական մասնակցությամբ, թեստավորման և հարցազրույցի միջոցով:

 

3. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

11. Հանձնաժողովի նախագահը ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմից ստանում է տնօրենների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթեր (երկու օրինակից): Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն կոդավորմամբ` կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը կոդավորված չէ: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքված է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` վերևի ձախ մասում:

Աշխատակազմը տնօրենների հաշվետվությունները հանձնում է հանձնաժողովին:

12. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը գումարած նիստում ծանոթանում է ատեստավորման ենթակա տնօրենների ներկայացրած հաշվետվություններին:

13. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը, իր աշխատակարգով սահմանված կարգով, նախարարության աշխատակազմի կողմից նախօրոք կազմված թեստային առաջադրանքներից պատահական ընտրությամբ ընտրում է մեկ միասնական թեստ` բաղկացած 50 հարցերից: Յուրաքանչյուր հարց ունի երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխան է:

Թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում.

ա) «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

բ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «ՀՀ մշակույթի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1298-Ն որոշում,

դ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք,

ե) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,

զ) տվյալ բնագավառի իրավասությունը սահմանող այլ իրավական ակտեր:

(13-րդ կետը փոփ. 19.04.10 N 170-Ն, 09.08.10 N 484-Ն)

 

4. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

14. Թեստավորումն անցկացվում է գրավոր կամ, հնարավորության դեպքում, համակարգչի միջոցով:

15. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

16. Սույն կարգով նախատեսված ատեստավորման ենթակա տնօրենը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է տնօրենի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Տնօրենների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:

Թեստավորմանը տնօրեններին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

17. Հանձնաժողովի քարտուղարը տնօրեններին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը: Նա պատասխանում է տնօրենների բոլոր հարցերին` կապված առաջադրանքի էության հետ:

18. Հանձնաժողովի քարտուղարը տնօրեններին տալիս է սույն կարգի 11-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ` երկու օրինակից: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, տնօրենը ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և անջատելով այն հիմնական մասից, հանձնում է հանձնաժողովի քարտուղարին: Կտրոնները գցվում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ:

19. Տնօրենի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտը մաքրելն արգելվում է: Հակառակ դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:

20. Գրավոր թեստավորման ժամանակ տնօրենը, կտրոնները հանձնելուց հետո, ստանում է թեստավորման առաջադրանքների տետր: Առաջադրանքները բաղկացած են 50 հարցերից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխան է:

21. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը տնօրեններին տրամադրելուց հետո, հայտարարում է թեստավորման սկիզբը:

22. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո տնօրենը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով ճիշտ) պատասխան: Տնօրենը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս: Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե մասնակիցը ցանկանում է լքել սենյակը` նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

23. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելն անթույլատրելի է:

24. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո տնօրենը ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է հանձնաժողովի անդամին: Տնօրենը, աշխատանքը հանձնելիս, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնելով իր ազգանունը, անունը, հայրանունը` վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:

25. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար տնօրենին տրվում է 60 րոպե ժամանակ:

(25-րդ կետը փոփ. 09.08.10 N 484-Ն)

26. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է տնօրենին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:

27. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, տնօրենները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած տնօրենի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում զրո միավոր, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա:

 

5. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

28. Հանձնաժողովի անդամները ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոնների և հիմնական մասերի քանակը` կազմելով համապատասխան արձանագրություն:

29. Թեստավորման աշխատանքներն ստուգվում են սույն կարգի 13-րդ կետով նախատեսված թեստերի հետ միաժամանակ պատրաստված և մինչև թեստավորում անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցներով:

30. Հանձնաժողովի անդամները համատեղ` ձևանմուշի միջոցով մեկ առ մեկ ստուգում են տնօրենների ամփոփաթերթերում նշված պատասխանները:

Յուրաքանչյուր տնօրենի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է հանձնաժողովի կնիքով:

31. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն ոչ ճիշտ պատասխանի նշումը, այլ մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխանը չնշելը, ինչպես նաև սույն կարգի 23-րդ կետով նախատեսված դեպքը:

32. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո տնօրենները հրավիրվում են թեստավորման սենյակ:

33. Հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտերը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, ինչն արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից:

34. Բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի վերաբերյալ սույն կարգի 33-րդ կետով նախատեսված գործողությունը կատարելուց հետո հանձնաժողովի նախագահը բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունը, անունը, հայրանունը: Յուրաքանչյուր տնօրեն ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, ստանում է իր կտրոնը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, ինչն անմիջապես արձանագրվում է: Չներկայացած տնօրենների կտրոնների ծածկաշերտերը նույնպես հանձնաժողովի նախագահի կողմից բացվում են բոլորի ներկայությամբ, բարձրաձայն հայտարարվում և արձանագրվում, որից հետո հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր տնօրենի հավաքած միավորները (տոկոսները):

35. Միավորները (տոկոսը) հայտարարելուց անմիջապես հետո հանձնաժողովը հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:

36. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել սույն կարգի 35-րդ կետում նշված հրապարակումից հետո` մեկ ժամվա ընթացքում:

37. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում տնօրենի հավաքած միավորները հաշվելիս թույլ տված հնարավոր սխալի վիճարկումն է:

38. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել տնօրենի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր տնօրենների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

39. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար սույն կարգի 36-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, Հանձնաժողովը որոշում է կայացնում առաջադրանքների 90 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված տնօրենի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին` համապատասխան գրառում կատարելով տնօրենի ատեստավորման թերթում (Ձև 1-ը կցվում է): Տնօրենն ատեստավորման հաջորդ հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

40. 39-րդ կետի առաջին պարբերությունում նշված որոշումը տնօրենը կարող է բողոքարկել դատական կարգով:

 

6. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

41. Տնօրենների հետ հարցազրույցն անցկացվում է զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակներում` նրա գործնական կարողություններն ու աշխատանքային գործունեությունը ստուգելու նպատակով:

42. Հանձնաժողովը յուրաքանչյուր տնօրենի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցի ընթացքում հարց տվող Հանձնաժողովի անդամը, լսելով տնօրենին տրված հարցի պատասխանը, բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում` տալիս ճիշտ պատասխան:

43. Յուրաքանչյուր տնօրենի հետ հարցազրույցը գրավոր արձանագրվում և ձայնագրվում է:

Արձանագրության մեջ ամրագրվում են տնօրենին տրված հարցերը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ տնօրենի տված պատասխանը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հանձնաժողովի համապատասխան (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ լինելը), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատասխանը: Արձանագրությունը ստորագրվում է այն կազմողի, տնօրենի և հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

44. Յուրաքանչյուր տնօրենի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն` հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է տնօրենի ազգանունը, անունը և հայրանունը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

45. Հանձնաժողովը քվեարկության արդյունքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) տնօրենի կողմից կատարված աշխատանքը բավարար է, և նա համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,

բ) տնօրենի կողմից կատարված աշխատանքը անբավարար է, և նա չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

46. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում տնօրենի ազգանունը, անունը և հայրանունը ու տրված ձայնի կողմ կամ դեմ լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

47. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

Հանձնաժողովը յուրաքանչյուր տնօրենի համար քվեարկության է դնում սույն կարգի 45-րդ կետի «ա» ենթակետի որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում` ընդունված է համարվում սույն կարգի 45-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված որոշումը:

 

7. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

48. Ատեստավորման ավարտից հետո հանձնաժողովը ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր տնօրենի համար կազմում է ատեստավորման թերթ:

49. Ատեստավորման թերթը պետք է ստորագրեն հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

50. Տնօրենը ատեստավորման ավարտից հետո ծանոթանում է ատեստավորման թերթին և ստորագրում: Տնօրենը, ցանկության դեպքում, կարող է գրավոր դիմել հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:

51. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորում անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես:

Ատեստավորման արդյունքների հրապարակման մասին կազմվում է ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է հանձնաժողովի կողմից:

Ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկի մեջ նշվում են`

ա) համապատասխան ոչ առևտրային կազմակերպության անվանումը.

բ) ատեստավորման անցկացման վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև ատեստավորման արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.

գ) տնօրենի անունը, ազգանունը, հայրանունը և նրա վերաբերյալ հանձնաժողովի ընդունած որոշումը:

52. Ատեստավորման արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել տնօրենի (իր արդյունքների մասով) կամ հանձնաժողովի անդամի կողմից:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` բողոք) քննության է առնում նախարարությունը:

Բողոքը պետք է տրվի ատեստավորման արդյունքները հրապարակվելուց հետո` մեկ ժամվա ընթացքում` ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին, որն այն ստանալուց հետո առնվազն սույն կարգի 55-րդ կետի «ը-ժզ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ միասին անմիջապես ներկայացնում է նախարարին:

Աշխատակազմը ատեստավորման ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի տնօրենի (տնօրենների) անունը, ազգանունը և հայրանունը` ում ատեստավորման արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք:

Բողոքը նախարարությունը քննության է առնում նախարարության աշխատակազմում այն մուտքագրվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Բողոքը քննության առնելիս և որոշում ընդունելիս նախարարության տվյալ նիստին չեն մասնակցում նախարարության այն անդամները, որոնք տվյալ ատեստավորմանը մասնակցել են որպես հանձնաժողովի անդամներ:

Բողոքը քննության առնելիս նախարարությունը ուսումնասիրում է տվյալ ատեստավորման հարցազրույցի փուլում տնօրենի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ հանձնաժողովի գնահատականները (ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում քվեարկության արդյունքների հետ և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

ա) ատեստավորման արդյունքը կոնկրետ տնօրենի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.

բ) կոնկրետ տնօրենի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին:

Սույն կետի 7-րդ պարբերությամբ նախատեսված որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

53. Ատեստավորման արդյունքների հրապարակումից հետո, սույն կարգի 52-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում` հանձնաժողովից ստացված ատեստավորման թերթն ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմը եռօրյա ժամկետում ներկայացնում է նախարարին:

Սույն կարգի 52-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով, ատեստավորման թերթի հետ միաժամանակ ներկայացվում է սույն կարգի 52-րդ կետի 7-րդ պարբերությամբ նախատեսված որոշումը:

54. Հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո հանձնաժողովի նախագահը նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմին հանձնում է հանձնաժողովի կնիքը, ինչպես նաև տնօրենների համար ստացած, սակայն չօգտագործած ամփոփաթերթերը:

55. Հանձնաժողովը հանձնման ակտով ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին փոխանցում է ատեստավորման փաթեթը, որն իր մեջ սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև հանձնաժողովի կողմից կազմված (և) կամ ընդունված հետևյալ փաստաթղթերը`

ա) հանձնաժողովի կնիքի և տնօրենների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը,

բ) հաշվետվությունների քննարկման և տնօրենների և հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը,

գ) ամփոփաթերթերի ծածկաշերտի թերությունների մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը,

դ) հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը ստուգելու, արկղը բացելու և արկղից դուրս բերված ամփոփաթերթերի հիմնական մասերի կտրոնների ու թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի մասին արձանագրությունը,

ե) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը,

զ) հարցազրույցի փուլ անցած տնօրենների ցուցակը,

է) թեստավորման ավարտից հետո հարցազրույցը անցկացնելու օրվա մասին որոշումը,

ը) տնօրենների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունը,

թ) քվեարկությունների արդյունքներում տնօրենների հավաքած ձայների մասին արձանագրությունը,

ժ) զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին որոշումը,

ժա) զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը,

ժբ) թեստավորման առաջադրանքների տետրը,

ժգ) թեստավորման արդյունքների ճիշտ պատասխանների ձևանմուշը,

ժդ) քվեաթերթիկները,

ժե) ատեստավորման թերթիկները,

ժզ) ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկը,

ԺԷ) այլ փաստաթղթեր:

Աշխատակազմը սույն կարգի առաջին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմը սույն կարգի 52-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության մասին կազմում է տեղեկանք և կցում ատեստավորման փաթեթին:

 

8. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՆՕՐԵՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

 

56. Նախարարը տնօրենի ատեստավորման թերթը, իսկ սույն կարգի 53-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում` նաև նախարարության սույն կարգի 52-րդ կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը ստանալուց հետո, դրանց համապատասխան, եռօրյա ժամկետում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) տնօրենի հետ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր,

բ) տնօրենին ազատել զբաղեցրած պաշտոնից:

Տնօրենի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ընթացքում ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից` եռօրյա ժամկետում:

 

9. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

57. Սույն կարգի սահմանված դրույթների խախտմամբ տվյալ տնօրենի ատեստավորումը կարող է ճանաչվել անվավեր դատական կարգով:

58. Մինչ սույն կարգն ուժի մեջ մտնելը տնօրենի պաշտոնում նշանակված և այդ պաշտոնը 5 տարուց ավելի զբաղեցնող անձը ենթակա է ատեստավորման` սույն կարգը ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:

 

 

 

Հավելված
ՀՀ մշակույթի նախարարի
2005 թ. օգոստոսի 9-ի
N 379-Ն հրամանի

(գլխագիրը փոփ. 19.04.10 N 170-Ն)

 

Ձև 1

 

 Ա Տ Ե Ս Տ Ա Վ Ո Ր Մ Ա Ն  Թ Ե Ր Թ

(ՏՆՕՐԵՆԻ)

 

Ատեստավորման եղանակը.

թեստավորման և հարցազրույցի

 

1. Ազգանուն, անուն, հայրանուն _____________________________________

2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը _________________________________

3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնի անվանումը և այդ պաշտոնին նշանակվելու տարեթիվը

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

4. Թեստավորման արդյունքը (տոկոսով)`___________________

5. Քվեարկությանը մասնակցել են ատեստավորման հանձնաժողովի _____ անդամներ, որից կողմ են քվեարկել ____անդամ:

6. Թեստավորման և հարցազրույցի արդյունքում ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշումը`

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

Հանձնաժողովի նախագահ`

______________

անուն, ազգանուն

________________

ստորագրություն

Հանձնաժողովի անդամներ

______________

անուն, ազգանուն

________________

ստորագրություն

______________ _____________
______________ _____________
______________ _____________

(ձևը փոփ. 19.04.10 N 170-Ն)

(հավելվածը փոփ. 19.04.10 N 170-Ն, խմբ., փոփ., լրաց. 09.08.10 N 484-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.08.2010, N 484-Ն 11.09.2010, N 379-Ն
19.04.2010, N 170-Ն 27.05.2010, N 379-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան