Գլխավոր տեղեկություն
Համար
N 91-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.05.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.05.03/11(363) Հոդ.116
Ընդունող մարմին
Կառավարության աշխատակազմի ղեկավար
Ընդունման ամսաթիվ
15.04.2010
Ստորագրող մարմին
Կառավարության աշխատակազմի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
15.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 ապրիլի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10176

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 

15 ապրիլի 2010 թ.
ք. Երևան

  N 91-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ և 12.1 կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի N 726-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի «ժթ» ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից հանրապետական գործադիր մարմինների ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովների կազմում հասարակական կազմակերպությունների տվյալների շտեմարանի ձևավորման և վարման կարգը (հավելվածը) կցվում է։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Դ. Սարգսյան

 

 

 Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավարի

2010 թվականի ապրիլի 15-ի

N 91-Ն հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից հանրապետական գործադիր մարմինների ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովների կազմում հասարակական կազմակերպությունների տվյալների շտեմարանի ձևավորման և վարման կարգը:

2. Տնօրենների ընտրության (նշանակման) յուրաքանչյուր մրցութային հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցչի ընտրությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):

3. Սույն կարգով նախատեսված հասարակական կազմակերպությունների ներկայացուցչի ընտրության համար նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունն է (այսուհետ` վարչություն):

 

II. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Տնօրենների ընտրության մրցութային հանձնաժողովների կազմում հասարակական կազմակերպության ընդգրկվելու մասին հայտարարությունը աշխատակազմը հրապարակում է մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը` հասարակական կազմակերպությունների տվյալների շտեմարանի ձևավորման և վարման համար: Հայտարարությունը հրապարակվում է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև ինտերնետում` աշխատակազմի պաշտոնական www.gov.am կայքում:

5. Հայտարարության մեջ պետք է պարունակվեն առնվազն հետևյալ տվյալները`

1) դիմումների ներկայացման վայրը, հասցեն և հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

2) դիմումների ընդունման օրերը և ժամերը.

3) դիմում ներկայացնող հասարակական կազմակերպությունից պահանջվող անհրաժեշտ տվյալները.

4) դիմում ներկայացնելու վերջնաժամկետը:

6. Հասարակական կազմակերպությունները դիմումները ներկայացնում են աշխատակազմ` համաձայն կից ներկայացված ձևի:

 

III. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ

 

7. Աշխատակազմը տվյալների շտեմարանը ձևավորում է հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա:

8. Շտեմարանն իր մեջ պարունակում է հետևյալ տվյալները`

1) հասարակական կազմակերպության անվանումը.

2) հասարակական կազմակերպության գտնվելու վայրը.

3) գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները.

4) ներկայացուցչի անունը, ազգանունը, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն.

5) հասարակական կազմակերպության գործունեության բնույթը:

9. Հասարակական կազմակերպությունների տվյալների շտեմարանը վարում է աշխատակազմի վարչությունը` ներկայացրած դիմումների հիման վրա:

10. Տվյալների շտեմարանը թարմացվում է յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը` հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված դիմումների հիման վրա:

11. Հասարակական կազմակերպությունը որևէ տվյալի փոփոխման դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է աշխատակազմին:

 

IV. ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Դիմում կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող այն հասարակական կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն երեք ամսվա գործունեություն:

13. Հասարակական կազմակերպությունը դիմումը ներկայացնում է մեկ լիազոր ներկայացուցչի համար:

14. Եթե ներկայացուցիչը հասարակական կազմակերպության ղեկավարը չէ, ապա դիմումի հետ ներկայացնում է նաև կազմակերպության կողմից տրված լիազորագիրը և իր տվյալները` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն:

 

V. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

15. Ներկայացրած դիմումը կարող է մերժվել, եթե ներկայացվել է սույն կարգի պահանջների խախտմամբ:

16. Դիմումը մերժվում է աշխատակազմի վարչության կողմից` գրավոր ծանուցման միջոցով, դիմումների ընդունման վերջնաժամկետից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում` նշելով դիմումի մերժման հիմքերը:

17. Այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք ընտրվել և ընդգրկվել են մրցութային հանձնաժողովների կազմում, սակայն չեն ներկայացել մեկ տարվա մեջ երկու անգամ, հանվում են տվյալների շտեմարանից:

 

VI. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

18. Աշխատակազմի վարչությունը յուրաքանչյուր մրցույթի դեպքում` 24 ժամ առաջ համակարգչային ծրագրով, պատահական ընտրության սկզբունքով, մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով ընտրում է մեկ հասարակական կազմակերպություն:

19. Մրցութային հանձնաժողովի կազմում ընտրվելու մասին հասարակական կազմակերպության ներկայացուցիչը տեղեկանում է աշխատակազմի վարչության կողմից մրցույթն անցկացնելուց առնվազն 12 ժամ առաջ:

20. Աշխատակազմի վարչությունը հանրապետական գործադիր մարմիններին գրավոր տեղեկացնում է համապատասխան հասարակական կազմակերպության ընտրության մասին` նշելով ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները:

21. Մրցութային հանձնաժողովի կազմում ընտրված և ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցիչը մրցույթի ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:

 

Ձև

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավարի

2010 թվականի ապրիլի 15-ի

N 91-Ն հրամանի հավելվածի

 

Հայաստանի Հանրապետության կառավարության

 աշխատակազմի ղեկավար

 պարոն ............................................

   (անունը, ազգանունը)

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում ենք ....................................................................................................... -ը ընդգրկել

 (հասարակական կազմակերպության անվանումը)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից վարվող, հանրապետական գործադիր մարմինների պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների տնօրենների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովների կազմում` տվյալների շտեմարանում` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներգրավելու նպատակով:

 

Դիմումի մեջ նաև նշվում են հետևյալ տեղեկությունները`

1) հասարակական կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն.

2) գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները.

3) ներկայացուցչի անունը, ազգանունը, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն.

4) հասարակական կազմակերպության գործունեության բնույթը։

 

Դիմող`

 (անունը, ազգանունը)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան