Գլխավոր տեղեկություն
Համար
N 178-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2010-04.01.2024)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.09.15/21(373) Հոդ.268
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.09.2010
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2024

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 սեպտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10210332

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

7 սեպտեմբերի 2010 թ.

 N 178-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՎԵՐԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՃԶՄԻՉ ԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նոտարական փաստաթղթերը կեղծիքներից պաշտպանելու նպատակով.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նոտարների կողմից վավերացվող փաստաթղթերում ճզմիչ կնիքի օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2003 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության նոտարների կողմից վավերացվող փաստաթղթերում պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակների oգտագործման կարգը հաստատելու մասին» թիվ 390-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներրորդ օրը և տարածվում է 2010 թվականի սեպտեմբերի 7-ից հետո ընկած հարաբերությունների վրա:

 

Նախարար

Գ. Դանիելյան

 

 

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2010 թվականի սեպտեմբերի 7-ի

N 178-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՎԵՐԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՃԶՄԻՉ ԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության նոտարների կողմից վավերացվող փաստաթղթերում ճզմիչ կնիքի ստացման ու օգտագործման հարաբերությունները:

2. Ճզմիչ կնիքները օգտագործվում են նոտարների կողմից վավերացվող փաստաթղթերը կեղծիքներից պաշտպանելու նպատակով:

3. Ճզմիչ կնիքները նոտարներին տրամադրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: Ճզմիչ կնիքները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի նոտարիատի բաժնի կողմից՝ համապատասխան գրանցամատյանում, որտեղ նոտարը ստորագրում է դրա ստացման համար:

4. Եթե օգտագործման ընթացքում կամ այլ պատճառներով ճզմիչ կնիքը վնասվում է, ապա նոտարը վնասված կնիքը հանձնում է նախարարության աշխատակազմի նոտարիատի բաժին` այն ոչնչացնելու և նորը ստանալու համար:

5. Ճզմիչ կնիքի կորստի կամ գողանալու կամ ոչնչանալու դեպքում նոտարը պարտավոր է այդ մասին անհապաղ գրավոր հայտնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն: Նոտարի հայտարարության հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը անվավեր է ճանաչում նախկին ճզմիչ կնիքը և այդ մասին տալիս հրապարակային հաղորդագրություն կամ տեղեկատվություն:

6. Նոտարի դիմումի համաձայն` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը երկօրյա ժամկետում նրան տալիս է նոր ճզմիչ կնիք:

7. Նոտարին պաշտոնից ազատելու կամ նրա լիազորությունները դադարեցվելու դեպքում ճզմիչ կնիքը հանձնվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, որը ոչնչացվում է սահմանված կարգով:

8. Ճզմիչ կնիքը դրվում է նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող բոլոր փաստաթղթերի վրա` նրա զինանշանի պատկերով կլոր կնիքի հետ միևնույն էջում: Նոտարի մոտ պահպանվող փաստաթղթերի վրա ճզմիչ կնիք չի դրվում:

9. Ճզմիչ կնիքների օգտագործման կարգի նկատմամբ հսկողությունը իրականացնում է նախարարության աշխատակազմի նոտարիատի բաժինը: